From Wikipedia, the free encyclopedia
Մանրանկարչություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-Հաղպատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի, Ղրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծաղկողը, Մոմիկը (13-14րդ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։
Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար), Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներ, Սկևռայում ՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլք, Սսում՝ Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը, Ավագը (14-րդ դար) և այլն։
Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։ Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։
Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։
Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։
Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացու (10-րդ դար), Ներսես Շնորհալու (12-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն Դ և Հեթում Բ թագավորների (13-14-րդ դարեր), Գրիգոր Տաթևացու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսի, Մարտիրոս Ղրիմեցու(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։
Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում։ Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը։ Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) «Գոլշանե Աֆղանի» («Աֆղանական պարտեզ») աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը՝ ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով։
Մոմիկի հուշարձանը Իջևանում։ 1987 թ., քանդակագործ Յուրիկ Սամվելյան։
Գրիչ, մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկը Գլաձորի մանրանկարչության դպրոցի 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի առաջին կեսի նշանավոր ներկայացուցիչներից է։
Մոմիկը (Մոմիկը Վարդապետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերեց վանքում, Նորավանքում, հավանաբար նաև Կիլիկիայում։ Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում։ Եղել է Օրբելյան իշխանատան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը։ Մոմիկի պատվիրատուներն էին Սյունյաց մետրոպոլիտենի Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը։ Մոմիկի մանրանկարներից մեզ են հասել 3 վավերական և 1 անստորագիր ձեռագիր։ Մոմիկը առաջին անգամ որպես ծաղկող հիշատակվում է Կիլիկիայում Կեռան թագուհու պատվերով ստեղծված 1282 թ. Ավետարանում։ 1292 թ. ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը, որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին։ Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ։ Ստեփանոս Օրբելյանի պատվերով ստեղծված 1302-1304 թվականների Ավետարանում ակնառու է ձևերի մանրամասն դրվագավորումը, ֆիգուրների նրբիկ մշակումը։ «Համբարձում» պատկերում փոքրիկ էջին տեղավորված են 17 ֆիգուր, արտահայտիչ դեմքերով, էքսպրեսով։ Նրա լավագույն գործը 1302 թվականի «Պատերազմի Ավետարան»-ն է։
Անսովոր փոքր չափերով ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն։
1305-1306 թթ. Մոմիկը Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքարը, իսկ 1308 թ. երկու խաչքար Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Այս շրջանում է, որ նրա տեսողությունը վատացել է ու թեև 1337 թ. մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է, որ աչքերը լավացել են, սակայն փաստ է, որ Մոմիկը այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ։ Նրա ճարտարապետական առաջին վավերական գործը վերսլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենի կենտրոնագմբեթ եկեղեցին է 1321 թ.։ Այստեղ Մոմիկը հրաժարվել է արմատական ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։
Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ. Գրիգոր փոքր (1295 թ.) և Եղեգիսի Զորաց (1320-ական թ.) եկեղեցիները։ Մոմիկի մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով։ Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով՝ նա իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն՝ աննախադեպ մտահղացումներով։ Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում։ Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը։
Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում։ Սովորել է Գլաձորի համալսարանում՝ րաբունապետ Եսայի Նչեցու մոտ։ Մեզ են հասել 1307-1346 թթ. Թորոս Տարոնացու նկարազարդած 24 ձեռագրեր, որոնցից 11-ը պահվում են Մատենադարանում։ Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը « Եսայի Նչեցու Ավետարան»-ն է։
Տարոնացու լավագույն ստեղծագործությունների թվին են պատկանում նկարազարդ 2 Աստվածաշունչ, 2 Ավետարան և մեկ Ճաշոց։ Օգտվելով լատինական օրինակներից և կրելով կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը՝ Թորոս Տարոնացին յուրովի է վերարտադրել տեսածը, գրեթե անփոփոխ թողնելով իր ոճը։ Նրա ստեղծագործության մեջ մաքուր զարդանկարչական տարրերի առկայությունն ու արտաքին գունային տպավորություն ստեղծելու ձգտումը որոշ առումով հետին պլան են մղում երևույթների ներքին էության բացահայտումը։ Հատկապես տպավորիչ են մեծ, նշաձև աչքերով, շեշտված աղեղնաձև հոնքերով կերպարները։ Չնայած, դրան, Թորոս Տարոնացու արվեստը գրավիչ է իր անկեղծությամբ ու գեղանկարչական տարրերի առկայությամբ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայկական մանրանկարչություն կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.