Հայկական լեռնաշխարհ
լեռնային համակարգ Առաջավոր Ասիայում From Wikipedia, the free encyclopedia
լեռնային համակարգ Առաջավոր Ասիայում From Wikipedia, the free encyclopedia
Հայկական լեռնաշխարհ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։
«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրագետ Հերման Աբիխը։ Նա հրատարակել է «Երկրագիտական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 - 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»՝ գերմաներեն՝ ՙԲերգինզելն՚: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։
Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։ Լեռնաշխարհի տարածքում գոյություն ունի Հայաստանը և Արցախի Հանրապետությունը, որն առայժմ ձևականորեն կոչվում է Արցախի Հանրապետություն, սակայն պետք է վերջնականապես միանա Մայր Հայրենիքին՝ Հայաստանի Խորհրդարանի 1989 թվականի դեկտեմբերի 1–ի որոշման համաձայն[1][2]։ Հայաստանի Հանրապետության տարածքը ԽՍՀՄ–ում՝ մինչև Արցախյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակը՝ կազմում էր մոտ 29 800 քառ. կմ։ Սակայն, Արցախի հիմնական մասի, ինչպես նաև հարակից Սյունիքի ու Ուտիքի նահանգների որոշ տարածքների ազատագրումից հետո, Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը՝ Արցախ մարզի հետ միասին հասնում է մոտ 42 000 քառ. կմ–ի, այդպիսով կազմելով Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 9 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի նահանգներից Ուտիքը՝ իր մեծագույն մասով՝ ներառյալ Գարդման գավառը, Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Երնջակ[3][4][5][6][7][8][9], Ճահուկ[10][11][12],, գավառները, Նախիջևանը, Գողթնը[13][14], ինչպես նաև Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շարուր[15][16], գավառը, որոնք ներկայումս մտնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Նախիջևան երկրամասի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) մեջ, որը Ադրբեջանին է անցել Հայաստանի դեմ 1920թ․ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով։ Այսպիսով Ադրբեջանին է անցել Հայաստանի պատմական տարածքների գրեթե ինից տասը տոկոսը՝ մոտ 42–45 հազ․ քառ. կմ։ Հայկական լեռնաշխարհի զգալի մակերեսով տարածքներ կան Վրաստանում՝ Ջավախքը, Թռեղքը (Թռէղք), կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ), Բողնոփոր գավառը, կենտրոնը՝ Բողնիս, Մանգլյաց փոր գավառը (Մանգլեաց փոր), կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)։ Ընդամենը շուրջ 20 հազ․ քառ․ կմ։ Հայկական բարձրավանդակի մոտ երեք քառորդը՝ գրեթե 440 հազ․ քառ․ կմ, այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։
Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 450–586 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը[17]։ Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացել են Միջնաշխարհ անունը։
Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է։ Այստեղ հաճախ են ցնցումները։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11:41, տեղի ունեցավ ամենախոշոր՝ Սպիտակի երկրաշարժը, որի պատճառով մեր ՀԽՍՀ–ն ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։
Կան նաև բազմաթիվ հանգած հրաբուխներ։ Այստեղ է Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում։ Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ։ Օրինակ՝ Վանա լճի արևմտյան ափին բարձրացող Նեմրութ լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։ Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է։
Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին։ Այստեղ առկա են կիսաանապատներից մինչև լեռնային «տունդրան» և նույնիսկ լեռնային-բևեռային բնական բոլոր գոտիները։ Եվ այդ ամենն իրար հաջորդում են ընդամենը 75-200 մետրի վրա։ Բնական պայմանների այդպիսի տարատեսակությունն էլ պայմանավորել է երկրի առանձին շրջաններում տարբեր զբաղմունքների առաջացումն ու զարգացումը։
Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը։ Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։
Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարադաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային։ Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս։ Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»։ Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։
Տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաշղթաները, իրար հետ հատվելով, երկիրը վերածել են բազմաթիվ փակ շրջանների։ Լեռնաշղթաների միջև ձգված են ձորեր, հովիտներ և դաշտեր։ Երկրում հիմնականում տարածված են հրաբխային սարահարթեր և առանձին լեռնազանգվածներ, բեկորային ու ծալքավոր լեռներ, տեկտոնական իջվածքներ։ Հայկական լեռնաշխարհը մտնում է երկրաշարժերի գուտու մեջ։ Այստեղ է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը (Մասիսից հարավ-արևմուտք), որի խառնարանից դուրս են գալիս ջրային գոլորշիներ, ծծմբային ու ածխածնային գազեր և մանր քարակտորներ, իսկ ստորոտից բխում են հանքային տաք աղբյուրներ։
Փոքր Կովկասի լեռնահամակարգն ունի ծալքավոր կառուցվածք։ Այն սկսվում է Վրաստանի ծովափին գտնվող Բաթում քաղաքից և աղեղնաձև շարունակվում է մինչև Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի։ Լեռնահամակարգն ունի մի քանի լեռնաբազուկներ. հյուսիսում Մեսխեթի ու Թրիալեթի լեռնաշղթաներն են ու Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան), կենտրոնում՝ Բազումի, Փամբակի, Գուգարաց և Սևանի լեռները (Հայաստան)։ Հարավում Փոքր Կովկասը ճյուղավորվում է 2 լեռնաբազուկների՝ Արցախի լեռներ (ԼՂՀ) և Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)։
Փոքր Կովկասի լեռները խոնավ են ու անտառապատ։ Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3906 մ)։ Փոքր Կովկասին կից են Գեղամա հրաբխային լեռնաշղթան և Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագած լեռնագագաթը՝ 4096 մ բարձրությամբ։
Մեսխեթի ու Թրիալեթի լեռնաշղթաները հյուսիսից եզերում են Հայկական լեռնաշխարհը։ Նրանց և Մեծ Կովկաս լեռնային համակարգի մեջտեղում է Ռիոնի հովիտը։ Այս լեռնաշղթաներին են հարում նաև Շավշեթի լեռները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում։ Մեսխեթի լեռնաշղթան, որը հայտնի է նաև որպես Աջարա-իմերեթյան, ձգվում է Սև ծովի աջարական ափից մինչև Կուր գետի Բորժոմի կիրճը։ Երկարությունը 150 կմ է, բարձր կետը՝ մինչև 2850 մ (Մեփիսծղարո)։ Թրիալեթա լեռնաշղթայի երկարությունը նույնպես մոտ 150 կմ է, բարձր կետը՝ Շավիկլդե լեռը, նույնպես ունի 2850 մ բացարձակ բարձրություն։ Այս լեռնաշղթաները կազմված է առավելապես ֆլիշային և հրաբխածին ապարներից։ Հյուսիսային լանջերն անտառապատ են։ Գերակշռում են բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպյան մարգագետինները։
Ջավախքի լեռնաշղթան գտնվում է Վրաստանի հարավում և Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։ Երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է Հայաստանի տարածքում, որն ունի ծովի մակերևույթից 3196 մ բարձրություն։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում։
Հայաստանի Լոռու մարզում են գտնվում Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու և Տավուշի մարզերի միջև։ Տավուշում են գտնվում Միափորի, Հախում, Տավուշ, Խնձորուտ և այլ լեռնաշղթաներ։ Հյուսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներից ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։
Շարունակվելով դեպի հարավ՝ Փոքր Կովկասի հերթական ճյուղը Սևանի լեռնաշղթան է, որը սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման, Շակաշեն և այլ գավառներ, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Սատանախաչն է (3319 մ), Հայաստանի տարածքում է Փերեզակը (3290 մ)
Սևանից ճյուղավորվում են երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի և Արցախի լեռները։ Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ապա՝ Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնական սահմանն է։ Բարձր կետը Կապուտջուղն է (3906 մ)։ Արցախի լեռերը գրեթե ամբողջությամբ գտնվում են հայկական երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության տարածքում։ Նրանք ամբողջովին անտառապատ են, տեղ-տեղ՝ կուսական։ Ամենաբարձր գագաթը Գոմշասարն է կամ Մռավ լեռը (3724 մ)։
Արևելապոնտական կամ Խաչքարի լեռները[18] Պոնտական լեռնային համակարգի բաղկացուցիչ մասն են։ Հյուսիսից եզերում են Հայկական լեռնաշխարհը։ Լեռնահամակարգը ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 400 կմ է, լայնությունը՝ մինչև 100 կմ, բարձր կետը՝ մինչև 3 937 մ (Քաջքար լեռ)։
