Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Տավրիկյան պալատ (ռուս.՝ Таври́ческий дворе́ц), իշխան Գրիգորի Պոտյոմկինի պետերբուրգյան նստավայրը։ Կառուցված է կլասիցիզմի ոճով 1783-1789 թվականների ընթացքում ճարտարապետ Իվան Ստարովի նախագծով։
Տավրիկյան պալատ | |
---|---|
Երկիր` | Ռուսաստան |
Ճարտարապետական ոճ` | նեոդասական ճարտարապետություն |
Ճարտարապետ` | Իվան Ստարով |
Պալատը գտնվում է Շպալերնոե փողոցում` Պոտյոմկինի և Տավրիկյան փողոցների միջև։
21-րդ դարում պալատը ԱՊՀ Միջխորհրդարանային համաժողովների գրասենյակն է։ Այնտեղ է գործում նաև Օրենսդիրների խորհուրդը` ՌԴ Խորհրդարանի երկու պալատների խորհրդակցկան հատուկ մարմինը։ Բացի այդ` շենքում է տեղակայված նաև «Միր» («Мир») հեռուստաընկերության պետերբուրգյան մասնաճյուղը։
Տավրիկյան պալատի անվանումից են առաջացել Տավրիկյան այգի, Տավրիկյան փողոց, Տավրիկյան խճուղի անվանումները։
Պալատական համալիրի խորքում տեղակայված է կենտրոնական երկհարկ շինությունը` ոչ բարձր թմբուկի վրա հարթ գմբեթով։ Շինությունը փողոցից առանձնացված է ոչ բարձր ցանկապատով։ Հարթ պատերն ունեն բարձր պատուհաններ, որոնք ավարտվում են անտաբլեմենտով` քիվերին զարդապատկերներով։ Գլխավոր շենքին հարում է ընդարձակ շքաբակը։
Առաջին անգամ Տավրիկյան պալատը բացվել է Նևայի մոտ, որից դուրս էր գալիս ջրանցք` ծովախորշի մոտ ավարտվող։ Ճարտարապետական այս հեռանկարը ջրաճնշումային աշտարակի դիմաց գոյություն է ունեցել մինչև 1858-1863 թվականների կառույցը։
Տավրիկյան պալատի ճարտարապետական համալիրի մեջ մտնում են նաև 1793-1794 թվականներին Վ. Գուլդի հիմնած պալատական այգին։ Կենտրոնական շենքի ճակատային մասը առանձնանում է դորիական սյունասրահով, իսկ այգու ճակատային մասը` կլորավուն պատշգամբներով ռոտոնդայով։ Երկու ոչ մեծ կողաշենքերն ունեն գմբեթաձև աշտարակներ։
1783-1800 թվականներին պալատի հետին մասում Վ. Գուլդի նախագծով հիմնվել է Տավրիկյան այգին։
Ճակատային մասի պարզությունն ու համեստությունը հակադրվում է ներքին հարդարանքի շքեղությանը։ Գլխավոր նախասրահի մոտ շքեղորեն զարդարված ռոտոնդան է` Ճերմակասյուն սրահին միացված լայն միջանցքով, որի կրկնակի բաց սյունասրահների առաջ գտնվում է ձմեռային այգին։ Հանդիսությունների սրահները` Պատկերասրահ, Գոբելենային հյուրասենյակ, Չինական սրահ, մասամբ պահպանել են գեղարվեստական հորինվածքը (պատերի բազմագույն նկարազարդում, բուխարիներ, ձևավոր վառարաններ)։
Տավրիկյան պալատը կառուցվել է Եկատերինա II-ի հրամանով իր սիրելի իշխան Գրիգորի Պոտյոմկինի համար։ Պալատի կառուցման համար ծախսվել է 400.000 ռուբլի ոսկով։ Պալատն իր անունը ստացել է իշխանին տրված Տավրիկյան պատվանունից, որը իշխանին տրվել էր 1787 թվականին Ղրիմը (Տավրիդներ)` Ռուսական կայսրությանը միացնելու պատվին։ Պալատի զարդարանքներից մեկն է եղել Վեներայի անտիկ արձանը, որը Ռուսաստան էր բերվել Պետրոս I-ի օրոք։
Զբաղվելով Նովոռուսիայի կառավարմամբ (Ռուսաստանի պատմամշակութային մարզ)` Պոտյոմկինը այդքան էլ հաճախ չէր լինում պալատում։ Կյանքի վերջին տարում` 1791 թվականին, նա վերադառնում է, որպեսզի նվաճի կայսրուհու սիրտը, ով տարված էր երիտասարդ Պլատոն Զուբովով։ Տավրիկյան պալատում կազմակերպվում է աննախադեպ շքեղ հանդիսություն։
Ամբողջ շքեղությունը, որ սովորական էր իշխանի համար, ամբողջ կախարդանքը, որով նա շրջապատել էր իրեն, դրսևորվել էին այդ օրը։ Եկատերինա II-ը ընդունվեց որ թե իբրև տիրուհի, այլ աստվածուհի։ Գոբելենների ընտիր կտորները ներկայացնում էին Եսթերի պատմությունները , իսկ Գավրիլ Դերժավինի բանաստեղծությունները մեկնաբանում էին այդ նկարները։ Զուր ջանքեր... Հաջորդ օրը Եկատերինան այնպես պահեց իրեն, կարծես կախարդական տոնակատարությունը հրաժեշտի երեկո էր։ - Կազիմիր Վալիշևսկի |
