Remove ads
պետություն Հարավային Կովկասում From Wikipedia, the free encyclopedia
Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։
Վրաստան საქართველო |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ ძალა ერთობაშია ձալա էրթոբաշիա (հայերեն՝ «Ուժը միասնության մեջ է») |
||||
Ազգային օրհներգ՝ თავისუფლება Թավիսուփլեբա՝ Վրաստանի ազգային օրհներգ (հայերեն՝ «Ազատություն») |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Թբիլիսի | |||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն աբխազերեն[1] |
|||
Էթնիկ խմբեր (2014) | 86.8%՝ վրացիներ 6.2%՝ ադրբեջանցիներ 4.5%՝ հայեր 2.8%՝ այլ |
|||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Միխեիլ Կավելաշվիլի | ||
- | Խորհրդարանի խոսնակ | Շալվա Պապուաշվիլի | ||
- | Վրաստանի վարչապետ | Իրակլի Կոբախիձե | ||
Ստեղծման պատմություն | ||||
- | Կողքիս և Վիրք | մ․թ․ա․ 13-րդ դար-մ․թ․ա․ 580 | ||
- | Աբխազիայի թագավորություն և Վրաց Բագրատունիների թագավորություն | 786-1008 | ||
- | Վրաց թագավորություն | 1008 | ||
- | Պառակտ Վրաստան | 1463-1810 | ||
- | Ռուսական անեքսիա | սեպտեմբերի 12, 1801 |
||
- | Վրաստանի դեմոկրատական հանրապետություն | մայիսի 26, 1918 |
||
- | Վրաստանի խորհրդայնացում | փետրվարի 25, 1921 | ||
- | Հանրապետության հռչակում | ապրիլի 9, 1991 | ||
- | Սահմանադրության ընդունում | օգոստոսի 24, 1995 | ||
Բնակչություն | ||||
- | 2019 նախահաշիվը | 3,723,500[a][2] (130-րդ) | ||
- | 2014 մարդահամարը | 3,713,804[a][3] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $46.055 billion[4] (112th) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $12,409[4] (101-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $17.836 billion[4] (118st) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,805[4] (105-րդ) | ||
Ջինի (2017) | 37.9 | |||
ՄՆԶԻ (2017) | 0.780 (70-րդ) | |||
Արժույթ | վրացական լարի (₾) (GEL) | |||
Ժամային գոտի | GET (ՀԿԺ+4) | |||
Ազգային դոմեն | .ge .გე | |||
Վեբկայք gov.ge |
||||
Հեռախոսային կոդ | +995 |
Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են Քարթլիի, Իմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։ Արդյունքում ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ստալինը դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային միության հաղթանակը ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները։
ԽՍՀՄ անկումից հետո՝ 1991 թվականին, հռչակվում է Վրաստանի անկախությունը, իսկ 1995 թվականին ընդունվում է համավրացական առաջին Սահմանադրությունը։ Անկախության առաջին տարիներն անցնում են քաղաքացիական պատերազմի պայմաններում, որին հաջորդում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, իսկ ավելի ուշ նաև Աջարիայի անջատողական խռովություններն ու տնտեսական ճգնաժամը։ 2003 թվականին հաղթությամբ է պսակվում Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած Վարդերի հեղափոխությունը, որի արդյունքներով պայմանավորված Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը դառնում է եվրոատլանտյան ինտեգրացումը։ Երկրի արևմտամետ արտաքին քաղաքական դիրքավորումը 2008 թվականին հանգեցնում է ռուս-վրացական պատերազմի, որի արդյունքում Վրաստանի զգալի տարածքներ բռնազավթվում են ՌԴ-ի կողմից։
Վրաստանի և՛ ինքնանվանումը, և՛ արտաքին անվանումը ծագել են միջնադարյան ժամանակահատվածում և այս կամ այն կերպ կապված են վրաց պատմական կենտրոնական մարզի՝ Քարթլի անվան հետ։
Վրաստանի տարածքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք ստորին քարի դարից են։ Նոր քարի դարի և բրոնզեդարյան վաղ երկրագործական մշակույթի բնակավայրեր հայտնաբերվել են Քվեմո-Քարթլիում, Ռիոն-Ղվիրիլյան ավազանում և այլուր։ Արևելյան Վրաստանում վաղ երկրագործական մշակույթին փոխարինել է Կուր-Արաքսյան մշակույթը։ Մ.թ.ա. 8-րդ դարում ստեղծվել են ցեղային կայուն միություններ, խորացել է ունեցվածքային և սոցիալական անհավասարությունը, նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձեավորման պրոցեսը։
Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Արևելյան Վրաստանում ուժեղացել է Իբերիայի թագավորությունը՝ Արմազ, ապա՝ Մցխեթ կենտրոնով։ Մ.թ.ա. 3-1-ին դարերում Վրաստանի բնակչության մեծամասնությունը կազմող ազատ և կիսազատ հողագործ-համայնականները նաև հիմնական զինվորական ուժն էին։ Կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը։ Հելլենիստական դարաշրջանում Վրաստանի քաղաքական և տնտեսական մշակութային սերտ կապեր ուներ Հայաստանի, Սելևկյանների պետության, Պոնտոսի թագավորության հետ։ Մ.թ.ա. 1-ին դարում Հռոմեական կայսրությունը գրավել է Իբերիան։
Իբերական թագավորության և Լազիկայի (Լազական թագավորություն) հետագա հզորացմամբ մ.թ. 2-4-րդ դարերում հռոմեական ազդեցությունը թուլացել է։ Վրաստանում ավատատիրական հարաբերությունները ձևավորվել են մ.թ. 2-4-րդ դարերում (4-6-րդ դարերում դարձել են տիրապետող)։
4-րդ դարում տիրապետող կրոն է դարձել քրիստոնեությունը։
Հայերի ու աղվանների դաշնակցությամբ ուժեղացել է Քարթլիի բնակիչների պայքարը սասանյան զավթիչների դեմ։ Վախթանգ I Գորգասալի թագավորության ժամանակաշրջանում (5-րդ դարի երկորրդ կես) նշանակալից շինարարական աշխատանք է կատարվել, կարևոր կենտրոն, ապա նաև Քարթլիի մայրաքաղաք է դարձել Թիֆլիսը։ 523 թվականին Պարսկաստանը Քարթլիում վերացրել է թագավորական իշխանությունը, երկրի գլուխ կարգել իր կառավարչին (մարզպանին), որի նստավայրը Թիֆլիսն էր։ 562 թվականի պարսկա-բյուզանդական պայմանագրով Արևմտյան Վրաստանը (Լազիկան) ընկել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 7-րդ դարի սկզբից բյուզանդական ազդեցությանն է ենթարկվել նաև Քարթլին։
Մինչև 9-րդ դար վրացիները հայերի և աղվանների հետ համատեղ պայքարել են Վրաստանին տիրած արաբ նվաճողների դեմ։ Վրաստանը Հայաստանի և Աղվանքի հետ մտնում էր Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ Վրաստանը ազատագրվել է նաև Բյուզանդիայից ունեցած կախումից։ 8-րդ դարի վերջին և 9-րդ դարի սկզբին ներկայիս Վրաստանի տարածքում ձևավորվել են ավատատիրական խոշոր իշխանություններ (Կախեթ, Հերեթ, Աբխազիա)։ Աբխազիայի Լեոն II իշխանը ողջ Արևմտյան Վրաստանը միավորել է Էգրիս-Աբխազական թագավորության մեջ (մայրաքաղաքը՝ Քութայիս)։
10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին ձեավորվել է միասնական ավատատիրական պետություն՝ Վրաց Բագրատունիների ներկայացուցիչ Բագրատ III թագավորի (975-1014) գլխավորությամբ։ Վրացական թագավորության տնտեսական, մշակութային և քաղաքական առավելագույն հզորության է հասել 12-13-րդ դարերում։ 12-րդ դարի առաջին քառորդին, Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089-1125) սելջուկյան թուրքերի տիրապետությունը թոթափած Վրաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություններից մեկը։
Վրաց թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում Թամար թագուհու իշխանության տարիներին (1184-1213)։ Քաղաքական և մշակութային կապեր են հաստատվել Կիևյան Ռուսիայի հետ, ուժեղացել է հայ-վրացական համագործակցությունն ու զինակցությունը։ Հիմնադրվել է Զաքարյանների իշխանապետությունը[5]։ Բարձր զարգացման է հասել Վրաստանի մշակույթը, գրականությունը, փիլիսոփայությունը, արվեստը, ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։
13-րդ դարի երկրորդ քառորդին Վրաստանը զավթել են մոնղոլ-թաթարները։ 14-րդ դարի վերջին երկիրն ասպատակել են Լենկ Թեմուրի հրոսակները։ 15-րդ դարի վերջին, ավատատիրական երկպառակությունների հետևանքով, Վրաստանը բաժանվել է անկախ թագավորությունների (Քարթլիի, Իմերեթիայի, Կախեթի)։
Մինչև 16-րդ դարը Իմերեթիայի թագավորությունից փաստորեն առանձնացել են Մեգրելիայի և Գուրիայի իշխանությունները, 17-րդ դարի սկզբին՝ Աբխազիան։ Վրաստանի մասնատմանը նպաստել է կիսանկախ ավատատիրական տիրույթների (սաթավադո) ի հայտ գալը, որոնց տերերն իմունիտետի իրավունք էին ստացել՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով վարչական և դատական իշխանությունը։
16-18-րդ դարերում Վրաստանը դարձել է Հարավային Կովկասում գերիշխանության համար պայքարող Թուրքիայի և Իրանի միջև ընդհարումների թատերաբեմ։ Վրաստանին մեծագույն վնաս են հասցրել 17-րդ դարի առաջին քառորդին Իրանի շահ Աբաս I-ի ավերիչ արշավանքները Քարթլի և Կախեթի մարզ (Կախեթում բնաջնջվել է 100 000 մարդ, 200 000՝ գերեվարվել Իրան)։ 1625 թվականին Գ. Սաակաձեի գլխավորությամբ ժողովրդական խոշոր ապստամբություն է ծագել պարսկական լծի դեմ։ 1659 թվականին ապստամբել են Կախեթի մարզի բնակիչները։
