Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վոլտեր (ֆր.՝ Voltaire, նոյեմբերի 21, 1694[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - մայիսի 30, 1778[4][6][7][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5], իսկական անունը՝ Ֆրանսուա-Մարի Արուե, ֆր.՝ François Marie Arouet, Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն լուսավորիչ-փիլիսոփաներից մեկն է, հայտնի է նաև որպես բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Վոլտերն ունեցել է բեղուն գրիչ, թողել է ավելի քան 20,000 նամակ և 2,000 գիրք ու պամֆլետ։ Եղել է ֆրանսիական ակադեմիայի անդամ (1746)։ Նա սոցիալական բարեփոխումների ջատագով էր, Կաթոլիկ եկեղեցու մոլի քննադատ (թեև նրան է պատկանում հայտնի արտահայտությունը. «Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել»)։ Ըստ որոշ տվյալների նրա IQ-ի ցուցանիշը մոտավորապես եղել է 190[15]։
Վոլտերի պատվին է դրվել (5676) Վոլտեր աստերոիդի անունը։
Ֆրանսուա-Մարի Արուե՝ Վոլտերը ծնվել է Փարիզում, իրավաբան Ֆրանսուա Արուեյի ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն էր։ Մայրը՝ Մարի Մարգերիտ դ'Օմարն ունեցել է ազնվական ծագում։ Սովորել է ճիզվիտական քոլեջում 1704-1711 թթ., որտեղ սովորել է լատիներեն, հունարեն։ Հետագայում տիրապետել է նաև իտալերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներին։
Հակառակ հոր ցանկության, ով ուզում էր, որ Վոլտերը դառնա իրավաբան, նա սկսեց զբաղվել գրական գործունեությամբ։ Վոլտերի սրամտությունը նպաստում է, որ նա հայտնի դառնա որոշ արիստոկրատական ընտանիքներում, որոնց հետ շփումներ էր ունենում։ Հայրը նրան դասավորեց աշխատելու որպես քարտուղար Նիդերլանդներում Ֆրանսիայի դեսպանատանը։
Ավարտել է ճիզվիտական քոլեջը։ 1717 թվականին ռեգենտի դեմ գրած էպիգրամների համար բանտարկավել է Բաստիլիայում, 1726 թվականին արտաքսվել է Անգլիա։ Այստեղից ստացած իր տպավորություններն արտացոլող «Փիլիսոփայական նամակներ»-ում (1733) Վոլտերը ցույց է տվել, որ Անգլիայի հասարակարգը նախընտրելի է ֆրանսիականից, որտեղ իշխում է բացարձակ միապետությունը։ Ֆրանսիական պառլամենտի որոշմամբ գիրքը այրվել է (1734)։ Վոլտերը 10 տարի ապրել է Մարկիզ դյու Շատլեի տանը, 1745 թվականից՝ Լյուդովիկոս XV-ի, 1750 թվականից մինչև 1753 թվականը՝ պրուսիական թագավոր Ֆրիդրիխ II-ի արքունիքում։ 1758 թվականից հաստատվել է Ֆեռնեի կալվածքում (Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանագծում)։ 1760-ական թվականներին սրվել է պայքարն ընդդեմ կաթոլիկական եկեղեցու, «ճզմեք սողունին» (այսինքն՝ կաթոլիկական եկեղեցուն) բառերը դարձել են Վոլտերի նշանաբանը։ Այդ տարիներին նա հանդես է եկել կրոնական մոլեռանդության զոհերի պաշտպանությամբ (Կալասի գործը, 1762)։ Լուսավորյալ միապետության իդեալի հետ Վոլտերն առաջադրել է հանրապետության իդեալը՝ որպես պետական կարգի առավել բանական ձև («Հանրապետական գաղափարներ», 1762)։
Վոլտերն եղել է Եվրոպայի հասարակական առաջադեմ կարծիքի առավել ցայտուն արտահայտիչը։ Ֆեռնեն դարձել է ուխտագնացության վայր։ Նրա հետ ստիպված էին հաշվի նստել եվրոպական միապետները՝ Եկատերինա II, Ֆրիդրիխ II, Գուստավ III և ուրիշներ։ Վոլտերի վերադարձը Փարիզ (1778) վերածվել է հաղթահանդեսի։ Փիլիսոփայական հայացքներով Վոլտերը դեիստ էր, Ջ. Լոկի, Ի. Նյուտոնի հետևորդը։ Ընդունելով բնության մատերիալիստական բացատրությունը՝ Վոլտերը չէր հրաժարվում աստծու որպես սկզբնապատճառի, գաղափարից, որը շարժում և շոշափելու ու մտածելու ունակություն էր հաղորդել նյութին։ Դատապարտելով կրոնական մոլեռանդությունը՝ Վոլտերը կրոնը համարել է հասարակական