Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն (ռուս.՝ Нахичеванская Автономная Советская Социалистическая Республика, ադրբ.՝ Нахчыван Мухтар Совет Сосиалист Республикасы) կամ Նախիջևանի ԻԽՍՀ ինքնավար հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում (1924-1991)։ Կազմավորվել է 1924 թվականի փետրվարի 9-ին։ Այժմ ամբողջությամբ համապատասխանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Քարտեզ2 | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նախիջևան | |||
Մակերես | 5 500 կմ2(1981) | |||
Բնակչություն | 247 000 (1981) | |||
Լեզու | Ադրբեջաներեն, հայերեն, ռուսերեն | |||
Ազգություն | ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ | |||
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Ինքնավար ԽՍՀ | |||
Ադրբեջանական ԽՍՀ մաս |
Գտնվում է Անդրկովկասի հարավում, Արաքս գետով սահմանակից է Իրանին և Թուրքիային։ Տարածքը եղել է 5 500 կմ2 (Ադրբեջանական ԽՍՀ տարածքի 6,4 %-ը), բնակչությունը՝ 247 000 (1981 թվականի հունվարի 1) կամ Ադրբեջանական ԽՍՀ բնակչության մոտ 4%-ը։
Բաժանված է եղել 5 վարչական շրջանի, ունի 3 քաղաք և 4 քտա։ Մայրաքաղաքը՝ Նախիջևան։
Նախիջևանի ԻԽՍՀ-ի վերջին սահմանադրությունն ընդունվել է 1978 թվականին։ Պետական իշխանության բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Գերագույն խորհուրդն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա նախագահությունը։ Գերագույն խորհուրդը կազմում էր կառավարություն՝ Նախարարների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդում Նախիջևանի ԻԽՍՀ-ից ընտրվում էր 11 պատգամավոր։ Պետական իշխանության տեղական մարմիններն էին ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդները։ Հանրապետության դատախազին նշանակում էր ԽՍՀՄ դատախազը՝ 5 տարի ժամկետով։
Տարածքի 75%-ը գտնվում է ավելի քան 1000 մ բարձրության վրա։ Հյուսիսում ձգվում է Վայքի լեռնաշղթան (Գոգի լեռ, 3120 մ), արևելքում՝ Զանգեզուրի լեռնաշղթան (Կապուտջուղ, 3904 մ)։ Հարավային և հարավարևմյան մասերում Արաքս գետի երկարությամբ ձգվող հարթավայրն է (600- 1000 մ)։
Օգտակար հանածոներից կան մոլիբդեն, բազմամետաղներ, քարաղ, շինանյութեր։ Կլիման խիստ ցամաքային է, չորային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրում -3°С -ից մինչև -6°С է, լեոներում՝ -10°С -ից մինչև -14°С, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 28°С և 25°С -ից մինչև 5°С: Տարեկան տեղումները հարթավայրում 190-300 մմ են, լեռներում՝ 300-600 մմ և ավելի։ Վեգետացիոն շրջանը հարթավայրում մոտ 265 օր է։
Գլխավոր գետը Արաքսն է իր ձախափնյա Արփա, Նախիջևան գետի և այլ վտակներով, որոնց ջրերն օգտագործվում են ոռոգման և հիդրոէներգիա ստանալու նպատակներով։ Ստեղծվել են «Արաքս» հիդրոհանգույցը, Բատաբատգյոլ և Ուզունոբինի ջրամբարները (Նախիջևան գետի ավազանում), Արփայի ջրամբարը։ Տարածքը հարուստ է հանքային աղբյուրներով։
Հողերը հարթավայրում առավելապես գորշ և մարգագետնային գորշ են, տեղ-տեղ՝ աղակալած, նախալեռներում և միջին բարձրության լեռներում՝ գորշ աղուտային, լեռնաանտառային շագանակագույն, բարձր լեռներում՝ լեռնամարգագետնային ճմային։
Բուսածածկույթում գերակշռում հն չորասեր տեսակները, հարթավայրերում և մասամբ նախալեռներում՝ օշինդրներն ու օշինդրաաղուտային կիսաանապատային բույսերը, միջին բարձրության լեոներում՝ լեռնային չորասերները, տեղ-տեղ էլ ետանտառային տափաստանացած մարգագետինները, բարձր լեռներում՝ ենթալպյան և մասամբ ալպյան մարգագետինները, մարգագետնային տափաստանները։ Տարածքը համարյա զուրկ է անտառներից (մինչև 3 000 հա)։ Կենդանիներից կան բեզոարյան այծ, փոքրասիական մուֆլոն, ընձառյուծ, արջ, վարազ, աղվես, գայլ, նապաստակ, քարային կզաքիս, թռչուններից՝ կասպիական ուլար, չիլ կաքավ, լեռնային ծիծեռնակ, աքար, սողուններց՝ իժ, վիշապօձեր և այլն։
տարի | ադրբեջանցիներ | % | հայեր | % | այլ 1 | % | ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|
1828[1] | 55.3 | 44.7 | 3,656 | ||||
1831[2] | 17,1382 | 56.1 | 13,3423 | 43.7 | 1.2 | 30,507 | |
1896[3] | 49,425 | 56.9 | 36,671 | 42.2 | 583 | 0.7 | 86,878 |
18975[4] | 64,151 | 63.7 | 34,672 | 34.4 | 1,948 | 1.9 | 100,771 |
1917[5][6] | 81,1002 | 60 | 53,900 | 40 | 135,000 | ||
1926[7] | 88,433 | 84.3 | 11,276 | 10.8 | 4,947 | 4.7 | 104,656 |
1939[8] | 108,529 | 85.7 | 13,350 | 10.5 | 4,817 | 126,696 | |
1959[8] | 127,508 | 90.2 | 9,519 | 6.7 | 4,334 | 3.1 | 141,361 |
1970[8] | 189,679 | 93.8 | 5,828 | 2.9 | 3.3 | 202,187 | |
1979[8] | 95.6 | 3,406 | 1.4 | 7,085 | 2.9 | 240,459 | |
1989[8] | 95.9 | 1,858 | 0.6 | 10,210 | 3.5 | 293,875 | |