Վախթանգ VI-ի օրոք (1703-1724) շինարարական լայն աշխատանքներ են կատարվել, վերականգնվել է ոռոգման համակարգը, կարգավորվել է պետական կառավարումը, հրատարակվել են օրենսդրական ակտեր։
15-րդ դարում վերսկսվել, իսկ 16-18-րդ դարերում կանոնավոր բնույթ են ստացել մոնղոլ-թաթարական լծի ժամանակաշրջանում ընդհատված ռուս-վրացական կապերը։ Վրաստանի կառավարողները Թուրքիայի ու Իրանի դեմ ռազմական օգնության խնդրանքով բազմիցս դիմել են Ռուսաստանին։ Ռուս-վրացական մերձեցման գործում կարեոր դեր է խաղացել 17-րդ դարի վերջին Մոսկվայում ստեղծված վրացական գաղթավայրը։
Պետրոս I-ի Կասպիական արշավանքից հետո, թուրքական և իրանական հալածանքների պայմաններում, Վախթանգ VI-ը և վրացական շատ քաղաքական ու մշակութային գործիչներ ապաստանել են Ռուսաստանում։ 18-րդ դարի երկրորդ կեսին, Հերակլ II-ի օրոք միավորված Քարթլի-Կախեթական թագավորությունը հզորացել է, վերականգնվել և զարգացել է տնտեսությունը, աշխուժացել առևտուրը։ Առավել նշանակալի քաղաքներն էին Թիֆլիսը (մինչև 25 000 բնակիչ), Գորին, Քութայիսը, Թելավը։ Սաղմնավորվել են առաջին մանուֆակտուրաները։ Իմերեթիայի թագավոր Սողոմոն I-ը (1752-84) հնազանդեցրել է անջատամետ ավատատերերին և երկրից վտարել թուրքական զավթիչներին։
17-18-րդ դարերում զարգացել է վրացական մշակույթը, սկզբնավորվել է գրատպությունը։ Հասարակական մտքի առաջատար ուղղություններից է դարձել լուսավորականությունը։ Ռուս-վրացական հարաբերությունների ամրապնդումը հանգեցրել է 1783 թվականին նրանց միջև պայմանագրի կնքմանը, որը բարդացրել է Վրաստանի քաղաքական հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ։ 1795 թվականին Իրանի շահ Աղա Մուհամեդ-խան Կաջարի զորքերը ներխուժել են Վրաստան, գրավել և ավերել Թիֆլիսը։
Հերակլ 2-րդի մահից (1798) հետո, ուժեղացած ավատատիրական հետադիմության պայմաններում, երկրում ստեղծվել է ճգնաժամային վիճակ։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Քարթլի-Կախեթական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ 19-րդ դարի ընթացքում (1803-64) Ռուսաստանի կազմի մեջ մտավ նաև Արևմտյան Վրաստանը։ Ռուս-պարսկական (1804-13, 1826-28) և ռուս-թուրքական (1806-1812, 1828-29) պատերազմների հետևանքով, որոնց ակտիվորեն մասնակցեցին և վրացիները, ազատագրվեցին վրացական տարածքներ։ Վրաստանի՝ Ռուսաստանին միանալը, չնայած երկրում հաստատված գաղութային վարչակարգին, ունեցավ առաջադիմական նշանակություն, թուրքական և պարսկական լծից Վրաստանի ազատագրման միակ ուղին էր այդ։
Կապիտալիզմի զարգացման ուղին բռնած Ռուսաստանի տնտեսական կյանքի մեջ ներգրավվելը նպաստեց Վրաստանի սոցիալ-տնտեսական վերելքին, ամրապնդվեց վրաց ժողովրդի մշակութային կապը ռուս և Ռուսական կայսրության մյուս ժողովուրդների հետ։ Ցարիզմի գաղութային քաղաքականությունը և ճորտատիրական լուծը գյուղացիական զանգվածային ելույթների պատճառ դարձան։ 1804 թվականին ապստամբեց Լեռնային Քարթլիի, 1812-1813 թվականներին՝ Կախեթի մարզի, 1819-1820 թվականներին՝ Իմերեթիայի բնակչությունը։ Ցարիզմի զավթողական քաղաքականության դեմ ելավ (1832) նաև ազնվական մտավորականությունը։ Ազնվականության հետադիմական մասը ձգտում էր Վրաստանում վերականգնել թագավորական իշխանությունը, իսկ դեմոկրատ, ուղղության ներկայացուցիչները, որոնք գաղափարապես կապված էին դեկաբրիստների հետք պայքարում էին Վրաստանում հանրապետություն կամ էլ սահմանադրական միապետություն ստեղծելու համար։
1830-40-ական թվականներին համեմատաբար կայուն վիճակը պայմաններ ստեղծեց Վրաստանի տնտեսության հետագա զարգացման համար։ Ապրանքադրամական հարաբերությունների զարգացմամբ ուժեղանում էր գյուղացիների շահագործումը, որն է՝ լ ավելի խորացավ ցարիզմի գաղութային քաղաքականությամբ։ 1841 թվականին՝ Գուրիայում, 1857 թվականին Մեգրելիայում տեղի ունեցան խոշոր գյուղացիական ապստամբություններ։ Արտադրողական ուժերի հետագա զարգացումը փոփոխություններ մտցրեց հասարակության սոցիալական կառուցվածքի մեջ։
