Աճուրդ (անգլ.՝ auction), հրապարակային առևտուր (գործարք, սակարկություն)։ Սա առևտրի այն ձևն է, երբ վաճառքը կատարվում է ոչ թե նախապես հայտարարված գնով, այլ սակարկության արդյունքում։ Սակարկությունը սկսվում է մի որևէ շեմից, որը կոչվում է մեկնարկային գին։ Աճուրդային գները սահմանվում են գործարքների կատարման ժամանակ։ Աճուրդային առևտրի օբյեկտներ են արվեստի գործերը, հնարժեք ապրանքները, ծխախոտի և սիգարի յուրահատուկ տեսակները, ազնվացեղ կենդանիները և այլն։ Աճուրդի ժամանակ գնվող (վաճառվող) ապրանքի գինը սահմանվում է գործարքի ավարտման պահին, ինչը պայմանավորում է շահագրգիռ անձանց միջև տեղեկատվության փոխանակման առանձնահատկությունները։ Աճուրդը միշտ սկսվում է այնպիսի իրավիճակից, որին բնորոշ է տեղեկատվության անհամաչափ բաշխումը։ Աճուրդային իրավիճակները շարունակ փոփոխվում են։
Աճուրդի տեսակներ
Աճուրդը լինում է կամավոր և հարկադիր։ Առաջինը կազմակերպվում է ապրանքատերերի համաձայնությամբ՝ դրանց առավել շահավետ իրացման համար։ Երկրորդը՝ իշխանության կամ դատական մարմինների կողմից անվճարունակ պարտապանի գույքը, բռնագրավված իրերը վաճառելու համար։
Անգլիական կամ դասական աճուրդ
Այն անց է կացվում՝ հայտարարված գինն աստիճանաբար բարձրացնելով՝ սկզբնականից մինչև ամենաբարձրը։ Գործարքը համարվում է ավարտված, երբ մնում է միայն մեկ գնորդ։
Հոլանդական աճուրդ
Այն կատարվում է՝ սկզբնական հայտարարված գինն աստիճանաբար իջեցնելով։ Ապրանքը վաճառվում է այն գնորդին, որն առաջինը կհամաձայնի տվյալ պահին հայտարարված գնի մեծության հետ։
Գաղտնագրված աճուրդ
Բոլոր մասնակիցները՝ գնորդները, իրենց նշած գները հայտնում են միաժամանակ։ Ապրանքը տրվում է նրան, ով կառաջարկի ամենաբարձր գինը։
Սկանդինավյան աճուրդ
Սկանդինավյան աճուրդում առաջադրվում են շատ ցածր գներ, որոնք, սակայն, աուկցիոներին բերում են խոշոր եկամուտ։ Ապրանքը՝ լոտը, աճուրդին առաջադրվում է նվազագույն մեկնարկային գնով, և մասնակիցները աճուրդի ընթացքում բարձրացնում են գինը։ Բիդ (գնային հայտ) ներկայացնելը վճարովի է։ Բիդի վճարը ավելի թանկ է, քան քայլի արժեքը. օրինակ՝ բիդ ձեռք բերելու համար մասնակիցը վճարում է 100 դրամ, բայց այդ բիդով նա կարող է լոտի արժեքը բարձրացնել ընդամենը 20 դրամով։
Օնլայն աճուրդ
Օնլայն աճուրդն այն աճուրդն է, որն անցկացվում է համացանցի միջոցով։ Այն էլեկտրոնային առևտրի տարատեսակ է համարվում։ Օնլայն աճուրդերը օֆլայն աճուրդների պես ունեն իրենց ենթատեսակները, որոնցից ամենատարածվածներն են անգլիականը, հոլանդականը և սկանդինավյանը։
Հայկական առաջին օնլայն աճուրդների կայքը LiveAuction-ն է՝ հիմնադրված 2015 թվականին։
Միջազգային աճուրդի խոշոր կենտրոններ են Լոնդոնը, Նյու Յորքը, Ամստերդամը, Սիդնեյը և այլն։
Աղբյուրներ
- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
- Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա. Տնտեսագիտության տեսություն. - Երևան, «Նահապետ», 2010 թ.,324 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճուրդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 271)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.