1 ռուսներ, քրդեր, թուրքեր, ուկրաինացիներ, վրացիներ, պարսիկներ և ուրիշներ 2 ադրբեջանցիները հաշվվում էին այլ մուսուլմանների հետ 3 նրանցից 404 (11.1%) տեղաբնիկ էին, իսկ 1,228 (33.6%) նոր հաստատված 4 նրանցից 2,690 (8.7%) տղեաբնիկ էին և 10,652 (34.9%) վերաբնակեցված 5 առաջնորդվելով մայրենի լեզվով | |||||||
Նախիջևանի ԻԽՍՀ-ում բնակվել են ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ և այլ ազգություններ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 45 մարդ էր (1981)։ Առավել խիտ էր բնակեցված հարթավայրային մասը։
Քաղաքային բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության 26%–ը և հիմնականում բնակվում էր Նախիջևան, Օրդուբադ, Ջուլֆա քաղաքներում։
Դեռևս Շահ Աբբասի ժամանակ հայաթափված Նախիջևանում ադրբեջանցիները արդեն մեծամասնություն էին կազմում։ Ռուսական կայսրության գոյության տարիներին, երբ Նախիջևանի տարածքը մտնում էր Հայկական մարզի, ապա Երևանի նահանգի մեջ, հայերը կազմել են մոտ կեսը։
Հայ-թաթարական ընդհարումներից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո իրականացված նախիջևանահայության ջարդից ու բռնագաղթից հետո Նախիջևանն անցնում է Հայաստանի առաջին Հանրապետությանը։ Սակայն Հայաստանի կառավարությունը 2 անգամ՝ Բաթումի (1918) և Ալեքսանդրապոլի (1920) պայմանագրերով, ապա Խորհրդային Հայաստանը Կարսի (1921) պայմանագրով հրաժարվում են Նախիջևանից։ Հերթական հայաթափումից հետո հայերը կազմում են 10 տոկոս։
Խորհրդային Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով տարիներ շարունակ հայերը լքում էին Նախիջևանը և տեղափոխվում Հայկական ԽՍՀ, փոխարենը Ադրբեջանական ԽՍՀ տարբեր շրջաններից այստեղ էին գալիս ադրբեջանցիներ։
Նախիջևանի վերջին հայաթափումը տեղի ունեցավ Արցախյան շարժման տարիներին՝ 1988-1991 թվականներին։
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Նյութական մշակույթի հուշարձանները, որոնք գտնվել են Մոխրաբլուրում (Քյուլթափա) և Շորբլուրում (Շորթափա), վկայում են, որ մարդը այստեղ բնակվել է նոր քարի դարի ժամանակաշրջանից։ Մ.թ.ա. 9 - 7-րդ դարերում տարածքը գտնվել է Ուրարտական պետության։
Ըստ աստվածաշնչյան տարբերակի՝ Մեծ ջրհեղեղից փրկված Նոյը իր ընտանիքով Տապանից իջնում է հենց Նախիջևան։
Նախիջևանը և նրա շրջակայքը մտել է Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների հայկական թագավորության կազմի մեջ։
Հին և միջին դարերում այն ընդգրկել է Այրարատ նահանգի Շարուր, Սյունիքի՝ Երնջակ, Ճահուկ, մասամբ Կովսական, Վասպուրականի՝ Նախճավան և Գողթն գավառները։ Վարչականորեն այն պատկանել է երկու նախարարական տների, հարավային մասը՝ Արծրունյաց, իսկ հյուսիսինը՝ Սյունյաց։
Վաղ միջնադարում գավառը եղել է նաև այլ նախարարական տների իրավասության տակ․ Մովսես Խորենացին հիշատակում է Մարդպետական, Մուրացյան տոհմերը։ Արտաշեսյան թագավորները այն դարձրել են արքունական սեփականություն։ Տիրողները կառուցել են բազմաթիվ բերդեր ու ավաններ, պատմիչները հիշում են Նախճավանը (Նախիջևանը), Տամբատը, Ոսկիողան, Ագուլիսը, Դաժգոյնքը, Վրանջունիքը, Խրամը, Խոշակունիքը և այլն։
Հայ բանավոր գրականության հնագույն նմուշները՝ Գողթան երգերը, ստեղծվել և պահպանվել են այս տարածքում։ 4-րդ դարում Գրիգոր Ա Լուսավորիչն ու Տրդատ Գ Մեծ թագավորը սկզբնապես այստեղի հայությանն են ներգրավել նոր հավատի՝ քրիստոնեության ոլորտը՝ հույս ունենալով պատնեշել կենտրոնական Հայաստանը հեթանոսության ազդեցությունից։ Մեսրոպ Մաշտոցը, որ դեռևս գրերի ստեղծումից առաջ գործունեության կենտրոն էր դարձրել Գողթն գավառը, առաջինը այստեղ է տարածել հայրենի գիրն ու դպրությունը։
5-7-րդ դարերում երկրամասը մտել է Մարզպանական Հայաստանի կազմի մեջ։ 6-րդ դարի վերջին նրա մի մասը Մյունիքի հետ կարճ ժամանակով պատկանել է Ատրպատականի շահրմարությանը։ 6-7-րդ դարերում մեծապես տուժել է պարսկա-բյուզանդական պատերազմների ընթացքում, 7-րդ դարում ընկել է արաբական տիրապետության տակ՝ ընդգրկվելով Արմինիա կուսակալության կազմում։ Սյունյաց ու Վասպուրականի իշխանությունների կազմում մասնակցել է հակաարաբական ընդվզումներին։ ժողովրդական ապստամբությունները դաժանորեն ճնշվել են (703)։
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Նախիջևանում բնակություն են հաստատել մուսուլմաններ, որոնց թիվն ավելի է մեծացել սելջուկ-թուրքերի տիրապետության ժամանակ (11-րդ դար), երբ քաղաքը դարձել է ամիրայության նստավայր։ Տիրակալները խրախուսել են իրենց ցեղակիցների ներհոսքը քաղաք և բնիկ հայերի բռնի մուսուլմանացումը։ Սելջուկ տիրակալների հովանավորությամբ ստեղծվել է արաբալեզու մուսուլմանական գրականություն, որի զարգացումը, սակայն, դադարել է թաթար-մոնղոլների տիրապետության հաստատումով (13-14-րդ դարեր)։ Երկրամասի ավաններում ու գյուղերում հայերը շարունակել են զբաղվել գյուղատնտեսությամբ, առևտրով, արհեստներով։ Հայ վաճառականները (գողթնցիներ ու երնջակցիներ) մետաքսի հումքի առևտուր էին անում Ասիայի և Եվրոպայի շուկաներում։
