Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խոյի խանություն (պարս.՝ خانات خوی — Khānāt-e Khoy), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1813 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին վերջնականապես ձևավորվում է Խոյի խանությունը՝ Թավրիզի կուսակալության արևմտյան մասում։
Խանության տարածքը կազմել է շուրջ 4,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի հյուսիսային շրջանները՝ Զարեհավան և Հեր գավառները։ Այժմ խանության տարածքը մտնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի մեջ։
1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Խոյի խանությունը, պարսկական մյուս խանությունների հետ վերստին մտել է Իրանի կազմի մեջ՝ որպես Թավրիզի նահանգի գավառ։
Հայկական Հեր (Խոյ) քաղաքի մասին առաջին վկայությունները վերագրվում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին։ Այն եղել է համանուն գավառի կենտրոնը։ Անանիա Շիրակացու Աշխարհացույցում այն նշվում է որպես Պարսկահայքի հյուսիսային քաղաքներից մեկը։ Երբեմն այն եղել է վարչական կենտրոն։ Ենթադրվում է, որ դեռևս Արշակունիների թագավորության (66-428) ժամանակ Հեր գավառը հարևան Զարևանդ գավառի հետ շնորհվել էր Խորխոռունիների տոհմաճյուղ Մաղխազունիներին՝ միավորվելով մեկ վարչամիավորի մեջ։ Սակայն 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո իրավիճակը փոխվում է. թեև Մարզպանական Հայաստանում Պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Երկար դարեր Հերը Պարսկահայքի եզակի գավառներից էր, որ պահպանում է իր հայկական ինքնությունը։ Սակայն հետագայում այն մտնում է զանազան վարչական բաժանումների մեջ, շրջակայքում բնակություն են հաստատում տարբեր ցեղեր ու ժողովուրդներ, և Խոյը հետզհետե դադարել է հայկական երկրամաս լինելուց։
Միջին դարերում՝ արաբական տիրապետության շրջանում, Պարսկահայքի հյուսիսում ստեղծվում է Հերի ամիրայությունը։ Այն ենթարկվում էր Արծրունիների տահմին, ովքեր 9-րդ դարում հռչակվել էին Վասպուրականի գահերեց իշխաններ։ Հետագայում այն ենթարկվում է Վասպուրականի թագավորությանը (908-1021)։ Վերջինիս կործանումից հետո Հերն ընկել է օտար նվաճողների՝ սելջուկների, թաթար-մոնղոլների, թուրքմենների տիրապետության տակ, սակայն պահպանվել է հոծ հայ բնակչությունը։ Դրա մասին վկայում է ճանապարհորդ Մարկո Պոլոն։
1403 թվականին Հերով անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին Հայաստանի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են հայեր։
16-րդ դարում Հեր գավառը մտնում է նորաստեղծ Սեֆյան Իրանի մեջ։ Այն Թավրիզի կուսակալության քաղաքներից էր։ 1747 թվականին՝ Նադիր շահի սպանությունից հետ, Սեֆյան Իրանի նախկին Թավրիզի կուսակալության արևմտյան մասում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, ռուսական զորքն առժամանակ գրավել է Խոյի գավառի մեծ մասը, սակայն հետ է վերադարձրել Իրանին՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո։ 1828-29 թվականներին գավառի հիմնական բնակիչների՝ հայերի, ու մասամբ ասորիների մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է 1918 թվականի թուրքական հարձակման ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խոյում մնացած մոտ 500 տուն հայերը բնակվում էին քաղաքի պարիսպներից դուրս՝ Մահլա արվարձանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.