Remove ads
մարզ Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։
Քարտեզ | |
դիրքը Հայաստանում | |
Կառավարություն | |
Մարզկենտրոն | Գյումրի |
---|---|
Մարզպետ | Մուշեղ Մուրադյան |
Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995 |
Տարածաշրջանները | Ախուրյանի շրջան Արթիկի շրջան Անիի շրջան Ամասիայի շրջան Աշոցքի շրջան |
Քաղաքային համայնքների թիվ | 3 |
Գյուղական համայնքների թիվ | 116 |
Գյուղական բնակավայրերի թիվ | 127 |
Վիճակագրություն | |
Տարածք - Ընդհանուր |
2681 կմ² |
Բնակչություն - (01.01.2023) - խտություն |
300.3 հզ.[1] |
Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
|
Կայք: shirak.mtad.am |
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից տարածքը ընդհանուր առմամբ ունի համեմատաբար միատարր հրաբխային կազմություն և երիտասարդ հասակ։ Հայկական լեռնաշխարհի հետ միասին մարզի տարածքն անցել է երկրաբանական զարգացման բարդ ուղի։ Եռանդուն տեկտոնական շարժումները, որոնց շնորհիվ երկրակեղևը ծալքավորվել ու կոտրվել է, տեղի է ունեցել երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում։ Սակայն մարզի ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանում է ալպյան լեռնակազմությանը, երբ տարածքը բարձրացել է ծովի հատակից և թևակոխել ցամաքային զարգացման փուլ։ Հետագայում, շարունակվելով վերընթաց տեկտոնական շարժումները, ձևավորվել են միջին բարձրության լեռներ։ Նեոգենի ժամանակաշրջանի կեսերին տեղի ունեցած հզոր լեռնակազմական պրոցեսների հետևանքով տարածքի շրջակա լեռները դարձել են ավելի բարձր, հովիտները` ավելի խորը։ Այդ ժամանակաշրջանում է, որ այստեղ գոյանում են երկրակեղևի տարբեր ուղղություններով ձգվող Սևան-Շիրակի, Ջավախք-Արագած-Մասիսի և Աշոցքի բեկվածքները[2]։
Եռանդուն տեկտոնական շարժումները ուղեկցվել են բուռն հրաբխականությամբ, որն ընդգրկել է մարզի ամբողջ տարածքը` սկսած Եղնախաղից, Աշոցքից մինչև Արագած։ Հրաբխային արտավիժման և ժայթքման նյութերը ծածկել են հսկայական տարածություններ` իրենց տակ թողնելով ծալքավոր և ծալքաբեկորավոր լեռների խղզման գծերի զգալի մասը` դրանց վրա գոյացնելով հրաբխային լեռնավահաններ, առանձին լեռնազանգվածներ, սարավանդներ։ Նման եղանակով են գոյացել Արագած լեռնազանգվածը, Ջավախքի, Աշոցքի, Եղնախաղի լեռնավահանները, Աշոցքի և Շիրակի սարահարթերը։
Մի քանի փուլով հանդես եկած սառցապատումների ներգործությամբ Արագածի, Ջավախքի, Եղնախաղի լեռների բարձր մասերում առաջացել են կրկեսանման գոգավորություններ, տաշտականման լայն հովիտներ։ Սառցադաշտերի հալոցքային ջրերը լեռների լանջերին և ստորոտներին գոյացրել են մորենային և սառցադաշտաջրաբերուկային կուտակումներ[2]։
Շրջանի հարավը զբաղեցնում է Շիրակի դաշտը, հյուսիսը՝ Աշոցքի սարահարթը, որոնք իրարից բաժանվում են Շիրակի լեռնաշղթայով։ Հարավում տարածվում է Թալինի սարավանդը, հյուսիս-արևելքում՝ Շարայի լեռը։ Արևելքում Ջաջուռի (1952 մ) ու Քարախաչի (2273 մ) լեռնանցքներով շրջանը կապվում է Լոռու ֆիզիկաաշխարհագրական շրջանին։ Մակերևույթն անտառազուրկ է, բնորոշ են հրաբխային կոներն ու լավային հոսքերը։
Ձևաբանական տեսակետից ռելիեֆի խոշոր տարրերն են ընդարձակ լեռնազանգվածները, լեռնաշղթաները, լեռնաճյուղերը, որոնք հաճախ ընդմիջվում են հովիտներով։ Լեռնազանգվածների ու լեռնաճյուղերի միջև տեղադրված են տափարակ կամ գոգավոր ընդարձակ տեղամասերը։ Շիրակի մարզի ռելիեֆը սովորաբար բաժանում են երեք խոշոր ենթաշրջանների.