15-րդ դարում երկրամասը գտնվել է կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների, 16-18 դարերում Սեֆյանների տիրապետության տակ։ 16 - 18-րդ դարերում երկրամասը թուրք-պարսկական պատերազմների ռազմաբեմ էր։ 17-րդ դարի սկզբին շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի ժամանակ տեղահանվել են նաև Գողթնի, Նախիջևանի, Երնջակի, Ճահուկի, Ջուղայի և շատ հայկական գյուղերի բնակիչներ։ Տեղահանված հայերի բնակավայրերը բնակեցվել են մուսուլման սակավաթիվ եկվորներով։ Բնաշխարհում մնացած հայերը, թեև զրկված քաղաքական կյանքից, բռնակալների ճնշման ու ծանր հարկերի տակ, շարունակել են զարգացնել իրենց ազգային մշակույթը, կառուցել են եկեղեցիներ (Ագուլիսի 12 եկեղեցիներն ու վանքերը, Ապրակունիքի, Շոռոթի, Գաղի, Շահկերտի, Նորաշենի վանական համալիրները), հիմնել հոգևոր կենտրոններ (Մեսրոպավան, Որդվատ, Ցղնա, Բիստ, Փաասկա), բազմաթիվ գրչության կենտրոններ ու դպրատներ (Աստապատ, Ազնաբերդ, ճահուկ, Կուքի, Օծոփ, Ագարակ, Նորս, Կժաձոր)։
Նադիր շահի տերության անկումից (1747) հետո, 18-րդ դարի կեսին առաջացել է Նախիջևանի խանությունը, որը 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով, անցել է Ռուսաստանին (Երևանի խանության և Օրդուբադի գավառի հետ կազմել է Հայկական մարզը)։ Բռնությամբ Պարսկաստան քշված հազարավոր հայ ընտանիքներ վերադարձել են հայրենի տուն։ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելը դրական նշանակություն է ունեցել երկրամասի տնտեսության ու մշակույթի զարգացման համար։
1905-1907 թվականների ռուսական հեղափոխության նախօրեին և տարիներին երկրամասում ուժեղացել են գյուղացիական շարժումները։ Բնակչության շրջանում հեղափոխական աշխատանք են տարել Հումմեթ խմբի տեղական բաժանմունքները։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո, Նախիջևանում, Զուլֆայում, Շահթախտում առաջացան խորհուրդներ։ 1917 թվականի մարտից մինչև նոյեմբերը գտնվել է Ժամանակավոր կառավարության՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեի, 1917 թվականի նոյեմբերից 1918 թվականի մարտը՝ Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանության տակ։
1918-ի հունիսին թուրքական զորքերը ներխուժել են երկրամաս՝ նպատակ ունենալով հարձակվել Բաքվի կոմունայի վրա։ Առաջացող թուրքական զորքերին Ապրակունիսի մոտ հաղթական ճակատամարտ է տվել զորավար Անդրանիկը։ Սակայն հուլիսի վերջին թուրքական գերազանց ուժերին հաջողվեց տիրանալ երկրամասին, 1918 թվականի նոյեմբերին տիրեցին անգլիացիները, ովքեր ազատագերցին այն թուրքական զորքերից և վերադարձին Հայաստանի նորանկախ Հանրապետությանը։
1920-ի հուլիսի 28-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը օկուպացրին երկրամասը։ Ավելի ուշ սկսված թուրք-հայկական պատերազմից հետո ՀՅԴ կառավարությունը Ալեքսանդրապոլում կնքեց պայմանագիր, որով Շիրակը, Կարսը և Սուրմալուն ճանաչեց որպես Թուրքիայի մաս, վերջնականապես հրաժարվեց Սևրի պայմանագրից ու Արևմտյան Հայաստանից, իսկ Նախիջևանի տարածքը թողեց մի երրորդ պետության: Պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին էր։ Այս պայմանագիրն ամրագրվեց Մոսկվայում ու Կարսում։ 1923 թվականի փետրվարին ստեղծվեց Նախիջևանը դարձավ ինքնավար միավոր։ 1924-ի փետրվարի 9-ին վերակազմվեց Նախիջևանի Ինքնավար Խորհդրային Հանրապետության՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ 1926 թվականին ընդունվեց առաջին սահմանադրությունը (նորը՝ 1978 թվականին)։
ԽՍՀՄ իշխանության տարիներին հանրապետությունում ստեղծվեցին սոցիալիստական արդյունաբերություն, բազմաճյուղ կոլտնտեսային գյուղատնտեսություն, հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը։ Հանրապետությունը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին (1941-45)։ 3 հոգի արժանացավ Խորհդրային Միության հերոսի կոչման, հազարավորները պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։
Ետպատերազմյան տարիներին շարունակում են զարգանալ հանրապետության տնտեսությունը և մշակույթը։ Ձեռք բերած տնտեսական նվաճումների համար Նախիջևանի ԻԽՍՀ-ն պարգևատրվել է Լենինի (1967), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
Նախիջևանի համախառն արտադրանքը (ՀՆԱ) 1977 թվականին, 1940 թվականի համեմատությամբ, ավելացել է 13 անգամ։ Իրանի հետ համատեղ Արաքսի վրա կառուցվել է երկու ՀԷԿ՝ 44 Մվտ ընդհանուր կարողությամբ։
