հայ հայագետ, լեզվաբան, արևելագետ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Քերովբե Պետրոսի Պատկանյան (մայիսի 4 (16), 1833, Նոր Նախիջևան, Novorossiysk Governorate, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 2 (14), 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայ արևելագետ, լեզվաբան-հայագետ, գրող։
Քերովբե Պատկանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4 (16), 1833 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Novorossiysk Governorate, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 2 (14), 1889 (55 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1849)[2], Դորպատի կայսերական համալսարան և Գլխավոր մանկավարժական ինստիտուտ (1858)[2] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2] (1864) |
Մասնագիտություն | արևելագետ, աղբյուրագետ, բանասեր և պատմաբան |
Աշխատավայր | Անդրկովկասի օրիորդտց ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[2] |
Ծնողներ | հայր՝ Petr Patkanov?, մայր՝ ? Alamdaryan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Սերովբէ Պատկանով |
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ Եղել է բանաստեղծ, մանկավարժ, եկեղեցական գործիչ Հարություն Ալամդարյանի թոռը (մոր կողմից)։ Սկզբնական կրթությունն ստացել է Ստավրոպոլի հայկական դպրոցում։ 1849թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը՝ աշակերտելով ականավոր հայագետ Մկրտիչ Էմինին, 1858թ.՝ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ 1861թ-ից գլխավորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական լեզուների ամբիոնը, որտեղ նրա շնորհիվ հայ բանասիրությունը դարձել է համակողմանի ուսումնասիրության առարկա, ձևավորվել հայագիտության պետերբուրգյան դպրոցը (Ն.Մառ, Ն.Ադոնց, Հ.Օրբելի, Ա.Գրեն, Քր.Հովհաննիսյան, Կ.Կուսիկյան, Կ.Կարապետյան և ուրիշներ)։ 1872թ-ից վարելով նաև Պետերբուրգի գրաքննչական ատյանի հայերեն հրատարակությունների գրաքննչի պաշտոնը՝ դրական դեր է խաղացել հայկական մամուլի, գիտության ու գեղարվեստական գրականության հրատարակման գործում։ Մանկավարժական գործունեությանը զուգընթաց, զբաղվել է գիտական աշխատանքներով։ Եղել է Վաղարշապատում, Թիֆլիսում, Վիեննայում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում, Մյունխենում, ծանոթացել հայկական ձեռագրերին, գիտական-գործնական կապեր հաստատել հայ և օտար արևելագետների հետ։ Ուսումնասիրել և հրատարակել է հայ միջնադարյան մի շարք պատմագիրների (Սեբեոս, Անանիա Շիրակացի, Թովմա Արծրունի, Մխիթար Անեցի, Մխիթար Այրիվանեցի, Մաղաքիա Աբեղա և ուրիշներ) երկերը։ Ռուսերեն թարգմանել և հրատարակել է Մովսես Կաղանկատվացու (1861թ.), Սեբեոսի (1862թ.), Ղևոնդ Երեցի (1862թ.), Մխիթար Այրիվանեցու (1869թ.), Գիլանենցի (1870թ.), Մաղաքիա Աբեղայի (1871թ.), Թովմա Արծրունու (1887թ.) երկերը, Մովսես Խորենացուն վերագրվող հայկական Աշխարհացույցը (1877թ., հայերեն բնագրով հանդերձ)։ Հավաքել, ռուսերեն թարգմանել և հրատարակել է հայ պատմիչների տեղեկությունները մոնղոլների մասին («Մոնղոլների պատմությունն ըստ հայկական աղբյուրների», հ.1-2, 1873-74թթ)։ Նրա թարգմանություններին բնորոշ է հարազատությունը բնագրին, գիտական բարձր մակարդակը, դրանք ուղեկցվում են լրացուցիչ փաստերով, մեկնաբանություններով ու ծանոթագրություններով։ Հայ պատմիչների թարգմանությունը համարելով միայն քաջահմուտ հայկաբանների գործը՝ իր մի շարք գրախոսություններում դատապարտել է «սիրողական