Աշխարհացույց

From Wikipedia, the free encyclopedia

Աշխարհացույց

Աշխարհացույց («Աշխարհացոյց» (նշանակում է «Աշխարհի ատլաս» (քարտեզների ժողովածու)), հայ միջնադարյան աշխարհագրական երկասիրություն։ Կից ունեցել է շուրջ 15 քարտեզ։ Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ և համառոտ բնութագրեր։ Կազմվել է 5-րդ դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել 7-րդ դարում (Անանիա Շիրակացի

Արագ փաստեր Աշխարհացույց, Հեղինակ ...
Աշխարհացույց
Thumb
ՀեղինակԱնանիա Շիրակացի
Տեսակգրավոր աշխատություն
Թեմաաշխարհագրություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվԿազմվել է 5-րդ դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել 7-րդ դարում (Անանիա Շիրակացի)
Երկիր Հայաստան
 Ashkharhatsuyts Վիքիպահեստում
Փակել

Աշխարհացույցում համառոտ թվարկվում է երկի գրման ժամանակ հայտնի երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Լիբիա) երկրները, երբեմն հաղորդվում է հակիրճ տեղեկություններ տվյալ միավորում հանդիպող բուսականության և կենդանական աշխարհի վերաբերյալ։ Հանդիսանում է եզակի աղբյուր Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի պատմական աշխարհագրության ուսումնասիրության համար, ինչպես նաև արժեքավոր տեղեկություններ է պարունակում այլ երկրների վաղ միջնադարի պատմության և աշխարհագրության վերաբերյալ։

Հեղինակության հարց

«Աշխարհացույց»-ը դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Մովսես Խորենացու (V դար) «Հայոց պատմություն» և Անանիա Շիրակացու (VII դար) մաթեմատիկական ու տիեզերագիտական աշխատությունների հետ. սովորաբար կցվել է դրանց։ Մեզ հասած «Աշխարհացոյց»-ի ձեռագրերում որպես կանոն հեղինակ է հիշվում Պատմահայր Մովսես Խորենացին, սակայն չկա ոչ մի ձեռագիր, որը հաստատեր Անանիա Շիրակացու հեղինակ լինելը[1][2]։ Ժամանակակից հայ և օտարերկրյա ուսումնասիրողների մի մասը երկի հեղինակությունը վերագրում են Մովսես Խորենացուն[3][4][5], մի մասը Անանիա Շիրակացուն, իսկ մյուսները այն համարում են անանուն հեղինակի գործ[6]։

Իրականում «Աշխարհացոյց»-ի հեղինակը Խորենացին է[7][8][9][10]։

Կառուցվածք

Thumb
Մովսես Խորենացի

«Աշխարհացույցն» իր կառուցվածքով նման է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90–168 թթ.) «Աշխարհագրությանը»։ «Աշխարհացույցի» ներածականում («Հասարակախոսություն») երկրակենտրոն տեսության դիրքերից շարադրված է տիեզերագիտությունը, Երկիրը ներկայացված է գնդաձև, նշված են նաև գլոբուսը և քարտեզագրման տարրերը։ Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ.թ.ա. 276–194 թթ.)։ «Աշխարհացույցի» հեղինակը մաթեմատիկական հաշվարկներով կառուցած աստիճանացանցում պատկերել է այն ժամանակ հայտնի աշխարհը։

Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից։ Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»։ Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով։ Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։

Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին։ Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը։ «Աշխարհացույցը», ընդունելով հելենիստական ժամանակաշրջանի տիեզերական պատկերացումները և հետևելով Պտղոմեոսի հայացքներին, Երկիրը համարում է գնդաձև, իսկ տիեզերքը՝ երկրակենտրոն։ Աշխատության հեղինակը մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ կառուցել է աստիճանացանց, որտեղ ցույց է տվել այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ Դա Արևելյան կիսագնդի հյուսիսային մասն էր։ «Աշխարհացույցը» դարեր շարունակ օգտագործվել է Հայաստանի դպրոցներում որպես աշխարհագրության դասագիրք[11]։ Հեղինակը, Պտղոմեոսի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող։ «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։

«Աշխարհացույցի» ստեղծում և զարգացում

Thumb
Մեծ Հայքն ըստ V դարի Աշխարհացույցի
Thumb
Հայաստանն (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա) ու հարակից երկրներն ըստ XIII դարի Աշխարհացույցի

Աշխարհացույցը կազմվել է V դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել VII դարում (Անանիա Շիրակացի)։ Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ Վարդան Արևելցու անունով։

