Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մատթեոս Ջուղայեցի (մոտ 1350, Ջուղա[1] - մոտ 1411), XIV դարի վերջի և XV դարի սկզբի հայ մեկնիչ, մանկավարժ և գրիչ, ում աշխատությունները մեծապես ընդօրինակվել ու տարածվել են Հայաստանում և հայաշատ գաղթավայրերում։
Մատթեոս Ջուղայեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1350 |
Ծննդավայր | Ջուղա[1] |
Մահացել է | մոտ 1411 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գլաձորի համալսարան[1] |
Ազդվել է | Գրիգոր Տաթևացի |
Մասնագիտություն | մեկնիչ, ուսուցիչ և գրիչ |
Աշխատավայր | Տաթևի համալսարան[1] |
Ծնվել է հին Ջուղայում[2][3]։ Հայտնի չէ նախնական կրթություն ստանալու վայրը։ Բարձրագույն կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն։ Շրջագայել է Հայաստանում և Փոքր Ասիայում, եղել Կոստանդնուպոլսում։ 1393 թվականից մի քանի տարի առաջ Մատթեոսը եղել է Խաչենի շրջաններում, Աղթամարում[4]։ Տիրապետել է մի քանի լեզուների։ Երիտասարդ տարիներին ոչ միայն ուսումնասիրել է հայ մատենագրությունը, այլև տիրապետել է արաբերեն գրավոր լեզվին, ուսումնասիրել է իսլամի կրոնական գրքերը, քաղվածքներ արել ու մեկնաբանել։
1391 թվականին Երնջակի Ապրակունյաց վանքում գրում է իր առաջին աշխատությունը՝ «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին»։ Գրիգոր Տաթևացուն աշակերտելուց 4-5 տարի անց Ջուղայեցին սկսեց ինքնուրույն մեկնաբանել աշխատություններ։ 1392 թվականին լինելով Աղթամարում՝ Մատթեոսը վիճում է մի մուսուլմանի հետ, ինչի մասին պատմում է իր «Վասն հարցման անօրինաց․ զանազան պատասխանիք» խորագրում։ 14-րդ դարի 90-ական թվականներից Ջուղայեցին արդեն ճանաչված վարդապետ էր Սյունիքում և Վասպուրականում։ Այդ տարիներին Լենկ Թեմուրի զորքերն ասպատակում էին Հայաստանի նահանգներն ու շրջանները, գերեվարում բնակիչներին, ավերում ուղերն ու քաղաքները։ Այս իրադարձությունների մասին Ջուղայեցին գրել է 1395 թվականին Տաթևի վանքում[5]։ Լենկ Թեմուրի զորքերը 13 տարի պաշարման մեջ են պահում Երնջակի բերդը, որտեղ գտնվում էր նաև Մատթեոս Ջուղայեցին։ Այնտեղ նա գրում է Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված մի տաղ։ Հայտնի չէ, թե երբ է Ջուղայեցին դուրս եկել պաշարումից, սակայն հայտնի է, որ 1393 թվականին գտնվում էր Տանձափարախ անապատում, որտեղ գրել է «Վասն քարոզութեան բանի» աշխատությունը։
1395 թվականին նա մշտապես հաստատվում է Տաթևում։ Շուտով ձեռք է բերում մեծ փորձ դասախոսական ոլորտում և մի քանի տարի անց դառնում է Տաթևի համալսարանի գլխավոր վարդապետերից մեկը։ Սրա մասին 1402 թվականին վկայում է Թումա Սյունեցի գրիչն իր հիշատակարանում Ծար գավառի Քարավաճառ գյուղում[6]։ Ըստ 1407 թվականի իր ինքնագիր հիշատակարաններից մեկի՝ Ջուղայեցին միաժամանակ վարում էր նաև Տաթևի վանքի վանահոր պաշտոնը։ 1407 թվականին նա ոմն Մըմբարաքշահի պատվերով նկարագրում է ժամանակի քաղաքական իրավիճակը մի ընդօրինակած ավետարանի վերջում։
Մատթեոսը հայ ժողովրդի հետ միասին որոշ հույսեր էր կապում Լենկ Թեմուրի պարտության հետ։ Կարծում էին, թե նրա պարտությամբ ժողովրդի և երկրի վիճակը կբարելավվեր, սակայն այդ սպասելիքները չարդարացան, ինչին նա անդրադառնում է Գրիգոր Տաթևացու թաղման ժամանակ արտասանած դամբանականի, ինչպես նաև «Քննութիւն գործոց առաքելոց» հիշատակարանի մեջ։ Երկրում տիրող ծանր իրավիճակը Մատթեոսը 1411 թվականին նկարագրում է իր վերջին աշխատության մեջ։
1411 թվականից հետո Ջուղայեցու մասին որևէ հիշատակություն չկա։
Ստեղծագործելով շուրջ 3-4 տասնամյակ (1380-1410-ական թվականներ)՝ Մատթեոս Ջուղայեցին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր (Գրիգոր Ծերենցի պատվերով), բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, Գրիգոր Տաթևացու թաղմանը (հունվար, 1410) արտասանած դամբանականը։ Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով։ Գաղափարական պայքար է մղել ունիթորական շարժման դեմ՝ հայ եկեղեցու ազգային-դավանական անկախության համար։ Նրա ստեղծագործություններն ունեն պատմաճանաչողական արժեք, հարուստ տեղեկություններ են պարունակում Լենկթեմուրի և կարա-կոյունլուների շրջանի Հայաստանի ներքին կյանքի, քաղաքական վիճակի, սոցիալտնտեսական հարաբերությունների, դասային կառուցվածքի, քաղաքային ու գյուղական համայնքների, կենցաղի, զբաղմունքների, հարկատեսակների, արհեստավորական և գյուղատնտեսական աշխատանքների, միջնադարյան թատրոնի, ժամանակի բնական գիտությունների վերաբերյալ։ Պահպանվել են Մաթեոս Ջուղայեցու օրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր։
