Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մարիամ Մագդաղենացի (եբրայերեն՝ מרים המגדלית, հին հունարեն՝ Μαρία ἡ Μαγδαληνή, լատին․՝ Maria Magdalena), Նոր Կտակարանի գործող անձանցից մեկը, Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ, յուղաբեր կին, որ համաձայն ավետարանական տեքստերի՝ հետևել է Քրիստոսին, ներկա է եղել Խաչելությանը և վկա է եղել նրա հարությանը։ Քրիստոնյա եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարիամ Մագդաղենացի եբրայերեն՝ מרים המגדלית և հուն․՝ Μαρία ἡ Μαγδαληνή | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Magdala, Հրեաստան, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | 1-ին դար |
Մահվան վայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | caregiver և աստվածաբան |
Mary Magdalene Վիքիպահեստում |
Մարիամը ծնունդով Գալիլեյի Մագդալա քաղաքից է։ «Մագդալինա»՝ վերծանվում է որպես «Միգդալ-Էլ քաղաքի բնիկուհի»։ Իսկ եբրայերենից և արամեերենից թարգմանվում է որպես «ամրոց», և քանի որ ամրոցը հանդիսանում է ֆեոդալական և ասպետական խորհրդանիշ, միջնադարում Մարիամին տրվեցին ազնվական գծեր։ Ենթադրվում էր նաև, որ «Մագդալինա» անվանումը կարող էր ծագել Տալմուդում օգտագործվող «մազեր խուճուճեցնող» արտահայտությունից։ «Մարիամը, որ խուճուճեցնում է կանանց մազերը» կերպարը հանդիպում է Հիսուսի հետ կապված տալմուդյան տեքստերում, և նույնիսկ դրանցից մեկում նա հիշատակվում է որպես անհավատարիմ կին, և չի բացառվում, որ այս տեքստերում արտացոլում են գտել հենց Մարիամ Մագդաղենացու մասին պատմվածքները։
Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում Մարիամ Մագդաղենացու պաշտամունքը մեկնաբանվում է շատ տարբեր կերպով։ Ուղղափառությունը նրան ընդունում է որպես յուղաբեր կնոջ, որն Հիսուսի օգնությամբ ազատվել էր յոթ չարքերից, և պաշտվում է, որպես առաքյալներին հավասար սուրբ։ Ուղղափառ ավանդույթը չի նույնացնում նրան ավետարանական անառակի հետ։ Անառակության մասին չի նշվում նաև ակաթիստներում, դրանից բացի ուղղափառության մեջ տեղի չի ունեցել Մագդաղենացու նույնացում ավետարանի մյուս կանանց հետ, ինչպես կաթոլիկության մեջ, այդ կանայք պաշտվել են առանձին-առանձին։ Մագդաղենացու հիշատակը նշվում է ոչ միայն օգոստոսի 4-ին, այլև Զատկի չորրորդ շաբաթը, որ կոչվում է «Յուղաբեր կանանց շաբաթ»։
Իսկ կաթոլիկ եկեղեցու ավանդույթներում երկար ժամանակ ընդունված էր նրա նույնացումը ապաշխարհող անառակի և Բեթանիայից Մարիամի կերպարի հետ։ Կաթոլիկական ավանդույթներում Մագդաղենացին նույնացվում է ավետարանական հետևյալ կերպարների հետ՝
Այս կերպով Մագդաղենացին, նույնացվելով այս կերպարների հետ, ձեռք է բերել ապաշխարհող անառակի գծեր։ Նրա գլխավոր ատրիբուտներից մեկը անուշահոտություններով լի տարան է։ Այս ավանդույթի համաձայն Մագդաղենացին վաստակում էր անառակությամբ, և միայն Քրիստոսին հանդիպելուց հետո նա թողնում է այն, որից հետո Բեթանիայում լվանում է նրա ոտքերը մեռոնով և չորացնում իր մազերով։ Նա ներկա է եղել Խաչելությանը և այլն, որից հետո այժմյան Ֆրանսիայի տարածքում ապրել է միանձնուհու կյանքով։
