Սանկտ Պետերբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սանկտ Պետերբուրգ[Ն 1] (ռուս.՝ Санкт-Петербург, օգոստոսի 18, 1914 - հունվարի 26, 1924՝ Պետրոգրադ, հունվարի 26, 1924 - սեպտեմբերի 6, 1991[Ն 2]՝ Լենինգրադ), բնակչությամբ Ռուսաստանի երկրորդ քաղաքը։ Դաշնային նշանակության քաղաք։ Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի և Լենինգրադի մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքը հիմնադրել է Պետրոս I-ը 1703 թվականի մայիսի 27-ին (մայիսի 16)։ 1712-1918 թվականներին՝ Ռուսաստանի մայրաքաղաք[Ն 3]։
Քաղաքն իր անունը ստացել է Պետրոս առաքյալի՝ հիմնադիր արքայի երկնային հովանավորի պատվին, սակայն ժամանակի ընթացքում սկսեց ավելի ասոցացվել հենց Պետրոս I-ի անվան հետ։ Սանկտ Պետերբուրգի պատմությունն ու մշակույթը կապված է Ռուսական կայսրության և Ռուսաստանի՝ որպես ժամանակակից պատմության մեջ եվրոպական գերտերություն մտնելու հետ։ Կայսերական իշխանության և զինվորական փառքի խորհրդանիշն է[5]։
Տեղակայված է Ռուսական Դաշնության հյուսիս-արևմուտքում, Ֆիննական ծոցի և Նևա գետի ափին։ Սանկտ Պետերբուրգում է գտնվում Ռուսական Դաշնության Սահմանադրական դատարանը, ՌԴ Նախագահին կից Հերալդիկ խորհուրդը, Լենինգրադի մարզի իշխանության մարմինները[6], ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան։ Քաղաքում են տեղակայված նաև Ռազմածովային նավատորմի Գլխավոր հրամանատարությունը և Ռուսաստանի Զինված ուժերի Արևմտյան ռազմական շրջանի շտաբը[7]։
Եղել է երեք հեղափոխությունների՝ 1905–1907 թվականների, 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների կենտրոնը[8]։ 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքը 872 օր գտնվել է շրջափակման մեջ, որ արդյունքում ավելի քան 2 մլն մարդ է զոհվել։ 1945 թվականի մայիսի 1-ին գերագույն հրամանատար Իոսիֆ Ստալինի հրամանով Լենինգրադին շնորհվել է հերոս քաղաքի կոչում։ 2018 թվականի տվյալներով դաշնային նշանակություն ունեցող Սանկտ Պետերբուրգի կազմի մեջ են մտնում նաև զինվորական փառքի 3 քաղաք՝ Կրոնշտադտ, Կոլպինո, Լոմոնոսով։
5 356 755 (2018) բնակչությամբ՝ Սանկտ Պետերբուրգն աշխարհում ամենահյուսիսային քաղաքն է, որն ունի մեկ միլիոնից ավել բնակիչ։ Ամբողջովին Եվրոպայում տեղակայված քաղաքների մեջ Սանկտ Պետերբուրգը բնակչությամբ երրորդ քաղաքն է, ինչպես նաև ոչ մայրաքաղաք առաջին քաղաքը, որն ունի այդքան բնակչություն։ «Մինչև 2030 թվականը Սանկտ Պետերբուրգի զարգացման ռազմավարություն» նորարարական սցենարը ենթադրում է, որ 2030 թվականին բնակչությունը կկազմի 5.9 մլն[9]։ Քաղաքը Սանկտ Պետերբուրգ քաղաքային ագլոմերացիայի կենտրոնն է։ Քաղաքի մակերեսը 1439[10] կմ² է, 2012 թվականի հուլիսի 1-ին Մոսկվայի ընդարձակումից հետո Սանկտ Պետերբուրգն իր տարածքով երկրի երկրորդ քաղաքն է․ նախքան Սևաստոպոլի՝ ՌԴ-ին միանալը, Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի Դաշնության ամենափոքր դաշնային սուբյեկտն էր։
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի տնտեսական, գիտական և մշակութային կարևորագույն կենտրոնն է, տրանսպորտային խոշոր հանգույց։ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնը և դրա հետ կապված հուշարձանների համալիրները մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մեջ[11]․ այն երկրի զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից մեկն է։ Առավել նշանակալի մշակութա-զբոսաշրջային օբյեկտների թվում են Էրմիտաժը, Կունստկամերան, Մարիինյան թատրոնը, Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական թանգարանը, Պետրոպավլովյան ամրոցը, Սուրբ Իսահակի տաճարը[12], Նևայի պողոտան։ Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանմանն է ուղղված նաև Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի պահպանման ու զարգացման ծրագիրը։
Ներկայիս Սանկտ Պետերբուրգի տարածքում մարդու գործունեության մասին տվյալներ են պահպանվել սառցադաշտի վերջին հալքի ժամանակվանից, որը ծածկել է տվյալ տարածքը։ Մոտ 12 000 տարի առաջ սառցադաշտի հեռանալուց հետո տարածք ոտք դրեցին առաջին մարդիկ՝ հավանաբար ներկայիս ուգրո-ֆինների նախնիները[13]։ 8-9-րդ դարերում Նևայի ափերին բնակություն հաստատեցին արևելյան սլավոնները (իլմենյան սլովենեներ և կրիվիչներ)։ Այստեղ նրանք զբաղվում էին անտառահատային հողագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ։ 9-րդ դարի սկզբին այս հողերը մտան Կիևյան Ռուսիայի կազմի մեջ՝ կազմելով Մեծ Նովգորոդի տարածքի մի մասը, որը կոչվեց Վոտի հնգամաս․ Նևայի հոսանքից աջ գտնվող հատվածը կոչվեց Կարելիայի հող, ձախ հատվածը՝ Իժորայի հող։ 8-13-րդ դարերում Նևայով էր անցնում «Վարյագներից հույներ առևտրային ճանապարհը» Արևելյան Եվրոպայի միջով Սկանդինավիայից դեպի Բյուզանդիա[14]։ Այդ ժամանակաշրջանում Նովգորոդի Հանրապետությունը մշտապես պատերազմներ էր վարում շվեդների հետ։ 1240 թվականի հուլիսի 15-ին Իժորայի՝ Նևա գետ թափվելու վայրում տեղի ունեցավ ճակատամարտ Նովգորոդի աշխարհազորի (հրամանատար՝ իշխան Ալեքսանդր Նևսկի) և շվեդական զորքի միջև։ 1300 թվականին Օխտայի՝ Նևա գետ թափվելու վայրում շվեդները կառուցեցին Լանդսկրոնայի ամրոցը, սակայն մեկ տարի անց նովգորոդցիները և տեղի կարելները գրավեցին այն և հիմնահատակ քանդեցին։ Երբեմնի Լանդսկրոնայի վայրում երկար ժամանակ գտնվում էր Նիենշանցը՝ նովգորոդյան շուկան։ 15-րդ դարում Նովգորոդի հանրապետության կազմում գտնվող Իժորայի հողը միացվեց Մոսկվայի մեծ իշխանությանը։ Շվեդիայի հետ պատերազմում պարտվելուց հետո 1617 թվականին կնքված Ստոլբովոյի հաշտության պայմանագրով Նևայի երկայնքով գտնվող հողերը մտան Շվեդական Ինգերմանլանդիայի կազմի մեջ, որի առևտրային և վարչական կենտրոնը դարձավ Նիենշանց ամրոցի մոտ գտնվող Նիեն քաղաքը՝ կառուցված 1611 թվականին Լանդսկրոնայի վայրում[15]։
1700–1721 թվականների Հյուսիսային պատերազմի արդյունքում Նևա գետի հովիտը ետ գրավվեց Շվեդիայից, որը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ (1721 թվականի օգոստոսի 30-ին (սեպտեմբերի 10-ին) կնքված Նիշտադտի հաշտության պայմանագրով)։ 1703 թվականի մայիսի 27-ին (16) Նևայի գետաբերանին՝ Նիենից ոչ շատ հեռու, հիմնադրվեց Սանկտ Պետերբուրգը[14]։ Այս օրով է թվագրվում ցար Պետրոս I-ի կողմից քաղաքի առաջին շենքի՝ Պետրոպավլովյան ամրոցի հիմնադրումը Զայաչի կղզում[16]։ Նոր ամրոցը պետք է փակեր 2 խոշոր գետերի՝ Նևայի և Մեծ Նևկայի դելտաների գետաբազուկների ֆարավատերները։ 1704 թվականին Ռուսաստանի ծովային սահմանները պաշտպանելու համար Ֆիննական ծոցի Կոտլին կղզու վրա հիմնադրվեց Կրոնշտադտի ամրոցը։ Նոր քաղաքին Պետրոս I-ը կարևոր ռազմավարական նշանակություն էր տալիս Ռուսաստանից Արևմտյան Եվրոպա ջրագծի ապահովման համար[17]։
Քաղաքի գոյության առաջին տաս տարիներին նրա գլխավոր մասն էր Քաղաքային կղզին (ներկայումս՝ Պետրոգրադի կղզի)։ Այստեղ էին գտնվում Գոստինի գավիթը, Սուրբ Երրորդության եկեղեցին, բազում ծառայողական շինություններ, արհեստակցական արվարձաններ և զորամասեր։ Առաջին արդյունաբերական ընկերությունը Ծովակալության նավաշինարանն էր, որը բացվեց 1705 թվականին Նևայի ձախ ափին՝ Ադմիրալտեյսկի կղզում, որտեղ հետագայում կառուցվեցին Գալերնայա նավաշինարանը, Պետրոս I-ի ձմեռային պալատը և Ամառային պալատը՝ Ամառային այգով։ 1712 թվականից Սանկտ Պետերբուրգը դարձավ Ռուսաստանի մայրաքաղաք, իսկ 1713 թվականից ցարական արքունիքին ծառայող բոլոր անձինք պետք է բնակություն հաստատեին այնտեղ․ այստեղ տեղափոխվեց նաև կառավարական սենատը։ 1712 թվականի հունվարի 16-ին Պետրոս Մեծի հրամանով Պետերբուրգում ստեղծվեցին ճարտարագիտական և հրետարանային դպրոցներ։ 1712 թվականին Պետրոս I-ը հրաման արձակեց Սանկտ Պետերբուրգի գլխավոր հատակագծի ստեղծման մասին։ Հենց այդ ժամանակից ակտիվորեն սկսեցին կառուցապատել Վասիլևսկի կղզին, որը պետք է դառնար քաղաքի կենտրոնը և Վիբորգը, ծավալվում է Պետերգոֆի, Եկատերինգոֆի, Օրանիենբաումի մերձքաղաքային պալատների շինարարությունը[15]։ 1725 թվականին կառուցվում են Սմոլնի գավիթը, ձուլարանը, ջրային սղոցարանները, աղյուսի, մոմի, վառոդի, զինագործական, պաստառագորգի, կաշվի և այլ գործարանները, սննդի ձեռնարկությունները․ 1724 թվականից Մոսկվայից տեղափոխվում է դրամահատարանը։ 1725 թվականին ստեղծվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիան, որտեղ 1728 թվականից սկսեց թողարկվել ռուսական առաջին թերթը՝ «Սանկտ Պետերբուրգսկիե վեդոմոստի»-ն[18].
18-րդ դարի կեսերին հրդեհների և ջրհեղեղների արդյունքում Պետրոս I-ի ժամանակ կառուցված շատ շենքեր Սանկտ Պետերբուրգում խարխլվեցին, իսկ որոշները՝ ոչնչացվեցին։ Այսպես, 1736 և 1737 թվականների ամռանը տեղի ունեցավ 2 հրդեհ (հրդեհվեց ամբողջովին փայտից կառուցված Մորսկայա սլոբոդան և Ադմիրալտեյսկի կղզու զգալի մասը)։ 1737 թվականին կայսրուհի Աննա Յոհանովնայի հրամանով ստեղծվում է Սանկտ Պետերբուրգի կառուցապատման կոմիտեն, որը գլխավորում էր Պյոտր Երոպկինը[19]։ Այդ նախագծով հաստատվում էր Պետերբուրգի եռակողմ զարգացման միտքը, որը պետք է սկսեր Ադմիրալտեյսկի կղզուց․ այն պետք է դառնար կոմպոզիցիոն կենտրոնը, իսկ գլխավոր մայրուղու դերը հատկացվում էր Նևայի պողոտային։ Սանկտ Պետերբուրգը դառնում է Ռուսաստանի խոշորագույն գիտական կենտրոններից մեկը։ Ստեղծվում է ուսումնական հաստատությունների մի ամբողջ շարք՝ Սմոլնիի ազնվական օրիորդների ինստիտուտը, Գեղարվեստի կայսերական ակադեմիան, Լեռնային ուսումնարանը, Գլխավոր ժողովրդական ուսումնարանը, որը զբաղվում էր ուսուցիչների պատրաստմամբ և այլն։ Զարգանում է մայրաքաղաքի մշակութային կյանքը։ 1756 թվականի օգոստոսի 30-ին հրաման է արձակվում երկրում առաջին պետական թատրոնի ստեղծման մասին։ 1762 թվականին նախկին կոմիտեին փոխարինելու եկավ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի քարե կառուցման կոմիտեն, որը կարգավորում էր ափամերձ փոքր գետերի և ջրանցքների շինարարությունը, կենտրոնական հրապարակների ճարտարապետական համալիրների ձևավորումը։ Սկսվում է Նևայի, Ֆոնտանկայի, այնուհետև քաղաքի կենտրոնով հոսող այլ գետերի և ջրանցքների գրանիտե առափների շինարարությունը։ 18-րդ դարի վերջին քաղաքի բնակչությունը կազմում էր 220 000 մարդ, որով Սանկտ Պետերբուրգն առաջ անցավ Մոսկվայից․ քաղաքում գործում էր ավելի քան 60 ուղղափառ և 15 այլադավան եկեղեցի։ 1780 թվականի տվյալներով քաղաքում հաշվվում էր ավելի քան 1200 փողոց և նրբանցք, 3300 տուն, քաղաքի ամբողջ կենտրոնական մասն արդեն լիովին սալարկված էր գլաքարով և ծածկված լայնակի տախտակներով[15][18]։ 1785 թվականից հետո ստեղծվում է համադասային ընտրությունների միջոցով ձևավորվող քաղաքային համադասային բնակչության գործերը կարգավորող մարմինը՝ Քաղաքային դուման[20]։
1809 թվականին բացվում է Հաղորդակցման ուղիների ինժեներների կորպուսի ինստիտուտը։ 1810 թվականին մարդիկ արդեն կարող էին ինժեների բարձրագույն կրթություն ստանալ 1806 թվականին հիմնադրված Գլխավոր ինժեներային ուսումնարանում։ 1811 թվականին հիմնադրվեց Ցարսկոյե Սելոյի լիցեյը։ 1824 թվականի նոյեմբերի 19-ին (նոյեմբերի 7) տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ ամենամեծ և ավերիչ ջրհեղեղը․ ջուրը ընդունվածից բարձրացավ 421 սմ։ Արդյունքում զոհվեցին, ըստ տարբեր հաշվարկների, 400-4000 մարդ, նյութական վնասը գնահատվում էր միլիոնավոր ռուբլի։ 1825 թվականի դեկտեմբերի 26-ին (դեկտեմբերի 14) Պետերբուրգի Սենատի հրապարակում պետական հեղաշրջման անհաջող փորձ կատարվեց, որի նպատակը ինքնակալության և ճորտատիրական կարգերի վերացումն էր[15]։ 19-րդ դարի առաջին կեսին ավարտվում է Պալատական, Սենատի, Ալեքսանդրինսկի, Միխայլովսկի հրապարակների, Վասիլևսկի կղզու Սլաքի ճարտարապետական ձևավորումը։ Դրանց ստեղծման, ինչպես նաև այլ ճարտարապետական հուշարձանների վրա աշխատել են այնպիսի ճարտարապետներ, ինչպիսիք են Կարլ Ռոսսին (Անիչկովի պալատ (վերակառուցում), Ելագինի պալատ, Սենատի և սինոդի շենք, Միխայլովսկի պալատ, Ալեքսանդրինսկի թատրոնի շենք), Ջակոմո Կվարենգին (Սմոլնիի ինստիտուտ), Անդրեյան Զախարովը (Վասիլևսկի կղզու կառուցապատման նախագիծ (1803–1804), Ծովակալության շենք), Ժան Տոմա դե Տոմոնը (բորսայի շենք՝ ռոստրավոր սյուներով), Անդրեյ Վորոնիխինը (Կազանի Աստվածամոր տաճար, Պետական գանձարանի շենք), Ավգուստ Մոնֆերանը (Ալեքսանդրի սյուն, Սուրբ Իսահակի տաճար) և շատ ուրիշներ[21]։