XIV դարում հին Ջուղան մի փոքր գյուղաքաղաք էր, որը գտնվում էր Արաքսի հայտնի կամրջի մոտ։ Այստեղով էր անցնում միջազգային նշանակություն ունեցող քարավանային ճանապարհներից մեկը[7]։ Ջուղան այդ ժամանակ վեր էր ածվել առևտրական հանգրվանի, իսկ ջուղայեցիները որպես առևտրականներ ու միջնորդներ մասնակցում էին այդ առևտրին։ Այդ իսկ պատճառով Ջուղայեցու աշխատություններում կան առևտրի և արհեստի մասին բազմաթիվ տվյալներ։
XVII դարի հեղինակ Վարդան Բաղիշեցին իր «Ով ոք են արարեալ զլուծմունքս և զքաղուածոյս գրոց» ցուցակում Գրիգոր Տաթևացու և Առաքել Սյունեցու կողքին հիշատակում է նաև Մատթեոս Ջուղայեցուն։
1750 թվականին Կոստանդնուպոլսում լույս է տեսնում նրա «Վասն քարոզութեան բանի, առեալ ի վարդապետութենէ սուրբ հօրն Եւագրեայ․․․» աշխատությունը։
Մխիթարյան հայագետները արհամարհում էին միջնադարյան հայ մատենագրության բոլոր այն գործիչներին, ովքեր բացահայտ դեմ էին հանդես եկել կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսության և Վատիկանի կողմից Արևելք ուղարկած քարոզիչներին։ XIV դարի երկրորդ կեսին Տաթևի դպրոցի հիմնադիրներ ու ղեկավարներ Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և նրանց աշակերտներն ուժեղ պայքար ծավալեցին Հայաստանում կաթոլիցիզմի և հայ ունիթորների դեմ։ Այդ աշակերտներից մեկն էլ Մատթեոս Ջուղայեցին էր։
Ջուղայեցին գրել է մոտ 50 քարոզ[16]։ Դրանք գրված են Աստվածաշնչից վերցված բնաբաններով, որոնք, որպես կանոն, 7 պատվիրաններն էին։ Քարոզների գրման թվականը հայտնի չէ։ 1391 թվականին գրված «Ի գլխոյն Ղուկասու հաւաքումն բանից» աշխատությունը ևս պարունակում է քարոզներ։
Ջուղայեցին զբաղվել է նաև ձեռագրերի ընդօրինակմամբ։ Նրա բազմացրած ձեռագրերից հայտնի են՝
Մատթեոս Ջուղայեցու տնտեսագիտական հայացքները որոշակիորեն համընկնում են Գրիգոր Տաթևացու հայացքներին, քանզի Ջուղայեցին աշակերտել է Տաթևացուն, այնուհետև գործել են համատեղ։ Ջուղայեցին իր ձեռագիր աշխատանքներում, հիմնականում քարոզներում, նախ և առաջ անդրադարձել է հարստության և աղքատության բևեռացման խնդրի մեկնաբանմանը։ Նա գտնում է, որ հավասարությունն անհրաժեշտ է, սակայն հարստությունը սահմանափակ է, այն արևի ու ջրի նման անսպառ չէ, հետևաբար, ըստ նրա անխուսափելի է դառնում մարդկանց ունեցվածքի անհավասարությունը[փա՞ստ]։
Մատթեոս Ջուղայեցին անդրադարձել է նաև ֆեոդալական սեփականության հարաբերություններին, որը նա համարում է ընդհանրապես տիրապետության կամ տնօրինության չորս ձևերից մեկը՝ անձի տիրապետության, ծառաներին տիրապետման, որդիներին տիրապետման հետ մեկտեղ։ Ջուղայեցին ավելի հիմնավորել այն գաղափարը, որ միջնադարում սեփականատիրության, նրա ձեռք բերման ամենատարածված ուղիներից մեկը եղել է բռնությունը[փա՞ստ]։
Ջուղայեցին անդրադարձել է վարձու աշխատանքի կիրառման և վարձատրության հարցերին։ Նա նշել է, որ մշակներն օրական մեկ դահեկան են վարձատրվում, որը հազիվ է բավարարում՝ ձեռք բերելու նրանց գոյության պահպանման նվազագույն կենսամիջոցները[փա՞ստ]։
Ջուղայեցին ընդգծում է նյութական բարիքների արտադրության կարևորությունը, նշելով, որ դրանք մեր կյանքի պայմանն են, իսկ հոգևոր բարիքները ապրուստի աղբյուր լինել չեն կարող։ Արտադրության կազմակերպման պայմանների մեջ նա որոշակիորեն ընդգծել է արտադրության նյութական և անձնական տարրերի կարևորությունը։ Նա հատկապես կարևորել է աշխատանքի գործիքները և դրանց շարքն է դասել նաև բանող անասուններին։ Աշխատանքին առանձնահատուկ դեր է հատկացրել արտադրության պրոցեսում՝ նշելով նրա ֆիզիկական և մտավոր կողմերը։ Նա մերժել է հարկադիր աշխատանքը, նշել, որ աշխատողը պետք է ազատ լինի և տնօրինի իր ստեղծած արդյունքները։ Ջուղայեցին դեմ է վարձու աշխատանքին, գտնելով, որ այն հարկադիր աշխատանք է և անձնական շահագրգռվածություն չի ապահովում[փա՞ստ]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.