Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1908, Բուխարեստ, Ռումինիա[1] - օգոստոսի 18, 1994[2], Երևան, Հայաստան), Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և Հայաստանի ազգային հերոս։
Վազգեն Ա Բուխարեստցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա 130-րդ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց |
Ընտրվել է | 1955 թ. Ամենայն հայոց կաթողիկոս |
Գահակալություն | 1955 – 1994 թվական |
Իրավանախորդ | Գևորգ Զ Չորեքչյան |
Իրավահաջորդ | Գարեգին Ա |
Ծնվել է | 1908 սեպտեմբերի 20 |
Ծննդավայր | Բուխարեստ, ( Ռումինիայի թագավորություն) |
Մահացել է | օգոստոսի 18, 1994 85) | (տարիքը
Մահվան վայր | Վաղարշապատ, ( Հայաստան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարան; 1924 – 1926 թվական - Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարան; 1936 թվական - Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետ; 1937 թվական - գործնական մանկավարժության բաժին |
Պարգևներ | |
Vazgen I Վիքիպահեստում |
Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914-1918 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-1926 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–1943 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-1944 թվականներ) կազմում։ 1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–1955 թվականներ)։ 1948 թվականի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
Սովետական Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման համար։
Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։
Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։ Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։
Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանքներ։ Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Բաքվի, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները։ Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը։ Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը։
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։ Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։
Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թվական) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը։ Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լեռան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»)։ Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը։ Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում։
Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թվականին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը։ Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը։
1992 թվականի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։ Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թվականի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։ 2008 թվականին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն։
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թվական) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թվական) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թվական), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թվական) և Ժողովուրդների բարեկամության (1978 թվական) շքանշաններով։ Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թվական), Հայաստանում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թվական)։ Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց՝ Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թվական) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թվական, քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)։
2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին դպրոցում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Առաջինի կիսանդրու բացումը, որի հեղինակն է քանդակագործ Կարապետ Մխիթարյանը։ http://vazgen-a.net/ Արխիվացված 2016-01-12 Wayback Machine
Նախորդ | Ամենայն Հայոց Կաթողիկոս | Հաջորդ |
Գևորգ Զ (1945 – 1954) |
Վազգեն Ա (1955 - 1994) |
Գարեգին Ա (1995 – 1999) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.