Երևան
Հայաստանի մայրաքաղաք From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի մայրաքաղաք From Wikipedia, the free encyclopedia
Երևան, Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է երկրի վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Երևանում ապրում է ▲1 092 800 մարդ (2022)[5]։
Երևանը՝ որպես Էրեբունի ամրոց֊քաղաք, հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[6][7]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[8]։
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ[9]։
Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքային լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)[փա՞ստ]։ Երևանը կոչվել է նաև Էրիվան, Էրևան, Ռևան, Իրավան, Այրիվան և այլ անուններով[10]։
3-րդ դարի սոգդիական-մանիքեական մի տեքստում նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Ռավան բնակավայրում հիմնել է մանիքեական համայնք։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը կարող է Երևանի մասին լինել[9]։
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։
Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին։
Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը[փա՞ստ]։
19-րդ դարի վերջերին հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Նորքի բնակիչ Պ. Տեր-Ավետիքյանից ձեռք է բերել նրա բակում հայտնաբերված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Միխայիլ Նիկոլսկու կողմից[11]։ Դրանում նշվում էր Արգիշտիի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին, սակայն ամրոցի ստույգ վայրը մնում է գաղտնի։
1950 թվականին մեկնարկած հնագիտական աշխատանքների ընթացքում Արին-Բերդ բլրի վրա գտնվել է Էրեբունու հիմնադրման առիթով կանգնեցված արձանագրությունը, ինչը վերջապես ապացուցում է Էրեբունի գտնվելու ստույգ վայրը։ Սալաքարի վրա գրված էր.
Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր... - [12] |
Արգիշտին Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ բնակեցնում է 6600 զինվորների՝ իրենց ընտանիքներով։ Մեկ դար անց Ռուսա Բ արքան Հրազդան գետի ափին՝ Երևանի հարավային մասում (ներկայիս Չարբախ թաղամասից հյուսիս), հիմնադրում է մի նոր բերդաքաղաք, որը Վանի թագավորության Թեյշեբա աստծու անունով կոչվեց Թեյշեբաինի։ Այն նշանավոր ռազմական կենտրոն էր տերության հյուսիսային հատվածում, ուներ միջնաբերդ, քաղաքային թաղամասեր։ Բերդից հարավ տնկվել էին խաղողի այգիներ։ Թեյշեբաինին ավերվել է սկյութների կողմից Վանի թագավորության կործանման տարիներին՝ մ. թ. ա. 585 թվականին։
Աքեմենյանների (հին պարսկ.՝ Հախամանիշտիյա) կամ Արյաց Տերությունը (մ. թ. ա. 553–330) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 5 ու կես միլիոն քառակուսի կիլոմետր։
Հայաստանն այս պետության մեջ մտնում էր որպես 13-րդ սատրապություն։ Հետագայում այն բաժանվում է 2՝ հյուսիսային ու հարավային հատվածների, համապատասխանաբար Էրեբունի և Վան կենտրոններով։ Այսպիսով՝ Էրեբունին կրկին դառնում է վարչաքաղաքական կենտրոն։ Բերդում գտնվել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ. թ. ա. 478 թվականին, ինչը վկայում է այստեղ կատարված միջազգային առևտրի մասին։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի[13]։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Հայաստանը վերականգնում է իր անկախությունը, և պետության կենտրոնը վերջնականապես տեղափոխվում է Արարատյան դաշտ։
Մ. թ. ա. 330 թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը։ Դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիների թագավորական տոհմը (մ. թ. ա. 580–201) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիս Արտաշեսյանների դինաստիան (մ. թ. ա. 190–1)։ Հայ թագավորները հրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ Վանից ու Էրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտ։ Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, իսկ Արշակունիների հարստության (66–428) ժամանակ՝ Վաղարշապատը և Դվինը։ Էրեբունին վերջնականապես զրկվում է վարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։ Հայոց թագավորության շրջանում 3-րդ դարի մանիքեական տեքստերից մեկում մեջբերվում է Ռավան բնակավայրը, որը կարող էր լինել ներկայիս Երևանը։ Ըստ արձանագրության՝ Մանի մարգարեի աշակերտներից մեկը այդտեղ քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության՝ բնակավայրը կառավարում էր ինչ-որ միապետ։
5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին[13]։ Եկեղեցու քանդման ընթացքում հայտնաբերվել է ավելի վաղ՝ հելենիստական շրջանի մշակութային շերտ։ 5-7 դարերի գերեզմաներ է հայտնաբերել նաև Կարո Ղաֆադարյանը Երևանի Կոզեռնի գերեզմանատան քանդման ընթացքում։ Այսպիսով վաղ միջնադարյան շրջանում Երևանը իր ներկայիս վայրում եղել է արդեն կազմավորված բնակավայր՝ քրիստոնեա՝ ենթադրվում է, որ հայ բնակչությամբ։
7-րդ դարում Արաբական թերակղզում ստեղծվում է Արաբական խալիֆայությունը։ Այն հիմնվում է արաբների ընդունած նոր կրոնի՝ իսլամի շնորհիվ, և արագորեն դառնում աշխարհի՝ մինչ այդ եղած պետություններից ամենախոշորն ու զարգացածը։ 640 թվականի արշավանքի ժամանակ դեպի տարածաշրջան արաբները գրավում են հայոց եկեղեցու կենտրոն ու Հայաստանի մայրաքաղաք Դվինը։
Այս շրջանին է պատկանում Երևան անվան առաջին հստակ մեջբերումը տարեգիրների կողմից. 642-643 թվականներին[14] արաբական բանակը ներխուժում է տարածաշրջան ու, ըստ Սեբեոսի հայտնի արձանագրության, երկու անգամ պաշարում է Երևանի բերդը ու չի կարողանում այն գրավել[15].
Եվ եկին ժողովեցան ի Հէրևան, և մարտեան ընդ բերդին, և ոչ կարացին առնուլ։
Այդ ու ամենայնիվ այս արձանագրության շուրջ առկա են բազմաթիվ տարակարծություններ, թե արդյոք սա նույն Երևանն է, ինչ ներկայիս Հայաստանի մայրաքաղաքը։ Սակայն գերակշռող կարծիքները հակված են ընդունել, որ գործ ունենք Երևանի հետ ու որ այդ օրերին փաստորեն Երևանում կար բերդ, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ Երևանը տարածաշրջանում եղել է նշանակալի միավոր։ Հարցը, թե արդյոք սա նույն բերդն է եղել, ինչ 16-րդ դարում Իսմայիլ շահի կողմից կառուցված բերդը, մնում է բաց։ Բերդի պաշարման մասին գրել են նաև Հովհաննես Դրասխանակերտցին ու Սամվել Անեցին։ Սակայն համադրելով փաստերը Թադևոս Հակոբյանը նշում է, որ ըստ երևույթին նրանք նկատի են ունեցել երկու տարբեր արշավանքներ, որոնցից մեկը տեղի է ունեցել 643 թվականին, մյուսը՝ 658 կամ 660 թվականին[16]։
Բյուզանդիայից օգնություն ստանալու համար կաթողիկոս Ներսես Գ-ի ու Թեոդորոս Ռշտունու վարվող բանակցությունները ավարտվում են Հայաստանին առաջադրած վերջնագրով՝ ընդունելու քաղկեդոնականություն, որը Հայաստանը կտրուկ մերժում է։ 652 թվականին Բյուզանդիայի կայսր Կոնսդանտ Բ-ն ներխուժում է Հայաստան, գրավում Դվինն ու ստիպում կաթողիկոսին ուղղափառ ավանդույթով պատարագ իրականացնել։ Սա իր հերթին բերում է սուր հակաբյուզանդական տրամադրությունների ու սպարապետ Թեոդորոս Ռշտունու կողմից արաբկան խալիֆայության հետ Դամասկոսի պայմանագրի կնքումը, որով բավական մեղմ պայմաններ էին հաստատվում Հայաստանի համար, Հայաստանը հարկեր մուծելու էր ըստ հնարավորության, սակայն ճանաչելով Խալիֆի գերակայությունը։
703 թվականի ձմռանը Երևանը գրավել է արաբ ոստիկան Մուհամադ իբն Մարվանը՝ տարի, երբ Արաքսը փակվել էր սառույցով[17]։ Նույն թվականի հունվարի 23-ին[18], քանի դեռ Երևանի ճակատամարտը դեռ ընթացքի մեջ էր, Դվինում արաբները ցուցադրաբար մահապատժի են ենթարկում Հայաստան տեղափոխված արաբ գնդապետ Սուրխանին, ով մինչ այդ քրիստոնեություն էր ընդունել, ստացել Դավիթ անունը, ամուսանցել ու երեխաներ ունեցել Հայաստանում[19]։ Եկեղեցու մեջ կենդանի այրվում են նաև հայ ազնվականության ներկայացուցիչները, ովքեր հրավիրվել էին Նախիջևանի Խրամ գյուղում բանակցությունների։
Իսկ 850 թվականին Հայոց իշխան, ապագա թագավոր Աշոտ Բագրատունին ազատագրում է Երևանը Դվինի ամիրայի զորքերից և միացնում իր կալվածքներին։ Երևանը սկսում է զարգանալ որպես հայկական միջնադարյան քաղաք՝ Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ։ 874 թվականին Սևանի Առաքելոց եկեղեցու պատի արձանագրության համաձայն՝ Աշոտ Բագրատունու դուստ Մարիամը կառուցել է եկեղեցին ու նվիրաբերել դրան մի քանի գյուղ ու այգիներ Երևանում ու Գառնիում[20]։
863 (Ռիխտերի սանդղակով 5 բալ՝ 8 մագնիտուդով) ու 893 (Ռիխտերի սանդղակով 6․5 բալ՝ 9 մագնիտուդով) թվականներին Արարատյան դաշտը դառնում է երկու խոշոր երկրաշարժերի էպիկենտրոն, որում մեծ վնասներ է կրում Դվինը ու ողջ շրջակայքը՝ ներառյալ Երևանը։ 893 թվականին երկրաշարժին զոհ գնացին մոտ 150 000 մարդ։
10-րդ դարի 20-ական թվականներին Խալիֆաթը ստիպված ընդունում է Արարատյան դաշտի միացումը Բագրատունյաց Հայաստանին, ու Աշոտ Բ Բագրատունին ստանում է Հայաստանի ու Վրաստանի Շահինշահ կոչումը։
11-րդ դարում Երևանում էր ապրում իր օրերի նշանավոր փիլիսոփաներից մեկը, պայծառատես, աստղագետ՝ եպիսկոպոս Հովհաննես Կոզեռնը։ 1022 թվականին նա հայոց թագավար Հովհաննես-Սմբատի անունից հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հետ միասին մասնակցել է Բյուզանդիայի կայսր հայազգի Բարսեղ Բ Բուլղարասպանի հետ բանակցություններում՝ հայոց հողերի կարգավիճակի ու Բյուզանդիայի կազմի մեջ հնարավոր մտնելու վերաբերյալ։ 1036 թվականին Հովհաննես Կոզեռնը արևի խավարումից հետո կատարել է կանխատեսում, որ մոտ ժամանակ մեծ փորձություններ են սպասվում քրիստոնեա հավատքի համար, դաժանության ու անարդարության մասին։ Իր մահից հետո Հովհաննես Կոզեռնը հուղարկավորվել է Երևանի հին գերեզմանում, որը դրանից հետո սկսել է կոչվել իր անվամբ՝ Կոզեռնի գերեզմանատուն, ու հանդիսացել է Երևանում հայկական անընդմեջ ներկայության հերթական ապացույց։
11-դարի 40-ականներին մայրաքաղաք Անին իր շրջակայքով մտնում է Բյուզանդիայի կազմի մեջ։
Երևանում այդ ժամանակ իշխում էր Պահլավունի տոհմից Ապիրատ իշխանը, ով ուներ ենթակայության տակ 12 հազարանոց (ըստ այլ աղբյուրների 20 հազարանոց) զորք։ Նա 1036 թվականին կառուցում է Երևանի Մամռի ջրանցքը, որը սկիզբ է առնում Քանաքեռի մոտից, ձգվում է դեպի Կոնդի ու Շահարի այգիները ու լցվում Թոխմախի լիճ։ Ջրանցքը գործել է մոտ 1000 տարի ու վերջնականապես քանդվել 20-րդ դարի կեսերին։
1064 թվականին տարածաշրջան իր երրորդ արշավանքի ժամանակ սելջուկ սուլթան Արփ Ասլանը գրավեց Արարատյան դաշտն ու Երևանը, իսկ 1071 թվականին ջախջախեց բյուզանդական բանակը Մանազկերտի մոտ։ Երևանը մտավ Անիի էմիրության մեջ, որը ղեկավարում էր քուրդ Շեդդադիդ ընտանիքը։
Հետագա սելջուկ-կաթոլիկ հակամարտությանն ընդառաջ ուժեղանում է Վրաստանի իշխանությունը։ Դավիթ Դ Շինարար թագավորը գրավում է Անին ու Դիդգորի ճակատամարտում 1121 թվականին ջախջախում սելջուկյան բանակը։ Երևանը մնում է սելջուկյան տիրապետության տակ ևս 80 տարի, մինչ վրաց Թամարա թագուհու ամիրպալասար (բանակի հրամանատար) Զաքարե Զաքարյանը ու իր ուղղափառություն դավանող եղբայր Իվանե Զաքարյանը 1199-1203 թվականին գրավում են ողջ Արարատյան դաշտը՝ միացնելով Երևանը վրաց պետությանը։
1201 թվականին Հառիճավանքի պատին Զաքարեի թողած մի արձանագրության մեջ նշվում է Զաքարեին պատկանող կալվածքների մասին՝ այդ թվում նաև Երևանում, որոնցից երկուսը նա նվիրաբերել է Հաջիճավանքին ու Հաղարծնի վանքերին[21]։ Զաքարեի մահից հետո Իվանեն Հաղարծնի վանքի պատին թողել է արձանագրություն, որ ի պատիվ եղբոր վանքին է նվիրաբերում մի շարք տարածքներ՝ ներառյալ մի այգի Երևանում[22]։ Այս շրջանում վերակառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ երկրի տարածքով մեկ՝ ներառյալ նաև Երևանի Կաթողիկե եկեղեցին։ Հավանաբար Երևանը այդ շրջանում կառավարվել է ավագանիների խորհրդի կողմից, որոնց անունների պատմությունը պահպանել է Մխիթարի, պարոն Վարդի, Դոլի, Հուսիկ Երևանցու անունները[14]։
Եվս մի քանի տասնամյակ անց՝ 1230-1240 թվականներին Հայաստանը գրավում են մոնղոլները, որոնց դեմ որոշ ժամանակ պայքար էին մղում վրաց-հայկական զորքերը՝ Վրաստանի Դավիթ Զ թագավորի գլխավորությամբ։ Երևանը դառնում է մոնղոլական խուլագուիդների Իլխանության մաս, երբ այն ղեկավարում էր Չինգիզ խանի ծոռ Աբագին՝ Խուլագուիդների իշխանության հիմնադիր Խուլագու խանի որդին։ Մոնժոլները վարում էին խիստ հարկային քաղաքականություն, սակայն ընդունում էին ավանդական տեղական ֆեոդալներին՝ շահագրգռված լինելով գրավյալ հողերի տնտեսական զարգացմամբ։ Այս օրերին մեծ դեր էին խաղում մի շարք հայ մեծահարուստներ, որոնցից հայտնի են պարոն Ավետենց տոհմի Սահմադինը, ով 1264 թվականին գնել է «Երևանը իր ողջ հողերով ու ջրով»[23], ու իր երկու որդիներ Ամիրբեկն ու Հազարբեկը, պարոն Չար Ումեկյանը ու իր որդի Ումեկը, Տիգրան Հոնենցը՝ Անիի հայտնի եկեղեցու կառուցողը, ով Երևանում 1215 թվականին մի այգի ուներ։
Ժամանակի ընթացքում Իլխանության նոր ղեկավարների կողմից իսլամ ընդունելու հետ մեկտեղ ավելանում են ճնշումները հայերի նկատմամբ, ինչը բերում է մեր տարածաշրջանից արտագաղթի աճի։ 14-րդ դարում Իլխանության թուլացման շրջանում Երևանը ղեկավարվում էր թուրքացած մոնղոլական սուլդուս ցեղի՝ Չոբանիդների կողմից։ Մուսուլմանական բնակչությունը այնքան էր մեծացել, որ հայտնի ճանապարհորդ Մարկո-Պոլոն իր քարտեզի վրա Մեծ ու Փոքր Հայքերի միջև տեղադրում է նաև Թուրքմենստանը։
1387 թվականին Արարատյան դաշտ է ներխուժում քեշթական ավազակների առաջնորդ Լենկթեմուրը, ով Երևանում տանջամահ է անում 500 հայի։ Ավելի դաժան է վարվում Վրաստանի հետ, որտեղ սպանում է հազարավոր մարդկանց, իսկ մոտ 100 հազարի գերեվարում է, ովքեր հազարավոր գերեվարված հայերի հետ տեղափոխվում են Միջին Ասիա՝ կառուցելու նոր մայրաքաղաք Սամարղանդը։
