From Wikipedia, the free encyclopedia
Թարգմանությունը ելակետային լեզվից (ԵԼ) թարգմանվող լեզվի (ԹԼ) միջոցներով բնագրային տեքստի լավ համարժեք հաղորդումն է[1]։ Անգլերենն ունի տերմինաբանական տարբերություն (ոչ բոլոր լեզուներն ունեն) թարգմանության (գրավոր տեքստ) և բանավոր թարգմանության (բանավոր կամ նշանային լեզվով հաղորդակցություն տարբեր լեզուների լեզվակիրների միջև) միջև․ այս տարբերությունից ելնելով՝ թարգմանություն երևույթը սկիզբ է առել տվյալ լեզվական համայնքում գրի առաջացումից հետո։
Թարգմանիչը միշտ ոչ կանխամտածված ռիսկի է դիմում ԵԼ-ի բառերը, քերականությունը կամ շարահյուսությունը ԹԼ թարգմանելիս։ Մյուս կողմից այսպիսի ներթափանցումները ներմուծում են կարևոր ԵԼ բառապատճեններ և փոխառություններ, որոնք հարստացնում են ԹԼ-ն։ Թարգմանիչները, որոնց թվում նաև հոգևոր տեքստերի առաջին թարգմանիչները, օգնում են կազմավորել հենց այն լեզուն, որով նրանք թարգմանում են[2]։
Թարգմանության գործընթացի աշխատատարության պատճառով 1940-ական թվականներից սկսած ջանքեր են ներդրվում, որոնք տարբեր հաջողություն են ունենում, թարգմանության գործընթացն ավտոմատացնելու կամ թարգմանիչներին մեխանիկական օգնություն ցուցաբերելու համար[3]։ Վերջին շրջանում համացանցի ընդլայնումը խթանեց թարգմանական ծառայությունների համաշխարհային շուկան և հեշտացրեց «լեզվի տեղայնացումը»[4]։
Անգլերեն "translation" բառը ծագում է լատիներեն translatio[6] բառից, որը գալիս է trans ՝ «մի կողմից մյուսը» + ferre ՝ «տանել» կամ «բերել» (-latio իր հերթին ծագում է latus-ից՝ ferre-ի անցյալ դերբայից)։ Հետևաբար translatio նշանակում է «մի կողմից մյուսը տանելը» կամ «մի կողմից մյուսը բերելը»․ այս դեպքում տեքստի՝ մեկ լեզվից մյուսը[7]։
Գերմանական լեզուները[8] և որոշ սլավոնական լեզուներ «թարգմանություն» հասկացությունը բառապատճենել են հենց translatio բառից[7]։
Ռոմանական լեզուներում և սլավոնական լեզուների մնացած մասում «թարգմանություն» հասկացությունը ծագում է մեկ այլ լատիներեն բառից՝ traductio, որն իր հերթին ծագում է traducere բառից («մի կողմից մյուսը առաջ տանել» կամ «մի կողմից մյուսը բերել»՝ trans «մի կողմից մյուսը» + ducere՝ «առաջ տանել» կամ «բերել»)[7]։
«Թարգմանություն» հասկացության հին հունարեն μετάφρασις (metaphrasis, «մի կողմից մյուսը խոսելը») տերմինն առկա է անգլերենում՝
"metaphrase" («բառացի» կամ «բառ առ բառ» թարգմանություն), որին հակադրվում է "paraphrase"-ը («այլ բառերով ասվածը», որը ծագում է παράφρασις-ից, paraphrasis)[7]։ Համաձայն վերջին տերմինաբանություններից մեկի՝ "metaphrase"-ը համապատասխանում է «ձևի համարժեքությանը» (ի հակադրություն իմաստի և նշանակության), իսկ "paraphrase"-ը՝ «դինամիկ համարժեքություն»[9]։
Սակայն, metaphrase հասկացությունը՝ որպես «բառ առ բառ թարգմանություն», ոչ ճշգրիտ հասկացություն է, քանի որ շատ հաճախ տվյալ լեզվի տվյալ բառն ունի մեկից ավելի իմաստ, ինչպես նաև տվյալ իմաստը տվյալ լեզվում կարող է արտահայտվել մեկից ավելի բառերով։ Այնուամենայնիվ, "metaphrase" և "paraphrase" հասկացությունները կարևոր են որպես կատարյալ հասկացություններ, քանի որ նշում են այն ծայրահեղությունները, որոնք առկա են թարգմանության հնարավոր մոտեցումների բազմազանության մեջ[10]։
Թարգմանության տեսության և գործառության քննարկումները սկսվում են հին ժամանակներից և շարունակվում են մինչ մեր օրերը։ Հին հույները տարբերակում էին metaphrase-ը (բառացի թարգմանություն) և paraphrase-ը։ Այս տարբերությունն ընդունվել է անգլիացի բանաստեղծ և թարգմանիչ Ջոն Դրայդենի կողմից, որը սահմանում էր թարգմանությունը որպես ձևակերպումների այս երկու եղանակների ողջամիտ խառնուրդ, երբ ԹԼ-ում ընտրվում են «կրկնօրինակներ» կամ համարժեքներ այն արտահայտություններին, որոնք օգտագործվում են ԵԼ-ում․
«Գրողին ցավ է պատճառում, երբ իր՝ բառացիորեն նրբագեղ բառերը փոխում են։ Բայց քանի որ այն, ինչ մի լեզվով գեղեցիկ է, կարող է լինել անկիրթ և անգամ անմիտ մեկ այլ լեզվով, անիմաստ կլինի սահմանափակել թարգմանչին հեղինակի նեղ բառապաշարի շրջանակներում։ Բավական է միայն թարգմանիչն ընտրի այնպիսի բառեր, որոնք չեն աղավաղում իմաստը»։
Դրայդենը, այնուամենայնիվ, զգուշացնում է, որ չի կարելի դիմել «իմիտացիայի», այն է «ադապտացված թարգմանության»․ «Երբ նկարիչն ընդօրինակում է կյանքից․․․ նա չունի դիմագծերը և տարբերիչ գծերը փոխելու որևէ արտոնություն․․․»։
Թարգմանության կենտրոնական գաղափարի այս ընդհանրական ձևակերպումը՝ համարժեքությունը, այնքան ճշգրիտ է, որքան նրանք, որոնք Հռոմում դեռ մ․թ․ա․ առաջին դարում առաջարկվել են Ցիցերոնի և Հորացիոսի կողմից, որոնք զգուշացնում էին, որ պետք է խուսափել «բառ առ բառ» թարգմանությունից (verbum pro verbo):