Աճեց քաղաքային բնակչությունը։ 1865 թվականին Արևելյան Վրաստանի քաղաքային բնակչությունը կազմում էր 18,8 %։ Հասարակական-տնտեսական զարգացումը, դասակարգային պայքարի սրումը Ռուսաստանում ստիպեցին ցարական կառավարությանը 1864-1871 թվականներին Վրաստանում վերացնել ճորտատիրական իրավունքը։ Իր ամբողջ սահմանափակվածությամբ հանդերձ գյուղացիական ռեֆորմը արագացրեց կապիտալիզմի զարգացումը Վրաստանում։ 1860-ական թվականների կեսից սկսվեց Անդրկովկասյան երկաթուղու շինարարությունը, 1872 թվականին բացվեց Թիֆլիս-Փոթի երկաթուղին, 1883 թվականին ավարտվեց Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղին։ 1883 թվականին Թիֆլիսում կազմակերպվեցին Անդրկովկասյան երկաթուղու գլխավոր արհեստանոցները, որոնցում 19-րդ դարի վերջին աշխատում էր 3 000 բանվոր։ Անդրկովկասյան երկաթուղագիծը 1900 թվականին ներգրավվեց երկաթուղիների համառուսական ցանցի մեջ։
Արդյունաբերական տարբեր ճյուղերում (տեքստիլ, մետաղամշակության, կաշվի, կոնյակի, ծխախոտի են) առաջացան խոշոր ձեռնարկություններ։ Զարգանում էր լեռնահանքային արդյունաբերությունը (Տղիբուլիի քարածուխը, ճիաթուրայի մանգանը)։ Տեղի էր ունենում արտադրության կենտրոնացում։ Հիմնադրվում էին տեղական (առավելապես հայկական և ռուսական) և արտասահմանյան կապիտալիստների բաժնետիրական ընկերություններ։ 20-րդ դարի սկզբին մշակող արդյունաբերության ծավալը (1860-ական թվականների համեմատ) աճեց 1 միլիոն ռուբլուց 21 միլիոն ռուբլի։
Վրաստանի քաղաքային բնակչությունը 19-րդ դարի վերջին կազմեց 15,3 %։ Կապիտալիստական հարաբերությունները ներթափանցեցին և վրացական գյուղ։ Խորացավ գյուղացիության դասակարգային շերտավորումը, կուլակները (որոնք կազմում էին գյուղական բնակչության 5 %֊ը) տիրում էին մշակվող հողատարածությունների 30 %֊ին, կիսապրոլետարական տարրը՝ 55-60 %-ին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, Վրաստանի քաղաքական և տնտեսական համախմբումը պայմաններ ստեղծեցին և ավարտեցին վրացական բուրժուական ազգի ձևավորումը։ 1870-1890-ական թվականներին կապիտալիզմի զարգացման ընթացքում ձևավորվեց Վրաստանի բանվոր դասակարգը։ 19-րդ դարի վերջին հաշվվում էր շուրջ 36 000 բանվոր։ Վարձու աշխատողների ընդհանուր թիվը 120 000 էր։
Ցարիզմի գաղութային քաղաքականությունը, ազգային և սոցիալական ճնշումը առաջ էին բերում Վրաստանի աշխատավորների ընդվզումը։ Ռուսական ազատագրական շարժման գաղափարները ազդում էին վրացական առաջավոր մտավորականության վրա։ 1860-ական թվականներին Վրաստանում ուժեղացավ ազգային-ազատագրական շարժումը, որի գլուխ կանգնեցին գրողներ, հասարակական գործիչներ, հեղափոխական դեմոկրատներ Իլյա Ճավճավաձեն, Ակակի Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Դ․ Ծերեթելին և ուրիշներ, որոնք կրթություն էին ստացել Ռուսաստանում և հաղորդակցվել Վիսարիոն Բելինսկու, Ալեքսանդր Գերցենի, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Նիկոլայ Չեռնիշևսկու հեղափոխական գաղափարներին։ Վրացական վաթսունականները («թերքդալեուլեբի») պայքարում էին վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ճնշման դեմ։
1860-ական թվականների վերջից Վրաստանի ձեռնարկություններում տեղի են ունեցել տնտեսական առաջին գործադուլները։ 1870-ական թվականներին, ռուս նարոդնիկների ազդեցությամբ ծնունդ առավ Վրաստանի նարոդնիկական շարժումը, 1870-ական թվականների վերջին առաջացան բանվորական խմբակներ։ Վրաստանի պրոլետարիատը ներգրավվում էր համառուսական հեղափոխական շարժման մեջ։ 1887 թվականին Թիֆլիսում հիմնադրվեց Անդրկովկասի առաջին բանվորական կազմակերպություններից մեկը՝ «Բանվորական միությունը»։
1880-1890-ական թվականներին աճեց բանվորական խմբակների թիվը։ Մարքսիստական գաղափարների պրոպագանդմամբ հանդես եկան Ռուսաստանից և Ուկրաինայից եկած սոցիալ-դեմոկրատները (Ֆ․ Ե․ Աֆանասև, Ս․ Յա․ Ալիլուև, Ա․ Մ․ Կալյուժնի, Ի․ Ի․ Լուզին, Ֆ․ Ի․ Մայորով)։ 1892 թվականի վերջին ձևավորվեց վրացական մարքսիստական կազմակերպությունը՝ «Մեսամեդասի»-ն։ Վրաստանում գործադուլային շարժումը ձեռք էր բերում կազմակերպված բնույթ։ 20-րդ դարի սկզբին Վրաստանում բանվոր, շարժումը թևակոխեց նոր փուլ։
Սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ վրացական պրոլետարիատը սկսեց մասսայական քաղաքական պայքար։ 1900-1902 թվականներին խոշոր գործադուլներ եղան Թիֆլիսի, Բաթումի ձեռնարկություններում և ճիաթուրայի արդյունաբերական շրջանում։ Համառուսական մասշտաբի խոշոր հեղափոխական ելույթ էր 1902 թվականի Բաթումի գործադուլն ու ցույցը։ 1903 թվականի մարտին Թիֆլիսում կայացավ Կովկասյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների I համագումարը։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակաշրջանում Վրաստանում ծավալվեց բանվորների և զինվորների հեղափոխական պայքար։ 1905 թվականի հունվարին 18 թվականի Թիֆլիսի երկաթուղային բանվորների գործադուլը վերածվեց համընդհանուրի։ Ոստիկանության հետ գյուղացիների զինված ընդհարումներ եղան Գորիի, Թիանեթի գավառներում, Կախեթի, Մեգրելիայի գյուղերում։
Գուրիայում իշխանությունն անցավ գյուղացիական կոմիտեների ձեռքը, բռնագրավվեց կալվածատիրական հողը, ստեղծվեցին զինված «կարմիր հարյուրակներ»։ Վրաստանում հոկտեմբերյան քաղաքական ցույցը վերածվեց զինված ապստամբության։ 1905 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին առաջացան առաջին արհմիութենական կազմակերպությունները։ 1905 թվականի վերջին գրեթե ամբողջ Արևմտյան Վրաստանը և Արևելյան Վրաստանի մի մասը գտնվում էր ապստամբ ժողովրդի ձեռքին։ Ցարիզմը դաժանորեն ճնշեց ապստամբությունը։
Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, համաձայն «Դրոշի մասին օրենքի»։ Բացի այդ էլ «Դրոշի մասին օրենքի» երկրորդ էջում գրվում է, թե ինչ սխեմայով է կազմվել դրոշը։ Երկարությունը հարաբերվում է լայնության, այնպես ինչպես 3։2։
Վրաստանի պետական օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Պալիաշվիլու (1871-1933) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մեգրլաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելու, Գրիգոլա Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։
Բնակչության 1900-2024 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Վրաստանի բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 729 635 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում է 53.5 մարդ/կմ։ Բնակչության աճը 2014 թվականի համեմատ կազմում է -14.7%: Վրաստանի ուրբանիզացվածության մակարդակը կազմում է 57,4%[10]։ Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ուծացել (ասիմիլացվել են) Կախեթի մարզում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ, հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։ Վրացիները պատկանում են իբերա–կովկասյան լեզվաընտանիքի քարթվելական լեզվախմբին։ Հավատացյալները հիմնականում ուղղափառ քրիստոնյաններ են, մասամբ՝ մուսուլմաններ(Աջարիա)։ Կան նաև կաթոլիկության հետևորդներ։ Թույլ են բնակեցված Կոլխիդայի ճահճապատ դաշտավայրը և բարձր լեռնային գոտին։ Խտաբնակ են զարգացած երկրագործության շրջանները և ծովափնյա նեղ շերտը։
Վրաստանի ռելիեֆում զուգակցվում են բարձրլեռնային, միջին բարձրության լեռնային, բլրանախալեռնային, դաշտավայրահարթավայրային, սարահարթային և սարավանդանման ռելիեֆի ձևերը։
Վրաստանի հյուսիսը զբաղեցնում է Մեծ Կովկասը, որի համակարգը բաղկացած է Գլխավոր կամ Ջրբաժան և հարակից մի շարք լեռնաշղթաներից։ Դրանցից Վրաստանի սահմաններում նշանավոր են՝ Գագրայի, Բզիբի, Կոդորի, Սվանեթի, Էգրիսի, Լեչխումի, Ռաճայի, Խարուլի, Լոմիսի, Գուդիսի, Քարթլիի, Կախեթի լեռնաշղթաները՝ հարավային լանջին, Խոխի, Շավանի, Կիդեգանի, Խեսուրեթի և Պիրիկիտի լեռնաշղթաները՝ հյուսիսային լանջին։
Ջրբաժան լեռնաշղթայից հյուսիս գտնվող լեռնաշղթաների վրա են Շհարա (5068 մ), Կազբեկ հրաբխային կոնը (5047 մ), Թեբուլոսմթա (4493 մ), Դոնոսմթա (4174 մ), Դիկլոսմթա (4285 մ) և այլ գագաթներ։ Մեծ Կովկասից հարավ՝ մերձլայնական ուղղությամբ, ձգվում է միջլեռնային դեպրեսիան, որը Ձիրուլի զանգվածով (Վերին Իմերեթյան սարավանդ) բաժանված է Կոլխիդայի և Իվերիայի (Կուրի արևմտյան մաս) հարթավայրա-բլրային իջվածքների։ Երկու իջվածքների զգալի մասերը կազմում են Կոլխիդայի դաշտավայրը, Ներքին Քարթլիի, Ստորին Քարթլիի, Ալազանի (Կախեթի) ալյուվիալ հարթավայրերը։
Ավելի հարավ՝ լայնական ուղղությամբ, ձգվում են Փոքր Կովկասի վրացական մասի Մեսխեթի, Շավշեթի, Թրիալեթի, Լոքի միջին բարձրության (մինչև 2850 մ) լեռնաշղթաները։ Հանրապետության ծայր հարավում է Հարավային Վրացական հրաբխային բարձրավանդակը, որի ամենաբարձր կետը Աբուլ լեռն է (3301 մ)։