Կազմված է կավճի և երրորդականի բյուրեղային, մետամորֆային և նստվածքա-հրաբխածին ապարներից (կրաքարեր, տուֆոգեններ և գրանիտներ)։ Հարուստ է բազմամետաղային հանքավայրերով, հատկապես արծաթով (Գյումուշխանե)։ Լեռնաշղթաների (Գիրեսուն, Զիգանա, Քաջքար, Լազիստանի, Սպեր) միջին բարձրությունը գերազանցում է 3 000 մետրից, իսկ առանձին գագաթներ ծածկված են հավերժական ձյունով։ Կան անթրոպոգենի սառցապատումների հետքեր։ Հարմար և անցանելի է միայն Զիգանայի լեռնանցքը։
Լեռները մասնատված են Խարշատ, Դագիրման և այլ գետերի հովիտներով։ Հյուսիսահայաց լանջերին (տեղումները 3000 մմ) տարածված են մերձարևադարձային սաղարթավոր (մինչև 400 մ), խառը (400-1250 մ) և փշատերև (մինչև 1900 մ) անտառներ, հարավահայաց չորային լանջերին՝ միջերկրածովային չորասեր անտառներ ու թփուտներ (կան նաև Հայկական բարձրավանդակին հատուկ չորասեր տեսակներ), 2000 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ են։
Արևելապոնտական լեռնային համակարգը բաղկացած է Լազիստանի, Տրապիզոնի, Գյումուշխանեի և այլ լեռնաշղթաներից, որոնք ամբողջությամբ գտնվում են Թուրքիայի տարածքում։ Հողմահայաց լանջերն անտառապատ են և զառիթափ, ուստի մեծ քաղաքներ այստեղ չեն կառուցվել։ Խոշորագույն քաղաքները նախկին հունական պոլիսներ էին, որոնք մտել են Հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրության կազմում։ Թուրքական տիրապետության շրջանում բնակեցված են եղել գերազանցապես քրիստոնյաներով։ Մինչ այժմ Լազիստանի լեռներում՝ արևելյան մասում, բնակվում են 1 000 000-ից ավելի հայեր, ովքեր Մեծ եղեռնից հետո իսլամ են ընդունել։ Համշենահայերն իրենց ինքնության մասին բարձրաձայնել են Հայաստանի անկախացումից հետո՝ 1990-ական թվականներին։
Հայկական Տավրոսը կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 - 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում։
Իշխանասար, Սիմսար, Մարութասար գագաթները ունեն 3 000 մ բարձրություն։ Հայկական Տավրոսի մակերևույթը մասնատված է Եփրատի, Տիգրիսի և նրանց վտակների հովիտներով։ Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. Կիլիկիայի և Եփրատի կիրճերի միջև, միջին՝ մինչև Բիթլիսի կիրճը և արևելյան՝ մինչև Բոհտանի կիրճը։ Հաճախ են հիշատակվում Հայկական Տավրոսի երեք գագաթները՝ Արտոսն ու Ընձաքիարսը (Կապուտկող)՝ Վանա լճի հարավային ափին, և Անդոկը՝ լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։
Հայկական Տավրոսին են միանում Նեմրութ լեռնագագաթի (3 050 մ) լավաները, իսկ Նեմրութից հյուսիս-արևելք՝ Վանա լճի հյուսիսային ափին, բարձրանում է Հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր լեռը՝ Սիփանը (4 434 մ)։ Հայկական Տավրոսի արևելյան մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի Վանա լիճ, հասնելով Վարագասար՝ տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին։ Արևելյան կողմում՝ Վան քաղաքից ոչ հեռու, Վարագա լեռն է՝ իր համանուն վանքով։ Վասպուրականի կամ Կոտուրի լեռնաշղթան ձգվում է հյուսիսից հարավ՝ Մասիսից դեպի Միջագետք։
Հայկական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան և մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով և վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բարձրակողմանի խզումներով։
Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով։ Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին։ Հաճախակի են ռելիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով։ Կան ստորերկրյա քարանձավներ։ Արևելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից։ Օգտակար հանածոներից կան նավթ, պղինձ և բազմամետաղներ, քրոմ, ծծումբ. առատ են շինանյութերը։ Լեռնահամակարգի գլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական և լադշաֆտային առանձնահատկություններ։
Հյուսիսային լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումներն աճում են 300 մմ-ից մինչև 1 000 մմ։ Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատային, միջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստաններ, լեռնակատարներում՝ ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ։ Հարավային լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400-500 մմ-ից 1 000-1 500 մմ են։ Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են սոճի, լիբանանյան մայրի, կաղնի, մշտադալար մերձարևադարձային անտառներ, որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների։
Հայկական լեռնաշխարհի բարձրագույն կետ Արարատը (5 165 մետր) Մերձավոր Արևելքի ամենաբարձր գագաթներից է։ Նրանից ավելի բարձր են Դամավանդը (5 670 մետր) Իրանում և Էլբրուսը (5 642 մետր) Կովկասում։ Գրեթե նույն բարձրությունն ունեն Կովկասի Շխարա (5 193 մետր) և Դըխտաու (5 205 մետր) լեռները Մեծ Կովկաս լեռնաշղթայում։ Հարաբերական բարձրությամբ Արարատը ամբողջ մոլորակի ամենաբարձր լեռն է. Արարատյան դաշտից (800 մետր) բարձր է 4 365 մետրով։
Արարատը հանգած հրաբուխ է։ Այն գտնվում է ՀՀ պետական սահմանից 32 կմ, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ հեռավորության վրա։ Լեռն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս 5 165 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։ Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1 000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4 100-4 250 մ), որոնցից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։
Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։ Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ է։ 2 800-3 000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։
Լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է - 6 °C-ից (ստորոտում) մինչև 20-25 °C (գագաթին), հուլիսին 26 °C-ից (ստորոտում) մինչև 0 °C և պակաս (գագաթում)։ Արարատի միջին գոտու (1 500 մ - 3 500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային բույսերով։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում հռչակված է եղել որպես Հայոց արքունի որսատեղի։
Արարատից արևմուտք լեռնաշխարհն արևելքից արևմուտք կիսում է Հայկական Պար լեռնաշղթան՝ բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի։ Այն լեռնաշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է։ Գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում՝ Բյուրակն ու Մասիս (Մեծ Արարատ, 5 165 մ) լեռնազանգվածների միջև։ Ունի աղեղնաձև կառուցվածք, ուռուցիկ մասով՝ դեպի հյուսիս։ Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3 445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։ Կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածքային ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից՝ ծածկված անդեզիտային ու բազալտային լավաներով։ Նեոգեն-անթրոպոգենի լեռնակազմական շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոնական բարձրացումների։ Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։
Փոքր Կովկասի կենտրոնական լեռնաշղթաներից ոչ հեռու Հայկական լեռնաշխարհի 4-րդ բարձր կետն է՝ Արագածը։ Այն Հայաստանի ամենաբարձր գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[19]: Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին լեռը գրավում է մոտ 4000 կմ² տարածություն՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։
Արագածն անցյալում եղել է խոշոր հրաբուխ։ Խառնարանը 400 մ խորություն և 3 կմ տրամագիծ ունի։ Այն շրջապատում են լեռան չորս կատարները՝ հյուսիսային (4090.1 մետր), արևմտյան (3995.3 մետր), արևելյան (3908.2 մետր) և հարավային (3887,8 մետր)։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Խառնարանից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։
Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։ Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով։ Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթում ցուրտ է նաև ամռանը։
Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Թալիշ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։
Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։
Հայկական լեռնաշխարհի տարածքի մեծագույն մասը կազմում են Արաքս, Արածանի (Արևելյան Եփրատ), Արևմտյան Եփրատ (Եփրատ) և Ճորոխ գետերի ավազանները։ Արաքսի և նրա վտակների հովիտներում են տարածվում Տավարածատափի և Բասենի, Կարսի (կամ Վանանդի), Շիրակի, Արարատյան, Սուրմալուի, Կոգովիտի (Բայազետ), Մակուի (որի մի մասը հայտնի էր Ավարայր անունով), Կարմիր գետի և Նախճավանի արգավանդ դաշտերը։
