Վիեննա
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Վիեննա[2] (գերմ.՝ Wien), Ավստրիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Դանուբի ափին` Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվեխատ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն։ Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր է։ Վիեննան ՄԱԿ-ի երրորդ նստավայրն է Նյու Յորքից և Ժնևից հետո։ Վիեննայի միջազգային կենտրոնը (UNO-City) ներառում է միջազգային բազմաթիվ կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ։ Վիեննան միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վիեննա | |||||
Wien | |||||
| |||||
Ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ Արվեստի պատմության թանգարան, Վիեննայի ռատուշա, Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, Ավստրիայի խորհրդարանի շենք և Վիեննայի պետական օպերա | |||||
Երկիր | Ավստրիա | ||||
Համայնք | Ավստրիա | ||||
Ներքին բաժանում | Ներքին Քաղաք[1], Լեոպոլդշտադտ[1], Լանդշտրասսե[1], Վիդեն[1], Մարգարետեն[1], Մարիահիլֆ[1], Նոյբաու[1], Յոզեֆշտադտ[1], Ալզերգրունդ, Ֆավորիտեն, Զիմմերինգ, Մայդլինգ, Հիտցինգ, Պենցինգ, Ռուդոլֆսհայմ-Ֆյունֆհաուս, Օտտակրինգ, Հերնալս, Վերինգ, Դյոբլինգ, Բրիգիտտենաու, Ֆլորիդսդորֆ, Դոնաուշտադտ և Լիզինգ | ||||
Քաղաքապետ | Միքայել Հոյպլ | ||||
Հիմնադրված է | 1-ին դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 1-ին դար | ||||
Տվյալ կարգավիճակում | 881 թվականից | ||||
Մակերես | 414,65 կմ² | ||||
ԲԾՄ | 151—542 մ | ||||
Բնակչություն | 1 730 278 մարդ (2012) | ||||
Խտություն | 4025 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +43 1 | ||||
Փոստային դասիչ | 1010—1239, 1400, 1450 | ||||
Ավտոմոբիլային կոդ | W | ||||
ISO | AT-9 | ||||
Պաշտոնական կայք | wien.gv.at | ||||
| |||||
Բազում դարերի ընթացքում Վիեննան եղել է Հաբսբուրգների նստավայրը, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության շրջանում դարձել է Եվրոպայի մշակութային ու քաղաքական կենտրոն։
1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից և Փարիզից հետո։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց կայսրության վերջնական փլուզման, Վիեննայի բնակչությունը կրճատվել է քառորդ մասով։
2001 թվականին Վիեննայի Հին քաղաքը և Շյոնբրունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Mercer հետազոտական միջազգային ընկերության` 2012 թվականի մայիսին հրապարակված տվյալներով, համեմատելով կյանքի որակը աշխարհի 221 քաղաքներում, Վիեննան հինգերորդ անգամ զբաղեցրել է առաջին տեղը[3][4]։ The Economist ամսագրի` 2011 թվականի տվյալներով տվյալներով Վիեննան հարմարավետության առումով երկրորդ տեղն է զբաղեցրել Մելբուրնից հետո[5]։
Մ.թ.ա. 4-րդ դարում այժմյան Վիեննայի տեղում կելտական ցեղերը հիմնել են մի գյուղակ և այն անվանել «Վինդոբոնա» (Vindobona), որը նրա առաջին բնակիչների լեզվով նշանակել է «սպիտակ դաշտ»։ Մ.թ. 1-ին դարից այն եղել է հռոմեական ճամբար նույն անունով։ Այս անվանումը ժամանակի ընթացքում ենթարկվել է հնչյունափոխությունների և դարձել Վիեննա (գերմ.՝ Wien)։
Վիեննայի մակերեսը 415 կմ² է։ Այդպիսով` քաղաքը Ավստրիայի ամենափոքր վարչական մասն է։ Քաղաքի տարածքը բաշխված է հետևյալ կերպով.
