Remove ads
Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Տարոն, հին ուղղագրությամբ՝ Տարօն, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում[1]։
Տարոնը տարածվում էր Արածանի գետի միջին հոսանքի և նրա ձախակողմյան Մեղրագետ վտակի հովիտներում։ Գավառի հարավային կողմում ձգվում է Հայկական Տավրոս լեռնահամակարգը, հյուսիսում՝ Բյուրակնյան լեռնաշղթաները, արևելքում՝ Նեմրութ և Գրգուռ լեռնազանգվածները։ Հյուսիսից սահմանակից է Արշամունիք և Հարք, հարավից՝ Ասպակունիք, Խութ, արևելքից՝ Բզնունիք, արևմուտքից՝ Հաշտյանք, հարավ-արևմուտքից՝ Սասուն գավառներին։ Գավառի կենտրոնը և գլխավոր քաղաքը Մուշն էր։
Լեռնային այս երկրամասի համար տնտեսական կարևոր նշանակություն են ունեցել Արածանիի, Մեղրագետի, սրանց վտակների և օժանդակների ջրառատ ու արգավանդ հովիտները։ Ունի հարուստ, բազմազան կենդանական և բուսական աշխարհ, գետերում ու գետակներում աճում են ձկան ամենատարբեր տեսակներ, ունի անտառային զանգվածներ և օգտակար հանածոների պաշարներ։ Տարոնի նկարագրությունը տրված է «Պատմություն Տարոնո» երկում (4-7-րդ դարեր)․ «Երկիրն այս բարեբեր է, օդն անուշաբույր, ջրերը առատահոս, դաշտավայրը ընդարձակ և շուրջ բոլորը լեռներով պարսպված, ամրոցներ բազում, երկիր՝ հոտավետ և մայրաբուխ։ Ինչպես որ մանանան, որին մենք գազպա ենք կոչում, երկնքից էր [երկրի] վրա իջնում, այստեղ էլ անտառների վրա է իջնում։ Քանզի ձեր երկիրը խորշակահար է ու հացապակաս, իսկ սա ամենայն բարությամբ լցված, առողջարար [երկիր է]․․․»։
Հնում Տարոնն ունեցել է երկրագործական բարձր կուլտուրա․ հատկապես տարածված էին հացահատիկի, պտուղ-բանջարեղենի մշակությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը և անասնապահությունն ու արհեստները։
Մ.թ.ա. IX-VI դդ. Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ Գ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։ V-VI դդ Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել են Բյուզանդական կայսրությանը, և Տարոնը արյունալի պատերազմաբեմ է եղել։ VI-VIII դդ Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591 թվականի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639 թվականից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնված Հայաստանին։ 774-775 թվականներին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք։ Տարոնը այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող Բագրատունիներին։ XIII-XVI դդ Տարոնը ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535 թվականին և 1639 թվականին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.