Արարատյան դաշտը գտնվում է Արաքսի ջրահավաք ավազանի ուղիղ կենտրոնում, և լայն իմաստով, տարածվում է Ախուրյան գետից մինչև Մեղրու կիրճը։ Այն եղել է լեռնաշխարհի կարևորագույն պատմական, տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոնը։ Այստեղ են կառուցվել պատմական Հայաստանի 11 մայրաքաղաքներից Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, և այժմյան՝ 12-րդ մայրաքաղաք Երևանը։
Նույնպիսի արգավանդություն ունեն Արածանի գետահովտում սփռված Ալաշկերտի, Մանազկերտի, Մուշի, Բալահովիտի, Խարբերդի և Կարինի (էրզրումի), Դերջանի (Աշկալայի և Մամախաթունի), Երզնկայի ու Կամախի դաշտերը։
Աշխարհագրական առանձին շրջաններ են կազմում Վանա լճի եռանկյունաձև ավազանը, որում հայտնի են Հայոց ձորի, Սևջրի ու Աբաղայի դաշտերը, Կուր գետի վերնագավառը՝ Արդահանի ու Ջավախքի սարահարթերով, Ճորոխ գետի անտառապատ հովիտը և Արածանիի ու Արևմտյան Եփրատի ստորին հոսանքների միջև ընկած լեռնային ու անտառաշատ Դերսիմը։
Հայկական բարձրավանդակը արևելքից եզերում է ընդարձակ Կուր-Արաքսյան դաշտավայրը։
Հայկական լեռնաշխարհը Մերձավոր Արևելքի ջրային գլխավոր աղբյուրն է, քաղցրահամ ջրի համաշխարհային եզակի օջախներից մեկը։ Դեռ հնադարում բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ ասորեստանյան սեպագիր արձանագրություններում, Հայկական լեռնաշխարհը հիշատակել են որպես գետերի երկիր՝ Նաիրի:
Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր՝ Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը և Հալիսը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով)։ Դրանց վրա գոյացել են ջրվեժներ ու լճակներ։
Հայկական բարձրավանդակում կան բազմաթիվ լճեր ու լճակներ։ Հատկապես հայտնի են երեք լճերը՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Դրանք խոշորագույն ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի տարածքով խոշորագույն լճերն են։
Հայկական լեռնաշխարհի գետերը լեռնային բնույթ ունեն, արագահոս են և փրփրալից։ Նրանց անկման ուժը հին և միջին դարերում օգտագործվել է շատ չնչին չափով ջրաղացներ գործի դնելու համար։ Գետերը արագահոսության և մեծ անկման պատճառով նավարկության համար պիտանի չեն։ Գետերի նշանակությունը առանձնապես մեծ է եղել ոռոգման և ձկնորսության համար։
Եփրատ գետը մարդկության պատմության հնագույն քաղաքակրթությունների օջախներից է. նրա հատվածներում պատմության տարբեր փուլերում ձևավորվել են Շումերի, Աքքադի, Բաբելոնի, Սիրիական քաղաք-պետությունների ու հայկական պետական կազմավորումներն ու պետությունները։ Եփրատի միջին հոսանքում է գտնվել Հին աշխարհի հռչակավոր քաղաքներից Բաբելոնը։
Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է։ Այն կազմավորվում է Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ (Արածանի) գետաբազուկներից։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից Ոսկյանց (3914 մետր) գագաթից։ Այստեղ բխում է մի աղբյուր՝ (ջերմաստիճանը 3 աստիճան), որը պաշտամունքի աղբյուր է համարվել[20]։ Եփրատն այնուհետև իջնում է Կարնո դաշտ, որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո)։ Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը։ Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիս Աշկալեի ու Դերջանի (Մամախաթունի) դաշտերը և անցնում է Երզնկայի գոգավորությունով։ Ապա մտնում է Կամախի սարահարթ՝ ստեղծելով խորը կիրճ։ Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ՝ Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա)։ Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում։ Գետը դուրս գալիս Խարբերդի դաշտ, որի արևմտյան մասում միանում է Արևելյան Եփրատին՝ Արածանիին։
Արևմտյան Եփրատի հովտում է գտնվել Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումներից մեկը՝ Հայասա-Ազզին։ Այստեղ է գտնվել հինավուրց Անի բերդը՝ Արշակունի թագավորների դամբարանավայրը։ Բերդում էին պահվում նաև հայոց արքունի գանձերը։ Գետի վերնագավառը կոչվում էր Բարձր Հայք, քանի որ այստեղ էին հեթանոսական գլխավոր սրբավայրերը՝ նվիրված Արամազդ, Վահագն, Անահիտ աստվածներին։ Վերջինիս գլխավոր տաճարը գտնվում էր Երիզա (Երզնկա) քաղաքում։ Այստեղ գտնվել են նաև բազմաթիվ տաք աղբյուրներ, որոնց վրա կառուցվել են բաղնիքներ։ Դրանք ավերվել են երկրաշարժերի պատճառով։
Արածանին հոսում է Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Այն հոսում է Հայկական Տավրոսին զուգահեռ, վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հյուսիս, ապա հյուսիս–արևմուտք, դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հարավարևմտյան ուղղությամբ։ Գետն անցնում է Մուշի, Բալուի դաշտերով ու հասնում Խարբերդի դաշտ, որտեղ միանում է Արևմտյան Եփրատին։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40 000 քառ. կմ։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է Թուրքիայի տարածքով։ Արածանի գլխավոր վտակներն են Բագրևանդը, Խնուսը, Բյուրակնը (աջից), Մանազկերտը, Մեղրագետը, Ճապաղջուրը (ձախից)։ Հորդանում է ապրիլ–մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։
Արածանիի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է։ Այստեղ է ձևավորվել հայկական հինավուրց պետական կազմավորումներից մեկը՝ բրոնզեդարյան շրջանի Նաիրիի ղցեղապետությունը, որը ներառել է տասնյակ ցեղեր, այդ թվում՝ Ուրմեն (Տարոն), Արմեն (Շուպրիա) և այլն։ Կա տեսակետ, որ այս ցեղերի անուններից է առաջացել հայերի արմեն անվանումը։ Դրանք երկարատև ու համառ պայքար են մղել Հայկական լեռնաշխարհում հաստատված Վանի թագավորության դեմ, և մեծ ավանդ ներդրել համահայկական առաջին պետության՝ Երվանդունիների թագավորության կայացման գործում։ Այստեղ նույնպես կառուցվել են հեթանոսական տաճարներ, որոնց հաջորդել են եկեղեցական համալիրները։ Նրանց մեջ առանձնապես շքեղ էին Մուշի սուրբ Առաքելոց եկեղեցին, որտեղ կար նաև դպրոց, և սուրբ Կարապետ վանական համալիրը։
Այն եղել է Հայաստանի սրբազան պաշտամունքի գետը։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում նավասարդի տոները։ Մ.թ.ա. 68 թվականին Արածանի ափին տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։ Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Արածանիում մկրտվեցին Հայոց թագավոր Տիգրան Գ-ն, զորքը և ժողովուրդը։ Արածանի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, Արածանու հովտում է եղել դրախտը։
Խարբերդի դաշտում՝ Եփրատ գետի արևմտյան ու արևելյան ճյուղերի միախառնման տեղում, կառուցվել է Քեբանի ջրամբարը, որի պատճառով խիստ նվազել է Սիրիա և Իրաք հոսող ջրի ծավալը։ Այսպիսով՝ Եփրատ գետը Հայկական լեռնաշխարհից դուրս գալով՝ մտնում է Սիրիայի տարածք (Ասորիք), և Միջագետքի դաշտավայրում միանում է Տիգրիսին։ Իրաքում և Սիրիայում գետը հայտնի է ալ-Ֆուռաթ անունով (արաբ․՝ الفرات)։
Եփրատը խառը սնման գետ է, հորդանում է գարնանը, այս սեզոնում անցում է գետի հոսքի շուրջ 60%-ը։ գետի վերին հոսանքներում՝ Կամախից վեր՝ Բարձր Հայքում, հովտի լանջերի մեծ թեքության պատճառով հոսքի գործակիցը համեմատաբար մեծ է՝ 0.6: Մինչև Քեբանի ջրամբար հասնելը տարեկան միջին ծախսը կազմում է 350-400 խոր. մ/վրկ, տարեկան հոսքը՝ 10-12 միլիարդ խոր.մ, Արածանիի հետ միասին Եփրատի միջին ծախսը կազմում է 750-800 խոր. մ/վրկ։ Գարնան ինտենսիվ ձնհալի ժամանակ ծախսը կարող է հասնել մոտ 7000 խոր. մ/վրկ։ Տարեկան հոսքը 26 խոր. կմ է։
Գետի ջրերը վերին հոսանքներում քաղցրահամ են՝ մինչև 100 մգ/լ աղիությամբ, Արածանիի հետ խառնուրդում՝ 250-300 մգ/լ։ Գետի գումարային կոշտ հոսքը տարեկան կազմում է մոտ 20 միլիոն տ։ Եփրատը Կամախի կիրճում ունի ջրաէներգետիկ պաշարներ և կարող է օգտագործվել էլեկտրակայանների կառուցման համար։ Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և էլեկտրակայանը։
Տիգրիս գետը մարդկության պատմության հնագույն քաղաքակրթությունների օջախներից է. նրա հատվածներում պատմության տարբեր փուլերում ձևավորվել են Շումերը, Աքքադը, Բաբելոնիան, Ասորեստանը։ Նրա հյուսիսային հատվածը երկար դարեր եղել է Մեծ Հայքի սահմանը։ Տիգրիսի միջին հոսանքում է կառուցվել Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադը (այժմ՝ Իրաքի մայրաքաղաք)։
Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Այն նույնպես, ինչպես Եփրատը, կազմավորվում է երկու ճյուղերից՝ Արևմտյան Տիգրիս (Տիգրիս, Տգլաթ) և Արևելյան Տիգրիս (նաև՝ Ջերմ, այժմ՝ Բոհտանսու)։ Երկու բազուկներն էլ սկիզբ են առնում Հայկական Տավրոսի բարձունքներից։ Նրա վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են անտեցեդենտ հովիտներ և դուրս գալիս դաշտավայր՝ ստեղծելով արտաբերման կոներ, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային նստվածքներ։ Տիգրիսը հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։ Դա հիմնականում Իրաքի ավազանն է, իսկ Հայկական բարձրավանդակում այն ոչ ավելի է, քան 40 000 քառ. կմ։