Եթե հաշվի չառնենք հազվադեպ հանդիպող տեսական տարբերությունները, թարգմանության իրական գործառությունը գրեթե չի փոփոխվել հին ժամանակներից ի վեր։ Բացառությամբ վաղ քրիստոնեական շրջանի և միջին դարերի ծայրահեղական բառ առ բառ թարգմանիչների և տարբեր ժամանակաշրջաններում ադապտացված թարգմանություն կատարողների (հատկապես նախապատմական Հռոմում և 18-րդ դարում), թարգմանիչները հիմնականում ցուցաբերում են շրջահայաց ճկունություն կոնտեքստից հասկացվող բնագրային իմաստի և այլ կարևոր «արժեքների» (օրինակ՝ ոճ, տաղաչափություն, երաժշտական նվագակցության կամ ֆիլմերում խոսքի արտասանական շարժումների հետ համաձայնություն) համար համարժեքներ փնտրելիս՝ «բառացի», որտեղ հնարավոր է և այլ բառերով, որտեղ անհրաժեշտ է։
Ընդհանուր առմամաբ թարգմանիչները ձգտում են պահպանել կոնտեքստը՝ վերարտադրելով սեմեմաների (իմույթների) բնագրային հաջորդականությունը և հենց շարադասությունը՝ փոփոխելով բնագրային քերականական կառուցվածքը որտեղ անհրաժեշտ է, օրինակ՝ ներգործական սեռից անցնելով կրավորական սեռի և հակառակը։ Այս առումով կայուն շարադասությամբ լեզուների[11] (օրինակ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և ազատ շարադասությամբ լեզուների[12] (օրինակ՝ հունարեն, լատիներեն, լեհերեն, ռուսերեն) միջև առկա քերականական տարբերությունները խոչընդոտ չեն հանդիսանում։ Տեքստի ԵԼ-ի որոշակի շարահյուսական առանձնահատկությունները հարմարեցվում են ԹԼ-ի շարահյուսական պահանջներին։
Երբ ԹԼ-ում չկան այնպիսի տերմիններ, որոնք հանդիպում են ԵԼ-ում, թարգմանիչներն այդ տերմինները վերցնում են ԵԼ-ից՝ միևնույն ժամանակ հարստացնելով ԹԼ-ն։ Շնորհիվ լեզուների միջև փոխառությունների և բառապատճենների փոխանակումներին և ներթափանցումներին այլ լեզուներից, գոյություն ունեն քիչ թվով հասկացություններ, որոնք ժամանակակից եվրոպական լեզուներում անթարգմանելի են[13]։
Հիմնականում, որքան մեծ է երկու լեզուների կամ երկու լեզուների և որևէ երրորդ լեզվի միջև շփումը և փոխանակումը, այնքան մեծ է բառացի թարգմանության և վերաշարադրման հարաբերակցությունը թարգմանության ընթացքում։ Այնուամենայնիվ, ընդհանուր ստուգաբանությունը երբեմն ապակողմնորոշում է այս կամ այն լեզվում որևէ բառի այժմյան իմաստը հասկանալուն։ Օրինակ՝, անգլերեն actual բառը պետք չէ խառնել ազգակից լեզու ֆրանսերենի actuel (ներկա, ժամանակակից), լեհերենի՝ aktualny (ներկա, ժամանակակից, արդիական, պատեհաժամ, հնարավոր)[14], շվեդերեն՝ aktuell (արդիական, ներկա կարևորության), ռուսերեն актуальный ՝ (հրատապ, արդիական) կամ գերմաներեն actueel ՝ (ներկա) բառերի հետ։
Թարգմանչի դերը որպես մշակույթների միջև արժեքներ տեղափոխող կամուրջ քննարկվել է դեռ մ․թ․ա․ 2-րդ դարում հռոմեական կատակերգության ներկայացուցիչ Տերենտիուսի ժամանակիներից ի վեր։ Թարգմանչի դերը, այնուամենայնիվ, ամենևին էլ պասիվ, մեխանիկական չէ և անգամ համեմատվում է արվեստագետի դերի հետ։ Ընդհանուր հիմքը ինչ-որ բանի զուգահեռ ստեղծման գաղափարն է, որը հանդիպում ենք օրինակ Ցիցերոնի մոտ։ Դրայդենը նշում է․ «Թարգմանությունը գեղանկարչության մի տեսակ է․․․»։ Թարգմանչի համեմատությունը երաժշտի կամ դերասանի հետ վերագրվում է Սամուել Ջոնսոնին, որը նշում է, որ ըստ Ալեքսանդր Փոփի Հոմերոսը նվագում էր ֆլաժոլետ, այնինչ իրականում Հոմերոսը նվագել է ֆագոտ[14]։
Եթե թարգմանությունը լիներ արվեստ, ապա կլիներ ոչ դյուրին։ 13-րդ դարում Ռոջեր Բեկոնը գրում է՝ որպեսզի թարգմանությունը ստացվի, թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի երկու լեզուներին էլ, ինչպես նաև այն ոլորտին, որը նա թարգմանում է, և տեսնելով, որ քիչ կան այդպիսի թարգմանիչներ, Բեկոնը ցանկացավ հանգիստ թողնել և՛ թարգմանությունը, և՛ թարգմանիչներին[15]։
Մարտին Լյութերը (1483–1546), որը թարգմանել է Աստվածաշունչը գերմաներեն, համարվում է առաջին եվրոպացին, որը հիմք դրեց այն կարծիքին, որ լավագույն թարգմանությունն օտար լեզվից մայրենի լեզու արված թարգմանությունն է։ Լ․Գ․ Կելլին պնդում է, որ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ժամանակներից (18-րդ դար) ի վեր «անվիճելի է, որ կարելի է թարգմանել միայն մայրենի լեզվով »[16]։
Թարգմանչի առջև պահանջներ դնելը փաստում է, որ ոչ մի բառարան կամ թեզաուրուս երբեք չի կարող լինել թարգմանություն կատարելու համար բավարար ուղեցույց։ Շոտլանդացի պատմաբան Ալեքսանդր Թիթլերը իր «Թարգմանության սկզբունքները» (1790) էսսեում շեշտում է, որ տքնաջան ընթերցանությունն ավելի համապարփակ ուղեցույց է որևէ լեզվի, քան բառարանները։ Նույն նկատառումն ավելի վաղ 1783-ին արել է լեհ բանաստեղծ և քերականագետ Օնուֆրի Կոպչինսկին, որը նաև նշում է բանավոր խոսքը լսելու կարևորությունը[17]։
Թարգմանչի դերը հասարակության մեջ նկարագրվում է լեհ բանաստեղծ, հանրագիտարանագիր, լեհերեն առաջին վեպի հեղինակ, ֆրանսերենի և հունարենի թարգմանիչ, Լեհաստտանի Լաֆոնտեն համարվող Իգնասի Կրասիցկու 1803 թվականի հետմահու էսսեում․