Կառուցապատված հողեր | 11,3 % |
Ճանապարհային տարածքներ | 11,1 % |
Երկաթուղային տարածքներ | 2,2 % |
Զբոսայգիներ | 28,4 % |
Ջրային տարածքներ | 4,6 % |
Խաղողի այգիներ | 1,7 % |
անտառային տարածքներ | 16,6 % |
Գյուղատնտեսական տարածքներ | 15,8 % |
Այլ | 8,3 % |
Քաղաքը գտնվում է Ավստրիայի արևելյան մասում` Ալպերի ստորոտին` Դանուբ գետի ափին։ Սլովակիայի և Հունգարիայի սահմաններից հեռու է 60 կմ։ Վիեննայով է հոսում Դանուբը իր վտակով` Դանուբի ջրանցքով։ Քաղաքով է հոսում նաև Վիեննա գետը։ Պատմականորեն քաղաքը ձևավորվել է Դանուբից հարավ, սակայն վերջին երկու հարյուրամյակների ընթացքում քաղաքը տարածվել է գետի երկու կողմերում։ Քաղաքի` ծովի մակարդակից ունեցած առավելագույն բարձրությունը Գերմանսկոգել շրջանում է (542 մ), իսկ ամենափոքր բարձրությունը` Լոբաու շրջանում (151 մ)։ Քաղաքը շրջապատում է Վիեննայի անտառը[6]։
Աշխարհագրական հարմար դիրքը նպաստել է արևելաեվրոպական երկրների հետ բազմաբնույթ կապերի զարգացմանը։ Դա հատկապես նկատելի է եղել 1989 թվականից հետո, երբ բացվել է երկաթե վարագույրը։ Այսպես` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից Վիեննան գտնվում է 60 կմ հեռավորությամբ. սա եվրոպական երկու մայրաքաղաքների մեջ եղած ամենակարճ հեռավորությունն է (բացառություն են Վատիկանն ու Հռոմը)։
Իր ձևով Վիեննան շրջան է հիշեցնում, որ կիսվում է Դանուբ գետով։ Նրա կենտրոնական մասը` Հին քաղաքը, գրեթե համընկնում է Ներքին քաղաք վարչական շրջանին։ Ռինգշտրասե օղակաձև փողոցը կրպակների շղթա է, որով շրջապատված է Հին քաղաքը։ Փողոցի պատմությունն սկսվում է 1857 թվականից, երբ կայսրը որոշում է քանդել իրենց պաշտպանական նշանակությունը կորցրած ամրությունները` դրա տեղում զբոսավայրեր և պատմական ոճով կառույցներ հիմնելով, որոնք ներկայումս քաղաքի տեսարժան վայրերն են դարձել։ Գյուրտել փողոցը ձևավորում է քաղաքն ընդգրկող երկրորդ օղակաձև ճանապարհը։ Այն նույնպես ստեղծվել է 19-րդ դարի երկրորդ կեսին ռազմական նշանակությունը կորցրած պաշտպանական կառույցների ավերակներից ազատվելու արդյունքում։ Գյուրտելից այն կողմ գտնվում են քաղաքի նախկին արվարձանները, որոնք պաշտոնապես Վիեննայի մաս են կազմել 1892 թվականին։
Վիեննան բաժանված է վարչական 23 շրջանների.