Հանրապետությունն էներգիա է ստացել նաև Անդրկովկասի միացյալ էներգահամակարգից։ Զարգացած էր լեռնահանքային արդյունաբերությունը (Փառակաչայի մոլիբդենի և կապարի, ցինկի հանքերը, Նախիջևանի աղահանքը), մեքենաշինությունն ու մետաղամշակությունը (Նախիջևանի էլեկտրատեխնիկական, Շահբուզի ավտովերանորոգման գործարաններ)։ Թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություններն էին Իլյիչևսկի բամբակազտիչ գործարանը, Օրդուբադի մեաաքսամանվածքային և Նախիջևանի կարի ֆաբրիկաները։
Սննդարդյունաբերությունն ընդգրկում էր գինեգործությունը (Նախիջևանի, Շահբուզի, Ապրակունիսի գինու գործարաններ), հանքային ջրերի (Բադամլիի, Միրաբի գործարաններ), մսի-կաթի (Նախիջևանի մսի կոմբինատ, կաթի գործարան), պահածոների (Օրդուբադ), ծխախոտի ֆերմենտացիոն (Նախիջևան) արտադրությունները և այլ ճյուղեր։ Կային փայտամշակման (Նախիջևանի կահույքի ֆաբրիկա), շինանյութերի (Նախիջևանի երկաթբետոնե շինվածքների գործարան, շինանյութերի կոմբինատ) արդյունաբերություն, ապակե տարաների գործարան, ալրաղաց կոմբինատ և այլն։
Արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած էր Նախիջևանում (թողարկվող արդյունաբերական արտադրանքի 40%-ից ավելին), ինչպես նաև Օրդուբադում (մոտ 10%) և Իլյիչովսկում (20%)։
Կարևոր ճյուղեր էին բամբակագործությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, ծխախոտագործությունն ու շերամապահությունը։
1979 թվականին ցանքատարածությունները կազմել են 30 200 հա (որից ավելի քան 80%-ը՝ ոռոգելի)։ 1972 թվականին հանրապետությունում կար 60 կոլտնտեսություն և 17 սովետական տնտեսություն։ Մշակում էր հացահատիկ, բամբակ, ծխախոտ, բանջարաբոստանային կուլտուրաներ։
Զարգացող ճյուղերից էին այգեգործությունը և պտղաբուծությունը։ 1980 թվականին պետությանն էր հանձնվել 8776 տ հացահատիկ, 6303 տ ծխախոտ, 53880 տ խաղող, 6481 տ բանջարեղեն և 3305 տ պտուղ։
Անասնապահությունը զարգացած էր ամենուրեք և ունի մսակաթնատու և բրդատու ուղղություն։ 1981 թվականի հունվար 1-ի դրությամբ հանրապետությունում կար 68 700 խոշոր եղջերավոր (այդ թվում՝ 23 400 կով և գոմշակով) և 288 600 մանր եղջերավոր անասուն։
1980 թվականին կոլեկտիվ և սովետական տնտեսություններում արտադրվել է 3 700 տ միս (կենդանի քաշ), 13 000 տ կաթ, 15 000 միլիոն ձու, 536 տ բուրդ։ Բուծվում էր ոչխարի բալբաս ցեղը։ Օրդուբադի շրջանում զարգացած է շերամապահությունը։
ԽՍՀՄ պետական սահմանի երկայնքով անցնում էր Երևան-Բաքու երկաթուղու 187 կմ երկարությամբ հատվածը։ Ջուլֆա քաղաքից ճյուղավորվում էր դեպի Թեհրան գնացող երկաթգիծը։ Զարգացած էր ավտոմոբիլային ճանապարհների ցանցը։ Նախիջևանը ավիագծով կապված է Բաքվի հետ։
1913 թվականին Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում կար 2 հիվանդանոց՝ 20 մահճակալով։ Տարածված էին մալարիան, տրախոման, տիֆերը։ ԽՍՀՄ իշխանության տարիներին խիստ նվազել են մալարիայի դեպքերը, լրիվ վերացել են տրախոման, բծավոր և ետադարձ տիֆերը։ 1980 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում կար 46 հիվանդանոց 2 400 մահճակալով (1000 բնակչին՝ 11 մահճակալ), 52 ամբուլատորիա և պոլիկլինիկա, աշխատում էին 503 բժիշկ (83 բնակչին՝ 1 բժիշկ), 2374 միջին բուժաշխատող։ Հանրապետության տարածքում են Բադամլի բալնեոլոգիական կուրորտը, Սիրաբ և Նագաջիր բուժավայրերը։
Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում ուսուցման գործը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում (ծիսակարգերի և հեթանոսական այլ արարողությունների ուսուցում)։ Մինչև հայ գրերի ստեղծումը այստեղ գոյություն են ունեցել մեհենական գիր ու գրականություն, զարգացած է եղել ժայռապատկերային գրությունը։ Այստեղ են ստեղծվել նաև առաջին հայկական դպրոցները։
Ուսուցման, լուսավորության ու դպրության գործը լայն զարգացում է ստացել մասնավորապես միջին դարերում։ Այս շրջանում գործել են ավելի քան 30 գրչատներ ու դպրոցներ, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մեզ հասած ավելի քան 300-ից 140-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Հայտնի են ավելի քան 200 գրիչների անուններ։
Առանձնապես բեղմնավոր է եղել Ագուլիսի, Աստապատի, Ապրակունիսի, Ջուղայի, Նախիջևանի, Շոռոթի, Նորաշենի, Ցղնայի, Քռնայի, Շահապունիքի, Օծոփի, Կուքիի վանքերի, գրչության կենտրոնների ու դպրոցների գործունեությունը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո կրթության ու լուսավորության գործը նոր վերելք է ապրել։ 1830-50-ական թվականներին արդեն դպրոցներ էին գործում Օրդուբադում, Ազայում, Շարուրի գյուղերում։