Չնայած Թեմուրի պետությունը կենտրոնացած ձևով գոյատևեց մի քանի տասնամյակ, իր գործողությունների ազդեցությունը հիմնովին փոխեց ողջ տարածաշրջանը։ Նա տեղափոխեց մինչ այդ Պարսկաստան տեղափոխված 200,000 քոչվոր ընտանիքներից 50,000-ը դեպի Երևան, Գանձակ ու Արցախ։ Այդ տեղափոխված բազմությունը դարձավ ներկայիս Հարավային Կովկասի իսլամադավան բնակչության ու Ադրբեջանի հիմքը[24]։
15-րդ դարի սկզբին Լենքթեմուրի որդի Միրան շահի դեմ են դուրս գալիս մոնժոլական Ջալաիրիդների ցեղի առաջնորդ Ահմադը՝ կոչված Իրաքի ու Հայաստանի սուլթան, նրան միացած Կարա-Կոյունլու ցեղերի առաջնորդ Կարա-Յուսուֆը ու վերջինիս միացած Սյունիքի իշխան Սմբատ Օրբելյանը։ 1408 թվականին ջախջախվում է Թեմուրի որդու բանակը, իսկ վերջինս սպանվում է։ Որոշ ժամանակ հետո սպանվում է նաև Ահմադ Ջալաիրիդը՝ թողնելով Կարա-Յուսուֆին նորաստեղծ Կարա-Կոյունլու պետության միանձնյա ղեկավար։ Կարա-Կոյունլու թարգմանաբար նշանակում է «Սև ոչխար արածեցնողներ»։
Մուսուլմանական բազմադարյա իշխանության արդյունքում պահպանելու համար տարածշրջանում հայկական բնակչությունը 14-րդ դարի վերջում - 15-րդ դարի սկզբում Գրիգոր Տաթևացին Երևանում ձեռնադրում է մի շարք հոգևորականների, այդ թվում Թովմա Մեծոփեցուն։ Վերջիններս Երևանում գրի էին առնում Տաթևացու պատգամները, «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» ու մի շարք այլ գրքեր։ Մեծոփեցին Հովհաննես Հերմոնեցու հետ միացին Երևանի Յաղուբ-բեկից ստանում են թուլատվություն 1441 թվականին Հայ Առաքելական եկեղեցու նստավայրը Կիլիկիայից տեղափոխել Արարատյան դաշտ՝ Էջմիածին, ինչը մեծապես ազդում է հայկական բնակչության դիրքերի ամրապնդմանը։ Երևանի մեծացած դերի մասին կարելի է դատել նաև այն փաստից, որ առաջին եկեղեցական ժողովը, որում պետք է ընտրվեր նոր կաթողիկոս, նախ հավաքվել է Երևանում, այնուհետև մեծ շուքով շարժվել դեպի Էջմիածին[25]։
Կարա-Կոյունլու ղեկավար Կարա-Իսկանդերը բնիկների՝ հայերի աջակցությունը ստանալու համար իրեն հռչակում է իրեն հայոց թագավոր, արտոնություններ է տալիս հայերին, իսկ վերջինիս որդի Ջահան շահը եկեղեցին ազատում է հարկերից։ Կարա-Կոյունլուների որոք ծաղկում է Տաթևի համալսարանը, ստեղծագործում են Տերտեր Երևանցի, Ներսես Երևանցի պատմիչները, և այլք։
Կարա-Կոյունլուները իրենց ցեղապետ՝ Ամիր Սաադի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ։ 14-րդ դարի վերջերին նրանք հիմնեցին Երևանի կուսակալությունը, որը Ամիր-Սաադի անունով հայերը կոչեցին Սաադի փոս կամ Սահաթափոս, իսկ օտարները՝ Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[26][27]։ Այս անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ՝ թարգմանվելով որպես «Երջանիկ հովիտ»։
Այս շրջանին է պատկանում նաև Արգավանդում պահպանված Կարա-Կոյունլու Ամիր-Սաադի դամբարանը՝ կառուցված 1413 թվականին։
1467 թվականին Ակ-Կոյունլու հրամանատար Ուզուն-Հասանը՝ թեմուրիդների հետ միասին ջախջախում են Կարա-Կոյունլու Ջահան շահին, ու հռչակում Ակ-Կոյունլու պետություն՝ մայրաքաղաքը Թավրիզում։ Ակ-Կոյունլու թարգմանաբար նշանակում է «Սպիտակ ոչխար արածեցնողներ»։ 1479 թվականին իշխանության եկած Յաղուբ-բեկը 1485 թվականին 40 հայ ազնվականների հավաքում ու ստիպում է զանգվածաբար իսլամ ընդունել։ Այդ օրերին հայերը սպանվում էին անպատիժ կերպով։
1501-1502 թվականների այդ օրերին դեռևս 17 տարեկան, իսկ ապագայում Իսմայիլ I շահը պատերազմում ու տապալում է Ակ-Կոյունլու պետությունը՝ հիմնելով Սեֆյան Պարսկաստանը։ Երևանը մնում է տարածաշրջանային կենտրոն՝ Չուխուր-Սաադի կենտրոն։ Երևանում Իսլամիլ շահը իր վեզիր Ռևան խանի միջիոցով կառուցում է Երևանի բերդը՝ ամրապնդելով քաղաքը, որպես սահմանային լուրջ հիմնակետ։ Նա Իրաքից Երևան է տեղափոխում նաև Սաադլու ցեղի թյուրքերի՝ մուսուլմանական տարրը ուժեղացնելու համար։
Հայ ժողովուրդը 15-րդ դարից սկսած զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[28]։ Անկում էին ապրել Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[29][2], ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները[29][2]։ Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում[29]։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայոց պետականության մնացորդները՝ մանրումիջին իշխանությունները[29], որոնք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[29][30]։ Դարի թերևս միակ նշանակալի իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ, և եկեղեցին սկսեց համախմբել հայ ժողովրդին իր շուրջ[29]։ 1440 թվականից Երևանը դառնում է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոն[31]։
Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում հայտնվում են նորաստեղծ շահական Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[32][33]։ Հայաստանը ավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ[2]։ 1502 թվականին թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[29][32][33] ձևավորվում է Երևանի կուսակալությունը (պարս.՝ بیگلربیگی ایروان Beglarbegi-e Īravān)։ Նրա տարածքը շուրջ 45,000 կմ² էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[2][32]։ Այժմ համապատասխանում է Հայաստանի կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք պատկանում են Թուրքիային[2] և Նախիջևանից, որն ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[2]։
1582–1583 թվականներին օսմանյան հրամանատար Ֆարհադ փաշան գրավում է Երևանը և Հրազդանի ափին կառուցում Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյա հայկական ամրոցի հիմքերի վրա[33]։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր՝ շուրջ 800 տուն[32]։ Երևանի բերդը հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչության համար[2][32]։
Ըստ 1590 թվականի օսմանյան հարկամատյանի, այսինքն մինչ Շահ Աբբասի 1604 թվականի մեծ տեղահանությունը՝ Երևանի նահիեի մաս կազմող Երևան քաղաքը ուներ 29 մուսուլման հարկատու, որոնց թվում չկային ամուրիներ։ Այսինքն Երևանում բնակվում էր 29 մուսուլման ընտանիք։ Քրիստոնյա հարկատուների թիվը 377 էր, որոնց թվում 4-ը ամուրի։ Այսպիսով Երևանում բնակվում էր 373 քրիստոնյա ընտանիք ու 4 ամուրի։ Այդ շրջանում քաղաքը բաժանված է եղել թվով 6՝ Մարտիրոսի, Միրզայի, Քուչեք Քայքըի, Իսալուի, Բուրանջա Օհանի և Դերեգույի թաղերի միջև, ուր բնակվել է տեղի քրիստոնյա բնակչությունը[34]։
Հաշվի առնելով թուրք օսմանագետ Օմեր Լյութֆի Բարքանի՝ յուրաքանչյուր ընտանիք միջինը բաղկացած է եղել 5 անդամից[35], Երևան քաղաքի բնակչությունը 1590 թվականին կազմել է շուրջ 1869 քրիստոնյա և 145 մուսուլման[36]։
1604 թվականին Երևանը կրկին անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Ամիրգունա խանի (1604–1628) օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրորդ գիծը։ 1603-1604 թվականներին Շահ-Աբբասի իրականացրած հայերի բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել[32]։ 300,000 բռնագաղթված հայերի փոխարեն վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը չէր հասնում 100 հազարի։
17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ 1724 թվականին թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, որի ժամանակ պաշարում են նաև Երևանի բերդը։ Հայերը հերոսաբար պաշտպանվում են[2], սակայն, երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում բերդի դարպասները[32]։ Թուրքերը հաշվեհարդար են տեսնում բերդաքաղաքի փոքրաքանակ հայության հետ[2][37] և վերացնում Երևանի կուսակալությունը[29][2][33]։
Երևանի խանությունը (պարս.՝ خانات ایروان – Khānāt-e Īravān) միջնադարյան կալվածատիրական կիսաանկախ իշխանապետություն էր 1747–1828 թվականներին։ Նրա տարածքը կազմել է շուրջ 19,500 կմ²՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը։ Հերթական թուրք-պարսկական պատերազմից հետո՝ 1603–1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով հայաթափված Երևանի նահանգ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։
Երևանի խանությունը կիսաանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Այն բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ), Արտաշատի (Գառնիբասար), Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի և այլն։ Մահալներում կային մյուլքադար–հողատերեր՝ խաներ, բեկեր, հայ մելիքներն ու հայկական եկեղեցին։ Երևանի խաները հիմնականում թյուրքական ծագում ունեցող իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին[38][39][40][41]։
Երևանի բերդը արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով ու հողե պաշտպանական շերտով, ուներ երկու մզկիթ, բաղնիք և շուկա։ Այստեղ էր գտնվում նաև Սարդարի նշանավոր պալատը։ Զբաղեցրել է 7 հեկտար տարածություն՝ ամրացված 10,5–12 մետր բարձրությամբ երկշարք պարիսպներով[42]։ Երևանի բերդը կանգուն է մնացել ավելի քան 3 դար՝ իր մզկիթների ու եկեղեցիների հետ միասին ավերվելով 1920-ական թվականների վերջին[43]։ Երևան քաղաքն առանձին վարչական միավոր էր, որը կառավարում էր խանի նշանակած դարուղան (ոստիկանապետը)։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Երևանի թաղերի կարգ ու կանոնի պահպանումը, հարկերի բաշխումն ու հավաքումը իրականացնում էին թաղային ավագները՝ մելիքները։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։
Հայկական մարզը 1828–1840 թվականներին, (ռուս.՝ Армянская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Նրա տարածքը կազմել է շուրջ 21000 կմ² և զբաղեցրել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել հայկական Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գանձակը, Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)[44]։
Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, 1603–1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով պարսիկները խանության բնիկ հայ բնակչությանը գերեվարել էին Պարսկաստան։ Ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրեցին Երևանի բերդը, խանության 100.000 հպատակներից միայն 23000-ն էին ազգությամբ հայ[45]։ Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին ընդամենը 12000-ը։ Միայն Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը[46]։
1828–1830 թվականներին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին կազմակերպում են հայերի հայրենադարձությունը Ռուսական կայսրության հայկական գավառներ։ Հայաստան են ներգաղթում Իրանից 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75–80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում, իսկ մնացածները՝ Ռուսական կայսրությանը հպատակ հայկական Ջավախքի, Սյունիքի, Արցախի, Գարդմանի գավառներում։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են ներգաղթում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Ավելի ուշ Հայկական մարզի տարածք են ներգաղթում նաև հազարավոր ռուսներ։ Ռուսական կայսրության հայկական գավառներից արտագաղթում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հարավային Կովկասում հայերի ընդհանուր թիվը հասնում է 300.000-ի։ Երկար դարեր անց, հայերը վերջապես կարողանում են հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։
Երևանի նահանգը (1828–1840), վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում[33]։ Նրա տարածքը կազմել է շուրջ 28,000 կմ²[32]՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգը Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի հետ միացվել է Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս՝ Երևան մայրաքաղաքով[29]:
Երևանը արևելյան քաղաք էր՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Երևանի փողոցների լայնությունը չէր գերազանցում 3–4 մետրը[47]։ Երկու կողմերով անցնում էին առուներ։ Քաղաքը ուներ մի շարք հայտնի քաղաքամասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարս.՝ شهر քաղաք), շուկան՝ Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանի թաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն[29][47]։ 1832 թվականին բացվել է Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմական դպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը[47]։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը[29]։ 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց[48]։ 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը, իսկ 1881 թվականին՝ Երևանի ուսուցչական սեմինարիան, այժմ՝ ԵՊՀ մասնաշենք։ 1881 թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները[10]։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին[10]։ Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը[49]։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ[10]։ 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից[47]։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանի բնակչությունը անցավ 35,000-ը[10]։
1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում[50] ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։
1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով վերջինս ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։ Դրանով վերականգնվեցին ՀՀ սահմանները՝ ներառելով Երևանի նահանգը ամբողջությամբ, Կարսի մարզի մեծ մասը, Ելիզավետպոլի նահանգի լեռնային շրջանները՝ Սյունիքը, Արցախը և Տավուշը, Թիֆլիսի նահանգի հայկական տարածքները՝ Ախալքալաքը և Լոռին։
Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ Երևան բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝ ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից[50]։ Նրանց մի մասը գաղթականներ էին[50]։ 1919 թվականին բացվում է Երևանի պետական համալսարանը։ Բազմաթիվ սփյուռքահայեր իրենց պատրաստակամությունն են հայտնում ներդրումներ կատարել նորանկախ Հայաստանում, իսկ ոմանք կտակում են իրենց ունեցվածքը[50]։ 1920 թվականին Մոսկվայում սկսվել էին հայ-ռուսական բանակցությունները։ Հոկտեմբերի կեսին, թուրք-հայկական պատերազմի ժամանակ, Երևանում սկսվեց բանակցությունների երկրորդ փուլը։ Հոկտեմբերի 28-ին ստորագրվեց հայ-ռուսական նախնական հաշտության պայմանագիրը, որի նախագծով Ռուսաստանը պետք է ստիպեր թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թվականի սահմանը, ինչպես նաև ճանաչել ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեգուրի նկատմամբ։ Հայաստանը պարտավորվում էր հրաժարվել Սևրի պայմանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տալ խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա[50]։ Սակայն հոկտեմբերի 31-ին հայկական զորքը առանց դիմադրության թուրքերին հանձնեց Կարսը։
Ադրբեջանում ստեղծված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ) Սարգիս Կասյանի նախագահությամբ և Կարմիր բանակի ուղեկցությամբ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Ղազախից մուտք գործեց Հայաստան՝ Քարվանսարա (Իջևան) ու հայտարարեց Հայաստանի խորհրդայնացման մասին։ Հայկական զորքը դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորամասերին։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն օրը սակայն, Ալեքսանդրապոլի պայմանագրով Ալ. Խատիսյանի գլխավորությամբ հայկական կողմը պաշտոնապես հրաժարվեց Սևրի պայմանագրից և Թուրքիային զիջեց Կարսի մարզը և Շիրակը[50]։
Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը։ ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունն առանձնացնել։ Սարգիս Կասյանի օրոք՝ 1920–1921 թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Հայաստան են տեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։
1921 թվականին կազմակերպվեց «Արարատ» տրեստը, որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ 1924 թվականին հրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվող կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչելու մասին[2]։ Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ 1926–1927 թվականներին շարք մտան մի շարք գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1933 թվականին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը, որը դարձավ ԽՍՀՄ հարվածային կառույցներից մեկը։ 1936 թ. կառուցվեց Քանաքեռգէսը[2]։ 1936 թվականի օգոստոսի 17-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր խորհուրդը որոշեց մինչ այդ կիրառվող «Էրիվան» անվանումը փոխարինել «Երևան» անվանումով[51]։ Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։
1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1935 թվականին բացվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը, որի հիման վրա Հովսեփ Օրբելին և մի շարք հայ գիտնականներ 1943 թվականին պետք է ստեղծեին ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան:
1941 թվականի հուլիս-օգոստոսին հազարավոր երևանցիներ մեկնեցին բանակ։ Երևանում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդ հայկական հրաձգային դիվիզիաները։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյան թերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար ԽՍՀՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով 1943 թվականին շնորհվեց «Թամանյան» տիտղոսը[50], Գրոզնու մատույցներից հասավ Բեռլին։ Քաղաքի տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերին, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թողարկման։ Ավելացավ քիմիական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Երևան էվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից, Դոնի Ռոստովից, Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։
Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին մի կամուրջ, որը կոչվեց Հաղթանակի։ Ռազմագերիները կառուցել են նաև Արարատ կոնյակի գործարանի շինությունները, և այլ կառույցներ։ Երևանում բացվում է Հաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինի արձանը, ավելի ուշ փոխարինվում է Մայր Հայաստանի արձանով։
Հետպատերազմյան շրջանում բուռն թափով շարունակվեց Երևանի զարգացումը։ Շահագործման հանձնվեցին նոր ձեռնարկություններ, որոնց արտադրանքն իր նշանակությամբ հաճախ դուրս էր գալիս ոչ միայն հանրապետության, այլև ԽՍՀՄ սահմաններից։ Շարք մտան էլեկտրաճշգրիտ սարքերի, Քանաքեռի ալյումինի (ԿԱՆԱԶ), «Պոլիվինիլացետատ», ֆրեզերային հաստոցների, հիդրոհաղորդակ, մետաղակերամիկայի, պոլիպլաստ, գեղարվեստական ժամացույցների, քիմիական ռեակտիվների, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական կոմբինատները, կահույքի ֆաբրիկան, մետաքսի կոմբինատը, դաշնամուրի ֆաբրիկան, մի քանի տասնյակ այլ ձեռնարկություններ։ Արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ ընդլայնվեց նրա էներգետիկ բազան. Աթարբեկյանգէսի և Երևանի 2-րդ հիդրոէլեկտրակայանի գործարկմամբ ավարտվեց Սևան-Հրազդան կասկադը։ Այնուհետև սկսեցին գործել Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանները։ 1959-1960 թվականներին կառուցվեց Աղստաֆա-Երևան գազամուղը, և բնական գազը Ադրբեջանից հասավ Հայաստանի մայրաքաղաք[2]։
1965 թվականին Երևանում կազմակերպվեց բազմահազարանոց բողոքի ակցիա, ցույց՝ Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցի կապակցությամբ։ Սա իր բնույթով եզակի հանրահավաք էր և նախադեպը չուներ ԽՍՀՄ պատմության մեջ։ Որոշ ժամանակ անց ավարտին հասցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը։ 1968 թվականին մեծ շուքով նշվեց Երևանի 2750-ամյակը։
1978 թվականին ծնվեց Երևանի միլիոներորդ բնակիչը։ Այդ ժամանակ աշխարհում մեկ միլիոն բնակչությամբ շատ հազվագյուտ քաղաքներ կային։ Հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էին աշխարհում՝ Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը, Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, վերակառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին, նոր շուք ստացավ Լենինի հրապարակը։
Արցախի հայությունը 1988 թվականին ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց՝ նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ[50]։ Երևանում սկսվեցին համազգային ցույցեր ու հանրավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության։ Ադրբեջանը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն Արցախի տարածքում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ու շրջափակումը չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ազատագրելու իրենց հայրենիքի մի մասը՝ Արցախը[52]։
1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում էր կայացրել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվե անցկացնող հանձնաժողովի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր, տեղակալները՝ նախարարների խորհրդի առաջին տեղակալ Գևորգ Վարդանյանը և պատգամավոր Տեր Հուսիկ Լազարյանը, քարտուղարը՝ պատգամավոր Խաչատուր Բեզիրջյանը։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը (2.43 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 94.4 %) «այո» ասաց քվեարկության դրված հարցին՝ «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»[50]։ Հանրաքվեի արդար ու թափանցիկ անցկացնելու վերաբերյալ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից։
Սրանով ծնունդ առավ Հայաստանի երրորդ հանրապետությունը, որպես Հայաստանի առաջին (1918-1920) և երկրորդ (խորհրդային՝ 1920–1991) հանրապետությունների ժառանգորդ։ Անկախացումից հետո երկիրն ուներ մի շարք խնդիրներ՝ քայքայված տնտեսություն, ավերիչ երկրաշարժից մնացած ավերակներ ու զանգվածային մարդկային զոհեր, ինչպես նաև Արցախի հարցը[52]։
1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ, որի արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ (83 %), Հայաստանի Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։
Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991 թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ ճգնաժամը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առջև։
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին[50]։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը[52]։
Պատերազմական ժամանակաշրջանում Երևանը կրեց զգալի կորուստներ. շարքից դուրս եկավ տնտեսությունը, պակասեց բնակչության թիվը։
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում[53]։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Մայրաքաղաք Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելքում՝ հյուսիսային լայնության 40° 04' – 40° 14' և արևելյան երկայնության 44° 23' – 44° 37' միջև, երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7–8-բալանոց սեյսմիկ և չորրորդ ժամային գոտիներում։ Առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։
Երևանը ժամանակին մտել է Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։ Սահմանակից է Հայաստանի Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերին[52]։
Քաղաքն ունի ամֆիթատրոնի տեսք. ներքևում քաղաքի կենտրոնն է, իսկ թաղամասերը բարձրանում են լանջերն ի վեր։ Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա համայնքներում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք համայնքները։ Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա[52]։
Երևանը, ինչպես և ամբողջ Հայաստանը, գտնվում է Գրինվիչի միջօրեականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00[54]:
Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Երևանի ժամանակը դարձել է անփոփոխ՝ Հայաստանի համապատասխան օրենքի փոփոխությամբ[55]։
Երևանը գտնվում է բարեխառն գոտու ցամաքային հատվածում, շրջապատված լեռներով ու լեռնաշղթաներով։ Երևանի առջև Արարատ լեռան տեսարանն է, իսկ հյուսիսում վեր է խոյանում Արագածը. այսպիսով, Երևանը թուրքական սահմանից հեռու է ընդամենը քսանհինգ կիլոմետր։ Արևելքում Գեղամա լեռներն են, Սևանա լիճը։ Քաղաքից արևմուտք և հարավ սփռված է ընդարձակ Արարատյան դաշտը։ Դարեր շարունակ Երևանի կլիման եղել է անապատա–կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Ջրային հիմնական աղբյուրը լեռնային գետերն էին։ Դրանց շնորհիվ Արարատյան դաշտի բնակչությունը ստեղծել էր այգիներ ու ցանքատարածություններ՝ վերակենդանացնելով այդ տարածքները։ Ամենուրեք առկա էին լքված քարային տարածքներ, որտեղ բազմացել էին օձերը, սարդերը, կարիճները, շատ էին փշածածկ տարածքները։
Վերջին դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնավոր ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ։ Մշակվում ու բարեկարգվում են հողային տարածքների, և վերածվում այլ տիպի՝ կուլտուր–ոռոգելի։ Երևանի մերձակայքում հիմնվում են լճակներ, որտեղ զբաղվում են ձկնաբուծությամբ։ Քաղաքին նոր շուք են տալիս բուսաբանական ու կենդանաբանական այգիները։ Կանաչապատվում են նաև բակային տարածքները, տնկվում են հիմնականում բարդի և կաղնի, ինչպես նաև պտղատու ծառեր։ Երևան են բերվում եղևնիներ ու սոճիներ։ Ծառատեսակներ են բերվում նաև արտասահմանից. դրանցից էր, օրինակ, ռուսական չերյոմուխա ծառը, որի անունով էլ կոչվել է Աջափնյակ համայնքի մի մասը։ Բազմազան է դարձել կենդանական աշխարհը, քաղաքային կյանքին սովոր բազմապիսի թռչուններ են հայտնվել Երևանում։
Երևանը գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները ցուրտ են, երբեմն՝ ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Տեղումների հիմնական մասը գալիս է գարնանը, մասամբ՝ աշնանը։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների սակավությանը զուգահեռ՝ շատ են արևային ժամերը, երկինքը պարզ է հիմնականում ամբողջ տարին։ Մառախլապատ կամ ամպամած եղանակը, հատկապես ամռանը, հազվադեպ երևույթ է[52]։
Երևանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.5 (67.1) |
19.6 (67.3) |
28.0 (82.4) |
35.0 (95) |
34.2 (93.6) |
38.6 (101.5) |
41.6 (106.9) |
42.0 (107.6) |
40.0 (104) |
34.1 (93.4) |
26.0 (78.8) |
20.0 (68) |
42.6 (108.7) |
Միջին բարձր °C (°F) | 1.2 (34.2) |
5.5 (41.9) |
12.6 (54.7) |
19.4 (66.9) |
24.1 (75.4) |
29.9 (85.8) |
33.7 (92.7) |
33.4 (92.1) |
28.7 (83.7) |
21.0 (69.8) |
12.4 (54.3) |
4.6 (40.3) |
18.9 (66) |
Միջին օրական °C (°F) | −3.6 (25.5) |
0.1 (32.2) |
6.3 (43.3) |
12.9 (55.2) |
17.4 (63.3) |
22.6 (72.7) |
26.4 (79.5) |
26.1 (79) |
21.1 (70) |
13.8 (56.8) |
6.2 (43.2) |
−0.2 (31.6) |
12.4 (54.3) |
Միջին ցածր °C (°F) | −7.5 (18.5) |
−4.4 (24.1) |
0.7 (33.3) |
7.0 (44.6) |
11.2 (52.2) |
15.4 (59.7) |
19.4 (66.9) |
18.8 (65.8) |
13.4 (56.1) |
7.5 (45.5) |
1.1 (34) |
−3.9 (25) |
6.6 (43.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −27.6 (−17.7) |
−26 (−15) |
−19.1 (−2.4) |
−10.2 (13.6) |
−0.6 (30.9) |
3.7 (38.7) |
7.5 (45.5) |
7.9 (46.2) |
0.1 (32.2) |
−6.5 (20.3) |
−14.4 (6.1) |
−28.2 (−18.8) |
−28.2 (−18.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 20 (0.79) |
21 (0.83) |
29 (1.14) |
51 (2.01) |
42 (1.65) |
22 (0.87) |
16 (0.63) |
9 (0.35) |
8 (0.31) |
32 (1.26) |
26 (1.02) |
20 (0.79) |
296 (11.65) |
Միջ. անձրևոտ օրեր | 2 | 4 | 8 | 12 | 12 | 8 | 5 | 4 | 4 | 8 | 7 | 4 | 78 |
Միջ. ձնառատ օրեր | 7 | 7 | 2 | 0.2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 | 1 | 5 | 22 |
% խոնավություն | 81 | 74 | 62 | 59 | 58 | 51 | 47 | 47 | 51 | 64 | 73 | 79 | 62 |
Միջին ամսական արևային ժամ | 93.0 | 108 | 162 | 177 | 242 | 297 | 343 | 332 | 278 | 212 | 138 | 92 | 2474 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[56] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[57] |