«Թարգմանությունը կարևոր և շատ բարդ արվեստ է, և հետևաբար այն չպետք է լինի հասարակ մտքի տեր մարդկանց աշխատանքն ու զբաղմունքը․ դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր իրենք ընդունակ են լինել գործող անձինք և ովքեր ավելի շատ օգուտ են տեսնում ուրիշների գործերի թարգմանության մեջ, քան իրենց սեփական գործերի մեջ և ովքեր իրենց երկրին մատուցած ծառայությունն ավելի վեր են դասում, քան իրենց սեփական փառքը»։
Արևմտյան գաղութատիրության և վերջին դարերում մշակութային գերիշխանության ազդեցությամբ՝ արևմտյան թարգմանական մոտեցումները մեծապես փոխարինել են մյուսներին։ Արևմտյան թարգմանական մոտեցումները հիմնված են հին և միջնադարյան, ինչպես նաև ժամանակակից եվրոպական նորարարական մոտեցումների վրա։
Չնայած թարգմանության սկզբնական մոտեցումները ներկայումս գրեթե չեն օգտագործվում, դրանք չեն կորցնում իրենց կարևորությունը, երբ պատմաբաններն ուսումնասիրում են հին և միջնադարյան տարեգրությունները, որպեսզի համադրեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ արևմտյան միջավայրում։ Չնայած արևմտյան թարգմանական մոտեցումների և արևմտյան կրթական համակարգի ներկայացուցիչների հսկայական ազդեցությանը, չինական և հարակից թարգմանական ուղղությունները պահպանել են որոշ տեսություններ և փիլիսոփայություն, որոնք հատուկ են չինական ավանդույթներին։
Հին Եգիպտոսի, Միջագետքի, Ասորեստանի (ասորերեն), Անատոլիայի և Իսրայելի (եբրայերեն) լեզուներով նյութեր սկսել են թարգմանվել դեռևս հազարամյակներ առաջ։ Գոյություն ունի շումերական Գիլգամեշ էպոսի (մ․թ․ա․ 2000) մասնակի թարգմանություն մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի Հարավարևմտյան Ասիայի լեզուներով[18]։
Երկլեզու փաստաթղթի առաջին օրինակներից է մ․թ․ա․ 1274 թվականի Կադեշի պայմանագիրը, որը կնքվել է Հին Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև։
Հարավային, Հարավարևելյան և Արևելյան Ասիայում (մասնավորապես հնդկական և չինական քաղաքակրթությունների տեքստերի դեպքում) առկա են առանձին թարգմանական մոտեցումներ՝ կապված կրոնական՝ մասնավորապես բուդդայական տեքստերի թարգմանության և Չինական կայսրության կառավարման հետ։ Դասական հնդկական թարգմանությունները բնորոշվում են ազատ վերամշակումներով` ի տարբերություն Եվրոպայում տարածված բնագրին մոտ թարգմանություններին։ Չինական թարգմանական տեսությունը սահմանում է բազմաթիվ չափանիշներ և սահմանափակումներ թարգմանության գործընթացում։ Չինական մշակույթի ազդեցության տակ գտնվող Արևելյան Ասիայի շրջաններում, թարգմանությունից ավելի կարևոր է չինական տեքստերի օգտագործումն ու ընթերցանությունը, որն իր հերթին հսկայական ազդեցություն ունի ճապոներենի, կորեերենի և վիետնամերենի վրա, որոնք մեծ թվով բառեր են վերցրել չինական բառապաշարից և գրից։ Հատկանշական է ճապոնական կանբունը` համակարգ, որով չինական տեքստերից կազմվում են բառարաններ ճապոնախոսների համար։
Չնայած Հարավարևելյան Ասիայի այն պետությունները, որոնք հնդկականացվել են, թարգմանում էին սանսկրիտը իրենց լեզուներով, կրթված վերնախավը և գրագիրներն օգտագործում էին սանսկրիտը որպես մշակույթի և կառավարման հիմնական լեզու։ Չինարենից թարգմանության որոշ յուրահատկություններ ներկայացվում են Պերրի Լինկի՝ Թան դինաստիայի բանաստեղծ Վան Վեյի (699-759) ստեղծագործությունների թարգմանությանն առնչվող քննարկումներում[19]։
Չինական դասական պոեզիայի մի մասը, գրում է Լինկը, պետք է պարզապես մի կողմ դրվի որպես անթարգմանելի։ Չինարենի այբուբենի ներքին կառուցվածքն ունի յուրօրինակ գեղեցկություն, և այն վայելչագրությունը, որով գրված են դասական բանաստեղծությունները, շատ կարևոր, բայց անթարգմանելի է։ Քանի որ չինարենի տառերի երկարությունը չի տարբերվում, և քանի որ յուրաքանչյուր բանաստեղծական տողում կա 5 նշան, մեկ այլ անթարգմանելի հատկանիշ է դառնում այն, որ վերջնական արդյունքում բանաստեղծությունը ստանում է ուղղանկյունու տեսք։ Թարգմանիչները, որոնք աշխատում են այնպիսի լեզուներով, որոնցում բառերի երկարությունները տարբերվում են, կարող են ստանալ այդպիսի (ուղղանկյուն) արդյունք թարգմանվող լեզուներում՝ սակայն վտանգելով ԵԼ տեքստի վայելչագեղությունը[20]։
Մեկ այլ անթարգմանելի բարդություն է փոխադրել 1-2, 1-2-3 ռիթմը, որով չինական դասական բանաստեղծություններում կարդացվում են հինգ վանկանի տողերը։ Չինական այբուբենի յուրաքանչյուր տառ կարդացվում է մեկ վանկով, հետևաբար չինարենում նման ռիթմ պահպանելը դժվար չէ, բայց արևմտյան լեզուներով ցանկացած նմանակում գրեթե միշտ ստացվում է շինծու և աղավաղված։ Չինական դասական պոեզիայում առավել անթարգմանելի են հնչերանգի դասավորության նշանները։ Յուրաքանչյուր վանկ (տառ) պատկանում է հնչերանգի ուժգնությամբ պայմանավորված երկու դասերից մեկին։ Չինական դասական բանաստեղծության մեջ այդ երկու դասերի նշանների հաջորդականությունը ներկայացվում է զուգահեռականության կամ անդրադարձման միջոցով[20]։