1860-1870-ական թվականներին դպրոցներ են բացվել Նախիջևանում (նաև օրիորդաց), Աստապատում, Ազնաբերդում, Ցարմջայում (նաև ռուսական), Թմբուլում, Ցղնայում, Փաոակայում, Տանակերտում, Մեսրոպավանում, Ճահուկում, Նորսում և այլ բնակավայրերում։ 1867 թվականին Պերճ Պռոշյանի ջանքերով բացվել են Ագուլիսի հոգևոր (դասավանդել է նաև Րաֆֆին) և Հայկանուշյան օրիորդաց դպրոցները։ Մի շարք դպրոցներում (Ագուլիս, Նախիջևան, Օրդուբադ) գործել են գրադարաններ։ 19-րդ դարում, կրոնական առարկաներից բացի, դպրոցներում դասավանդվում էին հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, տոմարագիտություն, կենդանաբանություն, նկարչություն, երգեցողություն, ձեռագործություն և այլ առարկաներ։
Մինչև խորհդրային կարգերի հաստատումը հանրապետության տարածքում կար 45 տարրական դպրոց (մոտ 2 000 աշակերտ)։ 1979/80 ուս․ տարում գործել են 218 հանրակրթական դպրոց, 4 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, մանկավարժական ինստիտուտ։ 1979 թվականին կար 242 մասսայական գրադարան, 3 թանգարան (այդ թվում՝ Նախիջևանի ԻԽՍՀ պատմության, Ադրբեջանի գրականության), 223 ակումբ, 182 կինոսարքավորում, երաժշտա-դրամատիկական թատրոն։
ԽՍՀՄ իշխանության տարիներին հանրապետությունում ստեղծվել են նաև գիտական հիմնարկներ՝ Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ-ի, մինիստրությունների և գերատեսչությունների փորձակայաններ ու հենակետեր, Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ-ի գիտական կենտրոն և այլն։
Լույս էին տեսնում «Շարգ գապըսը» (ադրբեջաներեն՝ «Արևելքի դարպասներ», 1921-ից) հանրապետական և 4 շրջանային թերթեր։ Ռադիոյով (ադրբեջաներեն, ռուսերեն, հայերեն) և հեռուստատեսությամբ հաղորդվում են տեղական, Ադրբեջանական ԽՍՀ (Բաքվից) և կենտրոնական (Մոսկվայից) ծրագրերը։
Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում հայտնաբերվել են բրոնզե, քարե, խեցե իրեր, կիկլոպյան կառույցների (մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներ) մնացորդներ։
Միջնադարյան նշանավոր համալիրներից են Աստապատի Կարմիր (10-17-րդ դարեր) և սուբ Վարդան (17-րդ դար), Կուքիի սուրբ Նշան (12-13-րդ դարեր), Ապրակունիսի սուրբ Կարապետ (14-17-րդ դարեր), Ագուլիսի սուրբ Թովմա (14-17-րդ դարեր), Փառակայի սուրբ Հակոբի (17-18-րդ դարերի) վանքերը, ամրոցներից՝ Երնջակի, Շահապոնքի, Արբա, Ճահուկ բերդերը։
Պաշտամունքային կառույցները, հիմնականում եռանավ և քառամույթ գմբեթավոր բազիլիկներ են։ Առաջին տիպին են պատկանում Բիստի սուրբ Աստվածածին (1687) և սուրբ Նշան (17-րդ դար), Շրջուի (17-րդ դար), Նիրգուդի (18-րդ դար), Փառակայի սուրբ Շմավոն (1680), Շոռոթի սուրբ Լուսավորիչ (1708) եկեղեցիները և այլն։
Գմբեթավոր բազիլիկներ են Օծոփի սուրբ Աստվածածին (13-14-րդ դար), Գաղի սուրբ Գրիգոր, Ցղնայի սուրբ Աստվածածին վանքերի, Մեսրոպավանի Գրիգոր Լուսավորիչ վանքի, Ագուլիսի սուրբ Հովհաննես Մկրտիչ, սուրբ Քրիստափոր, սուրբ Երրորդություն եկեղեցիները (15-17-րդ դար)։
Հայկական միջնադարյան ճարտարապետության Նախիջևանի դպրոցի առանձնահատկություններից է բեմի բազմանիստ աբսիդը, ինչպես նաև երկու շինանյութի քարի ու աղյուսի համատեղ կիրառումը։ Գմբեթավոր բազիլիկների հիմնական ծավալը կառուցվում էր սրբատաշ տուֆ քարից, իսկ սլացիկ թմբուկով և սրածայր վեղարով գմբեթը աղյուսից (Ագուլիսի սուրբ Քրիստափոր, սուրբ Երրորդություն, Շոռոթի սուրբ Հակոբ եկեղեցիներ և այլն)։ Պաշտամունքային կառույցներում տարբեր շինանյութերի այսպիսի կիրառումը նորություն էր միջնադարյան հայ շինարվեստում։ Նախիջևանի Ցղնայի սուրբ Աստվածածին վանքի եկեղեցու զանգակատունը (17-րդ դար)։
Մուսուլմանական ճարտարապետական հուշարձաններից են Յուսուֆ իբն Կուսեյիրի և Մոմինե-խաթունի դամբարանները (երկուսն էլ 12-րդ դար) Նախիջևանում, Ղարաբաղլարի համալիրը՝ բաղկացած զույգ մինարեներով շքամուտքից (12-րդ դար) և աղյուսաշեն դամբարաններից (14-րդ դար), Գյուլիստանի դամբարանը (13-րդ դար)։
Առանձնակի հետաքրքրություն ունեն դեռևս վաղ միջնադարում Արաքսի վրա կառուցված Ջուղայի, 16-17-րդ դարերի Գիրան, Երնջակ, Նախիջևան, Արբա և այլ գետերի վրա կառուցված Ազայի հնգաթռիչք, Շահկերտի, Ագուլիսի, Փառակայի, Բիստի, Ողոհիի և այլ վայրերի միաթռիչք ու երկթռիչք կամուրջները։ Հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր կառույցներից են Ագուլիսի բնակելի տները (18-19-րդ դարեր)։ Դրանք քաղաքատիպ են, 2-3 հարկանի, նկուղով, քարից կամ աղյուսից, հարթ տանիքներով, յուրաքաևչյուր հարկում սենյակները խմբավորված են կամարակապ ընդարձակ լոջիաների շուրջ։