1. Աշոցք-Ջավախքի ենթաշրջան, որի մեջ մտնում են Եղնախաղի հրաբխային լեռնավահանի արևելյան լանջերը` Ախուրյանի աջափնյա սարավանդային մասը, Աշոցքի սարավանդի հատակային հատվածը և Ջավախքի լեռնավահանի արևմտահայաց լանջերը։
2. Շիրակի դաշտ, որը մարզի մակերևույթի մենախոշոր տարրն է։
3. Արագածի ենթաշրջան, որը ստորաբաժանվում է` բուն լեռնազանգվածային, արևմտյան սարավանդային, Շարայի լեռնազանգվածային ու սարավանդային բնատեղամասերի
Որպես ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր մարզին բնորոշ են բարձրադիր մակերևույթը, կլիմայական խիստ պայմանները, բավարար խոնավությունը, մարգագետնային հարուստ բուսականությունը։ Նրա կենտրոնական մասը զբաղեցնում է Աշոցքի սարավանդը, որը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է լեռներով։ Արևելքից սարավանդը եզրավորվում է Ջավախքի, արևմուտքից` Եղնախաղի, հյուսիսից` Չլդրի, հարավից` Շիրակի լեռնաշղթաներով։ Աշոցքի սարավանդը հանրապետության առավել բարձրադիրներից է, որի հատակը գտնվում է մոտ 2000 մ բարձրության վրա, իսկ միջին բարձրությունը կազմում է շուրջ 2100 մ։ Սարավանդը բաղկացած է միմյանցից փոքր բլրաթմբերով առանձնացող մի շարք գոգավորություններից։ Նշված թմբերը առաջացել են հիմնականում անդեզիտաբազալտային լավային հոսքերից։ Սարահարթի ցածրադիր մասերը գրեթե ամենուրեք ներկայանում են որպես կուտակումային հարթություններ։ Առանձին հատվածներում հանդիպում են նաև ճահճուտներ` օրինակ` Ձեթհանքովի, որոնց մի մասը խիտ բուսականության շնորհիվ այժմ արդեն վերածվել է տորֆավայրի։ Սարավանդի առանձին տեղամասեր ներկայացված են բազալտային լավաներով, որոնց ճեղքերով Ախուրյան գետը առաջացրել է մինչև 130 մ խորությամբ կիրճ[2]։
Աշոցքի սարավանդը արևելքից եզրավորող Ջավախքի լեռնավահանը տարածաշրջանի առավել բարձրադիրն է, որն իր առավել խոնավության և ամպամածության բարձր ցուցանիշների պատճառով կոչվում է նաև Խոնավ կամ Մթին։ Այն սկսվում է Վրաստանից, Թրեալեթի լեռների կենտրոնական հատվածից և ձգվելով միջօրեականի ուղղությամբ` հարավային մասով մտնում է մարզի տարածք և վերջանում Քարախաչի լեռնանցքում։ Ջավախքի լեռներն ունեն հրաբխային ծագում և առաջացել են նեոգենի և անթրոպոգենի ակտիվ հրաբխականության հետևանքով։ Նրա ջրբաժանային հատվածում վեր են բարձրանում բազմաթիվ հրաբխային հանգած կոներ, որոնցից ամենաբարձրը` Աչքասարն է` 3196 մ բարձրությամբ։
Ջավախքի լեռներից դեպի արևմուտք ձգվում են մի քանի ցածրադիր լեռնաբլուրներ, որոնցից հյուսիսում նշանավոր են Մադաթափայի լեռները։ Սրանք տարածվում են Կուր և Արաքս գետերի ջրբաժանային սահմանում։ Այն տարածվելով արևմուտք միանում է Չլդրի լեռներին։ Իսկ վերջինս, արևմուտքից արևելք ձգվելով, աստիճանաբար ցածրանալով, գրեթե աննկատ ձուլվում է կից հարթություններին։
Եղնախաղի լեռները ձգվում են Աշոցքի սարահարթի արևմտյան մասով` Թուրքիայի և Վրաստանի սահմանով։ Տարածվում է միջօրեականի ուղղությամբ` մոտ 60 կմ երկարությամբ։ Լեռնավահանի լանջերը աչքի են ընկնում կարճ, զառիթափ և էրոզիոն խոր մասնատվածությամբ։ Առավելագույն բարձրության է հասնում Մեծ Եղնախաղ գագաթում (3045մ), որտեղից սկիզբ է առնում Ախուրյանի աջակողմյան վտակներից Կարախան գետակը։
