Remove ads
ֆիլմի վրա պահպանված շարժման տպավորություն ստեղծող պատկերների հաջորդականություն From Wikipedia, the free encyclopedia
Կինոնկար, կինո, շարժանկար (հուն.` շարժել), ֆիլմ անգլ.՝ Film - ժապավեն), կինոֆիլմ, մուլտֆիլմ, կինոարվեստի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը մի շարք ֆոտոնկարների հաջորդականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարը ուղեկցվում է ձայնով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։
Ներկայումս կինոնկարն ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90-120 րոպե (1,5 - 2 ժամ)։
Կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են։ 1895 թվականին հայտնագործել են «Շարժվող լուսանկարների» նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել և անվանվել է կինեմատոգրաֆ։ Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի որպես ժանր ծնունդը տեղի է ունեցել 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցինների Գրանդ Կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի ունեցավ կինոնկարի առաջին սեանսը։
Կինեմատոգրաֆում առաջին քայլը տեղի է ունեցել 1685 թվականին, երբ հայտնագործվեց «կախարդական լուսամփոփը»` տեսախցիկը։
Երկրորդ քայլը կատարվել է 1791 թվականին Մայքլ Ֆարադեյի և նրա ընկերոջ` Մաքս Ռոջերի կողմից։ Ամբողջ Եվրոպան աշխատում էր, որպեսզի ստեղծվեր մի սարք, որ կարող էր կենդանացնել նկարը։ Ֆարադեյի սարքավորումը կոչվում էր ֆենակիստիսկոպ։ Սարքավորմանը ամրացվում էր հաջորդական նկարների շարք։ Գիտնական Ժոզեֆ Պլատոն զբաղվում էր մի գործով, որը հնարավորություն կտար շարժումը բաժանել մի քանի փուլերի՝ մասերի, օրինակ՝ մարդու շարժումը։ Երբ Ֆարադեյն իր ձեռքում ուներ այդ աշխատանքները, ֆենակիստիսկոպի ավարտուն տեսք ստանալուն շատ քիչ էր մնում։
Երրորդ քայլն արվեց 1877 թվականին։ Այն հնարավոր դարձավ Լուի Դագերի և Ժոզե Նյեպսայի աշխատանքների շնորհիվ։ Կալիֆոռնիայի կառավարիչ Լելանդ Ստենֆորդը և լուսանկարիչ Էդուարդ Մեյբրիջը մի հետաքրքիր փորձ կատարեցին։ Լելանդը սիրում էր ձիեր և բանավիճեց Մեյբրիջի հետ այն թեմայի շուրջ, թե արդյոք ձին թռիչքի ժամանակ պոկում է ոտքը գետնից։ Նրանք գտան 60 տեսախցիկներ և շարեցին դրանք վազուղու երկու կողմերում՝ յուրաքանչյուր կողմում 30 հատ։ Նրանց հակառակ կողմում կային փոքր կրպակներ, որտեղ գտնվում էին մարդկանց վերահսկող տեսախցիկները։ Տեսախցիկի և կրպակի միջև ձգված էր ճոպան։ Երբ ձին սկսում էր վազել և հասնում այդ հատվածին, որտեղ տեղադրված էին տեսախցիկները, ոտքով դիպչում էր պարանին, որից հետո սկսվում էր տեսախցիկի աշխատանքը և ստացվում ձիու շարժման մի հատվածի պատկեր։ Դա շարժումը մասերի բաժանելու առաջին փորձն էր[1]։
Շարժանկարը լուսանկարների հաջորդականություն է՝ նկարահանված որոշակի հաճախականությամբ հատուկ սարքի (կինոխցիկ) օգնությամբ ֆոտոժապավենի վրա և նախատեսված ստացված պատկերները էկրանին (նույն հաճախականությամբ) արտածելու համար։ Տարբերակում են նեղժապավեն (սիրողական) կինոֆիլմեր՝ նկարահանված 8 մմ կամ 19 մմ լայնությամբ կինոժապավենի վրա, և պրոֆեսիոնալ կինոֆիլմեր՝ նկարահանված 16 մմ կամ 35 մմ լայնությամբ կինոժապավենի վրա սովորական օբյեկտիվով կամ հատուկ լայնաֆորմատ դրածոյի օգնությամբ, որը թույլ է տալիս փոփոխել կողմերի հարաբերակցությունը՝ չփոխելով կինոխցիկի և կինոարտածիչի կադրային պատուհանի չափսերը։ Ի սկզբանե շարժանկարը «համր» էր, այսինքն ներկայացնում էր կադրերի հաջորդականությունը՝ նկարահանված սև-սպիտակ կինոժապավենի վրա։ «Մեծն համրին» կինոթատրոններում ներկայացնում էին դաշնակահարի նվագակցությամբ։ Տեխնոլոգիաների արդիականացումը թույլ տվեց իրականացնել ձայնագրումը կինոժապավենի (օպտիկական ձայնագրում) կամ մագնիսական ժապավենի վրա՝ կատարված դրական ժապավենի վրա. 1930-ական թվականների վերջերին սկսվեց ձայնային շարժանկարի դարաշրջանը։ Բացի այդ, հայտնվեցին գունավոր ֆոտո և կինոպաժավենները։
