Remove ads
հայ արձակագիր, խմբագիր, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև՝ Գարբուզյան, մայիսի 6 (19), 1903[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 17, 1966[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Վահրամ Ալազան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Վահրամ Մարտիրոս Գաբուզեան |
Ծնվել է | մայիսի 6 (19), 1903[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 17, 1966[1][2] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գրական անուն | Ալազան |
Մասնագիտություն | գրող, խմբագիր և հասարակական գործիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ՀԳՄ[1] |
Աշխատավայր | Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Վահրամ Ալազան Վիքիդարանում |
Վահրամ Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։
Ալազանն անձամբ է տեսել ու ապրել հայոց ցեղասպանության ողբերգությունը, և ընտանիքի հետ ապաստան գտել Երևանում, որտեղ ուսմանը զուգընթաց, մասնագիտացել է գրաշարության մեջ։
1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանն ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-1932), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-1936), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-1936)։ Վահրամ Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։ 1936 թ. տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ և նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։ 1946 թվականին պատժաչափը Սովետական Միության մոտ տասնյակ բանտերում կրելուց հետո վերադառնում է հայրենիք։ Սակայն որպես նախկին քաղաքական բանտարկյալ, նրան թույլ չեն տալիս ապրել Երևանում և աքսորում են Աշտարակ։ Այստեղ Ալազանը, անկախ իր կարգավիճակի ու անտանելի պայմաններից, կարողանում է հիմնել Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ 1949 թվականին վերոնշյալ անհիմն մեղադրանքներով, այս անգամ արդեն ցմահ, աքսորում են Սիբիր։ 1954 թվականին՝ լիովին արդարացվելուց հետո, վերադարձել է հայրենիք, սակայն բանտերում և աքսորներում կրած տառապանքներն անհետևանք չեն մնում։ Տաս տարի (1956-1966) մինչև մահ կաթվածահար գամված է եղել անկողնուն։ Ծանր հիվանդության տարիներին նա իր մեջ կարողացել է ուժ գտնել և իր կյանքի տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը։ Հետմահու՝ 1990 թվականին, տպագրվել է «Տառապանքի ուղիներում» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացրել է ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի դաժան մթնոլորտը։ Գիրքը հարուստ է 1930-1940-ական թվականներին բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական նյութով։
Վահրամ Ալազանը մահացել է 1966 թվականի մայիսի 17-ին, թաղված է քաղաքային պանթեոնում։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը[3]։
Ալազանը հետևելով Եղիշե Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգըդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։ Տարբեր տարիների իր բազմաժանր ստեղծագործություններում Ալազանն անդրադարձել է ժամանակի ամենահիմնական երևույթներին՝ սկսած ազատության համար պայքարի հերոսական դրվագներից, նոր մշակույթ ստեղծելու ծրագրային խնդիրներից մինչև Հայրենական մեծ պատերազմը և ետպատերազմյան խաղաղ շինարարությունը։
Ալազանի «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։
1934 թվականին հրատարակվում է Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։
«Հյուսիսային աստղ» ստեղծագործությունը պատկերում է հյուսիսում գտնվող ապակու գործարանի բանվորության հերոսական աշխատանքը։ «Հյուսիսային աստղ» վեպն անթերի գործ է և թարգմանվել է ռուսերեն։
Վ. Ալազանը հեղինակ է նաև բազմաթիվ քաղաքական-հրապարակախոսական, գրաքննադատական արժեքավոր հոդվածների։ Նա Վ. Նորենցի հետ կազմել, խմբագրել, հրատարակել է Մ. Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Արևմտահայ բանաստեղծներ» հատընտիրը, Պետրոս Դուրյանի «Տաղերը»։
Գրական գործունեության առաջին տարիներին ստորագրել է Հորձանք և Վ. Անողոք ծածկանուններով։ Հետո հարմար գրական անուն որոնելիս՝ մտաբերել է տարիներ առաջ ընթերցած Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի դաշտավայրում» խորագրով հոդվածը։ Նրան դուր է եկել Ալազան անունը, որը դարձել է նրա գրական անունը։
Բացի իր Վահրամ Ալազան գրական անունից՝ օգտագործել է հետևյալ ծածկանունները՝ Ա., Ա. Ն., Ա. Նակ., Վ. Ան., Արտ., Վ. Արտ., Ալազան, Ալ-Զար, Վ. Անողոք, Ա. Բանվոր, Բանվոր Վ. Ա., Բանվոր Վ. Ան., Վ. Անողոք Բանվոր, «Գրական դիրքերում»-ի խմբագրություն, Գրաշար Ալազան, Գրաշար Վ., Գրաշար Վ. Անողոք, Լ. Տ., Մ. Մ., Ս., Ս. Ս., Ավ. Սարգսյան, Վ. Ա., Վահրամ-Անողոք, S., Алазан, Alazan[4]:
...Ալազանը մոտենում է ինձ, ձեռքս սեղմում, հավանության խոսքեր ասում... Աստված իմ, ինչ երջանկություն էր դա... Իմ արդեն բավական երկար գրական ճանապարհին ես հավանության շատ խոսքեր ու արտահայտություններ եմ լսել ու տեսել, սակայն երևի ոչ մի անգամ այդպիսի հրճվանքի և երանության պահեր չեմ ունեցել, ինչպես այդ օրը։ Ընկերուհիներիս հետ փողոցներով անցնելիս երազում էի, որ հանդիպի Ալազանը, բարևի ինձ, և ընկերուհիներս տեսնեն, որ ես ծանոթ եմ նրան, որ նա ինձ գիտե, ճանաչում է...։ - Սիլվա Կապուտիկյան, «Գրական թերթ», 18 մայիսի 1973 |
Մեր պայծառ Ալազանին՝ իմ գրական թոթովանքների առաջին հովանավորին և խրախուսողին, սիրով և երախտագիտությամբ։ - Սիլվա Կապուտիկյան, "Սրտաբաց զրույց", 11.04.55 թ. |
Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում և որպես մարդ և որպես ստեղծագործող ապրում են բոլորի հետ։ |
Վահրամ Ալազանի բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի, որոնք տարածվել են ժողովրդի մեջ և մասսայականություն են վայելում։ |
Անձնական մեծ հմայքի և ազնվության տեր այս մարդը կուլտուրայի անխոնջ մշակ էր, նաև գրական գործիչ, փայլուն ժուռնալիստ...: Աշխույժ ու բովանդակալից էր նրա ղեկավարած գրական աշխարհը։ Հավաքույթներ, բանավեճեր, առանձին գործերի քննարկումներ, գրական մեծ ասուլիս։ Ու միշտ լեփ-լեցուն դահլիճ, ուր շքեղ ու վեհափառ շողշողում էին...ժամանակի բոլոր մեծերն ու լուսամիտները... - Աղավնի, «Գրական թերթ», 18 մայիսի 1973։ |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.