Աշոցքի սարահարթը հարավից եզերվում է ծալքաբեկորավոր կառուցվածք ունեցող Շիրակի լեռնաշղթայով, որը սարահարթը բաժանում է իրենից հարավ տեղադրված Շիրակի սարահարթից։ Այն տարածվում է Ախուրյան գետի հովտից մինչև Փամբակի հովիտ (Չիչկան գետի հովիտ)։ Լեռնաշղթան ունի 36 կմ ձգվածություն, գագաթներն ունեն կլորավուն տեսք, բարձր գագաթը Եզնասարն է (2556 մ)։
Շիրակի լեռնաշղթան աչքի է ընկնում հարավային զառիթափ լանջերով, որոնք խիստ քայքայված են, իսկ գագաթային մասում մերկացած են ներժայթուկ ապարներով` լերկ ժայռերի ձևով։ Այստեղ մեծ չափերի են հասնում մեխանիկական հողմնահարման և սելավային երևույթները։ Հարավայաց լանջերը խիստ էրոզացվել են, տեղ-տեղ առաջացրել են բեդլենդներ։ Իսկ հյուսիսահայաց լանջերը փոքրաթեք են, շատ քիչ քայքայված, ծածկված են լեռնամարգագետնային բուսականությամբ։ Այստեղ բացառություն է կազմում Իլի գետի հովիտը, որը բնորոշ է ժայռային մերկացումներով և զառիթափ լանջերով։
Շիրակի լեռնաշղթայից դեպի հարավ տարածվում է մարզի ամենաընդարձակ հարթությունը` Շիրակի սարահարթը։ Այն տարածվում է Ախուրյան գետի միջին հոսանքի սահմաններում։ Ունի 1500-1600 բացարձակ բարձրություն։ Դեպի հարավ-արևմուտք ցածրանում է և մոտավորապես Արագած երկաթուղային կայարանի մոտ միաձուլվում է Արարատյան դաշտին։ Սարահարթի հարթ մակերևույթը գրեթե ամենուրեք ծածկված է հրաբխածին փուխր նստվածքներով։ Շիրակի սարահարթը ծայրամասերում ունի դարավանդավորված, թույլ բլրոտ մակերևույթ, որը մեծ մասամբ կտրտված է սելավային հուներով։ Այս տեսակետից նրա հյուսիսարևելյան մասում աչքի է ընկնում Ջաջուռի թեք հարթությունը։ Շիրակում տեղ-տեղ տուֆերը տեղատարվել են, և էրոզիոն ձորակները մխրճվել են նրանց տակ գտնվող լճային փուխր շերտախմբերի մեջ։ Դաշտի հարավային մասի մակերևույթը կազմված է անդեզիտաբազալտային լավաներից և գրեթե զուրկ է մակերևույթային հոսքից։ Միակ գետը Կարկաչունն է։
Շիրակի մարզում իր ֆիզիկաաշխարհագրական ինքնատիպությամբ առանձնանում է Արագած լեռնազանգվածը։ Մարզի սահմանում է գտնվում Արագածի հյուսիսային, հյուսիսարևմտյան և մասամբ արևմտյան լանջերը, ընդհուպ մինչև գագաթը։ Արագածի լեռնավահանի ռելիեֆը բաժանվում է երեք մասի` գագաթային, մերձգագաթային սարավանդի և փոքրաթեք լանջերի։
Շիրակի մարզի հյուսիսը մտնում է 8-9, իսկ կենտրոնն ու հարավը` 9 բալ և ավելի ուժգնություն ունեցող սեյսմիկ գոտիներում։ Նրա տարածքում և շրջակայքում երկրաշարժային հայտնի էպիկենտրոններ են հանդիսանում Գյումրին, Սպիտակը, Անին, Կարսը, Ախալքալաքը։ Մարզի տարածքին հատկապես մեծ վնաս պատճառած երկրաշարժերից հայտնի են՝ 1319 թվականի Անիի, 1899 թվականի Կարսի, 1868 թվականի Գյումրիի, 1926 թվականի Լենինականի, 1988 թվականի Սպիտակի և այլ երկրաշարժեր։