Ձմեռ. օդի միջին ջերմաստիճանը +1 °C է, հազվադեպ լինում են −12 до −18° ցրտեր, ձյան տեղումները հաճախակի են։ Գարուն. վրա է հասնում փետրվարի վերջին և տևում է մինչև մայիսի կեսերը։ Եղանակը կայուն չէ, խիստ փոփոխական է։ Կարող են դիտարկվել ինչպես ձմեռային ցրտեր, այնպես էլ ամառային շոգեր։ Ցրտերը սովորաբար անցնում են մարտին, որոշակի տարիների կարող են շարունակվել մինչև մայիսի կեսերը։ Ամառ. օդի միջին ջերմաստիճանը +20 °C է։ Հաճախ լինում է չոր և շոգ` մինչև +38 °C: Աշուն. դրսևորվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակին։ Աշնան սկիզբն ու վերջը բնորոշվում են շոգերի վերադարձով և չոր, հարմարավետ եղանակով։ Խոր աշունը վրա է հասնում նոյեմբերի վերջին` սահուն անցնում կատարելով մեղմ ձմռան։
Վիեննան արևային քաղաք է, որտեղ արտահայտված են տարվա բոլոր չորս եղանակները։
Վիեննայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.8 (62.2) |
20.3 (68.5) |
25.4 (77.7) |
27.4 (81.3) |
31.5 (88.7) |
36.5 (97.7) |
36.1 (97) |
39.5 (103.1) |
31.8 (89.2) |
24.8 (76.6) |
21.3 (70.3) |
16.4 (61.5) |
37.0 (98.6) |
Միջին բարձր °C (°F) | 3.8 (38.8) |
6.1 (43) |
11.5 (52.7) |
16.1 (61) |
21.3 (70.3) |
24.0 (75.2) |
26.7 (80.1) |
26.6 (79.9) |
21.1 (70) |
15.3 (59.5) |
8.1 (46.6) |
4.6 (40.3) |
15.3 (59.5) |
Միջին օրական °C (°F) | 1.2 (34.2) |
2.9 (37.2) |
6.4 (43.5) |
11.5 (52.7) |
16.5 (61.7) |
19.1 (66.4) |
21.7 (71.1) |
21.6 (70.9) |
16.8 (62.2) |
11.6 (52.9) |
5.5 (41.9) |
2.4 (36.3) |
11.4 (52.5) |
Միջին ցածր °C (°F) | −0.8 (30.6) |
0.3 (32.5) |
3.5 (38.3) |
7.8 (46) |
12.5 (54.5) |
15.1 (59.2) |
17.4 (63.3) |
17.5 (63.5) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
3.6 (38.5) |
0.5 (32.9) |
8.3 (46.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.6 (0.3) |
−16.4 (2.5) |
−10.4 (13.3) |
−2.1 (28.2) |
4.9 (40.8) |
6.8 (44.2) |
10.9 (51.6) |
10.1 (50.2) |
5.6 (42.1) |
−1.8 (28.8) |
−7.0 (19.4) |
−15.4 (4.3) |
−17.6 (0.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21.3 (0.839) |
29.3 (1.154) |
39.1 (1.539) |
39.2 (1.543) |
60.9 (2.398) |
63.3 (2.492) |
66.6 (2.622) |
66.5 (2.618) |
50.4 (1.984) |
32.8 (1.291) |
43.9 (1.728) |
34.6 (1.362) |
547.9 (21.57) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 18.6 (7.32) |
15.6 (6.14) |
8.3 (3.27) |
1.5 (0.59) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
7.9 (3.11) |
16.4 (6.46) |
68.3 (26.89) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 5.3 | 6.0 | 8.1 | 6.3 | 8.3 | 9.3 | 8.2 | 8.5 | 6.9 | 6.0 | 7.5 | 7.6 | 88 |
Միջին ամսական արևային ժամ | 70.1 | 101.6 | 142.9 | 197.5 | 238.5 | 237.9 | 263.1 | 251.6 | 181.6 | 132.3 | 66.7 | 51.8 | 1935,5 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 25.6 | 35.5 | 40.1 | 48.2 | 50.6 | 49.6 | 54.4 | 56.8 | 53.8 | 40.6 | 23.9 | 19.8 | 41.58 |
աղբյուր: Central Institute for Meteorology and Geodynamics[7] |
Վիեննան եվրոպական այն քիչ մայրաքաղաքներից է, որտեղ խաղող է աճեցվում։
Ներկայիս Վիեննայի բնակեցման պատմությունը սկսվում է նեոլիթի դարաշրջանից, երբ Դանուբի ափերին զարգացել են հողագործությունն ու անասնապահությունը (Ք. ա. 6-րդ հազարամյակ). Վիեննայի հովտափոսը դրա համար լավագույն հնարավորություն է ընձեռել։ Լեոպոլդսբերգ լեռան ստորոտի՝ դորիական ցեղերով բնակեցման պատմությունն սկսվել է բրոնզե դարի կեսերից և ավարտվել հռոմեացիների գալուստով։