Անթարգմանելի բաղադրիչները մի կողմ դնելուց հետո թարգմանիչները՝ հատկապես չինական պոեզիայի, բախվում են երկու խնդրի հետ․ ինչպես է թարգմանիչը հասկանում բանաստեղծական տողը և եթե հասկանում է, ինչպես կարող է այն թարգմանել ԹԼ։ Դժվարությունների մեծ մասը, գրում է Լինկը, առաջ են գալիս երկրորդ խնդրի հետ առնչվելիս, երբ «անթերի լուծումներ գտնելու անհավանականությունն առաջ է բերում անվերջ բանավեճեր»։ Գրեթե միշտ կենտրոնում է «գիրն ընդդեմ ոգու» երկընտրանքը։ Երբեմն բառացի թարգմանությունների ժամանակ փորձ է արվում վերլուծել չինական բանաստեղծության բնագրային լեզվի ցանկացած քիչ թե շատ հասկանալի բաղադրիչ։ «Ցանկացած մանրակրկիտ վերլուծություն,» գրում է Լինկը, «նույնն է անում բանաստեղծության հետ, ինչ վիրահատական դանակը գորտի կյանքի հետ[20]»։
Չինական դասական, ինչպես նաև ժամանակակից պոեզիայում ընդունված կանոն է բաց թողնել ենթակաները․ ընթերցողը կամ ունկնդիրը պետք է եզրակացնեն, թե որն է ենթական։ Արևմտյան լեզուներում, ըստ քերականական կանոնի, ենթական միշտ պետք է նշվի։ Էլիոթ Վայնբերգերի «Վան Վեյին դիտարկելու 19 եղանակ» աշխատության մեջ նշված թարգմանիչների մեծ մասը ներմուծում են ենթակա։ Սակայն Վայնբերգերը նշում է՝ երբ «ես» դերանունը ներմուծվում է որպես ենթակա, «բանաստեղծի վերահսկող անհատական մտածողությունը» ներթափանցում և փչացնում է բանաստեղծական տողի ազդեցությունը։ Առանց ենթակա,- գրում է Վայնբերգերը,- փորձառությունը դառնում է համընդհանուր և անմիջական ընթերցողի համար։ Առանց ենթակա կառույցների դեպքում մեկ այլ միջոց է ԹԼ-ում օգտագործել կրավորական սեռ, բայց դա նույնպես նշանակում է մանրակրկիտ վերլուծության ենթարկել տեքստը[21]։
Չինարենում գոյականները չունեն թիվ։ Դրա փոխարեն օգտագործվում են հաշվողական բառեր կամ դասակարգիչներ։
Չինարենի բայերը չունեն ժամանակաձև։ Կա մի քանի եղանակ ցույց տալու համար, թե երբ է կատարվել գործողությունը։ Բանաստեղծներին սա առավելություն է տալիս ստեղծել անորոշության զգացում։ Ըստ Լինկի, Վայնբերգերի տեսակետն անենթակա նախադասությունների վերաբերյալ, որ դրանք թողնում են համընդհանուր և անմիջական ազդեցություն, վերաբերում է նաև ժամանակաձևերի բացակայությանը[21]։
Լինկն առաջարկում է այսպես կոչված անորոշության սկզբունք, որը կարող է վերաբերել ոչ միայն չինարենից թարգմանություններին, այլ բոլոր լեզուներով թարգմանություններին.
«Թարգմանությանն առնչվող երկընտրանքները չունեն հստակ ճիշտ պատասխաններ (իհարկե կարող են լինել միանշանակորեն սխալ թարգմանություններ, եթե տեղի է ունեցել բնագրային տեքստի թյուրըմբռնում)։ Ցանկացած թարգմանություն (բացի մեքենական թարգմանությունից) անցնում է թարգմանչի գիտակցության միջով, որն անխուսափելիորեն ունի իր ուրույն ընկալումները, հիշողությունները և արժեքները»[21]։
Վայնբերգերն ավելի առաջ է տանում այս տեսակետը՝ նշելով, որ «ցանկացած բանաստեղծության ընթերցանություն՝ անկախ դրա լեզվից, թարգմանության գործընթաց է՝ թարգմանություն ընթերցողի ինտելեկտուալ և զգացական աշխարհ, և քանի որ ընթերցողի հոգեկան աշխարհը ժամանակի հետ փոխվում է, կարելի է ասել, որ նույն բանաստեղծությունը երբեք չես կարող կարդալ երկու անգամ»։
Իսլամական աշխարհ
Տեքստերի արաբերեն թարգմանությունը մեծ տարածում գտավ 5-րդ դարում արաբերեն ձեռագրերի ստեղծումից հետո և մեծ կարևորություն ձեռք բերեց իսլամի և իսլամական կայսրությունների հզորացմանը զուգընթաց։ Սկզբնականում արաբերեն էին թարգմանվում հիմնականում քաղաքական ինչպես նաև պարսկերեն, հունարեն, անգամ չինարեն և հնդկերեն դիվանագիտական նյութերը։ Հետագայում սկսեցին թարգմանել դասական հունական և պարսկական ստեղծագործություններ, ինչպես նաև որոշ չինարեն և հնդկերեն տեքստեր՝ կարևոր իսլամական կրթօջախներում գիտական ուսումնասիրությունների նպատակով։ Այդպիսի կրթօջախներից էին Մարոկկոյի Ֆես քաղաքում գտնվող Ալ-Կարաուինը, Ալ-Ազհարի համալսարանը (Կահիրե, Եգիպտոս) և Բաղդադի Ալ-Նիզամիան։ Թեորիապես արաբերեն թարգմանությունները մեծապես հիմնված են Մերձավոր Արևելքի, ինչպես նաև ժամանակակից հունարեն և պարսկերեն թարգմանական դպրոցի վրա։
Արաբերեն թարգմանական ջանքերն ու տեխնիկան կարևոր են արևմտյան թարգմանական դպրոցի համար՝ դարերով շարունակվող սերտ կապերի և փոխանակումների ազդեցությամբ։ Հատկապես Վերածննդի դարաշրջանից հետո եվրոպացիները սկսեցին ավելի ինտենսիվ ուսումնասիրել դասական գործերի արաբերեն և պարսկերեն թարգմանությունները, ինչպես նաև արաբական և արևելյան գիտական և փիլիսոփայական տեքստերը։ Արաբերենը և ավելի քիչ պարսկերենը դարձան նյութերի, ինչպես նաև թարգմանական տեխնիկայի հիմնական աղբյուր վերածնված արևմտյան ավանդույթների համար, որոնք հետագայում պետք է գերազանցեին իսլամական և արևելյան ավանդույթները։
