ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Մստիսլավ Վալերիանովիչ Դոբուժինսկի (լիտ.՝ Mstislavas Dobužinskis, օգոստոսի 2 (14), 1875[1][2], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 20, 1957[1][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ռուս և լիտվացի նկարիչ, քաղաքային բնանկարի վարպետ, «Միր իսկուստվա» ստեղծագործական միավորման անդամ, գեղարվեստի քննադատ, հուշագիր։
Մստիսլավ Դոբուժինսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2 (14), 1875[1][2] |
Ծննդավայր | Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 1957[1][4][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լիտվա |
Կրթություն | Վիլնայի Տրուտնևի անվան նկարչական դպրոց և Արվեստների խրախուսման կայսերական ընկերության նկարչական դպրոց (1887) |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գծանկարիչ և exlibrist |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Անտոն Աժբե և Շիմոն Հոլոշի |
Աշակերտներ | Սողոմոն Յուդովին և Նիկոլայ Ակիմով |
Հայր | Վալերիան Դոբուժինսկի[6] |
Զավակներ | Ռոստիսլավ Դոբուժինսկի և Vsevolodas Dobužinskis? |
Կայք | dobuzhinsky.com/memoirs/ |
Mstislav Dobuzhinsky Վիքիպահեստում |
Ծնվել է 1875 թվականի օգոստոսի 2-ին (14) Նովգորոդում։ Գեներալ-լեյտենանտ Վալերիան Պետրովիչ Դոբուժինսկու որդին է, ծագումով՝ հին լիտվական ընտանիքից։ Որդու ծնվելուց հետո ծնողները բաժանվել են, երբ մայրը՝ նկարչուհի, երգչուհին, լքել է ընտանիքը։ Գեներալին խորթ չի եղել արվեստը, սիրել է թատրոն և երաժշտություն, հաճախել է ցուցահանդեսների և ինքն էլ պարբերաբար նկարել է[7]։ Հայրը զբաղվել է որդու դաստիարակությամբ, որն իր ողջ մանկությունը բաժանել է սիրող ծնողների միջև՝ հերթով ապրելով մեկի կամ մյուսի հետ։ Մանկության տարիներին նա հոր հետ ապրել է Քիշնևում երեք տարի, որտեղ ընդունվել է 2-րդ քաղաքային գիմնազիայի երկրորդ դասարան[8]։ 9 տարեկանում առաջին անգամ եղել է Վիլնայում (Վիլնյուս)։ 1889-1895 թվականներին սովորել է Վիլնայի 2-րդ գիմնազիայում, այնուհետև՝ Պետերբուրգում՝ Արվեստների խրախուսման կայսերական ընկերության նկարչական դպրոցում (1885-1887), Անտոն Աժբեի դպրոցում (Մյունխեն, 1899–1901) և Շիմոն Հոլոշիի մոտ (Նադբանյա, Հունգարիա)։ 1901 թվականին Վասիլի Մատեի ղեկավարությամբ սովորել է փորագրություն։
1902 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է Արվեստի աշխարհ միավորման անդամ։ 1906 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Ելիզավետա Զվանցևայի արվեստի դպրոց-ստուդիայում։ Նա առաջիններից է, ով գնահատել է լիտվացի նկարիչ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի տաղանդը։
Խորհրդային իշխանության առաջին տարիներին նկարիչը ակտիվորեն աշխատել է՝ մասնակցելով Պետրոգրադի փողոցային տոնակատարությունների ձևավորմանը և զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ․ եղել է բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդին առընթեր արվեստի հանձնաժողովի անդամ, Դեկորատիվ արվեստի պետական աշխատանքային արվեստանոցների անդամ, արվեստի գործերով հատուկ խորհրդի քարտուղար։ 1918 թվականի հոկտեմբերին ընտրվել է Էրմիտաժի գիտական թանգարանապահ։ Դոբուժինսկին մասնակցել է Վիտեբսկի գեղարվեստա-գործնական ինստիտուտի, Վիտեբսկի գեղարվեստի թանգարանի, Հին Վիտեբսկի սրբապատկերների թանգարանի, Պետրոգրադի արվեստի տան կազմակերպմանը և դարձել Բոլշոյի Օպերային մեծ թատրոնի գեղարվեստական մասի ղեկավար։ 1923-1924 թվականներին շատ է ճանապարհորդել՝ այցելելով Կաունաս, Բեռլին, Փարիզ, Ամստերդամ, Կոպենհագեն։ Փարիզում անցկացվել են նրա անհատական ցուցահանդեսները[9]։
