Արարատի մարզի լեռնաշղթա From Wikipedia, the free encyclopedia
Գեղամա լեռներ, հրաբխային լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի սահմանագլխին, ձգվում են Սևանա և Արարատյան գոգավորությունների միջև՝ Հրազդան գետի վերին հոսանքից սկսած գրեթե միջօրեականի ուղղությամբ մինչև Վարդենիսի լեռների արևմտյան ծայրամասը, որին հանգուցվում են Գնդասար գագաթում։ Երկարությունը՝ շուրջ 70 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)[1]։
Գեղամա լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ և Արարատի մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Վերջին ժայթքում | մ.թ.ա. 1900 ± 1000 տարի |
Բարձրություն (ԲԾՄ) | 3597,3 մետր |
Երկարություն | 65 կմ |
Մեծագույն գագաթ | Աժդահակ |
Սմիթսոնիան կոդ | 214070 |
Լեռնահամակարգն ունեցել է տարբեր անվանումներ, որոնք տրվել են տեղաբնիկ հայերի և Հայաստանում հետագայում բնակություն հաստատած ժողովուրդների կողմից։ Առավել հայտնի և հին անվանումը Գեղամա լեռներն է։ Հայտնի է եղել նաև Գեղամի լեռներ, Գեղամա լեռնաշղթա, Գեղարքունյաց լեռներ անուններով։ Հետագայում թյուրքալեզու ազգերի կողմից տրվել է Ահմանգան, Ահմանկան և Ղանլը Գյոլ անունները։
Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ, որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ ինչպես նաև Սևկատարը 3225,1 մ, Սպիտակասարը 3555,7 մ, Նազելին 3312 մ, Վիշապասարը 3157,7 մ, Եռակատարը 2589,6 մ, Գեղասարը 3443 մ, Ծաղկավետը 3076 մ, Մանկունքը (Մանկուվ) 2932,1 մ։ Հաճախ Գեղամա լեռնաշղթայի մեջ են մտցվում նաև Հատիս 2529,4 մ, Գութանասար 2299,6 մ, Մենակսար 2399,4 մ, Մեծ Լճասար 2393,8 մ, Փոքր Լճասար 2334,2 մ, Արմաղան 2829,1 մ և այլ հրաբխային լեռնագագաթներ, որոնք բավական հեռու են տեղադրված բուն լեռնաշղթայից։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով[2]։
Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են։ Ունի անհամաչափ կառուցվածք։ Արևելյան լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվում են մերձսևանյան լավային սարավանդներին։ Արևմտյան զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռնային գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակսար և այլ հրաբուխներով։ Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր, ալիքավոր սարավանդ է՝ հրաբխային կոներով (Աժդահակ, Մազազ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար և այլն)։ Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը։ Հարավում բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով։ Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխային ձևերը։ Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ։ Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք և այլն)։ Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ։ Որոշ հրաբխային կոների խառնարաններ վերածվել են լճակների։ Անթրոպոգենի սառցապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում։ Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամառը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-4 °C, սարավանդներում՝ 2-0 °C, գագաթին՝ -2 °C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ։ Լանջերից սկիզբ են առում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր։ Նշանավոր է Ակնա լիճը. Գեղամա լեռնահավանի հարավ-արևմուտքում լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելոցի մեջ։
Հողաբուսային ծածկույթը ենթակա է վերընթաց գոտիականության։ Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են, ավելի բարձր՝ մերձալպյան և ճահճացած մարգագետիններ։ Արևմուտքի լանջերին կան արևելյան կաղնու և գիհու նոսրանտառներ։ Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, հազվադեպ՝ արջ, սողունններից՝ մողեսներ, օձեր։ Շատ են թռչունները։ Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ։
Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70 %-ը։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.