Remove ads
նախարարություն From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը Հայաստանի նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Նախարարությունը գործում է Հայաստանի սահմանադրության, օրենսդրության, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա։ Արտգործնախարարությունը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | |
---|---|
Տեսակ | արտաքին գործերի նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ԱԳՆ |
Ստեղծման թվական | 1918 |
Ենթարկում | Հայաստանի նախագահ |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Պատասխանատու նախարար | Արարատ Միրզոյան |
Կայք | mfa.am |
Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի 150 երկրների հետ[1], ինչպես նաև հանդիսանում է ավելի քան 40 միջազգային կառույցների անդամ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԱՊՀ-ի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և այլն։
1918 թվականին Հայաստանը պետականության հիմնադրմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում և հաստատում դիվանագիտական կապեր։ Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ երկրների հետ։ Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, Երևանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը։ Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20 թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918 թ.՝ պաշտոնակատար, միաժամանակ՝ Հայաստանի վարչապետ), Սիրական Տիգրանյանը (1918-19 թթ.), Համո Օհանջանյանը (1920 թ., միաժամանակ՝ Հայաստանի վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ՝ Հայաստանի վարչապետ)։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920 թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում։ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922 թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը։
1922 թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն և, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին։
Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության և ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ։ Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության և արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը` հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի և ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) և պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության և գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ։ 1975-85 թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ։
ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988 թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով։
Ղարաբաղյան շարժման 1988 թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին։
ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988 թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ։ Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանը 1960-82 թթ. Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22թթ.` միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46 թթ., միաժամանակ` ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47թթ.` միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54 թթ., միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58 թթ., միաժամանակ`ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ`1959-61թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75 թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85 թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91 թթ.)։
Հայաստանի անկախության հռչակմամբ (1991 թ.) հանրապետության արտգործնախարարության գործունեությունը ենթարկվեց արմատական փոփոխության, հաշվի առնելով Հայաստանի նոր կարգավիճակը միջազգային հարաբերություններում, նախարարության կառուցվածքն ու աշխատակազմի քանակը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջներին։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 156 երկրների հետ (2010 թ. օգոստոսի 1-ի դրությամբ)։ Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ, 1992 թ.), մի շարք այլ միաջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրոպայի Խորհուրդ, ՍԾՏՀԿ) անդամ, Հայաստանի դեսպանություններ ու գլխավոր հյուպատոսություններ բացվեցին մի շարք երկրներում, Հայաստանի մշտական ներկայացուցչություններ հիմնվեցին մի շարք միջազգային կազմակերպություններում (2010 թ. օգոստոսի 1-ի դրությամբ՝ արտերկրում գործում են Հայաստանի 30 դեսպանություն, Հայաստանի 5 գլխավոր հյուպատոսություն, 4 հյուպատոսություն և հյուպատոսական գրասենյակ Հայաստանի 10 մշտական ներկայացուցչության միջազգային 7 կազմակերպություններում)։
Հայաստանի նախագահի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» 31 մարտի 2000 թ. հրամանագրով և «ՀՀ գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեության և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» 22ապրիլ 2000 թ. կարգադրությամբ ՀՀ ԱԳՆ-ին վերապահված է արտաքին քաղաքական ոլորտի համակարգող դեր[2]։
Ելնելով անկախ պետականության պահանջներից ձևավորվեց Հայաստանի պետական արարողակարգը. 1991 թ.՝ ԱԳՆ վարչություն, այնուհետև՝ 1998 թ. ԱԳՆ կազմում գործող ՀՀ պետական արարողակարգի ծառայություն, որը 2002 թ. վերակազմավորվեց ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։ Պետական արարողակարգի կայացման գործում մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները հաստատող ՀՀ նախագահի 2002 թ. մարտի 16-ի հրամանագիրը։
Հայաստանի արտգործնախարար են եղել Աշոտ Եղիազարյանը (պաշտոնակատար՝ 1990-1991 թթ.), Րաֆֆի Հովհաննիսյանը (1991-1992թթ.), Արման Կիրակոսյանը (պաշտոնակատար՝ 1992-1993 թթ.), Վահան Փափազյանը (1993-1996 թթ.), Ալեքսանդր Արզումանյանը (1996-1998թթ.), Վարդան Օսկանյանը (1998-2008 թթ.), Էդվարդ Նալբանդյանը (2008-2018), Զոհրաբ Մնացականյանը (2018-2020), Արա Այվազյանը (2020-2021), Արմեն Գրիգորյանը (պաշտոնակատար ` 2021 հուլիս-օգոստոս)։
2021 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանի արտաքին գործերի նախարարն է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գործում է Հայաստանի Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա։ Հայաստանի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018 թ. մարտի 23-ի օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները[3].
Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը։ Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.