Հայկական ավանդույթ From Wikipedia, the free encyclopedia
Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված։
Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։
Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ ՆորատուսիԱռինջի , Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։ Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ։ Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։ 10-13-րդ դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր։ Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թվական, Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թվական, Մեծ Մասրիկ) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը։ Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն։ Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն։ Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ։ Խաչքարի արվեստը խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն։ Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները։
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են։ Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները մենհիրներն են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Հայաստանում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի հուշարձաններ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ։
Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա ուրարտական կոթողները (մ.թ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ սեպագիր արձանագրությամբ, կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, քաղաքներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։
Արագած լեռան փեշերին գտնվել են քառակող սյունաձև կոթողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին երկու մասից՝ պատվանդանից և ուղղաձիգ մարմնից։
Վաղ քրիստոնեական շրջանի առավել զարգացած օրինակները բաղկացած են երեք մասից։ Այս դեպքում արդեն աստիճանաձև հիմք, պատվանդան և ուղղաձիգ մարմին։
Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված հեթանոսական մեհյանների տեղում։ Ըստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել Սևանա կղզում, Սանահինում, ինչպես նաև հարևան Վրաստանում՝ Մցխեթի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ յոթերորդ դարում կառուցվել է Ջվարի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։ Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են Դվինի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծառայել հայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են Դվինի պեղումների ժամանակ[1]։
11-12-րդ դարերում հիմնականում ավարտվում է խաչքարային հորինվածքի և ոճական առանձնահատկությունների զարգացումը։ Եվ արդեն իսկ տիպականորեն ձևավորված խաչքարերը «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։»[2] գրքի հեղինակները բաժանում են հետևյալ խմբերի․
Միջնադարում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել Թալինի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, Կողբի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), Հովհաննավանքի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը Հաղպատավանքի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թվական), առայժմ միակը իր տեսակի մեջ[4]։
ՅՈԻՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00434 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.