Հովհաննես առաքյալ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես առաքյալ (եբրայերեն՝ יוחנן «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատին․՝ Iohannes Zebedaei նաև՝ Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան), ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը։ Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը։
Հովհաննես առաքյալ | |
---|---|
Ծնունդ | 11[1] |
Ծննդավայր | Բեթսաիդա, Գալիլեա |
Վախճան | մոտ 99[1] |
Վախճան վայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Թաղման վայր | Թուրքիա |
Եկեղեցի | Ողջ Քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Ավագ տոներ (ՀԱԵ) Դեկտեմբերի 27 (Արևմտյան Քրիստոնեություն) Սեպտեմբերի 26 և մայիսի 8 (արևելյան Քրիստոնեություն) |
Աշխատանք | ձկնորս, աստվածաբան, Միստիկա և հեղինակ |
Պաշտոն | առաքյալ |
Ապրելաձև | միստիցիզմ |
Ազգություն | հրեա |
Երկիր | Հին Հռոմ |
Ուսուցիչ | Հիսուս և Հիսուս |
Մայր | Salome?[2][3][4] |
Հայր | Zebedee?[2][5][3][…] |
Քույր/եղբայր | Հակոբոս առաքյալ[2][6][7][…] |
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10)։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով՝ չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18: 15, 20: 3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19: 27, 20: 2, 21: 7)։
Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2: 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10: 3, Մարկ. 3: 17, Ղուկ. 6: 14)։ Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.
Գործք առաքելոցը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։
Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։
Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է Եփեսոս, որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է Պատմոս կղզի։ Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։
Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Հովհաննու ավետարանում փոքրիկ ակնարկ կա նրա մահվան վերաբերյալ. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ. և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (Հովհ. 21: 21-25)։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ 100 թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»։
Ավանդաբար Նոր Կտակարանում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, Հովհաննու ընդհանրական երեք նամակները և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը։ Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21: 25)։ Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից Իրենեոս Լուգդոնացին (+202) և Կղեմես Հռոմեացին (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը։ Հերապոլսի եպիսկոպոս Պապիասը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ՝ առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր։ Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին։ Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում։ Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել Հովհաննես Երեցը։ Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում Հովհաննես Երեցը։
Հովհաննեսը ավանդաբար համարվել է նաև Հայտնության գրքի հեղինակ, բայց եթե Դ Ավետարանը և երեք թղթերը կարող էին ներագրվել Զեբեդեոսի որդի Հովհաննեսի կողմից գրված, ապա Հայտնության հեղինակի հարցն ավելի խրթին է։ Եթե հաշվի առնենք այն, որ Հովհաննեսն ապրել է մինչև հռոմեական Դոմետիանոս կայսեր (81-96) ժամանակները, ապա հավանական է, որ նա է Պատմոսի տեսանողը, որի տեսիլքները գրի են առնվել Հայտնության գրքում։
Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով։ Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը։ Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի՝ ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը։ Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած։
Հովհաննես առաքյալը համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը։ Նրա անունով կան բազմաթիվ եկեղեցիներ։ Ավետարանչի տոնը նշվում է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից. Հայ Առաքելական Եկեղեցին Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ, Հունական եկեղեցին՝ սեպտեմբերի 26-ին և մայիսի 8-ին, իսկ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 27-ին և մայիսի 6-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.