կարգուկանոնը և մասնավոր սեփականությունը պահպանելու համար անհրաժեշտ բարոյական ու սոցիալական զսպամիջոց։ «Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանը» (1751), «Քննախոսություն ժողովուրդների բարքերի և ոգու մասին» (1756), «Ռուսական կայսրության պատմությունը Պետրոս Մեծի թագավորության օրոք» (1759 թվականից 1763) պատմագրական աշխատությունները կարևոր ուղենիշ են եղել եվրոպական պատմագրության համար։ Վոլտերը ուշադրությունը հիմնականում սևեռել է ոչ թե թագավորների ու զորավարների, այլ ժողովուրդների պատմության, նրանց բարքերի, սովորույթների, մշակույթի վրա։ Վոլտերն իր գեղագիտության մեջ և դրամատուրգիայում շարունակել է XVII դարի կլասիցիզմի ավանդույթները՝ ողբերգությունը հագեցնելով ժամանակի քաղաքական և փիլիսոփայական մտքերով։ Հատկանշելի են «Մոլեռանդություն կամ Մահմեդ Մարգարեն» (1742), «Բրուաոս» (բեմադրություն՝ 1730, հրատարակություն՝ 1731), «Զաիր» (բեմադրություն՝ 1732), «Կեսարի մահը» (1735), «Ալզիր կամ Ամերիկացիք» (1736, հայկական հրատարակություն 1862), «Տանկրեդ» (բեմադրություն՝ 1760) ողբերգությունները։ Ֆրանսիայի Հենրիխ IV թագավորին նվիրված «Հենրիականը» (1728), պոեմում դատապարտել է ֆեոդալական անարխիան, Ժաննա դ’Արկին պատկերող «Օռլեանի կույսը» (1735) հերոսակոմիկական պոեմում պսակազերծել է Ֆրանսիայի սուրբ փրկչի մասին կրոնական լեգենդը, ծաղրել կրոնն ու հոգևորականությունը։
Վոլտերի քնարերգությանը բնորոշ է նրբագեղությունը, այն ներթափանցված է էպիկուրյան, երբեմն՝ հակակղերական մոտիվներով։ Փիլիսոփայական վերացական թեմաներով են գրված «Չափածո դատողություններ մարդու մասին» (1738), «Պոեմ բնական օրենքի մասին» (1756) և «Պոեմ Լիսաբոնի կործանման մասին» (1756) գործերը։ Վոլտերի գեղարվեստական ժառանգության մեջ առավել նշանակալի են նրա փիլիսոփայական. պատմվածքները՝ «Մեմնոն կամ Մարդկային իմաստություն» (1747), «Զադիգ կամ ճակատագիր» (1748), «Միկրո-մեգաս» (1752), «Կանդիդ կամ Լավատեսություն» (1759), «Պարզամիտը» (1767), «Բաբելոնյան իշխանուհին» (1768), որոնցում գլխավորապես քննադատված է հասարակական կարգ ու կանոնը, ծաղրված եկեղեցին, դատարանը, թագավորները։ Վոլտերն օգտագործելով արկածախնդրական թեման, ֆանտաստիկան, ստեղծել է մտքի հատուկ արվեստ, որտեղ գործող անձանց բախման ետևում կանգնած է գաղափարների բախումը, և սյուժեի զարգացումը ենթարկվում է փիլիսոփայական. դրույթների տրամաբանությանը։ Մեծ է նրա ազդեցությունը լուսավորական մտքի զարգացման վրա։ Վոլտերի ստեղծագործությունները հայերեն են թարգմանվել 19-րդ դարի սկզբից։ Մ. Պեշիկթաշլյանի թարգմանությամբ լույս է տեսել «Մահ Կեսարու» (1910) ողբերգությունը, Մ. Մամուրյանի՝ «Զադիգ կամ Նախասահմանություն» (1867), «ՄիքրոՄեղաս», «Ճերմակ և սև», «Ժան ու Քոլեն» (երեքը՝ մի գրքով, 1869) երկերը։
Voltaire բառը իր ազգանվան լատինացված ձևով և ֆրանսերեն le jeune (երիտասարդ) բառակապակցության սկզբնատառերով կազմված AROVET LI արտահայտության շրջագրությունն է։ Այս անունը փիլիսոփան իր համար ստեղծել է 1718 թվականին։
Չնայած այս փաստին Ռիչարդ Հոլմսը պնդում է անվան ծագման իր վարկածը ըստ որի Վոլտեր անունը որոշ չափով կապ ունի արագ և համարձակ ածականների հետ։ Այս փաստը կապված է "voltige" բառի հետ որը նշանակում է ակրոբատիկ հնարքներ ձիու վրա։ Այն կարելի է կապել նաև "volte-face" (դեմ առ դեմ հանդիպել թշնամուն) և "volatile" (ինչ որ թևավոր արարած) բառերի հետ։
Արուե-ն նրա աճող հեղինակությանը հարմար անուն չէր 1719 թ. մարտին Ժան Բատիստ Ռուսոին –ին ուղղված նամակը Վոլտերը եզրափակում է, խնդրելով, որ Ռուսոն իր պատասխան նամակը հասցեագրի իրեն որպես Վոլտեր։