Այդ ժամանակ բուռն զարգանում է արդյունաբերությունը, 1830-ական թվականների կեսերին Սանկտ Պետերբուրգում գործում էր մոտ 300 ֆաբրիկա և գործարան, 1870-ական թվականների կեսերին՝ 25 բանկ, իսկ դարավերջում՝ ավելի քան 500 ընկերություն։ Պետերբուրգի ծայրամասերում կառուցվում են խոշոր գործարաններ՝ Պուտիլովի, Օբուխովի, Բալթիկ։ Վիբորգում աճում են արդյունաբերական և բնակելի թաղամասերը, Նարվայի, Մոսկվայի, Նևայի քաղաքամուտքերում սկսվում է բազմահարկ շենքերի շինարարություն՝ քաղաքի կենտրոնում բազմաթիվ «եկամտաբեր տներով»։ 1800 թվականին Ծովակալության գործարաններում ստեղծվում է առաջին շոգեմեքենան, 1815 թվականին ջուր է իջեցվում առաջին ռուսական շոգենավը՝ «Ելիզավետա»-ն, 1843 թվականից Ալեքսանդրովի թուջի գործարանում սկսվում է երկաթուղու շարժակազմի թողարկումը, իսկ 1845 թվականին թողարկվում է առաջին հայրենական շոգեքարշը[15]։ Կարևոր իրադարձություն էր 1836 թվականին Պետերբուրգի և Ցարսկոյե Սելոյի միջև առաջին երկաթուղու շինարարությունը։ 1851 թվականի օգոստոսի 18-ին Պետերբուրգից Մոսկվա է մեկնում առաջին գնացքը, շուտով երկու քաղաքների միջև հաղորդակցումը դառնում է կանոնավոր։ 1837 թվականին կառուցվում է Ցարսկոյե Սելոյի կայարանը, 1850-ական թվականներին՝ Նիկոլաևի, Վարշավայի, Բալթիկ կայարանները, իսկ 1870 թվականին՝ Ֆինլանդական կայարանը։ Զարգանում է նավագնացությունը, 1885 թվականին ավարտվում է 32 կիլոմետրանոց Մորսկոյ ջրանցքի և Գուտուևսկի կղզու Մորսկոյ նավահանգստի շինարարությունը։ Բնակչության ջրամատակարարման համար 1863 թվականից քաղաքի կենտրոնական թաղամասերում կառուցվել է ջրմուղ, իսկ 1876 թվականներին ջրմուղ է կառուցվել նաև Վասիլևսկի կղզում, Պետերբուրգի և Վիբորգի շրջաններում։ 1882 թվականին քաղաքում հայտնվում է քաղաքային հեռախոսի առաջին կայանը, իսկ 1897 թվականից Էրիքսոնի գործարանում սկսվում է հեռախոսների արտադրությունը։ Սանկտ Պետերբուրգում ավելի ուշ, քան Ռուսաստանի կայսրության մնացած քաղաքներում գործարկվում է տրամվայը։ Շարունակվում է Պետերբուրգի զարգացումը որպես երկրի քաղաքական և գիտական կենտրոն։ 1839 թվականին բացվում է Պուլկովոյի աստղադիտարանը, իսկ 1845 թվականին՝ Ռուսական աշխարհագրական ընկերությունը։ 1890-ական թվականների կեսերին Պետերբուրգում գործում էր ավելի քան 20 բարձրագույն ուսումնական հաստատություն[20]։
1897 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 1 265 000 մարդ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին գերազանցում էր 2 միլիոնը (երրորդ տեղն էր զբաղեցնում Լոնդոնից ու Փարիզից հետո)։ 1905–1907 թվականների ռուսական հեղափոխության արդյունքում, որի սկիզբն է համարվում հունվարի 9-ի Արյունոտ կիրակին, ստեղծվեց Ռուսաստանի պատմության մեջ առաջին խորհրդարանը՝ Պետական դուման։ Դարասկզբում բուռն զարգանում էր տնտեսությունը։ 1913 թվականին Պետերբուրգի արդյունաբերական արտադրության ծավալը հասավ 632 մլն ռուբլու, 1012 ընկերություններում աշխատում էր 242 600 մարդ։ Մայրաքաղաքն արտադրում էր Ռուսաստանի արդյունաբերական ապրանքների 12 %-ը, այդ թվում՝ էլեկտրաէներգիական արտադրության 70 %-ը, քիմիական արտադրության 50 %-ը, մեքենաների 25 %-ը, տեքստիլի 17 %-ը։ Քաղաքում գործում էր 567 բանկ։ Մայրաքաղաքային արդյունաբերությանն էներգիայով ապահովում էին 294 էլեկտրական սարքերը և 3 ջերմաէլեկտրակենտրոնները։ 1914 թվականին Պետերբուրգի 60 համալսարաններում սովորում էր մոտ 40 000 ուսանող[15]։
Առաջին համաշխարհային պատերազմը խիստ ազդեց Սանկտ Պետերբուրգի ճակատագրի վրա։ 1914 թվականի օգոստոսին հակագերմանական տրամադրությունների ներքո Նիկոլայ II-ի հրամանով քաղաքը վերանվանվեց Պետրոգրադ։ 1917 թվականին խնդիրներ սկսվեցին մատակարարման, հերթ կանգնելու սովորական երևույթի հետ։ 1917 թվականի փետրվարի 23-27-ը քաղաքում տեղի ունեցած խռովությունները և Փետրվարյան հեղափոխության այլ իրադարձություններ ավարտվեցին Նիկոլայ II կայսեր գահընկեցությամբ և Ժամանակակից կառավարության ձևավորումով։ 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7) զինված ապստամբության արդյունքում իշխանությունը քաղաքում անցնում է բոլշևիկների ձեռքը, ստեղծվում է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը՝ Պետրոգրադ մայրաքաղաքով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հակաբոլշևիկյան զորքերի՝ ռազմաճակատին մոտ լինելու պատճառով[22] Վլադիմիր Լենինի կառավարությունը տեղափոխվում է Մոսկվա, Պետրոգրադը զրկվում է մայրաքաղաքի կարգավիճակից (1918 թվականի մարտի 5), որն անցնում է Մոսկվային։ 1924 թվականի հունվարի 26-ին՝ Լենինի մահից հետո, ՀԿ(բ)Կ ԿԵնտկոմի որոշմամբ Պետրոգրադը վերանվանվում է Լենինգրադ[23]։
1917-1919 թվականների հեղափոխական իրադարձություններից հետո քաղաքի բնակչությունը կրճատվեց․ 1920 թվականին նրանց թիվը հասավ 722 000-ի[24]։ Ծայրամասային աշխատավոր շրջաններից կենտրոնական թաղամասեր տեղափոխվեց մոտ 300 000 մարդ։ 1919 թվականին ստեղծվեց Պետրոգրադի և հարակից տարածքների նախագիծը կարգավորող խորհուրդը։ 1923 թվականից քաղաքում սկսվում է բնակելի թաղամասերի շինարարությունը (բնակելի զանգվածներ)։ 1930-ական թվականներին բարեկարգվեցին Ելագին և Կրեստովսկի կղզիները՝ դեպի Ֆիննական ծոց ելքով։ 1924 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ քաղաքի պատմության մեջ իր մեծությամբ երկրորդ ջրհեղեղը․ ջուրն ընդունվածից բարձրացավ 380 սմ։ 1933 թվականին Կրեստովսկի կղզու ծայր արևմուտքում սկսվեց Ս․ Կիրովի անվան մարզադաշտի շինարարությունը։
1931 թվականին ՌԽՖՍՀ երկու խոշոր քաղաքները՝ Մոսկվան (հունիսի 16)[25] և Լենինգրադը (դեկտեմբերի 3)[26] տարբերակվեցին որպես առանձին վարչական միավորներ՝ ՌԽՖՍՀ հանրապետական ենթակայության քաղաքներ։ 1935-1937 թվականներին մշակվեց Լենինգրադի առաջին գլխավոր նախագիծը, որը նախատեսում էր քաղաքի զարգացումը հարավային ուղղությամբ՝ Պուլկովոյի բարձունքներին սահմանակից։ Քաղաքի կենտրոնը պետք է դառնար Միջազգային պողոտայի և Կենտրոնական աղեղային ավտոմայրուղու հատման մասում գտնվող հրապարակը (այժմ՝ Մոսկվայի հրապարակ)՝ Խորհուրդների տնով և վարչական այլ շինություններով։ 1939 թվականին մշակվեց գլխավոր հատակագծի նոր տարբերակը, որն այդպես էլ չհաստատվեց, սակայն դրան համապատասխան սկսվեց բնակելի թաղամասերի շինարարությունը Մալայա Օխտայում, Իվանովսկայա փողոցի վրա, Ավտովոյում և Միջազգային պողոտայի վրա[27]։ Ամբողջ քաղաքով մեկ ստեղծվում են մշակույթի պալատներ․ 1930-ական թվականների կեսերին պալատներ կային արդեն բոլոր արդյունաբերական շրջաններում։ 1932 թվականին բացվում է Լենինգրադի առաջին օդանավակայանը՝ Պուլկովոն[28]։ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին սպանվում է Լենինգրադի ՀԿ(բ)Կ շրջկոմի և քաղկոմի առաջին քարտուղար, ՀԿ(բ)Կ Քաղբյուրոյի անդամ Սերգեյ Կիրովը․ այս դեպքը սկիզբ է դնում «Կիրովի հոսքին» և Մեծ տեռորին։ Կիրովին փոխարինելու է գալիս Անդրեյ Ժդանովը։
Լենինգրադցիների հերոսությունն ու տոկունությունն ի հայտ է գալիս Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 1941 թվականի սեպտեմբերի 8-ին հակառակորդը դուրս է գալիս Լադոգայի լիճ, զավթում Շլիսելբուրգը՝ իր հսկողության տակ վերցնելով Նևայի ակունքը և շրջափակում Լենինգրադը ցամաքից։ Այդ օրն ընդունված է համարել քաղաքի շրջափակման սկիզբը՝ հարավից հիտլերյան Գերմանիայի, իսկ հյուսիսից՝ Ֆինլանդիայի զորքերով։ Գրեթե 900 օր ու գիշեր Լենինգրադի լիովին շրջափակման պայմաններում բնակիչները ոչ միայն պահեցին քաղաքը, այլև մեծ օգնություն ցուցաբերեցին ռազմաճակատին։ Շրջափակման տարիներին տարբեր տվյալներով զոհվել է ավելի քան 650 000-2 մլն քաղաքացիական բնակչություն։ Լենինգրադի և Վոլխովի ռազմաճակատների պատասխան հարձակման արդյունքում 1943 թվականի հունվարի 18-ին շրջափակման օղակը հաջողվեց ճեղքել, սակայն միայն 1944 թվականի հունվարի 27-ին քաղաքի շրջափակումն ամբողջովին հանվեց։ Դրանից հետո Լենինգրադում մնաց միայն 560 000 բնակիչ[29]։
Այս իրադարձություններից անմիջապես հետո սկսվեցին քաղաքի վերականգնողական աշխատանքները։ 1945 թվականի սեպտեմբերին սկսվեց ուսումնական տարին և Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում բացվեց համերգային շրջանը։ 1950 թվականին շահագործման հանձնվեց Կիրովի անվան մարզադաշտը։ 1951 թվականին ընդունվեց Լենինգրադի զարգացման նոր գլխավոր նախագիծը, որով առաջարկվում էր քաղաքի տարածքը զարգացնել պատմական կենտրոնի շուրջբոլորը՝ բոլոր ուղղություններով հավասարապես։ 1950-ական թվականներին ստեղծվեցին ճարտարապետական նոր համալիրներ՝ Լենինի, Կալինինի, Կոմերիտմիության հրապարակները, ճարտարապետական ավարտուն տեսք ստացան Մոսկվայի, Էնգելսի, Գործադուլավորների, Միջին Օխտայի, Պրիմորսկի պողոտաները։ 1951 թվականին գործարկվեց Պուլկովոյում (1973 թվականին կառուցվեց նոր շենք)։ 1955 թվականի նոյեմբերի 5-ին շահագործման է հանձնվում Լենինգրադի մետրոպոլիտենի առաջին հերթափոխը։ 1957 թվականից վերականգնվում է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկին բաստիոնից կեսօրին ավանդաբար արձակվող հրանոթի կրակոցը (ընդհատված 1934 թվականին), իսկ Մարսի դաշտում վառվում է երկրում առաջին Հավերժական կրակը։ Նույն թվականին Ա․ Մարտիի անվան նավաշինարանից ջուր է իջեցվում աշխարհում առաջին ատոմային սառցահատը՝ «Լենին»-ը, իսկ 1962 թվականին Կիրովի գործարանում սկսվում է «Կիրովեց» տրակտորների թողարկումը։ 1960 թվականին Պիսկարյովի գերեզմանատանը բացվում է Շրջափակման զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը և ավարտին է հասցվում Ֆինլանդական կայարանի նոր շենքի շինարարությունը։ 1962 թվականին Ապտեկարսկի կղզում կառուցվում է 316 մետրանոց հեռուստաաշտարակ և նոր հեռուստակենտրոն։ 1960-ական թվականների սկզբին մի քանի խոշոր բնակարանաշինական գործարանների կառուցմամբ սկսվում է քաղաքի զանգվածային կառուցապատումը խրյուշչովկա տիպի շենքերով, իսկ 1970-ական թվականներից՝ «նավ-տներով»[27]։ 1965 թվականի մայիսի 6-ին Լենինգրադին շնորհվում է հերոս քաղաքի կոչում (առաջին անգամ այսպես է կոչվել 1945 թվականի մայիսի 1-ին ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ի․ Ստալինի հրամանում[30])։ 1966 թվականին հաստատվում է Լենինգրադի խորհրդային վերջին գլխավոր նախագիծը։ Այդ նախագծի համաձայն՝ 1960-ական թվականներին Վասիլևսկի կղզու արևմտյան հատվածի ողողաբեր տարածքներում, Նովոիզմայլովսկի, Յուրի Գագարինի, Տիեզերագանցների պողոտաներում սկսվում է զանգվածային կառուցապատում․ նոր խոշոր բնակելի թաղամասերն են դառնում Կուպչինոն, Ավտովոն, Ուլյանկան, Դաչնոյեն, Գրաժդանկան, Պոլյուստրովոն, Օխտան։ 1967 թվականին Հոկտեմբերյան հեղափոխության տարելիցին կառուցվում են «Յուբիլեյնի» սպորտի պալատը և «Օկտյաբրսկի» համերգային մեծ սրահը։ 1970-ական թվականներին կառուցապատվում են Ուրիցկը, Սոսնովայա Պոլյանան, Վեսյոլի Պոսյոլոկը, Մուրինսկի ռուչեյից հյուսիս ընկած շրջանը, նախկին Կոմենդանտսկի օդանավակայանի տարածքը, Կուպչինոյի հարավային հատվածը, Շուվալովոն և Օզերկին, Հարավ-Արևմուտքը, Ռժևկան և Պորոխովիեն։ 1979 թվականին Ֆիննական ծոցում սկսվում է ամբարտակի շինարարությունը, որը պետք է քաղաքը պաշտպաներ ջրհեղեղներից։ 1982 թվականին Վասիլևսկի կղզու Նավահանգստում կառուցվում է Ծովային կայարանը։ 1988 թվականին Լենինգրադում ծնվում է 5 միլիոներորդ մարդը։ 1990 թվականին քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[27][31]։
1991 թվականին հանրաքվեի արդյունքներով լենինգրադցիների 54 %-ը կողմ քվեարկեց քաղաքին իր պատմական՝ Սանկտ Պետերբուրգ անվանումը ետ վերադարձնելուն։ 1991 թվականի սեպտեմբերի 6-ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով այն ետ է վերադարձվել[32], իսկ 1992 թվականի ապրիլի 21-ին ՌԴ ժողովրդական դեպուտատների համագումարն այն ներառել է ՌԽՖՍՀ սահմանադրության մեջ[33]։ 1993 թվականի դեկտեմբերի 25-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում ուժի մեջ է մտնում ՌԴ սահմանադրությունը, որը հաստատում է Սանկտ Պետերբուրգ անվանումը։ 1991 թվականի հունիսի 12-ին Անատոլի Սոբչակը ընտրվում է քաղաքապետ։ 1996 թվականի մարտի 13-ին գործադիր իշխանությունը փոխանցվում է Սանկտ Պետերբուրգի վարչությանը, որը ձևավորում է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը։ Քաղաքապետի պաշտոնը վերացվում է։