Երևանի կենտրոնով հոսում է Հրազդան գետը՝ իր սելավաբեր և տարանցիկ Գետառ, Ջրվեժ, Ողջաբերդ, Մուշաղբյուր վտակներով։ Ներկայումս դրանք վերցվել են արհեստական հուների մեջ և սելավներից ու հեղեղումներից վնասազերծվել։ Կառուցվել են Երևանյան լճի, «Հաղթանակ» զբոսայգու և այլ ջրամբարներ[9]։ Երևանում կան նաև այլ արհեստական կամ բնական լճակներ, որոնց մի մասը սնվում է ստորգետնյա արտեզյան ջրերից։ Ջրաֆիկացված է ամբողջ քաղաքը. աշխարհի շատ եզակի քաղաքներ են, որ ունեն այդպիսի մաքուր խմելու ջուր։ Գառնու և Ապարանի բարձունքներից խողովակներով Երևան հասնող ջուրը օգտագործվում է ոռոգման, ինչպես նաև՝ քաղաքի շատրվանների, արհեստական լճակների համար[52]։ Երևանում կարելի է հանդիպել եզակի երևույթի. գրեթե ամեն բակում կան քաղցրահամ մաքուր ջրով ցայտաղբյուրներ։ Դրանք կարելի է համարել նաև քանդակագործության նմուշներ։
Երևանի տարածքում բնական ջրավազանների (Հրազդան, Գետառ, Ջրվեժ) աղտոտման հիմնական պատճառը տնտեսաֆեկալային և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարակից տարածքներից անկազմակերպ արտահոսքերով (հալոցքային, անձրևների և ոռոգման ջրեր) աղտոտումն է։
Գետերն են լցվում նաև քաղաքի բոլոր հոսքաջրերը, իսկ նրանց ավազանի մաքրությունը քաղաքի հրատապ բնապահպանական խնդիրներից է։ Դեռևս բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ բաց ջրավազան ելք ունեցող կոյուղատար խողովակների միջոցով կեղտաջրերը հեռացնում են առանց մաքրման և համապատասխան թույլտվությունների։
Երևանի ներկայիս (2012) 33 ջրավազաններից առավել կարևոր նշանակություն ունի Երևանյան լիճը, որը շահագործման է հանձնվել 1967 թվականին։ Ավելի քան 40 տարվա ընթացքում լիճը հիմնովին չի մաքրվել։ Գետերով այնտեղ է լցվում հսկայական քանակությամբ կենցաղային և շինարարական աղբ, բերվածքների և թափոնների կուտակման հետևանքով ջրամբարի օգտագործման ծավալը գրեթե կիսով չափ նվազել է[9]։
Երևանին, բոլոր խոշոր քաղաքների նման, բնորոշ են մթնոլորտի, օդի և ջրի ավազանների մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։
Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։ 1990 թվականին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 11,4%-ը. նախատեսված էր 40%։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) 1,2 միլիոն բնակչություն (1986) ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք, մինչդեռ Երևանում այն 3 անգամ պակաս է ընդունված չափանիշից։ Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք՝ 38 հա-ն՝ լիակատար, 132 հա-ն՝ համատարած, 300 հա-ն՝ մասնակի կորուստներով։ 1995 թվականին քաղաքի ընդհանուր՝ 20 հզ. հա տարածքից ծառածածկ էր 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 7,3%:
2004 թվականին քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք՝ 60% միջին ծառածածկով (342 հա), կանաչապատման աստիճանը՝ 1,55%: 2005-2007 թվականներին վերակառուցվել Է շուրջ 120 կմ ջրագիծ, որը մայրաքաղաքում կանաչ տարածքների համեմատաբար լիարժեք պահպանման և հետագայում ավելացման լավ նախապայման է։
2005-2007 թվականներին Երևանում տնկել են 110 հզ. ծառ և 162 հզ. թուփ՝ 65–70% կպչողականությամբ։ Տրանսպորտով ծանրաբեռնված պողոտաներում և փողոցներում տնկել են գազադիմացկուն ծառատեսակներ, որոնք զգալիորեն կմեղմեն տրանսպորտային միջոցների արտանետած վնասակար նյութերի ազդեցությունը։
Երևանի նոր գլխավոր հատակագծով մինչև 2020-ը նախատեսվում Է 1300 հա-ով ավելացնել կանաչ տարածքները։ Մշակվել են առաջիկա 15 տարվա կանաչապատման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր։
Երևանի տարբեր հատվածներում կան 41 զբոսայգի և պուրակ (2012)։ 2010 թվականի հոկտեմբերին ավարտվել Է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի արհեստական լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաններ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն[9]։
Երևանի մթնոլորտային օդի որակի վրա ազդող հիմնական գործոններն անշարժ և շարժական (ավտոտրանսպորտ) աղտոտման աղբյուրների արտանետումներն են։
Մայրաքաղաքի օդային ավազանում գերակշռում են 4 վնասակար նյութեր՝ փոշի, ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ։ Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տվյալների՝ 2006 թվականին Երևանում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան թույլատրելի շեմը գերազանցել Է 2,3, ծծմբի երկօքսիդինը՝ 1,8, ազոտի երկօքսիդինը՝ 1,2, գետնամերձ օզոնինը՝ 1,9 անգամ։
Երևանի մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեն հատկապես «Երևանի ՋԷԿ», «Մաքուր Երկաթ», «Գաջի», «Ասֆալտագործ», «Նաիրիտ» գործարանները։ Վնասակար արտանետումների ծավալները նվազեցնելու նպատակով 2002 թվականից արգելվել է կապար պարունակող բենզին ներկրելը մայրաքաղաք, 2006 թվականի հունվարի 1-ից՝ առանց չեզոքարարների մեքենաներ, 2006-2009 թվականներին իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների նվազեցման ծրագիր և այլն։ 2005 թվականից Հայաստանում ուժի մեջ Է մտել նաև Կիոտոյի արձանագրությունը, որով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետման չափաքանակները։ Այդ արձանագրության շրջանակներում քաղաքապետարանը և ճապոնական «Շիմիձու» կորպորացիան համատեղ մշակել են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էներգիայի արտադրության նախագիծ, որը հնարավորություն կտա 16 տարում նվազեցնել աղբավայրից մեթանի մոտ 100 հզ. տ արտանետումը մթնոլորտ։ 2005–2008 թվականներին իրականացվել Է նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման ծրագիր[9]։
1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երևանն ստացել է մարզի (Երևանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան և օրհներգ։ Տեղական ինքնակառավարումը Երևանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին և քաղաքապետը[9]։
Երևանի խորհրդանիշ հանդիսացող զինանշանը, դրոշը և հիմնը ընդունվել են Երևանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի որոշումներով[58]։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի համաձայն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր[59]։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի օրենքի համաձայն՝ ավագանին ընտրվում է Հայաստանի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից[60]։
Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով։ Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից։
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ[61]։
Քաղաքապետ է ընտրվում ավագանու ձայների 50%-ից ավելին ստացած կուսակցության ցուցակի 1-ին համարի անձը։ Եթե նա հրաժարվում է կամ տարբեր պատճառներով չի համապատասխանում քաղաքապետին ներկայացվող պահանջներին, ապա քաղաքապետին ընտրում է ավագանին՝ գաղտնի քվեարկությամբ։
Երևանը ժամանակի ընթացքում ընդարձակվել և ներառել է Նորքը (1830 թվականից), այնուհետև՝ Քանաքեռ, Ավան, Շոռբուլաղ, Վերին Ջրաշեն, Նուբարաշեն, Նոր Արեշ, Խարբերդ, Նորագավիթ, Չարբախ, Հաղթանակ, Դավիթաշեն գյուղերը[10]։ Ներկայումս Երևանի վարչական սահմանները սահմանված են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» (1995) օրենքով և արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.
Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն։
Շրջան | Բնակչություն (2011)[62] | Տարածք (կմ²) |
---|---|---|
Աջափնյակ | 108 282 | 25 |
Արաբկիր | 117 704 | 12,35 |
Ավան | 53 231 | 8,37 |
Դավթաշեն | 42 380 | 6,71 |
Էրեբունի | 123 092 | 48,41 |
Քանաքեռ-Զեյթուն | 73 886 | 8,10 |
Կենտրոն | 125 453 | 14,20 |
Մալաթիա-Սեբաստիա | 132 900 | 25,80 |
Նորք-Մարաշ | 12 049 | 4,60 |
Նոր Նորք | 126 065 | 14,47 |
Նուբարաշեն | 9 561 | 18,11 |
Շենգավիթ | 135 535 | 40,50 |
ՀՀ կառավարության 2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը[63]։
Երևան քաղաքում մարդահամարներ են սկսել անցկացվել վերջին 200 տարում՝ կայսերական, խորհրդային և անկախության շրջաններում։ Երևանում անցկացվել է 15 մարդահամար։ Վերջին երկուսը անցկացվել են ՀՀ անկախության շրջանում՝ 2001 թ. և 2011 թ.:
Տարի |
հայ |
մուսուլման |
ռուս |
այլ |
ընդամենը | ||||
մոտ. 1650[64] | բաց․ մեծամասն․ |
- |
- |
- |
- | ||||
մոտ. 1725[65] | բաց. մեծամասն. |
- |
- |
- |
~20,000 | ||||
1830[66] | 3,937 |
34,3% |
7,331 |
63.9% |
- |
195 | 1.7% | 11,463 | |
1873[67] | 5,959 |
49.9% |
5,805 |
48.6% |
150 |
1.3% |
24 |
0.2% |
11,938 |
1897[68] | 12,523 |
43.2% |
12,359 |
42.6% |
2,765 |
9.5% |
1,359 |
4.7% |
29,006 |
1926[69] | 59,838 |
89.2% |
5,216 |
7.8% |
1,401 |
2.1% |
666 |
1% |
67,121 |
1939[69] | 174,484 |
87.1% |
6,569 |
3.3% |
15,043 |
7.5% |
4,300 |
2.1% |
200,396 |
1959[69] | 473,742 |
93% |
3,413 |
0.7% |
22,572 |
4.4% |
9,613 |
1.9% |
509,340 |
1970[70] | 738,045 |
95.2% |
2,721 |
0.4% |
21,802 |
2.8% |
12,460 |
1.6% |
775,028 |
1979[69] | 974,126 |
95.8% |
2,341 |
0.2% |
26,141 |
2.6% |
14,681 |
1.4% |
1,017,289 |
1989[71] | 1,201,539 | ||||||||
2001[72] | 1,088,389 |
98.6% |
- |
6,684 |
0.6% |
8,415 |
0.8% |
1,103,488 | |
2011[73] | 1.048.940 |
98,8% |
- |
4,940 |
0,47% |
1,060,138 | |||
Առաջին մարդահամարը անցկացվել է Երևանը ազատագրելուց հետո, երբ քաղաքում մեծ էր մուսուլմանների՝ պարսիկների, թուրքերի ու քրդերի թիվը։
Իրանի հայկական գավառներից Երևան տեղափոխված հայության մեջ որոշակի թիվ էին կազմում ասորիները, իսկ Արևմտյան Հայաստանից տեղափոխվածների մեջ՝ հույները։ 1880-ական թվականներին Երևանի նահանգ, մասնավորապես՝ Երևան են տեղափոխվում բազմաթիվ ռուսներ։
Հայերի տոկոսը Երևանում ավելանում է հատկապես Երևանի՝ մայրաքաղաք հռչակվելուց հետո։ Այդուհանդերձ, մուսուլմանական բնակչության թիվը չի գերազանցել 5-6 հազարը։
Քաղաքակենտրոնացումն ուղեկցվել է բնակչության թվի բնական և արհեստական արագ աճով։ Արհեստական աճին նպաստել են նաև հայերի ներհոսքը ԽՍՀՄ նախկին հանրապետություններից և արտերկրից հայության կազմակերպված զանգվածային հայրենադարձությունը (1921–1936, 1946–1949, 1962-1982)։ Հայրենադարձներին տեղավորելու համար Երևանում կառուցվել են Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով թաղամասեր (Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա, Զեյթուն, Նոր Մալաթիա, Կիլիկիա, Նոր Արեշ և այլն)։ 1950-ական թվականների վերջից կառուցվել են նաև բնակելի նոր զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Ավան-Առինջ, Ղավթաշեն, Էրեբունի, Շենգավիթ և այլն)[9]։
1978 թ. ծնվել է Երևանի միլիոներորդ բնակիչը։ Երևանը դառնում է աշխարհի միլիոնանոց քաղաքներից մեկը և բնակչության մեծությամբ ընդգրկվում առաջին հարյուրակում[52]։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 1,219 միլիոն էր։ Այն առավելագույնին է հասնում ադրբեջանահայերի բռնագաղթից և անկախության հռչակումից հետո՝ շուրջ 1.350.000[52] (ՀԽՍՀ բնակչության ավելի քան 38%-ը)։
1990-ական թվականներին սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով հարյուրհազարավոր մարդիկ լքել են Երևանը, մեկնել արտասահման։ Սակայն մայրաքաղաքի բնակչության նվազումը մասամբ չեզոքացվել է՝ ՀՀ մարզերից Երևան տեղափոխվածների և Ադրբեջանից փախստականների հաշվին։
2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը Երևանում 1,088,389 էր (տղամարդիկ՝ 46,54%, կանայք՝ 53,46%) կամ ՀՀ բնակչության 34,35%-ը, քաղաքային բնակչության՝ 53,4%-ը։
Երևանի մշտական բնակչության թիվը, 2012 թվականի հունվարի 1-ի տվյալներով, 1127,3 միլիոն էր (ՀՀ բնակչության 34,4%-ը), որի 98,6%-ը հայեր են, 0,6%-ը՝ ռուսներ, 0,4%-ը՝ եզդիներ, 0,4%-ը՝ այլ ազգեր։ Բնական հավելաճի և միգրացիայի հետևանքով Երևանի բնակչությունը 2010 թվականին աճել է 5,3 հազարով կամ 0,5%-ով[9]։
Երևանցիների 90-95%-ը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ է։ Կան նաև կաթոլիկներ և բողոքականներ, տարատեսակ աղանդավորական կազմակերպությունների, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ։ Երևանում գործում է 15 եկեղեցի։ Լույս է տեսնում Արարատյան հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնական երկշաբաթաթերթը։ Գործում են հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունը և «Վեմ» ռադիոկայանը[9]։
Երևանի բնակչությունը կազմում է մեկ միլիոնից ավելի մարդ, որոնց բացարձակ մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ, հայ քրիստոնյաների և եկեղեցու կապը փոքր-ինչ խզվեց, մեծ մասամբ այն կրեց ծածուկ բնույթ։ Երբ 1991 թվականին Հայաստանը անկախ հռչակվեց հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու կապը կրկին ամրապնդվեց։ Հայաստանի տարածքը բաժանվեց 8 հոգևոր թեմերի, և ՀՀ 10 մարզերից միայն Վայոց ձորը մտավ Սյունիքի, իսկ Լոռին ու Տավուշը՝ Գուգարքի մեջ։ Մնացած դեպքերում պահպանվեց մարզ-թեմ սկզբունքը։ Երևանը մտավ Արարատյան հայրապետական թեմի մեջ։ Հայ առաքելական եկեղեցին առանձին ուղղություն է, որի կենտրոնը Սուրբ Էջմիածնի վանքն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)[78]) է։ Հայ առաքելական եկեղեցու այժմյան առաջնորդը Գարեգին Բ կաթողիկոսն է։
Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։ Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691–1705)։ Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835–1842 թվականներին։ Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, այն Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր։
Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց, կառուցվեց արևմտյան շքամուտքը, փայտե դուռը։ Շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործների ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել[79]։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սբ. Տրդատ թագավորի և Սբ. Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000 թվականին Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։ Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ։ Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում։
Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 մ² է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը։ Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից[80]։
Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր։ Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել։ Այստեղ հիմնվել է անապատ և վանական դպրոց։ Վանքը կառուցվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել. 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանվել է։
Այժմյան Սբ. Զորավոր եկեղեցին կառուցվել է նույն տեղում՝ 1693 թվականին՝ Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ։ 1793 թվականի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրոք։ Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին և սկսել է գործել։ Մայր Աթոռի հովանավորությամբ 1974-1978 թվականներին եկեղեցին հիմնանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, երգչախմբի համար կառուցվել է վերնատուն ու երիցատան նոր շենք։ Նորոգվել է նաև Սուրբ Անանիայի մատուռը[81]։
Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, իսկ 1981–1984 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է։ Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան։ Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը։ Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը[82]։
Հայաստանի անկախացումից հետո՝ 1990 թվականի ապրիլից, Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը։ Վերանորոգված եկեղեցին գործում է 1995 թվականից[83]։
2004 թվականի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կատարվել է Ս. Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը[84]։ Սա համայնքի՝ թվով երրորդ եկեղեցին է, Եռաբլուրի Սուրբ Վարդանանց նահատակաց եկեղեցուց և Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց հետո։
Պարսկական իշխանության հայտնվելու հետ մեկտեղ Երևանում ստվարանում են թուրքմենական սակավամարդ թաղամասերը։ 1725 թվականին, երբ օսմանցի թուրքերը գրավել էին Երևանը, Ռեջեբ փաշան կառուցում է Երևանի բերդի առաջին մզկիթը[32]։ Երևանի նահանգի կազմավորումից տարիներ անց թուրքական մզկիթը երևանաբնակ ռուսների աղոթատեղի է դարձել՝ վերածվելով ռուսական եկեղեցու՝ սուրբ Նիկոլաևյան[85]։ Խորհրդային իշխանության ժամանակ այն քանդվել է և փոխարենը տեղադրվել է Ստեփան Շահումյանի արձանը։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ 1800-ական թվականներին, և կոչվել Խանի մզկիթ[2][32]։ Բերդից դուրս կառուցվել են նաև այլ՝ թվով 6 մզկիթներ, որոնցից կանգուն է մնացել Թափաբաշի մզկիթը Կոնդում։ Մզկիթները, ինչպես նաև Երևանի բերդը ու հայկական մի քանի եկեղեցիներ, քանդվել են խորհրդային իշխանության տարիներին։
Կովկասում ամենամեծ մզկիթը՝ Կապույտ մզկիթը, Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի։ Թանգարան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիներ։
Համալիրը բաղկացած է երկու մզկիթից՝ մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը։ Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով։ Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը։ Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը։ Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում։ Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։
Վարկած կա, որ հրեաները հայտնվել են Հայաստանի տարածքում Նաբուգոդոնոսոր II արքայի կողմից մ.թ.ա. 586 թվականին Երուսաղեմի նվաճումից հետո։ Տիգրան Մեծի և Արտավազդ թագավորների կողմից մ.թ.ա. առաջին դարում հրեաների խմբերը Պաղեստինից վերաբնակվեցին Հայաստանում։ Չնայած դրան մ. թ. 4-րդ դարում պարսկական զորքերի կողմից Հայաստանի ավերումից հետո հրեաների մեծ մասը գերի ընկավ։ Հրեաների առանձին խմբեր ապրում էին Հայաստանում մինչև 13–14-րդ դարեր։ Այսպես կոչված «Տիգրանյան» հրեաների սերունդներ են համարվում զոկիները՝ հրեաների սուբէթնիկական մի խումբ, որն ապրում է Կապանի շրջանում։
1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը, որից հետո Հայաստանի տարածքում բնակեցվեցին վրացի և աշկենազ հրեաներ, ինչպես նաև սուբբոտիկներ՝ ռուս գյուղացիներ, ովքեր ընդունել էին հուդայականություն և արտաքսվել կայսրության նոր ծայրամասը։ Մինչև 1970 թվականը հրեական բնակչությունը Հայաստանում կազմում էր մոտ 1048 մարդ։ 1980-ականների վերջին նրանց թիվը (ներառյալ նաև սուբբոտիկներին) կազմում էր շուրջ 500 մարդ[86]։
1990-ական թվականներին հրեաների մեծ մասը՝ շուրջ 1800 մարդ, արտագաղթեց։ Ներկա պահին Հայաստանում հաշվվում է շուրջ 700 հրեա։ Չնայած նրան, որ տարեկան մոտ 90–100 մարդ էր արտագաղթում, համայնքը չի փոքրացել[86]։ Հանրապետության հիմնական հրեական կազմակերպությունը Երևանում գործող Հայաստանի հրեական համայնքն է՝ գրանցված Արդարադատության նախարարությունում 1991 թվականին։ 1996 թվականից նախագահն է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։ Սինագոգը վերաբացվել է 2011 թվականին (մինչև այդ 10 տարի չէր գործում)։
Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։
Երևանում են Հայաստանում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Երևանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, վեր է խոյանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլն։
Երևանում ստեղծվել է գրադարանների, թանգարանների լայն ցանց։ Ներկայումս (2012) Հայաստանում գործող 986 գրադարանից 34-ը Երևանում են[9]։ Դրանք են՝ Ազգային գրադարանը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը և այլն։
13-րդ դարում Երևանում հայտնի էին Կաթողիկե և Սբ Սարգիս եկեղեցիների գրչատները, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ (զգալի մասը ոչնչացվել է կամ հայտնվել աշխարհի տարբեր երկրներում)։ 1920-ական թվականներին Երևանի եկեղեցիներից հավաքվել է ընդամենը 78 ձեռագիր։
Առաջին հայտնի նկարիչը, ով ստեղծագործել է Երևանում, Նաղաշ Հովնաթանն է։ 1679 թվականի մեծ երկրաշարժից հետո նա նկարազարդել ու նորոգել է Երևանի եկեղեցիների (Սբ Պողոս-Պետրոս, Սբ Անանիա, չեն պահպանվել) որմնանկարները։
1780-ական թվականներին Երևան են այցելել մի շարք ռուս նկարիչներ, այդ թվում՝ Միխայիլ Իվանովը, Գ. Սերգեևը, Վլադիմիր Մաշկովը, Գրիգորի Գագարինը։ Տարբեր տարիներին Երևան են այցելել և բնապատկերներ ստեղծել Գևորգ Բաշինջաղյանը, Սեդրակ Առաքելյանը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Վարդգես Սուրենյանցը, Վանո Խոջաբեկյանը և այլն։
Մինչխորհրդային շրջանում Երևանն արհեստավորական քաղաք էր. զարգացած էին պղնձագործությունը, ոսկերչությունը, գորգագործությունը, կարպետագործությունը, ասեղնագործությունը և այլն։ 1920-ական թվականներին Երևան են տեղափոխվել արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներ Ստեփան Աղաջանյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Սուրեն Ստեփանյանը, Այծեմիկ Ուրարտուն և ուրիշներ, 1936 թվականին՝ Երվանդ Քոչարը, ովքեր ակտիվորեն մասնակցել են Հայաստանի և հատկապես Երևանի գեղարվեստական կյանքին։ Հիմնադրվել են գեղարվեստի տեխնիկումը (1921, 2005 թվականից՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ), կուլտուր-պատմական թանգարանը (1919, 2003 թվականից՝ ՀՊԹ), որից 1935 թվականին առանձնացել է Կերպարվեստի պետական թանգարանը (1992 թվականից՝ ՀԱՊ)։ Կերպարվեստագետները 1932 թվականին միավորվել են և ստեղծել Հայաստանի նկարիչների միությունը (ՀՆՄ)։ Հետագայում Երևանում բացվել են Ժամանակակից (1972), Ժողովրդական (1978), Ռուսական (1984) արվեստների, նաև Երվանդ Քոչարի (1984), Կալենցի (2010) թանգարանները, Մարտիրոս Սարյանի (1967), Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի (1973) տուն-թանգարանները, հիմնադրվել են ԵԳԻ-ն (1945, 2000 թվականից՝ ԵԳԱ), Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը (1958), Գեղագիտական դաստիարակության հանրապետական (1978, 1999 թվականից՝ Գեղագիտության ազգային), «Գաֆեսճյան» արվեստի (2009) կենտրոնները։
Հայաստանում զարգացել են նաև գեղագիտական արդյունաբերության մի շարք ճյուղեր։ Ստեղծվել Է «Հայգորգ» արտադրական միավորումը (1978), որտեղ աշխատել են պրոֆեսիոնալ նկարիչ-գորգագործներ։
1940 թվականին Երևանում տեղադրվել Է Վլադիմիր Լենինի, 1950 թվականին Իոսիֆ Ստալինի, հետագայում՝ Ստեփան Շահումյանի, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Սայաթ-Նովայի, Մեսրոպ Մաշտոցի, Ալեքսանդր Թամանյանի, Արմեն Տիգրանյանի, Գայի, Մարտիրոս Սարյանի և այլ հուշարձաններ։
Անկախության հռչակումից (1991) հետո կերպարվեստը, ինչպես մշակույթի այլ ճյուղեր նույնպես հայտնվել է ճգնաժամային վիճակում։ 1990-ական թվականներին Երևանում փակվել են ՀՆՄ-ի սալոն-խանութները. մայրաքաղաքում տարերայնորեն ձևավորվող գեղարվեստական շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջ՝ Վերնիսաժում։ 1990-ական թվականներին զգալիորեն նվազել է խմբային ցուցահանդեսների թիվը։
2001 թվականի աշնանը «Հաղթանակ» զբոսայգում տեղի է ունեցել «Քրիստոնյա Հայաստան» հոբելյանական միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ։
2004 թվականի ապրիլի 1-ին՝ Ծիծաղի օրը, Երևանում հիմնադրվել է Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցությունը, որին անդամակցում են նաև սփյուռքահայ արվեստագետներ[9]։
Թատրոնի մասին առաջին անգամ հիշատակվել է ուշ միջնադարում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը 1673 թվականին Երևանի սարդար Սեֆի Կուլի խանի պալատում դիտել է 2 մասից բաղկացած ներկայացում (միմոդրամա), որտեղ նկատելի էին արևելյան ժողովրդական թատրոնին և հայ միջնադարյան գուսանական արվեստին բնորոշ առանձնահատկություններ։ 1829 թվականին ռուսական բանակի մի խումբ սպաներ Սարդարի բերդի սրահներից մեկում ներկայացրել են Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը՝ հեղինակի ներկայությամբ։ 1851 թվականին Կ. Պոլսի «Արամյան թատրոնը» Հովհաննես Գասպարյանի ղեկավարությամբ Երևանի Ցախի մեյդան թաղամասում խաղացել է կրկեսային և դրամատիկական ներկայացումներ։
1868 թվականից Երևանի թատրոնում ներդրվել են թիֆլիսյան թատրոնի փորձն ու ճաշակը։ Նախաձեռնողը ինքնուս նկարիչ Ս. Աբամելիքյանն էր, ով առաջին բեմանկարիչն է հայ իրականության մեջ։ 1878 թվականներից Երևանում խաղացել են նաև ռուսական ներկայացումներ։ 1916 թվականին Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի մասնակցությամբ ներկայացվել են հատվածներ Վ. Շեքսպիրի «Համլետ», «Լիր արքա» պիեսներից։ 1919 թվականին Վարդան Միրզոյանը բացել Է ստուդիա, որը 1921 թվականին պետականացվել և դարձել Է խորհրդային առաջին թատերական կենտրոնը։ Նույն թվականին հիմնադրվել է Հայաստանի Առաջին պետթատրոնը (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)[9]։
Այժմ Երևանում հաշվվում են տասից ավելի մեծ ու միջին թատրոններ, որոնցից աչքի են ընկնում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Պատանի հանդիսատեսի, Համազգային, Խամաճիկների և այլ թատրոններ։ Երևանում կազմակերպվում են Շեքսպիրյան (1944 թվականից, ընդհատումներով), Մոնո (2003 թվականից, երկուսն էլ՝ ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան), Մնջախաղային (2001 թվականից, ղեկավար՝ Ժիրայր Դադասյան) ներկայացումների և այլ փառատոներ, հյուրախաղերով հանդես են գալիս թատերախմբեր և անհատ դերասաններ արտերկրից։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921 թվականին, պաշտոնապես բացվել 1922 թվականին։ Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն էր։ Առաջին ներկայացումը «Պեպո» կատակերգությունն է եղել։ 1937 թվականին կոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, 1967 թվականին՝ արժանացել ակադեմիական թատրոնի կոչման։
Թատրոնի ռեժիսորների թվում էին Վարդան Աճեմյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Գուլակյանը, Լևոն Քալանթարը, Վահե Շահվերդյանը, Արմեն Էլբակյանը, Հրաչյա Ղափլանյանը։ Թատրոնի հայտնի դերասաններն են Վլադիմիր Աբաջյանը, Հովհաննես Աբելյանը, Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Խորեն Աբրահամյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Մհեր Մկրտչյանը, Էդգար Էլբակյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Արմեն Էլբակյանը, Հարություն Մովսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Լևոն Քալանթարը և ուրիշներ։
Հետագա տարիներին բացվում են դրամատիկական, երգիծական, մանկական, պատանեկան և այլ թատրոններ, իսկ Սունդուկյանի անվան թատրոնը հայտնի է դառնում որպես «Մայր թատրոն»։
Երևանի կինեմատոգրաֆի մասին ամենավաղ վկայությունը վերաբերում է 1910 թվականին, երբ Վ. Գագուան և Բ. Ջանիբեկովը դիմել են Երևանի գավառապետին՝ «Իլյուզիոն» կինոթատրոնում նոր սարքավորում տեղադրելու համար։ Մինչև խորհրդային իշխանության հաստատվելը Երևանում գործել են նաև «Ապոլլո»-ն, «Ավանեսով և Խաչատուրով»-ի ամառային կինոթատրոնները։
Հայկական կինոյի հիմնադիրը Հ. Բեկնազարյանն է, ով կինոյի բնագավառում մեծ փորձառությամբ, ռուսական կինոյի ճանաչված դերասաններից էր։ Հայ կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է «Պետական կինոյի կազմակերպման մասին» կառավարական դեկրետի ընդունման օրը՝ 1923 թվականի ապրիլի 16-ը, որով բոլոր մասնավոր կինոթատրոններն ազգայնացվել են։ 1923 թվականին Երևանում բացվել են «Պետկինո» ամառային, 1924 թվականին՝ «Նաիրի» կինոթատրոնները, իսկ «Ապոլլո»-ն՝ վերանվանվել «Պրոլետար»։ Երևանի խոշոր կինոթատրոններից են եղել «Այրարատ»-ը, «Մոսկվա»-ն, «Նաիրի»-ն, «Հայրենիք»-ը, «Կոմիտաս»-ը, «Արագած»-ը, «Անի»-ն և այլն։
