Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սառցադաշտեր, երկրի մակերևույթին մթնոլորտային պինդ տեղումներից գոյացած, շարժվող սառցի բնական կուտակումներ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Առաջանում են մերձբևեռային շրջաններում և բարեխառն կամ արևադարձային լայնությունների լեռների բարձրադիր մասերում (ձյան սահմանից բարձր), որտեղ տարվա ընթացքում տեղումներն ավելի են, քան դրանք հալվում ու գոլորշիանում են։ Ձևաբանական տեսակետից սառցադաշտերը բաժանվում են ցամաքային սառցադաշտային ծածկութային, ծանծաղուտային (շելֆային) և լեռնային տիպերի։ Ձյան վերածումը ֆիռնի, ֆիռնային սառցի, ապա սառցադաշտային սառցի, տեղի է ունենում կուտակման վերին շերտերի ճնշման, վերաբյուրեղացման, մասամբ հալքի ու սառելու հետևանքով։ Ծանրության ուժի ազդեցությամբ սառցադաշտերի մարմնում առաջանում է լարվածության դաշտ, սառցադաշտերը ձևափոխվում և շարժվում են թեքության ուղղությամբ։ Սառցադաշտերի կարևոր հատկություններից մեկը շարժումն է։ Լեռնային երկրներում սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մ-ից մինչև մի քանի հարյուր մ։ Հիմալայների որոշ սառցադաշտերի շարժման արագությունը տարեկան մինչև 700—1300 մ է, Անտարկտիդայի ծանծաղուտային սառցադաշտերինը՝ մինչև 7—13,8 կմ։
Գրենլանդական մի քանի սառցադաշտերի շարժման արագությունը օրական 40 մ է։ Սառցադաշտերի արշավի դեպքում շարժման արագությունը մի քանի անգամ ավելանում է։ 1963 թվականին Պամիրում՝ Վանչի հովտում սառցադաշտի լեզվակը առաջ մղվեց 1600 մ։ Սառցադաշտերը ենթարկվում են աբլյացիայի ծախսվում են հալվելու, գոլորշիանալու կամ մեխանիկական հեռացման (այսբերգներ) ճանապարհով։ Լեռնային սառցադաշտերի աբլյացիայի հիմնական ձևը հալքն է, որից առաջանում են սառցադաշտային ջրեր, և սկիզբ են առնում գետեր։ Սառցադաշտերի չափերը պայմանավորված են սնման ու աբլյացիայի փոխհարաբերությամբ։ Սնման մեծացման դեպքում սառցադաշտերն արշավում են, պակասելու դեպքում՝ նահանջում։ Անթրոպոգենում Երկրի վրա նկատվել են սառցադաշտերի արշավի ու նահանջի մի քանի փուլեր։ Հնագույն սառցապատումների հետքեր պահպանվել են նաև Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա և Զանգեզուրի լեռներ)։
Շարժման ընթացքում սառցադաշտերը կատարում են քայքայիչ (առաջացնելով կրկեսներ, կառեր, տրոգներ, խոյի ճակատներ, գանգրահեր ժայռեր) և կուտակումային (մորեններ, օզեր, դրումլիններ, թմբաշարեր) աշխատանք, իսկ սառցադաշտերի եզրերին առաջացած լճերում նստում են սառցադաշտային ջրերի նստվածքներ։ Սառցադաշտերի ժամանակակից տարածումը Երկրի վրա 16,1 միլիոն կմ2 է (ցամաքի մակերեսի 11%-ը), ծավալը՝ մոտ 30 միլիոն կմ3։ ՍՍՀՄ-ում սառցադաշտերը գրավում են 71665 կմ2 տարածություն։ Ամենամեծը Անտարկտիդայի ծածկոցային սառցադաշտն է (14,4 միլիոն կմ2)։ Բերինգի լեռնային սառցադաշտը (Հս․ Ամերիկա) ունի 170 կմ, Ֆեդչենկոյինը (ՍՍՀՄ-ում)՝ 77 կմ երկարություն։ Սառցադաշտերն ամբարում են քաղցրահամ ջրի վիթխարի պաշարներ։
