Remove ads
Գաբրիել Սունդուկյանի պիեսը From Wikipedia, the free encyclopedia
«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսն է, կատակերգություն, գրվել է 1870 թվականին[1]։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։
Պեպո | |
---|---|
1901 թվականի հրատարակչության առաջին էջը։ | |
Հեղինակ | Գաբրիել Սունդուկյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Պեպո |
Ստեղծման տարեթիվ | 1870 |
Հրատարակման վայր | Թիֆլիս |
Հրատարակման տարեթիվ | 1870 |
Վիքիդարան | Պեպո |
Վիքիքաղվածք | Պեպո |
Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին՝ Ավետ Ավետիսյանը[2]։
Սունդուկյանի վկայությամբ՝ այսպիսի կատակերգություն գրելու միտքը ծագել է Նիկողայոս Փուղինյանի «Վուր տրարվիս, պիտի պռավիս» պիեսի դիտումից հետո։ Դրա մասին Սունդուկյանը գրել է «Պեպոյի» առաջաբանում[3]։ Փուղինյանցի կատակերգության հերոսը՝ Շամիրի բնավորության մեջ անպատվությունը չհանդուրժելու և ամեն գնով նպատակին հասնելու միտքն է, որ Սունդուկյանի մոտ ուրվագծել է Պեպոյի սյուժեի բախումը։ Շամիրի կռվարար, իրասածի, կենսուրախ և ծիծաղաշարժ լինելը Սունդուկյանն օգտագործել է «Պեպոյի» գլխավոր հերոսին ստեղծելիս։ Գլխավոր հերոսին և կենցաղի բնորոշ կոնֆլիկտային իրադրությունը գտնելուց հետո պիեսի դիպաշարը կառուցելը Սունդուկյանի համար հեշտանում է[3]։ Պեպոն սկզբում նախագծվել է որպես թեթև կատակերգություն, որը գեղարվեստական լուծումներով նման էր լինելու Փուղինյանցի գործին[4]։ Պիեսում Եփեմիայի կերպարի հարցում նույնպես նմանություններ կան։ Եփեմիան տարիքային և ֆինանսական առումով նման է Դորիմեային, որը վարում է շքեղ ու շվայտ կյանք։ Հետագայում, Սունդուկյանը չի ստեղծում նախագծված զվարճալի կատակերգությունը։ Կոշտ ու կոպիտ, մուշտիով հարցերը լուծող կինտոյի կերպարը փոխարինում է դառը դատող, ազնվաբարո Պեպոյին։ Նախագծված դիպաշարը հնարավորություն էր տալիս կինտոյի միագիծ կերպարի փոխարեն ստեղծել ավելի գեղարվեստական և հասարակական կշիռ ներկայացնող հերոսի։ Եվ միաժամանակ, պիեսի կոնֆլիկտը հնարավոր էր դառնում կապվել հասարակական ավելի խորը երևույթների, հարաբերությունների և հոգեբանության հետ[5]։
Պիեսը բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Արարվածներն իրենց հերթին բաժանվում են տեսիլների կամ տեսարանների։ Գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում՝ 1870-ական թվականներին։
Կատակերգության սյուժեն հետևյալն է. Կեկելին նշանել են՝ փեսացուին խոստանալով հարյուր թուման, այսինքն՝ հազար ռուբլի օժիտ։ Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին այդ գումարը պահ էր տվել Զիմզիմովին, բայց բարաթը, այսինքն՝ պարտքը հաստատող մուրհակը, կորել էր։ Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով փեսացուն հրաժարվում է Կեկելից։ Դա մեծ անպատվություն էր Կեկելի և նրա հարազատների համար։
