Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հին Հունաստան (հին հունարեն՝ Αρχαία Ελλάδα), քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է էգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը[1]։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը[2]։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում[3]։ Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է[4]։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։ Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը[5], որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ[6]։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին[7]։
Անտիկ Հունաստանի բրոնզեդարյան պատմության վերջին փուլը Միկենյան քաղաքակրթության ժամանակահատվածն է[8]։ Միկենյան Հունաստանը ունեցել է զարգացած քաղաքակրթություն` շքեղ նահանգներով և քաղաքային կազմավորումներով, ինչպես նաև վեհաշուք արվեստով և կայուն գրային համակարգով[8]։ Հունական ավանդության համաձայն՝ այս շրջանում է տեղի ունեցել Միկենեի թագավոր Ագամեմնոնի գլխավորած աքքայական թագավորների դաշնակցային պատերազմը Տրոյայի դեմ[9][10]։ Միկենյան Հունաստանն անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումից հետո։ Դրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը[11], որն այդ շրջանում ստեղծագործող նշանավոր գրողներից մեկի՝ Հոմերոսի, պատվին կոչվում է Հոմերոսյան[12]։ Մ․թ․ա․ 9-րդ դարը նշանավորվում է պոլիսային համակարգի կազմավորմամբ։ Հունաստանի կենտրոնական պոլիսը համարվում էր Աթենական պոլիսը[13][14], որը թե՛ իր տնտեսական հզորությամբ և թե՛ ռազմականորեն գերազանցում էր մյուս քաղաք-պետություններին։ Մ․թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը հայտնի է Արխաիկա անվանումով[15]։ Մ․թ․ա․ 6-րդ դարում օրենսգիր Կլիսթենեսը վերացնում է Պիսիստրատոսի տիրանին և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թվականին հռչակում արքոնտ։ Արդյունքում՝ ավելի քան երկուս ու կես հազարամյակ առաջ Աթենքում ստեղծվում է ժողովրդավարական իշխանություն։ Մ.թ.ա. 499-449 թվականների հույն-պարսկական պատերազմներն ավարտվում են հույների փայլուն հաղթանակով[16]։ Հենց այս հաղթանակն էլ հակասություններ է առաջացնում հունական պոլիսների միջև և սկսվում է Պելոպոնեսյան երկրատև և արյունարբու պատերազմները։ Հետագա տասնամյակներում հունական հասարակությունը ընկղմվում է խոր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, որն էլ մ․թ․ա․ 4-րդ դարի երկրորդ կեսին հանգեցնում է մակեդոնական նվաճման։ Դրանից հետո մարդկության պատմության մեջ սկսվում է հելլենիզմի դարաշրջանը (Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավված տարածքներում հունական լեզվի և մշակույթի գերակայություն), որին հաջորդում են հռոմեական նվաճումները։
Հին Հունաստանը համարվում է արևմտյան քաղաքակրթության, ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը[17]։ Առաջին անգամ՝ մ․թ․ա․ 776 թվականին, այստեղ է վառվել և մարդկության սեփականությունը դարձել Օլիմպիական կրակը[18]։ Հին հունական ճարտարապետության ազդեցությունն առկա է աշխարհի տարբեր ծայրերում[19]։ Դրա վառ նմուշներից է ներկայիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում վեր խոյացող Ակրոպոլիսի հնագիտական համալիրը[20], որի մարգարիտն է հանդիսանում Պարթենոնի հեթանոսական տաճարը։ Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, ով Աթենքում կերտել է Զևսի արձանը՝ անմահացնելով իր անունը։ Եվ պատահական չէ, որ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը (Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը) ժամանակին գտնվել են Հունաստանում։ Հունական փիլիսոփայության դասական ժամանակաշրջանն ավանդաբար կապված է Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի անվան հետ։ Հին Հունաստանում են ծնվել և գործունեություն ծավալել նաև այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Սողոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդեսը, քարտեզագետ Միլեթը, պատմաբաններ Հերոդոտոսը և Քսենոփոնը։ Այդ ժամանակաշրջանում Հին Աթենքը դառնում է համաշխարհային փիլիսոփայության[21] կենտրոն։ Հին Հունաստանում են ստեղծվել անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր ստեղծագործությունները՝ «Իլիականն» ու «Ոդիսականը», որոնք հունական էպոսի հետ կապված պոեմներ են և պատմում են Տրոյական պատերազմի մասին։ Այս աշխատությունների հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր, իսկ նույն շրջանում ստեղծագործող մեկ այլ պատմիչ Հերոդոտոսը մարդկությանը հայտնի է «Պատմության հայր» պատվանմամբ։ Հունաստանում են ծնվել և ստեղծագործել թատերական արվեստի նահապետներ հանդիսացող ողբերգակներ Էսքիլեսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, ինչպես նաև նշանավոր կատակերգակ Արիստոփանեսը։ Հին հունական մշակույթի անբաժանելի մասն է կազմում դիցաբանությունը։ Հին հույները հեթանոս էին և հավատում էին բազմաթիվ աստվածների՝ վերջիններիս հետ կապելով աշխարհաստեղծումն ու մի շարք այլ բնական երևույթներ։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որոնց պանթեոնը գտնվում է հույների սուրբ լեռան՝ Օլիմպոսի վրա։ Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։ Հին հույներն աստվածների և ժամանակի հերոսների մասին ստեղծել են առասպելներ, որոնց հիման վրա էլ առաջացել է ժողովրդական բանահյուսությունը։
Կրետեն բոլոր ժամանակներում եղել է հունական կղզիների մեջ հատընտիրը՝ քաղաքակրթության և մշակույթի բարձր զարգացվածությամբ և բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Կրետեում էլ դրվել է առաջին համահունական պետության հիմքերը։ Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Կրետեում սկսվում է տոհմական կարգերի քայքայումը և աստիճանաբար առաջանում են քաղաք-պետություններ[22]։ Դրանց շարքում խոշորներից էին Կնոսոսն ու Մալիան[22]։ Կրետեի քաղաքական պառակտվածությունը շարունակվում է մինչև մ․թ․ա․ 7-6-րդ դարերը, երբ պոլիսները միավորվում են մեկ պետության կազմում և ստեղծվում է Կնոսոսի միացյալ թագավորությունը[22]։ Այս ժամանակաշրջանի Կրետեի վերաբերյալ պահպանվել են հունական առասպելապատումներ, ինչպես նաև նյութական մշակույթի հուշարձաններ։ Մեզ հայտնի հունալեզու մի շարք աղբյուրներ հավաստում են այն մասին, որ այս ժամանակահատվածում կղզու վրա տարածված է եղել Կրետեի թագավորության գերիշխանությունը, որը եղել է տարածաշրջանի ամենաազդեցիկ ծովապետություններից մեկը։ Վերջինս իր ռազմաքաղաքական ազդեցությունը տարածում էր Եգեյան ծովի զանազան կղզիների, ինչպես նաև մայրցամաքային Հունաստանի որոշ հարավային շրջանների վրա[22]։ Կրետե կղզու բոլոր մեծ ու փոքր բնակավայրները միմյանց հետ միացված էին բարեկարգ ճանապարհներով, որոնց մի մասը պատված էր քարե տաշած սալերով։ Կրետացիները իրենց գոյության համար ներքին և արտաքին որևէ սպառնալիք չէին տեսնում և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր այն փաստը, որ կրետական ոչ մի քաղաք՝ անգամ քաղաքամայր Կնոսոսը, մուտքի մոտ չունեին քաղաքային պարիսպներ։ Կրետեի թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասնում մ․թ․ա․ 16-15-րդ դարերում՝ Մինոս արքայի կառավարման տարիների[23]։ Կրետացիները կառուցում են հզոր և սպառազինված նավատորմ՝ դրա շնորհիվ հպատակեցնելով Եգեյան ծովի կղզիները, ինչպես նաև Հունաստանի ծովափնյա բնակավայրերը[23]։ Կնոսոսի կառավարման տարիներին Կրետեն առևտրական հարաբերություններով կապվում է Եգիպտոսի և Կիպրոսի հետ։ Ռազմական նավատորմի օգնությամբ կրետացիները զերծ էին մնում ծովահենության սպառնալիքից, իսկ Մինոսի գերիշխանությունը ծովում հույներն անվանում էին թալասսոկրատիա (նշանակում է «ծովատիրություն»)։ Այս շրջանում Եգեյան ծովի շատ կղզիներում կրետացիները հիմնել են առևտրային գաղութներ Կիկլադյան կղզիներում, Հռոդոսում և փոքրասիական Միլեթում։ Ըստ մեզ հասած հին հունական առասպելներից մեկի՝ Կրետեին հարկատու էր նաև Աթենքը։ Կրետեի ծովապետության քաղաքամայր Կնոսոսի արքայական պալատը եղել է երկհարկանի հոյակերտ շինություն, որը պատմիչների հավաստմամբ զբաղեցրել է շուրջ 16000 քառակուսի մետր տարածք։ Միայն առաջին հարկի սենյակների և այլ հարկաբաժինների թիվը հասնում էր 300-ի։ Կնոսոսի պալատի մասին առաջին հիշատակություններից մեկը եղել է «Թեսևսի և Արիադնայի մասին» հին հունական առասպելում, որտեղ Կնոսոսի պալատը հայտնի էր Լաբիրինթոս անվանմամբ։
Կրետեն լինելով հզորագույն հունական պետությունը հարկեր էր գանձում աթենացիներից։ Յուրաքանչյուր ինը տարին մեկ Մինոս արքան Աթենք էր ուղարկում իր դեսպաններին՝ յոթ պատանի և յոթ աղջիկ Կրետե տանելու համար։ Այստեղ նրանց կալանում էին Լաբիրինթոսի հսկայական պալատում և ապա նրանց խժռում էր ահասարսուռ հրեշ Մինոտավրոսը, ով մարդկային մարմին և ցլի գլուխ ուներ։ Մինոսն այդ հարկն աթենացիների վրա էր դրել, քանի որ նրանք էին սպանել իր Անդրոգեոս որդուն։ Այս երևույթին վերջ տալու նպատակով արքայազն Պերսևսը, որ զառամյալ արքա Եգևսի որդին էր, վճռում է մեկնել Կրետե և սպանել դևային ցլամարդուն։ Հասնելով Կրետե՝ նա իր աստվածային հոր՝ Պոսեյդոնի օգնությամբ հաջողությամբ կատարում է Մինոսի առաջադրանքը և ապա ճանապարհ բռնում դեպի Կնոսոսի պալատ՝ Լաբիրինթոս։ Լաբիրինթոսը մոլորեցնող էր և այնտեղ մտնողը երբեք չէր կարող ելքի ճանապարհը գտնել։ Այս սխրանքի ժամանակ Պերսևսին օգնում է Արիադնեն, որ մի կծիկ է տալիս Պերսևսին, որի օգնությամբ էլ առասպելական հերոսը չի կորցնում ետվերադարձի ճանապարհը։ Հասնելով Մինոտավրոսին, Պերսևսը բռնում է վերջինիս եղջյուրներից և թուրը մխրջում ցլակերպ հրեշի սիրտը։ Հաղթանակած Պերսևսը ազատում է պատանի գերիներին և թելի օգնությամբ դուրս գալիս պալատից[24]։
Մ․թ․ա․ 15-րդ դարի կեսին Կիկլադյան Թիրա (ներկայումս հայտնի է Սանտորինի անվամբ) կղզում հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունենում, որին հաջորդում են կործանարար երկրաշարժերն ու հրդեհները։ Արդյունքում՝ տեղացիների ստեղծած քաղաքակրթությունն ու մշակույթը գրեթե ամբողջովին վերանում է, իսկ Կրետեն երկար ժամանակ ծածկվում է հրաբխից դուրս ժայթքած փոշով, որը տարածվելով դեպի հարավ, հաստ շերտով ծածկում է ամբողջ կղզու օդային ավազանը։ Այն նյութական և մարդկային լուրջ վնասներ է հասցնում ծովապետությանը՝ դառնալով վերջինիս թուլացման գլխավոր պատճառը։ Կրետեում սոցիալ-քաղաքական կյանքը, իսկ որոշ ժամանակ անց նաև թագավորական վարչակարգն անկում է ապրում և կղզին գրավվում է Հունաստանից ներխուժած աքայացիների կողմից։ Կրետեի ծովապետության գոյության ոչ այնքան երկար ժամանակահատվածում կրետացիները ստեղծում են բարձր զարգացած մշակույթ։ Հունաստանի տարածքում առաջինը նրանք են սկսում պատրաստել և օգտագործել բրոնզե գործիքներ։ Կրետացիներն ունեցել են 100 նշաններից բաղկացած հիերոգրիֆային գիր, որոնցով մեզ հասել են սակավաթիվ արձանագրություններ։ Այնուամենայնիվ՝ այդ գրերը մինչ օրս բացահայտված չեն։
Կնոսոսը եղել է բրոնզեդարյան աշխարհի խոշորագույն քաղաքներից։ Առավել հայտնի է եղել Մինոս թագավորի կողմից կառուցված քաղաքի սյունազարդ պալատը, որը հին հունական դիցաբանության մեջ հիշատակված է Դեդալոսի լաբիրինթոս անվանումով։ | Հնագիտական տեսանկյունից Կնոսոս և պալատ տերմինները նույն նշանակությունը չունեն։ Կնոսոսը երբեք չի եղել միապետի նստավայր, չնայած որ այն ներառում է իր մեջ սենյակներ, որոնք արքայական ընտանիքին են վայել։ Պալատական կենտրոն հասկացությունը առավել բնութագրական է։ | Խեցեղենը Կնոսոսում առատ էր և ժամանակաշրջանի յուրահատուկ ոճով զարդանախշված։ Համեմատելով այդտեղի խեցեղենը Միջերկրական ծովի արևելյան շրջանների այլ վայրերի խեցեղենի հետ՝ էվանսը ստեղծել է ընդլայնված ժամանակագրություն, որն այդ առումով դժվարությամբ իրականացվող գործ է։ |
Կրետացիները հեթանոս էին երկրպագում էին բազմաթիվ աստվածների։ Առավել տարածված էր Մեծ Մայր աստվածուհու պաշտամունքը։ Նրան պատկերում էին յուրաքանչյուր ձեռքին մեկ օձ բռնած տեսքով։ Նա պտղաբերության աստվածուհին էր կյանքի հովանավորը։ Կրոնական կարևոր ծեսերից էր նաև ցուլերի հետ անցկացվող մրցումները։ Կնոսոսի ողբերգական վախճանն ամբողջ Մինոսյան քաղաքակրթության աստիճանական անկման ազդանշանն է եղել։ Մինոսյան Կնոսոսի բազմահարկ թագավորաիշխանական պալատները մարդկության պատմությանը հայտնի են իրենց ինժեներաճարտարապետական նորարարություններով, բնական և արվեստի նորություններով, կոյուղիներով, օդափոխիչներով, ջեռուցման համակարգով։ Ներկայումս պահպանվել են Կնոսոս քաղաքի միայն ավերակները, որոնց մասնակի շինարարության աշխատանքն իր վրա է վերցրել Հունաստանի Հանրապետության կառավարությունը։