Այսօր շատ լեռնաշղթաների բարձրադիր հովիտներում սառցադաշտեր կան, թեև դրանցից շատերը ավելի արագ են հալվում, քան համալրվում են ձյունով։ Սա նշանակում է, որ սառցադաշտի հովտային (ստորին) եզրը շարունակ նահանջում է դեպի լեռների ավելի բարձր մասերր։ Այսօրվա լեռնային սառցադաշտերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանում հովիտները պատած հսկա սառցադաշտերի փոքր մնացորդներ։ Տասր հազար տարի առաջ սառցադաշտերը սկսել են հալվել ավելի արագ, քան վերականգնվել են նոր ձյունով։ Նոր սառցադաշտերի ստեղծման համար կպահանջվեր նույնքան ժամանակ։ Վերջին 2 միլիոն տարում սառցադաշտեր են առաջացել, երբ ցուրտ, խոնավ սառցադաշտային ժամանակաշրջաններին հաջորդել են ավելի տաք, միջսառցադաշտային ժամանակաշրջաններ։ Ենթադրվում է, որ Երկիրն այժմ գտնվում է սառցադաշտերի հալման՝ միջսառցադաշտային ժամանակաշրջանում։ Հովիտներում գոյացած սառցադաշտերից հոսող ջուրը լայնացնում և խորացնում է հովիտների հունը, առաջացնելով Ս-աձև իջվածք։ Հալվող սառցադաշտերը շրջափակվում են նստվածքների մեծ բլուրներով, որոնք սառույցի հալվելուց հետո էլ պահպանվում են։ Նստվածքի կտորները, պոկվելով շրջակա ապարներից, սառցադաշտերով տեղափոխվում են սարերն ի վար։ Այս ձևով սառցադաշտերը լեռնագագաթներից հսկայական ժայռաբեկորներ են ցած բերում։
Երբ սառցադաշտի եզրալեզվակը հալվում է, սառույցից ազատված գլաքարային մանրախճի բլուրներից փոքրիկ վտակ է հոսում։ Մանրախճի կույտերը կոչվում են սառցադաշտի վերջնամորեններ։ Եվրոպայի շատ խոշոր գետեր, ինչպիսին Հռենոսն է, սկիզբ են առնում Ալպերում հալվող սառցադաշտերից։
Գրենլանդիայի և Անտարկտիդայի ներքին շրջանները պատված են հազարավոր մետր հաստություն ունեցող սառցաշերտով։ Ցամաքի եզրերի մոտ սառույցը բարակում է։ Գրենլանդիայի հյուսիսարևմտյան ափի հովտային սառցադաշտերը ճանապարհը հարթել են կղզին շրջապատող լեռների միջով։ Ապարների կտորներր տեղափոխվում են ինչպես սառցադաշտի եզրերի երկայնքով (լատերալ մորեններ), այնպես էլ բուն սառույցով։
Ալյասկան, Կանադան, ԱՄՆ-ի հյուսիսի մեծ մասը, Սկանդիավաիան, ինչպես նաև Անտարկտիկան և Գրենլանդիան Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանի ամենացուրտ փուլերում պատված են եղել սառույցով։ Այսօր այդ շրջաններից մի քանիսը ձմռանը ձյունով են ծածկվում, մինչդեռ մշտական ձնածածկույթը միայն լեռնային շրջաններում է։ Ինչպես երևում է արբանյակից, Ալյասկայում, երբ ձմռանը ծովը սառցակալում է, և նստում է առաջին ձյունը, ափի շուրջը գոյանում են համատարած տեղաշարժվող բևեռասառույցներ։ Սիբիրում, Ալյասկայում և Հյուսիսային Կանադայում հսկա տարածքներ կան, որտեղ հողը մշտապես սառցակալած է, այսպես կոչված, հավերժական սառածություն է, թեև այդ տարածքները գնալով փոքրանում են։ Վրաստանում տարածված են լեռնային սառցադաշտեր և դրանք հանդիպում են միայն Կավկասիոնիի վրա։ Դրա հետ միասին արևմտյան մասում հավերժական ձյան ստորին գիծը 2800-2900 մ վրա է։ Ծայրամասային արևելքում այն բարձրանում է մինչև 3600 մ։ Վրաստանի շրջանակներում 786 սառցադաշտ է, որոնց ընդհանուր մակերեսը 555,9 կմ2 է։
Սառցադաշտերը դանդաղ են սահում և, ի տարբերություն գետերի, դժվար են հաղթահարում տեղանքի անկյունները։ Շատ սառցադաշտեր տարածվում են գոյություն ունեցող գետահովիտներով, և նրանց շարժումը էրոզիայի է ենթարկում հովտի լանջերն ու ստորոտը։ Սառցադաշտի հալվելուց հետո նախկին V-աձև ոլորապտույտ գետի հովիտը դառնում է ուղղաձիգ U-աձև իջվածք։ Առափնյա լեռնային շրջաններում ծովը լցվում է հովիտները, որոնցից շատերը ցածր են սառցաշերտերի հալման հետևանքով բարձրացած ծովի նոր մակարդակից։ Նորվեգիայի արևմտյան ծովեզերքում կան այս ձևով ստեղծված բազմաթիվ փոքր խորշեր, որոնք նորվեգերեն անվանում են ֆիորդ։ Ֆիորդներ կան նաև հյուսիսային մայրցամաքների, Անտարկտիկայի և Նոր Զելանդիդայի ափերին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառցադաշտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 191)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.