գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում From Wikipedia, the free encyclopedia
Վարդանակերտ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնն էր ենթադրաբար Վարդանակերտ (Վարսան) քաղաքը։ Այլ բնակավայրերից հիշատակվում է Ասլանդուզը։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Փայտակարան |
Հիմնական լեզու | գրաբար, պահլավերեն |
Ազգային կազմ | կասպեր, հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի |
Գավառի անվանումը նույնական է, ինչ դրա կենտրոնը՝ Վարդանակերտ։ Վերջինս, գտնվելով Ատրպատականի հյուսիսային սահմանագլխին, հայոց թագավորության համար ունեցել է ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն։ 9-րդ դարի արաբ պատմիչ ալ-Բալազուրին այն հիշատակում է Վարսան կամ Վարթան անվանաձևերով։ Քաղաքի մասին այլ տեղեկություններ աղբյուրներում չեն հանդիպում։ Ներկայումս դրա տեղում գտնվում են Ալտան բերդի ավերակները։
Հաճախ շփոթվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Վարդանակերտ ավանի հետ։ Արաքսի հովտում գտնվել է նաև մեկ այլ Վարդանակերտ (որը հավանաբար եղել է նույնը, ինչ Արագածոտնի գավառինը)՝ ներկայիս ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի մոտակայքում, որտեղ տեղի է ունեցել ճակատամարտ հայերի և արաբների միջև (703)։
Վարդանակերտը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Հյուսիս-արևելքում և արևելքում սահմանակցել է Յոթնփորակյան Բագինք, արևելքում՝ Հրաքոտ-Պերոժ և Ռոտիբաղա, հարավում՝ Քաղանռոտ և Քոեկյան, հարավ-արևմուտքում՝ Ալևան գավառներին։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ Արաքս գետի հունով, սահմանակցել է Մեծ Հայքի նահանգներից Ուտիքին (Ռոտ-Պացյան գավառ) և Արցախին (Սիսական-ի-Կոտակ, Մյուս Հաբանդ և Հարճլանք գավառներ)։
Տարածքով հոսում էր Արաքսի աջակողմյան երկու վտակ, որոնց անունը չի պահպանվել սկզբնաղբյուրներում (մեկը կոչվում է պարս.՝ کلیبر چایی` Քալեյբար չայ, մյուսից մնացել է գետահունը)։ Տեղանքը հարթավայրային է՝ Մուղանի դաշտավայրի մի մասը։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Իրանի Արդաբիլի նահանգի Ասլանդուզի և Փարսաբադի շրջաններին։
Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան)։
Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Հայերը բնակվել են հիմնականում Վարդանակերտ քաղաքում, որի անունով էլ կոչվել է գավառը։ Այստեղով են անցել Արցախը Կասպից ծովին կապող արևելյան, ինչպես նաև Ատրպատականին կապող հարավային ճանապարհները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.