Մինոսյան քաղաքակրթության քայքայմանը գրեթե զուգընթաց մայրցամաքային Հունաստանում տեղի է ունենում դարակազմիկ իրադարձություն․ սկսվում է հունալեզու առաջին ցեղերի՝ աքայացիների մեծ գաղթը, որոնք Բալկաններ են գալիս մ․թ․ա․ 17-16-րդ դարերում Փոքր Ասիայից։ Հոմերոսի հավաստմամբ աքայացիները մարտունակ զինվորներ էին, ովքեր հմտորեն տիրապետում էին մարտակառքային ռազմարվեստին և հենց այս հատկության շնորհիվ էլ նրանք հեշտությամբ կարողացան իրենց ենթարկել Բալկանյան թերակղզու տեղաբնիկ ցեղերին։ Գաղթի ավարտին արդեն ամբողջ Կենտրոնական և Հարավային Հունաստանը բնակեցված էր աքայացիներով։ Կարճ ժամանակահատվածում աքայական ցեղերին հաջողվում է ներխուժել Եգեյան ծովի կղզիներ և հպատակեցնել Կրետեն։ Աքայացիները ստեղծում են մանր պետություններ, որոնցից հատկապես աչքի էին ընկնում Միկենքը (սրա անունից էլ այս դարաշրջանը անվանում են «միկենյան»), Պիլոսը, Տիրինթոսը և Օրքոմենը։ Նշված բոլոր իշխանություններն էլ գտնվել են Պելոպոնեսյան թերակղզու վրա։ Ներքին հակասություններից և սպառնալիքներից խուսափելու համար, աքայացիները՝ ի տարբերություն կրետացիների, իրենց հիմնած քաղաքները ամրացնում են հզոր կիկլոպյան պարիսպներով։ Մոտավորապես մ․թ․ա․ 1600 թվականին՝ Բրոնզի դարի վերջին, Հունաստանը թևակոխում է Միկենյան քաղաքակրթության շրջափուլ։ Միկենյան քաղաքակրթությունը մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթության շրջափուլն էր, որին բնորոշ էին շքեղ քաղաքային բնակավայրերն և պաշտպանական ամրությունները, ինչպես նաև ծաղկուն արվեստն և գրային համակարգը։ Միկենյան Հունաստանի տարածքում գոյություն ունեին բազմաթիվ ինքնիշխան քաղաք-պետություններ, որոնց միջև հաճախ ծագում էին պատերազմներ։ Այդ պատերազմները առավելապես ունենում էին զավթողական բնույթ, իսկ ավելի հազվադեպ դրանք մղվում էին նախկինում կորցրած տարածքները վերանվաճելու համար։ Չնայած այս ամենին՝ արտաքին սպառնալիքի առկայության դեպքում միկենյան պետությունները միավորվում էին և հակահարված հասցնում արտաքին թշնամուն։ Այդժամ նրանք հանդես էին գալիս ժամանակավոր դաշինքների տեսքով։ Միկենյան աշխարհի երկրները ռազմական կատարելագործվածությունից բացի ունեին կայուն պետական կառավարման համակարգ, ինչպես նաև զարգացած առևտուր և արհեստագործություն։
Միկենյան պետություններից յուրաքանչյուրը կառավարվում էր սեփական արքայի կողմից, որոնց տեղացիներն անվանում էին վանակա (հին հունարեն՝ βανάκα): Բնակչության վերնախավը կազմում էին տոհմային ավագանին, քրմությունը (հոգևոր առաջնորդ) և պետական պաշտոնյաները (նախարարական անձնակազմ)։ Միկենյան պետությունների համար արտաքին առևտուրը տնտեսական մեծ եկամտի աղբյուր էր։ Արևելքի մի շարք պետությունների տարածքում հույները հիմնում են առևտրային գաղութներ, որոնց միջոցով էլ վերջիններս իրականացնում են արտաքին առևտուր։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից ձևավորված գրային համակարգը (սրա վրա էլ հիմնված է հունարենի այբուբենը) գոյատևել է մինչև մ․թ․ա․ 8-րդ դարը` մինչև նոր գրային համակարգի առաջացումը։ Բացի այդ, բացահայտվել է, որ Միկենյան մշակույթի կրողները Միկենյան քաղաքակրթության ավարտից հետո էթնիկապես կապված են եղել հունական թերակղզու բնակչության հետ։ Միկենյան քաղաքակրթության անկմանը նպաստած գործոնները մեզ հայտնի չեն, սակայն դրանք մնում են գիտնականների քննարկումների շրջանակներում։ Ներկայումս չկան Միկենյան պալատական համակարգի անկման վերաբերյալ բավականաչափ պարզաբանված տեսակետներ, սակայն կան երկու հիմնական վարկածներ։ Ըստ դրանցից մեկի՝ Միկենյան մշակույթը Հունաստանում անկում է ապրել դորիացիների գաղթին և բնակչության տեղաշարժերին զուգահեռ, իսկ երկրորդ վարկածի համաձայն Միկենյան աշխարհի քայքայումը պայմանավորված էր ներքին հուզումներով, որոնք էլ իրենց հերթին առաջ են բերում երկպառակչական պատերազմ Միկենյան պետությունների միջև կամ քաղաքակիրթ խռովության պետություններում` որպես արդյունք խիստ հիերարխիկ սոցիալական համակարգի։
Տրոյա քաղաք-պետությունը գտնվում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում՝ Եգեյան ծովի ափին։ Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Զևսի և օվկիանուհի Էլեկտրայի որդի Իլոսը։ Մի անգամ Իլոսը Փռյուգիայում մասնակցում է հերոսների մրցակցությանը և մեկը մյուսի հետևեց հաղթում պարթևահասակ մրցակիցներին։ Այդ հաղթանակի դիմաց նա ստանում է հիսուն աղջիկ և նույնքան պատանի, ինչպես նաև մի կով[25]։ Փռյուգիացիների արքան Իլոսին հրահանգում է հետևել կովին և այնտեղ, որտեղ որ կովը կանգ առնի, կառուցապատի մի քաղաք։ Թագավորի համոզմամբ՝ մեծ փառք էր գուշակում այդ քաղաքի պատգամախոսը։ Առասպելի համաձայն՝ Պոսեյդոնն ու Ապոլոնը անխորտակելի պարիսպ էին կանգնեցրել Տրոյայի շուրջը և դա էր պատճառը, որ քաղաքը վերածվել էր անառիկ բարձունքի։ Տրոյական պատերազմի մասին գրել է կույր պատմիչ Հոմերոսը, ով հսկայածավալ պատմությունը զետեղել է «Իլիականը» աշխատության մեջ։
Տրոյական պատերազմի նախօրեին Տրոյան կառավարվում էր Իլոսի թոռը՝ Պրիամոսը, ով ամուսնացած էր Հեկաբեի հետ։ Տրոյական պատերազմի գլխավոր սանձազերծողը Պրիամոսի որդին էր՝ Պարիսը։ Պրիամոսի ծնվելուց առաջ Հեկաբեն երազ էր տեսել, որ իր կրծքի տակ մեծացող որդին հետագայում դառնալու է քաղաքի կործանման պանճառը։ Պրիամոսն իմանալով այս մասին իր սպասավոր Ագելաոսին հրամայում է մանկանը ցած նետել բարձրաբերձ Իդա լեռանից, սակայն այս ամենից հետո անգամ նա չի վախճանվում, իսկ Ագելաոսը գտնելով ողջ մնացած մանչին մեծացնում է իր հարազատ որդու պես։ Մեծանալով Պարիսը դառնում է արտասովոր գեղեցկության տեր մի պատանի և օրերից մի օր պատահական կերպով հայտնվում հոր ապարանքում։ Դառնալով արքայազն, Պարիսը վճռում է մեկնել Սպարտա և հանդիպել Հեղինեին։ Գուշակուհի Կասանդրան նախազգուշացնում է, որ հենց այս վճռական քայլն էլ կվճռի Տրոյա քաղաքի ճակատագիրը, սակայն Պրիամոսը նրան ուշադրություն անգամ չէր դարձնում։
Սպարտա տանող ճանապարհին պատուհասած փոթորիկն անգամ չի կարողանում կանգնեցնել Պարիսին և նա Էնեասի հետ միասին ափ դուրս եկավ Լակոնիայում։ Սպարտայի արքա Մենելաոսը ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Պարիսի պատվին և օթևանելու տեղ տալիս նրան, իսկ նրա բացակայության ժամանակ Տրոյայի արքայազնն Աֆրոդիտեի օգնությամբ առևանգում է Հեղինեին և նրա ողջ գանձերը։ Բարկացած Մենելաոսը թողնում է Կրետեն և վերադառնում Լակոնիա, իսկ որոշ ժամանակ անց նա ճանապարհ է բռնում դեպի Միկենե՝ իր եղբայր Ագամեմնոնից խորհուրդ առնելու։ Շուտով՝ հույն արքաները որոշում են միմյանց զորավիգ լինել և միացյալ ուժերով արշավանք կազմակերպել դեպի Տրոյա[25]։
Ըստ հին հույն պոետ Ստեսիքորի մասին վարկածի, երբ նա գրել է Պարիսի կողմից Հեղինեի առևանգման մասին, անմիջապես կուրացել է։ Պոետն աղաչել է աստվածներին, որ վերականգնեն տեսողությունը, և այդ ժամանակ երազում նրան է հայտնվել Հեղինեն ու ասել, որ դա պատիժ է նրա համար, որ իր մասին նման ոչ բարեհաճ բանաստեղծություններ է հորինել։ Այդ ժամանակ Ստեսիքորը նոր բանաստեղծություն է հորինում՝ պատմելով, որ Պարիսը Տրոյա է տարել, ոչ թե Հեղինեին, այլ նրա ուրվականը, իսկ իրական Հեղինեին աստվածները տարել են Եգիպտոս, որտեղ նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել Մենելաոսին։ Դրանից հետո պոետի տեսողությունը վերականգնվել է։ Այս լեգենդի հիման վրա է Եվրիպիդեսը գրել «Հեղինե» ողբերգությունը
Կալքաս գուշակը կանխատեսել էր, որ աքայացի զինվորները հաջողությամբ կգրավեն Տրոյան միայն այն ժամանակ, երբ նրանց կազմում կռվի առասպելական հերոս Աքիլլեսը (այլ աղբյուրներում՝ Աքիլլևս), ով Պելևս արքայի և Թետիս աստվածուհու որդին էր։ Աքիլլեսն անխոցելի էր՝ հավիտենական անմահությամբ, սակայն կրունկը նրա խոցելի տեղն էր (աքիլլեսյան գարշապարը)։ Աքիլլեսին մեծացնում է կենտավրոս Քիրոնը, ով վերջինիս, ըստ առասպելի, կերակրում է արջի ուղեղով և առյուծի լյարդով։ Շուտով հունական զորքերը հավաքվում են Աուլիս նավահանգստում և սկսում նավարկել դեպի Փոքր Ասիայի ափերը։ Տրոյա մեկնելիս աքայացիները կորցնում են ճանապարհը և հայտնվում Միսիայում, որի թագավորն էր Հերակլեսի որդի Տելեփոսը։ Մարտից հետո Տելեփոսը Մենելաոսին հուշում է Տրոյայի ճանապարհը, սակայն Միկենեի արքա Ագամեմնոնին վրա հասավ մի փորձություն[25]։
Նա պետք է ընտրություն կատարեր․ կա՛մ մասնակցել արշավանքին և կա՛մ էլ՝ Արտեմիսին զոհաբերեր իր դստերը։ Արյունարբու հույներին ընդառաջելու համար նա իր դստերը՝ Իփիգենիային, կնության է տալիս Աքիլլեսին՝ իմանալով, որ միայն նա կարող է պաշտպանել վերջինիս։ Շուտով Իփիգենիան իմացավնում է հոր զոհաբերության մասին և կատաղած հունական ամբոխի առաջ խոստանում զոհաբերել իրեն՝ հանուն ընդհանուր գործի և Զևսի դստեր բարեհաճության։ Անվախ Իփիգենիան այնուամենայնիվ չի զոհվում, քանի որ վերջին վայրկյանին նրան առևանգում է Արտեմիսի հոգին և նրա փոխարեն մի եղջերու դնում։
Երկարատև նավարկությունից հետո հույները հասնում են Փոքր Ասիայի ափերի մոտ՝ նկատելով իրենց սպասող տրոյական հզոր զորախմբերին։ Տրոյական ուժերը գլխավորում էր զառամյալ Պրիամոսի որդին՝ արքայազն Հեկտորը։ Շուտով հույները Ոդիսևսի խորամանկության շնորհիվ ափ են իջնում և սկսվում է առաջին զինված բախումը հունական պոլիսների և Տրոյայի միջև։ Մարտի ժամանակ Աքիլլեսը սպանում է Պոսեյդոնի որդուն՝ Կիկնոսին, ով առեղծվածային ուժի տեր հսկա էր։ Հույներն արդեն հաստատվել էին Տրոյայի ցամաքային հատվածում և երեկոյան, որպես դեսպաններ, բանակցելու համար արքունքի են մեկնում Իթակեի թագավոր Ոդիսևսն ու Մենելաոսը։ Պրիամոսը ժողովրդական հավաք է հրավիրում, որն էլ վճռում է Հեղինեին և հափշտակված գանձերը ետ վերադարձնել օրինական տերերին, սակայն Պրիամոսի որդիները՝ ի դեմս Պարիսի, դեմ էին այս որոշմանը։ Տաքարյուն արքայազն Պարիսը ցանկանում է նույնիսկ սպանել պատգամախոսներին, սակայն նրան կանգնեցնում է ավագ եղբայրը՝ Հեկտորը։ Արդյունքում՝ տրոյացիները որոշում են չերկնչել հունական զորքերից՝ հրաժարվելով Մենելաոսի պահանջն ի կատար ածելուց և հենց դրա հետևանքով էլ պատերազմ է բռնկվում Տրոյայի և հունական քաղաք-պետությունների միջև։ Հույները երեք անգամ փորձում են գրավել Տրոյան, սակայն չեն կարողանում և շուտով սկսում են ավերել քաղաքի շրջակայքը՝ գրավելով Տրոյայի հետ դաշնակցային կապեր ունեցող Թենեդոսը, Լեսբոսը, Պեդասոսը և Լերնեսոսը։ Տրոյացիները պարփակվում են իրենց հզոր և անառիկ քաղաքում, սակայն Պրիամոսի մի քանի որդիներ անփութությամբ զոհվում են Աքիլլեսի ձեռքով։ Հույները գերության են վեկալում նաև Քրիսեիսին, ով Ապոլոնի տաճարի քուրմ Քրիսոսի դուստրն էր։ Հույներից վշտացած Քրիսոսը աղոթում է Ապոլոնին և լույսի աստվածը նետերի անձրև է արձակում հույների վրա։ Հունական կողմի կորուստներին գումարվում է ներքին երկպառակությունը, որն առաջացել էր Աքիլլեսի և Ագամեմնոնի վեճի արդյունքում։ Աքիլլեսը վերցնում է իր ընկերոջը՝ Պատրոկլեսին և քաջարի միրմիդոնցիներին և հեռանում մարտի դաշտից։ Այնուհետև նեղսրտած Աքիլլեսը հանդիպում է մորը և իմանում, որ իրեն քիչ կյանք է մնացել։ Միաժամանակ նա խնդրում է մորը, որպեսզի նա Զևսին աղաչի հաղթանակ շնորհել տրոյացիներին[25]։
Պարիսը մենամարտի մարտահրավեր է նետում հունական բանակին և վերջինիս անունից կռվի է դուրս գալիս Մենելաոսը, ով ցանկանում է վրեժ լուծել իրեն անպատվող արքայազնից։ Տեսնելով հսկա արքային՝ Պարիսը գետնաթավալ ճողոպրում է մարտի դաշտից, սակայն Մենելաոսը նրան բռնելով ցանկանում տանել հունական բանակի շարքերը։ Այնուամենայնիվ, Պարիսին օգնում է Աֆրոդիտեն և Պարիսը մազապուրծ է լինում հույների ձեռքից։ Ապոլոնի և Արեսի օժանդակությունից ոգեշնչված տրոյացիները սկսում են իրար հետևից հաղթանակներ տոնել մարտի դաշտում, որոնք էլ հույներին ստիպեցին նահանջել։ Կարճ ժամանակ անց հունական ավելի զինված նավերը սկսեցին մոտենալ Տրոյայի ափերին։ Նախքան հույների հարձակումը, Հեկտորը և Ագամեմնոնը կանգնեցնում են երկու կողմերի զորաբանակներին․ լռության մեջ Հեկտորը բարձրաձայն մենամարտի հրավեր է անում հույն զինվորներից մեկին[25]։ Մենելաոսն ինքն էր ուզում մենամարտել տրոյացի արքայազնի դեմ, սակայն նրան կանգնեցնում է Ագամեմնոնը և Հեկտորի դեմ մարտի է դուրս գալիս Այաքսը։ Երկարատև մարտից հետո կողմերը արդյունքի չեն հանգում և Հեկտորը դադարեցնում են մարտը։ Շատ չանցած հույները հերթական հարձակումն են գործում, սակայն տրոյացիները զարմանալիորեն արագ կարողանում են համարժեք պատասխան տալ և ջախջախել թշնամուն։ Հեկտորը գլխի է ընկնում, որ այդ հաղթանակի գլխավոր հովանավորը շանթարձակ Զևսն է և հրամայեց զարգացնել ռազմական հոջողությունները։ Տեսնելով տրոյական զորքերի զորեղացումը՝ Ագամեմնոնը ստիպված է լինում հաշտության եզրեր գտնել Աքիլլեսի հետ։ Տրոյացիների հաղթանակից վշտահար Ագամեմնոնը Աքիլլեսին է ուղարկում զանազան ընծաներ և խոստանում վերադարձնել Բրիսեիսին, իսկ հաղթանակով հայրենիք վերադառնալուց հետո նաև իր դստերը տալ կնության։ Այնուամենայնիվ, Աքիլլեսն անդրդվել էր և ոչ մի կերպ չէր ցանկանում միանալ պատերազմին։ Մի օր պատերազմին միանալու խնդրանքով նրա մոտ է գնում Պատրոկլեսը, ով մերժում ստանալով Աքիլլեսից խնդրում է միրմիդոնցիներին առաջնորդելու իրավունքը։ Աքիլլեսը չի մերժում ընկերոջ խնդրանքը, սակայն վերջինիս անվտանգության համար արգելում է նրան մոտենալ Տրոյայի դարպասներին։
-Շտապի՛ր, Պատրոկլես։ Տեսնում եմ, որ արդեն կրակը մոլեգնում է։ Զինավառվի՛ր շուտով։ Ես ինքս կխմբեմ միրմիդոնցիներին ի մարտ։ Արագությամբ զինավառվեց Աքիլլեսի զենք ու զրահով Պատրոկլեսը․ չվերցրեց նիզակը միայն, քանզի այդ նիզակով կռվել կարող էր Աքիլլեսը միայն։ Իսկ Աքիլլեսը շարեց իր միրմիդոնացիներին։ Եղջերվի վրա հարձակվող գիշատչի նման նրանք ագահաբար մարտի էին ձգտում։ Բարձրագոչ աղաղակով մարտի նետվեցին միրմիդոնցիները և այդ ահավոր աղաղակը տարածվեց բովանդակ ճամբարում։ Պատրոկլեսը նետվեց մարտի ամենաեռանդուն տեղը և սկսեց նիզակով շամփրել Պրոտեսիլաոսի նավի մոտ կռվող տրոյացիներին։ -Հոմերոս, «Իլիականը»