19-րդ դարում Մերձավոր Արևելքի իսլամիստ հոգևորականների և արտագրողների՝ տպագիր մամուլի կործանարար ազդեցությունների դեմ երկարատև պայքարում պարտությանը հաջորդեց հրատարակչության ծաղկման ժամանակաշրջանը։ Աշխարհիկ կրթության տարածմանը զուգընթաց՝ տպագրության տարածման շնորհիվ անգրագետ հասարակությունը անցում կատարեց կիսագրագետ հասարակության։
Նախկինում գիտելիքը շեյխերը և կառավարությունը մենաշնորհն էր։ Ժամանակի հետ ընդլայնվող վերնախավը մեծապես շահում էր իրեն հուզող ցանկացած թեմայի տեղեկատվական հոսքից։ 1880-ից 1908 թվականների ընթացքում միայն Եգիպտոսում բացվեցին 600 լրագրեր և պարբերականներ։ Դրանցից հատկանշական էր Ալ-Մուքթաթաֆը, որը դեռևս դարասկզբին սկսած թարգմանական շարժման հանրահայտ դրսևորում էր՝ ռազմական և բժշկական ձեռնարկների, ինչպես նաև Լուսավորչականության շրջանի Աստվածաշնչի գրքերի հավաքածուի հրապարակմամբ։ (Մոնտեսքյոյի «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» և Ֆենելոնի «Տելեմաքոսը» ամենասիրելիներից էին[22]):
Իսլամական լուսավորականության առաջընթացին մեծապես նպաստել է թարգմանիչ, եգիպտացի հոգևորական Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուին (1801–73), որը 1820-ականների վերջում հինգ տարի անցկացրել է Փարիզում՝ ուսուցանելով կրոն տեղի մուսուլման ուսանողներին։ Եգիպտոսի օսմանյան փոխարքա Մուհամմադ Ալի փաշայի (1769–1849) հովանավորությամբ Կահիրե վերադառնալուց հետո ալ-Տահտաուինը դարձավ լեզուների նոր դպրոցի ղեկավարը և ձեռնամուխ եղավ ինտելեկտուալ հեղափոխության՝ ձեռնարկելով շուրջ 2,000 եվրոպական և թուրքական հատորների թարգմանությանը, որոնք ներառում էին աշխարհագրության և երկրաչափության անտիկ տեքստերից մինչև Վոլտերի և Պետրոս Մեծի կենսագրությունները, ինչպես նաև Մարսելյեզը և Նապոլեոնի օրենսգիրքը։ Աբբասյան խալիֆայության (750–1258) ժամանակներից ի վեր սա ամենամեծ և կարևոր ներդրումն էր արաբերենում[23]։
Ֆրանսիայում ալ-Տահտաուինին զարմացրել էր այն փաստը, թե ինչպես է ֆրանսերենն անընդհատ թարմացնում ինքն իրեն, որպեսզի համահունչ լինի ժամանակի պահանջներին։ Սակայն արաբերենն ուներ արդիականանալու իր ուրույն միջոցները։ Ինչպես այլ սեմական լեզուներ, այդ թվում եբրայերենը, արաբերենի բառարմատների համակարգն ընդունակ է ընդլայնել բառերի իմաստները՝ կիրառելով կառուցվածքային բաղաձայնային փոփոխություններ։ Օրինակ, ինքնաթիռ բառն ունի նույն արմատը ինչ թռչուն բառը[24]։
Անգլերեն և եվրոպական տեքստերը թարգմանելու ալիքը վերափոխեց արաբերեն և թուրքերեն լեզուները՝ ի հայտ բերելով նոր բառեր, հեշտացված շարահյուսություն և պարզեցում։
Նորաբանություններից մեկը, որը բնութագրում էր թարգմանությունների արդյունքում նոր գաղափարների ներմուծումը Դարվինիզմն էր։ Ժամանակի ամենաազդեցիկ լիբերալ իսլամիստ մտածողներից էր Մուհամմադ Աբդոն (1849–1905)՝ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի գլխավոր դատավոր և մուֆտի և Դարվինի մեծ երկրպագու, որը 1903 թվականին այցելեց դարվինիզմի ջատագով Հերբերտ Սփենսերին Բրայթոնի իր տանը։ Սփենսերի՝ հասարակությունն իր սեփական օրենքներով զարգացող օրգանիզմ դիտարկելու տեսակետը համապատասխանում էր Աբդոյի գաղափարներին[25]։
Առաջին աշխարհամարտից հետո, երբ Բրիտանիան ու Ֆրանսիան սկսեցին միմյանց միջև բաժանել Մերձավոր Արևելքի երկրները, բացառությամբ Թուրքիայի, որին նախորդել էր Սայքս-Պիկոյի համաձայնագրի կնքումը, և չպահպանվեցին պատերազմի ժամանակ տված խոստումները, ըստ որոնց արաբական երկրները պահպանելու էին ինքնավարությունը, անմիջապես հետևեցին արձագանքները. Մուսուլման եղբայրները թափանցեցին Եգիպտոս, սաուդիտները գրավեցին Հիջազը, Իրանում և Թուրքիայում իշխանության անցան զինվորականները։ «Ժամանակակից Մերձավոր Արևելքի երկու լիբերալ հոսանքները»,- գրում է Քրիստոֆեր դե Բելեգը,- «իսլամիզմը և միլիտարիզմը խթանվում էին արևմուտքի կողմից»։ Եվ ինչպես շատ հաճախ լինում է այն երկրներում, որոնք ենթարկվում են սոցիալական ճգնաժամի, մուսուլմանական աշխարհի թարգմանիչների և նորարարների նկրտումները ստիպված էին զիջել հետադիմական հոսանքներին[26]։
Ճշգրտությունը (կամ հավատարմությունը) և դիպուկությունը[27] (կամ թափանցիկությունը)՝ թարգմանության երկակի սկզբունքները, շատ հաճախ, բայց ոչ միշտ անհամաձայնության մեջ են։ 17-րդ դարի ֆրանսիացի քննադատներից մեկը ներմուծել է «գեղեցիկ անհավատարիմները» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ թարգմանությունները, ինչպես կանայք, կարող են լինել կամ հավատարիմ, կամ գեղեցիկ, բայց ոչ երբեք երկուսը[Ն 1] : Ճշգրտությունն այն չափն է, որքանով որ թարգմանված տեքստը փոխանցում է սկզբնաղբյուր տեքստի իմաստն առանց աղավաղման։ Թարգմանության դիպուկությունը թարգմանվող լեզվի լեզվակրին իր մայրենի լեզվով գրված տեքստին համարժեք տեքստի ներկայացումն է, որը համապատասխանում է տվյալ լեզվի քերականությանը, շարահյուսությանը և ոճաբանությանը։ Ջոն Դրայդենը (1631–1700) իր Sylvae թարգմանությունների ժողովածուի նախաբանում նշում է.