Պետերբուրգի համար կարևոր իրադարձություն էր 1994 թվականի Բարի կամքի խաղերը։ 1995 թվականին մետրոպոլիտենի «Լեսնայա» և «Արիության հրապարակ» կայարանների միջև ընկած հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով դադարեցվել է գնացքների շարժը (վերականգնվեց 2004 թվականին)։ 1991–2007 թվականներին տեղադրվել են բազում հուշարձաններ, վերականգնվել Կոնստանտինովսկի պալատը, Քրիստոսի արյան հարության տաճարը և այլն։ 1991 թվականի մայիսի 25-ին՝ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ եկեղեցական պատարագ է կատարվել Կազանի Աստվածամոր տաճարում։ 2000 թվականին կառուցվել է Սառցե պալատը, որտեղ նույն թվականին անց է կացվել հոկեյի աշխարհի առաջնությունը։ 1998–2011 թվականներին Սանկտ Պետերբուրգի շուրջը կառուցվել է օղակային ավտոմոբիլային ճանապարհ[34]․ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին բացվել է Օբուխովի մեծ կամուրջը (հայտնի որպես «կայմապարաններով կամուրջ»)[35]։ 2005 թվականին քաղաքի օրենսդիր ժողովն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նոր գլխավոր նախագիծը, որը սահմանում էր քաղաքի հետագա զարգացումը մինչև 2025 թվականը[36][37]։
1997 թվականից անց է կացվում ամենամյա տնտեսական գագաթնաժողովը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, որը միջազգային կարևոր տնտեսական և քաղաքական միջոցառում է․ այն ոչ պաշտոնապես ստացել է «Ռուսական Դավոս» անունը։ 2006 թվականից ֆորումը փոխել է ձևաչափը՝ դառնալով ռուսական և արտասահմանյան խոշոր ընկերությունների ղեկավարների, պետությունների ղեկավարների և քաղաքական առաջնորդների, վարչապետների, փոխվարչապետների, նախարարների, նահանգապետների մասնակցությամբ միջոցառում (2017 թվականին մասնակցում էր ավելի քան 14 000 մարդ ավելի քան 143 երկրներից)[38]։ 2006 թվականի հուլիսի 15–17-ը Ստրելնայի Կոնստանտինովսկի պալատում տեղի է ունեցել «մեծ ութնյակի» գագաթնաժողովը[39]։ 2011 թվականի օգոստոսի 31-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ է նշանակվել Գեորգի Պոլտավչենկոն[40]։
2017 թվականին «Կրեստովսկի» մարզադաշտում անց են կացվել խմբային փուլի ֆուտբոլային հանդիպումները և ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթը։ 2018 թվականին ծրագրված են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումները։ Քաղաքում անց են կացվելու խմբային փուլի հանդիպումները, կիսաեզրափակիչը և երրորդ տեղի համար հանդիպումը։
Սանկտ Պետերբուրգը (գերմաներենից՝ «Պետրոս առաքյալի քաղաք») հիմնադրումից՝ 1703 թվականի մայիսի 27-ից (16) մինչև 1914 թվականի օգոստոսի 31-ը (18) կոչվել է նիդերլանդական տարբերակով՝ Sankt Pieter Burch (Սան(կ)տպիտերբուրխ)։ Սկզբնական շրջանում այսպես է կոչվել 1703 թվականին մայիսի կեսերին Զայաչի կղզում հիմնադրված ամրոցը․ շուտով անվանումը տարածվել է ամբողջ քաղաքի վրա։ Ոչ պաշտոնական դեպքերում քաղաքն անվանում էին Պետերբուրգ, իսկ խոսակցական լեզվում՝ ուղղակի Պիտեր[47]։
1914 թվականի օգոստոսի 31-ին (18) Ռուսաստանի՝ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելուց հետո, կայսր Նիկոլայ II-ը հայտարարեց քաղաքի օտարերկրյա Սանկտ Պետերբուրգ անունը Պետրոգրադով փոխարինելու մասին՝ որպես ավելի հայրենասիրական և ինչ-որ անցանկալի ասոցիացիաներից խուսափելու համար։ Այդժամ մայրաքաղաքի անունն այլևս չէր ասոցացվում Պետրոս առաքյալի հետ, այլ միայն այն հիմնողի՝ Պետրոս կայսեր հետ[48]։ Նոր անունն ավելի վաղ հանդիպել է ինչպես գեղարվեստական գրականության մեջ (Ա․ Պուշկին), այնպես էլ որոշ հաստատությունների անվանումներում (Պետրոգրադի հնածեսական թեմ)։ Այդուհանդերձ, առօրյայում նոր անվանումը դժվար էր պահպանում իր գոյությունը․ դեռևս 1920-ական թվականների սկզբին խոսակցական լեզվում շատերը շարունակում էին քաղաքն անվանել Պետերբուրգ[49]։
1924 թվականի հունվարի 26-ին ԽՍՀՄ Խորհուրդների II համամիութենական համագումարը բավարարել (Գրիգորի Զինովևի նախաձեռնություն) է Պետրոգրադի խորհրդի խնդրանքը և իր որոշմամբ վերանվանել է Պետրոգրադը Լենինգրադի՝ Վլադիմիր Լենինի՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից մեկի, Խորհրդային պետության (ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) հիմնադրի և ղեկավարի պատվին, որը վախճանվել էր դրանից 5 օր առաջ[50]։
1991 թվականի հունիսի 12-ին անց կացված հարցման մասնակիցների 54,86 %-ը[51] կողմ են արտահայտվել քաղաքին իր պատմական անվանումը վերադարձնելուն։ ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի նախագահության 1991 թվականի սեպտեմբերի 6-ի № 1643-I հրամանով քաղաքին վերադարձվել է նրա սկզբնական անունը՝ Սանկտ Պետերբուրգ։ Սակայն մինչև 1992 թվականի փետրվարը մի շարք ուսումնական հաստատություններ շարունակում էին կոչվել լենինգրադյան[52]։ 1992 թվականի ապրիլի 21-ին ՌԴ ժողովրդական դեպուտատների համագումարը ՌԽՖՍՀ սահմանադրության 71 հոդվածի մեջ ներառեց քաղաքի նոր անվանումը[33]։ Տվյալ լրացումն ուժի մեջ մտավ դրա՝ «Ռուսկայա գազետա» թերթում հրապարակվելուց անմիջապես հետո՝ 1992 թվականի մայիսի 16-ին[53]։ Սանկտ Պետերբուրգին իր պատմական անվանումը վերադարձնելու գլխավոր նախաձեռնողը, որը մեծ դեր խաղաց այդ գործում, քաղաքապետ Անատոլի Սոբչակն էր, որն այս գործը համարել է իր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը (ինչը հավերժացվել է 2006 թվականին նրա պատվին հուշարձան կանգնեցնելով)։ Նա հույս ուներ, որ իր քաղաքը Բալթիկայում դառնալու է բանկային, առևտրային, զբոսաշրջային և մշակութային կենտրոնը․ լավատեսությամբ էր գնահատում նոր Ռուսաստանի մայրաքաղաքը Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու հնարավորությունը[54]։
1990-ական թվականներին և 21-րդ դարի սկզբին ավագ սերնդի որոշ մարդկանց խոսքում շարունակում է հանդիպել նախկին անվանումը՝ Լենինգրադ․ այն դեպքում, երբ ավելի երիտասարդ սերնդի խոսքում այն գրեթե ակնթարթորեն անհետացել է[47]։ Միևնույն ժամանակ այդ անվանումը հանդիպում է կոմունիստական և խորհրդայնամետ հայացքների տեր երիտասարդների շրջանում, ինչպես նաև հիշատակվում է մշակույթի մեջ (օրինակ՝ «Լենինգրադ» խմբի անվան մեջ)։ Նախկին անվանումը պահպանվել է որոշ կազմակերպությունների անվանումներում՝ Լենինգրադի կենդանաբանական այգի, Լենէներգո և այլն։
Քաղաքի ոչ պաշտոնական անվանումներ՝
Սանկտ Պետերբուրգը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արևմուտքում՝ Մերձնևյան դաշտավայրի սահմանին։ Կենտրոնի կոորդինատներն են՝ 59°57′ հս․ լ. 30°19′ ավ. ե.HGЯO։ Զբաղեցնելով Նևա գետի գետաբերանին հարող Ֆիննական ծոցի Նևայի ծովախորշի ափը՝ քաղաքը 90 կմ ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից ըստ շրջանների՝ կենտրոն՝ 1-5 մ, հյուսիս՝ 5-30 մ, հարավ և հարավ-արևմուտք՝ 5-22 մ։ Քաղաքի սահմանագծում ամենաբարձր վայրը Կրասնոյե Սելո քաղաքում գտնվող Դուդերգոֆի բարձունքներն են՝ 176 մետրով[60]։ Քաղաքի տարածքում է գտնվում բարձրությունների և խորությունների հաշվարկման համակարգի զրոյական նիշը, որը մի քանի պետությունների հարթաչափական ցանցերի համար ծառայում է որպես ելման կետ[61]։
Սանկտ Պետերբուրգը գտնվում է Մոսկվայի ժամային գոտում՝ UTC +3:00։
Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Լապեենրանտա ~ 211 կմ Վիբորգ ~ 135 կմ | Մուրմանսկ ~ 1320 կմ Կոստոմուկշա ~ 948 կմ | Արխանգելսկ ~ 1144 կմ Պետրոզավոդսկ ~ 438 կմ |
Հելսինկի ~ 392 կմ Տալլին ~ 363 կմ | Վոլոգդա ~ 697 կմ Եկատերինբուրգ ~ 2330 կմ Նովոսիբիրսկ ~ 3854 կմ | |
Պսկով ~ 278 կմ Ռիգա ~ 561 կմ | Մեծ Նովգորոդ ~ 170 կմ Վիտեբսկ ~ 629 կմ Մինսկ ~ 793 կմ | Տվեր ~ 507 կմ Մոսկվա ~ 696 կմ |
Սանկտ Պետերբուրգի տարածքում բոլոր ջրահոսքերի ընդհանուր երկարությունը 282 կմ է, իսկ դրանց ջրային մակերեսը կազմում է քաղաքի ամբողջ մակերեսի մոտ 7%-ը։ Քաղաքը ստեղծվելուց ի վեր ջրագրային ցանցն էական փոփոխություններ է կրել։ Քանի որ քաղաքը կառուցվում էր ցածր ճահճային վայրում, ապա պահանջվեց ջրանցքների և լճակների չորացում։ Ընդ որում, դրա արդյունքում դուրս հանված հողն օգտագործվում էր մակերևույթը բարձրացնելու համար։ 19-րդ դարի կեսերին Նևա գետի ճյուղաբերանը կազմված էր 48 գետից և ջրանցքներից, որոնք կազմում էին 101 կղզի։ Ժամանակի ընթացքում (քաղաքի կառուցմանը զուգընթաց) շատ ջրավազաններ կորցրին իրենց նախնական նշանակությունը, աղտոտվեցին և սորուն նյութով լցվեցին։ 20-րդ դարում ջրանցքների, վտակների և գետաբազուկների լցման արդյունքում կղզիների թիվը կրճատվեց 42-ի։
Քաղաքի հիմնական ջրային մայրուղին՝ Նևա գետն է, որը լցվում է Ֆիննական ծոցի Նևայի ծովախորշ։ Առավել նշանակալի են ճյուղաբերանի գետաբազուկներ Մեծ և Փոքր Նևան, Մեծ, Միջին և Փոքր Նևկան, Ֆոնտանկան, Մոյկան, Եկատերինգոֆկան, Կրեստովկան, Կարպովկան, Ժդանովկան, Սմոլենկան, Պրյաժկան, Կրոնվերի նեղուցը, Մորսկոյ ջրանցքը, Օբվոդնի ջրանցքը, Գրիբոյեդովի ջրանցքը, Կրյուկովի ջրանցքը։ Քաղաքի սահմանագծում Նևայի հիմնական վտակներն են ձախից՝ Իժորա, Սլավյանկա, Մուրզինկա, աջից՝ Օխտա, Չյոռնայա Ռեչկա։ Ճյուղաբերանի խոշոր կղզիներն են՝ Վասիլևսկի, Պետրոգրադի, Կրեստովսկի, Դեկաբրիստների, Ֆիննական ծոցի խոշոր կղզին՝ Կոտլինը[62]։ Քաղաքի ջրային օբյեկտների վրա մոտ 800 կամուրջ է կառուցվել (չհաշված՝ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում գտնվող կամուրջները), այդ թվում՝ 218 հետիոտնային և 22 բացովի կամուրջ։ Սրանցից որոշները գտնվում են այնպիսի վայրերում, որոնք ժամանակին եղել են Սանկտ Պետերբուրգի արվարձանները՝ Կրոնշտադտում կա 5 կամուրջ, Պուշկինում՝ 54, Պետերգոֆում՝ 51, Պավլովսկում՝ 16, Լոմոնոսովում՝ 7։ Ամենաերկար կամուրջը Օբուխովի մեծ կամուրջն է, որը գտնվում է Նևա գետի վրա (կամրջի ընդհանուր երկարությունը 2824 մ է), ամենալայն կամուրջը Սինի կամուրջն է՝ Մոյկա գետի վրա (99,5 մ)։
Քաղաքի տարածքի զգալի մասը (Նևա ճյուղաբերանի կղզիները, Ֆիննական ծոցի և Բալթյան երկաթուղու միջև ընկած հատվածը, մինչև Ֆոնտանկա գետն ընկած ձախ ափը և այլն) տեղակայված է ծովի մակերևույթից 1.2-3 մետրը չգերազանցող բարձունքների վրա։ Այդ շրջանները ջրհեղեղների վտանգի տակ են գտնվում, որը հիմնականում կապված է Ֆիննական ծոցի արևելյան հատվածում քամու առաջացրած ալեկոծության հետ։ Աղետալի ջրհեղեղներ են տեղի ունեցել 1824 թվականի նոյեմբերի 19-ին (նոյեմբերի 7, մակարդակը ընդունվածից բարձր էր 4.21 մետրով) և 1924 թվականի սեպտեմբերի 23-ին (3.69 մ)։ Այդ ջրհեղեղի ժամանակ ջրի տակ է անցել քաղաքի մոտ 70 կմ²-ը։ Պետերբուրգի երեք հարյուր տարիների պատմության ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, գրանցվել է մոտ 300 ջրհեղեղ։ Վերջին վտանգավոր ջրհեղեղը (ջուրը բարձրացել է մինչև 187 սմ՝ Կրոնշտադտի խորքաչափից) տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ ավելի վտանգավոր մեկ այլ ջրհեղեղ (220 սմ)՝ 2007 թվականի հունվարի 10-ին[63]։ 2011 թվականի օգոստոսին Ֆիննական ծոցի Նևայի ծովախորշում գործարկվեց ջրհեղեղներից Սանկտ Պետերբուրգը պաշտպանող շինությունների համալիրը (այսպես կոչված «ամբարտակ»)։ Առաջին անգամ այն ամբողջովին գործարկվեց 2011 թվականի դեկտեմբերի 28-ի ջրհեղեղի ժամանակ։ Եթե ամբարտակը չփակեին, ապա, ըստ սոցիալիստների նախագուշակմամբ, Նևայի ջուրն այդ անգամ կբարձրանար մինչև 281 սմ (ջրհեղեղն իր մեծությամբ կընդգրկվեր 5 խոշոր ջրհեղեղների մեջ), և ջրի տակ կարող էր անցնել քաղաքի մեկ հինգերորդ մասը։ Այսպիսով, կանխարգելվեց այն վնասը, որը ջրհեղեղի դեպքում կարող էր կազմել մոտ 25 մլրդ ռուբլի[64]։
Պետերբուրգի կլիման չափավոր է, անցումային՝ չափավոր ցամաքայինից չափավոր ծովայինի։ Կլիմայի այսպիսի տեսակը բացատրվում է քաղաքի աշխարհագրական դիրքով և Լենինգրադի մարզին բնորոշ մթնոլորտային շրջանառությամբ։ Սա պայմանավորված է երկիր և մթնոլորտ եկող համեմատաբար ոչ մեծ քանակության արևային ջերմությամբ[65]։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման[66]՝ քաղաքը դասվում է խոնավ ցամաքային կլիմայական տիպին։ Բալթիկ ծովի ցիկլոնների ազդեցության պատճառով ամառը կարճ է, տաք ու խոնավ, իսկ ձմեռը՝ երկար, ցուրտ ու խոնավ։ Սանկտ Պետերբուրգի կլիման նման է Հելսինկիի կլիմային, թեև արևելյան դիրքի շնորհիվ այստեղ ձմռանն ավելի ցուրտ է, իսկ ամռանը՝ ավելի տաք։
