Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սավվա Իվանովիչ Չևակինսկի (ռուս.՝ Савва Иванович Чевакинский, 1709[1] կամ 1713, գ. Վեշկի, Տվերի մարզ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1772 և ոչ ուշ քան 1780 կամ 1783, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ։ 18-րդ դարի կեսի ռուս, բարոկկոյի ներկայացուցիչ։
Սավվա Չևակինսկի | |
---|---|
Ի ծնե | Սավվա Իվանովիչ Չևակինսկի |
Ծնվել է | 1709[1] կամ 1713 |
Ծննդավայր | գ. Վեշկի, Տվերի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ոչ վաղ քան 1772 և ոչ ուշ քան 1780 կամ 1783 |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Ազգություն | Ռուսաստան |
Ոճ(եր) | Բարոկկո |
Գործունեություն | աշխատել է Լենինգրադում,Սանկտ Պետերբուրգում |
Կրթություն | Naval Guard Academy? |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Նիկոլայ ծովային տաճար |
Savva Chevakinsky Վիքիպահեստում |
1732-1738 թվականներին սովորել է Իվան Կորոբովի մոտ։ 1741-1767 թվականներին՝ Ծովակալության կոլեգիայի գլխավոր ճարտարապետ։ Աշակերտներից են Վասիլի Բաժենովը, Իվան Ստարովը։
Կառույցներից են՝ Պյոտր Շերեմետևի (1750-1755) և Իվան Շուվալովի (1753- 1755) պալատները, Նիկոլսկի ծովային տաճարը (1753-1762), Կունստկամերայի վերակառուցումը (1754-1758), «Նոր Հոլանդիա» պահեստները (1765-1780) Լենինգրադում։
Սավվա Չևակինսկին ծնվել է Տվերի նահանգի Նովոտորժսկի գավառի Վեշկի գյուղում ազնվական ընտանիքում։ 1729 թվականին աշխատանքի է նշանակվել Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ակադեմիայում, որտեղից էլ 1734 թվականին տեղափոխվել է Իզմաիլովսկի գունդ։ Ծովակալության կոլեգիայի պահանջով հեռացվել է (ակադեմիայից ինքնակամ հեռանալու համար) գնդից և ընդունվել Իվան Կորոբովի ճարտարապետական թիմ, որի ղեկավարությամբ աշխատել է յոթ տարի։ Իր բնակության համար սեփական տուն է կառուցել Գալերնայա փողոցի 58 հասցեում[2]։
1739 թվականից զբաղվել է ինքնուրույն ստեղծագործական գործունեությամբ։ 1741-1767 թվականներին եղել է ծովակալության կոլեգիայի գլխավոր ճարտարապետը, 1745-1760 թվականներին՝ Ցարսկոյե Սելոյի ճարտարապետը, ղեկավարել պալատական զբոսայգու համալիրի վերակառուցումը։ Այնտեղ Չևակինսկին իր նախագծով կառուցել է երկու մասնաշենք (եկեղեցու շենք և դահլիճ), որոնք պատկերասրահներով կապված են եղել Եկատերինյան պալատի կենտրոնական մասի հետ, չպահպանված «Մոնոբիժու» որսորդական տաղավարը, պալատի աշխատակիցների տները, մասնակցել է «Էրմիտաժ» տաղավարի կառուցմանը։ Որպես նավատորմի գլխավոր ճարտարապետ՝ Նոր Հոլանդիա կղզում կառուցել է պահեստներ նավատորմի փայտանյութը պահելու համար և պատրաստել Կրոնշտադտի կառուցապատման գլխավոր հատակագիծը։