Վիեննայի` որպես բնակավայրի պատմությունն սկսվում է Ք. ա. 1-ին դարից, երբ ներկայիս քաղաքի տեղում հռոմեական լեգեոնները կառուցվել են պաշտպանական շինություններ։ Դրանք կոչվել են «Վինդոբոնա», որ նշանակում է «Վինդոսի անդաստան»։ Ռազմական ճամբարի շուրջը սկսեցին կառուցվել քաղաքացիական շինություններ։ Հնագիտական պեղումները չեն հաստատում ներկայիս քաղաքի տարածքում դորիական բնակավայրի գոյությունը։
5-րդ դարի սկզբին Վինդոբոնում հրդեհ է բռնկվում, իսկ դարավերջին հռոմեացիները լքում են տեղանքը։
Այն փաստը, որ Վիեննայի կենտրոնի տեղագրությունը համընկնում է Վինդոբոնի ճամբարի տեղագրության հետ, խոսում է այն մասին, որ հռոմեացիների գնալուց հետո այնտեղ մարդիկ են ապրել, որոնք ապաստան են գտել այն ժամանակներում դեռևս կանգուն ամրոցային պատերի մոտ` դրանց քարերը որպես շինանյութ օգտագործելով։
Պեղումները ցույց են տալիս, որ 6-րդ դարում կյանքը ամրոցների մոտ կենտրոնացված էր հռոմեական նստավայրի հյուսիսարևելյան մասում։ Բնակչության անվանումը հայտնի չէ, սակայն նրանց մեջ եղել են ավարներ և սլավոններ[8]։ Այդ սլավոնների հետնորդները ներկայումս էլ ապրում են Վիեննայի Վերինգ և Դյոբլինգ շրջաններում։
9-րդ դարում արևմուտքից եկած Կարոլինգները հռոմեական նախկին ճամբարի հյուսիսարևելյան մասում կառուցում են ոչ մեծ ամրոց և մինչ օրս պահպանված Սուրբ Ռուպրեխտի եկեղեցին[9]։ Դեռևս փոքր բնակավայրի բնակիչների թիվն սկսում է աճել։ Հենց 9-րդ դարին են վերաբերում Վիեննայի մասին առաջին հիշատակումները. Զալցբուրգի մատյաններում պահպանվել է 881 թվականի հիշատակում այն մասին, որ Վիեննայի մոտ տեղի է ունեցել բախում հունգարների հետ («… bellum cum ungaris ad Uueniam…»): Սակայն հստակ չէ` արդյոք դա քաղաքն է, թե Վիեննա գետը, ինչպես որ հայտնի չէ ընդհարման ելքը։
12-րդ դարի կեսերին Վիեննան դառնում է ավստրիական Բաբենբերգների նստավայրը։ 1155 թվականին հերցոգ Հենրի II Բաբենբերգը տուն է կառուցել Ամ Հոֆ հրապարակում։ 1137-1147 թվականներին կառուցվել է Սուրբ Ստեփանոսի տաճարի տեղում կառուցվել է առաջին եկեղեցին (ժամանակակից տաճարը կառուցվել է 13-15-րդ դարերում)։ 1278 թվականից Վիեննան դառնում է Հաբսբուրգների ամրոցը։ 1469 թվականին Ֆրիդրիխ III կայսեր ջանքերով Հռոմի պապի թույլտվությամբ Վիեննայում հիմնվում է եպիսկոպոսություն։
1529 թվականին Վիեննայի վրա անհաջող հարձակում են գործում թուրքերը։ Թշնամուց գրեթե 20 անգամ քիչ ուժերով Վիեննայի բնակիչներին հաջողվում է վճռական հաղթանակ տանել։ Թուրքերի աննախադեպ ծանր պարտությունը Օսմանյան կայսրության` Եվրոպա թափանցելու ջանքերի վերջակետն է դնում։ Կես դար անց` 1683 թվականին, կաթոլիկ երկրների միասնական զորաջոկատները Վիեննայի մոտ թուրքերին առավել խայտառակ պարտության են մատնում, ինչից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվում է Եվրոպան նվաճելու քաղաքականությունից։
1679 թվականին Վիեննայում ժանտախտի համաճարակ է սկսվում։ Քաղաքի բնակչությունը, որ 100.000 մարդ էր կազմում, նվազում է երեք անգամ։ Ժանտախտի հիշատակին Պեստզոյլի մոտ կանգնեցվում է Ժանտախտի սյուն։ Սակայն 1713 թվականին քաղաքում նոր համաճարակ է բռնկվում. միայն Սուրբ Ստեփանոսի տաճարի կատակոմբներում 11.000 մարդ է թաղվում։ Համաճարակի հիշատակին հետագայում կառուցվում է Կարլսկիրխե եկեղեցին։