ԽՍՀՄ իշխանության տարիևերին Նախիջևանի ԻԽՍՀ քաղաքներում և գյուղերում լայնորեն ծավալվել են բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի շինարարություն, բնակավայրերի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Օգտագործվել են տեղական շինանյութեր։ Բնակելի տները կառուցվել են ավանդական լոջիաներով ու պատշգամբներով։ Հասարակական լավագույն շենքերից են Նախիջևանի երաժշտադրամատիկական թատրոնի շենքը (1964, ճարտարապետներ՝ Է․ Իսմայիլով, Հ․ Մեջիդով), Ադրբեջանի կոմկուսի Նախիջևանի ԻԽՍՀ մարզկոմի շենքը (1965, ճարտարապետ Յու․ Իբրահիմով)։
Դեռևս հնադարից Նախիջևանի ԻԽՍՀ ներկայիս տարածքը, իր աշխարհագրական դիրքով և տարանցիկ առևտրի գլխավոր ուղու վրա գտնվելու շնորհիվ, կերպարվեստի զարգացման կենտրոններից է եղել։ Նախիջևանի աղի հանքի, Քյուլթափայի, Աստապատի Կարմիր վանքի, Շարուրի դաշտի Շահթախտ հանքավայրերի, Երնջակ, Գիրան, Ազատ քաղաքատեղիների և այլ վայրերի պեղումներն ու պատահական գտածոները երևան են հանել մ.թ.ա. 3-1-ին հազարամյակների և վաղ միջնադարյան կերպարվեստի բազմաթիվ ու տարատեսակ հուշարձաններ, կավե արձաններ, աշխատանքային գործիքներ, գունազարդ և հասարակ խեցեղեն, ժայռապատկերներ և այլն։ Այստեղ հնուց ի վեր արմատավորվել են նաև ժողովրդական կիրառական արվեստը, ոսկերչությունն ու ակնագործությունը, ասեղնագործությունն ու ջուլհակությունը, մետաքսագործությունն ու գորգագործությունը, գրչարվեստն ու մանրանկարչությունը, կազմարարական արվեստն ու որմնանկարչությունը։
Միջնադարում (հատկապես 15-18-րդ դարեր) կերպարվեստի ու մշակույթի աչքի ընկնող կենտրոններ են եղել Նախիջևան, Ջուղա, Ագուլիս, Օրդուբադ, Շոռոթ քաղաքներն ու գյուղաքաղաքները, Աստապատ, Ճահուկ, Ցղնա, Շահկերտ և այլ ավանները։ Նշված վայրերում գործած մի շարք արվեստանոցների ու գործատների շարքում նշանավոր են եղել նաև ոսկերչության ու արծաթագործության, ակնագործության (Նախիջևան, Ջուղա, Ագուլիս), պղնձագործության (Շահկերտ), բրուտագործության և խեցեգործության (Աստապատ, Ճահուկ, Շոռոթ), մետաքսագործության (Ագուլիս, Օրդուբադ, Ցղնա), դաջագործության (Շոռոթ, Ագուլիս) և այլ արվեստանոցներն ու գործատները։
Քանդակագործական բարձր արվեստով են կերտված մի շարք հուշարձանների՝ Ագուլիսի, Աստապատի, Ցղնայի, Փառակայի, Շոռոթի, Ռամիսի, Ապրակունիսի, Օծոփի և այլ վայրերի եկեղեցիների որմերի 16-18-րդ դարերի պատկերաքանդակներն ու սյուժետային պատկերումները, խաչքարերն ու կենցաղային տեսարաններով տապանաքարերը։ Առանձնակի ուշադրության է արժանի հատկապես Ջուղայի հռչակավոր գերեզմանատունը, որը 1648 թվականին ունեցել է շուրջ 10 000 լավ պահպանված խաչքարեր (այժմ՝ ամբողջովին ավերված)։ Եզակի են Ցղնայի սուրբ Աստվածածին վանքի և նրա զանգակատան բարձրաքանդակները, որոնք պատկերում են թագակիր Աստվածածնին ամբողջ հասակով և Քրիստոսի խաչելությունը։ Տաճարն այժմ վերացված է։ Բարձրարվեստ բարձրաքանդակներ ունեն նաև Ագուլիսի սուրբ Քրիստափոր, սուրբ Թովմա, Աստապատի սուրբ Վարդան, Նախիջևանի սուրբ Գևորգ և այլ եկեղեցիները։
Հայկական մանրանկարչության ինքնատիպ ճյուղավորումներից է Նախիջևանի դպրոցը, որի բուռն գործունեությունը ծավալվել է 12-17-րդ դարերում։ Այստեղի գըրչատներում ու դպրոցներում գրչագրված մագաղաթե և թղթե բազմաթիվ ձեռագրերի էջերում, հարյուրավոր շնորհալի գրիչներից բացի, իրենց գեղեցիկ ծաղկազարդերն ու մանրանկարներն են ստեղծել մի շարք նշանավոր նկարիչներ։ Այստեղ են գործել Սիմեոն նկարիչը, Վարդան գրիչը, Մատթեոս Ջուղայեցին, Հակոբ Բստեցին, Կարապետ ծաղկողը, Գավազանը, Հակոբ Գրիչը, Մարկոս Կրոնավորը, Մանուել ծաղկողը, Խաչատուր քահանան, Հովհաննես փիլիսոփա ծաղկողը, Բարսեղ ծաղկարարը (14-15-րդ դարեր), Մարիամ նկարչուհին, Հակոբ Ջուղայեցին, Մարգարիտ, Շուշան, Գոհար գրչուհիները, Նաղաշ Հովնաթանը, Կոզմա մանրանկարիչը, Վարդան դպիրը (16-17-րդ դարեր) և շատ ուրիշներ։ Վերջիններիս մանրանկարչական արվեստը, խարսխված լինելով ավանդական, ինչպես նաև Ջուղայի, Ագուլիսի, Շոռոթի և Նախիջևանի մանրանկարչական դպրոցների ստեղծած արվեստին, օժտված է կենդանությամբ ու թեմատիկայի բազմազանությամբ, հարուստ գունային կոլորիտով։
Նախիջևանի ԻԽՍՀ տարածքում ստեղծված կերպարվեստի պատմության մեջ նշանակալից տեղ ունի նաև որմնանկարչությունը։ Միջնադարից սկսած այստեղ որմնանկարվել են ոչ միայն վանքերն ու եկեղեցիները, այլև պալատներն ու բնակելի տները (Ջուղա, Ագուլիս, Նախիջևան)։ Մեզ հասած որմնանկարչական հուշարձանները վերաբերում են 17-19-րդ դարերի, որոնք հիմնականում կատարել են Հովնաթանյան ընտանիքի նկարիչները։ Վերջիններս, հայկական գեղանկարչության մեջ ներմուծելով նոր սյուժեներ ու մեկնաբանումներ, գեղագիտական նոր ըմբռնումներով ստեղծել են ճարտարապետության և նկարչության սինթեզի մի նոր որակ, որն էլ ուղենիշ է ծառայել բազմաթիվ նկարիչների համար։ Որմնանկարչական հուշարձաններից առավել նշանակալից են Ագուլիսի սուրբ Թովմա վանքի, սուրբ Քրիստափոր եկեղեցու (1680-ական թվականներ, Նաղաշ Հովնաթան), Ապրակունիսի սուրբ Կարապետ վանքի (1740, Հակոբ և Հարություն Հովնաթանյաններ), Շոռոթի սուրբ Լուսավորիչ, սուրբ Աստվածածին (17-րդ դար, Նաղաշ Հովնաթան), Աստապատի Կարմիր վանք, Ազնաբերդի սուրբ Գրիգոր, Ճահուկի Ս․ Հովհաննես (18-19-րդ դարեր) և այլ վանքերի ու եկեղեցիների որմնանկարները։ Ինքնատիպ է Ագուլիսի սուրբ Թովմայի շքամուտքի բարավորի ձևավորումը՝ «Թովմայի անհավատությունը» սյուժետային պատկերումը (Քրիստոսի և Թովմայի բարձրաքանդակները վարպետորեն զուգակցված են Աստվածածնի, Մարիամ Մագթաղինացու և աստծու որմնանկարների հետ)։ Ցուրօրինակ լուծում ունի նաև տաճարի գմբեթի որմնանկարը, որն աստղազարդ երկնքի պատրանք է ստեղծում։
Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքը հայ երգի ու երաժշտական մշակույթի հնագույն կենտրոններից է։ Հայկական ժողովրդական երգ-երաժշտության պատմությունն առնչվում է պատմական Գողթն գավառի երգերին։ Գողթնում հնամենի ժողովրդական երգերն ու առասպելները գուսան-վիպասանների օգնությամբ նաև թատերականացվել են, ուր մեծ տեղ է հատկացվել պարարվեստին։ 8-րդ դարից սկսած Գողթնում և նրա շրջակայքում, ի թիվս այլ շարականների, լայնորեն տարածվել է Գողթնի Խոսրով իշխանի որդուն՝ Դամասկոսում արաբների գլխատած (737) Վահան Գողթնեցուն (701-737) նվիրված «Զարմանալի է ինձ» գովք-շարականը։ Վերջինիս հեղինակը, ըստ ավանդության, համարվում է Վահանի քույրը՝ Խոսրովիդուխտը, որն էլ, փաստորեն, հայ առաջին կին բանաստեղծ-երաժիշտն է։
Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքը կազմող գավառներում, հեթանոսական հնագույն և վաղ միջնադարյան երգերից ու վիպական ստեղծագործություններից բացի, լայն տարածում են գտել նաև եկեղեցական և աշխարհիկ երգերը, որ կատարվել են եկեղեցիներում, իշխանական պալատներում ու նստավայրերում, զանազան հանդեսներում։ Այստեղ հնուց ի վեր երգ-երաժշտությամբ են ուղեկցվել Համբարձման և Վարդավառի, Բարեկենդանի և Ծաղկազարդի ավանդական տոնակատարությունները։ Այս ամենը, գրավոր աղբյուրներում արտացոլվելուց զատ, պատկերված է նաև Ջուղայի հռչակավոր գերեզմանատան 16-17-րդ դարերի հազարավոր խաչքարերի ու խոյակերպ տապանաքարերի կենցաղային պատկերաքանդակներում, ուր քանդակված են երաժիշտներ, պարողներ, նվագարաններ։
12-18-րդ դարերի հայ երաժշտության ու երգարվեստի կուտակած հարուստ փորձի հիման վրա Ագուլիսի սուրբ Թովմա, Աստապատի սուրբ Վարդան և սուրբ Ստեփանոս կամ Կարմիր, Նախիջևանի սուրբ Սարգիս, Ապրակունիսի սուրբ Կարապետ, Ջուղայի Ամենափրկիչ, Շոռոթի սուրբ Աստվածածին և սուրբ Հակոբ, Ցղնայի սուրբ Աստվածածին և այլ վանքերի նշանավոր դպրոցներում երաժշտությունն արդեն հատուկ երգարանների օգնությամբ ուսումնասիրվում էր որպես գիտություն՝ երաժշտության պատմության ու տեսության ուսուցմամբ։
17-18-րդ դարերում ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության զարգացման նոր փուլը նշանավորվում է աշուղներով ու երգասացներով, որոնցից ամենատաղանդավորն ու մեծ հեղինակությունը Նաղաշ Հովնաթանն էր։ Նրա երգերից մեկի՝ «Տաղ ի վերա գարնան ու ուրախութեան»-ի, մեղեդին պահպանվել է մինչև մեր օրերը։ Հայկական մարզի վերաբերյալ Ի․ Շոպենի տվյալներով, 19-րդ դարի կեսերին Նախիջևան քաղաքի 9 և շրջակա գյուղերի 10 երաժիշտները (բոլորը), իսկ Օրդուբադի շըրջանի 6 երաժիշտներից 5-ը հայեր էին։
Նախիջևանի 19-րդ դարի աշուղներից հայտնի են Միսկին-Բուրջին, Մարոն (Մարիամ), Փանահին (Ստեփան), որոնցից Միսկին Բուրջիի «էշխիցդ ջունուն դառած» երգի մեղեդին պահպանվել է ցայսօր։
19-րդ դարի կեսերից Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքում մշակութային կյանքի նոր առաջխաղացմանը զուգընթաց նկատելի աշխուժացել է նաև երաժշտարվեստը, որի կենտրոնը Ագուլիսն էր։ 1851 թվականին այստեղ բացված դպրոցում, ապա Պերճ Պռոշյանի ջանքերով 1867 թվականին բացված Ագուլիսի հոգևոր և Հայկանուշյան օրիորդաց դպրոցներում կանոնավոր և բարձր մակարդակով ուսուցանվել են երգեցողություն և եկեղեցական երգեցողություն։ Հիմնականում այդ դպրոցների (1-3, 1-5 դասարաններով) շրջանավարտներից ու սաներից կազմված երգչախումբը ակտիվորեն մասնակցել է Ագուլիսի Ս․ Թովմա, Ս․ Քրիստափոր և մյուս եկեղեցիների պատարագներին։
Ագուլիսի երգչախումբը իր մասնակցությունն է բերել Ագուլիսի «թատերասերների խմբի» 1868, 1873, 1875 թվականին բեմադրած ներկայացումներին (Հ․ Կարենյանի «Շուշանիկ», Մ․ Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին», Գ․ Սունդուկյանի «Պեպո» և այլն)։
19-րդ դարի վերջերից Նախիջևանի հայությունը աստիճանաբար սկսել է կենտրոնանալ Անդրկովկասի հայ մշակույթի կենտրոններում՝ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Շուշիում, ինչպես նաև Մոսկվայում և Պետերբուրգում։ Գողթնից են սերում Կոմիտասը (պապերը 17-րդ դարի վերջերին Ցղնա ավանից գաղթել են Քյոթահիա), Արամ Խաչատրյանը (ծնողները 19-րդ դարի վերջերին Ազա գյուղից տեղափոխվել են Թիֆլիս), Արամ Մերանգուլյանը և ուրիշներ։