Արևմտյան Տիգրիսը Արղանա անվամբ սկիզբ է առնում Ծովք լճից, ապա միանալով Զիբենեին՝ մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) Միջագետք։ Նրա մեջ թափվող վտակներից ամենահայտնին Քաղրիգն է (կամ Նիմֆիոս, այժմ՝ Բաթմանսու), որի աջակողմյան փոքրիկ օժանդակներից՛ մեկի՝ Ֆարկինի (կամ Ֆարկինսու) ափին գտնվում են Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները։ Արևելյան Տիգրիսի ակունքը գտնվում է Կորդվաց լեռների և Հայկական Տավրոսի կազմած անկյունում։ Նրա աջակողմյան վտակներից հայտնի են Մոկս և Բաղեշ (Բիթլիս) գետերը։ Երկու Տիգրիսները Սղերդ քաղաքի մոտ իրար միանալով կազմում են Տիգրիսը։
Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք՝ մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմտյան Տիգրիսին։ Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) Քսենոֆոնն անվանում է Կենտրիտես։ Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը։ Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են Խաբուր, Մեծ Զավ, Բարազգիր և այլն։
Բաղդադի մոտ Տիգրիսի տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 000 խոր. մ/վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել։ Այժմ կառուցված է հատուկ ջրանցք, որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից։ Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար քառ. կմ սահմաններից կազմում է 15-16 խոր.կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը՝ 69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է։ Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ աղբյուրներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից։ Իրաքում Տիգրիսը հայտնի է որպես Դիջլա (արաբ․՝ دجلة)։
Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում Շատ ալ-Արաբ գետը (արաբ․՝ شط العرب), թափվում է Պարսից ծոց՝ առաջացնելով արագ աճող դելտա։ Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից։ Ստորին հոսանքներում նավարկելի է։ Հորդացման ժամանակ ոչ խորանիստ նավերը կարող են հասնել մինչև Մոսուլ։
Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Այն սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով՝ թափվում է Կասպից ծովը։ Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում է Հայաստանի գլխավոր՝ Արարատյան դաշտը, որտեղ գտնվում է մայրաքաղաք Երևանը։ Հայ ժողովուրդն Արաքսն անվանել է «Մայր գետ»։
Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։ Գետը վաղնջական ժամանակներից հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկն էր, հոսում էր Մեծ Հայքի թագավորության ուղիղ կենտրոնով։ Այն ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին։ Միանալով Կուր գետին՝ Արաքսը թափվում է Կասպից ծով։ Ստրաբոնի վկայությամբ, հնում Արաքսը, հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծով՝ առանց Կուրին միանալու։
Բյուրակն լեռներում Արաքսի ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5° ջերմություն։ Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրիի մերձ կիրճերում՝ 6-7 մետրի)։ Խորությունը 3-4,5 մետր է։ Արաքսը տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում։ Արագահոս գետ է (1,5 մ/վ), իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը։ Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Կարմիր և Դեղին գետերը, ձախից Ախուրյանը, Սև ջուրը, Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը[21]։
Հայկական Պար լեռնաշղթան անցնելիս՝ Բասենի դաշտից սկսած, Արաքսը դառնում է արագահոս։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուղայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Ղարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 միլիարդ խոր. մետր ջուր։
Ռուս-պարսկական պատերազմից հետո Արաքսը դարձել է Իրանի հյուսիսային սահմանը։ Արաքսի ձախ ափին գտնվող հայկական հողերը մտել են Ռուսական կայսրության մեջ՝ որպես Երևանի և Ելիզավետպոլի նահանգներ։ Այժմ այդ տարածքների մեծ մասում ձևավորվել են հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները։
Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է։ Այն ունի խոշոր լճեր և բազմաթիվ լճակներ։ Կա բավական զարգացած գետային ցանց և սառնորակ, հորդաբուխ աղբյուրներ, հանքային ջրեր։ Հայկական լեռնաշխարհի լճերն են՝
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։
Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Աշխարհի բարձրադիր լճերի շարքում երկրորդն է ծավալի մեծությամբ՝ Տիտիկակա լճից հետո (Անդեր)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 խոր. կմ։
Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում։ 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը։ Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը։
Ջրի մակարդակի իջնելը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր։ Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման։ 1980-ական թվականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը՝ Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար։ Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից։ Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին։
Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը՝ պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադաձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։
Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ)։ Այժմ Կապուտանի ջրերը զգալիորեն քչացել են, փոքրացել է հայելին։ Վանա լիճը Մերձավոր Արևելքի՝ տարածքով ամենախոշոր լիճն է։
Վանա լճի ափին է կառուցվել Տուշպա ամրոցը (Վան)՝ Հայկական լեռնաշխարհի առաջին պետության՝ Վանի թագավորության մայրաքաղաքը։ Ապա այն դարձել է համահայկական առաջին պետության՝ Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ վերածվելով առաջավորասիական քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային կենտրոնի։ Նախքան այդ, Վանա լճի արևմտյան ափին՝ Արածանիի հովտում, ձևավորվել էր լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումներից բրոնզեդարյան Նաիրի ցեղային միությունը։
Լճի բարձրությունը ծովի մակերևույթից 1720 մետր է։ Լիճը փակ է, ջրերը՝ աղի ու բորակով հարուստ։ Հայտնի է իր տառեխ ձկնատեսակով։ Լճի մեջ թափվող գետերից են Խոշաբը, Սևջուրը և Բերկրին։ Վերջինիս վրա է գտնվում Բերկրիի ջրվեժը։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վաղ շրջանում լիճն ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար։
Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Հայտնի է նաև Ուրմիո լիճ անունով։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Կապուտանի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ[22]։
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։
Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 պրոմիլ է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։
Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով։ Դա պայմանավորված է հրաբխային բարձրավանդակի առկայությամբ։ Լայն տարածում ունեն ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային օգտակար հանածոները՝ բարձրավանդակի տարբեր հատվածներում։ Դեռ քարեդարյան շրջանում նախամարդուն հայտնի էր կերակրի աղը։ Միջնադարում շահագործվում էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը։
Լեռնաշխարհի տարածքում առկա են նաև պղնձի, կապարի ու ցինկի հսկայական պաշարներ։ Պղնձի հանքավայրերից հայտնի են եղել Գուգարքի Տաշիրք գավառը, Սյունիքի Վայոց ձոր, Բաղք և Սոթք գավառները, Այրարատի Վարաժնունիք գավառը և Չորրորդ Հայքի Արևմտյան Տիգրիսի ակունքների վրա ընկած շրջանը՝ Արղնին(Արղանա-մադեն)։
Պղնձի և դրան ուղեկցող մետաղների համեմատությամբ երկաթն ավելի լայնտարածում ունի։ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի (7-րդ դար) մեջ հիշատակվում է, որ երկաթով հարուստ են Աղձնիք (Արևմտյան Տիգրիսի հովտում), Տուրուբերան (միջին Արածանիի ավազան և Արաքսի վերնագավառ) և Ուտիք (Կուրի միջին հոսանքի և Փոքր Կովկասի միջև) աշխարհները։ Առանձնապես նշանավոր էին Վանա լճի հարավային ափին գտնվող «Երկաթահատ» կամ «Երկաթահանք» կոչված հանքերը՝ Ընձաքիրաս լեռան մոտ։ Այս նույն հանքավայրից արդյունահանվում էր նաև կապար և այդ պատճառով հանքավայրը հաճախ կոչվել է «Կապարահատ»։
Ազնիվ մետաղներից հիշատակվում են ոսկին և արծաթը։ Արծաթի հանքավայրը գտնվում էր Հին Հայաստանի հյուսիսարևմտյան մասում, իսկ ոսկու հանքեր ու ոսկեբերավազներ գտնվում են Սպեր գավառում, Արարատյան դաշտում, Չորրորդ Հայքի Պաղնատուն գավառում, Հայկական Տավրոսի՝ Վանա լճին հարող հատված ու Սյունիքում (Սոտք գավառում)։ Ոսկին և արծաթն իբրև ուղեկցող մետաղներ հանդես են գալիս նաև պղնձի ու գունավոր այլ մետաղների գրեթե բոլոր հանքերում։ Երկրի հրաբիյային շրջաններում և գունավոր մետաղների հանքավայրերում մեծ տարածում ունի ծծումբը։