մակարդակի» թարգմանությունները։ «Սասանյան արքայատան պատմության փորձ ըստ հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների» (1863թ., ռուսերեն), «Դեպի Հնդկաստանի ափերը Թգլատպալասարի կարծեցյալ արշավանքի մասին» (1879թ., ռուսերեն) և այլ աշխատություններում ճշգրտել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների հին և միջնադարյան պատմության մի շարք սկզբունքային հարցեր։ «Մի քանի խոսք հին հայկական ամսանունների մասին» (1871թ., ռուսերեն) աշխատությամբ արժեքավորել է հին հայկական օրացույցը։ Զբաղվել է Հայաստանում հայտնաբերված սեպաձև արձանագրությունների վերծանմամբ ու մեկնաբանմամբ, սեպագրերում պահպանված մի շարք տեղանունների ու ցեղանունների պարզաբանումով։ Արևելագետների միջազգային կոնգրեսներում (1873թ.՝ Փարիզում, 1874թ.՝ Լոնդոնում) ներկայացնելով ռուսական արևելագիտության նվաճումները՝ ընդգծել է հատկապես սեպաձև արձանագրությունների կարևորությունը Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման գործում։ Նրա «Վանի արձանագրությունները և դրանց նշանակությունը Առաջավոր Ասիայի պատմության համար» (1881թ., ռուսերեն), «Ռուսաստանի սահմաններում հայտնաբերված Վանի համակարգի սեպաձև արձանագրությունների մասին» (1882-83թթ, ռուսերեն) և այլ աշխատություններ կարևոր ներդրում են Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման գործում։ «Հետազոտություն հայոց լեզվի կազմության մասին» (1864թ., ռուսերեն) դոկտորական դիսերտացիայում, պատմահամեմատական լեզվաբանության նվաճումների հիման վրա, բնութագրել է հայոց լեզվի դերը, անդրադարձել հին հայերենի ծագման, զարգացման և մի շարք այլ հարցերի։ Գրաբարը համարել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի հինավուրց խոսակցական լեզուն, իսկ հայոց պետականության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 6-ից մ.թ. 5-րդ դդ)՝ հայ ժողովրդի պաշտոնական կամ ընդհանրական, այնուհետև (5-19-րդ դդ)՝ գրոց (կրոնի, կրթության, գիտության) լեզուն։ Հայերենի բարբառների գիտական ուսումնասիրման մեջ արժեքավոր ավանդ է նրա «Հետազոտություն հայոց լեզվի բարբառների մասին» (1869թ., ռուսերեն) աշխատությունը, որի համար հայագետ Հ.Տաշյանը նրան անվանել է «հայ բարբառագիտության հայր»։ Իր այդ գրքերում հեղինակը զետեղել է Մշո, Խոյի, Ագուլիսի, Ջուղայի, Արցախի բարբառներով գրի առնված պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ։ Հայերենի բարբառները դիտել է որպես Հայաստանի հնագույն ցեղային լեզուների ժառանգներ։ Նրա համոզմամբ՝ մինչև 19-րդ դարի գրաբարը նոր զարգացում չի ապրել և մնացել է քերականական նույն կաղապարի մեջ, ինչին հանդիպում ենք 4-5-րդ դարերում։ Նա գտնում էր, որ 5-19-րդ դարերի գրաբարը չի եղել հայ ժողովրդի կենդանի ու առօրյա խոսակցական լեզուն։ Նրա «Հայոց լեզվի զբաղեցրած տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1879թ., ռուսերեն) աշխատությունը նոր քայլ էր հնդեվրոպական լեզուների համակարգում հայերենի տեղի հարցը լուսաբանելու ուղղությամբ։ Քննելով հայերենի բառապաշարը և այն համեմատելով զանազան լեզուների հետ՝ եզրակացրել է, որ հայերենը իրանական և սլավոնալիտվական լեզուների միջև ընկած մի անհայտ հնդեվրոպական լեզվախմբի (թերևս՝ փոքրասիական) ինքնուրույն ներկայացուցիչ է։ Արևելագետը նյութեր է հավաքել հայերենի բացատրական, ինչպես նաև հայոց անձնանունների բառարաններ հրատարակելու համար («Նյութեր հայերեն բառարանի համար», մաս 1-2, 1882-84թթ), սակայն այդ գործը մնացել է անավարտ։ Նա արժեքավոր աշխատություններ է գրել նաև միջնադարյան հայ մատենագիրների ու նրանց երկերի մասին («Ցուցակ հայ գրականության, 4-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսը», 1860թ., ֆրանսերեն, «Հայոց պատմական գրականության մատենագիտական ակնարկ», 1880թ., ռուսերեն, «Նշխարք մատենագրության հայոց», 1884թ.)