Վիլյամ Սարոյան (), ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթաօգոստոսի 31, 1908[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - մայիսի 18, 1981[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]ծ հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլյամ Սարոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մայիսի 18, 1981[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Գերեզման | Գերեզման Վիլյամ Սարոյանի և Արարատ Գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, վիպասան, գրող, բանաստեղծ և երգերի հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց |
Ստեղծագործական շրջան | 1934-1980 |
Ուշագրավ աշխատանքներ | Քո կյանքի ժամանակը, Իմ անունն Արամ է և Մարդկային կատակերգություն |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Քերոլ Գրեյս |
Զավակներ | Լյուսի Սարոյան և Արամ Սարոյան |
Ազգականներ | Ռոս Բաղդասարյան |
Վիլյամ Սարոյան Վիքիքաղվածքում | |
Վիլյամ Սարոյան Վիքիդարանում | |
William Saroyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր[6]։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։
1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։
1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։
1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո։ Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։
Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1935-ից սկսած Սարոյանը չորս անգամ եղել է Խորհրդային Հայաստանում, 1964-ին այցելել է նաև իր նախնիների քաղաքը՝ Բիթլիս, ինչի մասին հետագայում (1975) գրել է «Բիթլիս» պիեսը[7]։
1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»։ Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»։ 1934—1963 թթ․ վեց անգամ պարգևատրվել է Օ․ Հենրիի մրցանակով[8]։
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։ Սարոյանը հայտնի է նաև իր փոքրածավալ պիեսներով, որոնք ունեն գեղարվեստական ուրույն արժեք. դրանցից են «Հեյ, ո՞վ կա, Ոստրեն ու Մարգարիտը, Բան ունեմ ասելու ռադիոպիեսը, Ամերիկացի Մեծն Ապուշը, և այլն։
1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։
1972 թվականին Սարոյանը հրատարակել է «Վայրեր, որտեղ ես ժամանակներ եմ անցկացրել» խորագիրը կրող հիշողությունների գիրքը, որն ավելի շուտ ուղեցույց է ընթերցողի համար՝ հասկանալու Սարոյանի աշխարհը։ Գիրքը բաժանված Է 68 փոքրիկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը կրում է այն վայրի անունը, որտեղ եղել է Սարոյանը` իր ընթերցողներին ասելով «ամենուր փնտրեք բարություն և հայտնաբերելով դուրս հանեք այն իր թաքստոցից, հնարավորություն ընձեռեք, որ նա լինի ազատ ու անկաշկանդ»։
Նրա ռազմական ընկերներից մեկը Ստեն Լին էր, ում խոսքերով դեռ պատերազմական տարիներին իրենք միասին սցենարներ են գրել, նկարահանել ֆիլմեր ու վիդեոռեպորտաժներ։ Սարոյանը մոտիկից ծանոթ էր Մերիլին Մոնրոյի հետ[9]։
Երկու անգամ ամուսնացած է եղել հրեուհի Քերոլ Գրեյսի (Քերոլ Մարկուս) հետ։ Այս ամուսնությունից ունեն որդի՝ Արամը, և դուստր՝ Լուսինեն (Լյուսին)։
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում։ Դիակիզումից հետո աճյունի մի մասը թաղվել է Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, մյուս մասը՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Սարոյան-Հեմինգուեյ «հակամարտություն»