Ետգրություն մեջ մասնավորապես նշվում է՝ "J'ai été si malheureux sous le nom d'Arouet que j'en ai pris un autre surtout pour n'être plus confondu avec le poète Roi" (Ես ինձ երջանիկ չեմ զգում Արուե անվան ներքո, այսպիսով ես սեփականացնում եմ ուրիշը, հիմնականում բանաստեղծ Ռուա-ի հետ շփոթված չլինելու համար։ Սա թերևս վերաբերում է Ադենե լե Ռուա-ին։ "oi" երկբարբառը արտասանվում է ժամանակակից "ouai"-ի նման, այնպես որ նմանությւոնը Արուեին պարզ է և թերևս հիմնավորված)։
Վոլտերն իր աշխատությունները ստորագրել է առնվազն 178 կեղծանուններով։
1726 թ. Վոլտերը պատասխանում է ֆրանսիացի ազնվական ասպետ՝ դը Ռոհանի վիրավորանքին, որի ծառայողները մի քանի օր անց ծեծում են Վոլտերին։ Այդ օրվանից սկսած Վոլտերը փնտրում էր հատուցում ու նույնիսկ պատրաստ էր պայքարել մենամարտում։ Ռոհանի արիստոկրատական ընտանիքը ձեռք է բերում ֆրանսիական արքա Լյուդովիկոս XV-ի ստորագրությամբ Վոլտերին բանտարկելու նամակ, նման նամակներ հաճախ գնվում էին հարուստ ազնվականների կողմից կողմից, անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։ Սա պատճառ է դառնում, որ Վոլտերը կանգնի առանց դատավարության և պաշտպանվելու հնարավորության ազատությունից զրկվելու վտանգի առաջ։ Վախենալով անորոշ տարիների անազատության սպառնալիքից՝ Վոլտերը առաջրկում է, որ իրեն աքսորեն Անգլիա՝ որպես այլընտրանքային պատիժ։ Ֆրանսիական իշխանությունները համաձայնվում են։ Այս միջադեպը հիմք է հանդիսանում Վոլտերի համար, որ հետագա տարիներին նա ձեռնամուխ լինի ֆրանսիական դատական համակարգի բարելավման պայքարին։ Նա մեկնում է Մեծ Բրիտանիա՝ 1726 թվականից 1728 թվականներին վարձով բնակվելով Լոնդոնի Մեյդեն Լայն Կոնվենտ Գարդեն թաղամասում։
Վոլտերի արտաքսումը Մեծ Բրիտանիա տևել է երեք տարի, և այդ տարիների կենսափորձը ազդեցութուն է ունեցել նրա մտածողության վրա։ Նրան ոգևորում է Բրիտանական սահմանադրական միապետությունը՝ ի հակադրություն ֆրանսիական բացարձակ միապետության, և երկրում խոսքի և կրոնի ազատության մակարդակը։ Նրա վրա ազդեցություն ունեցսն նաև ժամանակի նեոկլասիցիզմը ներկայացնող գրողները և անգլիական գրականությունը, հատկապես Շեքսպիրի աշխատությունները, որոնք դեռևս համեմատաբար քիչ հայտնի էին Եվրոպայում։
Ըստ Վոլտերի՝ Շեքսպիրին պետք է հետամուտ լինեին ֆրանսիացի դրամատուրգները, քանի որ նրանք բացի շատ նուրբ լինելուց չէին կարողանում այնպիսի գործեր գրել, որոնք բեմադրելը կլիներ ավելի հեշտ։
Ավելի ուշ, Ֆրանսիայում Շեքսպիրի ազդեցության աճին զուգահեռ, Վոլտերը սկսեց բեմական ստեղծագործություններ գրել։ Նա օրինակ էր տալիս սեփական դրամաներով և քննադատում էր Շեքսպիրի գործերի մեջ այն ամենը, ինչն իր կարծիքով բարբարոսություն էր։
Վոլտերը ներկա է եղել Իսահակ Նյուտոնի հուղարկավորությանը և գովաբանել է անգլիացիներին, որ հերետիկոսական հավատալիքներով գիտնականին պատվով թաղել են Վեստմինստերյան աբբայությունում։
Երեք տարի վտարման մեջ գտնվելուց հետո Վոլտերը վերադարձավ Փարիզ և «Նամակներ Անգլիական Ժողովրդի Վերաբերյալ» էսսեների գրքում (տպագրվել է Լոնդնում 1733 թվականին) ներկայացրեց իր կարծիքները բրիտանական կառավարման համակարգի, գրականության և կրոնի վերաբերյալ։ 1734 թվականին Ռուենում տպագրվեց Փիլիսոփայական Նամակներ էսսեների գիրքը։ Վերջինիս փոփոխված տարբերակը լույս տեսավ անգլերենով 1778 թվականին վերանվանվելով Փիլիսոփայական Նամակներ Անգլիայի Մասին։
Վոլտերը գրել է շուրջ վաթսուն թատերգություն, որոնցից մի քանիսը մնացել են անավարտ[16]։ Ավարտուն թատերգություններից են հետևյալները.
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.