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են մի շարք նոր հանքեր՝ մոլիբդեն, սիենիտներ, երկաթ և այլն։ Ռուսական կայսրության ժամանակ հիմնադրվել, իսկ ԽՍՀՄ իշխանության տարիներին զարգացել են գունավոր մետաղների մշակման Ալավերդու և Կապանի քիմիական գործարանները, որոնք նախքան Ղարաբաղյան պատերազմը միացված էին երկաթուղով։ ՀՀ–ն մոլիբդենի իր պաշարների քանակով ոլորտում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Չինաստանից հետո։
Անանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում» գրված է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստություններն էին երկաթը, ածուխը, նավթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բյուրեղը», աղերը, «ջերմուկքը» և այլն[23]։ Բացի այն, որ այս հիշատակումը համարվում է նավթի մասին առաջին գրավոր աղբյուր, այն նաև փաստում է, որ Հայկական լեռնաշխարհում կան նավթային պաշարներ։ Նավթային ավազաններ կան Վանից հարավ, Բերկրի քաղաքի շրջանում և Կարինում (Էրզրում), ինչպես նաև Շիրակի դաշտավայրում և այլուր։ Քարածխով աչքի են ընկնում Արևմտյան Տիգրիսի և Արևմտյան Եփրատի ավազանները։
Հայկական լեռնաշխարհը հարուստ է շինանյութերով։ Երկրում ավազը, կավը և կրաքարերը տարածված են գրեթե ամենուրեք։ Կան տարբեր տեսակի ու գույնի մարմարներ (Երևանի մոտ, Արզականում, Խոր Վիրապում)։ Հրաբխային շատ շրջաններում հզոր շերտերով տարածված են բազմագույն (սև, գորշ, վարգաւդույն) տուֆերը, որոնցից հայտնի է հատկապես Արթիկի վարդագույն տուֆը։ Տուֆերով (Երևանում, Շիրակում և այլուր) մարմարներով, ինչպես և պեմզայով (Շիրակ) ու գիպսով (Արարատյան դաշտում) հայտնի է եղել մանավանդ Այրարատյան աշխարհը։ Պակաս տարածում չունեն նաև գրանիտը, բազալտը, ֆիլզիտներր։ Շինանյութերի բարձր որակն ու առատությունը բնականաբար նպաստել են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական արվեստի զարգացմանը։
Հրաբուխների տարածվածության շնորհիվ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխում են բազմատեսակ ու բազմաթիվ հանքային տաք ու սառն աղբյուրներ։ Դրանք հիմնականում ունեն ածխաթթվային, երկաթային, ծծմբային և ածխաթթվա-ալկալիական բաղադրություն։ Հրազգան գետի ավազանում բխում են հանքային մի շարք սառն աղբյուրներ, որոնց մեջ պատմական շատ հին ժամանակներից ի վեր բուժիչ հատկություններով հայտնի է Արզնիի ջուրը։ Այժմ այդտեղ գործում է առողջարան։ Տաք աղբյուրներից հայտնի են Վարշակի ջերմուկը (Բայազետ քաղաքից ոչ հեռու՝ Դիադինի շրջանում), Ջերմուկը (Վայոց ձորում), Կարինի (Էրզրում) և Երզնկայի ջերմուկները։ Ջերմուկ քաղաքում կառուցվել են առողջարաններ, հյուրանոցներ, ճոպանուղի։ Հանքային բազմաթիվ աղբյուրներ կան Փամբակ ու Աղստև գետերի ձորերում, Որոտան ու Ողջի գետերի ավազաններում և այլուր։
Հին ու միջին դարերում շահագործման է ենթարկվել նշված հանքերի միայն մի մասը։ Երկրի համեմատաբար խոր շերտերում գտնվող մետաղները անմատչելի են եղել մարդու համար, իսկ մի քանի հանքատեսակներ (օրինակ՝ քարածուխը) կարևոր նշանակություն չեն ունեցել։ Անկախ այդ բոլորից բնական պայմանների համառոտ նկարագրությունից երևում է, որ Հայկական լեռնաշխարհն իր կլիմայական ու հողային բարենպաստ պայմաններով, ձկնառատ լճերով ու արագահոս գետերով, հարուստ բուսական ու կենդանական աշխարհով, հանքային բազմատեսակ հարստություններով մեծ հնարավորություններ է տվել տնտեսության զարգացմանը։
Հայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար։ Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց։ Ալպյան լեռնակազմական պրոցեսներ Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի։ Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով։ Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են։ Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները։ Գործող հրաբուխներ են համարվում այն հրաբուխները, որոնք ցուցաբերում են ակտիվություն (պարբերաբար ժայթքում են, դուրս են տալիս գոլորշիներ, գազեր) կամ նրանք, որոնց ժայթքումն ու ակտիվությունը հիշատակվում է պատմության մեջ։
Վայոց սարի մոլորությունը
Պատմության մեջ հանդիպում է մի դրվագ, որը չի կարող համապատասխանել իրականությանը, այդ իսկ պատճառով Վայոցսարը չի դասվում գործող հրաբուխների շարքին։ Երկրաբանները փաստում են, որ Վայոցսարը ժայթքել է շատ ավելի վաղ, քան 8-րդ դարում։
Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք։ Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև։ Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան։
Ըստ պատմական տվյալների, Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին։ Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել։
Թանձր խավարը քառասուն օր պատել է ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն է եղել։ Ահեղ տատանումներով ցնցվել է գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այնտեղ ծովի ալիքների նման փլչում էր։ Լեռները տապալվել են, քարաժայռերը՝ հիմքից խախտվել, տներն ու ապարանքները դարձել են բնակիչների գերեզմանները։ Աղբյուրները խափանվում են, գետերը՝ կորել։ Բոլոր տեղերը անընդմեջ ցնցվել են։ Անդունդներից և խորքերից լսվում էին մարդկային աղաղակող ձայներ՝ «Վայ ձոր, վայ ձոր»։
Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը։
Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը։ Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը։ Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինչ-որ մեկի ուղեղի արգասիք։ Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ։ Օրինակ Մովսես Խորենացին, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, ևս հիշատակումում է Վայոց ձորի անունը։ Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակել է Վայոց ձոր անունը։
Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ)։ Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ։ Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա։ Կալդերան (պորտուգ.՝ caldera — կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաներն առաջանում են երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։ Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը` 9 կմ² մակերեսով,
գտնվում է 2500 մ բարձրության վրա։ Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան Ֆ. Օսվալդիի։ Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ)։
Թոնդրակ
Թոնդրակի բարձրությունը 3533 մ է։ Այն բազմածին հրաբուխ է։ Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ տաք աղբյուրներ։ Էլզե Ռեկյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի։ Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր։ Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ։ Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը։ Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր։
Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին։
Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով։ Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր։ Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է շուրջ տարի։ Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով[24]։
Հայաստանն ամբողջապես գտնվում է տաք բարեխառն գոտում։ Կլիման ցամաքային է, տեղումներով սակավ, ունի ջերմաստիճանների մեծ տատանումներ։ Համեմատաբար բավարար տեղումներ են ստանում երկրի միայն հյուսիսարևելյան, հյուսիսային, հյուսիսարևմտյան և մասամբ հարավային լեռնային ծայրաշրջանները։ Երկրի կենտրոնական մասում համեմատաբար բավարար տեղումներ են ստանում միայն Հայկական Պարի, Ծաղկանց լեռների, Սիփանի և այլ լեռների բարձրադիր լանջերը։
Երկրում անհամաչափ է տեղաբաշխված նաև ջերմությունը։ Ամռանը լինում են խիստ շոգ օրեր, իսկ ձմռանը՝ ցրտեր։ Երկրի ամենաշոգ շրջանները Արարատյան դաշտն ու Արևմտյան Տիգրիսի հովիտն են, որտեղ ամռանը ստվերում ջերմաստիճանը երբեմն անցնում է 41 աստիճանից։ Ցրտության կենտրոնը Կարսի շրջանն է։ Այստեղ արձանագրվել է մինչև -42 աստիճան սառնամանիք։ Հայաստանի ցրտության այդ բևեռը իր հերթին սառեցնում է և հարևան շրջանների օդը։
Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ և բազմազան բուսականություն։ Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները։ Ծառատեսակներն են՝ կաղնի, հաճարենի, բոխի, թխկի, հացենի, կեչի։ Հին Հայաստանում տնկվել են նաև արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի)։