Վրաստանի տարածքը մտնում է Ալպիական ծալքավոր մարզի մեջ և բաժանվում մի շարք խոշոր միավորների։ Հյուսիսում՝ Մեծ Կովկասի առանցքային շրջանում է Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի անտիկլինորիումը։ Վերջինս կազմված է մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարներից։ Գլխավոր լեռնաշղթայի ծալքավոր հաստվածքները վրաշարժված են Մեծ Կովկասի հարավային լանջի ծալքավոր համակարգի նկատմամբ։
Մեծ Կովկասի տեկտոնական կառուցվածքներից դեպի հարավ (Կոլխիդայի դաշտավայրից մինչև Արտաքին Կախեթ) գտնվում է հիմնականում հերցինյան կոնսոլիդացում ունեցող Վրացական միջադիր զանգվածը։ Նստվածքային ծածկոցը կազմված է լեյասի կարմիր կրաքարերից, բայոսի պորֆիրիտային շերտախմբից, բաթի ածխաբեր շերտերից, վերին յուրայի խայտաբղետ գոյացումներից, կավիճ-էոցենի կարբոնատային ապարներից և մոլասներից։
Ավելի հարավ ձգվում է Աջարա-Թրիալեթի ծալքավոր համակարգը, որը բաղկացած է կավճի հրաբխածին ու կարբոնատային նստվածքներից և պալեոգենի տերիգեն ու հրաբխածին ապարներից։ Ծայր հարավում (Ջավախքի բարձրավանդակից մինչև Մառնեուլի դաշտավայր) տարածվում է հերցինյան կոնսոլիդացման երկրորդ միջլեռնային ստրուկտուրան՝ Արտվին-Բոլնիսի զանգվածը։ Ջավախքի բարձրավանդակը կազմված է պլիոցենի և պլեյստոցենի լավաներից։ Դեպի արևելք ընդհանուր խորասուզման հետևանքով զարգացած են մոլասները։ Ծալքավորությունն ընդհատվող է և մեղմաթեք։
Հիմնական օգտակար հանածոներն են․ Վրացական զանգվածի սահմաններում մանգանի հանքաքարը (Ճիաթուրայի հանքավայրը), քարածուխը (Տղիբուլի, Տղվարչելի) և նավթը (Կոլխիդա, Արտաքին Կախեթ), որոնք կապված են մեզոզոյի, պալեոգենի և նեոգենի նստվածքների հետ։ Մեծ Կովկասի հյուսիսային լանջին կան բազմամետաղային և ծարիր-մկնդեղային հանքավայրեր։ Հարավում հայտնի է պղնձի խոշոր հանքավայր (Մառնեուլ)։ Տարածված են շինանյութերը (մարմար, թերթաքարեր, տուֆեր, ցեմենտի հումք և այլն), հանքային և թերմալ աղբյուրները։
Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Արևմտյան Վրաստանի բլրանախալեռնային շրջաններում տարածված են կարմրահողերն ու դեղնահողերը, Կոլխիդայի դաշտավայրում՝ ճահճայինի մերձարևադարձային պոդզոլային, Իվերյան հատվածում, միջլեռնային իջվածքներում՝ սևահողերը, շագանակագույն, դարչնագույն և մոխրադարչնագույն հողերը։
Լեռնաանտառային գոտում զարգացած են անտառային շագանակագույն, գորշ պոդզոլացված և հումուսակարբոնատային հողերը։ Ավելի բարձր տարածված են լեռնամարգագետնային հողերը։
Վրաստանի կլիման անցումային է մերձարևադարձայինից ցամաքայինի։ Կոլխիդայի դաշտավայրին (500-600 մ բարձրություններում) բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ համեմատաբար տաք ձմեռով։
Հունվարի միջին ջերմաստիճանը 3-6 °C է, օգոստոսինը՝ 23- 24 °C, տարեկան տեղումները՝ 1200- 2800 մմ։ Իվերիայի իջվածքում, Կոլխիդայի համեմատ, ձմեռը ցուրտ է, -2 °C-ից մինչև 1,5 °C, տարեկան տեղումները քիչ են՝ 300-800 մմ։ Օգոստոսի միջին ջեր մաստիճանը 23-26 °C է։
Միջլեռնային իջվածքի ցածրադիր մասերում տարեկան միջին ջերմաստիճանը 12-15 °C է։ Լեռնային շրջաններին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Տարեկան տեղումների քանակը Սև ծովին հարող լան ջերին 3000-4000 մմ է, արևելյան մասի լեռնային մարզերի ներքին շրջաններում՝ մինչև 600-800 մմ։ Ամենացածր ջերմաստիճանը լինում է փակ իջվածքներում, օրինակ, Ռաճայի լեռնաշղթայի Շաորի գոգավորությունում -35 °C-ից մինչև -40 °C է։
Վրաստանի հարավային լեռնային շրջաններին բնորոշ է չաւիավոր ցամաքային կլիման՝ թույլ ձնածածկույթով և խիստ ցուրտ ձմեռով։ Վրաստանում սառցադաշտերի (ավելի քան 605 հատ) ընդհանուր տարածությունը 520 քառ. կմ է։
Գետերը պատկանում են Սև և Կասպից ծովերի ավազաններին։
Խոշոր գետը Հայկական լեռնաշխարհի ամենահյուսիսային՝ Կուր գետն է՝ Քվաբլիանի, Մեծ և Փոքր Լիախվի, Մեջուտա, Կասպի, Քսանի, Արագվա, Իորի, Ալազան, Փարվանա, Թեձամ, Ալգեթի, Խրամ, Դեբեդ և այլ վտակներով։ Կուրը թափվում է Կասպից ծով, Ռիոնը, Ինգուրը, Կոդորը, Ճորոխը՝ Սև ծով։
Գետերի սնումը խառն է, հիմնականում սառցադաշտային։ Հորդանում են գարնանը։ Աջարական ծովափնյա շրջաններին և Մեսխեթի լեռնաշղթայի լանջերին բնորոշ են աշնանաձմեռային վարարումները։ Արագահոսության շնորհիվ լեռնային գետերը միշտ չէ, որ ձմռանը սառցակալում են։
Վրաստանը հարուստ է էներգառեսուրսներով։ Գետերի ընդհանուր պոտենցիալ հզորությունը 18,2 միլիոն կվտ է, պոտենցիալ ռեսուրսները՝ 159,4 միլիարդ կվտ/ժ։ Լճերից նշանավոր են Փարվանան, Կարծախը, Պալեոստոմը, Տաբածղուրին, Ռիցան և այլն։