Արևի ճառագայթման ընդհանուր հոսքը 1.5 անգամ ավելի քիչ է, քան Ուկրաինայի հարավում և երկու անգամ քիչ, քան Միջին Ասիայում։ Մեկ տարվա ընթացքում քաղաքում միջինում լինում է 62 արևոտ օր։ Այդ պատճառով տարվա մեծ մասն ամպամած եղանակ է և ցրված լուսավորությամբ օրեր[65]։ Սանկտ Պետերբուրգում օրվա տևողությունը փոխվում է դեկտեմբերի 22-ին 5 ժամ 51 րոպեից մինչև հունիսի 22-ը 18 ժամ, 50 րոպե։ Քաղաքում դիտվում են այսպես կոչված սպիտակ գիշերներ (համարվում է, որ դրանք սկսվում են մայիսի 25-26-ից և վերջանում հուլիսի 16-17-ին), երբ արևն իջնում է հորիզոնի վրա 9°-ից ոչ ավել և գիշերային աղջամուղջը գրեթե միախառնվում է առավոտյանի հետ։ Ընդհանուր առմամբ, սպիտակ գիշերները տևում են 50 օր[67]։ Պարզ եղանակին հորիզոնական մակերևույթին արևի ուղիղ ճառագայթման տարեկան լայնույթը 25 ՄՋ/մ²-ից (դեկտեմբեր) մինչև 686 ՄՋ/մ² (հունիս) է։ Ամպամածությունը նվազեցնում է տարեկան արևային ընդհանուր ճառագայթումը միջինում 21%-ով, իսկ ուղիղ արևային ճառագայթումը՝ 60%-ով։ Միջին տարեկան ընդհանուր ճառագայթումը կազմում է 3156 ՄՋ/մ²[68]։
Քաղաքին բնորոշ է օդային զանգվածների հաճախակի փոփոխումը, որը հիմնականում պայմանավորված է ցիկլոնային ներգործությամբ։ Ամռանը գերակշռում են արևմտյան և հյուսիս-արևմտյան, ձմռանը՝ արևմտյան և հարավ-արևմտյան քամիները[65]։ Պետերբուրգի օդերևութաբանական կայանները տվյալներ ունեն 1722 թվականից։ Սանկտ Պետերբուրգում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը +37,1 °C է[69], իսկ ամենացածրը՝ -35,9 °C[70]։
Սանկտ Պետերբուրգ (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 8.7 (47.7) |
10.2 (50.4) |
14.9 (58.8) |
25.3 (77.5) |
32.0 (89.6) |
34.6 (94.3) |
35.3 (95.5) |
37.1 (98.8) |
30.4 (86.7) |
21.0 (69.8) |
12.3 (54.1) |
10.9 (51.6) |
37.1 (98.8) |
Միջին բարձր °C (°F) | −3.0 (26.6) |
−3.0 (26.6) |
2.0 (35.6) |
9.3 (48.7) |
16.0 (60.8) |
20.0 (68) |
23.0 (73.4) |
20.8 (69.4) |
15.0 (59) |
8.6 (47.5) |
2.0 (35.6) |
−1.5 (29.3) |
9.1 (48.4) |
Միջին օրական °C (°F) | −5.5 (22.1) |
−5.8 (21.6) |
−1.3 (29.7) |
5.1 (41.2) |
11.3 (52.3) |
15.7 (60.3) |
18.8 (65.8) |
16.9 (62.4) |
11.6 (52.9) |
6.2 (43.2) |
0.1 (32.2) |
−3.7 (25.3) |
5.8 (42.4) |
Միջին ցածր °C (°F) | −8.0 (17.6) |
−8.5 (16.7) |
−4.2 (24.4) |
1.5 (34.7) |
7.0 (44.6) |
11.7 (53.1) |
15.0 (59) |
13.4 (56.1) |
8.8 (47.8) |
4.0 (39.2) |
−1.8 (28.8) |
−6.1 (21) |
2.7 (36.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −35.9 (−32.6) |
−35.2 (−31.4) |
−29.9 (−21.8) |
−21.8 (−7.2) |
−6.6 (20.1) |
0.1 (32.2) |
4.9 (40.8) |
1.3 (34.3) |
−3.1 (26.4) |
−12.9 (8.8) |
−22.2 (−8) |
−34.4 (−29.9) |
−35.9 (−32.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 44 (1.73) |
33 (1.3) |
37 (1.46) |
31 (1.22) |
46 (1.81) |
71 (2.8) |
79 (3.11) |
83 (3.27) |
64 (2.52) |
68 (2.68) |
55 (2.17) |
51 (2.01) |
661 (26.02) |
Միջ. անձրևոտ օրեր | 9 | 7 | 10 | 13 | 16 | 18 | 17 | 17 | 20 | 20 | 16 | 10 | 173 |
Միջ. ձնառատ օրեր | 17 | 17 | 10 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 9 | 17 | 75 |
% խոնավություն | 86 | 84 | 79 | 69 | 65 | 69 | 71 | 76 | 80 | 83 | 86 | 87 | 78 |
Միջին ամսական արևային ժամ | 21.7 | 53.7 | 124.0 | 180.0 | 260.4 | 276.0 | 266.6 | 213.9 | 129.0 | 71.3 | 24.0 | 12.4 | 1633 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[71] | |||||||||||||
Աղբյուր #2: HKO (sunshine hours)[72] |
Սանկտ Պետերբուրգի և արվարձանների անտառները ջրային մակերևույթի հետ զբաղեցնում են քաղաքային տարածքի մոտ 40%-ը (2002 թվականի տվյալներով)։ 2000 թվականին քաղաքի մեկ բնակչին բաժին էր ընկնում մոտ 65 մ² անտառ։ Կանաչ ծառատունկների ընդհանուր մակերեսը գերազանցում է 31 000 հա-ը, որոնց թվում են՝ 68 զբոսայգի, 166 այգի, 730 հրապարակ, 232 ծառուղի, 750 կանաչապատ փողոց[73]։ Քաղաքի զբոսայգիները տեղակայված են տարբեր լանդշաֆտային պայմաններում՝ Ֆիննական ծոցի ափի ստորին և վերին հատվածներում (Ստրելնայի, Պետերգոֆի և Լոմոնոսովի զբոսայգիները), մորենային հարթավայրում (Պուշկին քաղաքի զբոսայգիները), կամային բլուրներին (Շուվալովի զբոսայգի, Ռոսինովի պուրակ)։ Մի շարք զբոսայգիների հիմքն են կազմում բնական անտառները, որոնք մինչ այժմ պահպանել են իրենց ծառակազմը (Սոսնովկա, Ուդալնի զբոսայգի)։ Շատ զբոսայգիներ, որոնք ստեղծվել են հետպատերազմյան տարիներին, բաժանվել են տարածքների, որտեղ բնափայտի բուսականությունը փաստացի բացակայում էր (Մոսկովյան հաղթանակի զբոսայգի, Ծովամերձ հաղթանակի այգի)[74]։ Քաղաքի ծայրամասերում պահպանվել են հարավային տայգայի ենթագոտուց մնացած անտառային զանգվածներ՝ Յունտոլովի արգելոցը, Ռժևսկի անտառապուրակը, Օխտա գետի երկայնքով անտառային կղզյակները, Տալլինի մայրուղին, Նևա գետի և Մոսկվա գնացող երկաթուղու միջև հատվածը[75]։
Քաղաքում կա բնության հատուկ պահպանվող 7 տարածք՝ 3 պետական արգելոց (Յունտոլովի, Գլադիշևի, Նևայի ծովախորշի հյուսիսային ափ) և 4 բնության հուշարձան (Դուդերգոֆի բարձունքներ, Կոմարովի ափ, Ստրելնայի ափ, Սերգիևկա զբոսայգի)։ Սանկտ Պետերբուրգի զարգացման գլխավոր նախագծով ծրագրվում է ստեղծել ևս 3 արգելոց և 2 բնության հուշարձան[76]։
Ռուսաստանի Դաշնության Բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության տվյալներով 2011 թվականի դրությամբ Ռուսաստանի խոշոր քաղաքների էկոլոգիական վարկանիշային սանդղակում Սանկտ Պետերբուրգը զբաղեցնում էր երկրորդ տեղը[77]։ Քաղաքում գործում է մթնոլորտային օդը մոնիթորինգ անող 21 ինքնաշարժ կայան։ 2009 թվականին օդի արտանետումները կազմեցին 625.3 հազ․ տոննա։ Վնասակար նյութերի արտանետումները բնակչության մեկ շնչի հաշվարկով կազմում է տարեկան 135.9 կգ, 1 կմ²-ին՝ 434,5 տոննա։ Բոլոր արտանետումների 91.9%-ը տրանսպորտի արտանետումներն են։ 2009 թվականին, նախորդ տարվա հետ համեմատած, տրանսպորտի արտանետումների քանակն ավելացել է 1%-ով, իսկ ստացիոնար աղբյուրների արտանետումները՝ 9.8%-ով[76]։
Նևա գետի, Նևայի ծովախորշի և Ֆիննական ծոցի էկոլոգիական վիճակը գնահատվում է ոչ բավարար։ Սանկտ Պետերբուրգի սահմաններում Նևան աղտոտված է արդյունաբերական թափոններով, գետ են լցվում հարյուրավոր արդյունաբերական ընկերությունների թափոններ[78]։ Նևայով սովորաբար փոխադրում են նավթամթերք։ Յուրաքանչյուր տարի գետ է լցվում ավելի քան 80 հազ․ տոննա աղտոտիչ նյութ։ Ամեն տարի Պետերբուրգի բնօգտագործման կոմիտեն միջինում գրանցում է նավթամթերքի լցման ավելի քան 40 դեպք[79]։ 2013 թվականին Ռուսաստանի սպառողների իրավունքները և մարդու բարօրությունը պաշտպանող դաշնային ծառայությունը քաղաքի տարածքում գտնվող 24 լողափերից լողալու համար պիտանի ճանաչեց միայն մեկը[80]։ 2009 թվականին քաղաքի բնակարանային տնտեսության մեջ առաջացավ 8 մլն մ³ պինդ կենցաղային թափոն։ Քաղաքի արդյունաբերությունն արտադրական տարատեսակ թափոնների աղբյուր է հանդիսանում, որոնց զգալի մասը լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։ I–III կարգի թափոնները տարվում են «Կրասնի Բոր» հրաձգարան (Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջան, քաղաքից 30 կմ դեպի հարավ)՝ թունավոր թափոնների, քիմիական, բժշկական, արդյունաբերական ընկերությունների արտադրանքում օգտագործելու համար[76]։
Ջրհեղեղներից Սանկտ Պետերբուրգը պաշտպանող շինությունների համալիրի կառուցմամբ՝ Նևայի ծովախորշի ջրափոխանակումը՝ Ֆիննական ծոցի արևելյան հատվածից, նվազեց 10-20 %-ով։ Անհանգստության առիթ է Ֆիննական ծոցի՝ քաղաքի և ամբարտակի միջև ընկած փոքր ջրային տարածքների արդեն սկսված աստիճանական ճահճացումը և դրա հետ կապված բույսերի մնացորդների փտումը, որը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ջրամբարի լրացուցիչ էվտրոֆիկացիային և ջրատարածությունից Նևայի ծովախորշի ընդարձակ հատվածների հեռացմանը[81]։
Սանկտ Պետերբուրգը բաժանվում է 18 շրջանների՝ | ||
|
| |
Շրջանների սահմաններին տեղակայված են 111 ներքաղաքային համայնքային կազմավորումներ՝ 81 համայնքային շրջան (որոշներն ունեն անուններ, որոշներն ուղղակի թվագրված են), 9 քաղաք (Զելենոգորսկ, Կոլպինո, Կրասնոյե Սելո, Կրոնշտադտ, Լոմոնոսով, Պավլովսկ, Պետերգոֆ, Պուշկին, Սեստրորեցկ) և 21 գյուղ[82]։ |
Քաղաքի պետական իշխանությունն իրականացվում է 1998 թվականի հունվարի 14-ին Օրենսդիր ժողովի կողմից ընդունված կանոնադրությամբ։ Քաղաքի բարձրաստիճան պաշտոնյան նահանգապետն է, որին ընտրում են ՌԴ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Սանկտ Պետերբուրգի տարածքում և ունեն դաշնային օրենքով սահմանված ընտրական իրավունք։ Նահանգապետն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով[83]։ 2011 թվականի օգոստոսից քաղաքի նահանգապետն է Գեորգի Պոլտավչենկոն «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, որն այդ պաշտոնին է նշանակվել Օրենսդիր ժողովի կողմից՝ ՌԴ նախագահի առաջարկով՝ այդ պահին գործող օրենսդրության համաձայն։ Քաղաքի գործադիր իշխանությունն իրականացնում է նահանգապետի կողմի ղեկավարվող կառավարությունը և Սանկտ Պետերբուրգի պետական իշխանության այլ գործադիր մարմիններ, որոնք կազմում են քաղաքի պետական իշխանության գործադիր մարմինների համակարգը՝ Սանկտ Պետերբուրգի վարչությունը։ Քաղաքի կառավարությունը նստում է Սմոլնի ինստիտուտի շենքում։
Քաղաքի օրենսդիր իշխանությունն իրականացնում է Օրենսդիր ժողովը, որը բաղկացած է 50 պատգամավորներից, որոնց ընտրում է քաղաքի բնակչությունը՝ 5 տարի ժամկետով։ 2016 թվականի սեպտեմբերին ձևավորվել է վեցերորդ գումարման Օրենսդիր ժողովը, որին մասնակցում է 6 կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան (36 տեղ), Արդար Ռուսաստան (3), ՌԴ կոմունիստական կուսակցություն (3), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (3), Աճի կուսակցություն (3), Խնձոր կուսակցություն (2)[84]։ Օրենսդիր ժողովի նախագահն է Վյաչեսլավ Մակարովը (2011 թվականի դեկտեմբերից)։ Օրենսդիր ժողովի նստավայրը Մարինոյի պալատն է։ Քաղաքի բյուջեն, արտաբյուջետային ֆոնդերի ծախսերը կազմակերպելու, վերահսկելու համար ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Վերահսկողա-հաշվարկային պալատը։ Դատական իշխանությունն իրականացնում են Սանկտ Պետերբուրգի կանոնադրական դատարանը և խաղարար դատավորները[85]։
Քաղաքում գործում են նաև համայնքային կազմավորումների պատգամավորների խորհուրդներ, որոնց ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին։
Սանկտ Պետերբուրգի բյուջեի մուտքերի հիմնական մասը կազմում են՝ կազմակերպությունների շահույթից եկած հարկը (26 %), ֆիզիկական անձանց շահույթի հարկը (45.7 %), ակցիզներ (4.4 %), կազմակերպությունների սեփականության հարկը (6.9 %), պետական և համայնքային սեփականության տակ գտնվող գույքի օգտագործման հարկը (3,6 %)։ Հիմնական ծախսեր՝ ազգային տնտեսություն (24,61 %), կրթություն (24,07 %), առողջապահություն (16,34 %), սոցիալական քաղաքականություն (12,48 %), բնակարանային տնտեսություն (10,21 %), համապետական հարցեր (4,86 %), մշակույթ և կինեմատոգրաֆիա (3,80 %), սպորտ (1,37 %)։ Սանկտ Պետերբուրգի պետական պարտքը 2018 թվականի հունվարի 11-ի դրությամբ կազմել է 34.8 մլրդ ռուբլի[86]։
Բյուջեի կատարողական, մլրդ ռուբլի | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | |
Եկամուտ | 76 | 87 | 116 | 215 | 278 | 339 | 316 | 347 | 400 | 374 | 405 | 426 | 439 | 477 | 512 | 580 | 639 | 670 | 803 |
Ծախս | 77 | 92 | 134 | 183 | 259 | 356 | 322 | 359 | 404 | 376 | 443 | 441 | 432 | 497 | 557 | 570 | 650 | 710 | 796 |
Դեֆիցիտ/պրոֆիցիտ | -1 | -4 | -18 | +32 | +19 | -17 | -7 | -11 | -5 | -2 | -39 | -15 | +7 | -20 | -45 | +10 | -11 | -40 | +7 |
Lua error in Մոդուլ:Chart at line 232: group names should contain the same number of items as the number of groups (2).