Նվագարաններից տարածված են եղել փանդիռը, փողը, թմբուկը, տավիղը, հովվական սրինգը, զուռնան, դուդուկը, թառը, քամանչան, սազը, պարկապզուկը։ 19-րդ դարում Ագուլիս են մուտք գործել դաշնամուրն ու ջութակը։
18-19-րդ դարերում ներկայիս Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքում նկատելի զարգացում է ապրել նաև Ադրբեջանական երաժշտությունը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1923 թվականին Նախիջևան քաղաքում Ադրբեջանական դրամատիկական թատրոնին կից կազմակերպվել է երգչախումբ։ 1952 թվականից գործում են Նախիջևանի երգի և պարի, 1966 թվականից՝ ժողովրդական գործիքների անսամբլները։
1938 թվականին Նախիջևան քաղաքում բացվել է երաժշտական դպրոց։ Երաժշտական դպրոցներ են գործում նաև Օրդուբադում, Շահբուզ, Իլյիչովսկ, Ջուլֆա շրջկենտրոններում։
Հայկական թատերարվեստի սկզբնավորման մասին առավել հայտնի տեղեկությունները կապված են ներկայիս Նախիջևանի ԻԽՍՀ-ի տարածքի հետ։ Պատմական Գողթն գավառի գուսաններն ու վարձակներն իրենց երգերով, պարերով, զրույցներով ներկայացրել ու սերնդեսերունդ փոխանցել են դիցաբանական-առասպելաբանական թատերականացված պատմություններ։ Զարգացման որոշակի աստիճանի հասած թատերագրության տարրեր են պարունակում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ պահպանված (գուսաններից գրառված) գրական բացառիկ բարձրարվեստ նմուշները։ Հայ պատմիչների վկայությամբ, գուսանների արվեստը, չնայած եկեղեցու հալածանքներին, հարատևել է դարեր։
Թատերական կյանքը վերածնունդ է ապրել 19-րդ դարի երկրորդ կեսից։ Նախիջևանում առաջին ներկայացումները տվել է «Արամյան թատրոնը» 1850 թվականին։ Տեղի ուժերով անդրանիկ ներկայացումը բեմադրվել է 1866 թվականին, Ագուլիսում (Գալֆայան, «Արշակ Երկրորդ»)։ 1868 թվականին Պերճ Պռոշյանը բեմադրել է Հակոբ Կարենյանի «Շուշանիկ» պիեսը, ուր հերոսուհու դերում հանդես է եկել Զարուհի Փափազյանը (հետագայում Ալեքսանդրապոլի առաջին դերասանուհին՝ Զ․ Գյուլումյան)։ Ներկայացումներ են տրվել նաև Օրդուբադում և Ջուլֆայում։ Տեղի թատերասերներից բացի հանդես են եկել դերասաններ Մ․ Աղայանը, Մ․ Սաֆրազյանը, Վարդան Միրզոյանը, Օվի Սևումյանը, Հասմիկը, Միքայել Մանվելյանը և ուրիշներ։
Ա․ Պարզյանի ջանքերով 1913 թվականից Նախիջևանում գործել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության մասնաճյուղը։ 1917 թվականին բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան (ռեժիսոր Վ․ Բունի, Անուշի դերում՝ Սաթենիկ Գասպարբեկյան)։ Թատերասերների ուժերով 1939 թվականին կազմակերպվել է պետական դրամատիկական թատրոն (բացվել է նոյեմբերի 29-ին՝ Լ․ Միքայելյանի «Գոշ» ներկայացումով), որը երկար չի գործել։ Հայ թատերասերների օրինակով 1883 թվականից ձևավորվել է Նախիջևանի Ադրբեջանական թատրոնը (բացվել է Ախունդով Միրզա Ֆաթալիի «Մսյո Ժորդան» ներկայացումով), որի զարգացմանը նպաստել են Է․ Սուլթանովը (թատրոնի հիմնադիր), դրամատուրգ Ջ․ Մամեդկուլիգադեն, դերասաններ Ռզա Թահմասիբը (1907 թվականին բեմադրել է Գոգոլի «Մեռած հոգիները», Չիչիկովի դերում՝ Թահմասիբ), Հ․ Արաբլինսկին, Ս․ Ռուհուլլան, Մ․ Ա․ Ալիևը և ուրիշներ։
1890-ական թվականներին ներկայացումները տրվել են Նախիջևանի հայկական դպրոցի դահլիճում, բացի ադրբեջանական դրամատուրգներից խաղացվել են նաև Վ․ Մադաթյանի, Գաբրիել Սունդուկյանի, Է․ Տեր-Գրիգորյանի և այլոց պիեսները։ 1913 թվականին Ս․ Ռուհուլլան հայ թատերասերների հետ բեմադրել է Մ․ Բելայայի «Ծաղրածուներ» պիեսը (Ա․ Պարզյանի թարգմանությամբ)։ 1923 թվականին թատրոնը պետականացվել է և կրել է Մ․ Ֆ․ Ախունդովի անունը։ Այստեղ բեմադրվել են նաև Շիրվանզադեի «Նամուս», Ս․ Բաղդասարյանի «Արյունոտ անապատ» և այլ պիեսներ։
Թատրոնում նշանակալից վաստակ ունեն Ս․ Մովլավին, Ռ․ Իսֆանդիյարլին, Ի․ Մուսաևը, Է․ Հախվերդիևը, Ֆ․ Ալիխանովան, Ի․ Համզաևը, Ջ․ Համզաևան։ Այստեղ են աշխատել նաև դերասանուհիներ Մ․ Անախչյանը, Ն․ Պետրոսյանը, Ջ․ Բուդաղովան, Լ․ Գրիգորյանը և ուրիշներ։ 1930 թվականին Երևանի Ադրբեջանական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Նախիջևանում և Օրդուբադում, 1937 թվականին Սունդուկյանի անվան թատրոնը՝ Նախիջևանում։ Նախիջևանի ԻԽՍՀ-ից են սերում դերասաններ Ս․ Սաֆրազյանը, Գ․ և Խ․ Պետրոսյանները, Հասմիկը, Մ․ Մանվելյանը, Վ․ Միրզոյանը, Օ․ Սևումյանը, Օ․ Բունիաթյանը, Ս․ Գասպարբեկը, դրամատուրգներ՝ Վ․ Աղասյանը, Լ․ Մանվելյանը, Փառնակեսը, Հ․ Զավիդը, Մ․ Ա․ Օրդուբադին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.