Հայկական հեռուստաալիք From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (Հ1, Առաջին ալիք, միջազգային ՝ARMTV) — հայկական պետական հեռուստատեսություն։ Հիմնադրվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ 1955 թ. սեպտեմբերի 5-ին, իսկ առաջին եթերը կայացավ 1956 թ․ նոյեմբերի 29-ին։
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն | |
---|---|
Տեսակ | հեռուստաընկերություն |
Հիմնադրված է | սեպտեմբերի 5, 1955 (հիմնադրման տարեթիվ) նոյեմբերի 29, 1956 (եթերի սկիզբ) |
Հիմնադիր | ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ |
Վայր | Երևան, Հայաստան[1] |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Հովհաննես Մովսիսյան (գործադիր տնօրեն) |
Սպասարկվող տարածք | Հայաստան Արցախի Հանրապետություն միջազգային[2] |
Արտադրանք | մեդիա |
Ծառայություններ | հեռուստատեսություն, կայքեր |
Զուտ շահույթ | 3,448,664,000 ֏ (2015)[3] |
Ստորաբաժանումներ | Առաջին ալիք Համահայկական ալիք |
Նախկին | Հայկական հեռուստատեսության 1-ին ծրագիր (1956-1991), Հայկական հեռուստատեսություն (1991-1993), Հայաստանի հեռուստատեսության 1-ին ալիք (1993-1994), Հայաստանի հեռուստատեսություն (1994-1996), Հայաստանի պետական հեռուստատեսություն (1996-1997), Հայաստանի ազգային հեռուստատեսություն (1997-2001), Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2001-ներկա) |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Կայք | 1tv.am(հայ.) և armtv.com(հայ.) |
Մասնակից է | Եվրոպական հեռարձակողների միություն |
Public Television of Armenia Վիքիպահեստում |
Հաղորդումները կանոնավոր կերպով հեռարձակվում էին շաբաթական չորս անգամ ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ երկուական ժամով։ 1957 թ. նոյեմբերի 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ հեռարձակումը։ 1970 թ. շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը (հանրապետական հեռուստակենտրոն)։
Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։ Մեկ տարի անց` 1972 թվականին, գործարկվել է Երևան-Դոնի Ռոստով ռադիոռելեային գիծը, որով կենտրոնական հեռուստատեսությունը ընդունում էր հեռուստաընկերության հաղորդումները։ 1973-1998 թվականներին գործում էր հեռուստաընկերության 2-րդ ծրագիրը, որը ընթացքում փոխարինվեց «Պրոմեթևս» մասնավոր հեռուստաընկերությամբ։ 1977 թվականից ընդունվում էին 2-րդ ծրագրի հաղորդումները։ Գունավոր պատկերմամբ առաջին հաղորդումը հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1973 թ. մայիսի 1-ին, և 1981 թվականից հաղորդումները հեռարձակվում էին ամբողջովին գունավոր պատկերմամբ։
1987 թվականին գործել են առաջին և երկրորդ, հեռուստաընկերության երկու ծրագրերը՝ 43,9 ժամ ընդհանուր տևողությամբ, որից հեռուստաընկերության հաղորդումները տևում էին 14 ժամ․ առաջին ծրագրով տրվում էին ինֆորմացիոն հասարակական-քաղաքացիական, ուսուցողական, գեղարվեստական և մարզական հաղորդումներ։ Երկրորդ ծրագիրը նախատեսված էր Երևանի և իր շրջակայքի համար։ Բնակչության 97%-ը ընդունել է ԿՀ առաջին ծրագրի, 84%-ը՝ ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։
1990-ական թվականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից[փա՞ստ]։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թվականի վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվական» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց, 1991 թ. փետրվարի 19-ին սկսվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան։