Բուսականությունը բազմազան է ու ինքնատիպ։ Հաշվվում են ավելի քան 4500 տեսակ սպորավոր և ծաղկավոր բույսեր (ավելի շատ, քան ԽՍՀՄ ամբողջ եվրոպական մասի բուսատեսակները)։ Վրաստանը հարուստ է էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով (դիոսկորեա, պոնտական և կովկասյան մրտավարդ, կովկասյան արմավենի, դափնեկեռաս, խուրմա և այլն)։
Տարածքի 37%-ը անտառածածկ է։ Լեռնաանտառային ցածրադիր գոտին ներկայացված է լայնատերև խառն անտառներով (կաղնի, բոխի, շագանակենի), ավելի բարձր՝ Արևմտյան Վրաստանի լեռների վերին գոտում, Հարավային Օսիայի և Թրիալեթի լեռնաշղթաների արևմտյան մասերում տարածված են եղևնու և եղևնու մուգ ասեղնատերև անտառները, իսկ Թուշեթի և Խևսուրեթի բարձրլեռնային հովիտներում՝ սոճու անտառները։
Անտառային գոտու սահմանից վեր, 2800-3500 մ բարձրության վրա ալպյան մարգագետիններ են։ Տափաստանների մեծ մասը զբաղեցնում են կուլտուրական տնկարկները, բայց դրանք դեռևս ընդարձակ արեալ ունեն Իվերիայի իջվածքում և Վրաստանի հարավային լավային սարավանդներում։
Վրաստանի ֆաունան կազմված է միջերկրածովյան և կենտրոնաասիական տեսակներից։ Մեծ Կովկասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, քարայծը, կովկասյան լեռնային հնդկահավը, բեզոարյան այծը, անտառներում՝ գորշ արջը, ազնիվ եղջերուն, այծյամը, լուսանը, գայլը, աղվեսը, նապաստակը են։
Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղսվել են 15 (այդ թվում՝ Լագոդեխի, Բորժոմի, Ռիցայի) արգելանոցներ։
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։
ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի, շինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։
Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը։ Վրաստանում նաև զարգացած է առողջարանային տնտեսությունը - Սև ծովի ափի, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում։
Մխարե (վրացերեն՝ მხარე), Վրաստանի վարչական բաժանման միավոր։ Թարգմանվում է որպես «տարածք»։ Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ 1994 մինչև 1996 թվականները Վրաստանը ժամանակավորապես բաժանված է ռեգիոնների մինչև սեպարատիստական հակամարտությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում չլուծվեն։
Տարածքային պետը «պետության կոմիսարն» է (სახელმწიფო რწმუნებული, սախելմծիփո ռծմունեբուլի), ոչ պաշտոնապես «գուբերնատոր», որին նշանակում է հանրապետության նախագահը։
Գույություն ունի 9 մխարե, փակագծերում կենտրոնն է՝
№ | Քաղաք | Երկրամաս | Բնակչություն | № | Քաղաք | Երկրամաս | Բնակչություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Թբիլիսի | Թբիլիսի | 1,270,800 | 10 | Խաշուր | Շիդա Քարթլի | 28.560 | |
2 | Քութայիս | Իմերեթի մարզ | 186,300 | 11 | Սենակ | Սամեգրելո-Զեմո Սվանեթի | 28,082 | |
3 | Բաթում | Աջարիա | 121,806 | 12 | Զեստափոն | Իմերեթի մարզ | 24.200 | |
4 | Ռուսթավի | Քվեմո Քարթլի | 116,384 | 13 | Թելավ | Կախեթի մարզ | 21.800 | |
5 | Զուգդիդ | Սամեգրելո-Զեմո Սվանեթի | 75,550 | 14 | Մառնեուլ | Քվեմո Քարթլի | 20.100 | |
6 | Գորի | Շիդա Քարթլի | 49,500 | 15 | Օզուրգեթ | Գուրիայի մարզ | 18.700 | |
7 | Փոթի | Սամեգրելո-Զեմո Սվանեթի | 47,150 | 16 | Քոբուլեթ | Աջարիա | 18.600 | |
8 | Սուխում | Աբխազիա | 43,700 | 17 | Ախալցխա | Սամցխե-Ջավախք | 18.500 | |
9 | Սամտրեդիա | Իմերեթի մարզ | 29,700 | 18 | Ծղալտուբո | Իմերեթի մարզ | 16.800 |
Վրաստանում կարևոր նշանակություն ունի երկաթուղային տրանսպորտը։ ԽՍՀՄ տարիներին երկաթուղիների երկարությունը 881 կմ-ից (1920) հասել է 1470 կմ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի (1941 - 1945) տարիներին Սև ծովի ափի երկայնքով կառուցվել է Ցխակայա - Սուխում-Տուապսե երկաթուղին։ Բաքու-Բաթում հիմնական երկաթուղին ունի ճյուղավորումներ՝ Թբիլիսի - Թելավ, Գորի-Ցխինվալի, Խաշուրի-Վալե, Զեստափոն-ճիաթուրա, Սամտրեդիա-Փոթի, Օչամչիրա-Տղվարչելի, Ռիոն - Քութայիս-Տղիբուլի են։ Երկաթուղիներն ամբողջապես էլեկտրաֆիկացված են։ Ավտոճանապարհների երկարությունը 22,3 հազար կմ է, որից 19,1 հզ․ կմ կոշտ ծածկով։ Առավել կարևորներն են Ռազմավիրականը (Թբիլիսի-Օրջոնիկիձե), Սևծովյանը (Բաթում-Նովոռոսիյսկ), Սամտրեդիա - Թբիլիսի - Բաքու մայրուղիները։ Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է Բաքու - Բաթում նավթամուղով, գազամուղներով՝ Ադրբեջանից Հյուսիսային Կովկասից։ Տրանսպորտը զարգացած է ամենուր։ Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի շնորհիվ Վրաստանը կապվում է Հարավկովկասյան երկրների և Ռուսաստանի հետ։