Ընդհարում է տեղի ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև։ Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է բանտարկել տալ նրան։ Սակայն գտնվում է բարաթը, պարզվում է, որ այդ բարաթի վրա թել են փաթաթում, երեխան այդ թելով խաղալիս է լինում և հանկարծ գտնում է բարաթը և Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ՝ խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող։ Բայց Պեպոն չի ուզում հաշտվել. նա գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը, ում խաբել ու գռփել է նա։ Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը։ Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա վաճառականի իսկական դեմքը։
Գրականագիտական ուսումնասիրություններում Պեպոն վերլուծելիս, սովորաբար կենտրոնանում են պիեսի սոցիալական բնույթի վրա, մի կողմ թողնելով պիեսի հոգեբանական կողմը։ Սունդուկյանը, սակայն, Պեպոյում կարողացել է հասնել խորը հոգեբանական վերլուծության։ հոգեբանական վերլուծության այսպիսի մեթոդը Սունդուկյանը կիրառել է կատակերգության գրեթե բոլոր կերպարների և հանգուցային իրադարձությունների համար։ Վահան Տերյանը Պեպոն վերլուծելիս կենտրոնացել է նաև պիեսի հոգեբանական կողմի վրա[6]։
Կեկելի դրաման նրա ընտանիքին հասած դժբախտության դրամայի մի մասն է միայն։ Կեկելի մայրը՝ Շուշանը, նույնպես ողբերգության մեջ է։ Բայց պիեսի առանցքը Պեպոյի կերպարն է և սոցիալական, և հոգեբանական առումով։ Պեպոն ընտանիքի միակ տղամարդն էր, մոր և քրոջ միակ հույսը, ընտանիքի միակ հենարանը։ Նա պարտավորվել էր ապահովել ընտանիքի ապրուստը և ամուսնացնել քրոջը։ Սրա միջոցով Սունդուկյանը փորձել է ծավալել անզոր, բայց պատվախնդիր Պեպոյի հոգեբանական դրաման։ Պարտքի սուր զգացումը և այն իրագործելու անկարողությունը Պեպոյի ներսում ստեղծում է հոգեբանական սուր բախում։ Կատակերգության սկզբում ներկայացվող ուրախ և անհոգ ձկնորսը կերպարանափոխվում է, ունենում հոգեբանական խորը դրամա։ Նախկինում ազատ տղամարդը այժմ բախվում է հասարակական ինքնաարժեվորման և ինքնաճանաչման իրականության առաջ։ Նա պարտք է անում քրոջ օժիտի համար փող ունենալու համար, բայց չի կարողանում վերադարձնել ու ստանում բանտ ուղարկելու դատարանի որոշումը։ Այս ամենը ոտնահարում են Պեպոյի արժանապատվությունն ու խախտում հավատը։ Նա սկսում է զարմանալ աշխարհում տիրող անարդարության վրա և գիտակցում սեփական ազնորությունն ու խեղճությունը։
Պեպոն ընկնում է հոգեբանական ծանր ապրումների մեջ։ Բայց մուրհակի պատահական երևան գալը, Պեպոյին հանում է ընկճվածությունից, նրա կերպարն ստանում է նախկինից տարբեր նոր որակ։ Տառապանք տեսած Պեպոն ձգտում է վերականգնել արդարությունը և դիմակազերծել խաբեբա Զիմզիմովին[7]։ Պեպոն կարծես հավատում է արդարության հաղթանակին, բայց իրականությունն այլ կերպ է դասավորվում[5]։