«Նաիրի»-ն Երևանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920–1950 թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում՝ ներկայիս Արտաքին գործերի նախարարության հասցեում։ Կինոթատրոնն ունեցել է փակ և բաց՝ ամառային դահլիճ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը՝ «Զարե»-ն։ Կարմիր տուֆաշեն շենքի ճակատային մասում կան երեք կամարաձև մուտքեր, որոնց վրա կառուցված են ևս երեք կամարներ՝ նախորդից երկու անգամ բարձր, իսկ դրանց վրա՝ երկուական, առաջինից ցածր բարձրությամբ կամարաձև պատուհաններ, որոնք պահպանում են շենքի համահունչ ճարտարապետական ոճը։ «Նաիրի» կինոթատրոնում կան մեծ (231 նստատեղով), փոքր (42 նստատեղով) և VIP՝ առանձնացված (12 նստատեղով) դահլիճներ։
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1937 թվականին՝ ՀՀ մայրաքաղաքի սրտում։ Այն գլխավոր ճակատով ուղղված է Շառլ Ազնավուրի անվան հրապարակին, մի թևը փռված է Աբովյան փողոցի վրա մինչև Թումանյան փողոց, իսկ մյուսն ընկնում է փողոցների անկյունում տարածվող թաղամասի վրա։ Շենքի ճակատային մասում կիրառված է տարբեր գույների քարերի համադրություն։ Շենքի ներքին պատերը, հատկապես դահլիճի, պատված են ծակոտկեն տուֆով և ձայնորսիչ սարքերով։ Կիրառվել է 1930-ական թվականներին կինոթատրոնների շենքերին հատուկ ոճեր, դահլիճների քարե հարթ պատերին ցայտուն ընդգծված շեղադիր ռումբաձև փոքր պատուհաններ կան, գլխավոր մուտքի սանդուղքների երկու կողմերում՝ սեպաձև վահանակներ, կողային ճակատներին՝ խորաքանդակներ՝ հայկական ֆիլմերի թեմաներով։ Կինոթատրոնի շենքում կա 4 դահլիճ՝ Կարմիր (491 նստատեղով), Կապույտ (352 նստատեղով), VIP՝ առանձնացված (35 նստատեղով) և բացօթյա ամառային դահլիճ[91]։
2004 թվականից Երևանում կազմակերպվում է «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը, որտեղ սահմանված են «Ոսկե ծիրան», «Արծաթե ծիրան», «Ոսկե կորիզ» և այլ մրցանակներ։ 2010 թվականից կազմակերպվում է «Կինոաշուն» փառատոնը, 2011 թվականին տեղի է ունեցել «Ոսկե ծիրանի» 1-ին համահայկական համացանցային կինոփառատոնը, 2012 թվականին՝ ամենամյա «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը։ 2006 թվականից Երևանում գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը[9]։
Կրկեսը, որպես խաղային բանահյուսության և խորհրդապաշտական արվեստի հնագույն ձևերից, հայ միջնադարում եղել է թատրոնի ամենաընդունված տեսակը և կոչվել թատր կամ թէատրոն(հուն․՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան)։ Դրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է 5-րդ դարին։ Եզնիկ Կողբացու, Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ի մեջ կարելի է հանդիպել կրկեսի մասին վկայությունների։
Հայկական միջնադարյան կրկեսային արվեստը վկայված է նաև ուշ շրջանի աղբյուրներում։ 1248 թվականին Ժուանվիլ անունով խաչակիր ասպետը Երուսաղեմի ճանապարհին հանդիպել է Մեծ Հայքից ուխտ գնացող չորս ձեռնածու-ակրոբատների։ Կիլիկյան աղբյուրներում տեղեկություններ կան հեծելախաղային կրկեսի մասին և այլն։ Միջնադարում կրկեսը եղել է նաե ուժային ցույցերի, կոփամարտի և ըմբշամարտի վայր։
Դարերից եկող ազգային կրկեսային կատարողական լավագույն ավանդույթներն իրենց զարգացումն են գտել Խորհրդային Հայաստանում։ Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը։ 20-րդ դարի սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ հանդես են եկել նաև Ա․ Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը։ 1956 թվականին, հայկական արվեստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961 թվականից՝ «Երևան»), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վ․ Արզումանյանը։ Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը։
Ուժային ակրոբատիկայի ժանրում հաջողությամբ հանդես են եկել Ռ․ Մանասարյանը և Ռ․ Կասեևը։ Պլաստիկական էտյուդով ելույթ է ունեցել Ն․ Պապյանը, վարժեցված շնիկներով՝ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Շ․ Գևորգյանը, ծաղրածուական համարներով՝ Ռ․ Հարությունյանը և Լ․ Միներելյանը։ Օդային մարմնամարզուհի ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Ե․ Ավանեսովայի համարներն աչքի են ընկել կատարման բարձր տեխնիկայով։ Իրենց ինքնատիպ արվեստով առանձնանում են ակրոբատներ Ի․ Շեստուան և Ասատրյան եղբայրները։ Կրկեսային արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են ակրոբատ-էքսցենտրիկների և ակրոբատ-ցատկորդների խմբերը։
Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեոնիդ Ենգիբարյանը։ Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ՝ մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն։ Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին։ Ենգիբարյանին բնորոշ էր անհանգիստ երևակայութունը և ծիծաղելին արագ ընկալելու ունակությունը։ Ելնելով իրավիճակից, նա կարողանում էր անմիջապես փոխել ծրագիրը՝ թե՛ շարժումների, թե՛ իմաստային լուծման առումով։ Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր, և նա ստեղծել է իր՝ ենգիբարյանական մնջախաղը։
«Հայկական ժողովրդական խաղեր» համարով (ռեժիսոր Լ․ Ենգիբարյան) հանդես է եկել հայկական կրկեսի արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների դափնեկիր Սոս Պետրոսյանը (1975 թվականից՝ հայկական կրկեսի գլխավոր ռեժիսոր)։ 1972 թվականին, Երևանում կազմակերպել է Լ․ Ենգիբարյանի անվան մանկական կրկեսային ստուդիա, որը 1981 թվականին արժանացել է ժողովրդական կոլեկտիվի կոչման։
Հին Երևանի երաժշտական կյանքի մասին տեղեկությունները սակավ են։ Վաղ անցյալում ռազմերթերը, հուղարկավորության և զոհաբերության ծիսակատարություններն ուղեկցվել են հարվածային գործիքների նվագակցությամբ։ Հայտնաբերված ամենահին գործիքները բրոնզե զանգակներ ու բոժոժներ են (մ. թ. ա. II հազարամյակ)։
Կարմիր բլուրում 1948 թվականին պեղվել են նաև զույգ բրոնզե ծնծղաներ, որոնք գործածվել են մ. թ. ա. 7-րդ դարում։ Երևանում ընդօրինակված (13–15-րդ դարեր) ձեռագիր մատյանների մանրանկարներում հանդիպում են փողային գործիքների (շվի, ռազմական շեփոր և այլն) պատկերներ։
Ուշ միջնադարում երաժշտական կյանքը զարգացել է տաղասացների, զուռնաչիների և աշուղների գործունեության շնորհիվ։ Շրջիկ երգահանները սազի նվագակցությամբ երգել են սեփական ստեղծագործությունները։
Երևանում կարևոր իրադարձություններ էին Կոմիտասի երգչախմբի (Գևորգյան ճեմարանի 85 սան) համերգը (1906) և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը՝ հեղինակի բեմադրությամբ (1913)։
Խորհրդային տարիներին Երևանը դարձել է հայ երաժշտական մշակույթի կենտրոն։ 1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվել է երաժշտական ստուդիա, որը 1923 թվականին վերակազմավորվել է կոնսերվատորիայի (1948 թվականից՝ Կոմիտասի անվան)։ Կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանի բացումը (1930) և Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) հիմնադրումը (1932) խթանել են ազգային կոմպոզիտորական դպրոցի վերելքը։ Կատարողական արվեստի զարգացումը սերտորեն կապված է երաժշտաուսումնական հաստատությունների, Հայֆիլհարմոնիայի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (1933), Պետական ակադեմիական երգչախմբի (1937), Երգչախմբային ընկերության (1958), Փողային նվագախմբի (1964), ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական կոլեկտիվների գործունեության հետ։ Կամերային, վոկալ, գործիքային և երգեհոնային երաժշտության կենտրոն է Կամերային երաժշտության տունը (1977)։ 1968 թվականից ավանդաբար անցկացվում է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարությունը, որի համար գրվել է «Էրեբունի-Երևան» (խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի) երգը (հետագայում՝ Երևանի օրհներգը)։
Երաժշտական մշակույթի կենտրոններից են նաև Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ և Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահները, Ալեքսանդր Սպենդիարյանի (1967) և Արամ Խաչատրյանի (1984) տուն-թանգարանները, «Մալխաս» ջազ-ակումբը (2006) և այլն։ Երևանում գործում են երաժշտական և արվեստի 25 դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանները, Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, Հանրային ռադիոյի «Արևներ» անսամբլը, «Արձագանք ստուդիան», «Հայաստանի փոքրիկ երգիչները» և այլն[9]։
2022թ-ին Երևանը հյուրընկալել է մանկական Եվրատեսիլը, որին մասնակցել են 16 երկրի ներկայացուցիչներ։
Երևանում առաջին ռադիոհաղորդումները տրվել են 1926 թվականին։ 1947 թվականից սկսվել են սփյուռքահայության համար հաղորդումները։ 1957 թվականի փետրվարի 9-ից գործում է հեռուստատեսությունը։ 1965 թվականին շարք է մտել Մոսկվա-Սոչի-Թբիլիսի-Երևան ռադիոռելեային նոր գիծը, որի շնորհիվ ընդունվում էին Մոսկվայի և ԽՍՀՄ այլ քաղաքների, ինչպես նաև «Ինտերվիդենիե»-ի հեռուստահաղորդումները։ 1977 թվականին ավարտվել է Նորքի բարձունքում տեղադրված նոր ռադիոհաղորդիչ աշտարակի (բարձրությունը՝ 312 մ) կառուցումը, որի ընդհանուր բարձրությունը Երևանի ցածրադիր վայրերից ավելին է, քան Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակի բարձրությունը (540 մ)։ Հեռուստատեսային հաղորդումները տրվում են հայերեն։
2015 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը անցնելու է թվային հեռարձակման։ Համաձայն Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման անցման մասին օրենքի՝ Հայաստանում ստեղծվելու է պետական թվային հեռարձակող ցանց, մասնավորապես Երևանում գործելու են 18 հեռուստաալիքներ և 12 ռադիոկայաններ, իսկ հանրապետության մարզերում համապատասխանաբար՝ 9 հեռուստաալիքներ և 4 ռադիոկայաններ[92]։
Այժմ Երևանում կան տարբեր, հիմնականում՝ լրատվական ու ժամանցային բնույթի շուրջ քսան ռադիոկայան[93]։
Երևանում հրատարակված առաջին պարբերականը «Պսակ» (1880–1884) գրական, մանկավարժական շաբաթաթերթն է[94]։ Մինչև 1920-ական թվականները քաղաքում լույս են տեսել շուրջ 30 անուն թերթ ու հանդես։ 1920–1930-ական թվականներին Երևանում հրատարակվել է ավելի քան 100, մինչև 1990 թվականը՝ շուրջ 370 պարբերական։
Ներկայումս Հայաստանում տպագրվող շուրջ 200 պարբերականների և հանդեսների մեծ մասը հրատարակվում է Երևանում, օրաթերթերից՝ Հայաստանի Հանրապետություն, «Ազգ», Առավոտ, «Հայկական ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Երկիր» և այլն, երկօրյա թերթերից՝ «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի» և «Նովոյե վրեմյա» (երեքն էլ՝ ռուսերեն), եռօրյա թերթերից՝ «Իրավունք», 168 ժամ, Ավանգարդ և այլն, շաբաթաթերթերից՝ «Հայ զինվոր», «02», «Կանչ», «Կրթություն», Գրական թերթ, «Մարզաշխարհ», «Ոզնի» և այլն, հանդեսներից՝ «Գարուն», «Շախմատային Հայաստան», «Նորք», «Գիտության աշխարհում», «Հայ ընտանիք», «Առողջապահություն», «Աղբյուր», «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) և այլն։ Լույս են տեսնում նաև մեծ թվով գիտական, մասնագիտական, ժամանցային պարբերականներ։
Երևանը հայ գրքի և տպագրության կենտրոնն է։ Հայաստանում գործող շուրջ 140 գրահրատարակչական համալիրների մեծ մասը («Հայաստան», «Նաիրի», ՀՀ ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի, «Լույս», «Արևիկ», «Անահիտ», «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», «Ամարաս», «Մուղնի», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Մակմիլան Արմենիա» և այլն) Երևանում է։
Հայկական առաջին տպագիր գրքի՝ Ուրբաթագրքի տպագրության 500-ամյա հոբելյանի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 թվականին Երևանը հայտարարել էր «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»[9]։
1832 թվականին Երևանում բացվել է գավառական դպրոց, որտեղ Խաչատուր Աբովյանն աշխատել է որպես տեսուչ և ուսուցիչ։ Այնուհետև բացվել են հոգևոր թեմական դպրոցը (1837), Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1850, 1884 թվականից՝ իգական պրոգիմնազիա, 1898 թվականից՝ գիմնազիա), իգական ուսումնարանը (1850), Նորքի ծխական դպրոցը (1860), Գայանյան օրիորդաց ուսումնարանը (1866, 1879 թվականից՝ միջնակարգ դպրոց), ուսուցչական սեմինարիան (1881), իգական 3-րդ դպրոցը (1906, հետագայում՝ Ալեքսանդրովյան № 2 իգական գիմնազիա) և այլն։
Երևանում դպրոցական ցանցի աննախադեպ զարգացումն սկսվել է 1920-ական թվականներից։ Խորհրդային առաջին տարիներին գործել են դպրոցի 2 հիմնական տիպեր՝ տարրական և 7-ամյա։ 1940 թվականին Երևանում կային 45 հանրակրթական դպրոցներ։ 1966 թվականից անցում է կատարվել ընդհանուր միջնակարգ պարտադիր կրթության։ 1986–1987 թվականներին Երևանում գործել են 308 նախադպրոցական հաստատություններ, 216 հանրակրթական դպրոցներ, 34 պրոֆտեխնիկական ուսումնարաններ, 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, 11 բուհ։ 1990-ական թվականների սկզբից, հանրապետությունում ազգային դպրոցի զարգացման հայեցակարգի ընդունումով, ամրագրվել է դպրոցահասակ բոլոր երեխաների՝ պետական հանրակրթական դպրոցներում անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը։ Համաձայն հանրակրթական պետական կրթակարգի՝ 2006–2007 ուսումնական տարվանից Հայաստանում անցել են 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթության՝ եռաստիճան համակարգով. տարրական դպրոց՝ I-IV, միջին դպրոց՝ V-IX (միասին՝ հիմնական), ավագ դպրոց՝ X-XII դասարան[9]։
Երևանի ենթակայությամբ գործում է 160 կրթական հաստատություն, այդ թվում՝ 145 հիմնական դպրոց, 11 միջնակարգ դպրոց, կույրերի երեկոյան մեկ դպրոց (գործում են 6–12-րդ դասարաններ), երկու հատուկ (համար 2 և 6) դպրոց (մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար), մեկ հատուկ՝ (համար 8) կրթահամալիր) խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար)։
Երևանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցներում 2-րդ դասարանից ուսուցանվում է ռուսաց լեզու, զուգահեռաբար 12 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, իսկ 32 դպրոցներում ռուսերենի ուսուցումն իրականացվում է խորացված եղանակով[95]։