Երկիրը հավասարապես նպաստավոր է գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերի՝ երկրագործության և անասնապահության զարգացման համար։ Հողն ու բուսականությունը այստեղ, կլիմայական պայմաններին համապատասխան, բազմազան են. դրանք ուղղաձիգ ուղղությամբ կազմում են մի քանի գոտիներ։
Անտառները Հայկական լեռնաշխարհում համեմատաբար քիչ տարածություն են գրավում։ Նրա կենտրոնական շրջանները, եթե չհաշվենք տեղ-տեղ երևացող առանձին պուրակները, գրեթե անտառազուրկ են։ Մեծ զանգվածներով անտառներ գտնվում են Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տայքում, Չորրորդ Հայքում, Արևելյան Տիգրիսի ավազանում։ Հնում անտառներն ավելի ընդարձակ տարածություններ են գրավել, քան այժմ։ Հայկական լեռնաշխարհի անտառներում առանձնապես տարածված են կաղնին, հաճարին, բոխին, թխկին, հացենին և կեչին։
Սյունիքի, Արցախի և Գուգարքի անտառներում կան մեծ քանակությամբ վայրի պղտատու ծառեր ու թփեր՝ տանձենիներ, խնձորենիներ, սալորենիներ և այլ ծառատեսակներ։ Սյունիքի հարավային մասում, Վանա լճի ավազանում և մի քանի տեղերում անտառային պուրակներ են կազմում ընկուզենիները։ Հին Հայաստանում տնկվել են մի քանի անտառապուրակներ։ Դրանցից առանձնապես նշանավոր են եղել Սոսյաց անտառը՝ Արմավիր մայրաքաղաքի մոտ, «Ծննդոց անտառը»՝ Ախուրյան գետի աջ ափին՝ Բագարան քաղաքի շրջակայքում, և Խոսրովակերտ անտառը, որը տարածվում էր Ազատ և Վեդի գետերի ջրբաժան շրջանում՝ Գառնիի բերդի մոտից մինչև Դվին, ապա՝ Արտաշատ։ Վերջինիս մնացորդները հայտնի են մինչև օրս՝ Հայաստանի Խոսրովի անտառ անունով։ Պահպանվում է որպես պետական արգելանոց։
Երկրի ցածրադիր վայրերում աճում են բամբակ, նուռ, արքայախնձոր, խաղող, թուզ, բրինձ և այլն։ Մրգատու ծառատեսակներն են՝ ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս և այլն։ Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը։ Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար։
Ցածրադիր մասերում՝ ծովի մակերևույթից 500-1000 մետր բարձրության վրա գտնվող հարթավայրերում (Արարատյան դաշտ, Մեղրու հովիտ, Արևմտյան Տիդրիսի գոգավորություն) արհեստական ոռոգման դեպքում հաջողությամբ աճում են չոր մերձարևադարձային մշակույթներ՝ բամբակ, նուռ, թուզ և այլն։ Այս գոտում հացահատիկային մշակաբույսերի հետ միասին մշակում են բրինձ։ Հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանը մեծ համբավ ունի իր խաղողով, դեղձով, ծիրանով և պտուղների այլ տեսակներով։
Ցածրադիր գոտուց վեր՝ ծովի մակերևույթից 1100-1500 մետր բարձրության վրա, ընկած է նախալեռնային գոտին, որի համար բնորոշ մշակույթները հացահատիկներն են՝ ցորենը, գարին, տարեկանը, հաճարը, կորեկը, իսկ մինչև 1300 մետր բարձրության վրա խաղողի ու կորիզավոր պտուղների մշակույթներ են։ Հացահատիկներով առանձնապես աչքի են ընկել Շիրակը, Ալաշկերտը և Մուշը։ Հայկական լեռնաշխարհի նախալեռնային գոտում տարածված են վայրի հացաբույսերի մի քանի տեսակներ։ Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է։
Երկրում՝ լայն տարածում ունեցող նախալեռնային գոտուց վերև, տարածվում է լեռնային գոտին, որը ծովի մակերևույթից ունի 1500-2000 մետր բարձրություն։ Այստեղ նույնպես տարածված են հացահատիկները, միայն այն տարբերությամբ, որ ցորենի փոխարեն գերիշխում են գարին և տարեկանը։ Հացահատիկների ցանքերը այս գոտում երբեմն վնասվում են կարկուտից և ցրտերից։ Լեռնային գոտու բարձր շերտերում՝ 1900-2000 մետրից վեր, տարածվում են ալպյան փարթամ ու հյութեղ մարգագետինները, որոնք գրավումեն ընդարձակ տարածություններ։ Ալպյան մարգագետիններով առանձնապես հարուստ են Բյուրակն, Խոնավ, Սևանի (Սևանա լճից արևելք), Գեղամա և Սյունաց լեռների բարձրադիր լանջերը։
Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը։ Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից՝ աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը։ Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ։ Տարածված է մեղվապահությունը։
Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն։ Կարմիր գրքում գրանցված են մուֆլոնը և բեզոարյան այծը։
Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել կենդանական աշխարհի մի փոքր ներկայացուցիչ՝ միջատի մի տեսակ, որն աճում էր Արարատյան դաշտի՝ Արաքսին հարող ճահճուտներում։ Այդ միջատից պատրաստում էին ներքին և արտաքին շուկայում մեծ համբավ ձեռք բերած հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ՝ «որդան կարմիր»-ը։ ՀՀ տարածքում արգելոցի կարգավիճակով պահպանվել է այդ միջատի տարածման արեալ, որը միակն է աշխարհում։
Հայաստանի տարբեր մասերում ևս հայտնաբերվել են քարեդարյան մշակույթի զանազան փուլերին վերաբերող հնագիտական հարուստ նյութեր, որոնք վկայում են Հայկական բարձրավանդակում մարդու վաղ բնակության և նախամարդու տարաբնակեցման մասին։
Ներկայումս քարի դարի հետաքրքրական բնակավայրեր են հայտնաբերված Կարսից հյուսիս, Սասունի լեռների ստորոտում, Արածանիի ավազանում, Խարբերդի դաշտում, Հարքի (Բուլանըխի) հովտում և այլուր։ Հարթավայրերի այս շղթան հաղորդակցության մեջ է եղել հյուսիսում՝ Արաքսի հովտի ու Արարատյան դաշտի, հարավում՝ Տարոնի հովտի ու Խարբերդի դաշտի միջոցով Հայկական Տավրոսի լեռնանցքների հետ։ Արածանիի վերին հովտից՝ Բագրևանդից (Ալաշկերտ) մի շարք հարմար ճանապարհներ են անցնում դեպի Արաքսի հովիտը և Արարատյան դաշտը, դեպի Արարատ և Արագած լեռները։ Բնական այս միջանցքի նշանակությունը կարևոր է այն իմաստով, որ վաղ չորրորդական նախնադարյան մարդը բնակվել է այս վայրերում, գուցե նաև Արածանիի հովտում, որը միանգամայն նպաստավոր պայմաններ ուներ մարդկային կյանքի առաջադիմության համար՝ պլեյստոցենի սկզբում։
Նախնադարին վերաբերող հուշարձան է Ազոխի քարանձավը Արցախում։
Բրոնզի և երկաթի դարում Հայկական լեռնաշխարհում ստեղծված մանր ու միջին ցեղապետությունները ու պետական կազմավորումների մեծ մասը մ.թ.ա. 9-րդ դարում միավորվել են Վանի թագավորության մեջ։ Վերջինիս հայկական լինելու հանգամանքը դեռ ուսումնասիրված չէ գիտնականների կողմից, կան իրարամերժ տեսակետներ։ Այդուհանդերձ, հաստատված փաստ է, որ Հայկական լեռնաշխարհի առաջին պետության բնակիչների մեծ մասը եղել են հայեր, և դրան հաջորդել է զուտ հայկական պետություն՝ Երվանդունիների թագավորությունը (մ.թ.ա. 6 - մ.թ.ա. 3-րդ դարեր)։ Այդ ընթացքում Հայաստանը նվաճվել է Աքեմենյան Պարսկաստանի կողմից։
Մ.թ.ա. 331 թվականին Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծը վերջնականապես հաղթում է Աքեմենյան վերջին արքա Դարեհ III-ի զորքերին և նվաճում Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներ։ Հայաստանը բաժանվում է երկու մասի՝ Մեծ Հայք՝ Երվանդունիների ներկայացուցիչ սատրապ Երվանդի, և Փոքր Հայք՝ տեղի կառավարիչ Միթրաուստեսի գլխավորությամբ։ Այնուհետև առաջանում են ևս երկու թագավորություններ՝ Ծոփք և Կոմմագենե։ Այս 4 պետություններից ամենամարտունակն ու զորեղը Մեծ Հայքի թագավորությունն էր, որն իր հզորության գագաթնակետին է հասել Արտաշեսյան հարստության օրոք (մ.թ.ա. 189 - 1)։ Արշակունի թագավորների ավելի քան երեքդարյա տիրապետության շրջանում (52/66 - 428) Հայաստանը մշակութային ու տնտեսական նոր վերելք է ապրում։ Դրան մեծապես նպաստում է Քրիստոնեության ընդունումը որպես պետական պաշտոնական կրոն(301), և Հայոց գրերի գյուտը (405)։
387 թվականին Հայաստանի առաջին անգամ բաժանվել է երկու հատվածի. Մեծ Հայքի արևմտյան նահանգները անցել են Հռոմեական (Բյուզանդական կայսրությանը), իսկ արևելյան հատվածը՝ Սասանյան Պարսկաստանին։ 7-րդ դարում Հայաստանում հաստատվել է արաբական տիրապետություն։ Այդ ողջ ընթացքում չի եղել կետնրոնաձիգ թագավորական իշխանություն, սակայն Մարզպանական Հայաստանի, Բյուզանդական տիրապետության և Արմինիա կուսակալության շրջանում հայ նախարարները ունեցել են քաղաքական ու տնտեսական ինքնուրույնություն, եղել են համախմբված՝ հայոց կաթողիկոսի, Հայոց իշխանի, Սպարապետի գլխավորությամբ։ Այդ իսկ պատճառով, թեկուզ երկար դարեր անց՝ 885 թվականին, վերականգնվում է հայկական թագավորությունը՝ ազդեցիկ Բագրատունիների գլխավորությամբ (885 - 1045)։
Մեծ Հայքը, ըստ Անանիա Շիրակացու Աշխարհացույցի, բաժանված էր 15 աշխարհների։
387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո էական փոփոխություններ են տեղի ունենում էթնիկական ու քաղաքական լուրջ փոփոխություններ։ Մեծ Հայքի թագավորությունից անջատվում ու հարևան պետություններին են անցնում մի շարք ծայրագավառներ ու ամբողջական նահանգներ. Փայտակարանը և Պարսկահայքը անցնում են Ատրպատականին, Կորճայքը՝ Միջագետքին, Փոքր Հայքը և Մեծ Հայքի որոշ գավառներ՝ Բյուզանդական կայսրությանը։ Վերոնշյալ տարածքները ժամանակի ընթացքում զրկվում են հայկական բնակչությունից, կորցնում հայկական ինքնությունը և այլևս որևէ հայկական պետության մեջ չեն ընդգրկվում։