Ժամանակին Վիլյամ Սարոյանը և նույն ժամանակների մեկ այլ նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյը միմյանց հետ բուռն վեճեր են ունեցել և նրանց կռիվների մասին կան բազմաթիվ պատմություններ։ Երբեմն մարդիկ՝ հասարակությունը, գրաքննադատները, լրագրողները իրենք էին Սարոյան-Հեմինգուեյ վեճերն արհեստականորեն ավելի թեժացրել։ Իրականում երկու գրողների ու նրանց փոխհարաբերություների մասին ավելի շատ խոսվել է, քան եղել է իրականում[10]։
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սարոյանը նոր էր մուտք գործել գրական աշխարհ։ Քննադատները միանգամից նրա գրելաոճը նմանեցրին Սթայնբեքին և Ֆոլքներին։ Շատերն էլ զուգահեռներ տարան Հեմինգուեյի հետ։ Վերջինս այդ փաստն ընդհանրապես չէր ընդունում։ Պատճառը գուցե այն էր, որ լույս տեսած հենց առաջին գրքում իր «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում Շեվուրդ Անդերոնի անվան կողքին Սարոյանը հիշատակել էր նաև Հեմինգուեյին՝ իրեն բնորոշ անչար հեգնանքով։ Այդ առթիվ Հեմինգուեյը պատասխանել էր հանրահայտ «Esquire» ամսագրում և այդտեղ Սարոյանին բնութագրել որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրողի, որին թվում է, թե ինքը կարող է ինչ-որ փոփոխություններ անել[10]։
Նույնիսկ գրականագետների և լրագրողների համեմատականները սկսեցին ոչ միշտ Հեմինգուեյի օգտին աշխատել, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում մի այսպիսի տող հայտնվեց. «Ճիշտ է, գուցեև Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»։ Այս խոսքերը մեծ ճանաչում ձեռք բերեցին այդ ժամանականերում և դա դարձան պատճառ, որ Էռնեստ Հեմինգուեյի՝ Սարոյանին ուղղված ուսուցողական տոնով հոդվածի մեջ մասնավորապես ասվեր. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»։ Պատահական չէր նաև, որ այս դիտարկումը Հեմինգուեյը արել էր գրող-ստեղծագործություն փոխհարաբերություն տեսանկյունից։ Թերևս երկու գրողների ընդհանրությունը միայն անձնապես՝ սեփական փորձով ստուգածի ու ապրածի մասին գրելն էր։ Սակայն Հեմինգուեյի «Կորուսյալ սերնդի» հերոսին հակադրվում էր Սարոյանի գրական հերոսը[10]։
1939 թվականին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար 32-ամյա Սարոյանը արժանացավ գրականության ամենահեղինաավոր Պուլիցերյան մրցանակի, որը կազմում էր 10.000 դոլար (այդ ժամանակ ահռելի գումար էր) և որից Սարոյանը հրաժարվում է՝ (այդ ժամանակ Սարոյանը և իր ընտանիքը կարիքի մեջ էին) պատճառաբանելով, որ պետությունը չպետք է միջամտի գրականության գործերին։ Սարոյանի այս արարքն առաջացնում է ոչ միայն իր հակառակորդների, այլև առաջին հերթին իր ընտանիքի անդամների ու բարեկամների դժգոհությունը։ Դրան հետևեց Հեմինգուեյի հեգնանքը. «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը։ Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հետո Նոբելյան մրցանակ են ստանում»։ Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիցերյանից և 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի։ Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ. Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ[10]։
Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի խոսքերն իր արարքների վերաբերյալ, և նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքը` ասելով. «Իրականում այն (պատմվածքը) ինձ դուր է գալիս… անգամ եթե նա (Էռնեստ Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել և թույլ չի տալիս, որ դեպքի արագությունն իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա, ինչ խոսք, մեծ նվաճում է»։ Իսկ Հեմինգուեյը պատասխանւմ է. «Աստված վկա է, պարո՛ն Սարոյան, եղել են մարդիկ՝ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել։ Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են»[10]։