Աղբյուր՝ fincom.gov.spb.ru Արխիվացված 2021-06-20 Wayback Machine
Քաղաքն ունի լայնածավալ արտաքին կապեր։ Քաղաքում պարբերաբար անց են կացվում այլ քաղաքների և երկրների մշակութային օրեր։ 2017 թվականին Սանկտ Պետերբուրգն ունեցել է 94 քույր քաղաք[87]։
Քաղաքում կա 35 երկրի գլխավոր հյուպատոսարան, 3 պատվավոր գլխավոր հյուպատոսարան, 25 պատվավոր հյուպատոսարան, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ՝ ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդարանական ասամբլեայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչությունները, Եվրասիական զարգացման բանկի մասնաճյուղը, Եվրասիական տնտեսական միության միջխորհրդարանական ասամբլեան, ՌԴ 28 սուբյեկտների ներկայացուցչություններ, գրանցված են 17 գիտամշակութային ինքնավարություններ, 51 ազգային-մշակութային միավորումներ, 20 հայրենակցություն[88]։
Սանկտ Պետերբուրգի պատմական զինանշանը, որը հաստատվել է 1730 թվականին, վերահաստատվել 1780 թվականին, լրացվել 1857 թվականին՝ երբեք չչեղարկված և 1991 թվականին կրկին կիրառության մեջ դրված, համարվում է քաղաքի ամենահին և հիմնական պաշտոնական խորհրդանիշը։ Ներկայիս դրոշն ընդունվել է 1992 թվականի հունիսի 8-ին[89] և ընդգրկվել ՌԴ պետական հերալդիական գրանցամատյանում, որտեղ ստացել է 49 համարը։ Սանկտ Պետերբուրգի զինանշանի և դրոշի վրա պատկերված է գայիսոն՝ որպես մայրաքաղաքի և կայսերական իշխանության խորհրդանիշ, ծովային խարիսխ՝ որպես ծովային նավահանգստի խորհրդանիշ և գետի խարիսխ՝ որպես գետի նավահանգստի խորհրդանիշ։ Նախօրինակ է ծառայել Վատիկանի՝ Սուրբ Պետրոսի քաղաքի զինանշանը։ Սանկտ Պետերբուրգի դրոշը՝ ՌԴ սուբյեկտի պաշտոնական խորհրդանիշը, ցույց է տալիս Սանկտ Պետերբուրգի սահմանադրա-իրավական կարգավիճակը, նրա միասնական բնակչությունը, մշակութային հարստությունը։ Ընդունվել է 1992 թվականի հունիսի 8-ին՝ համապատասխան որոշման դուրս գալուց 9 ամիս անց[89][90]։
Սանկտ Պետերբուրգի օրհներգը քաղաքի խորհրդանիշներից մեկն է (երաժշտությունը՝ «Հիմն մեծ ժողովրդին» է Ռեյնգոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը» բալետից՝ Գրիգորի Կորչմարի խմբագրմամբ, խոսքերը՝ Օլեգ Չուպրովի)։ Ամբողջովին հաստատվել է 2003 թվականի մայիսի 13-ին[90]։
Սանկտ Պետերբուրգի կանոնադրության հոդված 7-ի համաձայն՝ քաղաքի պատմական խորհրդանիշներ են համարվում Ծովակալության շենքի սայրաձողի նավակը, Պղնձե հեծյալը, Պետրոպավլովյան տաճարի սայրաձողի հրեշտակը։ Կանոնադրության հոդված 8-ի համաձայն՝ պետերբուրգյան ավանդույթ է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկին բաստիոնից կեսօրին հրանոթի կրակոց արձակելը[85]։
Բացի համառուսական և միջազգային տոներից Սանկտ Պետերբուրգում նշվում են քաղաքային տոները և հիշատակի օրերը[91]՝
Բնակչության 1764-2024 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
2018 թվականի տվյալներով Սանկտ Պետերբուրգում ապրում է 5 356 755 մարդ։ Իր բնակչությամբ այն Ռուսաստանի երկրորդ և Եվրոպայի չորրորդ քաղաքն է, ինչպես նաև Եվրոպայի երկրորդ (Ստամբուլից հետո) քաղաքը, որը պետության մայրաքաղաք չէ։ Աշխարհի ամենահյուսիսային միլիոնանոց քաղաքն է։
1990 թվականին քաղաքի բնակչության թիվը գերազանցել է 5 մլն մարդը, սակայն 1990–2007 թվականներին նկատվել է կայուն ապաբնակեցում։ 2007 թվականին բնակչությունը կազմում էր 4 568 047 մարդ։ 2009 թվականից նկատվում է բնակչության աճ, սակայն 2012 թվականին աճը նկատվել է ներգաղթի հաշվին։ Արդյունքում 2002–2010 թվականներին բնակչության աճը կազմել է 4%-ից մի քիչ ավել (4661.2-ից 4879.6 հազ․)[101]։ Ըստ Պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ 2010 թվականին ծնելիության մակարդակը կազմել է 1000։12.0 հարաբերակցություն, իսկ մահացության մակարդակը՝ 1000։14.2։ 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի արդյունքներով բնակչության թիվը կազմել է 4 879 566 մարդ, որոնցից 45.6%-ը տղամարդիկ էին, 54.4%-ը՝ կանայք։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի բնակչությունը կրկին գերազանցել է 5 միլիոնը։
Քաղաքի շրջաններում բնակչության թվով առաջատարն է Պրիմորսկի շրջանը՝ 507.2 հազ․ մարդ[101]։ 2007 թվականին պետերբուրգցիների կյանքի ակնկալվող տևողությունը տղամարդկանց մոտ կազմել է 64 տարի, իսկ կանանց մոտ՝ 75 տարի (այս ցուցանիշները մեկ տարով գերազանցում են 2006 թվականի ցուցանիշները)։ 2008 թվականի դրությամբ՝ քաղաքի ընդհանուր բնակչության 4 571 000-ից 1 100 000-ը թոշակառուներ էին (որոնցից 55%-ը՝ հաշմանդամներ)։ Այդ ժամանակ քաղաքում բնակվում էր 80-90 տարեկան 139 000 մարդ, 90 և ավել տարեկան՝ 13 400 մարդ, 100 և ավել տարեկան՝ 188 մարդ[102]։
Ըստ 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի՝ Սանկտ Պետերբուրգում բնակվում է ավելի քան 200 ազգ և ժողովուրդ․ ռուսներ՝ 3 909 000 մարդ (իրենց ազգությունը նշած ամբողջ բնակչության 92,5%-ը), ուկրաինացիներ՝ 64 000 (1,52 %), բելառուսներ՝ 38 000 (0,9 %), թաթարներ՝ 31 000 (0,73 %), հրեաներ՝ 24 000 (0,57 %), ուզբեկներ՝ 20 300 (0,48 %), հայեր՝ 20 000 (0,47 %), ադրբեջանցիներ՝ 17 700 (0,36 %), տաջիկներ՝ 12 100 (0,29 %), վրացիներ՝ 8 300 (0,2 %), մոլդովացիներ՝ 7 200 (0,17 %), ղազախներ՝ 3 400 (0,08 %), ֆիններ՝ 2 600 (0,06 %)[103]։ Քաղաքի 15 տարեկանից բարձր բնակչության 31,7 %-ն ունի բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն, 26,7 %-ը՝ միջին մասնագիտական կրթություն, 13,8 %-ը՝ միջին ընդհանուր կրթություն, 2287 մարդ (0,06 %)՝ ոչ գրագետ է[104]։ 2017 թվականի մայիսին տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 1.6%։ 2017 թվականի ապրիլին հաշվեգրված միջին անվանական աշխատավարձը կազմել է 53 272 ռուբլի (2016 թվականի ապրիլի մակարդակի 112,2 %-ը)[105]։ 2017 թվականի առաջին քառորդում Սանկտ Պետերբուրգի կառավարության որոշմամբ (հունիսի 7, 2017) սահմանված բնակչության մեկ շնչին ընկնող կենսաապահովման նվազագույն զամբյուղը կազմել է 10605.7 ռուբլի[106]։
Ազգություններ | Ընդհանուր թիվ | Տոկոս |
---|---|---|
Ընդհանուր | 5 028 000 | 100% |
ռուսներ | 3 949 623 | 84,73% |
ուկրաինացիներ | 87 119 | 1,87% |
բելառուսներ | 54 484 | 1,17% |
հրեաներ | 36 570 | 0,78% |
թաթարներ | 35 553 | 0,76% |
հայեր | 19 164 | 0,41% |
ադրբեջանցիներ | 16 613 | 0,36% |
վրացիներ | 10 104 | 0,22% |
չուվաշներ | 6 007 | 0,13% |
լեհեր | 4 451 | 0,10% |
ֆիններ | 3 980 | 0,09% |
կորեացիներ | 3 908 | 0,08% |
գերմանացիներ | 3 868 | 0,08% |
Այլ ազգեր | 828 556 | 9,22% |
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի Դաշնության ամենակարևոր տնտեսական կենտրոններից մեկն է։ 2015 թվականին քաղաքի Համախառն շրջանային արդյունքը, ըստ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալների, կազմել է 3.024 տրիլիոն ռուբլի (2013 թվականին՝ 2.491 տրիլիոն ռուբլի)[108]։ Տնտեսական գործունեության հիմնական տեսակներն են (փակագծերում՝ Համախառն շրջանային արդյունքի մասնաբաժինը՝ 2014 թվականի դրությամբ)[109]․
Քաղաքի ֆինանսական շուկան իր շրջանային ֆինանսական շուկայի մեծությամբ Ռուսաստանի երկրորդ շուկան է։ Քաղաքում գործում են Սանկտ Պետերբուրգի արժութային բորսան, «Սանկտ Պետերբուրգ» ապրանքային բորսան, Սանկտ Պետերբուրգի ֆոնդային բորսան, Սանկտ Պետերբուրգի ապրանքա-հումքային միջազգային բորսան։ Քաղաքում գրանցված է 31 բանկ[111] (առավել խոշորներն են՝ ՎՏԲ, «Ռոսիա», «Սանկտ Պետերբուրգ», «Տավրիչեսկի», Բալթիկ բանկ, Բալթինվեստբանկ) և այլ շրջանների ավելի քան 100 բանկերի ներկայացուցչություններ[112]։
«Mercer»-ի գնահատմամբ՝ 2017 թվականին Սանկտ Պետերբուրգը քաղաքներում կյանքի որակի մակարդակի համաշխարհային վարկանիշում 231 տեղից զբաղեցնում է 176-րդ տեղը։
Արդյունաբերության հիմքն են կազմում ավելի քան 700 խոշոր և միջին ընկերություններ, ինչպես նաև ավելի քան 20 000 փոքր ընկերություններ։ 2016 թվականին քաղաքի արդյունաբերությամբ թողարկված արտադրանքի ծավալը կազմել է 2340.5 մլրդ ռուբլի, որը 6.9%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։ Արտադրված ապրանքների 30%-ը կազմում են տրանսպորտային միջոցները, մեքենաները և տարատեսակ սարքավորումները, 15.7%-ը՝ սննդամթերքը՝ ներառյալ խմիչքները և ծխախոտը, 5.7%-ը՝ մետաղագործական արտադրանքը և պատրաստի մետաղական իրերը[108]։
Սանկտ Պետերբուրգի արդյունաբերության հիմքը՝ ծանր արդյունաբերությունն է։ Քաղաքում աշխատում են այնպիսի նավաշինական ընկերություններ, ինչպիսիք են «Ծովակալության նավաշինարաններ»-ը (նավեր ՌԴ ռազմածովային նավատորմի համար, լցանավեր, սուզանավեր), «Միջին Նևայի նավաշինական գործարան»-ը (կատերներ, ականազերծիչ նավեր ՌԴ ռազմածովային նավատորմի համար), «Բալթիկ գործարան»-ը (նավեր Ծովային նավատորմի համար, սառցահատեր), «Հյուսիսային նավաշինարան»-ը (նավեր ՌԴ ռազմածովային նավատորմի և Ծովային նավատորմի համար)։ Գործում են մեքենաշինական ընկերություններ՝ «Կոմպրեսոր» (կոմպրեսորային սարքավորումներ, նավթագազային սարքավորումներ), «Լենինգրադի մետաղական գործարան» (շոգետուրբիններ, գազատուրբիններ և հիդրավլիկ տուրբիններ), «Էլեկտրոսիլա» (էլեկտրական մեքենաներ, գեներատորներ), «էլեկտրոպուլտ» գործարան (էլեկտրական սարքավորումներ), «Սևկաբել» (ուժահաղորդ մալուխներ, պղնձե գլանվածքներ), «Կիրովի գործարան» (տրակտորներ, մետաղական արտադրանք, գյուղատնտեսական տեխնիկա), «Արսենալ» (տիեզերական արբանյակներ, հրետանային սարքավորումներ, կոմպրեսորային կայաններ), «Իժորայի գործարաններ» (վարձակալության սարքավորում, հատուկ սարքավորում, ատոմային ռեակտորներ), «Լենինեց» (օդանավատորմի և սպառազինության սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ), «Սվետլանա» (ռենտգենյան փողակներ, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ և բաղկացուցիչ մասեր), Լենինգրադի օպտիկամեխանիկական միավորում (օպտիկական սարքավորումներ) և այլն։ Զարգացած է տրանսպորտային մեքենաշինությունը՝ «Վագոնմաշ» (ուղևորափոխադրող վագոններ՝ երկաթուղիների համար և էլեկտրավագոններ՝ մետրոպոլիտենի համար), Ֆորդ, Տոյոտա, Ջեներալ Մոթորս[113], Scania AB, Նիսան, Հունդաի Մոթոր և ՄԱՆ ընկերությունների մեքենաշինական գործարաններ։ 2016 թվականին 9 ամիսների ընթացքում քաղաքում թողարկվել է Ռուսաստանում վաճառվող նոր մեքենաների 25%-ը[114]։ Արդյունաբերական արտադրանքի զգալի ծավալը ձևավորում են սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերությունները[115]։ Քաղաքում զարգացած է սև («Սևերստալ» ընկերության Իժորայի խողովակների գործարան) և գունավոր մետալուրգիան («Կրասնի վիբորժեց»), քիմիական («ВМП-Нева»), թեթև, պոլիգրաֆիական արդյունաբերությունը։
Սննդի արդյունաբերության խոշորագույն ընկերությունների թվում են՝ «Բալթիկա» գարեջրի գործարանը (գարեջուր, ոչ ոգելից ընպելիքներ, հանքային ջրեր), «Հայնեկեն» ընկերության գարեջրագործարանը, Ստեպան Ռազինի անվան գարեջրի գործարանը, Մոսկվայի շրջանի հացի գործարանը (հացաբուլկեղեն, ալյուրաշատ հրուշակեղեն), Կրուպսկայայի անվան ֆաբրիկան (կոնֆետներ և շոկոլադ), «Պարնաս-Մ» մսակոմբինատը (երշիկեղեն, մսային պահածոներ և կիսաֆաբրիկատներ), «Մելնիցա Կիրովա»-ն (ձավար, ալյուր), «Պետմոլ» կաթի գործարանը (պատկանում է «Danone»-ին), «Պոլյուստրովո» հանքային ջրերի գործարանը, մսակոմբինատները, հրուշակեղենի արտադրությամբ, ձկնարտադրությամբ զբաղվող գործարանները և շատ ուրիշներ[115]։
2016 թվականին մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1215.6 մլրդ ռուբլի, որը 1.5%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարին։ Սննդամթերքի շրջանառությունը (ներառյալ ըմպելիքները և ծխախոտները) 2016 թվականին կազմել է 36%, ոչ տնտեսական ապրանքներինը՝ 64%։ 2016 թվականին բնակչությանը մատուցվել է 417 մլրդ ռուբլու վճարովի ծառայություն[108]։ Սանկտ Պետերբուրգի սպառողական շուկան աշխատանքով է ապահովել քաղաքային տնտեսության մեջ զբաղված բնակչության մեկ հինգերորդ մասին և կազմել է Համախառն տարածաշրջանային արդյունքի մեկ հինգերորդ մասը։ Այն ներառում է մանրածախ առևտրի 15 900 ընկերություն (այդ թվում՝ բնակչությանն առօրյա սպառման տնտեսական ապրանքներ մատակարարում են 6500 ընկերություն), հանրային սննդի 6800, կենցաղային մատակարարման ավելի քան 8500 ընկերություն։ Քաղաքում գործում է մանրածախ առևտրի 171 համալիր, 22 շուկա (որից 16-ը մասնագիտացած է գյուղատնտեսական մթերքների իրացման մեջ)։ Սանկտ Պետերբուրգում ներկայացված են հետևյալ առևտրային ցանցերը՝ միջազգային (Աշան, Կ-Ռուոկա, Սպար, Մետրո, Պրիզմա), դաշնային (Օ'Քեյ, Լենտա, Դիքսի, Մագնիտ, ինչպես նաև «X5 Retail Group»-ին պատկանող Պյատյորոչկա, Կարուսել և Պերեկրյոստոկ), միջտարածաշրջանային (7Я семьЯ, Վերնի, Նորմա, Իդեա, Նետտո, Ազբուկա Վկուսա, Պոլուշկա), տեղական (Սեզոն, Լայմ, Լենդ, ՌիոՄագ, Սմարտ, Ռեալ) և այլն[116][117]։ Խոշոր առևտրային ցանցերում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմում է 76%[118]։
Սանկտ Պետերբուրգը համարվում է երկրի մեդիատիրույթի զարգացումը որոշող քաղաքներից մեկը․ Հյուսային մայրաքաղաքի հրատարակչական շուկայի համար բնորոշ են որակապես և քանակապես բարձր ցուցանիշները։ Այստեղ թողարկվում է ավելի քան 100 լրագիր (մեկանգամյա տպաքանակ՝ մոտ 10 մլն օրինակ) և 150 ամսագիր (ավելի քան 7 օրինակ)։ Պարբերական հրատարակությունների իրացման տարեկան ծավալը քաղաքում կազմում է 185 մլն օրինակ․ 132 մլն օրինակն իրացվում է մանրածախ ձևով, իսկ 53 մլն-ը՝ բաժանորդագրությամբ[119]։ Սանկտ Պետերբուրգում է տեղակայված «Հինգերորդ ալիք» դաշնային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակը։ Բացի այդ քաղաքում հեռարձակվում են տարածաշրջանային «Life 78», «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքները[120]։ Աշխատում են նաև մի շարք տարածաշրջանային հեռուստաստուդիաներ՝ Լենինգրադի մարզային հեռուստաընկերությունը, «НТВ-Петербург»-ը, «СТС-Петербург»-ը, «ТНТ-Петербург»-ը։