16-րդ դարից սկսած` Վիեննան դառնում է ավստրիական Հաբսբուրգների բազմազգ պետության մայրաքաղաքը։ 18-րդ դարում Վիեննայում զարգանում է մանուֆակտուրային արդյունաբերությունը։
18-20-րդ դարերում Վիեննան դառնում է համաշխարհային երաժշտական մշակույթի կենտրոն։
1805 և 1809 թվականներին Վիեննա են մտնում Նապոլեոնի զորքերը։ 1814 թվականին քաղաքում կայանում է Վիեննայի վեհաժողովը, որն ստիպում է վերանայել Եվրոպայի քարտեզը։
19-րդ դարի առաջին կեսին ի հայտ է գալիս բիդերմայեր ոճը, որի հիմնադիրներն են եղել վիեննացի նշանավոր նկարիչներ, կոմպոզիտորներ, թատերական գործիչներ։ Վիեննան դառնում է համաեվոպական մշակույթի կենտրոն։ Բիդերմայեր ոճի դարաշրջանն ավարտվում է 1848 թվականի հեղափոխությամբ, որին քաղաքի բնակիչները ակտիվ մասնակցություն են ունենում։
19-րդ դարի վերջին Վիեննայում շարունակում են մեծ զարգացում ապրել մշակույթը, գիտությունն ու կրթությունը։ Համաշխարհային համբավ են ձեռք բերում Վիեննայի համալսարանն ու գիտությունների ակադեմիան։
20-րդ դարի սկզբին Վիեննան ավելի քան 2 միլիոն բնակչությամբ դառնում է Եվրոպայի խոշորագույն բնակավայրերից մեկը։ Սակայն Առաջին աշխարհամարտում Ավստրո-Հունգարիայի պարտությունից հետո Վիեննան կորցնում է իր ազդեցությունը։ Դրան նպաստում են նաև գնաճը և սոցիալիստների ու պահպանողականների պայքարը։ Քաղաքապետարանը, փորձելով պահպանել ֆինանսների և լայն զանգվածների հավասարակշռությունը, մատչելի բնակարանաշինության ծրագիր է սկսում, սակայն չի կարողանում չի կարողանում կանխել կուսակցությունների բախումը. 1927 թվականին Վիեննայում սկսվում են զանգվածային անկարգություններ, որի հետևանքով 89 մարդ է զոհվում։
1934 թվականին իշխանության գլուխ եկած նացիոնալ-սոցիալիստական ուժերը չեն կարողանում պահպանել երկրի անկախությունը. 1938 թվականի մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Վիեննա են մտնում գերմանական զորքերը։
1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննական գործողության արդյունքում Վիեննա են մտնում խորհրդային զորքերը։ Անգլո-ամերիկյան ռմբակոծություններից, ապա նաև փողոցային մարտերից քաղաքը խիստ տուժում է, սակայն քաղաքի պատմական կենտրոնը հիմնականում անվնաս է մնում։ 1960 թվականին ավարտվում է Սուրբ Ստեփանոսի տաճարի վերականգնումը։ 1955 թվականին վերաբացվում են օպերային թատրոնն ու «Բուրգթատրոնը» (Burgtheater):
1945 թվականի հուլիսին ստորագրվում է քաղաքի օկուպացման պայմանագիրը, որի համաձայն քաղաքը բաժանվում է չորս տիրապետությունների` խորհրդային, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական։ Կառլ Ռեները ստեղծում է ավստրիական ժամանակավոր կառավարություն, որը ղեկավարվում էր Գերմանիայի բաժանմունքից։ Քաղաքը բաժանած խորհրդային և դաշնակից զորքերը Վիեննան լքում են 1955 թվականին, երբ Ավստրիան հռչակվում է անկախ և չեզոք երկիր։
1950-ական թվականների երկրորդ կեսին Վիեննայում նորից սկսվում է զարգանալ բնակարանաշինությունը։ 1970-1980 թվականներին լրջորեն վերակառուցվում է քաղաքի կենտրոնը, ինչի շնորհիվ քաղաքը փրկվում է բրյուսելիզացիայից։ Ժամանակակից Վիեննայում իրենց կենտրոններն ունեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը և միջազգային մի շարք այլ կազմակերպություններ։
Վիեննայում զարգացած է հասարակական տրանսպորտը։ Այն հետևյալ բաղկացուցիչներն ունի.