1943 թվականը հաջողակ դարձավ միայն Սարոյանի համար։ 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար նա արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։ Նույն թվին էկրան էր բարձրացել նաև Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վիպակի հիման վրա նկարահանված «Ում մահն է գուժում զանգը» ֆիլմը, որտեղ, ի դեպ, խաղում էր ազգությամբ հայ Ակիմ Թամիրովը և այդ ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել էր մրցանակի։ Ֆիլմն առաջադրված էր 7 տարբեր անվանակարգերում, որոնցից ոչ մեկում Հեմինգուեյը ներառված չէր։ Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջև խոնարհվեց ողջ Հոլիվուդը։ Առհասարակ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն իր հաջողությամբ, կինոթատրոններում հաճախելիությամբ և ստացված հասույթով մի քանի անգամ գերազանցեց «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմին։ Ու թեև մասնագիտական հաջողությունների պակաս Հեմինգուեյը չուներ, բայց սա ևս մեկ անգամ ակամա լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում[10]։
Պատմություններ կան նաև այն մասին, որ իբրև նրանց վեճերը երբեմն հասել են անգամ ծեծի։ Ամենահայտնի պատմությունն այն է, որ հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, բացականչում է. «Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը»։ Այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, ու բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են սոսկալի ծեծկռտուք` ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը։ Նման պահվածք սպասելի էր երկուսից էլ, քանի որ երկուսն էլ խառնվածքով շատ տաքարյուն էին, և գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի շատ կարևոր «բայց»։ Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ, և անհնար էր, որ Հեմինգուեյի և Սարոյանի մասին շատ անգամ կեղծ պատմություններ գրող, անվերջ սենսացիաներ փնտրող այդ թվականների մամուլը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու մեծերի կռվին։ Այդ ժամանակների համար դա իսկապես ցնցող սենսացիա էր։ Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում տող անգամ չգրվեց այդ մասին։ Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը և թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը[10]։
Կա ծեծկռտուքի ևս մի պատմություն, որը շատերի կարծիքով նույնպես հորինված է։ Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում ինչ-որ գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում բոհեմական հայտնի բարերից մեկում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով՝ Հեմինգուեյը բացականչում է. «Ի˜նչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը»։ Եվ իբրև դրանից հետո Սարոյանը սկսում է բռունցքներով հարվածել Հեմինգուեյին։ Ըստ էության՝ այս պատմությունը ևս քիչ հավանական է․ Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ կնոջ հետ գտնվում էր Փարիզում։ Սակայն Հայաստանում տված հարցազրույցներից մեկում Սարոյանն ամեն դեպքում խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ և ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ ազգային արժանապատվությունս վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Սարոյանը և հետո հավելել, - բայց նա հարբած էր»[10]։
