Թեյշեբաինի
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր (ուրարտերեն՝ URU D te-i-še-ba-i-ni), ուրարտական քաղաք, գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին։ Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։
Թեյշեբաինի | |
---|---|
Տեսակ | հնագիտական հուշարձան |
Երկիր | Հայաստան |
Շինության ձև | ամրոց-բերդաքաղաք |
Ներկա վիճակ | Անմխիթար |
կայք | |
Teishebaini Վիքիպահեստում |
Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։
Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար։ Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ-ի, շարվել են խոշոր (52x35x14 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ։ Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց բնակարաններից։ Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այլն։ Խոշոր սենյակները լուսավորվել են նաև երդիկով։ Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք։ Այս շարքում է նաև երեք բաժանմունքից բաղկացած սրբարանը։ Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում։ Մասնագետներն եզրակացրել են, որ տաճարային շենքերն ունեցել են 2 տիպի դահլիճ՝ քառակուսի և ուղղանկյուն։ Քաղաքն ունի նաև ստորգետնյա ջրանցք, որը կառուցվել է Ռուսա Բ-ի կարգադրությամբ։ Թեյշեբաինին ուներ ճիշտ հատակագծված փողոցներ, որոնք համապատասխանում էին թաղամասերին ու պարունակում բնակելի շենքերի տարբեր կոմպլեքսներ։
Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքը կառուցվել է ըստ նախօրոք մտածված հատակագծի և բնակեցվել է կառուցապատվելուց հետո միայն։ Նրա կենտրոնական մասում բնակիչներն իրենք տներ չէին շինում, այլ բնակվում էին պետության կողմից կառուցվածների մեջ։
Թեյշեբաինի քաղաքում պեղվել է երկու հազար քառակուսի մետր մակերեսով, երկարավուն ճակատի կողմից չորս առանձին մուտք ունեցող մի մեծ շենք։ Շենքն ուներ հատակագծով միմյանց կատարելապես համընկնող 11 սենյականոց 4 բնակարան։ Պահպանվել են այդ շինության պատերի հիմքերը միայն, ուստի անհնար է պարզել, թե նա միհարկանի է եղել, թե երկհարկանի (որ միանգամայն հնարավոր է)։ Համենայն դեպս շենքի ճակատը իր առանձին մուտքերով խիստ նման է Վանում գտնված բրոնզե եզրազարդի վրա պատկերված առանձին մուտքեր ունեցող եռահարկ շինությանը (մասերը պահպանվում են Բրիտանական և Բեռլինի թանգարաններում)։
Կարմիր բլուրի վիմագրական նյութը, պատմելով Ռուսա Բ-ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբատեղերի, պաշտամունքային այլ կառույցների մասին, ավելի որոշակի է դարձնում կառույցների նշանակությունը։ Վիմագիր արձանագրությունները հիմնականում վերաբերում են շինարարական գործունեությանը և գրված են մեծ մասամբ պաշտամունքային կառույցների մանրամասների վրա (որմնաքարեր, մուտքի բեկորներ և այլն)։ Կարևոր աղբյուրներ են սեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առավելապես բովանդակում են տնտեսական փաստաթղթեր և Թեյշեբաինիում բնակված փոխարքային ուղղված իրավաբանական բնույթի գրություններ ու արքայական հրամաններ։ Կարճ արձանագրություններով բրոնզե առարկաների մեջ առանձին կարևորություն ունի դռան բրոնզե օղակաձև փակը, որի վրայի տեքստից պարզվում է, որ քաղաքը կոչվել է ուրարտական եռաստվածության երկրորդ՝ տարերքի աստված Թեյշեբայի (Թեյշեբաինի) անունով։ Իսկ սպառազինման առարկաների վրայի՝ մ. թ. ա. VIII դ. ուրարտական թագավորների արձանագրություններից, որոնք նվիրված են Խալդի աստծուն, երևում է, որ դրանք պատրաստվել են ոչ Թեյշեբաինիի, այլ Էրեբունիի համար։
Կարմիր բլուրում գտնված արձանագրություններից ու թագավորական կնիքների դրոշմներից տեղեկանում ենք Սարդուրի Գ-ին հաջորդած մի քանի թագավորների անունների հետ՝ Սարդուրի, Էրիմենա և Ռուսա, որոնց մասին, ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Կարմիր բլուրի հնագիտական նյութը, պահեստային շենքերի ցանցը, ոռոգման համակարգը և սեպագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտեսական, ռազմական և մշակութային կարևոր նշանակություն, որոնցով նույնիսկ երկրորդական պլան է մղել նախկին կենտրոնները՝ Էրեբունին և Արգիշտիխինիլին։ Քաղաքի բնակելի տարածքի պեղումներով հայտնաբերվեցին ոչ միայն ուրարտական և վաղ հայկական մշակույթի հնագիտական շերտեր։ Նախաուրարտական քարակերտ և կավակերտ կուռքերը հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել բնիկ ցեղերի պաշտամունքային մտածողության մասին։ Քաղաքային մասում հայտնաբերված վաղ հայկական հնագիտական նյութերից (հատկապես՝ արինբերդյան տիպի խեցեղեն) և հելլենիստական շրջանի դամբարաններից եզրակացվում է, որ կյանքը քաղաքում գոյատևել է ավելի երկար, քան միջնաբերդում։ Հացահատիկի պահեստները, մառանները, բրոնզե, երկաթե զենքերը (վահաններ, կապարճներ, սաղավարտներ, նետասլաքներ, տեգեր և այլն) ու գյուղատնտեսական գործիքները (եղան, եռաժանի, խոփ, բահ, քարե աղորիքներ, սանդեր և այլն), դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, փորագրված փայտե, քարե, բրոնզե, ոսկրե, արծաթե, կավե ուլունքները, կնիքները, թասերը, արձանիկները, գործվածքի մնացորդները և շատ այլ պեղածոներ խոսում են Կարմիր բլուրում ու ողջ Վանի թագավորությունում բարձր վարպետության հասած, արհեստների և արվեստների, զարգացած գյուղատնտեսության ու անասնապահության մասին։
Արձանագրություններից և հնագիտական տվյալներից երևում է, որ ուրարտացիները մշակում էին գարի, ցորեն, կորեկ, հաճար, սիսեռ, ոսպ, քնջութ և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մեծաքանակ մնացորդներ, խաղողի կորիզներ, կորեկից պատրաստված հաց, ոսպի հատիկներ, աղորիքներ, սանդեր, սաղավարտներ, զենքեր, վահաններ, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներով զամբյուղներ, նաև կովի կարծրացած ստամոքս։ Այս ամենը վկայում են այն մասին, որ տարածքում առկա են եղել խաղողի և այլ մրգատու այգիներ, բազմաթիվ ծառեր, հողը եղել է մշակված։ Սրա վառ ապացույցն է Զվարթնոցի թանգարանում պահվող Ռուսա Բ-ի մեծ ու գեղեցիկ արձանագրությունը՝ այգիներ գցելու և բերդաքաղաքը կառուցելու մասին։ Նրանում կարդում ենք.
Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ Հայկ աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից (Հրազդան գետի հին անվանումը) ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն Հայկ աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ Շիվա աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, Տոսպ քաղաքի տիրակալը։ |
Մեծ հիացմունք է պատճառում նաև Կարմիր բլուրում գտնված 70 դույլ տարողությամբ և երկու բռնակ ունեցող պղնձե հսկայական կաթսան, որի պռունկները ագուցված են բրոնզի շերտով։
Փոքրասիական ու անդրկովկասյան երկրների արտադրանքի նմուշները և սկյութական առարկաները (զենքեր, ձիասարք, զարդեր) վկայում են ուրարտական կենտրոնների կապը ոչ միայն շրջակա երկրների բնակիչների, այլև մերձդնեպրյան սկյութների հետ։
Թեյշեբաինին հրկիզվել և կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից, մ. թ. ա. մոտ 585 թվականին։ Ենթադրվում է, որ այն կարող է կործանված լինել նաև նախքան Ռուսա Գ-ն, որն իշխել ու գործել է Արգիշտիխինիլիում` Արինբերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։ Կործանումից հետո կյանքը քաղաքում այլևս չի վերականգնվել։
Թեյշեբաինի հնավայրը այսօր գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում։ Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաև քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն։
Հիմնական կառույցը — Կարմիր բլուրի գագաթին կառուցված է Թեյշեբաինիի մեծ ամրոցը։ Ամրոցի պարիսպների հաստությունը գերազանցել է 3 մետրը։ Ամրոցի ձախ կողմում՝ բլրի ստորոտին հայտնաբերվել են երկու խումբ քաղաքային շինություններ։ Սև կետագիծը ցույց է տալիս Թեյշեբաինիի քաղաքային պարսպի մնացորդները։ Հրազդան գետից առանձնանում է Ռուսա Բ-ի կողմից կառուցված ջրանցքը։ Այն պահպանվել է մինչև մեր օրերը և առավել հայտնի է Էջմիածնի ջրանցք անվամբ։ Դարչնագույն գծերը ցույց են տալիս Թեյշեբաինիի ճանապարհները, որոնք հայտնաբերվել են աէրոլուսանկարչության միջոցով։ Քարտեզի ձախ կողմում գտնվող սև գիծը ցույց է տալիս գերեզմանատան սահմանը, որը ներառել է հնավայրի մի հատվածը։ Վարդագույնով նշված են նախաուրարտական բնակավայրի մնացորդները, որոնք հայտնաբերվել են հնագետների կողմից ուրարտական շինությունների տակ։ Կոորդինատային մոխրագույն գծերի միջև հեռավորությունը 50 մետր է։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թեյշեբաինի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 331)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.