Remove ads
հայ թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914[1], Լոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1993[2], Երևան, Հայաստան[3]), հայ սովետական բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից, ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Համո Սահյան | |
---|---|
Ծննդյան անուն | Հմայակ Սահակի Գրիգորյան[1] |
Ծնվել է | ապրիլի 14, 1914[1] |
Ծննդավայր | Լոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 17, 1993[2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[3] |
Գերեզման | Գերեզման Համո Սահյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1939) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Կոմունիստ[1], Ավանգարդ[1], Ոզնի[1] և Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Համո Սահյան Վիքիքաղվածքում | |
Համո Սահյան Վիքիդարանում | |
Hamo Sahyan Վիքիպահեստում |
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.
Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող, Ձեր խորհուրդը խորն է եղել Ու խրատը՝ գերող։ |
Պատերազմից հետո աշխատել է «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965)։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։
Նրա մասին արտահայտվել է Հրանտ Մաթևոսյանը, Վահագն Դավթյանը, Կայսին Կուլիևը (բալկար բանաստեղծ), Ալլա Մանչերկոն ( ռուս քննադատ), Լև Օզերովը ( ռուս բանաստեղծ)։
Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».
Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.
…Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ
Ինչ կանչերով էլ ականջս շահեն, Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն, Ինչ համերով էլ կաշառեն լեզուս, Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք Քո շշուկներն են կրկնելու նորից… |
Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1989 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը։
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։ Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։
Բանաստեղծի բանահյուսական ուժեղ սկիզբը դրսևորվել է նրա վաղ բանաստեղծություններում։ Օրինակ՝
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները...[4] |
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...[4] |
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնցած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...[4]
- Կայսին Կուլիև |
Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում... Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում[4]։ |
Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։ Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...[4] |
Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ... |
2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները։ Ներկայումս թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով։
Համո Սահյանի անունն է կրում Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №70 հիմնական դպրոցը։
Սիսիանում կա նաև Համո Սահյանին նվիրված հուշարձան։
2007 թվականին Երևանի Կասյան փողոցում տեղադրվել է Համո Սահյանի հուշատախտակը, որի քանդակագործն է Գետիկ Բաղդասարյանը։
1975 թվականին գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանը վրձնել է Համո Սահյանի դիմանկարը, որը գտնվում է Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.