«Պատճառը, թե ինչու եմ այս կամ այն հատվածներից հեռացրել կամ կրճատել հեղինակի արտահայտությունները, այն է, որ դրանք կարող են հնչել հունարենում կամ լատիներենում, բայց ոչ անգլերենում, իսկ այն հատվածներում, որտեղ որոշակի մասեր ընդլայնել եմ, չեմ ուզում, որ քննադատների մոտ կարծիք առաջանա, որ այդ մտքերն ամբողջությամբ իմն են, այլ այն, որ գրողն ինքը ցանկանում էր դա ասել կամ նրա գրածից կարող ենք հանգել այդ մտքերին։ Իսկ եթե այս երկու պնդումներս էլ արժանահավատ չեն, ապա կարող ենք մտածել, որ գրողը կգրեր այն, ինչ ինքս եմ գրել, եթե ողջ լիներ»։
Այն թարգմանությունները, որոնք ենթարկվում են ճշգրտության (կամ հավատարմության) սկզբունքին, կոչվում են «հավատարիմ», իսկ նրանք, որոնք համապատասխանում են դիպուկության կամ թափանցիկության սկզբունքին, կոչվում են իդիոմատիկ (հատկաոճական)։ Թարգմանությունն ըստ ճշգրտության սկզբունքի դատելը կախված է թարգմանության թեմայից, տեսակից և տեքստի օգտագործումից, դրա գրական հատկանիշներից, դրա սոցիալական կամ պատմական համատեքստից և այլն։ Թարգմանությունն ըստ դիպուկության սկզբունքի դատելը թվում է ավելի ազնիվ. ոչ իդիոմատիկ թարգմանությունները «սխալ են հնչում» կամ որոշ դեպքերում, ինչպիսիք պատահում են բառ առ բառ մեքենայական թարգմանությունների դեպքում, հանգում են բացահայտ անհեթեթության։
Սակայն, երբեմն թարգմանիչները կանխամտածված կերպով անում են բառացի թարգմանություն։ Գրական, կրոնական և պատմական տեքստերի թարգմանիչներն աշխատում են հնարավորինս շատ հավատարիմ մնալ սկզբնաղբյուր տեքստին՝ օգտագործելով թիրախային լեզվի հնարավորությունները՝ ոչ իդիոմատիկ տեքստ ստանալու նպատակով։ Ինչպես նաև, թարգմանիչը կարող է արտահայտություններ վերցնել թարգմանվող լեզվից, որպեսզի փոխանցի միջավայրի գույները։
Չնայած ժամանակակից արևմտյան թարգմանական դպրոցները հիմվում են ճշգրտության և դիպուկության երկակի սկզբունքների վրա, միշտ չէ, որ կիրառելի է եղել այդ փորձառությունը՝ հատկապես Հին Հռոմում և 18-րդ դարում, երբ թարգմանիչներն անցել են սահմանները և դիմել ադապտացիայի (հարմարեցում, վերամշակում) մեթոդին։ Ադապտացված թարգմանություններ շատ են հանդիպում ոչ արևմտյան դպրոցներում։ Հնդկական էպոս «Ռամայանան» տարբեր հնդկական լեզուներում հանդիպում է բազմաթիվ տարբերակներով և յուրաքանչյուրում այդ պատմությունները տարբերվում են։ Նմանատիպ օրինակներ կարող ենք հանդիպել միջնադարյան քրիստոնեական գրականության մեջ, որտեղ տեքստերը հարմարեցվում էին տեղի սովորույթներին և նմանատիպ այլ դեպքեր։
Շատ ոչ թափանցիկ թարգմանական տեսություններ հիմնվում են գերմանական ռոմանտիզմի գաղափարների վրա, որոնց մեջ ամենաազդեցիկը գերմանացի աստվածաբան և փիլիսոփա Ֆրիդրիխ Շլայերմախերն է։ Իր «Թարգմանության տարբեր միջոցներ» (1813) հիմնարար աշխատության մեջ նա առանձնացնում է թարգմանական միջոցներ, որոնք «գրողին մղում են դեպի ընթերցողը», օրինակ՝ դիպուկությունը կամ թափանցիկությունը, և միջոցներ, որոնք «ընթերցողին են մղում դեպի գրողը», օրինակ՝ ծայրահեղ հավատարմությունը սկզբնաղբյուր տեքստի օտարոտիությանը։ Շլայերմախերն այս վերջին մոտեցման կողմնակիցն էր հիմնականում ոչ թե այն պատճառով, որ բաց էր օտարին, այլ ավելի շատ ազգայնական նկատառումներով՝ Ֆրանսիայի մշակութային գերակայությանը հակառակվելու և գերմանական գրականությունը զարգացնելու նպատակով[29]։
Վերջին տասնամյակներում այսպիսի ոչ թափանցիկ թարգմանական դպրոցի կողմնակիցներից են եղել ֆրանսիացի գիտնական Անտուան Բերմանը, որն առանձնացրել է արձակ թարգմանություններում հաճախ հանդիպող12 սխալ միտումներ[30], և ամերիկացի տեսաբան Լոուրենս Վենուտին, որը կոչ է անում թարգմանիչներին դիմել օտարաբանությունների՝ թարգմանության սկզբունքները տեղայնացնելու փոխարեն։
Համարժեքություն
Ճշգրտության և դիպուկության խնդիրը դիտվում է նաև «արտաքին համարժեքության» և «դինամիկ համարժեքության» տեսանկյունից՝ տերմիններ, որոնք առաջ է քաշել թարգմանիչ Յուջին Նայդան, և որոնք հիմնականում կիրառվում էին աստվածաշչյան թարգմանությունները մեկնաբանելու համար, սակայն այս երկու մոտեցումները կիրառելի են ցանկացած թարգմանության դեպքում։ "Metaphrase"-ը համապատասխանում է «ձևի համարժեքությանը» (ի հակադրություն իմաստի և նշանակության), իսկ "paraphrase"-ը՝ «դինամիկ համարժեքությանը»։ «Արտաքին համարժեքության» դեպքում փորձ է արվում տեքստը թարգմանել բառացիորեն՝ թարգմանվող լեզվի առանձնահատկությունների հաշվին։ Ի հակադրություն՝ «դինամիկ համարժեքության» դեպքում փորձ է արվում փոխանցել ելակետային լեզվի տեքստի հիմնական մտքերը՝ բացառելով բառացի թարգմանությունը՝ սկզբնաղբյուր տեքստի շարադասության և կառույցների հաշվին։
Այնուամենայնիվ գոյություն չունի հստակ սահմանաբաժան արտաքին և դինամիկ համարժեքության միջև։ Ընդհակառակը՝ դրանք երկուսն էլ ներկայացնում են թարգմանական մոտեցումների ամբողջական սպեկտր։ Երկուսն էլ օգտագործվում են տարբեր դեպքերում և տարբեր համատեքստերում միևնույն թարգմանչի կողմից՝ շատ ժամանակ միևնույն տեքստի թարգմանության ընթացքում։ Փորձառու թարգմանիչները օգտագործում են այս երկու մոտեցումների ամբողջական գործիքակազմը[31]։