Պեպոյին նախորդած պիեսներից ոչ մեկում Սունդուկյանը աշխատավոր մշակին գլխավոր հերոս չի դարձրել։ Սունդուկյանի առաջին կատակերգություններում չկան հասարակական այդ խավին պատկանող կերպարներ։ Նախորդ պիեսներում գործող անձինք ավելի շատ վաճառականներ էին, աստիճանավոր երիտասարդներ և այլն։ Պեպոն առաջին երկն է, որտեղ դեպքերն ու բախումը ծավալվում են աշխատավոր խավին պատկանող մարդկանց շուրջը։ Սունդուկյանի նախկին պիեսներից և ոչ մեկում չկան կերպարների, մարդկային հարաբերությունների և հատկանիշների այսպիսի բևեռացում[3]։
Սկզբնական շրջանում Սունդուկյանին չի հետաքրքրել, թե մասնագիտությամբ ով է Պեպոն, ինչպիսի արտաքին ունի և այլն։ Կարևորը Պեպոյի մշակ լինելն էր, մի փաստ, որ խոսում էր հերոսի դժվար կյանքի ու դառը ճակատագրի մասին։ Սունդուկյանի մշակի վիճակը լավ պատկերացնում էր, քանի որ 1865 թվականին, Թիֆլիսի համքարների ապստամբության ժամանակ եղել է ապստամբության գաղափարախոսներից մեկը։ Աշխատավոր մշակներին աջակցություն ցուցաբերելը երևում էր նաև նրանով, որ Սունդուկյանը մասլահաթները գրելիս ստորագրել է «Համալ», այսինքն՝ մշակ աշխատավոր։ Սոցիալական հակադիր խավերից ընտրելով պիեսի կոնֆլիկտի բախվող կողմերին՝ Սունդուկյանը ներկայացրել է այդ ժամանակվա հասարակական կարգը։ Պեպոյի մենախոսություններում կարելի է գտնել նրա սիրած գործի պատճառած ուրախությունն ու բերկրանքն արտահայտող տողեր։ Բայց անկախ ամեն ինչի, Պեպոն և նրա նմանները իրավազուրկ էին և ճնշված։ Պեպոն ազնիվ էր, նա չէր կարող իրեն թույլ տալ խաբել, կողոպտել և այս կերպ հարստություն դիզել, նա չուներ ուժ և իշխանություն։ Սունդուկյանը ցույց է տալիս բևեռացված իրականությունը, որտեղ մի կողմում ժլատ և փողի համար ամեն ինչի պատրաստ զիմզիմովներ են, մյուսում՝ նրանց զոհերը, ի դեմս Պեպոյի, Կեկելի և Շուշանի։ Վերջիններիս Սունդուկյանը տալիս է խղճի, ազնվության ու բարության արժեքները, որոնցից զիմզիմովները զուրկ էին[5]։
Սունդուկյանը Պեպոյում չի ներկայացրել սոցիալ-տնտեսական զարգացման այն պատմական օրինաչափությունները, որոնք պայմանավորել են այսպիսի ներկան։ Նա կենտրոնացել է անհատի վրա, փոքր-ինչ իդեալականացնելով և նրանց մեջ ստեղծելով մարդու կատարելատիպը։
Անհայտ է, թե արդյոք պիեսը գրելիս Սունդուկյանը ունեցել է Պեպոյի նախատիպը։ Այս առումով առաջարկում են մի շարք անձանց, որոնք կարող էին նախադեպ դառնալ։ Սունդուկյանը, սակայն պատասխանել է, որ Պեպոն բոլորովին ինքնուրույն ամբողջացում է տարբեր ժամանակներում տեսած անզվասիրտ և աշխատավոր կինտոների։ Սունդուկյանը նաև Պեպոյին նմանացրել է իրեն[8]։
Պեպոյի ստեղծման ժամանակ հեղինակի կենտրոնացումը եղել է պիեսի բուն բովանդակության վրա, արտաքին ձևն ու հանգամանքները նրան քիչ են հետաքրքրել։ Սրան կարելի է հանգել մի քանի փաստեր համադրելով։ Նախ պիեսի ձեռագրում «Գործող անձինք» բաժինը դրված է պիեսն սկսելուց շատ ավելի ուշ[9]։ Ապա, կատակերգությունը գրի առնելիս Սունդուկյանը ունեցել է դիպաշարային անհարթություններ․ մուրհակի գոյության և այն կորցնելու մասին պատմությունը սկզբում չի եղել։ Հետո միայն, զգալով դրա անհրաժեշտությունը, Սունդուկյանը վերափոխել է Պեպոյի և Կակուլու խոսակցության տեսարանն այնպես, որ հնարավոր լինի ավելացնել նաև մուրհակի մասին պատմությունը[10]։ Սունդուկյանը