Տեսնելով Աքիլլեսի զրահը՝ տրոյացիների մի մասը կարծում են, որ Աքիլլեսը մոռանալով Ագամեմնոնի հետ իր թշնամությունը, վերադարձել է կռվի դաշտ, իսկ միրմիդոնցիների շրջակայքում գտնվողները սարսափահար փախչում են։ Շուտով Պատրոկլեսը հրահանգում է հետապնդել փախչող տրոյացիներին, իսկ ինքը փորձում է ամեն կերպ հանդիպել Հեկտորին։ Տեսնելով Պատրոկլեսի կատարած կոտորածը՝ նրա դեմ է ելնում լիկիացիների առաջնորդ Սարպեդոնը, ով Զևսի որդին էր։ Շուտով Պատրոկլեսը խոցում է Սարպեդոնի կուրծքը՝ տապալելով լիկիացիների պարթևահասակ արքային։ Սարպեդոնը մահվանից առաջ խնդրում է իր ընկերոջը՝ Գլավքոսին, որպեսզի նա առաջնորդի լիկիական զորախմբերին։ Սարպեդոնի մահվանից հետո տրոյացիները կռվում են ավելի վճռական կերպով, իսկ որդու մահվանից վշտացած Զևսը մարտի դաշտը պատում է խավարով։ Հասնելով Տրոյայի դարպասներին՝ Պատրոկլեսը երեք անգամ քաղաք ներխուժելու փորձ է կատարում, սակայն Ապոլոնը կասեցնում է նրա առաջխաղացումը՝ պնդելով, որ Տրոյան կործանելու բախտ վիճակված է միայն Աքիլլեսին։ Շուտով մարտի դաշտ է դուրս գալիս նաև Հեկտորը, ում առաջնորդում էր կառապան Կեբերիոնը։ Շուտով տեղի է ունենում Հեկտորի և Պատրոկլեսի հանդիպումը։ Նախքան Հեկտորի հետ կռվի դուրս գալը՝ Ապոլոնը ամբողջովին զինաթափել էր հազարավոր տրոյացի հերոսների խոցած երիտասարդ զորականին և նման պայմաններում Հեկտորը կարողանում է խոցել Պատրոկլեսին։ Մահվանից առաջ Պատրոկլեսը ասում է հետևյալ խոսքերը․
Հիմա դու կարող ես պարծենալ քո հաղթանակով, Հեկտո՛ր, Զևսի և Ապոլոնի օգնությամբ հաղթանակ տարար դու։ Աստվածները հաղթեցի՛ն ինձ, նրա՛նք ինձ զրկեցին զենք ու զրահից։ Աստվածների համար հեշտ բան է դա։ Բայց եթե քսան քեզ նմանն էլ հարձակվեր ինձ վրա, ես ձեզ բոլորիդ կսպանեի իմ նիզակով։ Ինձ կործանեցին Ապոլոն աստվածն ու Էվփորբոսը, իսկ դու ինձ խոցողներից երրորդն ես։ Հիշի՛ր մշտապես, թե ինչ կասեմ քեզ․ դու երկար չես ապրի և մոտիկ, շատ մոտիկ է կանգնած մահը քեզանից։ Անողոք ճակատագիրը քեզ մահ է կանխատեսել՝ Աքիլլեսի ձեռքով - Հեկտոր |
— Ահա՛ այն մարդը, ով խորունկ ցավով խոցել է սիրտս։ Բա՛վ է․ այլևս իրարից փախուստ չենք տա մարտի դաշտում։ Մո՛տ եկ, որ շուտով Հադեսի թագավորություն ուղարկեմ քեզ։
— Դեռ հայտնի չէ, թե մեզնից ո՛վ կսպանվի։ Քեզ նման զորեղ չեմ ես, Աքիլլես, բայց աստվածները միայն գիտեն, թե մեզնից ում է վիճակված զոհվել, գիտակցի՛ր, որ իմ նիզակն էլ սրածայր է։
Պատրոկլեսի անշնչացած դիակը շուտով տեսնում է Մենելաոսը, ով ամեն կերպ փորձում է հերոսի դին զերծ պահել տրոյացիների պղծություններից։ Շուտով Մենելաոսի վրա հարձակվում է Էվփորբոսը, ով Սպարտայի թագավորից ցանկանում էր վրեժխնդիր լինել եղբոր սպանության համար։ Նրա բոլոր փորձերը ձախողվում են, իսկ Մենելաոսն առաջին իսկ հարվածով խոցում է նրա կուրծքը։ Շուտով Մենելաոսին է նկատում և նրա կողմ շարժվում Հեկտորը, իսկ Լակոնիայի զորապետը ստիպված է լինում օգնության կանչել Այաքսին։ Տեսնելով վայրկյան առ վայրկյան մոտեցող Հեկտորին՝ Մենելաոսը ստիպված է լինում թողնել Պատրոկլեսի դին և հեռանալ, իսկ Հեկտորը, Պատրոկլեսի անշնչացած մարմնից հանելով Աքիլլեսի զրահը ինքն է կրում այն։ Պատերազմի ժամանակ աստվածների մի մասը հանդես էր գալիս տրոյացիների, իսկ մյուս մասը՝ հույների պաշտպանությամբ։ Տրոյացիներին օժանդակում էին Ապոլոնն ու Արեսը, իսկ հույներին՝ Արտեմիսն ու Աթենասը։ Շուտով Մենելաոսի հրամանով Պատրոկլեսի մահվան գույժն Աքիլլեսին հաղորդելու է մեկնում Նեստորի որդին՝ Անտիլոքոսը։ Իմանալով ընկերոջ մահվան մասին Աքիլլեսը մի պահ ցանկանում է վերջ տալ կյանքին, սակայն Անտիլոքոսը կանգնեցնում է նրան, իսկ որոշ ժամանակ անց որդու ցավը մորմոքելու համար վրան է մեկնում Թետիս դիցուհին՝ հավերժահարսերով շրջապատված[25]։ Շուտով Պատրոկլեսի անշնչացած դին Աքիլլեսին են հասցնում Մենելաոսն ու Այաքսը։ Պատրոկլեսի թաղման ժամանակ ողբում է ողջ հունական բանակը, իսկ նրա հետ մեկտեղ միրմիդոնցիների զորախումբը, Պատրոկլեսի կողմից գերավարած տրոյուհիներն ու դարդանուհիները և առաջին հերթին Աքիլլեսը։ Աքիլլեսը ընկերոջ վրեժը լուծելու համար հաշտվում է Ագամեմնոնի հետ և կրկին համալրում հունական բանակի շարքերը։ Նրա մայրը՝ Թեբե աստվածուհին, մեկնում է Օլիմպոս և դարբին-աստված Հեփեստոսից զրոհ խնդրում որդու համար։ Մարտի մեկնելուց առաջ Աքիլլեսն իրեն մահ կանխագուշակած Քսանթոս մոգին խոսք է տալիս վրեժխնդիր լինել ընկերոջ մահվան համար և նոր մեռնել։ Շուտով հունական բանակը կատարում է հերթական գրոհը, իսկ Աքիլլեսը դուրս է գալիս Հեկտորի փնտրտուքին՝ ճանապարհին սպանելով իր առջև ելած ցանկացած մարտիկի։ Ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ դիտավորյալ Աքիլլեսը խոցում է Պրիամոսի ամենակրտսեր որդուն՝ Պոլիդորոսին։ Այս լուրը ստիպում է Հեկտորին մոռանալ Ապոլոնին տված խոստումն ու դուրս գալ Աքիլլեսին ընդառաջ։ Սկզբում Հեկտորը նիզակը նետում է Աքիլլեսի ուղղությամբ, սակայն վերջինիս օգնում է Աթենաս-Պալլասը, ով փոխում է նիզակի ուղղությունը։ Դրանից հետո Հեկտորի պաշտպանությամբ սկսում է հանդես գալ Ապոլոնը և մարտը նորից հետաձգվում է։
Մարտերը նոր ընթացք են ստանում և հույները զարգացնում են իրենց առաջխաղացումը։ Հեկտորը հանգրվանում է Տրոյայի դարպասների մոտ և համբերատար սպասում Աքիլլեսին, իսկ Աքիլլեսը փորձում է ճեղքել ամբողջ զորաբանակը և հասնել ախոյանին։ Տրոյայի արքա Պրիամոսն ու թագուհի Հեկաբեն ամեն կերպ ցանկանում են իրենց որդուն ետ պահել Աքիլլեսի հետ բախումից, սակայն Հեկտորն անդրդվելի էր։ Շուտով Հեկտորը նկատում է մոտեցող Աքիլլեսին և փախուստի դիմում, իսկ Ապոլոնը գոտեպնդում է նրան։ Շուտով աստվածները խաբեության դիմելով համոզում են Հեկտորին մարտնչել Պելսևսի որդու դեմ․ հակառակ դրա՝ Ապոլոնը լքում է Հեկտորին, իսկ Աթենասը կանգնում է ի սատար Աքիլլեսի։
— Այլևս փրկություն չեմ փնտրի փախուստի մեջ, որդիդ Պելրսի։ Եկ կռվենք ու տեսնենք՝ դո՞ւ կսպանես ինձ, թե՞ ես կհաղթեմ քեզ։ Բայց մարտից առաջ վկա կոչենք աստվածներին։ Ես խոստանում եմ չանարգել քո մարմինը, եթե ամպրոպայինն ինձ հաղթանակ տա։ Դու ևս ի կատար ածիր այդ պայմանը։
— Ո՛չ, իմ առաջ պայմաններ մի՛ դիր, ատելի թշնամի։ Ինչպես անհնար է դաշինքն առյուծի և մարդկանց կամ գայլերի և ոչխարների միջև, այդպես էլ մեր մեջ է անհնար։ Ո՛չ, հավաքի՛ր ողջ ուժդ, մտաբերի՛ր ռազմի գործում գիտեցածդ ողջ արվեստը։ Քեզ փրկություն չկա՛։ Դու կհատուցե՛ս ընկերոջս՝ Պատրոկլեսի, և մյուս ընկերներիս արյան համար։
Շուտով բռնկվում է մենամարտը և Աքիլլեսն առաջին նիզակն ուղղում է Հեկտորի վրա։ Շուտով Աթենասը խլում է նիզակը Հեկտորի ձեռքից և այդժամ տրոյացի հերոսը գլխի է ընկնում, որ խաբվել է աստվածուհու կողմից։ Շուտով Հեկտորը սրով հարձակվում է Աքիլլեսի վրա, իսկ մինչ այդ Աքիլլեսը նիզակով խոցում է Պրիամոսի որդու կուրծքը։ Մահվանից առաջ Հեկտորն արտաբերում է հետևյալ խոսքերը․
Շուտով Աքիլլեսը կանչում է միրմիդոնացիներին և նրանցից յուրաքանչյուրը նիզակի մի հարվածով խոցում է իր գեղեցկությամբ փայլող Հեկտորի դին։ Դրանից հետո Աքիլլեսը ծակում է Հեկտորի ոտքի ջլերը և այդ անցքերի օգնությամբ նրա մարմինը գամում է երկանվին։ Ամբողջ դաշտով մեկ Աքիլլեսի նժույգները քարշ են տալիս Հեկտորի մարմինը, որից հետո նրա պղծված մարմինը ի ցույց է դրվում տրոյական արքունիքին։ Հետո նա հրամայում է իր միրմիդոնացիներին, որպեսզի Հեկտորի դիակը նետեն իր վրանի մոտ։ Շուտով Հեկտորի անարգված մարմինը տեսնում են աստվածները և երկպառակություն է բռնկվում Օլիմպոսում։ Ապոլոնը ցանկանում է Հերմեսի միջոցով փախցնել Հեկտորի անարգված դին, սակայն Հերան, Աթենասը և Պոսեյդոնը դեմ էին դրան։ Այնուամենայնիվ, Զևսը, ով հարգում էր Հեկտորին, իր մունետիկներին միջոցով հաղորդում է Աքիլլեսին, որպեսզի Պրիամոսին վերադարձնի որդու դին։ Աստվածուհու խոսքերը լսելուց հետո Պրիամոսը ճանապարհ է ընկնում դեպի հույների ճամբար և շարժելով Աքիլլեսի գութը կարողանում է վերադարձնել Հեկտորի դիակը՝ հաջորդիվ կազմակերպելով նրա թաղումը։ Հեկտորի մահից հետո Տրոյայի համար սկսվում են ծանր ժամանակներ, քանի որ չկար մի այնպիսի հզոր մարտիկ, որ կարողանար գլխավորել զորեղ այդ բանակը։ Բոլորը կարծում էին, որ վրա է հասել քաղաքի վերջին օրերը, սակայն այդ ժամանակ էլ տրոյացիներին հեռավոր Պոնտոսից օգնության են գալիս ռազմատենչ ամազոնուհիները, իրենց թագուհու՝ Արեսի դուստր Պենթեսիլիայի հետ միասին։ Մարտի առաջին օրին ամազոնուհիները կարողանում են ջախջախել հույներին և ստիպել նրանց նահանջել։ Ամազոնուհիների հաղթանակներն այնքան հաստատուն էին, որ թվում էր թե մոտ է պատերազմի ելքը։ Սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ, երբ մարտի դաշտ դուրս եկան Աքիլլեսն ու Այաքսը։ Շուտով Աքիլլեսի առաջխաղացումը կանխելու համար նրա դեմ է դուրս գալիս Արեսի խիզախ դուստրը՝ Պենթեսիլիան, ով էլ սակայն շուտով սպանվում է։ Տեսնելով նրա դեմքը՝ Աքիլլեսն առաջին իսկ հայացքից սիրահարվում է և իր սիրեցյալի դիակի հետ հեռանում մարտի դաշտից և ուղևորվում Լեսբոս։ Ըստ ավանդության՝ հաջորդիվ տրոյացիներին օգնություն է ցուցաբերում հայոց զորավար Զարմայրը, որն առաջնորդել է հայկական և եթովպական զորքը, սակայն մարտերի ժամանակ վիրավորվում է և զոհվում[25]։
Շուտով ամազոնուհիներն ու եթովպացիները դադարում են զորավիգ լինել տրոյացիներին, իսկ միայնակ մնացած զորքերն այլևս չէին կարողանում դիմակայել հույների կատաղած ամբոխին։ Տրոյացիները ստիպված են լինում պարփակվել ամրոցում, իսկ Աքիլլեսը քաղաք ներխուժելու մի քանի փորձեր է կատարում։ Շուտով հայտնվում է Ապոլոն աստվածը և վերջինիս հրամայում ցած իջնել դարպասներից, սակայն Աքիլլեսը, ով բարկացած էր տրոյացիների հովանավոր աստծու վրա, սկսում է անպատվել Ապոլոնին՝ սպառնալով խոցել իր թրով։ Ապոլոնը բարկությունից մոռանում է Պելևսի ու Թետիսի հարսանիքի օրը տված իր խոստումը և Տրոյայի արքայազն Պարիսի թունավոր նետն ուղղում դեպի Աքիլեսի գարշապարը՝ կրունկը։ Աքիլլեսը կանխազգում է, որ մոտենում է իր վախճանի ժամը և սկսում է ավելի եռանդուն կերպով կռվել։ Շուտով թույնը ներազդում է ամբողջ օրգանիզմի վրա և Աքիլլեսը մահանում է։ Պատմիչները գրում են, որ տրոյացիները չէին հանդգնում մոտենալ անգամ Աքիլլեսի անշնչացած դիակին՝ վախենալով վերջինիցս։ Շուտով Աքիլլեսին դիակիզում են և ապա թաղում Պատրոկլեսի և Նեստորի որդի Անտիլոքոսի կողքին։ Հեփեստոսի կողմից կռած զենքն ու զրահը հաջորդիվ պետք է Այաքսին հասներ, սակայն Մենելաոսն ու Ագամեմնոնն այն շնորհում են Ոդիսևսին։ Վշտացած Այաքսը գիշերը ցանկանում է վրեժխնդիր լինել Լակոնիայի և Միկենեի արքայից, սակայն Աթենաս-Պալլասը նրան խենթացնում է։ Անգիտակից վիճակում Այաքսը հարձակվում է ցուլերի նախրի և նախրապանների վրա և տանջանքների մատնում վերջիններիս։ Խելքի գալով նա իմանում է իր կատարած խենթությունների մասին և հաջորդ օրն իր իսկ սրով ինքնասպան է լինում։ Աքիլլեսի և Այաքսի մահից հետո հույները համառորեն շարունակում են քաղաքի պաշարման գործընթացը։ Օր օրի տրոյացիների համար ավելի դժվար է լինում պահպանել քաղաքի անառիկությունը։ Բախտը վերջնականապես Տրոյայից երես է թեքում այն ժամանակ, երբ Ոդիսևսն ու Դիոմեդեսը թաքուն սողոսկելով քաղաք գողանում են Աթենասի սրբավայրում տեղադրված աստվածուհու փայտեղեն անդրին, որ, ըստ ավանդության, երկնքից էր վայր ընկել։ Դրանից հետո Ոդիսևսն առաջարկում է քաղաքը գրավել խորամանկության դիմելով։ Նրա նախաձեռնությամբ աքայացիները մի փայտաշեն հսկայական ձի են կառուցում, որի մեջ թաքնվում են հունական բանակի ամենամարտունակ զինվորները։ Ըստ Ոդիսևսի ծրագրի՝ գիշերը այդ զինվորները պետք է բացեին Տրոյայի դարպասները, որպեսզի հունական բանակը ներխուժեր քաղաք[25]։
Ձի-աշտարակը կառուցում է հռչակավոր նկարիչ Էպեոսը, իսկ նրա մեջ մտնում եմ Նեոպտելեմոսը, Փիլոկտետեսը, Իդոմենևսը, Դիոմեդեսը, կրտսեր Այաքսը, Մերիոնեսը և Ոդիսևսը։ Շուտով տրոյացիները նկատում են թե ինչպես է հունական բանակը նահանջում՝ կարծելով, թե տասնամյակներ տևած պատերազմն ավարտվել է իրենց հաղթանակով։ Շուտով քաղաքի շրջակայք դուրս եկած զինվորները նկատում են ձիուն և կարծում, որ դա աստվածների ընծան է իրենց։ Սակայն Լաոկոոնը, ով Ապոլոնի քուրմն էր, կանխագուշակել էր, որ ձին դառնալու է Տրոյայի կործանման պատճառը, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում ապացուցել դա։ Շուտով Աթենասի օձերը սպանում են հայրենիքը փրկել ցանկացող քրմին, իսկ հույն մի խորամանկ զինվոր կարողանում է Պրիամոսին համոզել, որ ձին առասպելական ուժով օժտված թալիսման է։ Շուտով տրոյացիները ներս են տանում ձիուն և հաղթանակի առթիվ մեծ ցնծություն ու ճաշկերույթ կազմակերպում։ Խնջույքի ավարտից հետո Տրոյայի փողոցները դատարկվում են, իսկ հերոսները դուրս են գալիս ձիուց և դարպասների մոտ կրակ վառում՝ աքայական բանակին հաղթանակի մասին տեղեկացնելու նպատակով։ Շուտով հունական ամբողջ զորաբանակը ներխուժում է Տրոյա և հրի ու սրի մատնում ամբողջ բնակչությանը։ Շուտով Աքիլլեսի որդին՝ Նեոպտոլեմոսը, խուժում է տրոյական արքունիք և սպանում զառամյալ արքա Պրիամոսին։ Հեկտորի որդին՝ մանկահասակ Աստիանաքսը ևս զոհվում է։ Պրիամոսի որդիներից ողջ է մնում միայն Պարիսը, ով Հեղինեի հետ դուրս է գալիս քաղաքի ետնամուտքից, սակայն փախուստի ճանապարհին զոհվում է Փիլոկտետեսի թունավոր նետից։ Մի քանի ժամում քաղաքն այրվում է, իսկ հույները սպանում են ամբողջ բնակչությանը՝ հափշտակելով հարուստ քաղաքի ամբողջ գանձերը[25]։
