Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կարսի պայմանագիրը (թուրքերեն՝ Kars Antlaşması, ռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։
Կարսի պայմանագիր | |
---|---|
Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | ապօրինի պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1921 թ. հոկտեմբերի 13 Կարս |
Ստորագրել են | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Քյազիմ Կարաբեքիր, Վելի, Մուխտար, Մեմդուհ Շևքեթ,
Հայկական ԽՍՀ-ի անունից՝ Ասքանազ Մռավյան, Պողոս Մակինցյան |
Կողմեր | Հայկական ԽՍՀ |
Վիքիդարան պարունակում է տեքստը. hy:Կարսի պայմանագիր |
Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում[1]։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտված Հայկական կողմին պարտադրվել են Բոլշևիկյան ղեկավարության և Թուրքական նորակազմ իշխանությունների կողմից։
18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին մղված ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունը տիրացավ ժամանակակից Անդրկովկասի տարածքի մեծագույն մասին։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին անցան նաև Կարսի, Արդահանի, Արդվինի և Բաթումի շրջանները։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գրավված տարածքները բաժանված էին Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թիֆլիսի ու Քութայիսի նահանգների և Կարսի ու Բաթումի մարզերի միջև։
Ռուսաստանը և Թուրքիան կրկին բախվեցին 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմում։ Պարտության մատնելով Էնվերի գլխավորած թուրքական բանակը Սարիղամիշի ճակատամարտում՝ ռուսները տիրեցին ռազմական նախաձեռնությանը։ Էնվերն իր պարտության մեջ մեղադրեց հայերին. արդյունքում մերձճակատային գոտուց ռուսամետ հայերի հեռացման պատրվակով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ Մեծ եղեռնը։ 1915-1916 թվականներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915 թվականի ապրիլին, Էրզրումը՝ 1916 թվականի փետրվարին, Բիթլիսը և Մուշը՝ մարտին, Տրապիզոնը՝ ապրիլին, Երզնկան՝ հուլիսին։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը դադարեցրեցին ակտիվ գործողությունները, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսեցին լքել իրենց դիրքերը։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարով պատերազմական գործողությունները Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև ավարտվեցին, որից հետո ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Կովկասյան ճակատից՝ թողնելով դիրքերը հայկական ջոկատներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասյան սեյմը, որը 1918 թվականի փետրվարի 24-ին հռչակեց անկախ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը։
Օգտվելով ռուսական զորքերի հեռացումից՝ թուրքերը 1918 թվականի փետրվարին անցան հարձակման ճակատի գծի ողջ երկարությամբ՝ երկու ամսվա ընթացքում հետ գրավելով Արևմտյան Հայաստանի տարածքները։ Ապրիլին թուրքերը ներխուժեցին նախկին ռուսական տարածք՝ գրավելով Կարսը և Ալեքսանդրոպոլը։ Մինչ այդ, մարտի 3-ին, ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը ճանաչեց Կարսի, Արդահանի և Բաթումի անցումը Թուրքիային։ Մայիսին թուրքական զորքերն անցան նոր հարձակման. նրանց առաջխաղացումը դեպի Երևան կանգնեցվեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայկական զորքերի հաղթանակից հետո, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական բանակը պարտվեց։ Մայիսի վերջին Անդրկովկասյան ֆեդերացիան մասնատվեց՝ մայիսի 26-ին Վրաստանի անկախության հայտարարումից հետո։ Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Նորաստեղծ հանրապետությունը ստիպված էր կնքել Բաթումի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում էր 14 հազար կմ² տարածքով՝ կորցնելով ոչ միայն Կարսը և Արդահանը, այլև Շիրակը, Սուրմալուն, Նախիջևանը, Շարուր-Դարալագյազը, Զանգեզուրը, Ղարաբաղը և այլն։
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը լքեցին Անդրկովկասը և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր վերահսկողությունը կորցված տարածքների զգալի մասի նկատմամբ։ Սակայն թուրքերի նահանջից հետո դեկտեմբերի 1-ին իսլամիստները Կարսում հռչակեցին Հարավ Արևմտյան Կովկասյան հանրապետությունը։ Վերջինս լուծարվեց 1919 թվականի ապրիլին անգլիացիների կողմից, որից հետո Կարսի մարզի տարածքի մեծ մասը փոխանցվեց Հայաստանին։ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մեկամյա բանակցություններից հետո 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որով ոչ միայն Կարսի մարզը, այլև Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մաս։ Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով. 1920 թվականի ապրիլին Մուստաֆա Քեմալի կողմից ստեղծված Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երբևէ չճանաչեց այդ պայմանագիրը և Անտանտի դաշնակից երկրների դեմ բոլշևիկյան օգնությամբ սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հասավ հայերի համար ոչ նպաստավոր մի շարք պայմանագրերի կնքմանը։
1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց ծանր վիճակում։ Մինչև ամռան վերջը ռուսական, ադրբեջանական և թուրքական զորքերը վերահսկողություն հաստատեցին Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի տարածքների վրա։ Սեպտեմբերին սկսված երկրորդ հայ-թուրքական պատերազմի արդյունքում մինչև նոյեմբեր թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզի տարածքը և Ալեքսանդրապոլը։ Նոյեմբերի 29-ին Հայաստան ներխուժեցին ռուսական զորքերը՝ դեկտեմբերի 2-ին պարտադրելով դաշնակցական կառավարությանը հանձնել իշխանությունը բոլշևիկներին։ Դրան զուգահեռ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները թուրքերի հետ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որով ճանաչում էին Կարսի մարզի զավթումը թուրքերի կողմից։
1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-1878 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը և Բաթումի մարզի հարավային մասը։ Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշևիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը։ Կարսի պայմանագիրը կոչված էր ընդամենը հաստատելու Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։
Կարսի պայմանագիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.