Տարածքների մեկ այլ հատված անցնում է հարևան երկրներին, սակայն նրանք շարունակում են մնալ հայկանբակ, ընդհուպ մինչև մեր օրերը։ Աղվանքին են անցնում Ուտիքը (Տավուշը այժմ մտնում է ՀՀ սահմանների մեջ, իսկ Գարդմանը հայաբնակ էր մինչև Արցախյան շարժումը) և Արցախը (այժմ՝ անկախ հանրապետություն)։ Վրաստանն իր տիրապետությունն է հաստատում Գուգարքում (Լոռին այժմ ՀՀ սահմաններում է, իսկ Ջավախքը շարունակում է մինչ օրս մնալ հայաբնակ)։
Հայկական պետականության կորիզը մնում է նախարարական 4 տների ձեռքում՝ Արծրունիներ (Վասպուրական), Սյունիներ (Սյունիք), Մամիկոնյաններ (Տուրուբերան) և Բագրատունիներ (Տայք)։ Պարսկական և բյուզանդական տիրապետությունը 7-րդ դարում փոխանցվում է արաբներին. միացյալ Հայաստանը, որ այդ տերությունների միջև բաժանվել էր երկու անգամ (387 և 591 թվականներ), դառնում է Արաբական խալիֆայության վարչատարածքային միավոր՝ Արմինիա կուսակալություն, որի գերիշխանությունը հաստատվում է հարևան Վրաստանի ու Աղվանքի վրա։ Արաբ ոստիկանին զուգահեռ ազդեցիկ էր Հայոց իշխանը, արաբ հարկահավաք զորավարներին զուգահեռ՝ Իշխանաց իշխանը։ Երկրում հաստատված մանր ու միջին արաբական ամիրայություններին հակադրում էին Գահերեց իշխանները ու հայոց կաթողիկոսը։ Նրանց գլխավորությամբ վերականգնվում է հայոց պետականությունը (885-1045)։
Բագրատունիների կենտրոնական թագավորությանը զուգահեռ 10-12-րդ դարերում ստեղծվել են մի շարք իշխանություններ ու թագավորություններ, որոնք 13-րդ դարում միավորվել են Զաքարյան իշխանապետության մեջ։ Վերջինիս անկումից հետո մնում են հայկական հատուկենտ իշխանություններ, որոնք ցրված էին ամբողջ լեռնաշխարհով մեկ և միասնական ուժ չէին կարող ներկայացնել թշնամու դեմ։ Հայաստանում մեկը մյուսին հաջորդում են մոնղոլական ու թուրքմենական տիրապետությունները, ապա Հայաստանը 2 անգամ բաժանվում է նորաստեղծ 2 գերտերությունների՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի միջև (1555 և 1639 թվականներ)։
Օսմանյան կայսրությունը Արևմտյան Հայաստանը բաժանում է մի քանի խոշոր փաշայությունների, որոնք հետագայում բաժանվում են 6 վիլայեթների միջև՝ Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի և Սեբաստիայի։ Լեռնաշխարհի հյուսիսը՝ Սև ծովի ափերը, ամփոփված էին Տրապիզոնի վիլայեթի մեջ, իսկ Կիլիկիայից կազմվել էր Ադանայի վիլայեթը։ Պարսկաստանը Արևելյան Հայաստանը բաժանում է 2՝ Երևանի և Ղարաբաղի կուսակալությունների միջև, որոշ հարավային գավառներ, օրինակ՝ Պարսկահայքը, մտնում են Ատրպատականի կամ Թավրիզի կուսակալության մեջ։ Հետագայում Արևելյան Հայաստանում ստեղծվում են խանություններ (Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի), որոնք 19-րդ դարում միացվում են Ռուսական կայսրությանը։ Այդ տարածքներում էլ վերականգնվում է հայոց պետականությունը։ Արևմտյան Հայաստանը, Մեծ եղեռնից հետո զրկվելով բնիկ հայկական բնակչությունից, դառնում է Թուրքիայի սովորական տարածք։
1918 թվականին, երբ կործանվել էր Ռուսական կայսրությունը, Թուրքիան հերթական անգամ հարձակվում է Հարավային Կովկասի վրա։ Սկզբում հայերը կորցնում են ոչ միայն ռուսների կողմից ազատագրված Արևմտյան Հայաստանի վիլայեթները, այլև՝ նախկին կայսրությանը պատկանող Կարսի մարզը, Երևանի նահանգի մեծ մասը։ Սակայն Մայիսյան հերոսամարտերում հաղթելով թուրքական զորքերին՝ հայերը վերականգնում են պետականությունը։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375) Հայաստանի առաջին Հանրապետությունը միակ հայկական պետությունն էր, և ընդմիջումը տևել էր ավելի քան կես հազարամյակ։
Սկզբում հանրապետության տարածքը սահմանափակվում էր 11 400 քառ. կմ-ով՝ տարածվելով մայրաքաղաք Երևանի ու Սևանի ավազանի շուրջ։ Այս սահմանները հաստատվել էին 1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Անգլիան կնքում է Մուդրոսի զինադադարը (հոկտեմբերի 30, 1918), որով վերականգնվում է 1914 թվականի նախապատերազմյան սահմանը։ ՀՀ իշխանությունը հաստատվում է նաև հարավային գավառների՝ Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի նկատմամբ, որոնց բնակչությունը մեծ մասամբ հայկական էր։ Հաղթանակ տանելով հայ-վրացական պատերազմում՝ որոշ ժամանակ անց Հայաստանին է միանում նաև Լոռին, իսկ Ջավախքը մնում է Վրաստանի կազմում։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 70 000 քառ. կմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվում է Սևրի պայմանագիրը, որով սուլթանական Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազատ և անկախ պետություն, և հօգուտ նրա հրաժարվում ռուսական զորքերի կողմից ժամանակին ազատագրված տարածքներից՝ Էրզրումի վիլայեթը գրեթե ամբողջությամբ, Վանի և Բիթլիսի վիլայեթների 2/3-ը, Տրապիզոնի վիլայեթի մոտ կեսը՝ ընդամենը՝ 90 000 քառ. կմ։ Այսպիսով՝ նորաստեղծ հայկական պետությունն ունենալու էր 160 000 քառ. կմ տարածք կամ զբաղեցնելու էր լեռնաշխարհի մոտ 40 տոկոսը։
Անկարայում հիմնված Քեմալ Աթաթուրքի կառավարությունը չճանաչեց սուլթանական Թուրքիայի կնքած պայմանագիրը։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը առանց նախազգուշացման զորքեր տեղակայեց Արաքսի աջ ափին՝ Կաղզվանի մոտ, թուրքերը 2-րդ անգամ հարձակվեցին։ Սեպտեմբերի 27 լույս 28-ի գիշերը սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց 2 ամիս և ավարտվեց հայերի պարտությամբ։ Առանց դիմադրության թուրքերը գրավեցին Կարսը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը։ Դաշնակցական Հայաստանի կառավարությունը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հրաժարվեց ոչ միայն Կարսի մարզից ու Սուրմալուի գավառից, այլև Շիրակից ու Նախիջևանից, ընդ որում՝ վերջինս հայտարարելով երրորդ պետության տարածք։ Հայաստանի խորհրդայնացումից հետո կնքվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որով Խորհրդային Ռուսաստանը Հայաստանին կարողացավ վերադարձնել միայն Շիրակը. նրա կենտրոն քաղաքը կոչվեց Լենինական: Սերգեյ Կիրովի միջամտությամբ Վրաստանից խլվեց և Հայաստանին միացվեց Լոռին, ուստի նրա մարզկենտրոնը կոչվեց Կիրովական: Զանգեզուրը Հայաստանին մնաց Գարեգին Նժդեհի մղած երկարատև պայքարի սկզբունքով։ Առաջինը խորհրդային դառնալու պատճառով[25] ոչ միայն Արցախը, այլև նաև հարակից շրջանները՝ Ստալինի միջնորդությամբ բռնակցվեցին Խորհրդային Ադրբեջանին։ Հայաստանի ԽՍՀ-ն, այսպիսով, կազմեց 29 740 քառ. կմ կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի 7 տոկոսը։
Արցախյան ազատամարտից հետո ազատագրվեց և որպես անկախ քաղաքական միավոր հանդես եկավ հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ)։
20-րդ դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքը անհավասարաչափ բաժանված էր 6 պետությունների միջև։ Դրանցից 2 հայկական պետությունները միասին զբաղեցնում էին ավելի քան 42 000 քառ. կմ կամ լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Նախկին խորհրդային հանրապետություններ Վրաստանին և Ադրբեջանին բաժին էր ընկնում 10 000-ական քառ. կմ տարածք (Վրաստան՝ Ջավախք և Կղարջք, Ադրբեջան՝ Գարդման և Նախիջևան), կամ միասին՝ շուրջ 5 տոկոսը։ Գրեթե 10 տոկոսը բաժին էր ընկել Իրանի Իսլամական Հանրապետությանը (Պարսկահայք, Պարսպատունիք, Ուրմիո լճի շրջակայք)։ Հայկական լեռնաշխարհի հողերի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 75 տոկոս կամ ավելի քան 300 000 քառ. կմ, այսօր կազմում է Թուրքիայի մաս։ Վերջինիս են պատկանում նաև լեռնաշխարհից դուրս գտնվող Հայկական Միջագետքը և Կիլիկիան։ Այս սահմանները ձևավորվել էին հիմնականում Առաջին աշխարհամարտից ու Հայոց մեծ եղեռնից հետո, բացառությամբ հայկական երկրորդ հանրապետության, որը ստեղծվել էր 20-րդ դարի վերջին տասնամյակում։
Հայկական լեռնաշխարհի ամենախիտ բնակեցված հատվածը Հայաստանն է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ավելի քան 100 մարդ։ Սակայն Հայաստանի Հանրապետության Արցախ մարզում բնակչության խտությունը մոտ 10 անգամ պակաս է։ Հայաստանի Հանրապետության և նրա Արցախ մարզի տարածքը գերազանցապես հայաբնակ է, այստեղ են գտնվում 50 000 և ավելի բնակչություն ունեցող 9 քաղաք (Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Ստեփանակերտ, Վաղարշապատ, Աբովյան, Կապան, Արմավիր)։ Երևանը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն քաղաքն է, որի միլիոներորդ բնակիչը ծնվել էր 1978 թվականին։