Տրոյական պատերազմից առաջ Հելլադան, ակնհայտորեն, համատեղ ուժերով ոչ մի նշանակալից բան չի արել։ Ես ենթադրում եմ, որ երկիրը այն ժամանակ դեռևս այդ անունը չէր կրում, իսկ Դևկալիոնի որդի Հելլենից առաջ այն ընդհանրապես գոյություն չուներ, այլ առանձին ժողովուրդներ նրան իրենց անունով էին կոչում։ Դրա լավագույն ապացույցը տալիս է Հոմերոսը։ Չէ՞ որ Հոմերոսը, չնայած ապրել է Տրոյական պատերազմից շատ հետո, ոչ մի տեղ բոլոր ցեղերին միևնույն՝ հելլեն անունով չի նշում և ոչ ոքի այդպես չի անվանում, բացի Ֆտիոտիդայից եկած Աքիլլեսի ջոկատից. հենց նրանք էին առաջին հելլենները։ Մյուսներին Հոմերոսը իր պոեմներում անվանում է դանայացիներ, արգոսցիներ կամ աքայացիներ։
Մ․թ․ա․ 1200 թվականին Միկենյան քաղաքակրթությունը Բալկանյան թերակղզում անկում է ապրում։ Ըստ տարբեր գիտնականների պնդումների՝ այս դարաշրջանն ավարտվել է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Փորձագետների մեծամասնությունն այն կապում է դորիացիների ի հայտ գալու հետ։ Մ․թ․ա․ 13-րդ դարում Հունական թերակղզի են գաղթում դորիական ցեղերը, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար շարժվում են դեպի հարավ` ամայացնելով տարածքներ։ Հնագիտական պեղումները վկայում են Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մեծ ճգնաժամի մասին, որի ընթացքում մեծ պալատները և քաղաքները կործանվում կամ լքվում են։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժում է խեթական քաղաքակրթությունը, իսկ Տրոյա քաղաքից մինչև Գազա ընկած տարածքները բնաջնջվում են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Սա է պատճառը, որ Միկենյան քաղաքակրթությանը հաջորդած ժամանակաշրջանը հայտնի է նաև հունական մութ դարեր անվանմամբ։ Հավանական է, որ Հունաստանն այս ընթացքում բաժանված էր առանձին շրջաններում կազմակերպված տնային տնտեսությունների, ավելի ուշ՝ պոլիսների։ Գյուղում ապրել են միևնույն կենսամակարդակի մարդիկ, չի եղել ապրելակերպի տարբերություն։ Հոմերոսյան դարաշրջանի առաջին տարիներին Հունաստանին պատուհասում է մեծ ճգնաժամ։ Պատճառն այն էր, որ նախկին պետությունների տարածքում բնակություն հաստատած դորիացիները, գտնվելով զարգացման ավելի ցածր աստիճանի վրա, ի վիճակի չեն լինում շարունակելու աքայացիների մշակութային ավանդույթները և սկսվում է լճացման ժամանակներ։ Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը եղել է սակավաբնակ պետություն։ Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է երկրագործությունն ու անասնապահությունը, իսկ արհեստներն ու առևտուրը ժողովրդի շրջանում այնքան էլ տարածված չի եղել։ Մութ դարերում Հունաստանը կտրված է եղել արտաքին աշխարհից և հինաշխարհյան մյուս պետությունների հետ կապը համարվել երկրորդական։ Հունական մութ դարերը Հոմերոսյան են կոչվել այդ ժամանակահատվածում ստեղծագործող հին հույն էպոսագիր բանաստեղծ Հոմերոսի անունով։ Հոմերոսի գրչին են պատկանում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձանները՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները։ Հոմերոսն առավել հայտնի է դարձել նրանով, որ գրել է իրեն նախորդած ժամանակահատվածում տեղի ունեցած Տրոյական պատերազմի մասին։ Հոմերոսի կյանքի մասին բազմաթիվ պատմություններ տարածվել են դասական հնագույն ժամանակաշրջանում։ Ամենատարածվածն այն է, որ նա եղել է կույր երգիչ և ապրել է Հոնիայում, որը գտնվում է Անատոլիայի կենտրոնական մասում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ժամանակակից գիտնականները դրանք լեգենդներ են համարում։ Հին ժամանակներից մինչ օրս, զգալի է հոմերոսյան էպոսի ազդեցությունն արևմտյան քաղաքակրթության վրա և դա է պատճառը, որ արևմտյան առաջադեմ հասարակությունը Հոմերոսին համարում է եվրոպական քաղաքակրթության կերտողներից մեկը։ Տարբեր վայրերից հայտնաբերված հնագիտական նյութերը ցույց են տալիս, որ մ․թ․ա․ 8-րդ դարում տնտեսության վերականգնումը Հունաստանում զգալիորեն առաջընթաց է ապրում։ Այդ մասին են վկայում Աթենքի և Լեֆկադայի գերեզմանոցները, ինչպես նաև Օլիմպիայի և Դելֆիի սրբատեղիները։
Մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը Հին Հունաստանի պատմության մեջ հայտնի է Արխաիկ դարաշրջան անվանումով։ Եզրն առաջացել է այդ շրջանի հունական արվեստի ուսումնասիրությունների արդյունքում։ Այն համարվում է միջանկյալ ժամանակաշրջան Հին Հունաստանի արվեստի երկրաչափական և դասական դարաշրջանների միջև։ Ավելի ուշ «Արխաիկ ժամանակաշրջան» եզրն սկսում է վերաբերել ոչ միայն մ.թ.ա. 8-րդ դարի հին հունական արվեստին, այլ նաև Հունաստանի ներքին քաղաքական կյանքին։ Արխաիկ ժամանակաշրջանը հաջորդում է հունական մութ դարերին։ Այդ շրջանի քաղաքական անկայունության ու անցյալի նվաճումների մոռացությունը մեծ կորուստների պատճառ են դառնում, իսկ այս «մութ տարիներին» հաջորդած Արխաիկան դառնում է մի ժամանակաշրջան, որի ընթացքում Հունաստանը վերստին հայտնվում է պատմության կիզակետում։ Արխաիկ Հունաստանի գոյության առաջին տարիները նշանավորվում են պոլիսային համակարգի ծնունդով։ Մ․թ․ա․ 9-րդ դարում Հունաստանի ավերված քաղաքների տարածքում ստեղծվում են պետական կազմավորումներ, որոնցից յուրաքանչյուրը ձեռք է բերում լրիվ կամ մասնակի ինքնավարություն՝ կառավարվելով առանձին արքայի կողմից։
Արխաիկ ժամանակաշրջանի քաղաքների և սրբավայրերի կառուցապատման մեջ առաջնակարգ տեղ էին գրավում տաճարները, որոնք սկզբում կառուցվել են փայտից, սկսած մ.թ.ա. 6-րդ դարից՝ կրաքարից, իսկ նույն դարի կեսից՝ ավելի հաճախ՝ մարմարից։ Կառուցվող տաճարների տիպերից գերակշռողը՝ պերիպտերոսը, երկարատև զարգացման շնորհիվ առաջացել է մեգարոն հնագույն բնակարանի ձևից՝ սկզբում որպեսի «որմնաելուստավոր» տաճարի տիպ, այնուհետև վերածվել պրոստիլոսի և ամֆիպրոստիլոսի։ Տաճարների հետ մեկտեղ ստեղծվում էին հասարակական կառույցներ՝ բուլևտերիոններ, ստոաներ, լեսխաներ, թատրոններ, ստադիոններ (մարզադպրոցներ, դպրոցներ), գիմնազիոններ և այլն։ Արխաիկ ժամանակաշրջանի նշանավոր պետական գործիչներից են եղել հանրահայտ Սոլոնը, Պիսիստրատոսը և Կլիսթենեսը։ Արխաիկ Հունաստանի գլուխ կանգնած էր արիստոկրատիան։ Վերջինս ամեն կերպ փորձում էր պահպանել տոհմական կարգերը Հունաստանում։ Ըստ արխաիկ աստիճանակարգության՝ ստրուկներից վեր կանգնած էր դեմոսը։ Դեմոսի մաս կազմող գյուղացիները, արհեստավորները և առևտրականները դժգոհ էին տիրող կարգերից և պայքարում էին հին օրենքները փոփոխելու և ավագանու իրավունքները տապալելու դեմ։ Անուղղակիորեն նրանց պայքարը մղվում էր Արխաիկայի արիստոկրատիայի դեմ։ Դեմոկրատիայի շրջանի գործիչների գործունեության շնորհիվ այս դասակարգային տարաբաժանությունը մասնակիորեն վերանում է։ Սրա հետ մեկտեղ վերանում է նաև դասակարգային պայքարը։ Արխաիկայի ժամանակաշրջանի ավարտին Հունաստանի բոլոր պոլիսները միացյալ ուժերով պայքարում են զորեղացող և գերիշխանության ձգտող Աքեմենյան Պարսկաստանի դեմ՝ հաղթելով հզոր թշնամուն։
Մ․թ․ա․ 9-րդ դարում Հունաստանում ստեղծվում են նոր պետական կազմավորումներ, որոնց շնորհիվ երկրի պետականության պատմությունը վերածնունդ է ապրում։ Հունական նոր պետություններն արդի գրականության մեջ հայտնի են պոլիս անվանմամբ։ Այդ պետություններին պոլիս են անվանել նաև այդ ժամանակաշրջանում ստեղծագործող հույն պատմիչները։ Ավելի լայն իմաստով պոլիսներ էին անվանում հունական բոլոր քաղաքները։ Այսպիսով՝ Բալկանյան թերակղզում և հարակից կղզիներում ստեղծվում են բազմաթիվ մեծ ու փոքր քաղաք-պետություններ, որոնցից յուրաքանչյուրն առանձնացնում է որոշակի տարածք և ընտրում է արքա-գահակալ։ Հունական պոլիսների հիմքում սովորաբար ընկած էին Հոմերոսյան դարաշրջանի ամրացված բնակավայրերը։ Քաղաք-պետություններն ունեին ընդամենը մեկ քաղաք, որն էլ տվյալ պոլիսի մայրաքաղաքն էր։ Եթե պոլիսը տարածքով և բնակչության թվով մեծ էր, ժամանակի ընթացքում տվյալ քաղաք-պետության մեջ ստեղծվում էին գյուղական բնակավայրեր, որոնք հայտնի էին կոմե անվանումով։ Վերջիններս կամավոր, իսկ երբեմն նաև հարկադրաբար կապվում էր պոլիսի հետ։ Հոմերոսյան ժամանակաշրջանում և դրան հաջորդող հարյուրամյակի Հունաստանում խոշոր բնակավայրեր չէի նկատվում։
Պոլիսների մեծ մասը կառավարվում էին գերագույն օրենսդիր իշխանության կողմից։ Հին հունական օրենսդիր իշխանությունն ընտրովի մարմին էր, որը ձևավորվում էր ժողովրդի կողմից ընտրված ազնվականներից։ Օրենսդրական մարմինների կողմից ընդունված որոշումները պարտադիր պայման էի տվյալ պոլիսի ցանկացած քաղաքացու համար։ Հունական պոլիսների մայրաքաղաքները պետք է համապատասխանեին քաղաքաշինական որոշակի սկզբունքների։ Քաղաքի կենտրոնում պետք է գտնվեր ժողովրդական ժողովի նստավայրը՝ ագորան։ Ժամանակի ընթացքում ագորայում կառուցվում են նստարաններ, իսկ ավելի ուշ՝ սյունաշար ծածկ։ Ագորային կից գործում էր խորհրդի շենք և դատարան։ Հին հունական քաղաքների անբաժանելի մասն էին կազմում միջնաբերդերը, որոնք առավել հայտնի էին ակրոպոլիս (թարգմանաբար՝ «վերին քաղաք») անվամբ։ Յուրաքանչյուր քաղաք ուներ իր հովանավոր աստծոն, որի գլխավոր տաճարը, որպես կանոն, պետք է գտնվեր ակրոպոլիսի համալիրի ներսում։ Հին հույները սպորտային խաղերի սիրահար էին։ Հինաշխարհյան Հունաստանի քաղաքաշինական գծագրերից երևում է, որ հունական անտիկ քաղաքներում կառուցված են եղել մեծ թվով մարզադաշտեր՝ գիմնասիաներ և պալեստրաներ։ Մ․թ․ա․ 776 թվականից ի վեր Հունաստանում անցկացվում են համանունական մարզական խաղեր, որոնք անցկացվում են չորս տարին մեկ անգամ՝ Զևս աստծո պատվին։ Մարզիկի հաղթանակն այդ խաղերում համարվում էր մեծագույն պատիվ ինչպես իր, այնպես էլ իր պոլիսի համար։ Ժամանակի ընթացքում հունական տարբեր քաղաք-պետություններում ձևավորվում են երկու տեսակի կառավարման համակարգեր՝ ժողովրդավարական և բռնատիրական։ Ժողովրդավարական և բռնատիրական պոլիսներն առավելապես տարբերվում էին իրենց զարգացվածության աստիճանով։
Քաղաքների հովանավորչության համար Պոսեյդոնի և աստվածների միջև ծավալված վեճերից մեկի համաձայն՝ Աթենքի շուրջ մրցակցություն է ծավալվել Պոսեյդոնի և Աթենասի միջև, չնայած նրան, որ երկիրը բոլոր աստվածների համար ազատ գոտի էր։ Նախքան վեճը, նա իր եռաժանիով հարվածել է միջնաբերդի բլրին և, այսպիսով Աթենքում ստեղծել ջրի աղբյուր։ Աթենասը, մրցակցելով Պոսեյդոնի հետ, Ատիկային որպես նվեր առաջարկել էր ձիթապտղի ծառ։ Աստվածները խոստովանել են, որ Աթենասի նվերն ավելի օգտակար է և դասական այս քաղաքը կոչել են նրա անվամբ։ Պարտության զգացումը Պոսեյդոնին դրդրում է ջրհեղեղներ առաջացնել Աթենքում։
Հին Աթենքը կամ Աթենական պոլիսը խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի պատմության և մշակույթի կերտման գործում։ Ըստ ավանդության, պոլիսն առաջացել է աթենական ակրոպոլիսի շուրջը Ատտիկայի մեկուսի տոհմական համայնքների միավորման շնորհիվ։ Այդ գործընթացը պատմությանն առավել հայտնի է սինոյկիսմոս (հունարենից թարգմանաբար՝ «համաբնակեցում») անվանումով։ Հարյուրամյակներ տևած այդ միավորումը վերագրվում է հանրաճանաչ Էգևսի և Էթրեի որդուն՝ Աթենքի 11-րդ արքան Թեսևսին։ Նրան է վերագրվում նաև աթենական համայնքի բնակչության բաժանումը եվպատրիդների, գեոմորների և դեմիուրգների։ Նրա օրոք հողատարածություններն աստիճանաբար կենտրոնանում էր տոհմական ազնվականության՝ եվպատրիդների ձեռքում, իսկ ազատ բնակչության մեծ մասը կախման մեջ էր ընկնում նրանից։ Այս հարաբերակցության արդյունքում Աթենական պետությունը վերածվում է ստրկատիրական պետության։ Հին Աթենքը կառավարվում էր ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտներից և արեոպագոսներից կազմված ավագների խորհուրդը։
Մ.թ.ա. 500 թվականին պատմության մեջ առաջինն Աթենքում հաստատվում է կառավարման ժողովրդաիշխան, ժողովրդավարական համակարգ։ Աթենական ժողովրդավարությունն իր բնույթով ունի խոր արմատներ։ Երկրում դեմոկրատիայի հաստատման գործընթացի սկիզբն ընդունված է համարել մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը։ Դրա շարժառիթներն էին Սոլոնի և Կլիսթենեսյան բարեփոխումները։ Հին Հունաստանի արքոնտ Սոլոնի բարեփոխումները նշանավոր էին երկրի պատմության մեջ, քանի որ գրեթե անարյուն կերպով նա ձեռնամուխ է լինում տոհմային ազնվականության իշխանության տնտեսական սոցիալական և քաղաքական հիմքերի թուլացմանը և դեմոսի՝ ժողովրդի, դիրքերի ուժեղացմանը։ Դեմոկրատիայի հաստատումն ավարտվում է Կլիսթենեսի օրոք՝ մ.թ.ա. 506 թվականին։ Կլիսթենեսը վերջնականապես խարխլում է արիստոկրատիայի հիմքերը և նրա օրոք Ատտիկան բաժանվում է ինքնակառավարվող միավորներ՝ դեմերի, որոնք ունեին իրենց ընտրովի ղեկավարը։ Արիստոկրատների կողմից կառավարվող 4 ֆիլմերը վերացվեցինում են, որի փոխարեն ստեղծվում են 10 նոր նմանօրինական կառավարչական մարմիններ։ Հինաշխարհյան Աթենքը ժամանակակից Եվրոպայի քաղաքակրթության հիմնասյունն է։ Այստեղ են ապրել և ստեղծագործել այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Հերոդոտոսը, Անաքսագորասը, Ֆիդիասը, Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը և Արիստոֆանեսը։ Աթենքում է կենտրոնացված եղել ամբողջ Հին Հունաստանի մշակութային կյանքը՝ իր գործիչներով։ Իր քաղաքական և տնտեսական տիրապետությունն ընդլայնելու և Հունաստանի մյուս պոլիսների վրա գերիշխելու անզուսպ ձգտման ճանապարհին Աթենքը բազմիցս բախվել էր հունական մյուս պոլիսների՝ մասնավորապես Սպարտայի հետ։ Պելոպոնեսյան պատերազմներում պարտություն կրելով Աթենքը ընդմիշտ կորցնում է իր առաջատար դիրքը Հունաստանում, իսկ մ.թ.ա. 338 թվականին Քերոնեի ճակատամարտում կրած պարտությունից հետո Աթենքը և հունական մյուս պոլիսներն անցնում է Մակեդոնիայի գերիշխանության տակ։