Տարիների ընթացքում Դոբուժինսկու նկարազարդումներով տպագրվել են բավականին շատ հրատարակություններ՝ Ալեքսանդր Պուշկինի «Կայարանապետը» (1905), Միխայիլ Լերմոնտովի «Գանձապահը» (1913), Միխայիլ Կուզմինի «Նոր Պլուտարքոս» (1918), Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը» (1919), Ֆեոդոր Դոստոևսկու «Սպիտակ գիշերներ» (1921), Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզան» (1921), Նիկոլայ Լեսկովի «Հիմար նկարիչը» (1921) և այլն։ Նա նաև հաջողությամբ ձևավորել է գրքեր երեխաների համար՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Խոզապահը» (1917), Ն. Պավլովայի «Զվարճալի այբուբեն» (1924), Օսիպ Մանդելշտամի «Պրիմուսը» (1924)։ 1921 թվականին նկարիչը ստեղծել է «Պետերբուրգը 1921 թվականին» վիմագրությունների շարքը[9]։
1924 թվականին Յուրգիս Բալթրուշայտիսի աջակությամբ նկարիչն ընդունել է Լիտվայի քաղաքացիությունը և ընդմիշտ հեռացել ԽՍՀՄ-ից։
Որոշ ժամանակ ապրել է Ռիգայում, 1926 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1926-1929 թվականներին աշխատել է Նիկիտա Բալիևի «Չղջիկ» թատրոնում ներկայացումների ձևավորման վրա, Էմիլ Զոլայի «Երկիր» վեպի հիման վրա «Պտղաբերություն» ֆիլմի գեղարվեստական ձևավորման վրա (Փարիզյան «Central Cinema» ընկերության համար), մասնակցել «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսի կազմակերպմանը (1927), դասավանդել Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոցում, որը հիմնադրել է Ն. Վ. Գլոբան։ «Պլեյադա» հրատարակչությունից առաջարկ է ստացել շարունակել «Սպիտակ գիշերները» վիմագրությունը, սակայն նախագիծն այդպես էլ չի իրականացվել։ 1929 թվականին թողարկվել է «Բիարրից, Շիբերտա։ Գոլֆ և ամառանոցներ» (Biarritz, Chiberta. Le golf les villas) ալբոմը, որի համար նկարիչը ստեղծել է շապիկ, կրկնաթերթ, երկու նկարազարդում, հինգ գլխազարդ և քսան գրաֆիկական շրջանակ։ Վլ. Նարբուտի առաջարկությամբ «Երկիր և ֆաբրիկա» հրատարակչության համար նկարազարդումներ է կատարել Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» գրքի համար (1928)[9]։
1929-1935 թվականներին ապրել է Լիտվայում՝ Կաունասում։ Դասավանդել է Կաունասի գեղարվեստի դպրոցում, իսկ 1931 թվականի հունվարին դարձել է Լիտվայի պետական թատրոնի գլխավոր նկարիչը և ստեղծել 38 պիեսների բեմանկարչություններ։ Այստեղ բացել է գեղարվեստի մասնավոր դպրոց (1930-1933)։
1938 թվականին Միխայիլ Չեխովից հրավեր է ստացել մասնակցելու Ֆեոդոր Դոստոևսկու «Դևեր» վեպի հիման վրա «Մոլագարներ» պիեսի բեմադրությանը, որի վրա աշխատել է Անգլիայում 1939 թվականի գարնանը։ Նույն թվականի հուլիսին Դոբուժինսկին մեկնել է ԱՄՆ՝ շարունակելու աշխատանքը Միխայիլ Չեխովի թատրոն-ստուդիայում։ Ապրել է Նյու Յորքում, նաև նկարազարդել է ներկայացումներ Մետրոպոլիտեն օպերայի, ամերիկյան և եվրոպական այլ թատրոնների համար, ինչպես նաև աշխատել կինոյում։ Նկարազարդել է գրքեր՝ Միխայիլ Լերմոնտովի «Պոեմներ» (1941, չհրատարակված), Ն. Ս. Լեսկովի «Ձախլիկը» (The Steel Flea) (1943), Ալեքսանդր Պուշկինի «Կոմս Նուլին» (1943, չհրատարակված), Իվան Բունինի «Գիշերային պանդոկը» (1946), «Ասք Իգորի ճակատամարտի մասին» (1950)։ Ստեղծել է պաշարված Լենինգրադի երևակայական բնապատկերների շարքը (1943)։
Նկարիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Եվրոպայում, երկար ժամանակ ապրել է Փարիզում, Հռոմում, Լոնդոնում, ճանապարհորդել է Իտալիայում։ Մահվանից որոշ ժամանակ առաջ վերադարձել է ԱՄՆ[9]։ Մստիսլավ Վալերյանովիչը մինչև կյանքի վերջ բնակվել է ԱՄՆ-ում՝ շփվելով հիմնականում ռուս էմիգրանտների հետ[7]։
Մստիսլավ Դոբուժինսկին իր վերջին հարցազրույցը տվել է մահից երկու օր առաջ՝ 1957 թվականի նոյեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բորիս Օրշանսկուն[10]։
Մահացել է 1957 թվականի նոյեմբերի 20-ին, Նյու Յորքում իր կրտսեր որդու՝ Վսեվոլոդի տանը։ Թաղվել է Փարիզի Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատանը[9]։
Իր ստեղծագործական ուղու սկզբում (1902-1905) Դոբուժինսկին եղել է յուգենդ ոճի և արծաթե դարի ամենահայտնի արվեստագետների՝ Ալեքսանդր Բենուայի և Կոնստանտին Սոմովի ազդեցության տակ։ Իր ոճով Դոբուժինսկին մոտ է սիմվոլիստներին։
Իր իսկ խոսքերով, իր սիրելի քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, որպես նկարիչ, իրեն հետաքրքրել են ոչ այնքան ընդհանուր առմամբ հանրաճանաչ գեղեցկությունները, որքան «ներքևի» մանրամասները՝ անկյունները, բակերը և համանման այլ վայրերը։
Աշխատել է հաստոցային և գրքային գրաֆիկայի բնագավառում (ձևավորել է «Արվեստի աշխարհ», «Ոսկե գեղմ», «Ապոլոն» ամսագրերը), «Արվեստի աշխարհի» մյուս անդամների նման նկարել է պատմական կտավներ («Պետրոս Մեծը Հոլանդիայում»)։ Ձևավորել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թատերական ներկայացումները (Իվան Տուրգենևի «Մի ամիս գյուղում», 1909, «Նիկոլայ Ստավրոգին», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու, 1913), Փոքր թատրոնի ներկայացումները (Անատոլի Լունաչարսկու «Օլիվեր Կրոմվել», 1921), Սերգեյ Դյագիլևի մասնավոր թատերական ձեռնարկությունների և այլ երկայացումներ։
Կինը (1899 թվականից)՝ Ելիզավետա Օսիպովնա Վոլկենշտեյնը (26 հուլիսի, 1876 -12 հոկտեմբերի, 1965)[11], տոհմական պատվավոր քաղաքացի, Ռոստովի Առևտրական բանկի կառավարիչ[12], հրեական համայնքի ղեկավարներից մեկի, Ռոստովի քաղաքային Դումայում նրա ներկայացուցիչ Յոզեֆ Ֆիշելևիչ (Օսիպ Ֆիլիպովիչ) Վոլկենշտեյնի (1834-?) դուստրն էր[13][14], հայտնի փաստաբաններ և Անտոն Չեխովի գիմնազիայի ընկերներ՝ Միխայիլ Ֆիլիպովիչ (Մոյսեյ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնի (1859–1934) և Լև Ֆիլիպովիչ (Իսահակ-Լեյբ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնի (1858-1935) եղբոր աղջիկը, դրամատուրգ Վլադիմիր Վոլկենշտեյնի, փաստաբան Ֆեոդոր Վոլկենշտեյնի և հրապարակախոս Օլգա Վոլկենշտեյնի հորեղբոր աղջիկը։
Եղել է Փարիզի մասոնական «Յուպիտեր» թիվ 536 օթյակի (Ֆրանսիայի մեծ ժողովարան) անդամ։ 1927 թվականի հոկտեմբերի 20-ին ձեռնադրվել է աշակերտ, 1928 թվականի հունիսի 21-ին բարձրացվել է ենթավարպետի աստիճանի, 1929 թվականի հունվարի 17-ին բարձրացվել է վարպետի աստիճանի։ Օթյակի անդամ է մնացել մինչև 1938 թվականը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.