Շիրակի մարզի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության շնորհիվ բազմազան են նաև ընդերքի հարստությունները։ Մարզում լայն տարածում ունեն տուֆը, պեմզան, բազալտը, անդեզիտը, կրաքարը, պեռլիտը, հրաբխային խարամն ու մոխիրը, զանազան կավերը և շատ ուրիշ շինանյութեր։ Շինանյութերի մեջ առաջնակարգ նշանակություն ունի տուֆը, որի պաշարներով հանրապետության մարզերի մեջ գրավում է առաջին տեղը։ Շիրակի մարզում առավել հայտնի են Արթիկի, Անիպեմզայի, Պեմզաշենի և Գյումրիի տուֆի հանքավայրերը։ Պեմզայի պաշարները Շիրակում գնահատվում են ավելի քան 100 միլիոն մ3։ Մարզի տարբեր շրջաններում կան պեռլիտի, օբսիդիանի, հրաբխային խարամի, ավազի բազալտի, անդեզիտի պաշարներ, որոնք շահագործվում և օգտագործվում են հիմնականում մարզի սահմաններում։ Բազմապիսի կավերի և դիատոմիտների պաշարներ կան մարզի տարբեր շրջաններում։ Շիրակը հայտնի է նաև արդյունաբերական նշանակություն ունեցող կրաքարի պաշարներով։
Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1900 թվականից (հյուսիսում) 2500 ժ է (Գյումրի)։ Կլիման ցուրտ լեռնային է, լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -12 °C է, հարավում՝ -6 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 12 °C և 20 °C (առավելագույնը՝ 36 °C)։ Աշոցքի սարահարթում է Հայաստանի ամենացուրտ վայրը՝ Պաղակն է (նվազագույն ջերմաստիճանը՝ -42 °C)։ Ձմռանը կլիմայի ձևավորման վրա որոշակի է Կարսի անտիցիկլոնի ազդեցությունը։ Տարվա ցուրտ ժամանակաշրջանին բնորոշ են կայուն ձնածածկույթը, ձնաբքերն ու մառախուղը, ամռանը՝ ամպրոպները։ Տարեկան տեղումները 450-900 մմ են։ Տարվա ընթացքում ամպամած օրերի առավել մեծ քանակ նկատվում է դեկտեմբեր և հունվար ամիսներին։ Գյումրիում տարվա ընթացքում միջինը ամպամած է 35 օր, այն դեպքում, երբ Արագած բ/լ կայանում այն կազմում է 52օր[3]։
Մարզի կլիման ընդհանուր առմամբ բարեխառն է, սակայն վերընթաց գոտիականության շնորհիվ այստեղ ձևավորվում են առանձին կլիմայական տիպեր`
1. Բարեխառն, համեմատաբար տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով կլիմայի տիպը բնորոշ է Շիրակի մարզի հարավարևմտյան հատվածին։ Այն տարածվում է 1350-1450մ բարձրությունների վրա։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը այստեղ կազմում է 6.0-6.5 °C: Տեղումների տարեկան քանակը հասնում է 350-400մմ։ Ամռանը բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 37-380C: Ամռանը քամու միջին արագությունը աճում է մինչև 2.5-3.0 մ/վ, երեկոյան ժամերին կարող է հասնել մինչև 5 մ/վ և ավելի։ Աշնան առաջին օրերին օդի ջերմաստիճանը 150C-ից իջնում է ցած, դադարում են խորշակային եղանակները։ Աշնան առաջին կեսին գերակշռում են արևոտ, իսկ երկրորդ կեսին թխպամած և անձրևային օրերը։ Ձմռանը հունվարյան միջին ջերմաստիճանը -6 - -7 °C է, իսկ բացարձակ նվազագույնը կարող է հասնել -30 - -32 °C: Հաստատուն ձնածածկույթ առաջանում է գրեթե ամեն տարի, որը ձևավորվում է դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում, որի հզորությունը կազմում է 15-30սմ։ Ձմռան ընթացքում բուքը հազվադեպ երևույթ է, այն տևում է ընդամենը 4-5օր։ Գարունը տևական է և մեղմ, համեմատաբար խոնավ, տեղումներն ունեն հորդառատ բնույթ հաճախ ուղեկցվում են ամպրոպներով և կարկուտներով։
