Remove ads
5-րդ դարի պատմագիր From Wikipedia, the free encyclopedia
Ագաթանգեղոս (5-րդ դար - 6-րդ դար), հայ գրականության ոսկեդարի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով[3]) հեղինակ։
Ագաթանգեղոս | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար |
Մահացել է | 6-րդ դար |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Գործունեության ոլորտ | պատմություն[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Agathangelos Վիքիպահեստում |
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր (հունարեն՝ αγαϑος՝ բարի, αγγελος – հրեշտակ, լրաբեր)
Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի[3]» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով։ Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսն ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ Մեծի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը՝ որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։
«Պատմութիւն Հայոց»-ի նյութը IV դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հաստատելը։ Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել Մովսես Խորենացու և ուրիշների համար։ Առաջին անգամ նրա մասին հիշատակել է Ղազար Փարպեցին[3]։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը։
Գիրքը դեռևս միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով, իսկ նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն[4], գերմաներեն, ռուսերեն[5], անգլերեն[6][7] և արևելահայերեն[8]։
«Պատմութիւն Հայոց»-ի ստեղծման թվականը և հեղինակի հարցը գիտական լուրջ վեճերի առարկա է։ Ինքը՝ Ագաթանգեղոսը, իր գրքի առաջաբանում իրեն ներկայացնում է որպես լատիներենի և հունարենի գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը։
Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և մյուս հայ մատենագիրների` Ագաթանգեղոսի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը։ Այստեղից արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը IV դարի պատմիչ է, նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դարում՝ հայ գրերի գյուտից հետո։ Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը։
1709 թվականին Կոստանդնուպոլսում Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»–ի բնագիրը։ 1762 թվականին Իոան Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը։ Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը։ Ստիլտինգի հունարեն օրինակը հետագայում բազմիցս վերահրատարակվեց, իսկ Պոլ դը Լագարդը կատարեց նրա քննական հրատարակությունը։ Հայերեն բնագրի` գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս տեսավ 1835 թվականին Վենետիկում։ Դրա քննական հրատարակությունը տպագրվեց Թիֆլիսում 1909 թվականին, իսկ 1911 թվականին Վիեննայում լույս տեսավ Վիեննայի կրկնագիր ձեռագրի բնագիրը։
Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ագաթանգեղոսի երկասիրությունը։ Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ագաթանգեղոսի առեղծվածը։ Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»–ի լեզվաոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ագաթանգեղոսը եղել է հույն, և որ Կորյունը, ի թիվս այլ երկերի, Ագաթանգեղոսի երկը ևս թարգմանել է հայերեն։
Նորայր Բյուզանդացին այդ երկերն անվանեց առանձին «դաս»։ Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։ Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրի՝ հունարեն գրված լինելու վարկածը։
Բանասերների մի այլ խումբ (Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ գոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։ Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմաքաղաքական իրադարձության իմաստին, այսինքն Agatangelos – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia - ավետարան և այլն։ Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։
Ըստ Նիկողայոս Մառի` Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դարում եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է Մեսրոպ Մաշտոցը՝ կոչելով երկը Ագաթանգեղոս՝ Αγαθάγγελος, որ բառացի նշանակում Է՝ լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող։ Ագաթանգեղոսի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև Հ. Տաշյանը, Գ. Զարպհանալյանը, Գ. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը։ Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դարի առաջին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։
Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։ Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։
Առաջին մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, Տրդատ Գ–ի գահակալությանը, Գրիգոր Լուսավորչի «չարչարանքներին» և Հռիփսիմյան կույսերի հետ կապված հրաշապատում անցքերին։ Երկրորդ բաժինը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Այն բացակայում է հունական, արաբական թարգմանություններում և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ Երրորդ մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։
Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։ Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական–վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։ Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։
Ագաթանգեղոսի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են։ Պատմության առաջմղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն Է։ Ամեն ինչ բացատրվում Է Աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ։ Կյանքը պայքար է լույսի ու խավարի, Աստծո և սատանայի, հավատացյալի և անհավատի միջև, այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը (քրմեր) ցրվում են Լուսավորչի միջոցով՝ խաչի ազդեցությամբ, խոզ–խոզակերպ Տրդատն ու անհավատ հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր Աստծո միջնորդությամբ և այլն։ Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն։ Ագաթանգեղոսը նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»։ Ագաթանգեղոսի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք։
Ագաթանգեղոսի երկը, որպես Հայաստանի պատմության աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը, նյութեր հայ հեթանոսական կրոնի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։ Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։
«Պատմություն Հայոց»-ը բաղկացած է.
Ագաթանգեղոսի Պատմությունը միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել մի քանի խմբագրություն։ Առաջին և ամենակարևոր թարգմանությունը հունականն Է, որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում Է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Լarentianus, VII, 25)։ Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմության ժամանակը բանասերները համարում են VI դարը։ Սիմեոն Մետափրաստեսը X դարում ամփոփեց հունարեն թարգմանությունը և տվեց մի համառոտ խմբագրություն, որը XI դարում թարգմանվեց վրացերեն։ Հունարենից է ամփոփված նաև XII դարի լատինական համառոտ խմբագրությունը։
Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմանության երեք նոր գրչագրեր 1943–1946 թվականներին հրապարակեց բելգիացի հայագետ Ժ. Գարիտը։ Ագաթանգեղոսի երկի արաբերեն մեկ խմբագրություն հայտնաբերել է Նիկողայոս Մառը 1902 թվականին, Եգիպտոսի Սինայի անապատի Ս. Կատարինեի վանքում։ Դա բոլորովին ինքնուրույն, ըստ Մառի, մեզ չհասած հայերեն նախօրինակից թարգմանված հունարեն մի կորած խմբագրության թարգմանությունն է։ [1946 թվականին ժ. Գարիտը հրատարակեց Մադրիդի հունարեն գրչագրերից մեկում (1107) գտնվող Ագաթանգեղոսի Պատմության մի նոր խմբագրություն, որը կոչեց «Վարք» (Գրիգոր Լուսավորչի) և ցույց տվեց, որ վերոհիշյալ արաբ, խմբագրությունը ծագում է հունական այս «Վարք»–ից։ Այսպիսով Ժ. Գարիտը հաստատեց Մառի այն ենթադրությունը, թե բացի մեզ հայտնի հայերեն ընդարձակ խմբագրությունից գոյություն է ունեցել նաև հայերեն այլ խմբագրություն։ 1950 թվականին Ժ. Գարիտը հրատարակեց Ս. Կատարինեի վանքում հայտնաբերած մի արժեքավոր արաբերեն ձեռագիր ևս, որը, անկախ Մառի հայտնաբերածից, թարգմանված է Ագաթանգեղոսի Պատմության հունարեն օրինակից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.