Remove ads
հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Շիրազ (Օնիկ Թադևոսի Կարապետյան) (ապրիլի 27, 1914, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծանուն բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Համամարդկային» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1935):
Հովհաննես Շիրազ | |
---|---|
Ծննդյան անուն | Օնիկ Թադևոսի Կարապետյան |
Ծնվել է | ապրիլի 27, 1914 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 14, 1984 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Հովհաննես Շիրազի |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և բանասեր |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1956) և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Բիբլիական |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Սիլվա Կապուտիկյան |
Զավակներ | Սիփան Շիրազ, Արա Շիրազ, Մասիս Շիրազ և Վանանդ Շիրազ |
Հովհաննես Շիրազ Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Շիրազ Վիքիդարանում | |
Hovhannes Shiraz Վիքիպահեստում |
Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[1] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը[2]։
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք[3]։ Եվգենի Եվտուշենկոն[4] և Ալեքսանդր Գիտովիչը[5] պոեմներ են նվիրել Շիրազին։
Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»[6]։
Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով[7], նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»[6]։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն[8]։
Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում[9]։
Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ[10]։
Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։
1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը՝ գոհություն հայտնելով Աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար։
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա, |
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, բանջարանոցից բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»։
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,-կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ՝ միշտ ձախողակ ու անհաջող։
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը՝ պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։
1930 թվականին պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։
1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր։
Երբ գրկում եմ բալիկներիս, |
Մահացել է Երևանում 1984 թվականի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ[11]։
Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։ |
Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։
Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։ Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»։ |
aybuben.com կայքում հասանելի են Հովհաննես Շիրազի որոշ ստեղծագործություններ[12]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.