Ֆիլմերի ճնշող մեծամասնությունը ստեղծվում է ստեղծագործական աշխատողների և տեխնիկական մասնագետների կողմից հատուկ մասնագիտացված կինոստուդիաներում՝ նկարահանման գործընթացում օգտագործելով կինոտեխնիկայի տարբեր միջոցներ, նկարահանման տաղավարներ, բնական հարթակներ և այլն։ Բացի այդ, գիտական, տեխնիկական և ուսումնական նպատակներով ֆիլմերը պատրաստվում են ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտների կինոլաբորատորիաներում։ Սիրողական ֆիլմերը նկարահանվում են առանձին կինոսերների, ինչպես նաև ակումբներին, ուսումնական հաստատություններին կից սիրողական կինոստուդիաների կողմից։
Կինոխցիկի և կինոնկարահանման եղանակների բազմազանության շնորհիվ կինոն, ի տարբերություն մյուս արվեստների, կարողանում է որոշակի և հավաստի վերարտադրել կյանքի յուրաքանչյուր դրսևորում՝ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր, և լույսի ու գույնի օգնությամբ հասնել իրադարձությունների տեսապատկերային մեկնաբանության։ Նկարահանված տարբեր կադրերի (կինոժապավենի վրա պատկերված անշարժ կամ շարժման մեկ պատկեր) համադրման, մոնտաժման միջոցով խտացվում և կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարաժամանակային, իմաստահուզական նոր՝ էկրանային իրողություն, բացահայտվում և մեկնաբանվում են կերպարները, սցենարիստի ասելիքը։ Ստեղծագործական և արտադրական այդ բարդ գործընթացում հիմնականում միավորված են սցենարիստի, ռեժիսորի, դերասանի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի աշխատանքը։ Զարգացման ընթացքում ձևավորվել են կինոյի հետևյալ տեսակները.
Կինոն բաժանվում է համր և հնչուն շրջանների։ 1930-ական թվականների սկզբին դարձել է հնչուն, մշակվել են գունավոր նկարահանման տեխնիկական հիմունքները։ 1950-ական թվականներից ստեղծվել են էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնաֆորմատ, համայնապատկերային և այլն)։
Կինոպատկերի որակի հետագա զարգացումը կապված է 1950-ական թվականների սկզբին համայնապատկերային կինոսարքավորումների ստեղծման հետ, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում հանդիսատեսի շրջանում, սակայն թանկարժեք էին և լայն օգտագործման համար ոչ պիտանի։ Համայնապատկերային ֆիլմի դեպքում էկրանը բավական ձգված էր։ Համայնապատկերային ֆիլմի բնութագրի առանձնահատկություննրից մեկը հորիզոնական տեսադաշտի շատ մեծ անկյունն էր, որը գերազանցում էր մարդու տեսադաշտը և թույլ էր տալիս էկրանի եզրերը դարձնել քիչ նկատելի[2]։ Կինոնկարահանման այդպիսի համակարգերն օգտագործում են պատկերի բաժանումը մի քանի մասերի և, որպես կանոն, գործածում են մի քանի կինոժապավեններ։ ԽՍՀՄ-ում և աշխարհում այդ ֆորմատը մեծ տարածում չգտավ թանկարժեք լինելու և մասսայական կինոարտադրության հետ անհամատեղելիության պատճառով։ Համայնապատկերային տեխնոլոգիաներով նկարահանված ոչ մեծ թվով ֆիլմերը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում հաճախ պատճենվում էին լայնաֆորմատ կինոժապավենի վրա ավանդական կինոթատրոններում ցուցադրելու համար։
Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907-1914 թվականներին։ Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներին) ժամանակ՝ Կովկասյան ռազմաճակատում։ Կինոնյութեր ստեղծվել են նաև 1918–1920 թվականներին։ Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924 թվական) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925 թվական) գեղարվեստական ֆիլմերով։ Հայկական կինոյի համր շրջանում (1924-1935 թվականներ) ստեղծվել են «Զարե» (1926 թվական), «Շոր և Շորշոր» (1926 թվական), «Կիկոս» (1931 թվական), «Գիքոր» (1934 թվական) և այլ կինոնկարներ։