2. Բարեխառն` մեղմ ամառներով և ցուրտ ձմեռներով կլիմայի տիպը բնորոշ է Շիրակի հարթավայրին և Արագածի հյուսիսարևմտյան լանջերին` մինչև 1800մ բարձրությունները։ Այս գոտում միջին տարեկան ջերմաստիճանը 5-6 °C է։ Մայիսի վերջում, իսկ երբեմն նաև հունիսի առաջին կեսում այստեղ հնարավոր են վտանգավոր ցրտահարություններ։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը Շիրակի հարթավայրում հասնում է 200C-ի, իսկ Արթիկում` մոտ 19 °C: Ձմեռը առանձնապես ցուրտ է Շիրակի գոգավորության հատակում, որտեղ հունվարյան միջին ջերմաստիճանը -100C է։ Ձմռան տևողությունը Գյումրիում կազմում է 110-130 օր, իսկ Արթիկում միջինը մոտ 110 օր։ Ինվերսիոն երևույթների հետևանքով Գյումրիում օդի ամասական միջին ջերմաստիճանը հունվարին և փետրվարին ավելի ցածր է, քան ավելի բարձրում գտնվող Ամասիա, Ջաջուռ, Արթիկ բնակավայրերում։ Ձնածածկույթի միջին տասնօրյակային հզորությունը Գյումրիում կազմում է 20սմ, իսկ Արթիկում` ընդամենը 16սմ։ Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 500-600մմ։ Ամռանը տեղումների քանակը կազմում է ընդամենը 40-50մմ։
3. Չափավոր ցուրտ, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով կլիմայի տիպը յուրահատուկ է մարզի հյուսիսային շրջաններին և Արագածի արևմտյան լանջերին։ Ամառը զով է ու կարճ։ Այս գոտու միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է մոտ 2 °C: Ամռան բոլոր ամիսներին հնարավոր են ցրտահարություններ (բացասական ջերմաստիճանները կարող են հասնել -2 - -3 °C): Հուլիս և օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը մոտ 14 °C է, իսկ բացարձակ առավելագույնը հասնում է 31-33 °C-ի։ Կայուն ձնածածկույթը պահպանվում է դեկտեմբերից մինչև ապրիլի կեսերը։ Ձնածածկույթի առավելագույն միջին տասնօրյակային հզորությունը կազմում է մոտ 60սմ, իսկ բացարձակ առավելագույնը` շուրջ 140սմ։ Հունվար և փետրվար ամիսներին միջին ջերմաստիճանը -11 - -12 °C է, իսկ բացարձակ նվազագույնը` -31 °C, Աշոցքում այն հասնում է -42 °C (Պաղակն), որի պատճառը ինվերսիան է։ Ձմռան ընթացքում բուքով օրերի թիվը միջինը 25օր է, առանձին տարիներին այն հասնում է մինչև 40-45օր։ Ձմռանը հաճախակի են մառախուղները. Պաղակնում միջինը կազմոմ է 15օր, իսկ Արթիկում` 30օր։ Տարվա ընթացքում տեղումների քանակը կազմում է 600-700մմ։ Գերակշռում են հյուսիսային քամիները, որոնց միջին տարեկան արագությունները 2-3մ/վ է։
4. Բարձրալեռնային ցուրտ կլիման ձևավորվում է մարզի հյուսիսային շրջանների և Արագածի լեռնազանգվածի 2400-3000մ բարձրություններից վեր։ Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 20 °C, ընդ որում ամռան բոլոր ամիսներին կարող են լինել օդի ջերմաստիճանի 00C-ից ցածր իջնելու դեպքեր։ Այստեղ ամռանը պակասում է ամպամած օրերի թիվը և տեղումների քանակը (սակայն մոտ 50մմ-ից ոչ պակաս)։ Կայուն ձնածածկույթը մնում է մոտ 250օր։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը -13 - -14 °C է, իսկ բացարձակ նվազագույնը մոտ -39 °C: Տեղումների քանակը այս գոտում 800մմ-ից ավելի է։ Քամու արագությունը ամբողջ տարվա ընթացքում միջինը 5-7մ/վ է։ Այստեղ հաճախակի են դիտվում 15մ/վ-ից ավելի ուժեղ քամիներ։