Հետադարձ թարգմանությունը թարգմանված տեքստի թարգմանությունն է բնագրային տեքստի լեզու՝ առանց հղում անելու բնագիր տեքստին։ Հետադարձ թարգմանության համեմատությունը բնագիր տեքստի հետ երբեմն օգտագործվում է բնագրային թարգմանության ճշգրտությունը ստուգելու համար, ինչպես հանրահաշվական գործողությունների ճշտությունն է ստուգվում գործողության շրջմամբ։ Բայց հետադարձ թարգմանության արդյունքները միշտ չէ որ ճշգրիտ են[32]։ Հետադարձ թարգմանությունը հիմնականում պակաս արժանահավատ պետք է լինի, քան հետադարձ հանրահաշվական գործողությունները, քանի որ լեզվաբանական միավորները՝ բառերը, շատ հաճախ երկիմաստ են, մինչդեռ հանրահաշվական միավորները շատ հստակ են։ Մեքենայական թարգմանությունների դեպքում հետադարձ թարգմանությունը կոչվում է «երկկողմանի թարգմանություն»։ Երբ թարգմանություններն արվում են բժշկական, կլինիկական հետազոտությունների նյութերից, էթիկայի հանձնաժողովը պահանջում է հետադարձ թարգմանություն[33]։
Մարկ Տվենը իր կարճ պատմվածքի օրինակով ցույց է տվել հետադարձ թարգմանության անվստահելիությունը՝ հրապարակելով իր «Քալավերասի հայտնի ցատկոտող գորտը» պատմվածքի ֆրանսերեն թարգմանության իր իսկ հետադարձ թարգմանությունը։ Տվենը հրապարակեց իր հետադարձ թարգմանությունը, պատմվածքի բնագիրը, ֆրանսերեն թարգմանությունը և «Ցատկոտող գորտ» պատմվածքի պատմությունը» գործը 1903 թվականին հրատարակված հատորի մեջ։ Վերջինս, ինչպես նշում է Տվենը, պարունակում էր իր պատմվածքի կրճատված տարբերակը, որն առանց Տվենին հզում արվելու հարտարակվել է պրոֆեսոր Սիդուիկի աշխատություններից մեկում՝ «Աթենացին և գորտը» վերնագրով։ Երկար ժամանակ համարվում էր, որ այդ ադապտացիան Տվենի պատմվածքի համար հիմք հանդիսացած հին հունարեն բնագիրն է[34]։
Երբ պահպանվում է որևէ փաստաթղթի միայն թարգմանված օրինակը, հետազոտողները դիմում են հետադարձ թարգմանության օգնությանը՝ բնագիր տեքստը վերականգնելու նպատակով։ Նման օրինակ է լեհ արիստոկրատ Յան Պոտոցկու (1761–1815) «Սարագոսայոմ գտնված ձեռագիրը» վեպը։ Վեպը գրվել է ֆրանսերեն և մաս-մաս անանուն տպագրվել է 1804-ին և 1813-14-ին։ Ֆրանսալեզու ձեռագրի մեծ մասն անհետացել է, սակայն դրանք պահպանվել էին լեհերենով՝ Էդմունդ Խոյեցկու 1847 թվականին բնագրից արված թարգմանությամբ։ Հետագայում «Սարագոսայոմ գտնված ձեռագիրը» վեպը վերականգնվեց՝ հիմնվելով ֆրանսերենով պահպանված կտորների և լեհերենից հետադարձ թարգմանության վրա[35]։
Անտիկ բժշկագիտության դասական Գալենի աշխատություններից շատերը պահպանվել էին միայն արաբերեն թարգմանություններով։ Որոշները պահպանվել էին արաբերենից լատիներեն թարգմանությամբ։ Գալենին ավելի լավ հասկանալու համար գիտնականները սկսեցին կատարել այդ աշխատությունների հետադարձ թարգմանություններ, որպեսզի վերականգնեն բնագրային հունարեն տարբերակը։
Երբ պատմաբանները կասկածում են, որ որևէ փաստաթուղթ մեկ այլ լեզվից թարգմանություն է, հետադարձ թարգմանությունը ենթադրվող բնագրային լեզու կարող է օգտակար լինել՝ ցուցադրելով որոշակի իդիոմներ, բառախաղեր, առանձնակի քերականական կառույցներ, որոնք գալիս են բնագրային լեզվից։ Օրինակ, «Թիլ Ուլենշպիգելի» վեպի տեքստը վերին գերմաներենով է, սակայն պարունակում է այնպիսի բառախաղեր, որոնք տեղին են միայն, երբ թարգմանվում են ստորին գերմաներեն։ Սա ապացույց է, որ այդ վեպն իրականում գրվել է ստորին գերմաներենով և հետագայում միայն վերին գերմաներեն է թարգմանվել։
Այն տեսակետի հետևորդները, ըստ որոնց Նոր կտակարանը կամ դրա աղբյուրներ գրվել են արամերենով, իրենց տեսակետը հիմնավորում են այն փաստով, որ Նոր կտակարանի հունարեն տեքստի խրթին հատվածներն ավելի մեծ իմաստ են արտահայտում, երբ թարգմանվում են արամերեն։ Մի շարք անհասկանալի հղումներ իրականում բառախաղեր են, որոնք չեն թարգմանվում հունարեն։ Նույն հիմնավորումներով կարծիք կա, որ 2-րդ դարի Հուդայի ավետարանը, որը պահպանվել է ղպտիերեն, իրականում գրվել է հունարեն։
Ջոն Դրայդենը (1631–1700)՝ իր ժամանակի անգլալեզու գրական աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, իր հետադարձ թարգմանությունների օգտագործման մեջ մատնանշում է թարգմանիչների ունեցած ազդեցությունը լեզուների և գրական ոճերի զարգացման վրա։ Դրայդենը համարվում է առաջինը, ով առաջ քաշեց այն տեսակետը, որ անգլերեն նախադասությունները չպետք է ավարտվեն նախդիրներով, քանի որ լատիներենում նախադասությունները չեն կարող ավարտվել նախդիրներով[36][37]։ Դրայդենը հաճախ իր գործերը թարգմանում էր լատիներեն, ստուգելու համար արդյոք իր գրվածքները հակիրճ և նրբագեղ են, լատիներենը համարելով նրբագեղ և հին լեզու, որի հետ կարելի է համեմատվել։ Այնուհետև նա իր գործերը նորից թարգմանում էր անգլերեն՝ օգտագործելով լատիներեն քերականությունը։ Քանի որ լատիներենում նախադասությունները չեն ավարտվում նախդիրներով, հնարավոր է, որ Դրայդենը այս կանոնն օգտագործել է անգլերենում, որը հիմք է հանդիսացել այդքան վիճահարույց նախդիրներով ավարտվող նախադասությունների քերականական կանոնի առաջացմանը, որը հետագայում օգտագործել են այլ գրողներ[38]։
Լավ թարգմանիչը պետք է ունենա հետևյալ որակները.