Հին հունական դիցարանի ծովերի և օվկիանոսների աստված Պոսեյդոնին նվիրված հեթանոսական տաճարի ավերակներն Ատտիկե թերակղզում՝ Աթենքից 69 կմ հարավ-արևելք ընկած Սունիո ծովածոցի ափին | Կրակի ու դարբնության աստծո՝ Հեփեստոսի պատվին մ․թ․ա․ 460-420 թվականներին կառուցվել է այս հեթանոսական տաճարը, որը գտնվում է Ագորայոս Կոլոնոս բլրի վրա՝ Աթենքի Ագորայի արևմտյան հատվածում | Ակրոպոլիսից 500 մ հարավ-արևելք գտնվում է հին հույների գերագույն աստծո՝ Օլիմպիական Զևսի հոյակերտ տաճարը։ Ներկայումս մեզ է հասել միայն տաճարի մի մասի ավերակները։ Համաձայն լեգենդի՝ այս տաճարը կառուցվել է Դևկալիոնի՝ հույն ժողովրդի նախահոր տաճարի տեղում |
Մ․թ․ա․ 8-6-րդ դարերում Աթենքը կառավարվում էր արիստոկրատիայի կողմից, իսկ ժողովուրդը պետության ղեկավարմանը ոչ մի կերպ չէր մասնակցում։ Այս պայմաններում արիստոկրատիայի և ստորին խավի միջև սկսվում է դասակարգային երկարատև պայքար, որի արդյունքում ստրկատիրական հասարակարգն ու տոհմական կարգերը Հունաստանում հասնում են քայքայման եզրին։ Դեմոսի ընդվզումների հիմնական պատճառը հարկային ծանր և կոշտ քաղաքականությունն էր։ Եթե գյուղացին ժամանակին չէր վճարում հարկերն ու տուրքերը, ապա պարտքի դիմաց տալիս էր հողը, իսկ եթե դա էլ չէր բավականացնում պարտքը մարելու համար, նրան իր ընտանիքով դարձնում էին պարտային ստրուկ։ Քաղաքային դեմոսը՝ արհեստավորներն ու առևտրականները, նույնպես իրավունքներ չունեին։
Նոր խռովություններից զերծ մնալու համար ավագանին ստիպված է լինում համաձայնել գրավոր ամրագրված օրենքներ ստեղծելու դեմոսի պահանջին։ Այդ ամենի կազմակերպումն իր վրա է վերցնում Աթենքի արքոնտ Դրակոնը, ով մ․թ․ա․ 621 թվականին օրենքներ կազմելուց հետո Հունաստանի պատմության մեջ հայտնի է դառնում նաև որպես օրենսգիր։ Այդ օրենքները կարճ ժամանակ անց հրապարակվում են և փորագրվելով քարե սալիկների վրա դրվում են ի ցույց բոլորին։ Դրակոնյան օրենքները խիստ պատժամիջոցներ էին կիրառում հանցավոր գործողությունները կանխելու համար։ Հենց այդ պատճառով էլ ժողովրդի կողմից առաջ է քաշվում «արյունով գրված օրենք» թևավոր խոսքը՝ ցանկանալով ընդգծել դրա ծայրահեղ խստությունը։ Դրակոնյան օրենքների դրական կետերը շատ սակավ էին և չէին կարող անգամ մասամբ պաշտպանել ստորին խավի բնակիչների տարրական իրավունքները և դրա համար էլ դեմոսը շարունակում է իր պայքարը հանուն իրավահավասարության ու ժողովրդաիշխանության։
Ժամանակակից ժողովրդավարության նախատիպի առաջին կերտողը եղել է հույն օրենսգիր Սոլոնը (այլագրություններում հանդիպում է անվան Սողոն տարբերակը)։ Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին։ Այդ դասակարգն աստիճանաբար աղքատանում էր և դրա պատճառով երիտասարդության տարիներին Սոլոնը ստիպված է լինում զբաղվել առևտրային գործունեությամբ։ Արիստոտելը և Պլուտարքոսը պնդում են, որ Սոլոնն ըստ իր բարեկեցության պատկանում էր բնակչության միջին դասին։ Մ.թ.ա. 594 թվականին Սոլոնն ընտրվում է Աթենքի արքոնտ և հրաժարվում արքոնտների ավանդական երդումից։ Բանն այն էր, որ երդումը ենթադրում էր հավատարմություն տիրող օրենքներին, որն էլ հակասում էր Սոլոնի դիրքորոշմանը։ Պաշտոնավարման հենց սկզբնական շրջանում Սոլոնը ձեռնամուխ է լինում բարենորոգումների իրագործմանը։ Նրա բարեփոխումները նշանավորվում են նրանով, որ գրեթե անարյուն կերպով խարխլում են արիստոկրատիայի դիրքերը՝ բարելավելով դեմոսի սոցիալ-քաղաքական վիճակը։ Սոլոնի կողմից մտցված առաջին օրենքը, որը հայտնի էր սիսախֆիա անվանումով, Աթենքի տարածքում խտրականապես արգելում էր պարտքի դիմաց ստրկությունը, իսկ նույն օրենքի երկրորդ մասով հանվում էին հարկերը։ Սակայն սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում առանց փոխհատուցման դադարեցնել աթենական հողատերերի ստրկացումը։
Հողերը, որոնց վրա կանգնեցված էին պարտային սյուներ, հայտարարվեցին պարտքերից ազատ և վերադարձվեցին իրենց տերերին։ Սոլոնն իր քաղաքականությամբ խրախուսում էր արհեստների զարգացումը Հունաստանում․ սրա վերաբերյալ մի օրենքի համաձայն իրենց որդուն արհեստ չսովորեցրած ծնողներն իրավունք չունեին ծերության օրոք նրանից օգնություն պահանջելու։ Սոլոնի թույլատվությամբ հունական մյուս պոլիսների հունալեզու արհեստավորները կարող էին ազատ առևտրային գործունեություն ծավալել Աթենքում։ Սոլոնը մտցնում է նաև մի շարք սահմանափակումներ․ օրինակ՝ արգելվեց աթենացիների կողմից մշակված ցորենի դուրս բերումը պոլիսի տարածքից։ Բարենորոգումներից հետո Սոլոնը մեկնում է արևելյան երկարատև ճանապարհորդությունների՝ հանդիպելով Եգիպտոսի, Կիպրոսի և Լյուդիայի միապետների հետո։ Պլուտարքոսը գրում է, որ իր ճանապարհորդությունից հետո Սոլոնն այլևս քաղաքականությանն ակտիվ մասնակցություն չի ունենում։
Իսկ ահա Պիսիստրատոսը, իշխանության անցնելով, հանրային գործերը վարում էր ավելի շուտ քաղաքացիական իրավահաւասարության, քան տիրանիայի ոգով… Իսկ պետության գործերը Պիսիստրատոսը վարում էր, ինչպես որ ասված է, չափավորաբար և ավելի շուտ քաղաքացիական կառավարման ոգով, քան՝ տիրանաբար։ Ընդհանուր առմամբ նա մարդասեր էր և հեզ, մեղսագործների հանդեպ՝ ներողամիտ... Նա ամեն կերպ փորձում էր զերծ մնալ ժողովրդական ընդվզումներից, միշտ ապահովում էր խաղաղություն ու պահպանում՝ հանդարտություն։ Ահա թէ ինչու էին հաճախ ասում, որ «Պիսիստրատոսի տիրանիան Կրոնոսի օրոք ապրելն է» ...Սակայն, բոլոր ասվածներից ամենակարևորն այն էր, որ նա ուներ ժողովրդավար և կարեկից բնավորություն։ Բոլոր պարագաներում նա ցանկանում էր, որ գործերն առաջնորդվեն օրենքներով, իր համար որևէ առավելություն թույլ չտալով... Նրա կողմից էր ինչպես երևելիների, այնպես էլ ժողովրդավարների մեծամասնությունը
Հին Հունաստանում ժողովրդավարությունը ծաղկում է ապրում նաև Սոլոնի հաջորդների օրոք։ Մ․թ․ա․ 560 թվականին Սոլոնը գահընկեց է արվում, քանի որ նման զառամյալ տարիքում այլևս չէր կարող ղեկավարել քաղաք-պետությունը։ Աթենքում սկսվում են գահակալական կռիվներ, որի արդյունքում նույն տարում արքոնտի պաշտոնն ստանձնում է նշանավոր ազնվական Պիսիստրատոսը։ Սոլոնը հասարակ քաղաքացու կյանքով ապրում է ևս երկու տարի և մ․թ․ա․ 558 թվականին մահանում է։ Պիսիստրատոսը փոխում է պետական կարգը՝ իրեն հռչակելով տիրանոս։ Այսպիսով, Աթենքում հաստատվում է տիրանիա՝ կառավարման բռնատիրական համակարգ։
Աթենքում տիրանիայի հաստատման գլխավոր պատճառը երկրում սկիզբ առած սոցիալական ընդվզումներն էին։ Անկայուն իշխանական մարմիններն ի վիճակի չէին ճնշելու այդ հուզումները և դա է պատճառը, որ որոշ անձանց մտքերում առաջ է գալիս գաղափար միանձնյա ղեկավարման մասին։ Պիսիստրատոսի իշխանության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նրա օրոք ժողովրդավարությունը սկսում է զարգանալ տիրանիայի պայմաններում։ Չնայած նրան, որ որ Պիսիստրատոսը պատմությանը հայտնի էր, որպես բռնապետ, այնուամենայնիվ, նա վայելում էր ժողովրդի սերն ու վստահությունը։ Տիրանիայի հաստատմանը հետևում էին տիրանների քաղաքական հակառակորդների ֆիզիկական բնաջնջումը կամ վտարումը, նրանց գույքի բռնագրավումը։ Որպես կանոն՝ դրանք հասարակության առավել կազմակերպված խավի ներկայացուցիչներն էին՝ տոհմային ազնվականությունները։ Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Պիսիստրատոսը կառավարման սկզբնական շրջանում սիրաշահում է դեմոսին։ Նա վտարված էվպատրիդների հողերը բաժանում է ժողովրդին։
Պիսիստրատոսը առաջինն է եղել Հին Հունաստանի միապետների շարքում, ով ստեղծել է օտարերկրյա կայազորներից կազմված վարձու բանակ։ Պիսիստրատոսը և իրենց հաջորդած տիրանները ցանկանում էին ամրապնդել իրենց ժառանգական դիրքերն Աթենական պոլիսում, սակայն նրանք հունական հողի վրա ամուր արմատներ չունեին։ Հույն տիրանոսները Աթենքում իշխանությունն իրենց ժառանգին կարողանում էին փոխանցել շատ հազվադեպ՝ կայուն հենարանի բացակայության պատճառով։ Ժամանակի պատմիչներն ու փիլիսոփաները տիրանիան բնութագրում էին հետևյալ կերպ․
Տիրանիան կառավարման աշխարհահամակարգ է, որի հիմքում ընկած է անհեռանկարայնությունը։ Տիրանիան անբնական երևույթ է, հիվանդություն, որն առաջ է եկել քաղաքական և սոցիալական վայրիվերումների հետևանքով |
Պիսիստրատոսի օրոք Ակրոպոլիսում կառուցվում են տաճարներ և ամուր պարիսպներ, իսկ Աթենքը զարդարվում է գեղեցիկ շենքերով։ Պիսիստրատոսի հրամանով գրի են առնվում Հոմերոսի պոեմները, որոնք հին հունական բանահյուսության մարգարիտներն են։ Սպարտացիների օգնությամբ մ․թ․ա․ 510 թվականին Կլիսթենեսը տապալում է Պիսիստրատոսի տիրանիան և ընտրվում արքոնտ։ Այսպիսով՝ Աթենքի վերջին տոհմական կարգերն ի սպառ վերանում են։ Նա առաջին անգամ հունական պոլիսը ենթարկում է վարչատարածքային բաժանման։ Աթենական պոլիսը բաժանվում է տաս շրջանների, որոնցից յուրաքանչյուրի համար ընտրվում էր կառավարիչ (Հին Աթենքում նրանց անվանում էին ստրատեգոս)։ 10 տրիտիաները միավորվում էին երեք երկրամասերի մեջ, որոնք էին բուն Աթենքը, ծովեզերքը և ներքին շրջանները։ Տրիտիաներն իրենց հերթին բաժանված էին դեմոսների, որոնք կառավարվում էին դեմարքոսների կողմից։ Տասը ստրատեգոսներից կազմված խորհուրդը դառնում է Աթենական պետության կառավարությունը։
Հին Աթենքի բարձրագույն իշխանական մարմինը ժողովրդական ժողովն էր, որն իրավասու էր որոշումների և նոր օրենքների ընդունման համար։ Վարչատարածքային բաժանման նպատակն էր խառնել բնակչությունը, որպեսզի էվպատրիդները չկարողանային ազդել բնակավայրերի ներքին գործերի վրա։
Կլիսթենեսի նախաձեռնությամբ ստեղծվում են վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ՝ դեմեր (համարժեք են մերօրյա Հունաստանի գյուղերի հետ)։ Այսպիսով՝ Կլիսթենես բարեփոխումներից հետո Աթենքում ծաղկում է ապրում ժողովրդավարությունը։ Որպեսզի էվպատրիդները երբևէ չփորձեին վերացնել դեմոկրատիան, Կլիսթենեսը ստեղծում է օստրակիզմի (օտրակիսմոս) դատական մարմինը։ Օտրակոնիզմի տերմինը (հին հունարեն՝ ὄστρακον) հին հունարենից թարգմանաբար նշանակում է «խեցի, կեղև»։ Օստրակոնի դատարանը կազմակերպում է ժողովրդական ժողովի որոշումով առանձին քաղաքացիների վտարումը քաղաքից։ Շատ հետաքրքիր է օստրակոն տերմինի ծագումնաբանությունը․
Հին Աթենքում զարգացած էր խեցեգործությունը և ամենուր թափված էին խեցու կտորներ։ Ժողովի մասնակիցները քվեարկելու համար գետնից վերցնում էին խեցու կտոր և մի այլ սրածայր կտորով դրա վրա գրում դատավճիռը։ Յուրաքանչյուր գարուն ստրատեգոսները ժողովրդական ժողովում քննարկում էին պետության համար վտանգավոր քաղաքացիների հարցը։ Ժողովի մասնակիցներն իրենց կողմից առաջադրում էին մարդկանց անուններ։ Այն մարդը, ում անունը գրում էր դիարքի կեսը կամ կեսից ավելին, Աթենքից վտարվում էր առնվազն տաս տարով։
Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին դորիացիները բնակեցնում են Լակոնիան, որը գտնվում է Պելոպոնեսյան թերակղզու հարավարևելյան մասում։ Լակոնիան բոլոր կողմերից շրջապատված էր բարձրաբերձ լեռներով, ինչը պոլիսը ժամանակին դարձրել է անառիկ։ Այնուամենայնիվ, Սպարտայի շրջակայքում ծովածոցեր չկային և հենց սա է պատճառը, որ վերջիններիս ռազմածովային նավատորմը ծովամարտերում բազմիցս զիջել է Աթենական ծովային ուժերին։ Փոքր Ասիայից գաղթած և Հունաստանում հաստատված դորիացիները հրի և սրին են մատնում տեղաբնակ աքայացիներին։ Նրանց մի մասը դառնում է եկվորների ստրուկը, իսկ որոշներն էլ վտարվում են Լակեդեմոնի ծայրամասերը։ Ստրկացած աքայացիներն օգտագործվում էին արտադրության մեջ՝ պարենմթերք ստանալու և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։ Նրանց խավը հայտնի էր հելոտների դասակարգ անվանմամբ։ Հելոտները համարվում էին պետության սեփականությունը։ Նրանք ամրացվում էին սպարտացիներին (նվաճող դորիացիներին) պատկանող հողերին և նրանց վճարում բերքի կեսը։ Ի տարբերություն ստրուկների, հելոտներն ունեցել են տնտեսական և արտադրության միջոցներ, ինչպես նաև որոշակի տարրական իրավունքներ։ Հելոտների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպարտացիների թվին և հենց սա է պատճառը, որ վերջիններս պատմական տարբեր ժամանակահատվածներում բազմիցս ապստամբել են շահագործողների դեմ։ Հելոտների ընդզվումները ճնշելու նպատակով սպարտացիները պարբերաբար պատժիչ արշավանքներ են կազմակերպում նրանց դեմ։ Դա հայտնի էր կրիպտեա անվամբ (հին հունարեն՝ κρυπτείᾱ, հին հունարենից թարգմանաբար՝ գաղտնի շուրջկալ)։ Գոյության սկզբնական շրջանում Սպարտայում իշխում էին տոհմական կարգերը։
