Remove ads
հայ նկարիչ, բանաստեղծ, աշուղ From Wikipedia, the free encyclopedia
Նաղաշ Հովնաթան (1661[1][2][3], Շոռոթ[3] - հոկտեմբերի 28, 1722[3], Շոռոթ[3]), հայ միջնադարյան բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող։
Նաղաշ Հովնաթան | |
---|---|
Ծնվել է | 1661[1][2][3] |
Ծննդավայր | Շոռոթ[3] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1722[3] |
Մահվան վայր | Շոռոթ[3] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Մասնագիտություն | գրիչ, նկարիչ, բանաստեղծ և աշուղ |
Երեխաներ | Հարություն Հովնաթանյան և Հակոբ Հովնաթանյան |
Nagash Hovnatan Վիքիպահեստում |
Հովնաթանյան տոհմի հիմնադիրը։
Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես վարժապետի մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, որտեղ և ավարտելուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ։ Ն. Հովնաթանի կյանքի մասին միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի ողբն է («Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան»)՝ գրված հոր մահվան առթիվ։ Հակոբի ողբից ենք իմանում Ն. Հովնաթանի ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև կենսագրական մի քանի փաստեր (օրինակ, հասարակ դպրից դարձել է «շնորհալց վարպետն իմաստուն», եղել է «քարտուղար տառից հնոց և նորոց»)։
Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Վրացական աղբյուրների վկայությամբ՝ նա եղել է Վրաստանի Վախթանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը։
«Լավ է ընդ իմաստնոց միշտ քաղցած մնալ, քան ընդ տգիտաց ուտել ու ցնծալ»[4]։
«Գովեմ սրտիվ ուրախական» երգը, նվիրված «Վրաստանի գոզալներին», գրել է վրացական պալատում։ Ապրել և ստեղծագործել է նաև Երևանում, որտեղ գրել է «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» բանաստեղծությունը։ Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ Դրանցից առավել հարուստ և ամբողջական են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի №3263, №4426 և Վիեննայի Մխիթարյանների մատենադարանի №647 և №587 ձեռագրերը։ Ն. Հովնաթանի բանաստեղծությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սիրո և ուրախության, գարնան, կրոնական, երգիծական և խոհական–խրատական։ Նրա սիրո երգերը տարբերվում են միջնադարյան տաղերգուների համաբնույթ երգերից, որոնց հեղինակները, աշխարհիկ կյանքը երգելով հանդերձ, զերծ չէին կրոնական աշխարհայացքի ճնշող ազդեցությունից։ Բնությունը նրա համար ներշնչման աղբյուր է։ Գարունը բերում է բարիք, կյանք, նաև սեր, որը, ըստ բանաստեղծի, կյանքի իմաստն է, հարստությունն ու հաճույքը։ Սիրո ու բնության երգերում Ն. Հովնաթանը վերարտադրել է մարդկային զգացմունքներ ու տրամադրություններ՝ հնարավորին չափ հեռու մնալով կրոնական ու կենցաղային կաշկանդումներից։ Խնջույքի և ուրախության երգերի փիլ. ելակետը արմատապես տարբերվում է միջնադարյան գրական մտածելակերպից։ Ն. Հովնաթանը գտնում էր, որ մարդն աշխարհ է եկել վայելելու համար։ Այս շարքի երգերում բանաստեղծը միաժամանակ քարոզում է ստեղծագործ աշխատանք, համերաշխություն, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ։ Ն. Հովնաթանի մոտ առկա է նոր ժամանակների կնիքը, որն ազատ է միջնադարյան բարոյախոսությունից։ Լինելով միջնադարի նշանավոր բանաստեղծներից մեկը՝ Ն. Հովնաթանը նաև աշուղ է։ Իր աշուղական խաղերում, ինչպես նաև երգիծական և խոհական–խրատական ոտանավորներում նա բողոքում է չարիքի, անարդարության ու անհավասարության դեմ, քննադատում իրականության հոռի կողմերը, դրվատում գիտությունն ու արվեստը։ Հիմք ունենալով իր նախորդների փորձը՝ նա կարողացել է զավեշտի ու ժամանցի ուրախ տաղերից բացի ստեղծել իսկական երգիծանքի նմուշներ («Կատուն մեռաւ, ափսոս ու վա՜խ», «Ով ողորմելի խեղճ կանանիք», «Գրե եկին էշի քարվան» սկզբնատողերով ոտանավորները)։ Ն. Հովնաթանը ունի կրոնական–ծիսական բնույթի երգեր, որոնք ավելի շատ կապված են նախորդ, քան նոր ժամանակների տրամադրությունների ու պատկերացումների հետ։ Հետևելով իր նախորդներին՝ Ն. Հովնաթանը օգտվել է ժողովրդական բանահյուսությունից և ազդեցություն կրել ինչպես հայ, այնպես էլ պարսիկ ու ադրբեջանցի ժողովուրդների բանավոր ստեղծագործություններից։ Նա գրել է ժամանակի ժողովրդական լեզվով։ Թարմ են բանաստեղծի տաղաչափական հնարանքներն ու պատկերները։ Նա կարողացել է ազգային ավանդական տաղաչափական ձևերին վարպետորեն ներդաշնակել աշուղական բանարվեստի նվաճումները և ստեղծել նորատիպ երգեր։ Ինքն է իր բանաստեղծությունների համար ընտրել կամ հորինել եղանակներ և ինքն էլ երգել ու նվագել է դրանք։
Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Որմնանկարչական առաջին աշխատանքերը կատարել է իր ծննդավայրի և Ագուլիսի եկեղեցիներում։ 1679–ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան և նկարազարդել Պողոս Պետրոս, Ս. Անանիա և Կաթողիկե եկեղեցիները։ Ն. Հովնաթանի բնածին տաղանդն այս աշխատանքներում դրսևորվել է պարզ, անմիջական, ներքին մղումներից բխող գեղանկարչական ընկալումներով։ XVII դարի վերջին Ն. Հովնաթանը հրավիրվել է Վրաստան, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, ձևավորել Վախթանգ թագավորի նորակառույց պալատը։ Թիֆլիսում նա ունեցել է արվեստանոց, աշակերտներ, նկարել է եվրոպական յուղաներկով։ 1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել տաճարը։ Պահպանվել է հատված «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպոզիցիայից։ Ուշագրավ են կերպարների ազգային տիպականացումը, դիմանկարչական մեկնաբանումները, դեմքերի ու ձեռքերի մոդելավորումը, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածությունը։ Նույն առանձնահատկությունները բնորոշ են Էջմիածնի տաճարի ավագ խորանից ցած պատկերված Աստվածամորն ու նրա երկու կողմերում տեղադրված առաքյալներին։ Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումներով է կատարված «Աստվածամայր» փոքրիկ սրբանկարը։ Տաճարի դեկորատիվ հարդարանքը՝ բուսական զարդանախշերը՝ իրենց շքեղ, հարուստ ու գունագեղ հատվածներով, նոր երևույթ էր հայկական գեղանկարչության մեջ, ներմուծել է երևույթների աշխարհիկ ընկալումներ, հաստոցային նկարչության սկզբունքների կիրառում, առանձնահատկություններ, որոնք ուղեցույց են հանդիսացել նրա հետնորդներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.