Ասում են նաև, որ Փարիզի սրճարաններից մեկում մինչև հիմա մի ցուցանակ է կախված, որի վրա գրված է․ «Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու Սարոյանը»։
Վ. Սարոյանից մի շարք երկեր և մասնավորապես պիեսներ բնագրից հաջողությամբ հայերեն են թարգմանել Վանիկ Ավետիսյանը, Սամվել Մկրտչյանը, Արամ Արսենյանը, Զավեն Բոյաջյանը[11], Նինա Ջաղինյանը, Էլֆիք Զոհրաբյանը և ուրիշներ։
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան
2018 թ․ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ գրողի տանը, որտեղ նա ապրել էր իր կյանքի վերջին 17 տարիները, բացվեց գրողի տուն-թանգարանը[12]։ Տանը ցուցադրված են գրողի կյանքի տարբեր շրջաններից լուսանկարներ, Սարոյանի գունանկարներ, գծանկարներ, նրա գրքերի շապիկները։ Թանգարանում կա նաև հատուկ սենյակ, որտեղ գտնվում է գրողի հոլոգրամը[13]։
Ազդեցություն
- Սարոյանի ստեղծագործությունն ազդել է Ջեք Քերուակի[14], Ջոզեֆ Հելըրի և Ռեյ Բրեդբերիի[15] վրա։
- Սարոյանը շատ սիրված էր ԽՍՀՄ-ում։ Ըստ Ալեքսանդր Գենիսի՝ «նա մեր 60-ականների նախորդը և ժամանակակիցն է։ Նրա շնորհիվ աճեց արձակագրությունը «Պատանեկություն» ամսագրում»[16]։
- Սարոյանով շատ էր տարված Սերգեյ Դովլաթովը[17]։
Հասցեներ
- 2729 W Griffith Way, Ֆրեզնո, CA 93705, ԱՄՆ (1964-1981)։ Այս տանը այժմ գտնվում է գրողի թանգարանը։
- 9441 Wilshire blvd, Բևեռլի Հիլզ, ԱՄՆ։ Այդ շենքում է եղել գրողի գրասենյակը[18]։
- 74 Rue Taitbout, Փարիզ, Ֆրանսիա։ Սարոյանն ապրել է տան ձեղնահարկում, որտեղ էլ գրել է «նամակներ 74 rue Taitboutից» (1969) գիրքը։
Ազգային գիրք մրցանակի ֆինալիստ
1979 թվականին հրատարակվել է «Obituaries» ինքնակենսագրական գիրքը[19], որը ներկայացվել է 1980 թվականի Ազգային գիրք մրցանակին և դարձել է Ինքնակենսագրական գիրք կատեգորիայի ֆինալիստներից մեկը[20]։
Մեծարանք
- Նրա անվամբ կոչվել են դպրոց և համալսարան Երևանում։
- 2008 թվականը Հայաստանում հայտարարված էր նրա ծննդյան 100-ամյակին նվիրված տարի։
- 2008 թվականին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայում տեղադրվեց Սարոյանի արձանը[21] (քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան)։
- 2014 թվականին Բիթլիսի քաղաքային խորհուրդը հաստատեց քաղաքի պատմական մասում գտնվող հինգ փողոցների անվանափոխությունը հարավ-արևելյան Թուրքիայում։ Փողոցների նոր անվանումներից է նաև «Վիլյամ Սարոյանի փողոց»-ը[22]։
- 2015 թվականին Բիթլիս քաղաքում բացվեց գրադարան՝ ի պատիվ Վիլյամ Սարոյանի[23]։
- 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակի կապակցությամբ բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը Ֆրեզնո քաղաքում[24][25][26]։
Երկեր, թարգմանություններ
- The Summer of Beautiful White Horse (Սպիտակ ձիու ամառը), 1938
- My name is Aram (Իմ անունն Արամ է), 1940
- The Human Comedy (Մարդկային կատակերգություն), 1943
- Սարոյեան Վիլյամ, Հայն ու աշխարհը, Անթիլիաս, 1940, 108 էջ
- Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Գահիրէ, 1943, 144 էջ
- Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պոսթըն, 1943, 268 էջ
- Սարոյեան Վիլյամ, Անունս Արամ է (պատմուածքներ), Պոսթըն, 1945, 192 էջ
- Սարոյեան Վիլյամ, Տասը նոր պատմուածքներ, Գահիրէ, 1947, 72 էջ
- Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պէյրութ, 1954, 268 էջ
- Սարոյան Վիլյամ, Ժամում 60 մղոն (պատմվածքներ), Երևան, 1959, 216 էջ