պարզ որոշած չի եղել, թե ինչպես է գտնվելու մուրհակը։ Նրան հետաքրքրել է միայն այն, որ մուրհակը պետք է գտնվի, այսինքն՝ հարցի սկզբունքային կողմը միայն[11]։ Եվ վերջապես, ընդարձակ և դիպուկ նշումները, որոնք կան Պեպոյի տպագիր տեքստում, հեղինակի ապագա աշխատանքի արդյունքն են։ Պեպոյի ձեռագրի մեջ դրանք շատ սեղմ են։ Իսկ Պեպոյի արտաքին նկարագիրը հեղինակը իր համար պարզել է շատ ավելի ուշ՝ պիեսը գրելուց հետո[5][12]։
Կրծանիսում գրի առած Պեպոն ավարտվում է նրանով, որ իր նպատակին չհասած Եովանեն Պեպոյին սպառնալով հեռանում է։ Եվոանեի վերջին խոսքերը կարծես կասեցնում են Պեպոյի ազնվության և արդարության պայքարը՝ թողնելով տագնապի և ափսոսանքի զգացում Պեպոյի ճակատագրի հանդեպ։ Նույն կերպ է արտահայտվել նաև Պեպոյի կերպարը Չմշկյանի դերակատարությամբ[13]։ Պեպոյի առաջին ավարտը չուներ այն հաղթանակի զգացումը, որը բնորոշ է երկրորդին։ Առաջին ավարտը, սակայն, չի գոհացրեց Սունդուկյանին։ Երկրորդ վերջաբան գրելով՝ Սունդուկյանը փոքր-ինչ իդեալականացնում է հերոսին, որտեղ հերոսը հպարտ է և վստահ արդարության և մարդկայնության հաղթանակին։ Ս․ Հարությունյանը գրել է, որ հանդիսատեսը միշտ մեծ ոգևորությամբ է ընդունել այս երկրորդ վերջաբանը։ Երկրորդ վերջաբանում չի վերջանում Պեպոյի՝ արդարության համար սկսած պայքարը, որը շարունակում է ընկեր կինտո Կակուլին[5][14]։
Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին և ունեցել հաջողություն (հանդիսատեսը փոթորկալից ծափահարություններով բեմ էր հրավիրել հեղինակին և շուրջ կես ժամ չէր թողել‚ որ հեռանա)։ Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր։ 1874-75 թատերաշրջանում այն ներկայացվել է Թիֆլիսում ռուսերեն լեզվով‚ նույն թատերաշրջանում ներկայացումը կրկնվել է Մոսկվայում։ 1874 թվականի հոկտեմբերին Քութաիսիում Ան. Քուրցելիձեի և Քեթևան Արամյանի կատարմամբ «Պեպոն» բեմադրվում է վրացերեն լեզվով և այդ ժամանակվանից սկսած բեմադրվում է Վրաստանի տարբեր թատրոններում։ 20-րդ դարի սկզբին «Պեպոն» բեմադրվում է Թավրիզում ադրբեջաներեն լեզվով։ Հետագայում ադրբեջաներենով «Պեպոն» վերաբեմադրվում է Բաքվում և դառնում է ադրբեջանական թատրոնի ներկայացումներից մեկը[15]։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին՝ Երևանում, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ՝ որպես առաջին պետական թատրոն։ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Սունդուկյանի թատրոնը վերանորոգումից հետո վերաբացվել է՝ կրկին «Պեպոյի» բեմադրությամբ[16]։
Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին՝ Ավետ Ավետիսյանը[2]։ Ունի 88 րոպե տևողություն[17]։
Երևանում կա Պեպոյին նվիրված արձան։ Այն գտնվում է Երևանի անգլիական այգում՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջև։ Արձանի ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը, քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյանը[18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.