Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թ.-ին՝ դերասանական, ռեժիսորական, թատերագիտական բաժիններով։ Ինստիտուտի առաջին տնօրենն էր արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը։ Տարբեր տարիների ինստիտուտում դասավանդել են արվեստի և մշակույթի անվանի գործիչներ՝ Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հայկուհի Գարագաշը, Մետաքսյա Սիմոնյանը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Ռուբեն Զարյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Գրիգոր Բոյաջիևը, Հայկ Գյուլիքեխվյանը, Լուիզա Սամվելյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և այլք։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ | |
---|---|
Հապավում | ԵԹԿՊԻ |
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն և համալսարան |
Հիմնադրված է | 1944[1] |
Ռեկտոր | Սառա Նալբանդյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0002, ք. Երևան, Ամիրյան փող., 26. |
Կայք | ystfi.am |
Yerevan State Institute of Theater and Cinematography Վիքիպահեստում |
2011/2012 ուսումնական տարում բուհում ստեղծվել են երեք ֆակուլտետ՝ Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության, կառավարման։ ԵԹԿՊԻ-ում գործում է հեռակա ուսուցման բաժինը, նախապատրաստական բաժինը։ Բուհն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գորիսում։ Սկսած 1961 թ.-ից մեր բուհում սովորում են օտարերկրացի ուսանողներ՝ այդ թվում սփյուռքահայեր։ ԵԹԿՊԻ-ն սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր արտասահմանի մի շարք համալսարանների, ակադեմիաների հետ։ ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների, փառատոների և դառնում հաղթողներ, դափնեկիրներ, գլխավոր մրցանակակիրներ։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինո և տեսա-սրահներում, տաղավարներում։ Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան՝ շուրջ 44.000 կտոր գրականությամբ, ֆիլմա և տեսադարաններ։ Ինստիտուտը հրատարակում է «Կինո/թատրոն» հանդեսը և «Հանդես» գիտամեթոդական ամենամյա ժողովածուն։
1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի։ Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր է նշանակվում Արամ Իսաբեկյանը, իսկ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ 1998 թվականից ինստիտուտը ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ 1999 թվականին Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ 2005 թվականին Սոս Սարգսյանը, թողնելով ռեկտորի աշխատանքը, ընտրվեց ԵԹԿՊԻ Խորհրդի նախագահի պաշտոնում։ 2006 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը։ Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում հանրապետության միակ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունն է։ Պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով։ Ուսանողների թիվը մայր բուհում և մասնաճյուղերում անցնում է 750-ը, ինչն աննախադեպ է բուհի պատմության մեջ։ 2014 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը է նշանակվում Դավիթ Մուրադյանը։ 2018 թվականին ռեկտորի պաշտոնակատար, այնուհետև ռեկտոր է նշանակվում՝ Լիլիթ Արզումանյանը, 2023-ին՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, մշակութաբան Սառա Նալբանդյանը։
2018 թ․-ից ԵԹԿՊԻ-ն մասնակցում է Էրազմուս+ դրամաշնորհային շարժունության ծրագրին՝ Իռլանդիայի Դուն Լեարի Դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։
Բաժինը մշտապես աշխատանքներ է իրականացնում դրամաշնորհների ստացման, միջազգային շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով։
Համագործակցություն է իրականացվում արվեստի տարբեր բուհերի և փառատոների հետ։ Ցանկը մշտապես ընդլայնվում է, իսկ առանձին միջոցառումներն իրականացվում են առանձին համաձայնագրերի միջոցով։
ԵԹԿՊԻ-ն անդամակցում է UNESCO-ի կատարողական արվեստների միջազգային ցանցին 2014 թ.-ից։
ԵԹԿՊԻ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում։ Բաժինը տարեցտարի ավելացնում է միջազգային գործնկերների հետ հաստատվող համագործակցությունների շրջանակը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը կազմավորվել է 1997 թ. Հայաստանի կառավարության թիվ 231 որոշմամբ։ Այն Շիրակի մարզում գործող թատերական արվեստի ուսուցման միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ 2007-2008 ուսումնական տարվանից մասնաճյուղն անցել է երկաստիճան ուսուցման համակարգի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի, ներդրվել է կրեդիտային համակարգը։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանող ուսումնական պլաններով և ծրագրերով։
Հաստատությունում դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ։
Մասնաճյուղը գործում է հարմարավետ մասնաշենքում։ Ապահովված է ընդարձակ լսարաններով, փորձասեյակներով, պարասրահով, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով հագեցած արվեստաբանության, հումանիտար առարկաների, կինոդիտումների, բեմանկարչության, սեղանի շուրջ աշխատանքի կաբինետ-լաբորատորիաներով, լուսանկաչության սրահով, գիտական գրադարանով, ուսանողական թատրոնի դահլիճով։ Մասնաճյուղի լավագույն շրջանավարտները համալրում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական, Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնների թատերախմբերը և տեղական հեռուստա և ռադիո ընկերությունները։ Շրջանավարտներից շատերն իրենց հետբուհական ուսումը շարունակում են ասպիրանտուրայում։ 2022-ին իրականացվել է համագործակցում Վանաձորի մասնաճյուղի հետ։
2020-ի փետրվարին մրցութային կարգով մասնաճյուղի տնօրեն վերընտրվեց մանկավարժական գիտությունների թեկնածու Հակոբ Զիլֆիմյանը:
Բեմական խոսք
Էլիզա Գյուլեսերյան
Սիրվարդ Մեսրոպյան
Հրաչուհի Ջինանյան
Աննա Հեքեյան
Գրետա Մեջլումյան
Լալա Մնացականյան
Զարուհի Ներսեսյան
Սոֆիկ Սարգսյան
Արմինե Անդրեասյան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.