- Սարոյան Վիլյամ, Մարդկային կատակերգություն, Երևան, 1959, 236 էջ
- Սարոյան Վիլյամ, Իմ սիրտը լեռներում է (պիեսներ), Երևան, 1963, 356 էջ
- Սարոյան Վիլյամ, Վեսլի Ջեկսոնի արկածները, Երևան, 1965, 404 էջ
- Սարոյան Վիլյամ, Խաղողի այգին (պիես), Երևան, 1971, 76 էջ
- Սարոյան Վիլյամ, Թոմ Թրեյսիի վագրը, Երևան, 1978, 84 էջ
- Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Պէյրութ, 1978, 372 էջ
- Սարոյեան Վիլյամ, Մարդկային կատակերգութիւն, Պէյրութ, 1980, 264 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 1. Պատմվածքներ, Իմ անունը Արամ է, Մարդկային կատակերգություն, Երևան, 1986, 488 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 2. Պիեսներ, Պատմվածքներ, Թրեյսիի վագրը (վիպակ), Երևան, 1987, 400 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 3. Վեսլի Ջեքսոնի արկածները, Պատմվածքներ, Երևան, 1988, 480 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, հատ. 4. Մայրիկ, ես սիրում եմ քեզ, Հայրիկ, դու խենթ ես, Հուշապատումներ, Երևան, 1991, 432 էջ
- Սարոյեան Վիլյամ, 6 թատերախաղ, Պէյրութ, 1994, 276 էջ
- Սարոյեան Վիլյամ, Անունս Արամ է (պատմուածքներ), Հալէպ, 1994, 240 էջ
- Սարոյան Վիլյամ, Իմ անունն է Սարոյան (պատմվածքներ, բանաստեղծություններ, թատերգություն), Երևան, 1994, 104 էջ
- Սարոյեան Վիլյամ, Պատմուածքներ, Պէյրութ, 1994, 240 էջ
- Սարոյան Վիլյամ, Պատմվածքներ։ Հարցազրույցներ։ Էսսեներ Հուշեր, Երևան, 1999, 132 էջ
- Սարոյան Վիլյամ, Ահա եկավ, ահա գնաց, դուք գիտեք, թե ով (ինքնակենսագրություն), Երևան, 2003, 176 էջ
- Սարոյան Վիլյամ, Հայաստանի Անդրանիկը (պատմվածքներ), Երևան, 2004, 88 էջ
- Սարոյան Վիլյամ, Առակներ, Երևան, 2008, 152 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Ա. Պատմվածքներ, Երևան, 2008, 228 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Բ. Պիեսներ, Երևան, 2008, 228 էջ
- Սարոյան Վիլյամ, Ընտիր երկեր, գիրք Գ. Մայրիկ, ես սիրում եմ քեզ։ Հայրիկ, դու խենթ ես, Երևան, 2008, 304 էջ
- Սարոյան Վիլյամ, Ծնունդներ։ Օրագիր։ Գրառումներ, Երևան, 2008, 124 էջ
- Սարոյան Վիլյամ, Հայկական եռագրություն (պիեսներ), Երևան, 2008, 184 էջ
- Սարոյան Վիլյամ, Մարդկության տոնը (պատմվածքներ), Երևան, 2008, 388 էջ
- Սարոյան Վիլյամ, Ձեռնամարտ ի սեր Հայաստանի (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2009, 320 էջ
- Սարոյան Վիլյամ, Պատմվածքներ, հարցազրույցներ, էսսեներ, հուշեր, Երևան, 2010, 576 էջ
- Սարոյան Վիլյամ, Բան ունեմ ասելու (հինգ պիես), Երևան, 2012, 160 էջ
- Սարոյան Վիլյամ, Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 240 էջ
- Սարոյան Վիլյամ, Վերջին բառը սեր էր (պատմվածքներ), Երևան, 2012, 109 էջ
- Սարոյան Վիլյամ, Փող սարքելը և տասնինը այլ շատ կարճ պիեսներ, Երևան, 2013, 104 էջ
- Սարոյան Վիլյամ, Անունս Սարոյան է, Երևան, 2014, 108 էջ
- Սարոյան Վիլյամ, Հեծանվորդը Բևերլի Հիլզից, Երևան, 2016, 184 էջ
- Սարոյան Վիլյամ, Առակներ, Երևան, 2018, 152 էջ[27]
Գրականություն
- Գուրգեն Ջանիբեկյան «Հանդիպում Վիլյամ Սարոյանի հետ», «Սովետական արվեստ», 1958, թիվ 11, էջ 68։
- Վահագն Դավթյան, «Բարի հսկան», Սովետական գրող», 1978։
- Վարսիկ Գրիգորյան, Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Երևան, «Վան Արյան», 2010, 224 էջ։
- Լևոն Մկրտչյան, Վիլյամ Սարոյանը մոտիկից, Երևան, «Սովետական գրող», 1978, 152 էջ։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.