Յուրաքանչյուր սպարտացի տղամարդ՝ իր ընտանիքի հետ միասին, ստանում էր մյուսներին հավասար չափով հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով։ Այսպիսով՝ սպարտացիները զբաղվում էին միայն նվաճված բնակչությանը հնազանդ պահելու գործով՝ յուրացնելով վերջիններիս ստեղծած բարիքների մեծ մասը։ Մ․թ․ա․ 7-րդ դարում Սպարտայում հաստատվում է կայուն պետականություն։ Այն իր կառուցվածքային առանձնահատկություններով բավականին պարզունակ էր և պարունակում էր տոհմական կարգերի բազմաթիվ գծեր։ Երկրի ներքին և արտաքին գործերը կարքավորող մարմինը ծերակույտն էր, որը սովորաբար կազմված էր ազնվականական ծագմամբ 30 արիստոկրատներից և հայտնի էր գերուսիա (հին հունարեն՝ γερουσία, γέρων — «ծերունի» բառից) անվանմամբ։ Ծերակույտի վերին անդամներն էին Սպարտայի երկու թագավորները, որոնք ունեին սահմանափակ ժառանգական իշխանություն։ Թագավորները հանդես էին գալիս որպես բանակի և նավատորմի գերագույն գլխավոր հրամանատար։ Պատերազմի ժամանակ արքաներից մեկը պարտավոր էր առաջնորդել զորաբանակին, իսկ մյուսը՝ մնալ երկրում։ Սպարտայի գլխավոր օրենսդիր մարմինը ժողովրդական ժողովն էր՝ ապելլան (հին հունարեն՝ απέλλα): Ենթաօրենսդրական այս մարմինը Սպարտայում ուներ սահմանափակ լիազորություններ։ Ժողովրդական ժողովի գլխավոր գործառույթն այն էր, որ վերջինիս անդամները կարող էին միայն հավանություն կամ դժգոհություն հայտնել գերուսիայի կողմից ընդունած օրենքների և վարքականոնների վերաբերյալ։ Այսպիսով՝ մ․թ․ա․ 7-րդ դարից ի վեր Լակոնիայում իշխել է կառավարման ժողովրդավարական ձևը։ Այնուամենայնիվ՝ Սպարտայի հասարակությունում ազդեցիկ դեր ուներ արիստոկրատիան։
Սպարտայի բնակչության շրջանում ցայտուն կերպով արտահայտված էր սոցիալական տարանջատումը։ Իշխող ազնվականությունից ավելի ցած սանդղակի վրա գտնվող դեմոսն իր հերթին բաժանվում էր առանձին ենթադասերի՝ լիիրավ քաղաքացիներ, թերի իրավունքներով քաղաքացիներ ու կախյալներ։ Յուրաքանչյուր դասի ներկայացուցիչ ուներ իր անվանումը։ Սպարտայի լիիրավ քաղաքացիներ համարվում էին միայն դորիացիները, որոնք էլ ձևավորում էին սպարտացիների (սպարտիատներ) սոցիալական խումբը։ Պետության տարածքում գոյություն ունեցող բոլոր հողերը, ինչպես նաև հելոտների խավի ներկայացուցիչ կցորդ հողագործները, պատկանում էին սպարտիատներին։ Այնուամենայնիվ, այս հարաբերություններում չէր գործում սեփականության մասնավոր ձևը, քանի որ հողերն այնուամենայնիվ պատկանում էին պետությանը։ Այն տրվում էր օգտագործման և ընտանեկան բարեկեցության համար, սակայն ամեն վայրկյան կարող էր ետ վերցվել՝ հակապետական արարքի համար։ Այստեղից հետրություն, որ սպարտացիները պետական հողերի նկատմամբ ոչ մի իրավունք չունեին։ Սպարտացիները, լինելով Լակոնիդայի լիիրավ քաղաքացիներ, ունեին նաև բացառիկ իրավունքներ, որոնցից զուրկ էին մյուս սոցիալական դասերի ներկայացուցիչները։ Օրինակ՝ մարտի դաշտում վահան, սաղավարտ, սուր և նիզակ կրելու իրավունքը վերապահված էր միայն սպարտացիներին։ Նրանք ազատ էին մարտի դաշտում տնօրինելու իրենց գործողությունները՝ չխախտելով սպարտական բանակի ծառայողին բնորոշ համընդհանուր սկզբունքները։ Սպարտական հասարակության սոցիալական երկրորդ խմբի ներկայացուցիչները դրանք հելոտներն են։ Հելոտների նախնինները եղել են դորիացի-սպարտացիների կողմից Լակոնիայից գերության վերցված աքայացի տեղաբնիկները, ովքեր մինչև սպարտացիների երևան գալը իրենց բնակավայրերում ստեղծել էին տեղական քաղաքակրթություններ։ Հելոտներն աշխատում էին պետական հողերի վրա և բերքի կեսը հատկացնում տվյալ հողի համար պետության կողմից լիազորված սպարտացուն կամ նրա ընտանիքին։ Հելոտը համարվում էր պետության, այլ ոչ թե սպարտիատի սեփականությունը։ Հելոտներին արգելվում էր զենք կրել, գիշերը լինել դրսում, անձրևից հետո օզոնով հարուստ օդ շնչել և այլն։ Սպարտայի երրորդ դասի քաղաքացիներն էին պերիոյկոսները։ Նրանք ևս աքայացիների հետնորդներն էին, սակայն բնակվում էին Լակոնիայի սահմանամերձ շրջաններում։ Սրանք անձնապես ազատ էին, զբաղվում էին արհեստներով և առևտրում, սակայն որպես Սպարտայի քաղաքացիներ չունեին քաղաքացիական իրավունքներ։ Դեմոսից վեր կանգնած էր ազնվականությունը, իսկ ավելի վեր՝ օրենսդիր իշխանությունն ու արքան։
Սպարտան եղել է Հին Հունաստանի հզորագույն բանակն ունեցող քաղաք-պետությունը։ Սպարտական բանակի ռազմիկներն անվախ էին, կարգապահ ու հմուտ մարտի դաշտում։ Սպարտական բանակի զորեղության հիմքում ընկած էր սպարտական դաստիարակությունն ու օրենքները։ Բոլոր չափահաս սպարտացի տղամարդիկ պարտավոր էին ծառայել հայրենի բանակում։ Անգամ խաղաղ ժամանակ նրանք համարվում էին զինվորներ։ Հռոմեացի պատմիչները գրում են, որ Սպարտայի բանակը եղել է անպարտելի և ի շնորհիվ սրա դարձել է ներշնչանքի աղբյուր հռոմեական լեգեոնների համար։ Սպարտական բանակի հատուկ ռազմավարական առանձնահատկություններից մեկը փաղանգն էր։ Ըստ Պլուտարքոսի՝ սպարտական միագիծ խիտ շարքերի հարվածին չէր կարող դիմակայել ոչ մի բանակ։ Այնուամենայնիվ, կային ռազմական բնույթի մի շարք հարցեր, որոնցում սպարտացիները զիջում էր այլ հունական պոլիսների բանակներին։ Օրինակ՝ սպարտացիները ծանոթ չէին ինժեներական գործին, ուստի բավականին քիչ արդյունավետությամբ էին գործում պարիսպներով քաղաքների պաշարման հարցում, իսկ բաց ծովում գրեթե միշտ ջախջախվում էին աթենական նավատորմի կողմից[26]։
Հելոտների սոցիալական խմբի տարաբնույթ ներկայացուցիչներ։ Հելոտները անազատ աքայացիներն էին, որոնք ունեին ընտանիք կազմելու, երեխա ունենալու և մի շարք նմանատիպ տարրական իրավունքներ | Սպարտայի բարձրագույն իշխանության՝ գերուսիայի անդամները, ի դեմս Սպարտայի արքաների, քննարկման ժամանակ։ Մտածողները քննարկում են կրթության առավելությունների մասին | Դորիացի մայրը Լակոնիայում երիտասարդ որդուն մարտի դաշտ ճանապարհելիս։ Հին Սպարտայում նիզակ և վահան կրելու իրավունք ունեին միայն սպարտացիները |
Հին աշխարհում հունական քաղաքակրթությունը տարածվում էր Փոքր Ասիայի առափնյա շրջաններում ևս։ Դեռևս մ․թ․ա․ 2-րդ դարում Մերձավոր Արևելքից, ավելի որոշակի՝ Փոքր Ասիայից գաղթած աքայացիներն այստեղ հիմնում են առաջին հունական քաղաքները։ Հոնիական Հունաստանի քաղաքներից առավել աչքի ընկնողներն էին Միլեթը և Եփեսոսը, որոնք առևտրային ուղիներով կապված էին մայրցամաքային Հունաստանի հետ։ Հին Հունաստանի արևելքում մ․թ․ա․ 6-5-րդ դարում վերելք է ապրում Աքեմենյան տերությունը։ Տերությունը հիմնադրում է պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբելով Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ սպանում է նրան՝ հռչակվելով Իրանի արքա։ Աքեմենյան Պարսկաստանն իր հզորության գագաթնակետին հասնում է Դարեհ I-ի օրոք։ Դարեհ I-ն ստեղծում է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած էր ոսկե դարիկը և արծաթե սիկլը։ Դրամ հատելու իրավունք է վերապահվում նաև սատրապներին ու փոխարքաներին։ Դարեհը զբաղվել է Աքեմենյան պետության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները։ Դարեհի բարենորոգումների շնորհիվ Աքեմենյան պետությունը զգալի չափով համախմբվում և հզորանում է։ Նրա օրոք Աքեմենյան պետության սահմանները տարածվում են Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր, Միջերկրական ծովերը։ Վերածվելով աշխարհակալ տերության՝ Պարսկաստանն իր առջև խնդիր է դնում գրավել արևելյան Հունաստանը։ Նախքան այդ, մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին արյունարբու պարսիկները՝ Դարեհ արքայի գլխավորությամբ, գրավում են Փոքր Ասիան, ներխուժում Բալկանյան թերակղզու հյուսիս և փակում Հելլեսպոնտոսով Եգեյան ծովից դեպի Սև ծով տանող ջրային ուղին։ Չնայած Դարեհն անհաջողության է մատնվում հյուսիսային մերձսևծովյան շրջաններում բնակվող սկյութական ցեղերի դեմ արշավանքի ժամանակ, սակայն դա նրան հետ չի պահում Եգեյան ծովի կղզիները և բուն Հունաստանը նվաճելու ծրագրերից։
Պարսիկներին Հունաստանի դեմ պատերազմի մղողներից էին փյունիկեցիները, որոնց համար հունական պոլիսները դիտարկվում էին որպես մրցակից և առևտրարդյունաբերական առաջընթացի կասեցնող։ Սևծովյան ջրային ուղու փակումն ու Հոնիական ծովի փոքրասիական պոլիսների անկումը ծանր հարված էին մայրցամաքային և կղզիական պոլիսների համար, քանի որ դրանով դադարում էր արևելքի երկրների հետ եկամտաբեր առևտուրը, կրճատվում էր նրանց արտաքին շուկան։ Կրակապաշտների կողմից զավթված փոքրասիական պոլիսներում ժողովրդավարությունն անկում է ապրում։ Դարեհ I-ը սկսում է վարել հարկային ծանր քաղաքականություն, իսկ քաղաք-պետությունների նոր կառավարիչներ նշանակվում են իրանցի սատրապները։ Պոլիսների բնակչությունը պարտավորվում էր մասնակցել պարսից իշխանությունների կողմից կազմակերպված արշավանքներին։ Իրավիճակը փոքրասիական հույների համար մեղմվում է Սկյութական պատերազմում Դարեհի կրած պարտությունից հետո։ Աքեմենյան հեծելազորի ջախջախումը պարսկահպատակ պոլիսի բնակիչներին ապստամբելու հնարավորություն է ընձեռում։ Մ․թ․ա․ 499 թվականին Միլեթում ապստամբում է Արիստագորասը և օգնության համար դիմում հունական պոլիսներին։ Սակայն, մայրցամաքային Հունաստանի պոլիսների մեծ մասը հրաժարվում է Միլեթին օժանդակելուց, իսկ միայն Աթենքի և Էրետրիայի օգնությունը բավարար չէր։ Հոնիական ապստամբությունը ձախողվում է, իսկ ապստամբներին տրամադրած օգնությունը Դարեհին դրդում է արշավել Բալկաններ։
Հույն զորավար Միլիթադեսը զինվորներից մեկին ուղարկեց՝ աթենացիներին հայտնելու իրենց հաղթանակի լուրը։ Վազելով Մարաթոնից մինչև Աթենք՝ զինվորը հայտնեց հաղթանակի լուրը և անշնչացած ընկավ։ Ի հիշատակ այդ հաղթանակի, հույները սահմանեցին հատուկ մարզաձև՝ մարաթոնյան վազք, որն այսօր էլ կիրառվում է օլիմպիական խաղերում։ Մարաթոնյան վազքի երկարությունը հավասար է զինվորի անցած տարածությանը՝ 42 կիլոմետր 196 մետր։
Ապստամբներին օժանդակելու աթենացիների պատրաստակամությունը առաջացնում է աքեմենյան արքունիքի վրդովմունքին։ Անուղղակիորեն, այս հանգամանքը պարսիկների համար դառնում է Հունաստան ներխուժելու համար շարժառիթ։ Մ․թ․ա․ 492 թվականին պարսկական բանակը Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան ափերից նավերով սկսում է շարժվել դեպի Բալկանյան թերակղզի՝ մայրցամաքային Հունաստան։ Ճանապարհին պարսից նավատորմին պատուհասում է ուժեղ փոթորիկ, որն էլ խորտակում է կրակապաշտների նավատորմի մեծ մասը։ Անհաջողության մատնված պարսիկները ստիպված են լինում վերադառնալ ետ։ Այս անհաջողությունը (հին հույն պատմիչների պտդումների համաձայն՝ աստվածային ցասումը) չի խափանում Դարեհ Մեծի ծրագրերը։ Նույն տարում պարսիկներն ափ են իջնում Հունաստանում և գրավում Թեսալիան։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ պարսից հեծելազորը կարողանում է պարտության մատնել մակեդոնացիներին ևս։
Այսպիսով՝ հաղթանակած Դարեհը Մակեդոնիայում և Թեսալիայում հռչակում է Աքեմենյան Իրանի գերիշխանությունը։ Աքեմենյանների սպառնալիքը խուճապ է ստեղծում ամբողջ Հունաստանում։ Արքայի հրամանագրով հունական անկախ պոլիսներ են ժամանում պարսիկ դեսպաններ, որոնք հույն միապետների՝ արքոնտների և ստրատեգոսների հետ հանդիպման ժամանակ վերջիններիցս «հող և ջուր» են պահանջում՝ այլաբանորեն ցանկանալով ներկայացնել իրենց քաղաք-պետության տարածքի վերաբերյալ Աքեմենյան արքայի հավակնությունները։ Վախենալով հակառակորդի բյուրավոր զինվորներից՝ Հին Հունաստանի բոլոր քաղաքները, բացառությամբ Սպարտայի և Աթենքի, ընդունում են օտարների ստորացուցիչ պահանջները։ Շուտով դեսպանություններ են ժամանում Աթենք և Լակոնիա ևս։ Աթենքում պարսիկները ձերբակալվում են ու դատապարտվում, իսկ Սպարտայում՝ սպանվում։ Տաքարյուն սպարտացիների արքա Լեոնիդասն անձամբ ընդունում է ինքնավստահ և գոռոզ պարսից դեսպաններին, սակայն լսելով Լակեդեմոնի վերաբերյալ Դարեհի նպատակների մասին նրանց նետում է ժայռափոր ջրհորի մեջ՝ առաջարկելով այնտեղից «հող և ջուր» վերցնել։ Այսպիսով, Դարեհը որոշում է պարտության մատնել անդրդվելի աթենացիներին և սպարտացիներին՝ միաժամանակ նաև մյուս պոլիսներին ցուցադրելով իր ռազմական կարողությունները։ Մ․թ․ա․ 490 թվականին պարսից բանակը կտրում է Եգեյան ծովը և վայրէջք կատարում Ատտիկեում՝ Մարաթոնի դաշտում։ Մարաթոնը փոքրիկ բնակավայր էր Հունաստանում, որը գտնվում էր Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք։ Ճակատամարտի նախօրեին երկու կողմերն էլ երկար ժամանակ կանգնում են միմյանց առջև՝ առանց մարտնչելու։ Աթենացիները սպասում էին Սպարտայի, իսկ պարսիկները՝ դաշնակիցների օգնությանը։ Սպարտացիները սակայն չէին շտապում օգնության, և աթենացիները հասկանալով, որ հակառակորդի դեմ կանգնելու էին միայնակ, փորձում են քայլեր ձեռնարկել։ Թվում է, թե հույների զորավար Միլտիադեսը պետք է ժամանակ շահեր և սպասեր, քանզի հակառակորդը խմելու ջրի խնդիր ուներ։ Այնուամենայնիվ, աթենացիների հրամանատարը փոխում է մարտավարությունը և որոշում նախահարձակ լինել։ Պատճառն այն էր, որ պարսկական բանակում էր գտնվում նախկին աթենական տիրանոս Հիպիասը, որն ապաստանել էր իրանական արքունիքում՝ դառնալով իրանական բանակի խորհրդատուն էր։ Վերջինս կողմնակիցներ ուներ Աթենքում, որոնք պատրաստվում էին խռովություն կազմակերպել քաղաքում։ Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստում են իրենց նավերը և փախուստի դիմում։ Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ։