Ռելիեֆի, կլիմայի և ջրաերկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Շիրակի մարզի տարածքն աչքի է ընկնում համեմատաբար թույլ զարգացած ջրագրական ցանցով։ Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին։ Գետային ցանցի խտության գործակցի միջին արժեքը կազմում է 0.53կմ/կմ2 (հանրապետության միջինը մոտ 0.81կմ/կմ2 է)[4]։ Ջրային պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը։
Տարածքում կազմավորվում և սկիզբ է առնում Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով։ Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում և Ախուրյանի վտակներին են միախառնվում Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակներ։ Ախուրյան գետը համարվում է Շիրակի մարզի ջրային հիմնական զարկերակը։ Գետի ընդհանուր երկարությունը 186 կմ է, որից Շիրակի մարզում` մոտ 105 կմ։ Ախուրյան գետը համարվում է Արաքսի ձախակողմյան վտակը, այն սկիզբ է առնում Արփի լճից, մոտ 70 կմ երկարությամբ, գետն ամբողջովին հոսում է մարզի տարածքով, որից հետո միջին և ստորին հոսանքներում սահմանային գետ է Թուրքիայի և Հայաստանի միջև։ Մարմարաշեն գյուղի մոտ ընդունում է Կարս գետը։ Այն ունի 139 կմ երկարություն։ Ախուրյանի համակարգը կազմված է 227 գետակներից[4]։ Ախուրյանն ունի խառը սնուցում։ Սկիզբ առնելով Արփի լճի ջրամբարից` գետն իր հոսանքի ճանապարհին սնվում է նաև ձնհալքի, անձրևների և ստորերկրյա ջրերով։ Գետի ձախակողմյան վտակներից է համարվում Կարկաչունը։
Մարզում առավել հայտնի սելավները հիմնականում տարածված են Շիրակի լեռնաշղթայի հարավային լանջերին։ Այստեղ առավել սելավաբեր են Գյումրի, Հացիկ, Ջաջուռ, Մուսայելյան, Կամո, Հովիտ վտակները, որոնք որպես սելավներ գործում են հատկապես ամառային հորդառատ, հաճախ կարկտախառն անձրևների պատճառով։ Սելավաբեր է նաև Կարկաչուն գետի Արթիկջուր վտակը։ Գյումրի, Ջաջուռ, Արթիկջուր վտակների հուներով հոսող սելավները շատ հաճախ մեծ ավերածությունների պատճառ են դառնում։
Շիրակի մարզն աղքատ է լճերով։ Մակերևութային ջրերի պաշարները պահպանելու, կարգավորելու, տարածքի ոռոգումն ապահովելու նպատակով կառուցվել են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, ամենախոշորը՝ Հայաստանի Հանրապետությունում), Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի, Սառնաղբյուրի, Սարալանջի ջրամբարները, Շիրակի, Ախուրյանի, Կապսի ջրանցքները։ Կան բազմաթիվ ջրհան կայաններ։
Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, որը 1950 թվականից վերածվել է ջրամբարի։ Արփի լիճը հանրապետությունում իր չափերով զբաղեցնում է երկրորդ տեղը Սևանա լճից հետո։ Արփի լճի ջրամբարի երկարությունը 7,3կմ է, լայնությունը` 4,3կմ, ջրի ծավալը` 90-100մլնմ3, ջրհավաք ավազանը` 220կմ2։ Կառուցվել է Բայանդուրի, Ախուրիկի, Ոսկեհասկի, Գետքի, Կապսի ջրհան կայանները, որոնց միջոցով ջրամբարի և Ախուրյան գետի ջրերը մղվում են Շիրակի մշակվող տարածքներ։ Շիրակի մարզում, ինչպես նաև հանրապետությունում ամենախոշորը համարվում է Ախուրյանի ջրամբարը, որը կառուցվել է Ախուրյան գետի միջին հոսանքում` Թուրքիայի հետ համատեղ։ Ջրամաբարի մակերեսը կազմում է 41.8կմ2, որից 16.8կմ2-ը գտնվում է Շիրակի մարզում[4]։
