Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դիարբեքիր կամ Ամիդ (քրդերեն՝ Amed (Ամեդ), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի աջ ափին՝ Հայկական Տավրոսի հարավային ճյուղից (Կարաջադաղ) իջած հրահոսանքի ծայրին։
Քաղաք | ||
---|---|---|
Դիարբեքիր | ||
Diyarbakır | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Դիարբեքիրի մարզ | |
Համայնք | Դիարբեքիրի մարզ | |
Այլ անվանումներ | Ամիդ, Տիգրանակերտ | |
ԲԾՄ | 675±1 մետր | |
Խոսվող լեզուներ | Քրդերեն, թուրքերեն, հայերեն | |
Բնակչություն | ▲ 845 000 մարդ (2010) | |
Ազգային կազմ | քրդեր, թուրքեր, սիրիացիներ, հայեր | |
Կրոնական կազմ | իսլամ, քրիստոնեություն | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 412 | |
Փոստային ինդեքս | 21000 | |
Ավտոմոբիլային կոդ | 21 | |
Պաշտոնական կայք | diyarbakir-bld.gov.tr | |
| ||
Սեպագիր արձանագրություններում քաղաքը հիշատակված է որպես Բիտ-Զամանի երկրամասի կենտրոն։
Դիարբեքիր անվանումը ի սկզբանե ունեցել է միայն երկրամասը, այնուհետև ժողովուրդը այդ անվանումը տվել է նաև նրա կենտրոնը հանդիսացող Ամիդ քաղաքին։
Դիարբեքիր անվանման ծագման հետ կա երկու վարկած[1].
Դիարբեքիրը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ։ Դրանք են. Ամդացվոց քաղաք. Ամեդ, Ամեդա, Ամեդի, Ամեդու, Ամիդ, Ամիդա, Ամիդի, Ամիդիա, Ամիդու, Ամիթ, Ամիտ, Ամիտա, Ամմեա, Բիտ-Զամանի, Գարա-Ամիդ, Գարա-Ամիտ, Գարա-Համիդ, Դիարբագ, Դիարբակ, Դիաբակր, Դիարբաք,Դիարբաքր, Դիարբեկ, Դիարբեկր, Դիարպեկ, Դիյարբեքիր, Էմդ, Էմիդ, Կարա-Ամիդ, Կարա-Ամիտ, Կարա-Համիդ, Կարամիտ, Կոստանդիա, Համեթ, Համիդ, Համիթ, Յամիթ, Տիարբեքիր, Տիարպեքիր, Տիգրանակերտ[1]։
Հիմնադրման ժամանակն անորոշ է։ Աքադդական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին՝ Ամեդու անունով։ Մ.թ.ա. 9-րդ դարում հիշատակվում է որպես Բիտ-Զամանի իշխանության կենտրոն։ Մ. թ. ա. 9-8-րդ դարերում Վանի թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին։ Մ.թ.ա. 630-ական թվականներին Թիգլատպալասար III-ը գրավել է Դիարբեքիրը և դարձել Ասորեստանի «Տուրտանի տուն» անունով կուսակալության կենտրոն։ Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ) միացվել է Հայաստանին։
Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ-ի հիմնած Տիգրանակերտի հետ։
298 թվականին Դիարբեքիրը զավթել է Հռոմեական կայսրությունը։ 332 թվականին Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան։ 4-17-րդ դարերում քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում Սելիմ I սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515 թվականին ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Եղել է Դիարբեքիր նահանգի կենտրոնը։
1895 թվականի համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացվել է 3000 հայ։ Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ։ Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Այժմ Դիարբեքիրը Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է։ 845.000 բնակչություն (2011 թվականի դրությամբ)։ Ունի սննդի և տեքստիլ արդյունաբերության, ավտոհավաքման գործարաններ։ Երկաթուղային կայան է, խճուղային ճանապարհների հանգույց։ Ներկայումս Դիարբեքիրում բնակվում է 16 հայկական ընտանիք հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքում։
Միջին դարերում Դիարբեքիրը մարդաշատ քաղաք էր։ Բնակչության գերակշռող մասը հայեր էին։ Կային նաև արաբներ, քրդեր, թուրքական ժողովուրդներ։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին քաղաքն ուներ 40-45 000 բնակիչ, որից հայեր էին 10-15 000-ը։
Հայերը կենսուրախ էին։ Սիրում էին զբոսանքներ, խնջույքներ և ուխտագնացություններ։ Դրանք հաճախ ուղեկցվում էին երգ ու պարով[1]։
Մինչև XX դարի սկիզբը Դիարբեքիրի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը զգալի դեր են խաղացել տնտեսական և մշակութային կյանքում։ Զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ։ Մերձավոր Արևելքի շուկաներում հռչակված էր Դիարբեքիրի ոսկերիչների, ջուլհակների, ներկարարների, կաշեգործների, դերձակների արտադրանքը։ Դիարբեքիրի մոտ գտնվող հանքերից արտահանում էին անագ, պղինձ, երկաթ։ Քաղաքի շուրջը տարածված բերրի դաշտերը հնուց ի վեր հիշատակվում են որպես ցորենի շտեմարան։
Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից։ 8 կմ երկարություն, 10 մ բարձրություն և 5 մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ 72 աշտարակները խորհրդանշել են Քրիստոսի 72 աշակերտներին, իսկ 12 առավել հաստապատ աշտարակները՝ առաքյալներին։
4 դարպասներից յուրաքանչյուրն ունեցել է իր անվանումը[1].
Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով։ Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, Ուլու Ջամին, որը հնում եղել է բյուզանդական Հերակլ կայսեր օրոք 629 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին, միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ (Ս. Կաթողիկե, Ս. Գևորգ, Ս. Երրորդություն, Ս. Հովհաննես), որոնք ևս 16-17-րդ դարերում վերածվել են մզկիթների[1]։
XX դարի սկզբին Դիարբեքիրն ուներ 50-ից ավելի եկեղեցիներ ու մզկիթներ։ Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին գործող երկու առաքելական եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և Ս. Կիրակոսի յոթնախորան), ինչպես նաև կաթողիկե եկեղեցի (սուրբ Հովսեփ)։
Դիարբեքիրում գործում էր յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։ Վարժարաններից մի քանիսում ուսուցանում էին նաև ճարտարապետություն, աշխարհագրություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, երկրաչափություն, երաժշտություն[1]։
Ամիդ քաղաքի մոտ, Մատթեոս Ուռհայեցին հիշատակում է վայր Ավսալ։ Ձեռագրական տարբերակում՝ Օսլ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.