Սանկտ Պետերբուրգում Չևակինսկու կառուցած ամենամեծ շինությունը Սուրբ Նիկոլսկի ծովային տաճարն է (1753-1762)՝ առանձին հարկաշարքերով զանգակատնով (1756-1758)։ Խոշոր ազնվականների պատվերով Չևակինսկին նախագծել է նաև երկու շքահանդեսային պալատ՝ Շերեմետևների առանձնատունը Ֆոնտանկայի վրա (1750-1755, Ֆեոդոր Արգունովի հետ միասին) և Իվան Շուվալովի տունը Մալիյ Սադովոյ և Իտալական փողոցների անկյունում (1749-1756)։ Միլիոննայա փողոցի վրա Պյոտր Շերեմետևի համար նրա կառուցած այսպես կոչված, Միլիոննիյ տունը չի պահպանվել։
1755-1758 թվականներին Չևակինսկին եղել է Գիտությունների ակադեմիայի ճարտարապետը։ Այդ տարիներին նրա մոտ ստաժավորում են անցել Վասիլի Բաժենովը և Իվան Ստարովը։ 1757-1758 թվականներին Չևակինսկու նախագծով Վասիլևսկի կղզում կառուցվել է Գիտությունների ակադեմիայի արհեստանոցների շենքը։ Այդ նպատակով Մեծ Նևայի ափին գտնվող երկուկիսակառույց շենքեր միավորվել են մեկ ամբողջական կառույցի մեջ։ Աշխատանքների ավարտից հետո նոր շենքում տեղակայվել են տառաձուլարանի, կազմարանի, գործիքային, ծանրաչափական և խառատագործական արտադրամասերը, ինչպես նաև տպարանն ու փորագրության արվեստանոցը։ Այդ շենքի ճակատի հարդարանքում բարոկկոյի տարրեր կան՝ հարթ և կոպտատաշ որմնասյուներ, ձևավոր շրջակալներ։ Միաժամանակ Չևակինսկու մասնակցությամբ վերակառուցվել է հրդեհից վնասված Կունստկամերայի աշտարակը։ 19-րդ դարի սկզբին Չևակինսկու նախագծով կառուցված ակադեմիական արհեստանոցների շենքը կրկին վերակառուցվել է և դարձել բնակելի շենք, որը Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ հայտնի է որպես Ակադեմիկոսների տուն[3][4]։
1767 թվականին՝ կլասիցիզմի դարաշրջանի սկիզբում, Չևակինսկին հրաժարական է տվել և տեղափոխվել իր կալվածք։ Դրանից հետո նրա մասին տեղեկությունները գործնականում բացակայում են։
Չևակինսկին թաղվել է Վիդրոպուժսկ գյուղի (Տվերի մարզի Սպիրովսկի շրջան) ընտանեկան դամբարանում 1779 թվականին, Սմոլենսկի (Վիդրոպուժսկի) Աստվածամոր տաճարի կողքին, որն ինքն է կառուցել։
Ճակատային գծերը կլորացնելու համար Չևակինսկին գերադասել է շենքերի դուրս ցցված անկյունները զարդարել երեք սյուների ճառագայթներով, որոնցից միջինը սովորաբար դուրս է բերվել հենց անկյուն։ Այս տեխնիկան, ենթադրաբար, նա վերցրել է հին ռուսական ճարտարապետությունից։ Ինչպես ելիզավետյան դարաշրջանի մյուս ճարտարապետները, Չևակինսկին առատաձեռնորեն օգտագործել է քանդակագործական հարդարանքը ճակատների ձևավորման համար։ Չևակինսկու պաշտամունքային շինությունները (այդ թվում Սուրբ Իսահակի տաճարի և Պետրոպավլովյան տաճարների վերակառուցման մրցույթային նախագծերը) առանձնանում են դարբնագործական պատշգամբներով և այդ ժամանակվա պալատական շինությունների համալիրից փոխառված բուսական նախշերով զարդարված բարձակներով։
Բացի Սանկտ Պետերբուրգի և Ցարսկոյե Սելոյի շենքերից, Չևակինսկուն են վերագրվում նաև որոշ գավառական տաճարներ, որոնք այժմ ավերված են, օրինակ՝ Դիլիցի Տրուբեցկոների կալվածքի եկեղեցին և Բոլոգովսկի շրջանի Խոտիլովո գյուղի Միքայել Հրեշտակապետի եկեղեցին կայսերական ճամփորդական պալատում (1764-1767)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.