Առաջին հնչուն ֆիլմը «Պեպոն» է (1935 թվական)՝ հայկական կինոյի լավագույն նմուշներից, որին հաջորդել են «Սևանի ձկնորսները» (1938 թվական), «Լեռնային արշավ» (1939 թվական), «Քաջ Նազար» (1940 թվական) և այլ կինոնկարներ։
1950-ական թվականների կեսից հայկական կինոյում սկսվել է նոր փուլ («Հասցեատիրոջ որոնումները», 1955 թվական, «Լեռնային լճի գաղտնիքը», 1954 թվական, «Ոսկե ցլիկ», 1955 թվական, և այլն), որին բնորոշ է առօրեական թեմաների արտացոլումը։ Այդ և հետագա տարիներին էկրան են բարձրացել գեղարվեստական ֆիլմեր, որոնցից շատերն արժանացել են հայկական և միջազգային կինոփառատոների պարգևների։ Լավագույններից են՝ «Պատվի համար» (1956 թվական), «Բարև, ես եմ» (1965 թվական), «Սարոյան եղբայրներ» (1968 թվական), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թվական), «Նռան գույնը» (1969 թվական), «Երկունք» (1976 թվական), «Նահապետ» (1977 թվական), «Հուսո աստղ» (1978 թվական), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թվական), «Հին օրերի երգը» (1982 թվական), «Մեր մանկության տանգոն» (1984 թվական), «Քամին ունայնության» (1989 թվական), «Ձայն բարբառոյ...» (1991 թվական), «Ընկեր Փանջունի» (1992 թվական), «Հին աստվածներ» (1993 թվական), «Ուրախ ավտոբուս» (2000 թվական), «Քրմուհին» (2006 թվական) և այլն։ Գեղարվեստական կինոնկարներ են ստեղծել կինոռեժիսորներ Համո Բեկնազարյանը, Ամասի Մարտիրոսյանը, Ստեփան Կևորկովը, Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սերգեյ Փարաջանովը, Լաերտ Վաղարշյանը, Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Ներսես Հովհաննիսյանը, Վիգեն Չալդրանյանը և ուրիշներ։ Վավերագրական կինոյում հիշարժան են «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967 թվական), «Մենք» (1969 թվական), «Կանչ» (1976 թվական), «Մեր դարը» (1982 թվական), «Մատենադարան» (1983–2002 թվական), «Սպասում» (1984 թվական), «Կոնդ» (1987 թվական), «Վերջ» (1992 թվական), «Կյանք» (1993 թվական), «Վաճառվում է» (1996 թվական), «Սահման» (2009 թվական) և այլ ֆիլմեր։
Արժեքավոր վավերագրական ֆիլմեր են ստեղծել Լևոն Իսահակյանը, Ռոզալիա Ֆրանգուլյանը, Արտավազդ Փելեշյանը, Արա Վահունին, Ռուբեն Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Դավիթ Սաֆարյանը և ուրիշներ։ Հայկական կինոյի զարգացմանը նպաստել են կինոօպերատորներ Գարուշ Բեկնազարյանը, Դմիտրի Ֆելդմանը, Իվան Դիլդարյանը, Կարեն Մեսյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ալբերտ Յավուրյանը, նկարիչներ Միքայել Արուտչյանը, Ստեփան Անդրանիկյանը, Վալենտին Պոդպոմոգովը, կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ։ Լավագույն ֆիլմերը (գեղարվեստական, վավերագրական և այլն) ներկայացվում են միջազգային կինոփառատոներում, որտեղ սահմանված են մրցանակներ տարբեր անվանակարգերում՝ լավագույն ռեժիսորի, լավագույն դերասանի, լավագույն օպերատորի և այլն։
1929 թվականին Ամերիկյան կինոակադեմիան սահմանել է «Օսկար» մրցանակը, որը տրվում է լավագույն կինոնկարներին և կինոգործիչներին։ Միջազգային առաջին կինոփառատոնն անցկացվել է 1932 թվականին, Վենետիկում։ Հայտնի են նաև «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» (Վենետիկ), «Ոսկե դափնեճյուղ» (Կանն), «Բյուրեղապակյա գլոբուս» (Կառլովի Վարի), «Նիկա» (Մոսկվա) և այլ կինոմրցանակներ։ 2004 թվականից Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը (սահմանված են «Ոսկե ծիրան», «Արծաթե ծիրան» մրցանակները)։ 1957 թվականից Երևանում գործում է Հայֆիլմ կինոստուդիան, որը թողարկում է գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Հեռուստաֆիլմեր են նկարահանվել «Երևան», վավերագրական՝ «Հայկ» ստուդիաներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.