2016 թվականին քաղաքում իրականացվել է 409.3 մլրդ ռուբլի արժողությամբ շինարարական աշխատանքներ, շահագործման է հանձնվել 3116.3 հազ․ մ² բնակելի տարածք[108]։
2016 թվականին հիմնական կապիտալում ներդրումների ծավալը կազմել է 582.3 մլրդ ռուբլի[108]։ 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում խոշոր ներդրումներ կատարած երկրներն են եղել Գերմանիան, Ղազախստանը, Կորեայի Հանրապետությունը, Վիրջինյան կղզիները, Շվեդիան, Կիպրոսը, Ավստրիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Բելառուսը[121]։
2012 թվականին Սանկտ Պետերբուրգը ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության, Ռուսաստանի ճարտարագետների միության, Շինարարության և բնակարանային տնտեսության դաշնային գործակալության, Ռուսաստանի սպառողների իրավունքները և մարդու բարօրությունը պաշտպանող դաշնային ծառայության, Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կազմած քաղաքային միջավայրի որակի վարկանիշում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[122]։
Տնտեսության մեջ էական դեր է կատարում զբոսաշրջային բիզնեսը, որը կապված է Ռուսաստանից և արտասահմանից հյուրերի ընդունմամբ, ինչպես նաև սրա հետ կապված տնտեսական ակտիվությունը ծառայությունների մատուցման ոլորտում։ Քաղաքն ունի պատմամշակութային զգալի ժառանգություն՝ զբոսաշրջային պրոդուկտ ձևավորելու, զբոսաշրջությունը քաղաքային տնտեսության հիմնական ճյուղ դարձնելու համար։ 2012 թվականի տվյալներով Սանկտ Պետերբուրգը Եվրոպայի ամենաշատ այցելվող և զբոսաշրջիկների շրջանում հայտնի քաղաքների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը (աշխարհում 20-րդ հորիզոնականը)[123]։
2016 թվականին Սանկտ Պետերբուրգ է այցելել 6.9 մլն զբոսաշրջիկ (2016 թվականին Հյուսիսարևմտյան դաշնային շրջանի անցակետերով Սանկտ Պետերբուրգ այցելած արտասահմանյան քաղաքացիների քանակը կազմել է 2847.2 հազ․ մարդ (հիմնականում զբոսաշրջիկներ Ֆինլանդիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ֆրանսիայից)։ Քաղաքում աշխատում է ավելի քան 260 խոշոր և ոչ մեծ հյուրանոց՝ 27000 սենյակներով (այդ թվում՝ «Գրանդ Հոթել Եվրոպա», «Աստորիա», «Կորինտիա Սանկտ Պետերբուրգ», «Մերձբալթիկա», «Պուլկովսկայա», «Սանկտ Պետերբուրգ», «Մոսկվա», «Ռոսիա», «Հոկտեմբերյան», «Ազիմուտ Հոթել Սանկտ Պետերբուրգ» և այլ հյուրանոցներ), հանգստյան տներ։ Վասիլևսկի կղզու արևմտյան հատվածում ուղևորային ծովային նոր նավահանգստի շահագործմամբ և կարճաժամկետ այցով ժամանած զբոսաշրջիկների համար մուտքի վիզայի չեղարկման շնորհիվ քաղաքը դառնում է Եվրոպայի ծովային զբոսաշրջության կենտրոններից մեկը։ 2016 թվականին Հյուսիսային մայրաքաղաք է ժամանել 457 000 ծովային զբոսաշրջիկ (209 զբոսաշրջություն նավով)[124]։
2016 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգը 2016 թվականին զբոսաշրջային արդյունաբերության «World’s Leading Cultural City Destination» անվանակարգում արժանացել է «World Travel Awards» մրցանակի, ինչը ռուսական աղբյուրներում ստացել է «Աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաք» անվանումը[125][126][127]։
Քաղաքում ջրամատակարարմամբ և կոյուղավորմամբ զբաղվող ընկերությունը «Վոդոկանալ Սանկտ Պետերբուրգա» ունիտար կազմակերպությունն է։ Ջրամատակարարման հիմնական աղբյուրը Նևա գետն է։ Նրանից է վերցվում ջրի 96%-ը, որը մշակում է անցնում ավելի քան 5 խոշոր ջրմուղ կայաններում՝ Գլխավոր ջրմուղ կայան, Հյուսիսային ջրմուղ կայան, Հարավային ջրմուղ կայան, Վոլկովի ջրմուղ կայան, Կոլպինո քաղաքի ջրմուղ մաքրող կառույցներ։ 2009 թվականի հունիսի 26-ից Սանկտ Պետերբուրգը դարձել է առաջին մեգապոլիսը, որտեղ խմելու ամբողջ ջուրը մշակում է անցնում ուլտրամանուշակագույն ճառագայթներով և որը ջուրը վարակազերծելու համար ամբողջովին հրաժարվել է հեղուկ քլորից։ Քաղաքում գործում է 21 կոյուղու մաքրման կառույց, որոնցից խոշորագույններն են՝ Աերացիայի կենտրոնական կայանը, Աերացիայի հյուսիսային կայանը և Հարավարևմտյան մաքրման կառույցները, աշխատում է կեղտաջրերի նստվածքի այրման 3 գործարան։ Կեղտաջրերը սկսեցին մաքրվել 1979 թվականից։ 2008 թվականի վերջին Պետերբուրգը մաքրել է կեղտաջրերի 91.7%-ը։ 2013 թվականի հոկտեմբերին քաղաքի հյուսիսային հատվածի Կոյուղու գլխավոր կոլեկտորի շահագործմամբ մաքրվում է քաղաքի կեղտաջրերի 98.4%-ը (2010 թվականին՝ 93%-ը)[128][129]։ 2016 թվականին սպառողներին խմելու ջրի միջին օրական քանակը կազմել է 1597 հազ․ մ³, ջրի փոխադրման ժամանակ կորուստները և ծախսերը կազմել են 12%, կոյուղու մաքրման կառույցներում կեղտաջրերի միջին օրական ծավալը կազմել է 2.2 մլն մ³/օր[130]։
Սանկտ Պետերբուրգի ջերմամատակարարման համակարգում աշխատում են 8 «ТГК-1» ջերմաէլեկտրակայան, 3 գերատեսչական ջերմաէլեկտրակայան, 377 կաթսային «ТЭК СПб», 48 կաթսային «Лентеплоснаб», 140 կաթսային «Петербургтеплоэнерго», 28 կաթսային «Петербургэнергосбыт», 179 գերատեսչական կաթսաներ։ Ջերմային ցանցերի տարածվածությունը կազմում է ավելի քան 6000 կմ։ Քաղաքի տարածքում տեղակայված են 118 բարձրավոլտ ենթակայաններ՝ ընդհանուր ավելի քան 15 000 մեգավատտ հզորությամբ։ Կաթսայա-վառարանային տաքացման հիմնական տեսակը քաղաքային տնտեսության մեջ բնական գազն է (որի մասնաբաժինը կազմում է 94%), մնացածները կազմում են մազութը և ածուխը։ Քաղաքի առավել խոշոր ջերմա- և էներգագեներացնող ընկերությունները պատկանում են ТГК-1-ին՝ Կենտրոնական ջերմաէլեկտրակայանը, Պրավոբերեժնայա № 5 ջերմաէլեկտրակայանը, Վիբորգի № 17 ջերմաէլեկտրակայանը, Հյուսիսային № 21 ջերմաէլեկտրակայանը, Պերվոմայսկի № 14 ջերմաէլեկտրակայանը, Հարավային № 22 ջերմաէլեկտրակայանը և Ավտովսկայա № 15 ջերմաէլեկտրակայանը[131]։
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հյուսիսարևմտյան հատվածի խոշորագույն տրանսպորտային հանգույցն է և երկրորդը երկրում Մոսկվայից հետո։ Այն ներառում է երկաթուղիներ, ծովային և գետային տրանսպորտ, ավտոմոբիլային ճանապարհներ և ավիաուղիներ։ Քաղաքով են անցնում եվրասիական 2 տրանսպորտային միջանցք՝ «Հյուսիս-Հարավ» և «Տրանսսիբ», № 9 համաեվրոպական տրանսպորտային միջանցքը, E 18 եվրոպական ավտոմոբիլային ճանապարհը, որը Սկանդինավիան կապում է Ռուսաստանի կենտրոնի հետ[132]։ 2010 թվականին Սանկտ Պետերբուրգի բեռնափոխադրումը կատարվել է երկաթուղով (101 մլն տոննա), խողովակային (85 մլն տոննա), ծովային (9 մլն տոննա), ավտոմոբիլային (առանց փոքր ձեռնարկատիրության, 4 մլն տոննա), ներքին ջրային (1.2 մլն տոննա)[133]։
Քաղաքային ավտոմայրուղիների զբաղվածությունը տրանզիտային տրանսպորտից թեթևացնելու համար Սանկտ Պետերբուրգի շուրջը կառուցվել է օղակային ավտոմոբիլային ճանապարհ։ Սանկտ Պետերբուրգն այլ տարածաշրջանների հետ կապող հիմնական ճանապարհներն են (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ Ֆիննական ծոցից)՝ Պրիմորսկի խճուղի, Վիբորգի խճուղի, Պրիօզյորսկի խճուղի, Սանկտ Պետերբուրգ-Մորիե ավտոճանապարհը, Մուրմանսկի խճուղին, Պետրոզավոդի խճուղին, Մոսկվայի խճուղին, Պուլկովոյի խճուղին, Կիևի խճուղին, Տալլինի խճուղին, Պետերգոֆի խճուղին[134]։ Սանկտ Պետերբուրգի վարչության տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ միջքաղաքային ճանապարհների 37%-ը ոչ նորմալ վիճակում են, 2020 թվականին ծրագրվում է տոկոսն իջեցնել 20-ի[135]։
Քաղաքի տարածքում են գտնվում Սանկտ Պետերբուրգ մեծ նավահանգիստը, որն ներառում է 5 ավազան, Վասիլևսկի կղզու բեռնափոխադրումային նավահանգիստը, Կրոնշտադտի նավահանգիստը, Լոմոնոսովի նավահանգիստը[136]։ Նավահանգստում վերաբեռնվում են նավթամթերքներ, մետաղներ, անտառային բեռներ, կոնտեյներներ, ածուխ, հանքաքար, քիմիական բեռներ, մետաղաջարդվածք։ Մեծ նավահանգստի բեռնաշրջանառությունը 2010 թվականի առաջին կեսի տվյալներով կազմել է 26.35 մլն տոննա (+6.4% 2009 թվականի առաջին կեսի համեմատ)[137]։ Նավահանգիստը միացած է ծովին 27 մղոն երկարություն ունեցող Մորսկոյ ջրանցքի միջոցով և ամբողջ տարին բաց է նավերի համար։ Վասիլևսկի կղզու ծայր արևմուտքում տեղակայված է Ծովային ուղևորային տերմինալը՝ կրուիզային լայներներ և շոգենավեր ընդունելու համար[138]։ Ջրային տրանսպորտով փոխադրումների զգալի մասը բաժին է ընկնում Նևայով գետային փոխադրումներին, որը քաղաքը կապում է Լադոգա լճի հետ և հանդիսանում է Վոլգա-Բալթիկ ջրային ուղու վերջին հատվածը։ Նևա գետի Վոլոդարսկի կամրջից վերև գտնվում է Գետային կայարանը։
Սանկտ Պետերբուրգից օդային ուղևորափոխադրումները կատարվում են Պուլկովո օդանավակայանից, որը տեղակայված է հարավային մասում։ Ուղևորափոխադրումների համար միայն մեկ օդանավակայան ունեցող քաղաքներից Սանկտ Պետերբուրգը բնակչությամբ խոշորագույնն է Եվրոպայում։ 2013 թվականին օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է ավելի քան 12 մլն ուղևոր։ 2013 թվականի դեկտեմբերի 4-ից օդանավակայանում աշխատում է նոր կենտրոնացված ուղևորային տերմինալ, որն ամբողջովին սպասարկում է միջազգային չվերթները, ինչպես նաև չվերթների գրանցումը և ներքին չվերթների համար նախաթռիչքային գործընթացները։ Պուլկովո-1 նախկին տերմինալի վերակառուցված շենքը շահագործման է հանձնվել 2015 թվականի փետրվարի 4-ին որպես նոր կենտրոնացված տերմինալի ընդլայնում՝ ներքին չվերթների ընդունման և ճանապարհման համար։ Սանկտ Պետերբուրգում գրանցված է «Ռոսիա» պետական ավիաընկերությունը։
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր հյուսիսարևմտյան երկաթուղային հանգույցն է։ Քաղաքում գործում է 5 երկաթուղային կայարան (Բալթիկ, Վիտեբսկի, Լադոգայի, Մոսկվայի, Ֆինլանդական), 2 տեսակավորող կայարաններ (Սանկտ Պետերբուրգ-Սորտիրովոչնի-Մոսկվայի, Շուշարի), 2 նավահանգստային կայարաններ (Ավտովո, Նոր նավահանգիստ)։ Քաղաքում է տեղակայված Հոկտեմբերյան երկաթգծի վարչությունը[139][140]։
1955 թվականից քաղաքում գործում է մետրոպոլիտեն։ 2012 թվականի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը 5 գծերում ուներ 67 կայարան, 7 գնացքափոխ հանգույց․ շահագործվող գծերի երկարությունն ավելի քան 120 կմ է։ 2001 թվականի դրությամբ Սանկտ Պետերբուրգում գործել է աշխարհում խոշորագույն տրամվայի ցանցը։ Վերջին տարիներին այն էապես կրճատվել է։ Քաղաքում զարգացած են նաև ավտոբուսների և տրոլեյբույսների ցանցը[141]։ Այստեղ շահագործվել են ԽՍՀՄ-ում ամենաշատ Վլադիմիր Վակլիչի[142][143] տրոլեյբուսները[144], որոնք կազմված էին երկու ЗиУ-682 մեքենաներից։ Ընդհանուր առմամբ դրանց թիվը կազմում էր 111 միավոր[145]։
Փոխադրումների զգալի ծավալը կատարվում է երթուղային տաքսիներով[146]։ Հանրային տրանսպորտի վիճակն ու որակը, դրա անվտանգությունը և փոխադրումների կազմակերպումը ենթարկվում են քննադատության և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին[147]։ Փորձեր են արվում զարգացնել փոքր նավագնացությունը Սանկտ Պետերբուրգի գետերով և ջրանցքներով, 2010-2016 թվականներին գործել են ջրաբուսների մի քանի գիծ[148]։ 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում հանրային տրանսպորտով փոխադրումներն են՝ մետրոյով՝ 777 մլն մարդ, տրամվայներով՝ 477 մլն, ավտոտրանսպորտով՝ 473 մլն, տրոլեյբուսներով՝ 281 մլն, երկաթուղով՝ 136 մլն, ծովային տրանսպորտով՝ 4 մլն[133]։ 2011 թվականին քաղաքային ուղևորափոխադրիչ տրանսպորտից օգտվել է քաղաքի բնակչության 70%-ը՝ աշխատանք գնալ-գալու ճանապարհի վրա օրական ծախսելով միջինը 56 րոպե[149]։
2012 թվականի հունվարին նախադպրոցական կրթության համակարգում կար 1054 մանկապարտեզ և մանկամսուր։ Բոլորը, բացի եզակի մասնավոր հաստատություններից, գտնվում են համայնքի ենթակայության ներքո։ Քաղաքում գործում է 690 հանրակրթական հաստատություն, որոնցից 609-ը՝ դպրոցներ, այդ թվում՝ 135-ը առարկաների խորացված ուսուցմամբ, 72 գիմնազիա, 45 լիցեյ, 21 երեկոյան դպրոց, 40 ուղղիչ դպրոց, 8 գիշերօթիկ դպրոց, 19 հատուկ դպրոց, երեխաների լրացուցիչ ուսուցման 58 դպրոց, տարրական և միջին մասնագիտական կրթության 48 հաստատություն։ Դրանցից հատկանշական են Ա․ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիան, Սանկտ Պետերբուրգի Մ․ Մուսորգսկու անվան երաժշտական քոլեջը, զինվորական հաստատություններից հայտնի են Սանկտ Պետերբուրգի սուվորովյան ռազմական ուսումնարանը, Նախիմովյան ուսումնարանը, Պետրոս Մեծի կադետային կորպուսը, Ծովային կադետային կորպուսը և այլն[12]։
Սանկտ Պետերբուրգում գործում է 56 պետական և 45 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն[150], որոնց թվում են այնպիսի հայտնի բուհեր, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարապետա-շինարարական համալսարանը, Սանկ Պետերբուրգի Ի․ Պավլովի անվան պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի կայսր Ալեքսանդր I-ի հաղորդակցման ուղիների պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական ծովային տեխնիկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի Մ․ Բոնչ-Բրուևիչի անվան հեռահաղորդակցությունների պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական ճարտարագիտական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական համալսարանը (տեխնիկական համալսարան), Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանը, Ռուսաստանի Ա․ Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական անտառատեխնիկական համալսարանը և այլն։ Քաղաքում գործում են մի շարք զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Ա․ Մոժայսկու անվան ռազմա-տիեզերական ակադեմիան, Ս․ Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիան, Միխայլովյան ռազմական հրետանային ակադեմիան, Սանկտ Պետերբուրգի ռազմա-ծովային ինստիտուտը, Ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն ռազմական ուսումնարանը և այլն[12]։
Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի գիտակրթական խոշորագույն կենտրոններից մեկն է, որտեղ գտնվում է երկրի գիտական պոտենցիալի ավելի քան 10%-ը՝ ավելի քան 350 գիտական կազմակերպություններ, այդ թվում՝ ՌԴ Գիտությունների և այլ ակադեմիաների 70 կազմակերպություն, որոնցում աշխատում է ավելի քան 170 000 գիտաշխատող, այդ թվում՝ 9000 գիտությունների դոկտոր և 26 000 գիտությունների թեկնածու։ Գիտակրթական ոլորտում աշխատողների թվով Սանկտ Պետերբուրգը ՌԴ-ում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Քաղաքում է գտնվում ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտական կենտրոնը, բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ[12]։ Քաղաքի հարավային ծայրամասում տեղակայված է ՌԴ Գիտությունների ակադեմիայի գլխավոր (Պուլկովոյի) աստղադիտարանը։
Սանկտ Պետերբուրգի առողջապահական հաստատությունների մեծ մասը մտնում է ՌԴ առողջապահության նախարարության համակարգի մեջ և բաժանվում է 3 խմբի՝ Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեին ենթարկվող, ՌԴ առողջապահության նախարարության դաշնային հաստատություններ, Բժշկակենսաբանական դաշնային գործակալության հաստատություններ և Լենինգրադի մարզի հաստատություններ, որոնք գտնվում են քաղաքի սահմանագծին։ Սանկտ Պետերբուրգի կառավարության առողջապահության կոմիտեն պետական իշխանության գործադիր մարմինն է՝ առողջապահության ոլորտում քաղաքային քաղաքականություն վարելու առումով։ Բացի ՌԴ առողջապահության նախարարության համակարգ մտնող հաստատություններից, քաղաքում են տեղակայված նաև առողջապահական այլ գերատեսչությունների հաստատություններ, ինչպես նաև ոչ պետական հաստատություններ[151]։
Սանկտ Պետերբուրգում գործում է 106 ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն, 33 ատամնաբուժական պոլիկլինիկա, 44 տարբեր պրոֆիլի դիսպանսեր, 83 ստացիոնար բուժման հաստատություն, 24 հիվանդանոց, 57 շտապ օգնության կայան։ Դրանց թվում են՝ Ս․ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան, Ալեքսանդրի հիվանդանոցը, Պատերազմի վետերանների հոսպիտալը, Կաշչենկոյի, Սուրբ Նիկողայոս Հրաշագործի անվան քաղաքային հոգեբուժական հիվանդանոցները, Ս․ Բոտկինի անվան կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցը, Հարբուխի գիտահետազոտական ինստիտուտը, Ռուսաստանի Դ․ Օտտի անվան գինեկոլոգիայի և մանկաբարձության գիտահետազոտական ինստիտուտը, Ռաուխֆուսի անվան մանկական հիվանդանոցը, Ֆիլատովի անվան մանկական կլինիկական հիվանդանոցը և այլն։ 2005 թվականից քաղաքում իրականացվում է «Առողջություն» ազգային նախագիծը, որով նախատեսվում է քաղաքային առողջապահական համակարգը մոդեռնիզացնել[12]։
2015 թվականի դրությամբ քաղաքում առողջապահության մակարդակը մի շարք ցուցանիշներով լավագույնն է Ռուսաստանում, քաղաքն ունի նաև երկրում ամենացածր մահացածության մակարդակը[152]։ 2012 թվականից իրականացվում է բժշկական սարքավորումների ակտիվ մոդեռնիզացում, ծրագիր է իրականացվում ուղղված բնակչության դիսպանսերիզացման որակը բարձրացնելուն։ Աշխատանքներ են տարվում նաև բուժաշխատողների կենսապայմանները բարելավելու ուղղությամբ[153]։
2011 թվականին Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 1218 հանցագործություն 100 000 բնակչի հաշվարկով (122-րդ հորիզոնականը Ռուսաստանի քաղաքների շրջանում)․ 2010 թվականի համեմատ հանցագործությունների մակարդակը նվազել է 13.6%-ով։ Հանցագործությունների բացահայտումը կազմել է 53.2%, որը վերջին տարիներին նվազում է։ Նկատվում է անօրինական թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ (29,3 %-ով)։ Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազում է․ դրանց թիվն ընդհանուր գրանցված հանցագործությունների շարքում կազմում է 41.7%։ Տնտեսական ուղղվածություն ունեցող հանցագործությունների քանակը կազմում է 6.9%։ Նվազում է «փողոցային» հանցագործությունների մակարդակը, որտեղ գերակշռում են սեփականության հետ կապված հանցագործությունները, գողությունները, կողոպուտները (67.5%)։ Նվազում է բնակարաններից և տարատեսակ սեփականություններից կողոպուտների թիվը (քաղաքում կատարվող ընդհանուր հանցագործությունների 37.9%-ը)։ 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել 7451 ճանապարհատրանսպորտային պատահար, որտեղ եղել են տուժողներ (1%-ով ավել 2010 թվականի համեմատ), ընդ որում զոհվածների թիվն աճել է 18.1%-ով։ Վարչական իրավախախտումների 71%-ը կատարվել են բարեկեցության ոլորտում, 17% դեպքերում խախտվել են առևտրի կանոնները, 12% դեպքերում խախտվել է լռության մասին օրենքը։ Քաղաքի բնակիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում պահպանվում է իրավապահ մարմինների աշխատանքի ոչ բավարար գնահատումը[154][155][156]։
Քաղաքի տարածքում գտնվում է 4 մեկուսարան (այդ թվում՝ հայտնի «Կրեստի»-ն), 4 ուղղիչ գաղութ և 1 դաաստիարակչական գաղութ (Կոլպինո)[157]։
Սանկտ Պետերբուրգը համաշխարհային նշանակության մշակութային կենտրոն է․ այն հաճախ անվանում են «Մշակութային մայրաքաղաք»։ Քաղաքում գտնվում է մշակութային ժառանգության 8464 օբյեկտ (պատմական և մշակութային հուշարձաններ), այդ թվում՝ 4213 դաշնային նշանակության մշակութային օբյեկտ, որը կազմում է ՌԴ տարածքում պետության կողմից պահպանվող բոլոր հուշարձանների գրեթե 10%-ը։ Սանկտ Պետերբուրգում գործում է ավելի քան 200 թանգարան և դրանց մասնաճյուղերը (այդ թվում՝ Էրմիտաժ (գրեթե 3 մլն արվեստի գործ և համաշխարհային մշակույթի հուշարձան), Ռուսական թանգարանը (ռուսական արվեստի ամենամեծ թանգարանը), Կենտրոնական ռազմածովային թանգարանը, Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի թանգարանը, Քաղաքային քանդակագործության թանգարանը, Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանը, Պետրոս Մեծի մարդաբանության և ազգագրության թանգարանը (Կունստկամերա), Պետերգոֆի, Օրանիենբաումի, Ցարսկոյե Սելոյի, Պավլովսկի, «Պուշկինսկայա, 10» արվեստի կենտրոնը, Էրարտա ժամանակակից արվեստի թանգարանը, Ա․ Պուշկինի համառուսաստանյան թանգարանը, Լենինգրադի պաշտպանության և շրջափակման թանգարանը և այլն), Լենէքսպո ցուցահանդեսային համալիրը, ավելի քան 70 թատրոն (այդ թվում՝ Մարիինյան թատրոնը, Ալեքսանդրինսկի թատրոնը, Միխայլովսկի թատրոնը, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնը, Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնը, Փոքր դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան ակադեմիական թատրոնը, Բալթիկայի տուն, Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնը, «Լիցեդեի» ծաղրածուական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկեսը և շատ ուրիշներ), 1100 գրադարան (որոնցից խոշորներն են Ռուսաստանի ազգային գրադարանը (հանրային), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գրադարանը, Բ․ Ելցինի անվան նախագահական գրադարանը), ավելի քան 50 առօրյա-մշակութային հաստատություններ, ավելի քան 50 կինոթատրոններ։ Սանկտ Պետերբուրգում գործում է մի քանի ստեղծագործական բուհ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան, Ա․ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիան, Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիան, Սանկտ Պետերբուրգի Ռերիխի անվան գեղարվեստական ուսումնարանը։ Քաղաքում գործում է մոտ 10 կինոստուդիա, որոնցից հներից են «Լենֆիլմ»-ը, «Լեննաուչֆիլմ»-ը։
2011 թվականին Սանկտ Պետերբուրգում անց է կացվել մոտ 1000 ցուցահանդես, ավելի քան 120 պրեմիերա, գրեթե 300 փառատոն, որոնցից են «Մարիինսկի» բալետի միջազգային փառատոնը, «Սպիտակ գիշերների աստղերը» արվեստների միջազգային փառատոնը, «Արվեստների հրապարակ» միջազգային ձմեռային փառատոնը, «Dance Open» բալետի միջազգային փառատոնը, «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը, «Սպիտակ գիշերվա սվինգ» ջազի միջազգային փառատոնը, «Ավանգարդից մինչև մեր օրեր» արվեստների միջազգային փառատոնը, «Փառատոնների փառատոն» միջազգային կինոփառատոնը, Օլգինոյում բայքերների միջազգային փառատոնը, «Բալթիկայի տուն» միջազգային թատերական փառատոնը, «Մանկության տոն» մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնը։
1981-1990-ական թվականներին Լենինգրադում գործել է Լենինգրադի ռոք ակումբը, որը քաղաքում սկիզբ է դրել ռոք կոլեկտիվների օրինականացմանը։ Ակումբի կազմավորմանը մասնակցել են «Պիկնիկ», «Ակվարիում», «Զոոպարկ», «Միֆի», իսկ ավելի ուշ նաև «Աուկցիոն», «Կինո», «Ալիսա», «Պոպ-մեխանիկա», «ԴԴՏ», «Նոլ» և շատ ուրիշ ռոք խմբեր։ Այսօր քաղաքում գործում է Վիկտոր Ցոյի «Կամչատկա» ակումբ-թանգարանը․ Բոգոսլովսկու գերեզմանոցում գտնվող երգչի գերեզմանը նրա երկրպագուների համար ուխտագնացության վայր է։
2013 թվականի մայիսի 26-ին քաղաքի հիմնադրման 310-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Սանկտ Պետերբուրգի մասին բազում երգեր են կատարվել։ Իսահակյան հրապարակում՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ մեկ ժամվա ընթացքում 4335 մարդ կատարել է 14 երգ։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 540 ռուս.. • անգլ.. • ֆր. |
1990 թվականին Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնը և արվարձանների պալատ-զբոսայգիները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Պետության պաշտպանության տակ է գտնվում մոտ 8000 ճարտարապետական հուշարձան[158][159]։ 2005 թվականին ընդունվել է մշակութային ժառանգության պահպանման պետերբուրգյան ռազմավարությունը[160]։ Քաղաքին վեհություն են հաղորդում ճարտարապետական համալիրները, խիստ ուղիղ փողոցները, ընդարձակ հրապարակները, այգիներն ու զբոսայգիները, գետերն ու բազմաթիվ ջրանցքները, առափները, կամուրջները, նախշավոր ցանկապատները, հուշարձաններն ու դեկորատիվ քանդակները։ 18-20-րդ դարերի ճարտարապետական համալիրներից են Պետրոպավլովյան ամրոցը, Ալեքսանդր Նևսկու մայրավանքը, Սմոլնիի ինստիտուտը, Պալատական հրապարակը՝ Ձմեռային պալատով, Ծովակալության շենքը, Նևայի պողոտան, Վասիլևսկի կղզու Սլաքը՝ Բորսայի շենքով, Սենատի հրապարակը՝ Պետրոս I-ի արձանով, Օստրովսկու հրապարակը, Արվեստների հրապարակը, Իսահակի հրապարակը և 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծված Ապստամբության հրապարակը։
Պետերբուրգի սրընթաց զարգացումը մարտահրավեր էր բազմադարյա պատմություն ունեցող, դանդաղ զարգացող և աճող քաղաքի մասին ավանդական պատկերացումներին[161]։ Պետրոս I-ը ստեղծել է քաղաքը Վենետիկի ու Ամստերդամի օրինակով․ սալահատակ փողոցների փոխարեն Սանկտ Պետերբուրգը պետք է ծածկվեր ջրանցքների ցանցով, որով բնակիչները պետք է նավարկեին թեթև նավակներով։ Թեև Պետրոսի երազանքն այդպես էլ չիրականացավ, հենց արտասահմանյան այդ փորձը հիմք դարձավ հետագա կառուցման համար։ Քաղաքի 1716 թվականի գլխավոր հատակագծի հեղինակը դարձավ իտալացի ճարտարապետ Դոմենիկո Անդրեա Տրեզինին․ ուղղահայաց փողոցները, լայնարձակ պողոտաները նոր մայրաքաղաքի բնորոշ գիծը դարձան։ Այսպիսի նախագծումը երևում է Վասիլևսկի կղզու և «եռատամի» օրինակի վրա՝ Ծովակալության շենք-Նևայի պողոտա, Գորոխովայա փողոց, Վոզնեսենսկի պողոտա։ Քաղաքի կենտրոնական հատվածի գրեթե ամբողջ կառուցապատումը կատարվել է ավելի ուշ, սակայն երկրաչափորեն կառուցված հրապարակները և փողոցները որոշեցին քաղաքի կերպարը մինչև մեր օրերը։ Այդտեղ վճռորոշ դեր է խաղացել Պետրոս I-ի անձը․ նա անձամբ է ընտրել Նևայի պողոտայի, Ծովակալության շենքի, Պետրոպավլովյան ամրոցի վայրերը, վարել է քաղաքաշինական խիստ դիսցիպլին[161]։ Պետրոսի հրամանով բոլոր շենքերը պետք է կառուցվեին քարից (սրա հետ մեկտեղ Ռուսաստանի մնացած քաղաքներում արգելվեց որպես շինարարության հիմնական նյութ օգտագործել քարը)։ Այդ ժամանակներում տարածում է գտել պետրոսյան բարոկկո ոճը, որի ներկայացուցիչներն են իտալացիներ Դ․ Տրեզինին, Ջովաննի Մարիա Ֆոնտանան, Նիկոլո Միկետտին, ֆրանսիացի Ժան Բատիստ Լեբլոնը, գերմանացիներ Անդրեաս Շլյուտերը, Գեորգ Յոհան Մատարնովին, ռուս Միխայիլ Զեմցովը։ Քաղաքում պահպանվել են այդ ոճով կառուցված մի քանի շենքեր՝ Պետրոպավլովյան ամրոցը՝ Պետրոպավլովյան տաճարով, Ամառային պալատը, Կունստկամերան, Տասներկու կոլեգիաների շենքը, Մենշիկովի պալատը։ 18-րդ դարի կեսերին սկսեց գերակշռել ելիզավետյան բարոկկո ոճը, որը ներկայացնում էին ճարտարապետներ Վարֆոլոմեյ Ռաստրելլին (Ձմեռային պալատը, Սմոլնի մենաստանը, Պետերգոֆի մեծ պալատը, Ցարսկոյե Սելոյի Եկատերինայի մեծ պալատը) և Սավվա Չևակինսկին (Նիկողայոսի ծովային տաճար)[162]։
1844 թվականին Նիկոլայ I կայսրը հրաման է արձակել արգելել քաղաքում Ձմեռային պալատի տանիքից բարձր քաղաքացիական շինություններ կառուցել[163]։ 18-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի ճարտարապետության մեջ գերակշռող դարձավ կլասիցիզմը։ Այդ ոճի հիմնական ճարտարապետներն էին Վասիլի Բաժենովը (Միխայլովսկի ամրոց), Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտը (Գեղարվեստի ակադեմիայի շենք, Մեծ Գոստինի գավիթ), Անտոնիո Ռինալդին (Մարմարե պալատ), Իվան Ստարովը (Տավրիկյան պալատ, Ալեքսանդր Նևսկու սուրբ երրորդության տաճար), Ջակոմո Կվարենգին (Սմոլնիի ինստիտուտի շենք, Ցարսկոյե Սելոյի Ալեքսանդրի պալատ), Չարլզ Քամերոնը (Պավլովսկ պալատ) և ավելի ուշ ժամանակաշրջանի (19-րդ դարի սկիզբ)՝ ռուսական ամպիր ոճի ներկայացուցիչներից էին Անդրեյ Վորոնիխինը (Կազանի տաճար), Անդրեյան Զախարովը (Ծովակալության գլխավոր շենք), Ժան Ֆրանսուա Տոմա դե Տոմոնը (Վասիլևսկի կղզու Սլաք), Կարլ Ռոսսին (Միխայլովսկի պալատ, Գլխավոր շտաբի շենք, Ալեքսանդրինսկի թատրոն, Սենատի և սինոդի շենք), Վասիլի Ստասովը (Վերափոխման տաճար, Սուրբ երրորդության տաճար), Ավգուստ Մոնֆերանը (Իսահակի տաճար)։ 19-րդ դարի կեսին ճարտարապետության մեջ գերակշռող դարձավ էկլեկտիկան՝ Անդրեյ Շտակենշնեյդերը (Մարինոյի պալատ, Բելոսելսկի-Բելոզյորսկի պալատ), Ալեքսանդր Բրյուլովը (Պողոս-Պետրոսի լյութերական եկեղեցի), Կոնստանտին Տոնը (Մոսկվայի կայարանի շենք), Ալֆրեդ Պարլանդը (Քրիստոսի արյան հարության տաճար)։ Դարակեսին սկսվում է նոր առափների և կամուրջների կառուցապատումը, մեծ թափ է առնում եկամտաբեր տների շինարարությունը։ Հենց այդ ժամանակաշրջանում են ձևավորվում Լիտեյնի, Վլադիմիրի և Զագորոդնի պողոտաները[162]։
