Անգեղտուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անգեղտուն (Քեղ) (հին հունարեն՝ Ἰγγηληνή; լատին․՝ Ingilena), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։ Գտնվում է այժմյան Թուրքիայի Դիարբեքիրի մարզի Ակլ կամ էգիլ գավառի տեղում։ Կենտրոնն էր Անգղ բերդաքաղաքը, որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հարավ, Տիգրիսի վերին հոսանքի աջ ափին։
Ենթադրվում է, որ Անգեղ անունը ծագել է նույնանուն աստվածությունից (Հին կտակարանի թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխել է Անգեղի)։ Անգեղի անունով տեղանուններ կային նաև Հայաստանի Ծաղկոտն գավառում (Անգղ), Սյունիք նահանգում (Անգեղի, Անգեղակոթ, Անգեղաձոր), Վանա լճի ափին, Արտամետի մոտ (Անգղ) ևն։ Անգեղ-տան հեթանոս հայերի նվիրական վայրերից էր, Տորք դյուցազնի գլխավոր տաճարատեղը, որտեղից էլ՝ սրա «Տորք Անգեղեայ» («Անգեղի Տորք») անվանումը։
Հելլենիստական դարաշրջանում Անգեղ-տունը մտնում էր Ծոփքի հայկական թագավորության մեջ։ Ծոփքը Մեծ Հայքի հետ միավորելուց (մեր թվարկությունից առաջ 94) հետո Տիգրան Բ Մեծը Անգեղ-տունը դարձրեց արքունական կալվածք և ռազմական հենակետ։ Անգեղ-տունը նույն դերն էր կատարում նաև հայ Արշակունիների ժամանակ՝ մինչև 4-րդ դարի վերջերը։
Ըստ Ագաթանգեղոսի՝ Անգեղ-տան մեծ իշխանը դասվում էր Հայոց 4 սահմանակալ բդեշխություններից անմիջապես հետո։ Զորանամակի համաձայն, Անգեղ-տան, որի զորաթիվը 3400 հեծյալ էր, կատարում էր Հայոց Արևմտյան դարպասի հսկողության պարտականություն։
Ըստ Փավստոս Բուզանդի՝ Անգեղ-տան ամրոցը հայ Արշակունի թագավորների գանձանոցն էր և նրանցից շատերի աճյունների հանգստարանը։ Ենթադրվում է, որ Անգեղ-տունը համանման նշանակություն է ունեցել Արտաշեսյանների, գուցե նաև նրանց նախնիների համար։ 4-րդ դարի կեսին Անգեղ-տան մեծ իշխանն էր արքունի ներքինապետ Դրաստամատը, որը «... հավատարմությամբ պահում էր Անգեղ բերդի գանձերը, նույնպես և բոլոր արքունական բերդերը, որ գտնվում էին այդ կողմերում։ Նույնպես և Ծոփաց աշխարհում Բնաբեղ բերդում եղած գանձերը նրա տեսչության տակ էին և նրա բարձը բոլոր նախարարների բարձերից վեր էր» (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոցի 5-րդ դպրության, գլուխ է)։
Մեծ Հայքի 387 թվականի բաժանումով Անգեղ-տունը դարձավ Հռոմեական կայսրության հինգ հայկական սատրապություններից մեկը՝ Անգելենե անունով։
11-րդ դարի Անգեղ-տունը երբեմն մտել է հայ իշխանությունների կազմի մեջ։ Այնուհետև քոչվորական զանազան հորդաների նվաճումները խափանեցին Անգեղ-տան վերամիավորումը հայկական իշխանությունների հետ՝ հետզհետե փոխելով նրա էթնիկական պատկերը։
20-րդ դարի սկզբին գավառն ուներ շուրջ 200 գյուղ, որոնք մեծ մասամբ քրդաբնակ էին։ Անգեղ-տնում ցարդ պահպանվում են հայկական ավեր կամ կանգուն հուշարձաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.