հայ արձակագիր, վիպագիր, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Պերճ Պռոշյան (Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյան, հունիսի 3, 1837[2], Աշտարակ, Էջմիածնի գավառ[1] - նոյեմբերի 23, 1907[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1], թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը), հայ գրող։
Պերճ Պռոշյան | |
---|---|
Ծննդյան անուն | Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյան[1] |
Ծնվել է | հունիսի 3, 1837[2] |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1907[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի հոգևոր ճեմարան (1852), Ներսիսյան դպրոց (1856)[1] և Թիֆլիսի գիմնազիա[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Սոս և Վարդիթեր |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1], Հայ Առաքելական Եկեղեցի, Մշակ և Փորձ |
Զավակներ | Պռոշ Պռոշյան, Պերճանույշ Պռոշյան, Աշխեն Պռոշյան, Շուշանիկ Պռոշյան և Էաչի Պռոշյան |
Պերճ Պռոշյան Վիքիդարանում | |
Perch Proshyan Վիքիպահեստում |
Ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-1852), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857 թվականին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։
1859 թվականին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում (դասավանդել է հայ գրականություն, հայոց լեզու և պատմություն[3]), Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879 թվականին հրավիրվել է Էջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881 թվականը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887 թվականին վերադարձել է Թիֆլիս[4]։
1850-ական թթ. ներշնչվել է ազգային–կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին. 1860 թվականին Պռոշյանը գրել է «Սոս և Վարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա», «Սոս և Վարդիթեր»-ի աշխատությամբ Միքայել Նալբանդյանը բարձր է գնահատել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։ Սիրապատում սյուժեին զուգորդված ազգագրական պատկերները պատմափիլիսոփայական որոշակի միտում ունեին, որի իմաստը Պռոշյանը մեկնաբանել է վեպի առաջաբանում։ Նկատելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է ավանդություններ, ծեսեր, երգեր ու առասպելներ, որոնք, պարունակում են յուրյանց մեջ մեծ բարոյական դասեր», նա պատվիրել է հայ գրողներին «գրով ի լույս հանել... ազգի կենաց տիպը պարունակող» այդ «անգին ավանդությանց հիշատակները»։ Սակայն իր վեպում բարոյական ավանդների արժեքը Պռոշյանը դիտել է սոցիալական կոնկրետ ժամանակի մեջ, որտեղ նահապետական հովվերգությունը բախվում էր կապիտալիստական նորամուտ բարքերին։
1879 թվականին «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը[5], որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։ Նահապետական գյուղը ներկայացնելով երկու ներհակ ուժերի բախման մեջ՝ գրողն իրար է հակադրել կյանքի երկու ըմբռնում, կեցության երկու ձև։ Մեկը նահապետական համայնքն էր, որ ձգտում էր պահպանել իր գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ կապիտալի նախնական կուտակումը, որ խարխլում էր առաջին հիմքերը։ Դարաշրջանի սոցիալական այս դրաման ներկայացվում է Խեչանենց Խաչանի և Միկիտան Սաքոյի բախումով։ Կապիտալիստական հարաբերությունների ներխուժումով քանդվում է նահապետական գյուղը, ենթարկվում դասակարգային շերտավորման, գյուղացին զրկվում է հողին և ունեցվածքին կապված լինելու իրավունքից։ Ցույց տալով տնտեսական քայքայման անխուսափելիությունը՝ Պռոշյանը չկարողացավ ըմբռնել այդ երևույթի սոցիալական անհրաժեշտությունը։
Ինչպես այս, այնպես էլ «Ցեցեր»[5], «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։ Նրա իդեալը համընկել է շահագործումից, ներքին հակասություններից ազատ, իրավահավասար նահապետական համակեցության սոցիալական երազանքին։ Կապված լինելով իր դասակարգի հետ՝ նա ձգտել է խղճի «արդար դատարանի» բարոյական հորդորներով կանխել չարիքի ներխուժումը, բայց որպես ռեալիստ օբյեկտիվորեն ականատես է եղել պատրանքների ամենօրյա փլուզմանը և վերապրել իր համակրելի մարդկանց կործանումը։ Պռոշյանի ստեղծագործությունը եղերգ է՝ անդառնալիորեն անհետացող նահապետական հայ գյուղի մասին։
Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»-ը, որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները ներհյուսվել են 1840-1850–ական թվականների ազգային մտավորականության գաղափարական որոնումների, դեպքերի ու դեմքերի հավաստի նկարագրություններով, բնութագրումներով։
Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։
Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։ Պատկերելով «գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ և ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը և որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ և որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։
Պերճ Պռոշյանի հայրը՝ Ստեփան Տեր-Առաքելյան Պռոշյանցը (Խուբովյանց) եղել է դերձակ։ Նա ամեն ինչ արել է, որ որդիները լավ կրթություն ստանան և դրա համար հրավիրել է Էջմիածնից Շապուհ Շահնազարյանցին, ով բացել է դպրոց Աշտարակում։ Նախնական գրել-կարդալը Պերճ Պռոշյանը սովորել է հորից և եղբորից՝ Խուբով (Տեր-Առաքել)։ Ծնունդով աշտարակցի մայրը՝ Ֆալաք Մարգարյան-Մելումյանցը եղել է մեծահարուստի ընտանիքից։ Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգյանը, մայրական կողմից եղել է Սայաթ-Նովայի ծոռնուհին։ Եղել է կիրթ և բանիմաց կին։ Հետագայում Պռոշյանը իր հուշերում գրել է, որ եթե չլիներ Աննան, ինքը չէր լինի այն, ինչ կար։ Ունեցել են 6 զավակ՝ 3 աղջիկ և 3 տղա[6]։
Մահացել է Բաքվում։ Թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.