Վերոնշյալ քաղաքները գոյություն են ունեցել տասնամյակներ շարունակ, և նրանցից որոշները ունեն դարերի պատմություն։ Այնտեղ պահպանվել են եկեղեցիներ ու բերդեր, որոնց շուրջը ծավալվելով՝ առաջացել են ժամանակակից։ Գոյատևելով երկար դարեր՝ դրանք տարբեր ժամանակահատվածներում փոխել են իրենց անունները։ Այսպես, Երևանը հիմնադրման ժամանակ կոչվում էր ուրարտական ձևով՝ Էրեբունի, միջին դարերում՝ Էրիվան կամ Իրավան, 1918 թվականից՝ Երևան։ Գյումրին դարեր շարունակ կոչվել է Կումայրի, իսկ թուրքերեն հնչել՝ Գյումրի։ Ալեքսանդրապոլ անունը առաջացել է ցարական շրջանում, երբ քաղաքն ու բերդը այդպես են կոչվել ի պատիվ Նիկոլայ I կայսեր կնոջ Ալեքսանդրայի։ Խորհրդային ժամանակ քաղաքը կոչվել է Լենինական, ի պատիվ Վլադիմիր Լենինի, ում միջնորդությամբ կնքված Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրով Շիրակը վերադարձվեց Հայաստանին։ Վանաձորը կոչվել է Ղարաքիլիսա՝ տեղի թուրքալեզու խաշնարած հովիվների կողմից։ Դա նշանակում էր «սև եկեղեցի»։ ԽՍՀՄ ժամանակ կոչվել է Կիրովական, երբ Լոռու մարզը վերադարձվել է Հայաստանին։ Ստեփանակերտը այդպես է կոչվել Ստեփան Շահումյանի անունով, մինչ այդ կոչվում էր Խանքենդ՝ թուրքերեն՝ խաների բնակավայր։ Աբովյանը կոչվել է հայ մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունով, Հրազդանը՝ համանուն գետի։ Նախկինում քաղաքի տեղում Ախտա գյուղն էր։ Արմավիրը ՀԽՍՀ իշխանության տարիներին կոչվել է Հոկտեմբերյան, Վաղարշապատը՝ Էջմիածին, Կապանը՝ Ղափան։
Հինավուրց մարդաշատ քաղաքներից էին Դվինը, Շուշին, Արտաշատը և շատ այլ բնակավայրեր, որոնք այժմ զգալիորեն զիջում են միջնադարյան, Շուշիի դեպքում՝ նոր շրջանի բնակչությանը։
Հայկական լեռնաշխարհի արևելյան և հյուսիս–արևելյան տարածքների մի մասը այժմ գտնվում են Վրաստանի և Ադրբեջանական Հանրապետության վերահսկողության ներքո։
Լեռնաշխարհի տարածքներից Վրաստանի կազմում են գտնվում երկրի հարավային շրջանները՝ ներկայիս Ջավախքը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են[26]՝ բնիկ և Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթած, որոնք բնակվում են ինչպես խոշոր քաղաքներում՝ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, այնպես էլ գյուղերում։ Պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Տնտեսությունը թույլ զարգացած է։ Բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ։ Պայմանավորված բնակչության ազգային կազմով, նկատելի են անջատողականության և ազգային խտրականության դրսևորումներ[27][28][29][30][31][32]։
Իր պատմության ընթացքում Ջավախքը մշտապես գտնվել է Վրաստանի ուշադրության կենտրոնում և հաճախ է նվաճվել նրա կողմից։ Դեռ Երվանդունիների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 3-րդ դարում, վրացիները տիրացել էին երկրին։ Այն հետ է վերադարձվում Արտաշես Բարեպաշտի շնորհիվ։ Արշակունիների թագավորության ու Մարզպանական Հայաստանի շրջանում այն պարբերաբար միացվել է Վրաստանին, իսկ Վրաց Բագրատունիների թագավորության շրջանում (9-19-րդ դարեր), գրեթե մշտապես եղել է վրացական միասնական թագավորության կամ առանձին իշխանությունների մասը։ Հայաբնակ Ջավախքը Հայաստանի առաջին Հանրապետությանն էր տրվելու Սևրի պայմանագրով, որը իրականություն չդարձավ։
Ադրբեջանի ենթակայության տակ են գտնվում Հայկական լեռնաշխարհի երկու հիմնական շրջաններ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (նախկինում Վասպուրականի գավառ Նախճավան) և Գարդմանը կամ հյուսիսային Արցախը (նախկինում Ուտիք նահանգի գավառ)։ Երկու շրջաններն էլ, որ միասին կազմում են մոտ 12 000 քառ. կմ, ժամանակակից Ադրբեջանը ժառանգություն է ստացել Խորհրդային Ադրբեջանից, իսկ մինչ այդ Նախիջևանը ամբողջությամբ, Գարդմանը՝ մասնակի, գտնվում էին Հայաստանի առաջին հանրապետություն կազմում։
Խոշոր քաղաքներն են Նախիջևանը (74 000 բնակիչ, 2010 թվական), և Գանձակը (311 000 բնակիչ, 2010 թվական)։ Երկուսն էլ ունեն օդանավակայաններ։ Նախիջևանի՝ որպես քաղաքի հիմնադրման տարին, ըստ պատմահայր Մովսես Խորենացու, մ.թ.ա. 1600 թվականն է։ Իր գոյության ընթացքում Նախիջևան քաղաքը ու գավառը մշտապես սերտ կապի մեջ են եղել երեք հարևան նահանգների՝ Այրարատի, Սյունիքի ու Վասպուրականի հետ։ Այն եղել է Վանի թագավորության (մ.թ.ա. 859-585), ապա՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201), Արտաշեսյանների (մ.թ.ա.201-1) ու Արշակունիների թագավորությունների (54-428) անբաժան մասը։ Այն շարունակում էր մնալ Հայաստանի կազմում անգամ օտար տիրապետության վարչատարածքային միավորների ժամանակ՝ մարզպանական (428-642) և կուսակալական (642-885) շրջանում, Բագրատունիների թագավորության (885-1045) կազմում։ Նախիջևանը մտել էր Զաքարյան իշխանապետության կազմում, ապա ուշ միջնադարում դարձել Երևանի կուսակալության (1502-1724) մասը։ Թյուրքական տիրապետության ժամանակ առանձնացվել էր Նախիջևանի խանությունը (1747-1827)։ Ապա Նախիջևանը մտնում է նախ Հայկական մարզի (1828-1840), Երևանի նահանգի (1849-1918), վերջում՝ Հայաստանի հանրապետության կազմ (1918-1920)։ Ալեքսանդրապոլի պայմանագրով դաշնակցական կառավարությունը հրաժարվում է Նախիջևանից՝ հօգուտ «երրորդ պետության»։ Նախիջևանի հայությունը վերջնականապես լքում է տարածքը 1991 թվականին՝ կապված Ղարաբաղյան պատերազմի հետ։
Գանձակը հիմնադրվել է 859 թվականին և եղել հիմնականում մուսուլմանական քաղաք։ Դրա մասին են վկայում միջնադարի հայ պատմիչները[փա՞ստ]։ Այն հիմնադրման սկզբից կոչվել է Գյանջա կամ Գյանջե[փա՞ստ], և մինչև 1804 թվականը մշտապես եղել է մուսուլմանակա զանազան ամիրայությունների, խանությունների և այլ պետություններ ձեռքում, հաճախ եղել կռվախնձոր Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև։ Ռուսական տիրապետության (1804-1918) քաղաքը կոչվել է Ելիզավետպոլ, իսկ խորհրդային իշխանությունների ժամանակ՝ Կիրովաբադ։ Հայ բնակչությունը Գանձակում 20-րդ դարի ընթացքում հետզհետե նվազել է՝ 45 տոկոսից հասնելով 0-ի։ 1988 թվականի դրությամբ Գանձակում ապրում էին շուրջ 50 000 հազար հայեր։
Թուրքական տիրապետության ներքո են գտնվում Հայկական լեռնաշխարհի հիմնական տարածքները։ Տարբեր հաշվարկներով դա կազմում է մոտ 440 000 քառ. կմ։ Դա ներառում է Մեծ Հայքի արևմտյան, հարավային, ու մասամբ՝ կենտրոնական նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Կիլիկիան ու Հայոց Միջագետքը ամբողջությամբ։ Թուրքական տիրապետությունը հաստատվել է փուլ առ փուլ. 15-րդ դարում օսմանյան իշխանությունը հաստատվել էր միայն Փոքր Հայքում, ապա՝ Հայաստանի երրորդ բաժանումից հետո (1555) միացվել էին այլ տարածքներ, իսկ Հայաստանի չորրորդ բաժանումից հետո (1639), պետական սահմանը էական փոփոխություններ չի կրել։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո Դաշնակցական կառավարությունը հրաժարվել էր ոչ միայն Կարսից, այլև Սուրմալուից։ Պատմության մեջ առաջին անգամ Արարատ լեռը վերջնականապես անցել էր Թուրքիային։
Թուրքական հատվածում բոլոր խոշոր քաղաքները նախկին վիլայեթների կենտրոններն են։ 2009 թվականի մարդահամարով 50 000 և ավելի բանկչություն ունեն հետևյալ քաղաքները՝ Կեսարիա (910 000), Մալաթիա (390 000), Էրզրում (358 000), Վան (352 000), Խարբերդ (305 000), Սեբաստիա (285 000), Տրապիզոն (210 000), Օրդու (135 000), Մծբին (84 000), Կարս (80 000), Մուշ (72 000), Բայազետ (63 000)։ Հայերը այս քաղաքներում կամ փոքրամասնություն են, կամ չեն ապրում։ Հիմնական բնակչությունը թուրքեր ու քրդեր են։ Այս իրավիճակը հաստատվել է Հայոց մեծ եղեռնից հետո (1915)։
Իրանական հատվածում ևս կան 50 000 բնակչություն ունեցող մի քանի քաղաքներ՝ Ուրմիա, Խոյ, Սալմաստ, Փարսաբադ, Մարաղա, Մարանդ։ Նրանց շարքում Ուրմիան ունի մոտավորապես նույնքան բնակչություն, որքան Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Այս քաղաքների մեծ մասում (Ուրմիա, Մարանդ, Խոյ, Սալմաստ) և նրանց շրջակայքում հայերը մեծամասնություն են կազմել մինչև 19-րդ դարը։ Հայերի հոսքը այդտեղից կատարվել է փուլ առ փուլ. առաջին փուլը կապված էր Թուրքմենչայի պայմանագրի հետ (1828), երբ Իրանից Հայկական մարզ են տեղափոխվում 40-42 հազար հայեր։ Երկրորդ փուլը 1918-22 թվականներին էր՝ կապված հայկական պետականության վերականգնման հետ։ Մեծաքանակ հայրենադարձություն է տեղի ունեցել 1946-48 թվականներին, երբ Հայաստան են գալիս Հայկական լեռների վրա կառուցված գյուղերի ու ավանների բնակչությունը։
Այժմ լեռնաշխարհի իրանական հատվածը կարելի է բաժանել բնակչության 2 խմբի. արևմուտքում (Արևմտյան Ադրբեջան), բնակվում են հիմնականում քրդեր, մասամբ՝ ազարիներ։ Որոշակի տոկոս են կազմում պարսիկները, հայերը, ասորիները։ Դա Ուրմիո լճի արևմտյան ափերից մինչև Արարատ լեռ ձգվող երկար ու նեղ գոտին է։ Երկրորդ հատվածը՝ Ուրմիո լճից արևելք (Արևելյան Ադրբեջան), հիմնականում բնակեցված է 15-րդ դարից թյուրքախոս դարձած իրանական ազերի ժողովրդի ներկայացուցիչներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.