Remove ads
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Խոյ, Հեր (պարս.՝ خوی, ադրբ.՝ Xoy), քաղաք ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում (նահանգում), Կապուտան լճից դեպի հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում, Խոյի այգեվետ և բարեբեր դաշտում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 198 845 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Խոյ | ||
պարս.՝ خوی | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
Շահրեստան | Խոյ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1143 մետր | |
Բնակչություն | 198 845 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0461 | |
Պաշտոնական կայք | khoy.ir | |
| ||
Նախկինում Խոյը եղել է Պարսկահայքի գլխավոր քաղաքներից մեկը։ Հիշատակվում է իբրև բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 198 845 մարդ, որոնք կազմում էին 59 964 տնտեսություն[2]։ Խոյը Արևմտյան Ադրբեջան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Ուրմիայից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակչության մեծամասնությունը կազմում են իրանական ադրբեջանցիներ, ապրում են նաև քրդեր, պարսիկներ և փոքր թվով հայեր։
Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Նրա մասին հիշատակություններ ունեն Թովմա Արծրունին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Աբրահամ Երևանցին, վրաց աղբյուրները և այլ հեղինակներ։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։
Մի ժամանակ առանձին խանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է։ Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով։ Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան։ Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան։ Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին։
Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791 թ. դեկտեմբերի 27ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից։
Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առանձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ։ Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000 տուն բնակիչ։ Այստեղի հայերը զանգվածորեն գաղթեցին Արևելյան Հայաստան 1828—1829 թվականներին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղի հայ բնակչությունը մոտ 115 տուն էր, որոնք ապրում էին քաղաքի բերդից դուրս։
Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ ոսկերչությամբ, զինագործությամբ, հյուսնությամբ, փականագործությամբ և այլն։ Քաղաքն ուներ իր շուկան՝ տասնյակ կրպակներով ու խանութներով։ Կապված էր Վանի և Թավրիզի հետ։
Փռված քաղաք է Խոյը։ XIX դարի վերջերին այն արևմուտքից արևելք տարածվում էր 5—6 կմ երկարությամբ։ Ունի ամուր բերդ, որ գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Բերդն իր շրջակայքով համարվում է բուն քաղաք՝ կոչվելով Ղալա, իսկ արևմտյան մասը կոչվում է Փոքր մահլա (թաղ)։ Այս վերջինը համարվում էր նրա արվարձանը և բաղկացած է երեք թաղից՝ Վերին կամ Աղայի, Փոս և Ցածր կամ Քոչաբաղ։ Արվարձանի այդ երեք թաղերում էլ ապրում են հայերը։
Քաղաքը շրջապատված է երկկարգ հողե բարձր պարիսպներով, որոնց զուգահեռ ներսի և դրսի կողմում ձգվում են խրամներ։ Բուն քաղաքում բնակվում են թուրքեր և պարսիկներ։
Ներկայումս Խոյը Ռուսաստան և Թուրքիա տանող ավտոճանապարհների հանգույց է, առևտրական կենտրոն։ Այնտեղ գործում է տեքստիլ, սննդի արդյունաբերություն, գորգերի և բրդյա գործվածքեղենի տնայնագործական արտադրություն, շաքարի գործարան։
Խոյի բերդը կառուցվել է XVII դարում և ամրացվել XIX դարի առաջին քառորդում։ Այստեղ պարսկական թագաժառանգ Աբաս Միրզան դարի սկզբներին մի շարք ամրություններ էր կառուցել տվել ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ։ 1827 թ. ռուսական զորքը գրավել էր այդ բերդը, բայց Թուրքմենչայի հաշտությամբ (1828 թ.) նորից վերադարձվել է Իրանին։
Խոյում բերդի ամրություններից բացի ուշադրության արժանի են վարչական շենքերը, մզկիթները և եկեղեցիները։ Այստեղ հայերն ունեին երկու եկեղեցի՝ ս. Սարգիսը, որ կառուցվել էր XVIII դարում և հաջորդ դարի վերջերին գտնվում էր խարխուլ վիճակում, և նոր եկեղեցին՝ ս. Աստվածածինը։
Քաղաքից 2–3 կմ հեռավորությամբ, բլրի վրա, կա մի մատուռ։ Հայկական ժողովրդական ավանդության համաձայն իբր հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Վարդան Մամիկոնյանը։
Խոյում ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր մի փոքր, ցածր տիպի ուսումնարան, որ գրագիտություն էր սովորեցնում հայ մանուկներին։ Քաղաքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կար երկու որբանոց, որտեղ հանգանակությունների միջոցով պահվում էին ծնողներից զրկված հարյուրավոր հայ մանուկներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.