Հանրակրթական դպրոցների քանակը Հայաստանում, 2020-2021 | ||||
---|---|---|---|---|
Երևան | 252 | |||
Լոռու մարզ | 163 | |||
Շիրակի մարզ | 163 | |||
Գեղարքունիքի մարզ | 124 | |||
Արագածոտնի մարզ | 120 | |||
Արմավիրի մարզ | 120 | |||
Սյունիքի մարզ | 117 | |||
Արարատի մարզ | 112 | |||
Կոտայքի մարզ | 101 | |||
Վայոց ձորի մարզ | 48 | |||
Տավուշի մարզ | 32 | |||
Աղբյուր՝ Armstat |
Երևանում անցած դարում բացվել են տասից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ՝
Նորաբաց համալսարաններից են Ամերիկյան, Սլավոնական կամ ռուս–հայկական, Ֆրանսիական համալսարանը և Եվրոպական Ակադեմիան։
1991 թվականի Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով։ 1995-1996 ուստարվանից ԵՊՀ-ն անցավ երկաստիճան կրթական համակարգի։ Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է շուրջ 90 հազար շրջանավարտ։ Համալսարանի 22 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 13 հազար ուսանող, բուհի ավելի քան 1200 դասախոսից 200-ը գիտությունների դոկտոր է, 500-ից ավելին՝ գիտությունների թեկնածու։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ ավելի քան երեք տասնյակ ակադեմիկոսներ։ Ուսումնագիտական գործունեությունը կազմակերպվում է ավելի քան 100 ամբիոններում։ Երևանի պետական համալսարանում 1920 թվականից գործում է գիտական գրադարանը, որն առաջին կարգի բուհական գրադարան է՝ շուրջ 2 միլիոն գրքային ֆոնդով։ Գրադարանում առանձնացված է հնատիպ և հազվագյուտ գրականության ֆոնդը՝ 20.770 միավոր։ Գրադարանի ֆոնդերի տարեկան համալրումը 710.000 միավոր է, սպասարկում է 12.000 ընթերցողի, որից շուրջ 9000-ն ուսանողներ են։
1993 թվականին Հայաստանի գիտությունների ակադեմիայի անունը փոխվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, և այդ թվականից մինչ 2007 թվականը նրա նախագահի պաշտոնում է ծառայել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007 թվականի փետրվարի 19–ին այդ պաշտոնը հանձնարարվել է Ռադիկ Մարտիրոսյանին։
1962 թվականին Մատենադարանը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918–1982), ում ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայանում է որպես գիտահետազոտական կենտրոն, կարճ ժամանակում արժանանում միջազգային ճանաչման։ 1982–2007 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007 թվականից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը[95]։
Սպորտի զարգացումը Հայաստանում դարձյալ կապված է խորհրդային իշխանության հաստատման հետ։ Հայերի նվաճումները հատկապես մեծ էին շախմատի, ֆուտբոլի, ծանրամարտի ու ըմբշամարտի ասպարեզներում։ Երևանի ամենանշանավոր սպորտային կառույցներն են Հրազդան մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, Շախմատի տունը և այլն։
Մարզահամերգային համալիրը շահագործման է հանձնվել 1983 թվականին։ Հետագայում համալիրն անվանակոչվել է Կարեն Դեմիրճյանի անունով։ Կառույցի նախագծման աշխատանքներն իրականացրել են Հայպետնախագիծ ինստիտուտի մասնագետները՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի գլխավորությամբ։ 1987 թվականին նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի՝ ԽՍՀՄ պետական մրցանակի։ Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի Էմ խմբին, Յանիին, ռուսական էստրադայի աստղեր Ալլա Պուգաչովային, Իրինա Ալեգրովային, Ստաս Միխայլովին և այլոց։ Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշուի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ[97]։
«Հրազդան» մարզադաշտը կառուցվել է նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 1970-1971 թվականներին, Հրազդան գետի լանջին, որից էլ փաստացի ստացել է իր անունը։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ Խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։ Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973 թվականին գավաթի հաղթանակի։ Տարողությունը՝ 54.208, այդ թվում Յարուս՝ 16900, Հյուսիսային տրիբունա՝ 11750, Հարավային տրիբունա՝ 11750, Արևմտյան տրիբունա՝ 8100, Արևելյան տրիբունա՝ 5100[98]:
Երևանի մյուս խոշոր մարզադաշտերից են Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը, կառուցվել է 1935 թվականին, վերակառուցվել 2000 թվականին, նստատեղերի քանակը 14.403 և Միկա մարզադաշտը՝ 7.250 նստատեղ[99]։
Երևանում գործում են սպորտային բազմաթիվ ու բազմատեսակ դպրոցներ ու մարզասրահներ՝ բոլոր հարմարանքներով։ Սպորտի յուրաքանչյուր քիչ թե շատ զարգացած ճյուղ ունի իր ֆեդերացիան։ Առանձնապես մեծ տեղ է գրավում շախմատի դպրոցը. Հայաստանի շախմատի հավաքականը, որ կազմավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, մեկական անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր։
Երևանում որոշակիորեն տարածում ունի նաև սիրողական սպորտը, որոնք զարգանում են բացօդյա մարզասրահներում, վազքուղիներում։ Քաղաքի մի շարք զբասայգիներում տեղադրված են փողոցային մարմնամարզության (Street workout) հարմարանքներ։ Արդեն մի քանի տասնամյակ Հրազդանի ձորում՝ գետի ափին, գործում է բացօդյա մարզասրահ, որտեղ այցելուները զբաղվում են տարբեր տեսակի սպորտաձևերով, այդ թվում նաև՝ բոդիբիլդինգով, բռնցքամարտով, ըմբշամարտով և այլն։
Երևանում առաջին բժշկական հիմնարկը՝ զինվորական հոսպիտալը, բացվել է 1828 թվականին, դեղատունը՝ 1830 թվականին, որոնք բուժօգնություն են ցույց տվել նաև ազգաբնակչությանը։ 1857 թվականից Երևանում գործել է ինքնուրույն դեղատուն, 1888 թվականին՝ բուժարան, որին կից 1893 թվականին կազմակերպվել է 12 մահճակալով հիվանդանոց, 1898 թվականին՝ բանտի հիվանդանոցը (25 մահճակալով)։ 1899 թվականին դեղագործ Շահնազարովի միջոցներով Երևանում բացվել է Հայաստանում առաջին պաշտոնական դեղատունը։
1880-1881 թվականներին քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանի նախագահությամբ գործել է Առողջապահական մշտական հանձնաժողով։ 1881 թվականից հրատարակվել է «Առողջապահական թերթը»։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Երևանում բացվել են քաղաքային և բանտի հիվանդանոցները, զինվորական հոսպիտալը, ակնաբուժարանը, հոգեկան հիվանդների խնամատունը, Հ. Հովհաննիսյանի և Ա. Տեր-Ավետիքյանի մասնավոր հիվանդանոցները, 1918 թվականին քաղաքային հիվանդանոցը տեղափոխվել է նորակառույց շենք և վերանվանվել 1-ին քաղաքային հիվանդանոցի, այնուհետև հիմնադրվել են 2-րդ և 3-րդ կլինիկական հիվանդանոցները։
Երևանում առողջապահության կազմակերպումն առաջին անգամ պետական ուշադրության է արժանացել խորհրդային իշխանության օրոք. 1920 թվականին կազմավորվել է Առողջապահության ժողկոմատը (1946 թվականից՝ ՀԽՍՀ ԱՆ), որի իրավասությանն են հանձնվել բժշկասանիտարական բոլոր հիմնարկները, այդ թվում՝ մասնավորները։ 1922 թվականին քաղաքային 2-րդ կլինիկական հիվանդանոցում բացվել է ակնաբուժական բաժանմունք՝ 25 մահճակալով, որը 1925 թվականին վերակառուցվել է Աչքի հիվանդությունների կլինիկայի։ Ստեղծվել է մոր և մանկան պահպանության ծառայություն։ Հիմնադրվել են բժշկական ուսումնական հաստատություններ՝ 1921 թվականին՝ բժշկական ուսումնարանը, 1922 թվականին՝ ԵՊՀ բժշկական ֆակուլտետը (1930 թվականից՝ ԵԲՀ, 1995 թվականից՝ ԵՊԲՀ), 1923 թվականին՝ Տրոպիկական ինստիտուտը, 1933 թվականին՝ Սանիտարական տեսչությունը, 1937 թվականին՝ Ախտահանման կայանը։
Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Երևանում գործել են 20 հիվանդանոցային հիմնարկներ, աշխատել է 505 բժիշկ (1000 բնակչին՝ 2,2 բժիշկ)։ Առողջապահության կազմակերպման աշխատանքները լայնորեն ծավալվել են հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում. հիմնադրվել են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի (1946), Ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1946) ԳՀԻ-Ները։ 1957 թվականին Երևանում շահագործման է հանձնվել 8-րդ կլինիկական հիվանդանոցը, 1961 թվականին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ-ն, որի հիմքի վրա 1975 թվականին հիմնադրվել է ԽՍՀՄ ԲԳԱ համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղը (1991 թվականից՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ), Շտապ բժշկական օգնության 2-րդ կլինիկական հիվանդանոցը։ 1984 թվականին Հանրապետական կլինիկական հիվանդանոցում ստեղծվել է Հանրապետական ախտորոշման կենտրոնը։
ՀՀ անկախացումից հետո, առողջապահության համակարգի զարգացման ու բարեփոխումների 1996–2000 թվականների ծրագրին համապատասխան, Երևանի առողջապահության համակարգում իրականացվել են կառուցվածքային և կանոնակարգային էական փոփոխություններ։ Երևանում է կենտրոնացած երկրի առողջապահության համակարգի հզորությունների 2/3-ը։ 2001–2003 թվականներին առողջապահական ընկերությունները խոշորացվել են, որի հետևանքով նվազել է բուժհաստատությունների թիվը։
Ներկայումս (2012) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է առողջապահական 25 ընկերություն՝ բժշկական 5 կենտրոն՝ 2-ը՝ բազմաճյուղ, 3-ը՝ նեղ մասնագիտացված, 15 պոլիկլինիկա, 2 բժշկասանիտարական մաս, 2 դիսպանսեր և շտապ բուժօգնության ծառայություն։ 1992 թվականից հիմնվել և գործում են նաև 40-ից ավելի մասնագիտական բժշկական միություններ[9]։
Երևանի տարածքում պահպանվել են զարգացած քաղաքաշինական մշակույթով հնագույն բնակավայրեր Շենգավիթը (մ. թ. ա. 4–2-րդ հազարամյակներ), Էրեբունին և Թեյշեբաինին (մ. թ. ա. 8–6-րդ դարեր)։ Կանգուն են Ավանի Սուրբ Հովհաննես (6-րդ դար) և Կաթողիկե (13-րդ դար) եկեղեցիները։
1679 թվականի երկրաշարժից ավերվել են Երևանի եկեղեցիների մեծ մասը, կամուրջները, կարավանատները, բերդը։ 17-րդ դարում վերակառուցված Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվել է 1930-ական թվականներին (տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը, 1937)։
Միջնադարում Երևանն ունեցել է քաղաքաշինական երկաստիճան համակարգ՝ բերդ և բնակելի թաղամասեր՝ պարիսպներից դուրս։ Բերդը կառուցվել է 1582–1583 թվականներին։ Ուշ միջնադարի կառույցներից է Կոնդի Զորավոր եկեղեցին (կառուցել է մեծահարուստ Խոջա Փանոսը 1693 թվականին)։ 17-18-րդ դարերում կառուցվել են նաև բազմաթիվ քաղաքացիական շենքեր՝ աղյուսաշեն գմբեթավոր բաղնիքներ, կարավանատներ, կամուրջներ։ Պահպանվել են Գետառի միաթռիչք (1664) և Հրազդանի Կարմիր կամ Խոջա Փլավի (17-րդ դար) կամուրջները։
19-րդ դարի 2-րդ քառորդից, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Երևանի ճարտարապետական-քաղաքաշինական կերպարը հետզհետե փոխվել է. տարածվել է ռուսական կլասիցիզմի ոճը, գերիշխել է կանոնավոր հատակագծումը։ Կրեպոստնայա փողոցը բարեկարգվել է և 1863 թվականին վերանվանվել Աստաֆյան՝ նահանգապետ Աստաֆևի անունով (այժմ՝ Աբովյան)։
1924 թվակականին հաստատվել է Երևանի կառուցապատման և զարգացման 1-ին գլխավոր հատակագիծը (ճարտարապետ՝ Ա. Թամանյան), որտեղ կարևորվել է Բորիս Մեհրաբյանի կազմած տեղագրական հատակագիծը (1906–1911)։ Գլխավոր հատակագիծը կազմվել է 15 տարի հաշվարկային ժամկետով, 60–150 հզ. բնակչության հեռանկարով։ 1934 թվականին Ա. Թամանյանի սկսած «Մեծ Երևանի» գլխավոր հատակագիծը 1936-1939 թվականներին ճարտարապետներ Ի. Մալոգեմովը, Նորայր Ձարգարյանը, Ս. Կլևիցկին մշակել են 450 հզ. բնակչի համար՝ 15 տարվա հեռանկարով։
Երևանի անկանխատեսելի ընդլայնմամբ պայմանավորված՝ 1951 թվականին վերանայվել է գլխավոր հատակագիծը (ճարտարապետ՝ Ն. Զարգարյան և ուրիշներ)։ 1961 թվականից կազմվել են Երևանի զարգացման տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ 1959-1975 թվականների հեռանկարով։ 1985 թվականից սկսվել է Երևանի գլխավոր հատակագծի 5-րդ մշակումը։
1920–1930-ական թվականներին սկսվել է ներկայիս Հանրապետության հրապարակի կառուցապատումը, ձևավորվել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկը։ Հանրապետության հրապարակից հարավարևմտյան պուրակն է՝ 2750 շատրվանով, ապա՝ Շահումյանի անվան հրապարակը, Ռուսաստանի հրապարակը՝ քաղաքապետարանի, Մոսկվայի տան, «Երևան-Պլազա» բիզնես կենտրոնի (2009) շենքերով և Հաղթանակի կամուրջը, (2009) Հրազդանի կիրճը, գինու գործարանի մառանները (2009) և կոնյակի գործարանը։ 2010 թվականին բացվել է Հյուսիսային պողոտան, որն Ազատության հրապարակը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով (1926–1953, ճարտարապետ՝ Ա. Թամանյան), կապում է Հանրապետության հրապարակին։
1975 թվականին քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են Նաիրիտն ու Պոլիվինիլացետատը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Երևանում էլեկտրաէներգիա ապահովող ջրային էլեկտրակայանների կողքին բացվում է Երևանի ջերմային էլեկտրակայանը, որն աշխատում է բնական գազով։ Այն հանրապետության խոշորագույն էլեկտրակայանն է՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանից ու Մեծամորի ատոմակայանից հետո։ Երևանում բացվել է նաև ավտոմեքենաշինական գորժարան՝ ԵրԱԶ, որը մարդատար ավտոմեքենաներ է արտադրել ԽՍՀՄ վերջին տարիներին։
Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարանները։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաները։ Որոշ ներդրում ունեն նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրությունները։
Ցարական ժամանակներից Երևանում հիմնվել էին գինու և կոնյակի գործարաններ։ Հայկական կոնյակը ավելի մեծ ճանաչում ստացավ ԽՍՀՄ տարիներից սկսած՝ Երևանի Արարատ կոնյակի գործարանի շնորհիվ։ Հիմնվում են նաև բնական հյութերի, քաղցրավենիքի և սննդի այլ արդյունաբերական հիմնարկ-ձեռնարկություններ, կոմբինատներ[100]։
