From Wikipedia, the free encyclopedia
Գյումրու (Շիրակի) արտեզյան ավազան, գտնվում է Շիրակի դաշտում և զբաղեցնում մոտ 300 - 320 կմ2 տարածք։ Նրա ուղղաձիգ կտրվածքում առանձնացվում են գրունտային և ճնշումային ջրերի մի քանի հորիզոն։ Գրունտային ջրերը բաժանվում են վերտուֆային և ենթատուֆային հորիզոնների։ Առաջին հորիզոնը գերազանցապես կրում է տեղական բնույթ, իսկ երկրորդի ջրերը, որոնք ձորակներում բեռնաթափվում են աղբյուրների ձևով, օգտագործվում են ջրամատակարարման նպատակով։
Հիդրոերկրաբանական տեսակետից նրա սահմաններում առանձնացված են հյուսիսային՝ անուշահամ ջրերի և հարավային՝ հանքային ջրերի տարածման տեղամասերը։ Հյուսիսային տեղամասի վերին ճնշումային ջրատար հորիզոնը կապված է 10 - 12, 5 մ հզորության ավազա-գլաքարային նստվածքների և անդեզիտա-բազալտների հետ։ Հորատանցքերով ստացվող ջրի տեսակարար ծախսը կազմում է 10 - 13 մ/վրկ, իսկ ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 110 - 120 մ/օր։ Երկրորդ (ստորին) հորիզոնի ճնշումային ջրերը կապված են լճա-գետային նստվածքների կտրվածքում գտնվող խիստ ճեղքավոր անդեզիտաբազալտների հետ։ Հորատանցքերի տեսակարար ծախսը հասնում է 50 - 55 մ/վրկ, իսկ ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 230 - 250 մ/օր։
Քաղցրահամ ջրերը կուտակված են խճերից, կոպիճներից, կավավազներից ու բազալտային անդեզիտներից կազմված վերտուֆային և ենթատուֆային հորիզոններում։ Ջրերը հիդրոկարբոնատային են, հանքայնացումը՝ 0, 3-0, 5 գ/լ, ջերմաստիճանը՝ 8-10 °C։ Քաղցրահամ ջրապարունակ հորիզոնները կարևոր նշանակություն ունեն Գյումրու ջրամատակարարման համար։ Նախկինում ջրերն օգտագործվել են ջրհորերի ու քահրիզների միջոցով։ Քահրիզների ջրաքանակը մեծացնելու նպատակով փորվել են (1937) հորատանցքեր և հայտնաբերվել ճնշումային քաղցրահամ ջրեր (ծախսը՝ 15-20 լ/վ)։ Դրանց ամենամեծ քանակությունը կուտակված է Արևիկ գյուղի բազալտային անդեզիտների ջրապարունակ հորիզոնում։
Շիրակի արտեզյան ավազանի հանքային ջրերի տեղամասը զբաղեցնում է Ախուրյան գյուղից հյուսիս-արևմուտք և Ախուրիկ ու Իսահակյան գյուղերի միջև գտնվող տարածքը։ Հանքային ջրերը հարուստ են ծծմբաջրածնային և ածխաջրածնային գազերով, բարձր ճնշումային են, հանքայնացումը՝ 1, 2-4, 8 գ/լ, ջերմաստիճանը՝ 12֊ 21 °C։ Ջրապարունակ հորիզոնները հանդիպում են տարբեր հաստության (2-17 մ) ավազային և ավազախճային շերտերում։ Հորատանցքերը շատրվանում են մինչև 10-12 մ, ծախսը՝ 1-15 լ/վ։
Ջրատար հորիզոնները սնվում են Շիրակի դաշտը եզրափակող լեռնաշղթաներից ներծծվող մթնոլորտային և մակերևութային ջրերից։ Գյումրու արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը բարձրորակ են, անուշահամ, պիտանի խմելու համար, ունեն մեծ պաշարներ և լայն հեռանկարներ ջրամատակարարման բնագավառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 551)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.