20-րդ դարում կաթոլիկ եկեղեցին, ձգտելով ուղղել մեկնաբանման հնարավոր սխալները, մեղմացնում է ձևակերպումները՝ 1969 թ ռեֆորմից հետո նա Մագդաղենացուն արդեն չի համարում «ապաշխարհող»։ Բայց չնայած դրան նրա՝ որպես ապաշխարհող մեղսագործի զանգվածային գիտակցական ըմբռնումը, որ ձևավորվել էր դարերի ընթացքում, շնորհիվ մեծ թվով արվեստի գործերի ազդեցությանը, մնում է անփոփոխ։
Բյուզանդական գրականության մեջ պատմվում է այն մասին, որ Խաչելությունից որոշ ժամանակ անց Մագդաղենացին սբ. կույս Մարիամի հետ ուղևորվում է Եփեսոս՝ Հովհաննես Աստվածաբանի մոտ և օգնում է նրան իր աշխատանքներում։ Հարկ է նշել, որ Մագդաղենացու մասին ամենաշատ տեղեկությունները հաղորդել է հենց Հովհաննես Ավետարանիչը։ Ենթադրվում է, որ Մագդաղենացին ավետում էր Հռոմում, ինչի մասին է վկայում Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղերձում Մագդաղենացու անվան հիշատակման փաստը։ Հավանաբար նրա հենց այս ճանապարհորդության կապակցությամբ է ի հայտ եկել Մարիամ Մագդաղենացու հետ կապված Զատկի մասին առասպելը։ Ըստ առասպելի, երբ Մարիամն եկավ կայսր Տիբերիոսի մոտ և հայտնեց Քրիստոսի հարություն առնելու լուրը, ապա կայսրը ասաց, որ դա նույնքան անհնար է, որքան այն, որ այդ հավի ձուն կդառնա կարմիր, և այդ խոսքերից հետո այդ ձուն, որ նա բռնել էր դարձավ կարմիր գույնի։
Մագդաղենացուն անառակ կնոջ հետ նույնացնելու հիմնական պատճառներից մեկը այն էր, որ արևմտյան եկեղեցին համարում էր նրան հենց այն անանուն կինը, որ լվացել էր Հիսուսի ոտքերը մեռոնով։
«Եվ ահա այն կինը, որ մեղսագործ էր, իմանալով, որ Հիսուսը նստած է Փարիսեցու տանը, բերեց մեռոնով ալաբաստե տարան և կանգնելով նրա ոտքերի առջև, լաց լինելով, թրջեց նրա ոտքերը արցունքներով, չորացրեց իր մազերով, համբուրեց և օծեց մեռոնով» (Ղուկ. 7։37-38)։
Կնոջ կողմից Հիսուսի օծման խնդիրը հայրերի կողմից ընկալվել է տարբեր կերպ։ Մասնավորապես սուրբ Օգոստոսը գտնում էր, որ երեք օծումներն էլ կատարվել են միևնույն կնոջ կողմից։ Նույն կերպ էին մտածում նաև Կլիմենտ Ալեքսանդրացին և Ամվրոսիյ Մեդիոլանսկին։
Բեթանիայի Մարիամի և Մարիամ Մագդաղենացու նույնացման անուղղակի վկայությունը առաջին անգամ հանդիպում է սուրբ Իպպոլիտ Հռոմեացու «Երգ երգոցների մեկնության» մեջ, որտեղ նշվում է, որ առաջինները, ում հայտնվել է Հիսուսը եղել են Մարիամը և Մարթան։ Խոսքը հավանաբար Ղազարողի քույրերի մասին է։ Ավետարանչական պատմվածքներում Հիսուսին օծող բոլոր կանանց նույնացումները Մագդաղենացու հետ, վերջնականապես առաջ է բերվել Հռոմի պապ Գրիգոր Մեծի կողմից 591 թ։
Արևմտաեվրոպական ապոկրիֆյան առասպելներում տրվում են մանրամասներ Մագդաղենացու մասին, օրինակ, նրա ծնողների անունները՝ Սիր և Եվխարիա։ Երբեմն պատմվում է, որ Մագդաղենացին հարսնացուն է եղել Հովհան Աստվածաբանի, վերջինս էլ սակայն մերժել է այդ ամուսնությունը Աստծուն ծառայելու համար։
Շատ է պատմվում Մագդաղենացու քարոզչական գործունեության մասին, որը ի տարբերություն բյուզանդական պատմվածքների կապված է ոչ թե Փոքր Ասիայի, այլ Ֆրանսիայի տարածքների հետ։ Մասնավորապես, ինչպես պատմվում է, Խաչելությունից հետո Մարիամն իր եղբոր, քրոջ՝ Մարտայի և սրբեր Մակսիմինի, Մարտելոյի, Կիդոնիի հետ ուղևորվել է քարոզելու քրիստոնեությունը Գալլիա՝ քաղաք Մասսիլիա (Մարսել)։