2011 թվականի տվյալներով մայրաքաղաքի արդյունաբերության տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում շուրջ 52,0% է. այստեղ են արտադրական հզորությունների գրեթե կեսը, շինարարական ոլորտի 88,0%-ը, թողարկվում է արդյունաբերական արտադրանքի 49,0%-ը (մշակող արդյունաբերության 61,0%-ը), իրականացվում է մանրածախ ապրանքաշրջանառության 84,0%-ը, հանրային ծառայությունների՝ 91,0%-ը, այդ թվում՝ հյուրանոցային ծառայությունների՝ 89,9%-ը, տրանսպորտային ծառայությունների՝ 89,1%-ը, ֆինանսական գործունեության՝ 97.0%-ը, անշարժ գույքի հետ կապված գործառույթների՝ 87,0%-ը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների՝ 99,0%-ը, արտահանման՝ 52,0%-ը, ներմուծման՝ 82,0%-ը։
Երևան քաղաքի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքի մեջ զգալի բաժին է կազմում մշակող արդյունաբերությունը՝ 86,0 %, իսկ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությունն ու բաշխումը և հանքագործական արդյունաբերությունը՝ համապատասխանաբար՝ 13,1% և 0,9%։
Մշակող արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալում սննդամթերքի տեսակարար կշիռը 42,3% է, պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությանը՝ 4,25%, հրատարակչական և պոլիգրաֆական գործունեությանը՝ 4,16%, քիմիական արդյունաբերությանը՝ 3,87%, ծխախոտի արտադրատեսակների արտադրությանը՝ 2,9%[9]:
21-րդ դարում լայն թափ է առնում շինարարությունը։ Արտասահմանում ապրող հայ բարերարների և գործարարների ֆինանսական օժանդակությամբ կառուցվում են նոր թաղամասեր ու ճանապարհներ, նորոգվում և նոր տեսք են ստանում հները։ Այդ ժամանակ կառուցվում է Թամանյանի նախագծած Հյուսիսային պողոտան։ Այստեղ վեր են խոյանում ժամանակակից երկնաքերներ։
Քաղաքի կենտրոնում սկսվում է շենքերի կառուցումը, որը շարունակվում է նաև քաղաքի համայնքներում։ Վերանորոգվում և բարեկարգվում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Մատենադարանը, հիմնվում են նոր մայրուղիներ։ Երևանը սկսում է ստանալ ժամանակակից եվրոպական քաղաքի տեսք։ Կառուցվում և շահագործման է հանձնվում Վահագնի թաղամասը։
Վերջին տարիներին լայն թափ է ստացել ասֆալտապատումը և բակային տարածքների կարգավորումը, այգիների ու պուրակների ստեղծումը։ Երևանում կարգի են բերվել ավտոբուսային կայանատեղիները, դրվել են նոր նստարաններ, փողոցներում կանգնեցվել նոր լուսակիրներ ու ցուցանակներ։ Քաղաքային այգիներում շատացել են արձաններն ու կիսանդրիները[100]։
2010 թվականին մանրածախ առևտրի շրջանառությունը Երևանում կազմել Է 980 միլիարդ դրամ, որը 2009 թվականի համեմատությամբ ավելացել Է շուրջ 9%-ով։
2010 թվականին Երևանում միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի տարեկան շրջանառությունը կազմել Է 876 հզ․ դրամ, որը 2009 թվականի համեմատությամբ ավելացել Է շուրջ 9%-ով։ Մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը հանրապետության միջին ցուցանիշը գերազանցել է 244,6%-ով։
Մանրածախ առևտրի օբյեկտների թվաքանակում (11.210, 2010) մեծ Է խանութների (8772) և կրպակների (2278) տեսակարար կշիռը, որոնք կազմում են հանրապետության՝ համապատասխանաբար՝ 67% և 39%-ը։ 2005-2010 թվականներին այդ օբյեկտների քանակն ավելացել է 1853 միավորով։
Հանրապետության արտահանման ընդհանուր ծավալում 2005 թվականին Երևանին բաժին Է ընկել 59,02%-ը, 2007 թվականին՝ 57,75%-ը, 2008 թվականին՝ 55,3%-ը, 2010 թվականին՝ 53%-ը։ 2005-2010 թվականներին, ներմուծման ծավալների աճին զուգընթաց, դիտվել Է ներմուծման ծավալների տեսակարար կշռի աճ, որը հանրապետության ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է՝ 2005 թվականին՝ 69,8%, 2006 թվականին՝ 71,9%, 2008 թվականին՝ 82,0%, 2010 թվականին՝80,7%[9]:
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Այստեղ են գտնվում հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ։ Կան բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք վկայում են քաղաքի հոգևոր, մշակութային և գիտական բարձր կարգավիճակի մասին։ Երևանը՝ որպես ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք, միջազգային զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ առաջարկելու մեծ ներուժ ունի։
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության նպատակն է ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կբավարարի ճանապարհորդող քաղաքացիների պահանջները, կմեծացնի զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, միջազգային կապերի զարգացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Այս ամենն իրականացնելու համար պետք է ապահովել զբոսաշրջության կայուն և կենսունակ զարգացում, նպաստել ներգնա և ներքին զբոսաշրջիկների թվի աճին, միաժամանակ ավելացնել զբոսաշրջությունից ստացվող եկամուտները՝ առաջարկելով ավելի բարձրարժեք զբոսաշրջային արդյունք։ Երևանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվելու է միջազգային ցուցահանդեսներում, ինչը խիստ կարևոր է ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում Երևանի զբոսաշրջային արդյունքը խթանելու համար։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժինը կազմակերպում և ապահովում է զբոսաշրջության զարգացման ծրագրերի և միջոցառումների պլանների մշակումը («Երևան Սիթի Տուր», հուշարձանների և պատմամշակութային շենքերի գեղազարդ ու գունազարդ լուսավորումը և վերջիններիս QR-կոդերով համապատասխան ցուցանակների տեղադրումը), ներառյալ՝ համապատասխան կառուցվածքային և ներդրումային միջավայրի կատարելագործմանն ուղղված նախագծերն ու առաջարկությունները։ Վարչությունը, համագործակցելով Երևանի տարածքում գործող ոչ պետական զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների հետ, նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ՝ Երևանում զբոսաշրջության քաղաքականություն մշակելու, համատեղ ծրագրեր իրագործելու, ներդաշնակ և օրենսդրության պահանջներին համապատասխանող գործունեություն ծավալելու, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտներ կառուցելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ[101]։
2009 թվականի դրությամբ Երևանում գործել են 40-ից ավելի հյուրանոցներ և հյուրանոցային հանգրվաններ[102]։
Երևանի գլխավոր հնագույն հարստությունը բերդերն են՝ Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և Շենգավիթում Թեյշեբաինի ուրարտական բերդի մնացորդները։
Մայրաքաղաքը ունի տասից ավելի եկեղեցիներ։ Միջնադարյան եկեղեցիներից կանգուն է մնացել 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին։ Նրա շուրջը այժմ կառուցվում է նոր կաթողիկոսանիստ եկեղեցի՝ հայկական ճարտարապետական ավանդույթներով։
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը։ Գլխավոր հպարտություններից է Աբովյան փողոցը, որտեղ նոր շինությունների կողքին զգացվում է Հին Երևանի շունչը։
Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վերջնամասում է գտնվում Մատենադարանը՝ հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ)։
Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Դրանից ոչ հեռու գտնվում է մարզամշակութային գլխավոր կենտրոններից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.
Քաղաքի կենտրոնում են գտնվում քաղաքի հիմնական մշակութային օջախներից շատերը։ Դրանցից են Օպերայի և բալետի թատրոնը, Երևանի Կոնսերվատորիան, բազմաթիվ թատրոններ, Մատենադարանը, բազմաթիվ համալսարաններ, թանգարաններ և այլն։
Երևանը հարուստ է բազմաթիվ և բազմաժանր հուշարձաններով։ Երևանի հրապարակներն ու փողոցներն ծավալային աշխատանքներով զարդարել են Անդրեաս Տեր-Մարուքյանը, Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը, Արա Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Լևոն Թոքմաջյանը և այլ քանդակագործներ։ Առանձին բացօթյա թանգարաններ են Օղակաձև այգին, Պետական Համալսարանի կից տարածքն ու ճեմասրահը, Ազատության հրապարակը։ Վերջին տարիներին երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրված տեղերից է դարձել Հյուսիսային պողոտան[103][104]։
Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[105]։ Այն իրենից ներկայացնում է կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկան եկամուտների համախառն ցուցանիշ։ Այն ավելի բարձր է, քան Հայաստանի բոլոր մարզերը։
Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թվականին, սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977 թվականին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց խորհրդային այլ քաղաքներից՝ (Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Մինսկից կամ Թբիլիսիից) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։
Առաջին գիծը՝ 11,47 կմ երկարությամբ, շահագործման է հանձնվել 1981 թվականի մարտի 7-ին՝ «Բարեկամություն», «Սարալանջի» (այժմ՝ «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (այժմ՝ «Հանրապետության Հրապարակ») և «Սասունցի Դավիթ»։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը. 1983-1996 թվականներին՝ «Գործարանային», «Հոկտեմբերյան» (այժմ՝ «Զորավար Անդրանիկ»), «Շենգավիթ», «Սպանդարյան հրապարակ» (այժմ՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ») և վերջին կայարանը՝ «Չարբախը»։ Շահագործվող գծի երկարությունը 13,4 կմ է, ուղևորահոսքը՝ 50 000 մարդ/օր (2012)։ Երևանի մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային սխեմայի (ճարտարապետներ՝ Է. Պապյան, Ֆ. Մարկոսյան, ճարտարագետ՝ Է. Ստեփանով) համաձայն՝ մետրոյի ցանցը կլրացվի դեպի Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա, Նոր Նորքի զանգվածներ տանող ուղիներով[9]։
Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով[106]։
Առաջին ավտոմեքենան Երևան մուտք է գործել 1913 թվականին[9]։ Այժմ քաղաքի տրանսպորտային ուղևորափոխադրումները հիմնականում իրականացնում են ավտոբուսներն ու երթուղային տաքսիները։ Վերջիններս հարմար են նրանով, որ քաղաքի ցանկացած տեղից կարելի է գնալ դեպի նպատակակետ։ Տրոլեյբուսի երթևեկությունը Երևանում սկսվել է 1949 թվականին։ 1980-ական թվականների վերջերին տրոլեյբուսի երթուղիների երկարությունը հասել Է 256 կմ-ի, որից գործում Է 72 կմ-ը (5 երթուղի) (2012)։ «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում կա 89 տրոլեյբուս[9]։ Ավտոբուսների, միկրոավտոբուսների ուղեվարձը 100 դրամ է, իսկ տրոլեյբուսը՝ 50 դրամ[106]։
Երևանում տրամվայ գործել է 1933 թվականից, իսկ 1980-ական թվականների վերջերից տրամվայի ցանցի երկարությունը հասել Է 96 կմ-ի։ 2004 թվականից տրամվայը Երևանից հանվել Է, գծերն ապամոնտաժվել են քաղաքից աննպատակահարմարության և ծախսատար լինելու պատճառով[9]։
Երևանի ճոպանուղին շահագործվել է 1967 թվականին։ Այն ուղիղ տրանսպորտային կապ էր ապահովում Հերացու փողոցի մոտից դեպի Նորք։ Սակայն 2004 թվականի վթարից հետո այն դեռ չի վերականգնվել[106]։
Երևանը երկաթուղային ցանցին միացել է 1901 թվականին, Թբիլիսի-Ալեքսանդրապոլ-Երևան։ Ալեքսանդրապոլ-Կարս երկաթգծով այն կապ էր հաստատում Թուրքիայի, Նախիջևան-Ջուղա երկաթգծով՝ Իրանի, իսկ ադրբեջանական ու վրաց-աբխազական երկաթգծերի շնորհիվ՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հետ։
ԽՍՀՄ ժամանակաշրջանում Երևանի երկաթգծի կայարանը կապված էր հարևան պետությունների կայարանների հետ։ Բայց ԽՍՀՄ փլուզման և շրջափակման պատճառով այժմ գործում է միայն դեպի Թբիլիսիի կայարան, այստեղից էլ՝ սևծովյան նավահանգիստներ, ինչպես նաև ներքին հանգույցների հետ կապ[106]։
Սկսած 2008 թվականից Հայաստանում գործում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն «Հարավկովկասյան երթուղի» ՓԲԸ-ն, որին իրականացնում է բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ Երևանից դեպի ՀՀ մի շարք քաղաքներ[107]։
Տրամվայի համակարգը Երևանում գործարկվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով և գործել է մինչև 2004 թվականի հունվարի 21-ը։
Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է։ Այն գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Երևանից 10 կմ դեպի արևմուտք։ Զվարթնոց միջազգային օդանավակայանը բացվել է 1961 թվականին։ Այն կոնցեսիոն կառավարման է հանձնվել Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով[106]։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ օդանավակայանը փոխադրել է 1.6 միլիոն ուղևոր[9]։
1913 թվականին քաղաքը հեռախոսաֆիկացվել է՝ 80 հեռախոսահամարով։ Այժմ Երևանում են ՀՀ սևեռված, բջջային և համացանցային կապի ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների (ՎիվաՍել-ՄՏՍ, Բիլայն, Օրանժ Արմենիա, Յուքոմ[108]) կենտրոնական գրասենյակները, իսկ կապի ծառայություններից ստացված հասույթը 2008 թվականի ընթացիկ գներով, առանց ավելացված արժեքի հարկի, կազմել է 156,56 միլիարդ դրամ[9]։
Նախատեսված է Երևան քաղաքում ներդնել նավիգացիոն համակարգ՝ տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ[109]։
Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 30 քաղաքների և միջազգային 5 կազմակերպության հետ. առավել ընդգրկուն ծրագրեր է իրականացնում Երևանի գործընկեր (Պոդգորիցա, Սոֆիա, Ռիո դե Ժանեյրո, Մինսկ, Կիև, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Մոսկվա, Կալինինգրադ, Ստավրոպոլ, Աթենք, Լիոն) և քույր (Դոնի Ռոստով, Անտանանարիվու, Բեյրութ, Բրատիսլավա, Դամասկոս, Սպահան, Կարրարա, Լոս Անջելես, Քեմբրիջ, Քիշնև, Մարսել, Թբիլիսի, Մոնրեալ, Օդեսա, Սան Պաուլու) քաղաքների, ինչպես նաև Տոսկանայի մարզի (Իտալիա) հետ[9]։
Երևանի քույր քաղաքները՝ ըստ այբբենական դասակարգման առաջինը քույր քաղաք է հայտարարվել իտալական Կարրարան, վերջինը՝ Թեհրանը։
Երևանի քաղաքապետի որոշմամբ ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը[138]։ Ներկայումս 90-ից ավելի անձինք հանդիսանում են Երևանի պատվավոր քաղաքացի[139]։ Երևանի առաջին պատվավոր քաղաքացի է դարձել գիտնական Վիկտոր Համբարձումյանը (կոչմանը արժանացել է 1983 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.