1996 թվականից Հ1-ը «Hot Bird» արբանյակից սկսեց հեռարձակվել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2000 թվականից նաև Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 1999 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ Հայաստանի Կապի նախարարության և իտալական «Տելեսպազիո» ընկերության միջև կնքված պայմանագրով։ Ներկայումս Հանրային Հեռուստաընկերության միջազգային «Հայաստան 1» արբանյակային հեռուստաալիքը հեռարձակվում է ողջ աշխարհում[4], իսկ ահա 2000 թվականից գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց Հանրային հեռուստաընկերության՝ «Հ1» տարբերանշանով։ Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչև 2005 թվականի հունվարի 1-ը բոլոր հաղորդումները և ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով։ Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետև՝ հեռուստասերիալները։
2005 թ. հուլիսի 7-ից 8-ը Դուբրովնիկում տեղի ունեցած Եվրոպական հեռարձակողների միության 56-րդ գլխավոր համագումարում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որի արդյունքում 2006 թվականից Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին[5]։ 2001 թ․-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հիմնադրվեց «Նոր ալիք» հեռուստաընկերությունը, որը ցուցադրում էր երաժշտական և ժամանցային հաղորդումներ։ 2008-ին «Նոր ալիքը» լուծարվեց և նույն տարում ստեղծվեց Հանրային հեռուստաընկերության երկրորդ՝ «Արարատ» հեռուստաալիքը, որը սակայն դադարեցրեց իր գործունեությունը 2011 թվականին, զիջելով իր եթերային ալիքը «Շողակաթ» հեռուստաալիքին[6]։
2008 թվականին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան մի շարք շոու ծրագրեր, որոնց փոխարինելու եկան հայրենական արտադրության ֆիլմերն ու հաղորդումները։ Սկսվեց գեղարվեստական և հեռուստաֆիլմերի արտադրության նոր փուլ։
2007 թվականին Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում նկարահանվեց «Մի վախեցիր» 5 մասանոց ֆիլմը նվիրված Արցախյան պատերազմին, 2009-ին՝ «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմը՝ Նար-Դոսի համանուն վիպակի մոտիվներով, 2010-ին հեռուստադիտողին ներկայացվեց Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանված համանուն վերնագրով և հինգ մասից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը, 2011 թվականին՝ «Արտիստը»՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա։ Արտադրված առաջին հայկական սերիալներից էին «Որբեր» և «Աննա» սերիալները (2009), 2013 թվականին՝ «Մեր գյուղը», 2014 թվականին՝ «Շտապ օգնություն» սերիալները։ 2015 թվականին ցուցադրվեց «Հատուկ բաժին» հեռուստասերիալը։
2010 թվականից առ այսօր եթերում է «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, 2013 թվականին բացվեց «Հայադարան» գրական հաղորդաշարը։
Անցում կատարվեց թվային հեռարձակման։
2014 թվականին ձեռք բերվեց «Avid» ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում (Ռոսիա 1, BBC, ABC)՝ տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով։
2015 թվականին Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան և HD արբանյակային հեռարձակման կայան։ Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաև թվային լրահավաք մեքենա։
Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ հանրաճանաչ «IOS» և «Android» համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել և դիտել անվճար։
2016 թվականի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, և նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման ինչպես մետրային, այնպես էլ արբանյակային հաճախականությունների համար։