Թյուրըմբռնումների և տասնամյակներ տևած նենգափոխումների պատճառով առ այսօր տիրում է այն սխալ տեսակետը, որ Կարսի պայմանագիրն է որոշում այսպես կոչված հայ-թուրքական սահմանը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթի քննումն ակնհայտ է դարձնում, որ այն երբեք չի ունեցել և չունի իրավական ուժ, հետևաբար չի ստեղծում պարտավորություններ կողմերի համար[2]։
Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հայկական ՍՍՀ-ի իրավական կարգավիճակի և Կարսի պայմանագրի օրինականության և իրավականության (legitimacy and legality) հարցերը սերտորեն շաղկապված են։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»[3]։ Այսինքն, պայմանագրի օրինականության և իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։
ՀՍՍՀ-ն անկախ երկիր չէր, թեև այդպես էր գրված մի շարք ներքին օգտագործման փաստաթղթերում (օրինակ՝ ՀՍՍՀ կամ ԽՍՀՄ սահմանադրություններում)։ Անկախ չէր համարվում, որովհետև միջազգային իրավունքում միակողմանի իրավական փաստաթղթերը (unilateral legal acts), ինչ ձևով էլ դրանք արտահայտված լինեն (հռչակագրերի, հայտարարագրերի, սահմանադրությունների և այլն), չեն կարող շնորհել ավելի շատ իրավունքներ, քան դա հասնում է ըստ միջազգային իրավունքի[4]։ ՀՍՍՀ-ի գոյությունը, հետևաբար դրա իրավական կարգավիճակը, բաժանվում է 2 ժամանակահատվածի՝
Միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն երբեք չի եղել պետություն և, բնականաբար, երբեք ճանաչված չի եղել որպես այդպիսին։ Պետության ճանաչումը մեկ այլ պետության կողմից վճռորոշ նշանակություն ունի պետության կայացման գործում[16]։ ՀՍՍՀ-ն իր գոյության և ոչ մի հատվածում երբեք ճանաչված չի եղել որևէ օրինական ճանաչում ունեցող պետության լիազոր իշխանությունների կողմից։ ՀՍՍՀ-ի, այսպես կոչված, ճանաչումները չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից[17]։ Հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն ի սկզբանե չի ունեցել միջպետական հարաբերություն իրականացնելու որևէ կարողություն և իրավասություն, մասնավորապես՝ միջազգային պայմանագիր կնքելու լիազորություն։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922 թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից[18]։ Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (հոկտեմբերի 30, 1918) ոտնահարումը։ Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920 թվականի մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թվականի հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով[19]։ Կարսի պայմանագիրը ստորագրած Քյազըմ Կարաբեքիրը 1921 թվականին չէր հանդիսանում իրավականորեն ճանաչված թուրքական պետության լիազոր ներկայացուցիչը, այլ Քեմալի մարտախմբի ներկայացուցիչն էր։
Խիստ խնդրահարույց է նաև Կարսի պայմանագրի օրինապես վավերացված լինելու հարցը։ Ըստ պայմանագրի 20-րդ հոդվածի՝ պայմանագիրը ենթակա էր վավերացման։ Սակայն տպագիր աղբյուրներում չի գտնվել հիշատակում ՀՍՍՀ որևէ կառույցի կողմից Կարսի պայմանագրին պաշտոնական անդրադարձած, առավել ևս՝ վավերացրած, լինելու մասին։ Կարսի պայմանագրի վերաբերյալ սովետական աղբյուրները[20] նշում են միմիայն վավերագրերի փոխանակման մասին (Երևան, 11.09.1922 թ.), սակայն չեն նշում Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի կողմից պայմանագրի վավերացման մասին։
Օտար աղբյուրները նշում են, որ Կարսի պայմանագիրը վավերացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից (16.03.1922 թ., օրենք #207) և, ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ ՌՍՖՍՀ-ի կողմից[21]։ Եթե սա իրողություն է, ապա, ըստ այդմ, Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր նաև վավերացման գործընթացի կոպիտ խախտման պատճառով։ Ըստ միջազգային իրավունքի հստակ է. յուրաքանչյուր երկիր կարող է որևէ պայմանագիր վավերացնել միմիայն իր անունից և իր համար ու չի կարող դա անել ուրիշի փոխարեն։
Այսպիսով, Կարսի պայմանագիրը ստորագրելու գործընթացը ոտնահարել է մի շարք jus cogens-ներ։ Ըստ այդմ, եթե սահմանի հստակեցման և հաստատման գործընթացը խախտել է միջազգային իրավունքի որևէ անբեկանելի սկզբունք՝ jus cogens, ապա տվյալ սահմանն անօրինական է և անվավեր (illegal and void)[22], քանի որ անօրինական և անվավեր է այն ամրագրող պայմանագիրը։ Այս սկզբունքն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի մասին օրենքի կոնվենցիայի 53-րդ հոդվածի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.