Մագդաղենացու կյանքի երկրորդ մասը համաձայն արևմտյան այս ավանդույթների անցել է անապատում մեկուսացված, որտեղ տրվել է խստագույն ասկետիզմի, ողբալով իր մեղքերը։ Նրա հագուստը փտել է, սակայն ամոթը ծածկում էին երկար մազերը։ Իսկ ուժասպառ ծերացած մարմինը ամեն գիշեր հրեշտակները երկինք էին բարձրացնում՝ ապաքինելու համար։ Մահվանից առաջ նրան հաղորդություն տվեց հանկարծակի այդ կողմերում անցնող մի քահանա։ Սուրբ Մակսիմինը ուղևորվում է Մագդաղենացու մոտ լսելով մահվան լուրը, նրա հետ անցկացնում նրա վերջին րոպեները։ Որից հետո թաղում է իր գաղափարակցին իրենց հիմնադրած եկեղեցում։ Սրբի մասունքները մինչ այսօր ցուցադրվում են Պրովանսե եկեղեցում։ Ի տարբերություն Սուրբ կույս Մարիամի Համբարձման, որ Աստվածամոր մահվանից հետո նրա մարմինը երկինք տարվեց, ինչի պատճառով էլ նրա մասունքները չեն ցուցադրվում, Մարիամ Մագդաղենացու Համբարձումը ուղղակի նրա և Աստծո միջև կապի արտահայտման ձևն էր և մահվանից հետո նրա մարմինը երկինք չբարձրացվեց։ Կաթոլիկ եկեղեցին գտնում է, որ Մարիամ Մագդաղենացու մասունքները գտնվում են Լատերանյան բազիլիկայում, որտեղ դրանք դրված են եղել զոհասեղանի տակ՝ օրհնված պապ Գոնորիոս III կողմից։
Մագդաղենացու կերպարը Արևմտյան Եվրոպայի մշակույթում դարերի ընթացքում բերում է զանազան սպեկուլյացիաների։ Հիմնական սյուժեները հետևյալներն են՝
Մագդաղենացու կերպարը մեծ դեր է խաղացել գնոստիկյան գրականության մեջ ևս, որը քրիստոնեության հերետիկոսական ուղղություն է և մեծ ազդեցություն է կրել անտիկ փիլիսոփայությունից և հեթանոսությունից։ Այստեղ Մագդաղենացին հանդես է գալիս որպես հայտնություններ ստացող և Քրիստոսի պատվիրանների ճշմարիտ հետևորդ։
Մարիամի ավետարանում պատմվում է Լեվիի խոսքերը Պետրոս առաքյալին, որտեղ նա քննադատում է Պետրոսին նրա համար, որ Պետրոսը, հակադրվելով ուսուցչին, շարունակում էր մեղադրել Մարիամին, և որ եթե տերը գտել է նրան արժանի, ուրեմն իրենք ևս պետք է դա ընդունեն։
Ոտնալվայի սյուժեն արևմտաեվրոպական արվեստ մտավ որպես Մարիամ Մագդաղենացու սրբանկարչության կարևոր մի մաս։ Մագդաղենացին պատկերվում էր սքանչելի կնոջ, անառակի կերպարանքով, ճոխ հագուստներով և շքեղ ծամերով։ Նա համբուրում է Փրկչի ոտքերը և թրջում է արցունքներով։ Այս սյուժեն հանդիպում է մանրանկարչության, հաստոցային գեղանկարչության մեջ, գրավյուրաներում, գոբելենում, վիտրաժներում։ Այս սյուժեով նկարել են Ռուբենսը, Պուսսենը և այլք։ «Մարիամից ավետարանը» ապոկրիֆյան տեքստը ղպտերեն լեզվով գտնվել է 1896 թ Կահիրեում դոկտոր Ռայնխարդի կողմից, բայց առաջին անգամ հրատարակվել է 1955 թ։ «Մարիամի ավետարանը» մանուսկրիպտի միակ օրինակը գտնվել է Ախմիմի ձեռագրերում, բացակայում են 1-6 և 11-14 էջերը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Մագդաղենացի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Մագդաղենացի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.