Պարսից սպառնալիքը հունական պոլիսներին ստիպում է համաձայնության գալ և միասնաբար պայքարել իրանական նոր արշավանքի դեպքում։ Մ․թ․ա․ 481 թվականին հունական պոլիսների ներկայացուցիչները ստեղծում են ռազմական միություն։ Այնտեղ որոշվում է կրակապաշտների արշավանքի դեպքում հունական միացյալ ուժերի ղեկը ռազմական գործում անվերապահ հեղինակություն վայելող պետության իրավունքով հանձնել Սպարտայի թագավորին։
Ծովային հարձակման դեպքում նման իրավունք վերապահվում էր Աթենական պոլիսին։ Աթենացի զորավար Թեմիստոկլեսի նախաձեռնությամբ կազմվում է այսպես կոչված «ծովային ծրագիրը», համաձայն որի պարսկական ներխուժման դեպքում նախատեսվում էր Ատտիկեի բնակչությունը տեղափոխել Կիկլադյան կղզիներ։
Պատերազմի նախօրեին աթենացիները ձևավորում են 180 ռազմանավից կազմված հզոր նավատորմ, ինչպես նաև վերակառուցում են Պիրեյոս նավահանգիստը։ Նախքան Հունաստան արշավելը, Քսերքսեսը միավորել ու հավաքագրել էր կայսրության բոլոր հպատակ ժողովուրդների (եգիպտացիներ, բաբելոնացիներ, ասորիներ և այլն) ռազմական ուժերը, որոնք փոխադրման համար պետք եկավ 1000 ռազմանավ։ Այսպիսով՝ Քսերքսեսի ղեկավարած պարսկական բանակը կազմված էր շուրջ 300 հազար զինվորներից։ Այս անգամ նախահարձակ են լինում պարսիկները և հյուսիսից ներխուժում Պելոպոնեսյան թերակղզի։ Նախքան հարավ ժամանելը պարսիկները պետք է անցնեին Թերմոպիլեի նեղ կիրճը։ Թերմոպիլեի լեռնանցքն ընկած էր Թեսալյան հարթավայրից հարավ և համարվում էր գրեթե անանցանելի։
Պարսիկների երկրորդ ներխուժումը տեղի է ունենում մ․թ․ա․ 480 թվականին։ Մ․թ․ա․ 486 թվականին Աքեմենյան տերությունում տեղի է ունենում իշխանափոխություն և երկրի նոր գահակալ է դառնում Քսերքսես I-ը։ Ըստ հնագույն հունական լեգենդների՝ Քսերքսեսը եղել է ծույլ, կամազուրկ և ուրիշի ազդեցության տակ շուտ ընկնող անձնավորություն․
Շուտով պարսից բանակին ընդառաջ շարժվում են թիկնազորի 300 սպարտացի մարտիկները՝ Լեոնիդաս արքայի ղեկավարությամբ։ Պատմիչների գրում են, որ երկօրյա մարտերի ընթացքում «Թերմոպիլեի կիրճը պատվել էր արյամբ»։ Սպարտացիները փորձում էին ժամանակ ձգձգել՝ սպասելով հունական մյուս պոլիսների օգնությանը։ Այնուամենայնիվ, սպարտացիները՝ Լեոնիդասի գլխավորությամբ, մարտի դաշտում զոհվում են, իսկ պարսիկները շարունակում են իրենց հաղթարշավը։ Լեոնիդասի անունը պատվով գրվում է պատմության էջերում և վերջինս հույների կողմից փառաբանվում է որպես սկզբունքային, խիզախ հերոս և մեծ հայրենասեր։ Քսերքսեսին հաջողվում է հասնել Ատտիկե և ներխուժել տարհանված Աթենք։ Աթենացիները ռազմական գործողությունները տեղափոխում են բաց ծով՝ փոխելով պատերազմի հաջորդական ընթացքը։
Հին Հունաստանի պոլիսների շարքում իր վճռականությամբ, անսասանությամբ և զարմանահրաշ մարտավարությամբ աչքի էր ընկնում Սպարտան՝ լակոնական պոլիսը, որ անտիկ պատմագիտության մեջ հայտնի էր Լակեդեմոն անվանմամբ։ Սպարտացիներն արյունարբու էին և ռազմատենչ, իսկ սպարտական դաստիարակությունը մինչ օրս հայտնի է իր չափից դուրս խիստ սկզբունքներով։ Սպարտացիների քաջության և հայրենանվիրության կարկառուն մարմնավորումներից է Լակոնիայի արքա Լեոնիդաս I-ը։ Լեոնիդասը հույն պատմիչներից շատերի հավաստմամբ ղեկավարել է 300 հոգուց կազմված անպարտելի բանակ, որոնց կազմած փաղանգը ճեղքում էր ամենահզոր բանակների պաշտպանությունները։ Սպարտացիները դեռևս հնագույն ժամանակներից (հիշատակված է Տրոյական պատերազմում) որպես հարձակման ոճ կիրառել են փաղանգը։ Փաղանգ է կոչվում ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարքը։ Փաղանգը կազմված էր ստորաբաժանումներից, հիմնականներն էին լոքոսը (1 շարք՝ 16 զինվոր), սինտագման (16 լոքոս՝ 256 զինվոր), փոքր փաղանգը (16 սինտագմա՝ 4096 զինվոր)։ Փաղանգի գործողության հիմքը ճակատային հարձակումն էր, ուներ հարվածի զգալի ուժ, սակայն դանդաղաշարժ էր, շարքերը խախտվում էին շարժման ժամանակ։
| |||
Ներխուժելով Աթենք՝ պարսիկները դեմ հանդիման դուրս չեն գալիս հունական բանակին։ Քաղաքում նրանք կենդանի շունչ չեն տեսնում և սկսում են ավերել այն։ Որոշ ժամանակ անց արիական բանակը՝ Քսերքսեսի գլխավորությամբ, շարժվում են դեպի հարավ՝ այնտեղ, ուր կենտրոնացված էին աթենական ուժերը։ Հունական միացյալ բանակը ղեկավարում էր ականավոր զորավար Թեմիստոկլեսը։ Թերմոպիլեում կրած պարտությունը բարոյականորեն հյուծել էր հույներին և այդ իսկ պատճառով Թեմիստոկլեսը վճռական ճակատամարտից առաջ ցանկություն է հայտնում դիմել Դելփյան պատգամախոսին։ Դելփիք քաղաքի Ապոլլոնի տաճարի պատգամախոսը՝ Պյութիա քրմուհին, կարողանում էր կանխագուշակել պատերազմների ելքը։ Վերջինս գուշակությունից առաջ խմում Էր Կասոտիդա աղբյուրի ջուրը, ծամում դափնու տերև, նստում ոսկյա եռոտանու վրա և, որպես Ապոլլոն աստծո կամքի արտահայտիչ, պատրանքների մեջ զանազան ձայներ հանում։ Պյութիան անխուսափելի ճակատամարտի վերաբերյալ հայտնում է հետևյալ կանխագուշակությունը․
Միայն փայտե պատեր է տալիս Զևսը Տրիպտոգենեային՝ անկործան կանգնել ի փրկություն քեզ և սերունդների։ Կղզի աստվածային, օ Սալամին, կկործանի որդիներին նրանց կանանց |
Լսելով Դելփյան պատգամախոսի կանխագուշակությունը՝ Աթենական ավագանին հուսախաբ է լինում՝ կարծելով, որ Զևսն իրենց համար պարտություն և գերություն է նախատեսել։ Ի հակադրություն սրա՝ Թեմիստոկլեսը, լինելով ճկուն և սրամիտ քաղաքական գործիչ, կարողանում է ավագանուն համոզել, որ ճակատագիրն իրենց կողմն է։
Նա բացատրել է, որ «փայտյա պատերը» նույնացվում է աթենական ռազմանավերի հետ, իսկ սպանված որդիները դրանք պարսից բանակի զինվորներն են, այլապես պատգամախոսն իր կանխագուշակության մեջ Սալամինը կանվաներ «թշվառ», այլ ոչ թե «աստվածային»։ Այդ ժամանակ արդեն, հունական միացյալ ուժերը սպասում էին պարսիկների գրոհին։ Մարտական գործողությունները պետք է ընթանային մի տեղանքում, որը չափազանց նպատակահարմար էր հույների համար և հակոտնյա էր պարսից ծովայինների շահերին։ Բանն այն էր, որ աքեմենյան ծանրաքարշ նավերը դժվարությամբ էին կարողանում տեղից տեղ շարժվել Սալամինի ծանծաղ և նեղ կիրճում։ Մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան պարսկական նավատորմը հարձակում է գործում։
Հույների ճկուն նավատորմը արագորեն դուրս է գալիս նրանց ընդառաջ։ Հունական նավատորմի ռազմահրամանատար Թեմիստոկլեսը որկոչով դիմում է իր բանակին․
Առա՛ջ, Հելլադայի որդիներ, պահպանե՛ք ձեր երկիրը, փրկե՛ք ձեր կանանց, երեխաներին, անաղարտ պահե՛ք աստվածների տաճարներն ու նախնյաց դամբարանները։ Սա ճակատամարտ է հանուն ամեն ինչի» |
Հույները, ձևացնելով թե նահանջում են, կարողանում են խաբկանքի մեջ գցել պարսիկներին, որից հետո արագորեն շրջափակել նրանց նեղ կիրճում։ Աթենական ռազմանավերը խորտակում են Քսերքսեսի կազմած նավատորմի նավերի զգալի մասը։ Հերոդոտոսի հավաստմամաբ, Սալամինի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտությունը հիմնովին կազմալուծում են պարսից նավատորմը։ Համաձայն գերմանացի հեղինակ Ալֆրեդ Ստենտզելի «Պատերազմի պատմությունը ծովում» աշխատության՝ Սալամինի ծովամարտում պարսիկներն ունեցել են 200, իսկ հույները՝ 40 նավի կորուստ։
Սալամինի ծովամարտում պարսկական բանակի ջախջախումից հետո Քսերքսեսը հեռանում է Հունաստանից՝ հաստատվելով Փոքր Ասիայում։ Նա հույների երկրում թողնում է իր զորաբանակի մեծ մասը՝ զորավար Մարդոնիոսի գլխավորությամբ։ Բալկանյան թերակղզում աքեմենյան բանակի գլխավոր հենակետը Հյուսիսային Հունաստանն էր՝ Թեսալիա կենտրոնով։ Մ․թ․ա․ 479 թվականին տեղի է ունենում հույն-պարսկական պատերազմների ամենավճռական մարտը, որն էլ ազդարարում է երկարատև բախումների ավարտը։ Իրանական և հունական զորքերն իրար են բախվում Բեոտիայի Պլատեա բնակավայրի մոտ։ Հունական միացյալ զորաբանակը գլխավորում էր սպարտացի հրամանատար Պավսանիասը։ Թեպետ պարսիկները թվապես գերազանցում էին հույներին՝ այնուամենայնիվ, այս հանգամանքն անգամ չի խանգարում նրանց հաղթանակ տանել հզոր թշնամու նկատմամբ։ Պլատեայի ճակատամարտից մի քանի ամիս անց Փոքր Ասիայի ափերի մոտ գտնվող Միկալեի հրվանդանի հարևանությամբ, հունական միացյալ նավատորմը ջախջախում է Աքեմենյան Իրանի ծովային ուժերին։ Պլատեայի և Միկալեի հաղթանակները բեկումնալից են լինում հույն-պարսկական պատերազմների հետագա ընթացքի համար, քանի որ այդ մարտերից հետո պարսկական հենակետները Հունաստանում ի սպառ վերացվում են։ Դրանից հետո պատերազմական գործողությունները ցամաքում ավարտվում են, իսկ ծովում լինում են բավականին մեծ ընդմիջումներին, ընդ որում ավարտվում են բացառապես հույների հաղթանակներով։
Պարսից սպառնալիքի բացառումը վատ անդրադարձավ Հունաստանի ներքին կյանքի վրա։ Մ․թ․ա․ 479 թվականին քաղաք-պետությունների միջև խռովություններն ու հակասությունները վերստին սկսվում են։ Պարսիկների ապաստակությունների դեմ պայքարի համար ստեղծված Իսթմոսյան միությունը քայքայվում է, իսկ Աթենքն ու Սպարտան նորից հայտնվում են հակադիր ռազմական ճամբարներում։ Մ․թ․ա․ 478 թվականին Աթենքն ու դաշնակիցները համատեղ ուժերով ստեղծում են նոր միություն, որը Դելոս կղզու անունով կոչվում է Դելոսյան։ Այդ ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ միության գանձարանը տեղակայված էր հենց այստեղ։ Ըստ հին հունական դիցաբանության, ի սկզբանե Դելոս կղզին եղել է լողացող կղզի և առաջացել է այն ժամանակ, երբ Պոսեյդոնն իր եռաժանիով ծովի հատակից վերցրել է հողի կտոր։ Հին ժամանակներից ի վեր Դելոսը սրբավայր էր հանդիսանում հույների համար։ Միության նպատակը անվտանգության և կայունության ապահովումն ու պարսիկների վերջնական պարտությունն էր։ Աթենքի դաշնակից փոքր պոլիսները նավատորմ տրամադրելու փոխարեն գանձանակին գումար էին հատկացնում, որով աթենացիները վերազինում էին միացյալ զորաբանակն ու ծովային ուժերը։ Պլատեայի և Միկալեի ճակատամարտերն անգամ սկարողացան անդրդվելի պարսիկներին ետ պահել Հունաստանը գրավելու իրենց բաղձալի երազանքից։ Պատերազմական գործողությունները շարունակվում են արևելքում, սակայն արդեն առանց Սպարտայի մասնակցության։ Մ․թ․ա․ 469 թվականին աթենացիները պարսիկներին հաղթում են Փոքր Ասիայի հարավում և ապա՝ Եգիպտոսի ափերի մոտ։ Նույն տարում հույներն օժանդակում են նաև պարսից թագավորի դեմ Եգիպտոսի սատրապի բարձրացրած ապստամբությանը։ Աթենքի այս ձեռնարկումը նշանակում էր, որ հույները արդեն իրենք էին միջամտում Աքեմենյան Իրանի ներքին գործերին։ Հետագա կորուստներից խուսափելու համար պարսիկները ստիպված են լինում հաշտություն խնդրել Աթենքից։ Մ․թ․ա․ 449 թվականին Պարսկաստանի քաղաքամայր Շոշում Արտաքսերքսես I-ի և աթենացիների դեսպան Կալիասի միջև կնքվում է հաշտության պայմանագիր։ Պայմանագիրն ազդարարում էր շուրջ կես դար տևած պատերազմի ավարտը։ Շոշի պայմանագրով պարսիկները պարտավորվում էին Եգեյան և Հելլեսպոնտոսի ավազաններում գերիշխանության հասնելու իրենց ծրագրից և Փոքր Ասիայի կղզիներում կայազոր պահելու իրավունքից։
Պարսիկների նահանջը վատ է անդրադառնում Հունաստանի քաղաք-պետությունների դաշնակցային հարաբերությունների վրա, որի արդյունքում էլ վերջիններիս միջև առաջանում են հակասություններ։ Հատկապես վառ է դրսևորվում Հին Հունաստանւ առաջատար երկու պոլիսների՝ Աթենքի և Սպարտայի միջև հակամարտությունը։ Այդ հակասությունների հիմնական պատճառը տարածաշրջանային գերիշխանության հասնելու վերջիններիս ձգտումն էր։ Հենվելով իրենց դաշնակից պոլիսների վրա՝ և՛ Աթենքը, և՛ Սպարտան ձգտում էին իրենց ազդեցությունը տարածել ողջ Հունաստանում։ Հույն-պարսկական պատերազմներից հետո Աթենքը այդ առումով անցնում է Լակոնիային՝ դառնալով Հունաստանի զորեղագույն քաղաք-պետությունը։ Վերջինս, բացի տնտեսական մեծ ներուժից, նաև հզոր էր ռազմական առումով, քանի որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ուներ օգտագործել Դելոսյան միության ուժերը։ Դելոսյան միության անդամ 200 պոլիսները փաստացի կերպով գտնվում էին աթենական տիրակալների հովանու ներքո, որն էլ վերջիններիս դարձնում էր Աթենքին հարկատու։ Եվ սա է պատճառը, որ Դելոսյան ծովային միությունը կարճ ժամանակահատվածում վերածվում է Աթենական ծովային միության։ Հարկադրանքից հոգնած կղզի-պետությունները ժամանակ առ ժամանակ փորձում էին ազատվել աթենական դրամատիրական կապանքներից, իսկ վերջիններիս անջատողական դրսևորումները հանգեցնում են Աթենքի կողմից ռազմական հարկադրանքի ներգործման։ Եգեյան ծովի կղզիների նկատմամբ պաշտոնական Աթենքը վարում էր երկդիմի այլընտրանքային քաղաքականություն․ նա հնազանդեցնում էր անդամ պետություններին և միաժամանակ ձգտում իր տիրապետությունը հաստատել մյուս կղզիներում։ Տնտեսական գերակայության հասնելու նպատակով Աթենքը միության սահմաններում հայտարարում է միատեսակ դրամական միավորի կիրառություն։ Նման քայլը Աթենական ծովային միության անդամներին գցում է ավելի մեծ կախվածության մեջ։ Հասնելով հզորության գագաթնակետին՝ Աթենքը սկսում է մտածել Սպարտային դիրքերի էլ ավելի խարխլման մասին։ Այս ծրագրի իրականացման համար Աթենքը որդեգրում է նոր աշխարհահայաց քաղաքականություն՝ օժանդակելով այլ պոլիսներում ապրող աթենամետ ուժերին։ Արդյունքում՝ Աթենքի անմիջական ազդեցությամբ, օլիգարխիական կառավարման համակարգ ունեցող Միլեթում, Թեբեում և Արգոսում ծաղկում է ապրում ժողովրդավարությունը։