20-րդ դարի սկզբին քաղաքում ի հայտ են գալիս մոդեռն ոճի շենքեր, որոնց թվում են «Զինգեր» ընկերության տունը, Ելիսեևի խանութը, «Աստորիա» հյուրանոցը, Վիտեբսկի կայարանը։ Այդ ժամանակաշրջանում զանգվածային բնույթ էր կրում եկամտաբեր տների, մասնավոր առանձնատների և հանրային շինությունների զարդարումն ապակենախշերով[164]։ Հաջորդեց նեոկլասիցիզմի ոճը (Լև Տոլստոյի հրապարակի վրա գտնվող «Աշտարակներով տուն»-ը), որը 1920-ական թվականներին փոխարինվեց կոնստրուկտիվիզմով (Ա․ Գորկու անվան մշակույթի պալատ, Լիտեյնի պողոտայում գտնվող Մեծ տուն) և ստալինյան ամպիրով (Մոսկվայի հրապարակի, Մոսկվայի պողոտայի, Ստաչեկ պողոտայի, Կալինինի հրապարակի համալիրներ, Լենինգրադի մետրոպոլիտենի առաջին հերթափոխի կայարաններ)։ 1923 թվականից սկսվում է նոր թաղամասերի բնակելի շենքերի շինարարությունը՝ համալիրային կառուցապատման սկզբունքով։ 1960-ական թվականների սկզբին սկսվում է խրուշչյովկաների, իսկ 1970-ական թվականներից՝ նավ-տների զանգվածային կառուցումը։ Միևնույն ժամանակ ի հայտ են գալիս նաև անհատական նախագծերով կառուցված շենքեր՝ «Հոբելյանական» սպորտի պալատը, Հաղթանակի հրապարակի համալիրը, «Մերձբալթիկա» հյուրանոցը, Վ․ Լենինի անվան մարզահամերգային համալիրը, «Պուլկովո» օդանավակայանի շենքը[162]։
Վերջին շրջանում պատմական կենտրոնում շինություններ են քանդվում․ ոչնչացվել են Պրեոբրաժենսկի գնդի (ամենահներից մեկը Ռուսաստանում) և սակրավոր գումարտակի զորանոցները (Կիրոչնայա փողոց), 5 տուն Նևայի պողոտայի վրա, 18-րդ դարի կորպուս, Չիչերինի տան ինտերիերը, Ապստամբության փողոցի և Լիտեյնի պողոտայի վրա մի քանի տներ, Վոզնեսենսկի պողոտայի տներից մեկը, մի շարք շենքեր Պետրոգրադի հատվածում և այլն։ Քանդած տներից որոշները ճարտարապետության պետական հուշարձանի կարգավիճակ են ունեցել։ 2008 թվականին ուժի մեջ են մտել օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնցով հանվել է դաշնային նշանակության հուշարձանների սեփականաշնորհման արգելքը․ օրենքը Ռուսաստանում գործել է 2002 թվականից։ Սեփականաշնորհման այդ ցանկում կարող են հայտնվել քաղաքի մոտ 650 կառույցները, որոնք դեռևս դաշնային պահպանման ցանկում են գտնվում[165]։
Կլասիցիզմի դարաշրջանում Ռուսական կայսրությունը Պետերբուրգի հանդիսավոր, աշխույժ կերպարը քարոզում էր որպես կատարյալ քաղաք, որը ծնվել է ի հեճուկս աղետներին։ Եվրոպայում Եկատերինա II-ը Հյուսիսային Շամիրամի համբավ էր վայելում, իսկ Պետերբուրգն անվանում էին Հյուսիսային Պալմիրա։ Պալատական բանաստեղծները գովերգում էին այն իրենց ներբողներում, Ֆեոդոր Ալեքսեևի շրջապատի բնանկարիչները վեդուտաներ էին ստեղծում՝ անծայրածիր պողոտաների և հրապարակների տեսարաններով, որտեղ վիթխարի շինությունների ֆոնին մարդկանց ստաֆաժային ֆիգուրները չէին նշմարվում[166]։
Անհրաժեշտ է Պետերբուրգից բաժանվել որոշ ժամանակով, անհրաժեշտ է տեսնել հին մայրաքաղաքները՝ հին Փարիզը, ծխոտ Լոնդոնը, որպեսզի զգաս Պետերբուրգի արժեքը։ Տեսեք՝ ի՜նչ միասնություն է, ինչպե՜ս են բոլոր մասերը համապատասխանում իրար։ Շենքերի ինչպիսի՜ գեղեցկություն, ինչպիսի ճաշակ և ընդհանուր առմամբ ինչպիսի՜ բազմազանություն, որն առաջ է գալիս ջրի և շինությունների խառնուրդից։ - Կոնստանտին Բատյուշկով, 1814[167] |
Ա․ Պուշկինը «Պղնձե հեծյալ»-ում (1833) Պետերբուրգի կերպարը ստեղծել է որպես մտահայեցողապես հորինված տարածք, Լուսավորության դարաշրջանի ռացիոնալիզմի պտուղ, որը վեր է հառնում ճահիճների վրա՝ միապետի ցանկությամբ և անհամար մարդկային կյանքերի գնով։ Գոգոլի «Պետերբուրգյան պատմվածքներ»-ում «ամեն ինչ թաց է, հարթ, հավասար, անգույն, մոխրագույն, մշուշոտ»․ հեղինակն իմպրեսիոնիստական երանգներով է նկարում կայսրության մայրաքաղաքը որպես «մարդու համար թշնամական սատանայական ուժերի գինարբուքի մի վայր, որի տակ միշտ շարժվում է երերուն հողը՝ սպառնալով ներս քաշել վսեմ, սակայն սառը շենքերը, անհոգի կառավարական դեպարտամենտները և դրանք լցնող բազում փոքր, դժբախտ պաշտոնյաներին» (Ս․ Վոլկով)[166]։
Բացի Գոգոլից Պետերբուրգի դեմ էին ոտքի ելել նաև Մոսկվայի նրա սլավյանոֆիլ ընկերները․ «Ինքդ քո մեջ ժողովրդականության լիարժեք զգացումն ազատագրելու առաջին պայմանը Պետերբուրգն ամբողջ սրտով և հոգով ատելն է»,- գրել է օրինակ Իվան Ակսակովը[168]։ Ցարական մայրաքաղաքի քարե մեծակույտերը, որոնք նախատեսված չեն հանդիսավոր գնացքների և եկամտաբեր տների լաբիրինթային կյանքի համար, անառողջ գոլորշացումների և հավիտենական մշուշի վարագույրի հետևում իրենց անեծքներն էին ուղարկում Նիկոլայ Նեկրասովի և Ֆեոդոր Դոստոևսկու հերոսները[166]։ Նրա «Դեռահասը» վեպի հերոսը պնդում է․
Այդ մշուշի մեջ ինձ հարյուր անգամ նույն տարօրինակ, սակայն կպչուն միտքն է պարուրում․ «Իսկ ի՞նչ կլինի, եթե այս մշուշը ցրվի և վերև բարձրանա։ Նրա հետ վերև չի՞ գնա արդյոք այդ ամբողջ հոտած, լպրծուն քաղաքը․ վերև կբարձրանա՞ մշուշի հետ և կանհետանա՞ ծխի նման և կմնա նախկին ֆիննական ճահի՞ճը, իսկ նրա մեջտեղում կմնա, երևի թե գեղեցկության համար, բրոնզե հեծյալը տաք շնչող, հալածված ձիու վրա։» |
Այդ սառցե հսկայից, ջրհեղեղից կամ հրդեհից անխուսափելի վախճանի վերաբերյալ կանխագուշակումներն իրենց հետագա զարգացումը գտան «արծաթե դարի» գրականության մեջ։ Միխայիլ Կուզմինի օրագրի գրառման համաձայն՝ Պետերբուրգի մտավորականները նայում էին «մութ ֆաբրիկաներին այնպիսի մռայլ և վախեցած հայացքով, ինչպես քաղաքային աշտարակից պահակներն են նայում քաղաքի պատերի մոտ կանգնած հոներին»[169]։ Հետազոտողները հիշատակման ենթակա են գտնում այն, թե ինչպես է Պետերբուրգը նկարագրել Պյոտր Չայկովսկին իր «Պիկովայա դամա»-ում[166]։ Մստիսլավ Դոբուժինսկու ուրվանկարներում, Ալեքսանդր Բլոկի քաղաքային բանաստեղծություններում և Անդրեյ Բելիի «Պետերբուրգ» վեպում ցույց է տրվում կայսրական մայրաքաղաքի դժոխային, անդրշիրիմյան աուրան։ Այս ստեղծագործություններն իրենց բնույթով ռեքվիեմ են, որտեղ Պետերբուրգը ցույց է տրվում որպես «մահվան դատապարտված, սակայն դեռ հրաշագեղ՝ մահից առաջ, խաբուսիկ գեղեցիկ» (Եվգենի Զամյատին)[170]։
Այսպիսի առասպելագործությունից Պետերբուրգի պաշտպանությամբ նեոկլասիցիզմի տեսանկյունից հանդես են եկել «Արվեստի աշխարհ»-ի նկարիչները՝ Ալեքսանդր Բենուայի գլխավորությամբ, որը գանգատվել է․ «Թվում է՝ չկա ամբողջ աշխարհում մի քաղաք, որը նույնքան քիչ համակրանք վայելեր, ինչ որ Սանկտ Պետերբուրգը»[168]։ 18-րդ դարի պատմության ջրանկարներում և լուսավորչական հոդվածներում («Գեղատեսիլ Պետերբուրգ», «Պետերբուրգի գեղեցկությունը» և այլն) Բենուան նշել է հին քաղաքի հերոսական կարգի և յուրօրինակ բանաստեղծական հրաշագեղության մասին․ «Ամբողջ Պետերբուրգում թագավորում է զարմանալիորեն խորը և հեքիաթային երաժշտականություն»[166]։ Այս հայրենաբաղձական մոտիվներն ավելի ուշ նկատվել են Աննա Ախմատովայի ստեղծագործություններում։ Մայրաքաղաքի Մոսկվա տեղափոխվելով (1918)՝ ռուսական մշակույթը մերկացնողից վերածվեց Նևայի վրա գտնվող քաղաքի «եղերամայր և պաշտպան», որը դեռ ոչ վաղ անցյալում անմարդկային էր թվում[166]։ Ախմատովայի «Ռեքվիեմ» պոեմում քաղաքը ներկայանում է որպես տառապյալ, քանի որ 20-րդ դարի կեսերին
Լենինգրադը դադարեց լինել կեղեքման և օտարման խորհրդանիշ՝ դառնալով ռուս հասարակության դարերից եկող հոգևոր արժեքների մարմնավորում, որոնք դատապարտված են ոչնչացման անգութ տոտալիտար ռեժիմի կողմից։ - Սոլոմոն Վոլկով[166] |
Սանկտ Պետերբուրգում գործում է 268 կրոնական միավորում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու (131 միավորում), Հոգեգալստականների (23 միավորում), Ավետարանչական-լյութերական եկեղեցու (19 միավորում), Ավետարանչական քրիստոնյաներ-բապտիստների (13 միավորում), ինչպես նաև հուդայական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու, բուդդայական, մուսուլմանական, Հայ առաքելական եկեղեցու, Հին ծիսակարգային եկեղեցու, բահաիի և այլն։
Կրոնական միավորումների սեփականությունն է կամ նրանց տնօրինության տակ է գտնվում 229 պաշտամունքային կառույց։ Դրանց թվում են դաշնային նշանակության հետևյալ ճարտարապետական հուշարձանները՝ Սուրբ Իսահակի տաճարը, Կազանի Աստվածամոր տաճարը, Սուրբ Սամփսոնի տաճարը, Սմոլնիի տաճարը, Պետրոպավլովսկի տաճարը, Նիկողայոսի ծովային տաճարը, Վլադիմիրի տաճարը, Սոֆիայի տաճարը, Ֆեոդորի տաճարը, Քրիստոսի արյան հարության տաճարը, Ալեքսանդր Նևսկու սուրբ երրորդության մայրավանքի տաճարը, ուղղափառ վանքերը՝ Ալեքսանդր Նևսկու մայրավանքը, Սուրբ Հովհաննեսի վանքը, Հարության Նովոդևիչիե վանքը, Սուրբ Կատարինե եկեղեցին, կաթոլիկ սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացու բազիլիկը, Սուրբ Անտոնիոս Հրաշագործի կաթոլիկ վանքը, Պողոս-Պետրոսի լյութերական եկեղեցին, Հոլանդական բարենորոգչական եկեղեցին, Տաճարային մզկիթը, Մեծ սինագոգը, Բուդդայական տաճարը և այլն։ Քաղաքում գործում են Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիան և Սանկտ Պետերբուրգի ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ճեմարանը և «Մարիա՝ առաքյալների թագուհի» բարձրագույն կաթոլիկ ճեմարանը։ Քաղաքում են գտնվում Ալեքսանդր Նևսկու, Յոհան Կրոնշտադսկու, Քսենիա Պետերբուրգցու մասունքները[171]։
Սանկտ Պետերբուրգում զարգացած է ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտը։ Քաղաքում կա 1649 մարզասրահ, 118 լողավազան, 18 դահուկային կայան, 17 արհեստական սառույցով, ծածկովի օբյեկտ, 13 մարզադաշտ՝ ավելի քան 1500 տեղով, 11 թիավարման կայան, 10 սպորտի պալատ, հեծանվավազքի ուղի[12]։ Դրանց թվում են «Կրեստովսկի»[172] և «Պետրովսկի» մարզադաշտները, «Հոբելյանական» սպորտի պալատը, Սառցե պալատը, Ձմեռային մարզադաշտը, «Պետերբուրգյան» մարզահամերգային համալիրը, Սիբուր Արենան, ՍԿԱ լողի ավազանը[12]։ Սպորտային մշակույթի կարևոր կենտրոն է Պ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանը։
Քաղաքում են տեղակայված հետևյալ պրոֆեսիոնալ ակումբները՝
Բորիս Շչերբակով-թատրոնի և կինոյի դերասան
Զառա-դերասանուհի, երգչուհի
Կոնստանտին Խաբենսկի-թատրոնի և կինոյի դերասան
Քսենիա Ռապոպորտ-կինոյի և թատրոնի դերասանուհի
Միխայիլ Բոյարսկի-թատրոնի և կինոյի դերասան, երգիչ, հեռուստահաղորդավար
Օքսանա Ակինշինա-դերասանուհի
Ալեքսանդր Ռոզենբաում-երգիչ, հեղինակ և կատարող
Ալեքսեյ Տայչեր-ձեռնարկատեր և ֆինանսիստ[174][175][176]
Դմիտրի Դոև-բարձրագույն օղակի ղեկավար[177]
ՌԴ երկրորդ քաղաքում բացվել են 50 օտարերկրյա հյուպատոսարաններ[178]։ Դրանք ոչ միայն մուտքի և ելքի թույլտվություն են տրամադրում ռուսաստանցիներին, այլև օգնում ֆիզիկական և իրավաբանական անձանց, նպաստում մշակութային և տնտեսական կապերի զարգացմանը։ Շատերը սպասարկում են Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ուրիշ մարզեր՝ Կարելիայի Հանրապետությանը, Մուրմանսկի, Արխանգելսկի, Նովգորոդի և այլ մարզերի բնակիչներին։
1990-2000-ական թվականների ընթացքում Սանկտ Պետերբուրգում սկիզբ դրվեց միջազգային սուբյեկտների հիմնադրմանը։ Հյուսիսային մայրաքաղաքում բացվել են հետևյալ հյուպատոսությունները՝
Սանկտ Պետերբուրգում հայերը սկսել են բնակվել քաղաքի հիմնադրումից (1703) ի վեր։ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում ունենալով նշանակալից դեր՝ Պետերբուրգը սկզբից ևեթ դեպի իրեն է ձգել մեծ թվով հայերի։ Քաղաքի հայ բնակչությունը հիմնականում կազմված է եղել վաճառականներից, արդյունաբերողներից, պետական պաշտոնյաներից և փոքր թվով ազնվականներից։ Նրանց ընդհանուր թվաքանակի մասին հավաստի տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ 18-րդ դարի վերջին եղել է շուրջ հարյուր տուն հայ[199]։
19-րդ դարում որոշակի թիվ է կազմել նաև հայ ուսանող երիտասարդությունը, որի շատ ներկայացուցիչներ մասնակցել են լուսավորական-դեմոկրատական և հեղափոխական շարժումներին։ Նախապես հայերը կենտրոնացած էին Վասիլևյան կղզում։ Շատ հայ վաճառականներ և արդյունաբերողներ քաղաքում հիմնեցին առևտրական գրասենյակներ, գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1758 թվականին նորջուղայեցի Իսախանյան եղբայրներն այստեղ հիմնել են Ռուսաստանում առաջին փայատիրական ընկերություններից մեկը՝ Իրանի հետ առևտրի համար։ 18-րդ դարի կեսին մետաքսագործական ֆաբրիկաներ են հիմնել Արտեմի Մանուիլովը, Բոգդան Ախվերդովը, Պետրոս Շիրվանովը, Մանուչարյան եղբայրները։ 1760-ական թվականների սկզբին առևտրական գրասենյակ է հիմնում Հ. Լազարյանը[199], որի ջանքերով 1770 թվականին կառուցվում է Ս. Կատարինե հայկական տաճարը Նևսկի պողոտայի վրա[200], իսկ 1791 թվականին՝ հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցին։ 1779 թվականին ստեղծվում է Պետերբուրգի և Մոսկվայի հայկական եկեղեցիների միացյալ հոգաբարձությունը։ Առաջին հոգաբարձու է ընտրվում Հ. Լազարյանը։
1781 թվականին Գ. Խալդարյանը հիմնում է հայկական տպարան (մինչև 1789), որտեղ հրատարակված առաջին գործն էր մայրենի լեզվի «Այբբենարանը»։ 19-րդ դարի քաղաքի հայկական գաղութի դերը մեծանում է՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում Ռուսաստանի դերի մեծացմանը զուգընթաց, մանավանդ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո։ Այս շրջանում Պետերբուրգի և Մոսկվայի հայկական շրջանները հանդես էին գալիս միասնաբար։ Հետագայում գաղութը ձեռք է բերում առավելապես մշակութային նշանակություն։ 19-20-րդ դարերում Պետերբուրգի հայ նշանավոր գործիչներից են եղել Ա. Խուդաբաշյանը, Կ. Եզյանը, Ք. Պատկանյանը, Ն. Ադոնցը, Հ. Օրբելին և ուրիշներ[199]։
Նիկողայոս Մառի ջանքերով 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Պետերբուրգի համալսարանը դառնում է կարևոր հայագիտական օջախներից մեկը[199]։
2003 թվականի տվյալներով Սանկա Պետերբուրգում ապրում է շուրջ 60 000 հայ[199]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.