։ Իր մի շարք հոդվածներում պայքարել է հայոց լեզվի անաղարտության, ինչպես նաև անհարկի մաքրամոլության դեմ։ Բազմիցս ընտրվել է միջազգային զանազան գիտական ընկերությունների անդամ։ Եղել է բանասիրական գիտությունների դոկտոր (1864թ.), Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1871թ.), Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ (1885թ.)։ թսուն պատմիչների՝ Եվսեբիոսից սկսած մինչև Չամչյան։ Ոչ ծավալուն, սակայն բավական արժեքավոր է 1884թ. գրված «Խորենացու ժամանակագրությունը» հոդվածը։ Պատկանյանը զբաղվեց նաև Խորենացուն վերագրվող՝ նշանավոր «Աշխարհացոյցի» թարգմանությամբ և նրա մեկնաբանումով։ Գիրքը հրատարակվեց 1877թ.՝ «Յոթերորդ դարի հայոց աշխարհագրությունը, որը վերագրվում է Մովսես Խորենացուն» խորագրով։ Հայագետն այստեւլ հատուկ նշում է «Աշխարհացոյցի» կարևորությունը Առաջավոր Ասիայի շատ ժոդովուրդների պատմության համար։ Իհարկե, Պատկանյանից առաջ, «Աշխարհացոյցը» արդեն թարգմանվել էր լատիներեն (Լոնդոն, 1736թ.), ապա և ֆրանսերեն լեզվով, վերջինիս թարգմանիչը նշանավոր հայագետ Սեն-Մարտենն էր (Փարիզ, 1819թ.): Նա առաջինը կասկածեց «Աշխարհացոյցի»՝ Մ. Խորենացուն հեղինակությունը։ Հեղինակն օգտվելով «Աշխարհացոյցի» վերջին տարիների հայկական հրատարակություններից և միաժամանակ քննարկելով ու վերլուծելով բոլոր ենթադրություններն ու խորհրդածությունները, ի վերջո, «Աշխարհացոյցը» վերագրում է յոթերորդ դարի հռչակավոր մաթեմատիկոս և տիեզերագետ Անանիա Շիրակացուն։ Մեծ են Պատկանյանի ծառայությունները հայագիտության զարգացմանը։ Դժվար է նշել թեկուզ և մեկ աշխատանք, որում հեղինակը կանգնած չլիներ հետազոտոդի իր բարձունքում։ Գիտական ցանկացած հարց նա ուսումնասիրում էր հնարավորին չափ խորն ու մանրամասն։ Իբրև արևելագետ՝ Պատկանյանը բավական հայտնի էր Ոուսաստանում և նրա սահմաններից դուրս։ Նա գիտական շատ ընկերությունների և խորհուրդների անղւսմ էր և որպես ՄՊետերբուրգի համալսարանի պատվիրակ, մասնակցել է եվրոպական արևելագետների մի շարք համագումարների։ 1885թ. Ք.Պատկանյանը ընտրվեց Ոուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նրա որոշ աշխատանքներ թարգմանվել են ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Անվանի հայագետը մահացավ ուժերի ծաղկուն շրջանում՝ 1889թ., 56 տարեկան հասակում, երբ դեռ գիտական հասարակայնությունը շատ սպասելիքներ ուներ նրանից Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։
Քերովբե Պատկանյանն այն կարծիքն է հայտնել, թե գրաբարն արդեն V դարում զարգացող լեզու չէր, «արվեստական էր»։ Հնում եղել են շատ բարբառներ, գրաբարը նախապես մի բարբառ էր, վերնախավի, արքունիքի լեզուն՝ գրական աստիճանի բարձրացած։ Սկզբում հարել է «հայերենը- իրանական բարբառ» տեսությանը։ Հայերենի ծագումն ու ցեղակցությունը որոշելու խնդրում կարևորում էր բարբառների համակողմանի ուսումնասիրությունը։ Ուշադրություն է հրավիրել հայ-փոքրասիական, հայ-թուրքական լեզվական ընդհանրությունների վրա։ Իր ուշ շրջանի ուսումնասիրություններում հարել է Հ. Հյուբշմանի տեսությանը։ Ունի պատմաբանասիրական բնույթի բազմաթիվ հետազոտություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.