Սովետական տարիներին ՀՀ արտադրական-ստեղծագործական աշխատանքները կոորդինացնում էր ծրագրերի գլխավոր ուղղությունը ՝ միավորելով հաղորդավարների, թողարկիչների, նկարիչների, հնչյունային ռեժիսորների, հեռուստատեսային օպերատորների, կինոցուցադրումների բաժնի և ֆիլմադարանի աշխատանքը։ ՀՀ ծրագրերի նյութերը պատրաստվել են սովետական քարոզչության, ինֆորմացիայի, կոմունիստական «դաստիարակության», երիտասարդական, մանկապատանեկան, ուսուցողական և գիտահանրամատչելի, գրականության և արվեստի, դրամատիկական, երաժշտական, նամակների և սոցիոլոգիական ուսումնասիրությունների, ռուսերեն և խորհրդային այլ երկրների լեզուներով տրվող, Փոխանակային և ԿՀ ու համամիութենական ռադիոյի համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունները։ Սովետական քարոզչության գլխավոր խմբագրության հաղորդումներն, ինչպիսիք են «Հրատապ էկրան»-ը, «Հեռուստատեսային պրեսկոնֆերանս»-ը, «Արձագանք»-ը, «Հնգամյակի սոցիալ-տնտեսական պրոբլեմները», «Պարենային ծրագիրը գործողության մեջ» և «Պատմվածքներ կոմունիստների մասին» -ը մեծապես օժանդակում էին կուսակցական կազմակերպությունների քարոզչությանը։ Ինֆորմացիայի գլխավոր խմբագրության «Իրադարձություններ, երկրներ, պրոբլեմներ», «Կապիտալիզմն առանց դիմակի» հաղորդաշարերում մեկնաբանվում են միջազգային կյանքի, պատերազմի ու խաղաղության հարցեր, ըստ ամենայնի լուսաբանվում ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը, խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից քննադատվում արևմտյան երկրների (ԱՄՆ, եվրոպական երկրներ) քաղաքականությունը։
Խորհրդային պետության ներքին և արտաքին քաղաքականության, խորհրդային ապրելակերպի պրոպագանդմանն էին ծառայում «Երաշխավորված է սահմանադրությամբ», «Սովետական ապրելակերպ», «Արվեստագետն ու ժամանակը», «Խոսք երիտասարդությանը», «Կարգապահությունն ու մենք», «Որակի գումարելիները», «Իմ հայրենիքը ԽՍՀՄ-ն է», «Ձայն խաղաղության», «Մոլորակին մաքուր երկինք» և այլ հաղորդաշարեր։ Աճող սերնդի կոմունիստական ոգով դաստիարակության նպատակին էին ուղղված «Խարույկ», «Արիության դասեր», «Անխախտ բարեկամություն», «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», «16-18» մանկական հանդեսները, «Մենք և երեխաները» հաղորդաշարը։
Նախադպրոցական տարիքի երեխաների համար գործել են հայոց և ռուսաց լեզուների ուսուցման հաղորդաշարերը։ Առանձին հաղորդումներ էին նվիրվում սովետական ժողովուրդների գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը։ Գեղարվեստական հաղորդումներից լայն ճանաչում ունեն «Դրական կամուրջներ», «Մեր լեզուն, մեր խոսքը» (ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985), «Բյուրակն», «Նորք», «Հայ երգի ակումբ», «Երաժշտական կյանք», «Երաժշտական Փոստարկղ» հանդեսները։
Պարբերաբար տրվել են ԽՍՀՄ պետությունների և սոցիալիստական ճամբարի այլ երկրների երաժշտական ու գեղարվեստական կոլեկտիվների, անհայտ կատարողների ելույթներ։ 1970 թվականին ստեղծվել է հեռուստատեսային կինոնկարների «Երևան» ստուդիան, որը տարեկան նկարահանում ու մշակում էր միջինում շուրջ 320 ժ կինոժապավեն, որից 20-ը՝ 35 մմ։ Ստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներ միութենական փառատոների մրցանակակիրներ էին, իսկ «Ձորի Միրո», «Արամ Խաչատրյան», «Անուշ» և «Քառյակ» ժապավեններն արժանացել էին հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոների գլխավոր մրցանակներին։
ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետկոմի կողմը 1957 թ. հրատարակում է «Եթերում է Երևանը» (հայերեն և ռուսերեն) հեռուստատեսային հաղորդումների ծրագիր-տեղեկատուն։
Առաջին ալիքի գործադիր տնօրենը 2020թ․ նոյեմբերից հանդիսանում է Հովհաննես Մովսիսյանը[7]։ Լրատվական բաժնի տնօրենը Պետրոս Ղազարյանն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.