Արին-Բերդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արին-Բերդ, Արինբերդ, Արնաբերդ, Գանլի թափա, Ղանլիթափա, բլուր-հնավայր, Վանի թագավորության Էրեբունի քաղաքատեղի Երևանի Էրեբունի համայնքում[1]։ 1879 թվականին բլրի ստորոտում հայտնաբերվեց Արին-Բերդի ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը՝ Արգիշտի Ա-ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։
Արին-Բերդ | |
---|---|
Տեսակ | բլուր և հնագիտական հուշարձան |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
ԲԾՄ | մոտ 1042 մետր |
Արին-Բերդը 1894 թվականին ուսումնասիրել է ռուս հնագետ Ա․ Ա․ Իվանովսկին։ Պարբերական պեղումներն սկսվելեն 1952 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի և ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության համատեղ արշավախմբի կողմից (ղեկավար՝ Կ․ Լ․ Հովհաննիսյան, գիտական խորհրդատու՝ Բ. Բ. Պիոտրովսկի)[2]։
Արին-Բերդը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորի որդի Արգիշտի Ա-ն մ․թ․ա․ 782 թվականին՝ որպես երկրի հյուսիսային սահմանների ռազմական հզոր բերդաքաղաք։ Արին-Բերդում են գտնվել Սարդուրի Բ-ի և Էրիմենայի որդի Ռուսա Գ-ի 23 սեպագիր արձանագրությունները, ինչպես և խեցեղեն, կնիքներ (գլանաձև, կշռաքարերի ձևի), ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ (ագաթե, սերդոլիկե և ապակե), նետերի բրոնզե ծայրակալներ, IV դարի Միլեթ քաղաքի արծաթե դրամներ, Աքեմենյան ժամանակաշրջանի (մ․թ․ա․ V դար) արծաթե ռիտոններ, երկաթե սանձ և այլն։ Արին-Բերդի հնագիտական նյութերի թվին են դասվում նաև այն առարկաները, որոնք գտնվել են Կարմիր-բլուրի պեղումների ժամանակ, բայց պատրաստված են եղել Արին-Բերդում (բրոնզե վահաններ, սաղավարտներ, կապարճներ, թասեր, ձիասարքի մասեր և այլն)։ 1950-1968 թվականների պեղումների ընթացքում Արին-Բերդի միջնաբերդում բացվել են շուրջ 100 սենյակ, դահլիճ, բակ, միջանցք, որոնք շրջապատված են եղել հզոր բերդապարսպով։ Այստեղ էր կառուցված Արգիշտի Ա-ի պալատը՝ «Աուսի» տաճարով, երկու ներքին բակ, մեկը 4 սյունազարդ դահլիճներ, որոնցից մեկը վիթխարի (12,5 x 39,0 մ)՝ հինգ սյունով երկայնական առանցքի և շինարարական արձանագրությամբ խարիսխների վրա։ Միջնաբերդի մյուս խոշոր կառույցը, որ հիմնադրվել է նույնպես Արգիշտի Ա-ի օրոք, Խալդի աստծո տաճարն է։ Այն փռված է լայնական ուղղությամբ, ճակատային մասում ունի աշտարակ և թեթև սյունաշար, որոնք կազմում էին ներդաշնակ միասնություն։ Պալատը և տաճարը եղել են ճոխ ձևավորված։ Նրանց պատերը զարդարված էին աշխարհիկ ու պաշտամունքային բնույթի գույնզգույն որմնանկարներով։ Աքեմենյան Իրանի տիրապետության ժամանակաշրջանում ուրարտական շենքերը վերակառուցվեցին՝ համապատասխան նոր պահանջներին, որի հետևանքով ստեղծվեցին ապադանան (դահլիճը) և կրակի տաճարը։ Երևանը, որի անվանումը ծագում է Էրեբունի անունից (Էրեբունի, Էրեվունի, Երևան), իր պատմական կյանքը սկսում է Էրեբունիի հիմնադրման տարեթվից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.