Ծովային գլխավոր նավահանգիստներն են Բաթումը, Փոթին, Սուխումը։
Երկրի գլխավոր օդանավակայաններն են Թբիլիսին, Քութայիսը, Սուխումը։
Բազմաճյուղ է ու հենվում է սեփական օգտակար հանածոների, աշխատանքային ռեսուրսների և հարմար աշխարհագրական դիրքի վրա։ Վերջինիս մեջ առաջնային տեղը պատկանում է գյուղատնտեսական հումքի մշակման ճյուղերին։ Սննդի ու թեթև արդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի 2/3-ը։
Սննդի արդյունաբերության կարևոր արտադրատեսակներից են թեյը, գինին և պտղաբանջարեղային պահածոները, հանքային ջրերը, որոնց զգալի մասը արտահանվում է։ Թեյի արտադրության հիմնական շրջանը Արևմտյան Վրաստանն է։ Գինեգործությունը զարգացած է Կախեթի մարզում և Ռիոնի գետի հովտում։ Պահածոների արդյունաբերությունը տեղաբաշխված է ամենուր։
Թեթև արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունները՝ բամբակյա, բրդյա, մետաքսյա գործվածքների, կոշիկի, տեղաբաշխված են Թբիլիսի, Գորի, Քութայիս քաղաքներում։
Մեքենաշինության ճյուղերից հատկապես զարգացած է տրանսպորտի մեքենաշինությունը։ Թբիլիսիում թողարկվում են էլեկտրաքարշեր, ուղղաթիռներ, Քութայիսում՝ բեռնատար ավտոմեքենաներ, Փոթիում ու Բաթումում՝ նավեր։ Առաջատար ճյուղեր են նաև հաստոցաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը։ Ավտոմոբիլաշինության ու տրակտորաշինության կենտրոն է Քութայիսը, նավաշինական՝ Բաթումն ու Փոթին։ Մեքենաշինությանը մետաղով ապահովելու նպատակով Ռուսթավիում գործում էր մինչև 2000 թ. սև մետաղաձուլական կոմբինատ, որն աշխատում է սեփական ածխի ու մանգանի, ինչպես նաև Ադրբեջանի Դաշքեսանի հանքավայրից ներկրվող երկաթի հանքաքարի հիմքի վրա։
Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը հենվում է սեփական քարածխի, նավթի ու գետերի ջրաէներգետիկական պաշարների վրա։ Խոշոր ՋրԷԿ-ն է Ինգուրիինն է։ Արդյունաբերության խոցելի տեղն այն է, որ ցածր է վառելիքաէներգետիկ ապահովվածությունը․ անհրաժեշտ նավթի և բնական գազի հիմնական մասը ստիպված է լինում ներմուծել։ Տեղական մանգանի, ներմուծվող երկաթի և քարածխի բազայի վրա աշխատում է Ռուսթավիի լրիվ ցիկլի մետալուրգիական կոմբինատը։
Քիմիական արդյունաբերությունը զարգացած է Ռուսթավիում, որտեղ սև մետաղաձուլական կոմբինատներից ստացված արտադրական թափոններից արտադրում են ազոտային պարարտանյութեր։ Արտադրվում է արհեստական մանրաթել, ներկեր, կենցաղային քիմիական իրեր։
Գյուղատնտեսական արտադրանքի գերակշիռ մասն ապահովում է հողագործությունը, որի զարգացման կարևոր նախադրյալներն են մերձարևադարձային կլիման ու բերրի հողերը։ Դրա շնորհիվ այստեղ աճում են մերձարևադարձային մշակաբույսեր։
Թեյը Վրաստանի արևմտյան մասում մշակում են 19-րդ դարի վերջից։ Այն դարձել է երկրի կարևորագույն մշակաբույսը։ Թեյի մշակման արագ աճը պայմանավորված է նախկին ԽՍՀՄ-ի ներքին շուկայի մեծ պահանջարկով։
Արևմտյան Վրաստանում մշակում են ցիտրուսային պտուղներ (առավելապես՝ մանդարին)։ Պտղատու այգեգործությունը տարածված է հանրապետության մեծ մասում։ Խաղողագործությունը զարգացած է ծովի մակարդակից 300-600 մետր բարձրությունների վրա։ Արևելյան մասում մշակում են խնձոր ու տանձ։ Շատ են դափնու և տունգի տնկարկները։ Տունգը օգտագործում են մետաղները՝ ժանգոտվելուց, իսկ փայտը՝ փտումից պաշտպանելու համար։
Հացահատիկային բույսերից Վրաստանի արևմտյան՝ խոնավ, մասում գերակշռում է եգիպտացորենը, իսկ արևելյան՝ չորային մասում՝ ցորենն ու գարին։
Պալարապտղային բույսերից մշակում են կարտոֆիլ, սակայն դրա համախառն բերքը լրիվ չի բավարարում երկրի բնակչության պահանջարկը։ Կարտոֆիլի մշակության գլխավոր շրջանը Ջավախքն է։
Անասնապահությունը համեմատապար թույլ է զարգացած։ Խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվում են ամենուր։ Արևմտյան մասում գերակշում են խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը, արևելյանում՝ ոչխարաբուծությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.