Լավ թարգմանիչը ոչ միայն երկլեզվակիր պետք է լինի, այլ նաև երկու մշակույթների կրող։ Լեզուն միայն բառերի խումբ և քերականության և շարադասության կանոնների ամբողջություն չէ, որոնցով կազմվում են նախադասություններ, այլ կոնոտացիների փոխկապակցված համակարգ և մշակույթի դրսևորում։ Ինչպես նշում է լեզվաբան Մարիո Պեյը՝ թարգմանչի աշխատանքն ամբողջ կյանքի համար է[40]։ Թարգմանչի աշխատանքի բարդություններն աներկբա են։ Ինչպես նշում է հեղինակներից մեկը, երկու լեզուների և մշակույթների հրաշալի տիրապետող թարգմանչից կարող է պահանջվել տասը տարի լավ թարգմանիչ դառնալու համար։ Այս տեսանկյունից դիտելով սխալ է այն կարծիքը, որ մարդը, որը լավ տիրապետում է երկու լեզուների, կարող է լավ թարգմանիչ լինել[17]։
Թարգմանչի աշխատանքը համեմատվում է արվեստագետի՝ երաժիշտի կամ դերասանի դերի հետ, որոնք ներկայացնում են որևէ արվեստի գործ։ Թարգմանությունը, ինչպես մյուս բոլոր զբաղվածության տեսակները, ենթադրում է ընտրություն կատարելու անհրաժեշտություն, իսկ ընտրությունը ինտերպրիտացիա է[14][Ն 2]: Մարկ Պոլիզոտին գրում է, «Լավ թարգմանությունը ներկայացնում է ոչ թե որևէ գործի վերարտադրություն, այլ ինտերպրիտացիա, ինչպես որևէ պիես կամ սոնատ է ներկայացվում ըստ սցենարի կամ նոտաների, որը լինում է բոլոր հնարավոր ներկայացումներից ընդամենը մեկը[41]»:
Անգլալեզու վիպագիր Ջոզեֆ Քոնրադը իր թարգմանչուհի զարմուհի Անիելա Զագորսկային խորհուրդ էր տալիս, «Մի՛ եղիր շատ մանրախնդիր։ Կարող եմ քեզ ասել, որ ավելի լավ է ինտերպրիտացիա անել, քան թարգմանել։ Ահա այս դեպքում խնդիրն անհարժեշտ համարժեքներ գտնելն է և ահա այստեղ, սիրելիս, ես քեզ խորհուրդ եմ տալիս ավելի շատ առաջնորդվել լեզվազգացողությամբ, քան խղճով[42]»: Մեկ այլ թարգմանչի հետ զրույցում Քոնրադը նշում է, որ լավ թարգմանությունը պետք է լինի իդիոմատիկ։ «Իդիոմների մեջ է երևում լեզվի պարզությունը, ուժը և գեղեցկությունը։ Գեղեցկություն ասելով նկատի ունեմ տեքստի պատկերավորությունը[43]»: Քոնրադը նաև նշում է, որ Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակների որոնումներում» [./n_Search_of_Lost_Time In Search of Lost Time] ) վեպի՝ Սքոթ Մոնկրիֆի թարգմանությունը, այն է «Անցյալի հիշողություններ», ավելի գերադասելի է ֆրանսերեն բնագրային վերնագրից[44]։
Թարգմանության գործընթացում ընտրություն կատարելու անհրաժեշտությունը գալիս է այն անորոշությունից, որը նման է տիեզերական օրենքի։ Թարգմանչի համար այդ անորոշությունը տարածվում է նաև մարդկային լեզվի կառուցվածքի վրա։ Հոգեբան և նյարդաբան Գարի Մարկուսը նշում է, «Յուրաքանչյուր նախադասություն, որն արտաբերվում է մարդու կողմից, կարող է արտահայտել անորոշություն։ Մեր ուղեղն այնքան լավ է ընկալում լեզուները, որ շատ հաճախ մենք դա պարզապես չենք նկատում[45]»: Լեզվական անորոշության օրինակ կարող է լինել դերանունների հետ կապված անհստակությունը. մեքենան երբեք չի կարող տարբերել ինչին կամ ում են ուղղված դերանունները[46]։ Մարդն այս դեպքում նույնպես անսխալական չէ։
Անհստակությունը խնդիր է ոչ միայն թարգմանիչների համար, այլ, ինչպես նշում է գրաքննադատ Ուիլիամ Էմփսոնը, նաև գրաքննադատների համար։ Անհստակությունը կարող է ցանկալի լինել, անգամ անհրաժեշտ բանաստեղծների և դիվանագետների դեպքում և կարող է խնդիրներ առաջացնել արձակում[47]։
Թարգմանիչն առերեսվում է երկու իրարամերժ խնդիրների. թարգմանական գործընթացում վերջինս պետք է դրսևորի իր լավագույն որակները, բայց հաշվի առնի (լեզվակրի) անտեղյակությունը։
Թարգմանիչը կարող է վերարտադրել բնագրային տեքստի միայն որոշակի հատվածներ՝ պայմանով, որ ընթերցողը տեղյակ է դրա մասին։ Սակայն նա չի կարող գրաքննիչի դեր ստանձնել՝ թաքուն կերպով հեռացնելով հատվածներ քաղաքական կամ բարոյական նկատառումներից ելնելով[48]։
Շատ գրողների համար թարգմանությունը կարող է լինել այն դպրոցը, որը սկսնակ նկարիչների համար հայտնի գործերի վերարտադրությունն է[49]։ Թարգմանիչը, որը կարողանում է իր լեզվով թարգմանել որևէ հեղինակի մտքերը, շատ հեշտությամբ կարող է իր մայրենի լեզվով արտահայտել իր սեփական մտքերը։ Մի անգամ բանաստեղծ Էզրա Փաունդը 18-ամյա նորաթուխ բանաստեղծ Ուիլիամ Սթենլի Մերվինին ասաց, «Թարգմանությունը լավագույն ուսուցիչն է, որ երբևէ կունենաս[50][Ն 3]»: Ինքը Մերվինը հետագայում նշում է, որ թարգմանությունն անհնարին ու անվերջ արվեստ է[52]։
Թարգմանիչները, դրանց թվում այն վանականները, որոնք բուդդիստական տեքստերը տարածում էին Արևելյան Ասիայում, ինչպես նաև Աստվածաշնչի առաջին եվրոպացի թարգմանիչները, թարգմանական գործընթացի ընթացքում ձևավորել են այն լեզուները, որով կատարում էին թարգանությունները։ Նրանք մշակույթների միջև գիտելիք տեղափոխող կամուրջ էին, որոնք ելակետային լեզուներից թարգմանվող լեզուներ էին ներմուծում ոչ միայն գաղափարներ, այլ նաև փոխառություններ և քերականական կառույցների, իդիոմների և բառերի կալկաներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.