Տրամվայների գործարկումը Վիեննայում սկսվել է 1865 թվականին։ Ներկայումս քաղաքի տրամվային ուղիների երկարությունը կազմում է մոտ 179 կմ։ Այդպիսով` Վիեննայում է գտնվում տրամվայի ամենաերկար և ամենահին գծերից մեկն աշխարհում։ 1989 թվականին Վիեննայում հայտնվում են քաղաքային առաջին երկաթգծերը (Stadtbahn): Ավտոբուսային երթուղիները գործարկվել են 1907 թվականի մարտի 23-ին։
Ավտոմայրուղիներն ու երկաթգծերը Վիեննան կապում են Ավստրիայի և Եվրոպայի այլ քաղաքներին։ Գլխավոր միակ կայարանը կառուցման ընթացքում է (մասամբ բացվել է 2012 թվականի դեկտեմբերին)։ Հեռագնա ուղերթերը սպասարկվում են Հարավային, Հյուսիսային, Արևմտյան և Ֆրանց Իոսիֆի կայարանները։ Վիեննայի միջազգային Շվախտ օդանավակայանը օդային ուղիղ կապ է ապահովում Եվրամիության շատ երկրների հետ։ Այն Կենտրոնական Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանն է ուղևորների սպասարկման թվով։ Օդանավակայանի հետ համագործակցում են ավելի քան 60 ավիաընկերություններ աշխարհի տարբեր մասերից։ 2005 թվականին օդանավակայանը սպասարկել է մոտ 14 միլիոն ուղևորի։
Քաղաքի ջրային կապն ապահովվում է Դանուբ գետով։ Այն 60.000 մ² ընդհանուր մակերեսով Եվրոպայում ամենախոշորն է բեռնավագոնների սպասարկման առումով։ Վիեննայի նավահանգստում գրանցված են ավստրիական և արտասահմանյան 120 ընկերություններ, որոնցում աշխատում է ավելի քան 5.000 մարդ։ 2005 թվականին կենտրոնով փոխադրվել է ավելի քան 9 միլիոն տոննա բեռ։
2007 թվականին Mercer Human Resource Consulting ընկերությունը հրապարակել է մարդկանց կյանքի որակին նվիրված ամենամյա հետազոտության արդյունքները, որի համաձայն Վիեննան արդեն մի քանի անգամ զբաղեցրել է առաջին տեղը Եվրամիությունում։ Քաղաքը լավագույն գնահատանքի է արժանացել ենթակառուցվածքների, հասարակական տրանսպորտի, բանկերի և ֆինանսների, անվտանգության, մշակույթի բնագավառներում։ Այդ ցուցանիշը ուրախացրել է ոչ ոչ միայն Վիեննայի բնակիչներին, այլև միջազգային ընկերություններին, որոնք հաճույքով են աշխատում քաղաքում։
«Եվրոստատ» վիճակագրական ընկերության տվյալներով Վիեննան բարեկեցության բարձր աստիճանով աչքի ընկնող քաղաք է. համախառն արտադրանքը միջին եվրոպական ցուցանիշի համեմատ 178 % է։ Անշարժ գույքի շուկան աճում է դանդաղ, բայց հաստատուն այն դեպքում, երբ եվրոպական շատ քաղաքներում այն ճգնաժամ է ապրում։ Վարկանիշի ձևավորման համար հաշվի են առնվել հինգ հանգամանքներ` կյանքի որակ, ենթակառուցվածքներ, սոցիալական ինտեգրում, շրջակա միջավայրի պահպանություն, աշխատանքի արտադրողականություն։
Քաղաքի օրենսդիր մարմինը Վիեննայի համայնքային խորհուրդն է (Wiener Gemeinderat), գործադիր մարմինը` Վիեննայի քաղաքային սենատը (Wiener Stadtsenat), որը կազմված է Վիեննայի Բուրգոմիստրից (Bürgermeister von Wien) և քաղաքային խորհրդականներից (Stadtrat):