Պոտյոմկինի մահից հետո Պոտյոմկինի երկու ծառայակիցները` Գարնովսկին ու Գրիբովսկին, անտիրական պալատից տանում են քանդակներ, նկարներ, կահույք, նույնիսկ շինանյութ։ Իմանալով այդ մասին` ժառանգորդները ոստիկանության միջոցով կասեցնում են գույքի թալանը։
Եկատերինան կարգադրում է նախկին սիրեցյալի նստավայրը վերադարձնել տերությանը։ Իր կյանքի վերջին տարիներին նա սիրում էր այստեղ անցկացնել։ 1793-94 թվականներին արևելյան մասնաշենքում ձևավորվում է թատերական սրահ, իսկ արևմտյան թևում` տնային եկեղեցի։
1797 թվականին Պավել I-ի հրամանով Գարնովսկու ու Գրիբովսկու նկատմամբ գործ է հարուցվում դատարանում։ Պալատի իրերը տեղափոխվում են Միխայլովյան ամրոց, իսկ պալատը տրվում է հեծյալների գվարդիային որպես զորանոց։
Պավել I- մահից հետո 1801 թվականի Տավրիկյան պալատը վերականգնվել է որպես կայերական նստավայր։ Վերականգնողական աշխատանքներում ներգրավված էին Լուիջի Ռուսկան, Կարլ Ռոսսին. Վասիլի Ստասովը։
19-րդ դարի կեսին և վերջին պալատը խիստ որոշակի նշանակություն չի ունեցել։ Երբեմն այնտեղ ապրել են կայսերական ընտանիքի որոշ անդամներ։ Ժամանակ առ ժամանակ այստեղ են տեղավորվել ռուս կայսրին հյուրընկալված նշանավոր մարդիկ։ Այսպես, 1826 թվականին Մարիա Ֆեոդորավնան այստեղ ապրելու է հրավիրել պալատական պատմագիր Նիկոլայ Կարամզինին, որտեղ էլ և նա մահացել է։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Տավրիկյան պալատում կազմակերպվել են տարաբնույթ հանդիսություններ, պարահանդեսներ։ Օրինակ` 1905 թվականին կազմակերպվել է հին դիմանկարների ցուցահանդես, որի արդյունքում իրականացվել է բազմահատոր տպագրություն։
1906-1910 թվականներին պալատի ինտերիերը փոփոխվել է` այնտեղ Պետական դումայի հաստատման առիթով (ճարտարապետ` Պ. Շեստով)։
Փետրվարյան հեղափոխության սկզբին Տավրիկյան պալատում է տեղակայվել Պետական դումայի ժամանակավոր կոմիտեն, իսկ հետո նաև Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը (մինչև 1917 թվականի հուլիս)։
1918 թվականի հունվարի 5-ին (18) Տավրիկյան պալատում է հավաքվել Ռուսաստանի Սահմանադիր ժողովը։
Պալատական համալիրը 1914 թվականին | Պետական դումայի նիստերի սրահ | Պետրոգրադի խորհրդի նիստ |
1918 թվականի հունվարին Տավրիկյան պալատում է անցկացվել Խորհուրդների համառուսաստանյան երրորդ համաժողովը, 1918 թվականը մարտին` յոթերորդ համագումարը, իսկ 1920 թվականին՝ Կոմինտերնի երկրորդ համաժողովը։ 1918 թվականին Տավրիկյան պալատի անունը վերափոխվում է Ուրիցկու պալատի` ի պատիվ Մոիսեյ Ուրիցկու, սակայն այդ անվանումը լայն կիրառում չի գտնում։ 1930-ական թվականներին Տավրիկյան պալատում է տեղավորվում Համամիութենական գյուղատնտեսական համալսարանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Տավրիկյան պալատը վերականգնվել է։ Մինչև 1990 թվականը այնտեղ է հաստատվել Լենինգրադի բարձրագույն կուսակցական դպրոցը (ճարտարապետ` Ի. Կապցյուգ)։
Հետխորհրդային շրջանում Տավրիկյան պալատը տրվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանային համաժողովների ենթակայությանը[1]։ Պալատում են կայացել Պետական դումայի և Անվտանգության խորհրդի արտագնա մի քանի նիստեր[2][3][4]։
2010 թվականի փետրվարին Տավրիկյան պալատում տրվել է «Պոտյոմկինյան երեկոներ» ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում կազմակերպվում են հնագույն երաժշտության կանոնավոր համերգներ լավագույն երաժիշտների կատարմամբ։ Այստեղ հնչում է եվրոպական բարոկկոյի և կլասիցիզմի երաժշտություն, ինչպես նաև 18-րդ դարի ռուսական երաժշտություն, որն արդեն մոռացության է տրվել։ Նախագիծը կազմակերպվել է «Տավրիկյան կապելլայի» մասնակցությամբ։ Այս համերգների ժամանակ կարելի է լսել Եկատերինա Մեծի մեներգիչներ, Musica Petropolitana, Prattica Terza համույթների երաժիշտներին[5]։ 2011 թվականի սկզբին Գմբեթային սրահում տեղադրվել է երգեհոն, որ պատրաստվել է Բարսելոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.