Մեծ Հայքն ըստ Աշխարհացույցի

Ըստ «Աշխարհացույց»-ի Մեծ Հայքն ունի հետևյալ 15 նահանգներն ու 178 գավառները․

1. Բարձր Հայք, ունի 9 գավառ՝ Դարանաղի, Աղյուն, Մնձուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ, Կարին։

Thumb

2. Ծոփք (Չորրորդ Հայք), ունի 8 գավառ՝ Խորձյան, Հաշտյանք, Պաղնատուն, Բալահովիտ, Ծոփք (Շահունյաց), Անձիտ, Դեգիք, Գավրեք (Գորեք)։

Thumb

3. Աղձնիք, ունի 11 գավառ՝ Անգեղտուն, Նփրկերտ, Աղձն, Քաղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք, Գզեղխ, Սալնո ձոր, Սանասունք (Սասուն)։

Thumb

4. Տուրուբերան (Տարոնո աշխարհ), ունի 16 գավառ՝ Խութ, Ասպակունյաց ձոր, Տարոն, Արշամունիք, Մարդաղի, Դասնավորք, Տվարածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորի, Խորխոռունիք։

Thumb

5. Մոկք, ունի 8 գավառ՝ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ (Արքայից), Արգաստովիտ, Ջերմաձոր։

Thumb

6. Կորճայք, ունի 11 գավառ՝ Կորդուք, Կորդրիք Վերին, Կորդրիք Միջին, Կորդրիք Ներքին, Այտրուանք, Այգառք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, Ճահուկ, Փոքր Աղբակ։

Thumb

7. Պարսկահայք, ունի 9 գավառ՝ Այլի(Կուռիճան), Առնա (Ըռնա), Արասխ (Ովեա), Զարեհավան, Զարավանդ, Թրաբի, Հեր, Մարի, Տամբեր։

Thumb

8. Վասպուրական, ունի 35 գավառ՝ Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Կուղանովիտ, Աղիովիտ, Գառնի, Առբերանի, Բուժունիք, Առնո-ոտն, Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք, Բուն Մարդաստան, Մարդաստան, Արտազ, Ակե, Աղբակ Մեծ, Անձախի ձոր, Թոռնավան, Ճվաշ-ռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկան, Աղանդ-ռոտ, Պարսպատունիք, Արտաշեսյան, Բաքրան (Մարանդ), Գաբիթյան, Գազրիկյան, Տայգրյան, Վարաժնունիք, Գողթն, Նախճավան։

|Thumb

9. Սյունիք, ունի 12 գավառ՝ Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղաքունի, Սոդք, Աղահեճք, Ծղուկ, Հաբանդ, Բաղք, Զորք, Արևիք, Կովսական։

|Thumb

10. Արցախ, ունի 12 գավառ՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Ծար), Բերդաձոր, Մեծ Առանք, Մեծ Կվենք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պարսականք (Պարզվանք), Քուստի, Փառնես, Կողթ։

|Thumb

11. Փայտակարան, ունի 10 գավառ՝ Հրաքոտ-Պերոժ, Վարդանակերտ, Յոթնփորակյան Բագինք, Ռոտիբաղա, Առոս-Պիճան, Հանի, Աթշի-Բագավան, Սպանդարան-Պերոժ, Որմիզդ-Պերոժ, Ալևան։

Thumb

12. Ուտիք, ունի 8 գավառ՝ Աղվե, Առանռոտ, Գարդման, Շակաշեն, Ռոտ-Պացյան, Տռի, Տուչքատակ, Ուտի Առանձնակ։

|Thumb

13. Գուգարք, ունի 9 գավառ՝ Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջավախք Վերին, Արտահան, Կղարջք։

|Thumb

14. Տայք, ունի 8 գավառ՝ Կող, Բերդաց փոր, Պարտիզաց փոր, Ճակք, Բողխա, Ոքաղե, Ազորդաց փոր, Արսեաց փոր։

|Thumb

15. Այրարատ, ունի 22 գավառ՝ Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։

|Thumb

Նշված աշխարհների բաժանման համակարգը ժամանակի ընթացքում խախտվել է, սակայն դրանց մեծ մասը շարունակում է կոչվել իր անունով՝ իբրև աշխարհագրական-տարածքային հասկացություն, իսկ գավառներն իրենց սահմաններով, որ սովորաբար համընկնում էին ֆիզիկաաշխարհագրական բաժանումներին, շարունակում էին մնալ նաև հետագայում[3][8][9]։ Այս բաժանումները հիմք հանդիսացան հետագայում՝ 8-րդ դարի սկզբներին, Արաբական խալիֆայության կազմում։

Հրատարակությունները և թարգմանությունները

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.