Մինչև 1918 թվականը Վիեննայի քաղաքականությունը ձևավորվում էր քրիստոնյա-սոցիալիստների կուսակցությունը, որի ղեկավարը` Կարլ Լյուգերը, երկար ժամանակ Վիեննայի քաղաքապետն է եղել։ Երկար ժամանակ Վիեննան եղել է ավստրիական սոցիալ-դեմոկրատների հենարանը։ Նրանք իշխանության էին եկել դեռևս Առաջին հանրապետության տարիներին (1918-1934)` անցկացնելով մի շարք սոցիալական բարեփոխումներ, բարելավելով հազարավոր աշխատողների կյանքի որակը։ Վիեննայի քաղաքապետարանի` այդ տարիներին անցկացրած բարեփոխումները ողջունեցին ողջ Եվրոպայի սոցիալիստները, որոնք քաղաքն անվանեցին «կարմիր Վիեննա» (Rotes Wien): Սոցիալ-դեմոկրատների իշխանության միակ ընդհատումը եղել է 1934-1945 թվականներին, երբ երկրում իշխում էր ավստրոֆաշիզմը, ապա նացիոնալիզմը և Գերմանիայի և Ավստրիայի անշլյուսը։
1994 թվականին հեղինակություն վայելող բուրգոմիստր Հելմուտ Ցիլկի փոխարեն ղեկավար է ընտրվում մեկ այլ սոցիալ-դեմոկրատ` Մայքլ Հոյպլը։ 1996-2001 թվականներին սոցիալ-դեմոկրատները քաղաքը ղեկավարում են Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ։ 2005 թվականին քաղաքային ընտրությունների ժամանակ սոցիալ-դեմոկրատները ստանում են ձայների 49 %-ը, մինչդեռ նրանց հակառակորդ կուսակցությունը` ընդամենը 18 %։
2010 թվականի հոկտեմբերի 10-ի քաղաքային ընտրությունները կտրուկ փոխեցին ուժերի հարաբերակցությունը. սոցիալ-դեմոկրատները, չկարողանալով ապահովել ձայների բացարձակ մեծամասնություն, ստացան ընդամենը 44 % ձայն[12]։ Նրանց գլխավոր հակառակորդներն ստացան 13 %, իսկ աջ պահպանողականների Ազատության ավստրիական կուսակցությունը, գրեթե կրկնապատկելով նախկինում ստացած ձայների թիվը, ստացավ 27 % ձայն` դրանով պատգամավորների քանակով երկրորդը դառնալով Վիեննայի քաղաքապետարանում[13]։
Վիեննան Հռոմի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսական կենտրոն է։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության կրոնական դավանանքը հետևյալ հարաբերակցությունն ունի.
Քաղաքին է պատկանում գեղասահքի աշխարհի առաջնությունների անցկացման ռեկորդը. դրանք այնտեղ կազմակերպվել են 11 անգամ, որոնցից առաջինը՝ 1907 թվականին։
Վիեննայում գործում է ավելի քան 50 ֆուտբոլային ակումբ, այդ թվում` Ավստրիայի ֆուտբոլային ամենահին ակումբը` «Ֆյորստ Վենան»։ Այն հիմնադրվել է 1894 թվականին։ Քաղաքում են գործում Բունդեսլիգայի երկու թիմեր` «Աուստրիան» և «Ռապիդը»։ Այս երկու թիմերի մեջ խաղերը կայանում են երկրի գլխավոր մարզադաշտում` «Էրնստ Հապելում»։ Մյուս թիմերից հայտնի են «Վիներ Շպորտկլուբը», «Վիներ Վիկտորիան», «Ֆլորիդսդորֆերը»։ Կանաց թիմերից առանձնանում են «Լանդհաուսը», որը քաղաքը ներկայացնում է Բունդեսլիգայում։
Քույր քաղաքի նման հարաբերություններ
Վիեննայի պատվին անվանակոչվել են (397) Վիեննա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1894 թվականին, և (231) Վինդոբոնա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1882 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.