Շիրակի մարզում առանձնացվում են հողերի տարածման հետևյալ հիմնական գոտիները։
Շիրակի մարզն ունի բազմամազան բուսականություն, որը պայմանավորված է բնական պայմանների առանձնահատկություններով։ Բուսական ծածկույթի բազմազանության վրա առանձնապես մեծ ազդեցություն է թողնում մարզի մակերևույթը։ Շիրակի մարզում, ներքևից վերև իրար են հաջորդում բուսականության հետևյալ տիպերը.
Բուն ալպյան բուսականությունը տարածվում է 2800-2900մ-ից վեր։ Այն ծածկված է խոշոր, վառ գույնի ծաղիկներով, որոնք հաճախ այնքան խիտ են և բազմերանգ, որ նմանվում են գորգերի` կոչվելով «ալպյան գորգեր»։
Աշխարհագրական դիրքի առումով Շիրակի մարզն ընկած է Կովկասյան և Փոքրասիական կենդանաաշխարհագրական մարզերի միջև։ Կենդանական աշխարհի բազմազանությունն կապված է բուսականության բազմազանությամբ։ Որոշ կենդանիներ, իրենց շարժունականության շնորհիվ, հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում։ Դրանցից են նապաստակը, գայլը, աղվեսը, դաշտամուկը, աքիսը և այլն։ Կենդանիների որոշ տեսակներ էլ փոփոխվում են ըստ վերընթաց գոտիների։
Կապված խոնավության քանակից և ջերմային պայմաններից` այստեղ գերակշռում են տափաստանային լանդշաֆտների լեռնային տարբերակները։ Տեղանքի բարձրության և խոնավության ավելացմանը զուգընթաց, տափաստանային լանդշաֆտները տեղի են տալիս ալպյան մարգագետիններին։ Լեռնային ռելիեֆի շնորհիվ տափաստանային գոտու բնական պայմանները բազմազան են, ուստի այստեղ ձևավորվում են չոր լեռնատափաստանային և լեռնատափաստանային լանդշաֆտները։
Մինչև 1980-ական թվականների վերջերը Շիրակի մարզն իր տնտեսական զարգացման մակարդակով և արտադրական ներուժով հանրապետությունում երկրորդ տեղն էր գրավում՝ զիջելով միայն Երևան քաղաքին։
Ստեղծվել և զարգանում էր բազմաճյուղ արդյունաբերությունը, որտեղ առաջատար էին թեթև արդյունաբերության, մեքենաշինության և սննդի արդյունաբերության ճյուղերը։
Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում էին հացահատիկի մշակությունը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։
Սակայն 1991-96 թթ.-ի ընթացքում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 28 հազարով, խոզերինը՝ 19 հազարով, ոչխարներինը՝ 132 հազարով։ Գրեթե ամբողջությամբ վերացավ թռչունների մայրական հոտը։ 1996 թ.-ից սկսեց աստիճանաբար դանդաղ զարգանալ անասնապահությունը։
Մարզի տարածքի առավել նպաստավոր ռելիեֆային պայմաններ ունեցող մասում՝ հիմնականում Շիրակի դաշտում, ստեղծված է հզոր ոռոգող համակարգ, որը բաղկացած է տարբեր մեծության 9 ջրամբարներից (ընդհանուր տարողությունն է՝ 673,1մլն/մ3), 163.9 կմ երկարությամբ մայր ջրանցքից, 300,1 կմ երկարությամբ միջհամայնքային ջրանցքներից, ինչպես նաև ներհամայնքային ջրատարներից ու ոռոգման ցանցերից։ Այդ ամենը կարող է հնարավորություն տալ ոռոգելու 29,1 հզ հա հողատարածություն։
Մարզի ագրոպարենային համալիրի կարևոր բաղադրիչն է սննդի և գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերությունը։ Ներկայումս գործում է այս ճյուղին պատկանող 20 արդյունաբերական ձեռնարկություն, այդ թվում՝ Գյումրու, Աշոցքի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի կաթի ու կաթնամթերքի գործարաններ, Գյումրու մսի պահածոների կոմբինատը, գարեջրի և ածիկի գործարանը, հրուշակեղենի ֆաբրիկան, «Հաց» արտադրական միավորումը՝ 3 հացի գործարաններով, Արթիկի հացի գործարանը, հացընդունման և պտուղաբանջարեղենի ու կարտոֆիլի մթերման և իրացման ձեռնարկություններ։
Մարզում սննդամթերքի արտադրությամբ և տեղական գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվում են նաև լիցենզիա ունեցող հարյուրից ավելի տնտեսվարող սուբյեկտներ և անհատ ձեռներեցներ, որոնք թողարկում են ալյուր, ոչ ոգելից խմիչքներ, հաց ու հացաբուլկեղեն, օղի, կաթնամթերք, մսամթերք, մակարոնեղեն։
Շիրակի մարզում բարձրությունների տարբերությունների պատճառով առանձնացվում են հետևյալ բարձրաչափական գոտիները, որոնք գյուղատնտեսական արտադրության համար ունեն որոշակի բնական պայմաններ։ Այդ գոտիները հիմնականում համընկնում են վերընթաց լանդշաֆտային գոտիներին։ Դրանք են.
Շիրակի մարզի տարածքում սահմանազատում և գնահատում են հետևյալ տեղանքները.
Քարտեզագրական և քարտեզաչափական աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Շիրակի մարզի վարելահողերը մինչև 3˚ թեքություններում զբաղեցնում են 618,35 կմ2, 3-7˚ թեքություններում՝ 25,37 կմ2, 7-12˚ պայմաններում՝ 59,2 կմ2։ Վարելահողերի մյուս մասը տարածվում է 12˚ և ավելի թեքությունների պայմաններում՝ զբաղեցնելով 9,81 կմ2։ Դրանք անհրաժեշտ է օգտագործել որպես կերահանդեր։
Բազմամյա տնկարկները և խոտհարքները հիմնականում տարածվում են մինչև 3˚ թեքություններում, որոնցից առաջիը գրավում է 3,7 կմ2, իսկ երկրորդը՝ 130,4 կմ2 մակերես։ Մշակվող հողատարածությունները, ինչպես ենթադրվում էր, տարածվում են հարթավայրային թույլ թեքության լանջերում։
Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են՝ հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։
2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել՝ խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ՝ 71.6 հզ, խոզեր՝ 10.3 հզ, թռչուններ՝ 250.0 հզ, ձիեր՝ 0.5 հզ։ 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։
54.7% Մանրածախ առևտուր
10% Գյուղատնտեսություն
3.7% Շինարարություն
2.9% Արդյունաբերություն
Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[5]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։
Շիրակի մարզի մարզպետներն եղել.
Գործող փոխմարզպետներն են՝ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը[6]։
Շիրակի մարզի մարզպետարանը գտնվում է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ 16 հասցեում։
Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված գործող պատգամավորներն են.
Շիրակի շրջանը հարուստ է տեսարժան վայրերով։ Դրանց մասին որոշ տեղեկություններ կարելի է ստանալ կարդալով հետևյալ հոդվածները։
Ախուրյանի տարածաշրջանի ցուցանիշները ներկայացվելիս հաշվի չի առնվել Գյումրի քաղաքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.