Աթենական պետության հետագա զարթոնքը կապված է պետական գործիչ, հռետոր և զորավար, Ալկեմոնյան ազնվականական տոհմի ներկայացուցիչ Պերիկլեսի անվան հետ։ Սերվելով հարուստ ու անվանի տոհմից՝ այդուհանդերձ, Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամբ՝ վախենալով օստրակիզմից։ Սակայն արդեն այն ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից դուրս հիմնականում ռազմարշավների էր մասնակցում, Պերիկլեսը ստիպված է լինում ստանձնել երկրի ղեկը։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունն ու կրթամշակութային կենտրոնը։ Որպես ստրատեգոս նա իր պաշտոնավարումն սկսում է մ․թ.ա. 444 թվականին։ Նա կառավարման առաջին իսկ տարիներին կարողանում է օգտվել Սպարտայում հելոտների դասի բարձրացրած խոշոր ապստամբությունից և դաշնակցային կապեր ստեղծել նախկինում օլիգարխիական կարգերով զարգացող Արգոսի հետ։
Դառնալով Արգոսի դաշնակիցը՝ Աթենքը վերջինիս դրդում է նվաճել սպարտական Միկենքը։ Միաժամանակ Պերիկլեսը Մանտինեայի արքայի թույլատվությամբ բարձր պարիսպներ է կառուցում քաղաքում՝ այն դարձնելով Պելոպոնեսյան թերակղզում Աթենքի ռազմական հենակետ։ Այս ամենին զուգընթաց Պերիկլեսը զորքերը մտցվում են Սպարտայի դաշնակից Կորնթոսի դեմ պատերազմող Մեգարա։ Պերիկլեսը կարգավորում է Աթենքի հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ կարևորելով հիմնականում քաղաքացիության հարցը։ Աթենքի տարածքում ապրող բոլոր օրինական քաղաքացիները ստացան աթենական քաղաքացիություն։ Այս օրենքից հետո ավելի քան 50.000 աթենաբնակ տղամարդիկ մեխանիկորեն ճանաչվեցին Աթենքի պոլիսի քաղաքացիներ։ Աթենքի տարածքում բնակվող կանայք, երեխաները և օտարերկրացիները քաղաքացիներ չեն ճանաչվում։ Պերիկլեսյան դարաշրջանում սահմանվում է քաղաքացիական իրավահավասարությունը։ Անկախ ունեցվածքային ցենզից, կրթվածության մակարդակից և այլ դրույթներից, Ատտիկայի քաղաքացիները հավասար էին օրենքի առաջ։ Պերիկլեսը աշխատավարձ է սահմանում պետական պաշտոն վարելու համար։ Պետական գործերին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ստանում են նույնիսկ ամենաստորին խավի քաղաքացիները։ Երկրում գնալով աճում էր աշխարհաժողովի դերն ու նշանակությունը։ Նրա գործառույթների մեջ էր մտնում նաև պետական բոլոր օրենքների վավերացումը և դրանց կատարման հետևումը։ Ընթացիկ խնդիրները լուծում էր պետխորհուրդը։ Այն իր հերթին ենթակա էր աշխարհաժողովին։ Կարևոր նվաճումներ են կատարվում նաև արվեստի և գիտության բնագավառներում։ Քաղաքում կառուցվում են բազմաթիվ տաճարներ, պետական և բնակելի շինություններ։ Արդյունքում՝ Աթենքը դառնում Հունաստանի բոլոր ոլորտների կենտրոնը։
Հույն-պարսկական պատերազմներից հետո ստեղծված հարաբերական անդորրը խաթարվում է Սպարտայի և Աթենքի ազդեցության համար մղվող հակամարտությունների պատճառով։ Աթենական պոլիսում մեծ հեղինակություն վայելով Պերիկլեսը վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն, սկսում է նախ և առաջ զինաթափել Սպարտայի դաշնակից օլիգարխիական պոլիսներին, իսկ սպարտական բանակի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար վերջինս կառուցում է բարձրաբերձ քաղաքային պարիսպներ (այսպես կոչված «Երկար պարիսպների»)։ Այդ պարիսները Աթենքը դարձնում էր անառիկ՝ պաշտպանելով Աթենքից Պիրեյոս տանող 6 կմ երկարությամբ ձգվող ամբողջ ճանապարհը։ Աթենական ծովային միության զորեղացումը և Հունաստանում օլիգարխիական աշխարհահամակարգի թուլացումը հակոտնյա էր Սպարտայի շահերին։ Այն նաև ձեռնտու չէր օլիգարխիական համակարգով առաջնորդվող մյուս պոլիսներին։ Շուտով գրեթե բոլոր օլիգարխիական քաղաք-պետությունները միախմբվում են Լակեդեմոնի շուրջ և ստեղծում միացյալ զորաբանակ։ Մ․թ․ա․ 457 թվականին տեղի է ունենում Բեոտիայի ճակատամարտը, որտեղ սպարտացիների ղեկավարած բանակը համարձակ հաղթանակ է տանում թշնամու նկատմամբ։ Այս ճակատամարտը փաստացիորեն ռազմականացնում է Սպարտայի և Աթենքի միջև հակասությունները՝ ազդարարելով փոքր Պելոպոնեսյան պատերազմների սկիզբը։ Կարճ ժամանակ անց Աթենքը ռազմասպարեզ է դուրս բերում իր ղեկավարած միության ամբողջ զինուժը՝ օժանդակություն ստանալով դաշնակից Արգոսից։ Արդյունքում՝ աթենացիները ջախջախիչ հաղթանակ են տանում նախ Թեբեի նկատմամբ և ապա իրենց ենթարկում Բեոտիան։ Կորնթոսյան պարանոցում՝ Նավպակտոսում, Պերիկլեսի հրամանով սկսվում են շինարարական աշխատանքներ, որտեղ էլ Լակոնիայից փախաց աքայացի հելոտներն ապաստան են ստանում։
Սակայն շուտով մարտերն այլ ընթացք են ստանում և ընթանում են ընդդեմ Աթենքի։ Պատճառը աթենական բանակի թուլացումն էր, որը մ․թ․ա․ 454 թվականին Աքեմենյան Պարսկաստանի դեմ Եգիպտոսի սատրապի բարձրացրած ապստամբությանն օժանդակելու հետևանք էր։ Պարսիկների հնարավոր հարձակման վտանգի պայմաններում Աթենական ծովային միության գանձարանը Դելոսից տեղափոխվում է Աթենք՝ Պարթենոն։ Սպարտացիները՝ ստանալով աքեմենյանների օգնությունը, կարողանում են վերջնականապես ծնկի բերել Աթենքին և հաշտություն կորզել։ Հնգամյա պայմանագիրը Աթենքին պարտավորեցնում էր չմիջամել պելոպոնեսյան պոլիսների ներքին գործերին և ռեպարացիաներ վճարել։ Այս պայմաններից դժգոհ աթենական ավագանին որոշ ժամանակ անց սկսում է նոր պատերազմ՝ խախտելով պայմանագրի դրույթները։ Այսուհանդերձ սպարտացիները ոչ մի մարտում չեն զիջում հարձակվող կողմին և զարգացնելով ռազմավարական հաջողությունները կարողանում են հետ գրավել Բեոտրիան ու ներխուժել Ատտիկա։ Վախենալով էլ ավելի մեծ կորուստներից՝ Պերիկլեսը ջանք է գործադրում հաշտության հանգելու համար և մ․թ․ա․ 445 թվականին կնքվում է երեսնամյա հաշտության պայմանագիր, որով Սպարտան վերադարձնում է գրավված տարածքները, իսկ Աթենքը՝ պարտավորվում կատարել նախորդ պայմանագրի դրույթները։
Մ.թ.ա. 431 թվականին կողմերը խախտում են միմյանց վրա չհարձակվելու պայմանավորվածությունը և ներքաշվում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ։ 30-ամյա խաղաղության պայմանագիրն ի զորու չի լինում լուծել Աթենքի և Սպարտայի միջև գոյություն ունեցող խորքային հակամարտությունը, քանզի նույնիսկ բանակցային գործընթացի ավարտից ու պայմանագրի կնքումից հետո թե՛ Աթենքը, թե՛ Սպարտան ձգտում էին ընդարձակել իրենց ազդեցության գոտիները։ Աթենքն օգտագործում էր Դելոսյան (Աթենական) ծովային միության ռազմական ուժն ու միջոցները, իսկ Լակեդեմոնը՝ Պելոպոնեսի օլիգարխիական պոլիսների դաշնակցային օժանդակությունը։ Պելոպոնեսյան պատերազմի սկսման շարժառիթը դարձավ մի կողմից Աթենքի, մյուս կողմից՝ օլիգարխիական Կորնթոսի ու Մեգարայի միջև մրցակցությունը առևտրական շուկաներին տիրելու համար։ Անուղղակիորեն այն կարելի է համարել Հունաստանում քաղաքական, տնտեսական և ռազմական հեգեմոնիա հաստատելու ժողովրդավարական Աթենքի և օլիգարխիական Սպարտայի ձգտումների գլխավոր հետևանքը։ Պատերազմի նախօրեին Պոլոպոնեսի քաղաք-պետությունների իշխանությունները աթենական վերնախավից պահանջում է Պերիկլեսի վտարումը, որը սակայն մերժվում է իշխանամետ ուժերի կողմից։ Մ.թ.ա. 431 թվականին բեոտիացիները նախահարձակ են լինում Պլատեայի, իսկ սպարտացիները՝ Աթենքի վրա։ Սպարտական լեգեոնները ղեկավարում էր արքա Արքիդամոսը։ Այսպիսով՝ մ.թ.ա. 5-րդ դարի առաջին կեսին սկսվում է դարակազմիկ մի պատերազմ, որն ընդգրկում է ամբողջ Հունաստանը, Հարավային Իտալիայի և Միկիլիայի հունական քաղաքները։ Պելոպոնեսյան պատերազմն ընդունակ է պայմանականորեն բաժանել երեք հիմնական փուլերի՝
Հակամարտության ֆոնին Աթենքի ծերակույտը չեղարկում է Աթենական միության տարածքում Մեգարայի հետ որևէ առևտրական գործարքի կատարումը՝ սրանով իսկ ծանր տնտեսական հարված հասցնելով պելոպոնեսյան օլիգարխիային։ Արքիդամոսայն պատերազմի սկզբում աթենական զորաբանակը խուսափում էր ցամաքային բախումներից՝ նախապես իմանալով երկրի այդ հատվածում։ Ծովում «անպարտելի» համարվող աթենացիները հեշտությամբ կարող էին պատասխան հակահարված հասցնել մրցակցի նավատորմին, իսկ Պելոպոնեսի ծովափը չկորցնելու համար սպարտացիները հրաժարվում են Աթենք ներխուժելու մտքից։ Նույն ժամանակաշրջանում Աթենքում մոլեգնում է ժանտախտի համաճարակը և հազարավոր քաղաքաբնակներ զոհ են գնում դրան։ Ժանտախտը լուրջ հարվածներ է հասցնում երկրի տնտեսական և ռազմական (զոհերի թվում կային նաև բազմաթիվ զինվորական անձինք)։ Պելոպոնեսյան միության անդամները քաղաքական նման խառնակ պայմաններում կարողանում են այնպես անել, որ Պերիկլեսը չվերընտրվի ստրատեգոսի պաշտոնում։
Այնուամենայնիվ, մեկ տարի անց Պերիկլեսը վերստին իր ձեռքն է վերցնում երկրի ղեկը, սակայն մ.թ.ա. 429 թվականին մահանում է։ Երկրի առաջնորդի մահից հետո պոլիսում սկսվում է քաղաքական անկայունության ժամանակաշրջան. պառակտված վերնախավում աչքի էին ընկնում երկու գործիչներ՝ Նիկիասը և Կլեոնը, որոնցից յուրաքանչյուրն իր հավակնություններն ուներ գահի շուրջ։ Օգտվելով Աթենքում սկսված գահակալական կռիվներից՝ սպարտացիները ներխուժում են Պլատեա և ամբողջովին այն բնաջնջում։ Ի պատասխան սրա՝ աթենական զորքի ղեկավար Դեմոսթենեսը հեշտությամբ գրավում է Պիլոս կղզին, որը դեռևս նախորդ տասնամյակից գտնվում էր սպարտացիների փաստացի տիրապետության ներքո։ Սակայն Սպարտայի առաջնային նպատակը ոչ թե տարածքային ձեռքբերումներն էին, այլև Աթենական ծովային միության դիրքերի խարխլումը։ Այդ իսկ պատճառով Սպարտայի հեղինակավոր զորավար Բրասիդասը մ․թ․ա․ 424 թվականին արշավում է Հյուսիսային Հունաստան՝ փորձելով զենքի ուժի ներգործմամբ տեղի ժողովրդավարական պոլիսներին դուրս բերել միության կազմից։ Աթենացիները կռահելով սպարտացիների հեռանկարային ծրագրերի մասին իրենց զորքերը ևս ուղղում են դեպի թերակղզու հյուսիս։ Այս անգամ աթենացիների զորքի գլուխ կանգնած էր Կլեոնը, ով սպարտացիների դեմ պատերազմելու մեծ փորձ ուներ։ Հյուսիսային Հունաստանում մղվող մարտերն ավարտվում են Սպարտայի հաղթանակով և կողմերի մեջ կնքվում է զինադադար։ Զինադադարի պայմանագիրը կնքվում է մ․թ․ա․ 421 թվականին Նիկիասում։ Ըստ դրա՝ տարածաշրջանում պետք է հաստատվեր նախապատերազմյան սահմանները։ Այնուամենայնիվ, պայմանագրի այս դրույթը ի կատար չի ածվում։
Նիկիասի հաշտության պայմանագրից հետո մի տևական ժամանակ Հունաստանում հաստատվում է խաղաղություն և պոլիսների տնտեսությունը բռնում է վերակառուցման ուղին։ Սակայն, որոշ ժամանակ անց հերթական խռովություններն սկսում են ներկայիս Իտալիայի Սիկիլիա (մերօրյա իրականության մեջ՝ Սիցիլիա) կղզու հունական գաղութներում։ Սեգեստեն, հանդիսանալով Աթենքի ռազմավարական դաշնակիցը, օգնություն է խնդրում վերջինիցս։ Շուտով Սպարտան և Պելոպոնեսյան միությունը սկսում է հանդես գալ հակադիր պոլիսների օժանդակությամբ։ Աթենական նավատորմը, որը բաղկացած էր 134 նավից, ղեկավարում էր Ալքիբիադեսը։ Ալքիբիադեսը, լինելով Պերիկլեսի զարմիկը, մանկուց ուսանել է փիլիսոփա Սոկրատեսի մոտ։ Պատանեկան հասակից իր բազմակողմանի ընդունակությունների, կրթվածության, պերճախոսության, գեղեցկության և այլ բարեմասնությունների շնորհիվ նա հայտնիություն է ձեռք բերում Աթենքում։ Եղել է փայլուն հեծելամարտիկ և օլիմպիական խաղերի բազմակի հաղթող։ Սակայն, Ալքիբիադեսի ղեկավարած նավատորմի Իտալիա շարժվելու նախորդ օրն Աթենքի Ակրոպոլիսում անհայտ անձինք անարգում են Հերմես աստծո արձանը, իսկ աթենական էկլեսիան այդ հանցանքը բարդում է Ալքիբիադեսի վրա։ Աթենքի ժողովրդական դատարանը որոշում է Ալքիբիադեսին ետ կանչել բանակից, բռնագրավել նրա ունեցվածքը և մահվան դատապարտել վերջինիս։
Տեղեկանալով այդ մասին՝ մ.թ.ա. 415 թվականի վերջին Ալքիբիադեսը փախչում է Լակոնիա՝ իր ծառայությունն առաջարկելով Սպարտայի արքային։ Ալքիբիադեսի ռազմական և դիվանագիտական տաղանդի շնորհիվ սպարտացիները պարտության են մատնում աթենացիներին՝ հպատակեցնելով Սիցիլիայի հունական գաղութները։ Ալքիբիադեսի նկատմամբ Սպարտայի վերնախավի տածած անվստահությունն ու Ագիս II արքայի դավադիր մտածելակերպը (Ալքիբիադեսը սիրային կապերի մեջ էր Սպարտայի թագուհու հետ) Ալքիբիադեսին ստիպում է մ․թ․ա․ 421 թվականին հեռանալ Սպարտայից և ապաստանել Աքեմենյան Իրանի սատրապ Տիսափարնասի մոտ։ Սիցիլիայի ափերի մոտ տեղի ունեցած մարտերը լուրջ վնասներ են հասցնում Աթենքի և նրա ղեկավարած ծովային միության ռազմածովային ուժերին։ Աթենքի թուլացմանը զուգընթաց մի շարք պոլիսներ դուրս են գալիս միության կազմից՝ դառնալով անկախ ռազմական ուժ։ Անգամ այս ամենից հետո աթենական իշխանությունները փորձում են դուսր գալ քաոսից, սակայն իրադրությունը վերստին գլխիվայր փոխվում է, երբ սպարտացիները գրավում են թագավորանիստից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Դեկելեյա քաղաքը։ Պատերազմի երրորդ շրջափուլում սպարտացիներին զորավիգ են լինում պարսիկները։ Աքեմենյան տերությունը ֆինանսապես աջակցում է Սպարտայի բանակին, իսկ վերջինիս արքան ճանաչում է իրանական գերիշխանությունը Փոքր Ասիայի հունական պոլիսների վրա։ Քաղաքական անկայունությունը նպաստում է ժողովրդավարության դիրքերի խարխլմամնը, որի արդյունքում էլ աթենական վերնախավում հաստատվում է օլիգարխիական կարգեր։ Օլիգարխիական կարգերը Հին Աթենքում հաղթանակ են տանում մ․թ․ա․ 411 թվականի հեղաշրջման հետևանքով։ Այսպիսով՝ քաղաք-պետության գլուխ անցնում է ազնվականներից կազմված և գրեթե անսահմանափակ իշխանությամբ օժտված «400-ի խորհուրդը»։ Նոր ձևավորված վերնախավը բանակցություններ է սկսում Սպարտայի հետ՝ նախապատրաստվելով ստորացուցիչ պայմաններով հաշտության։
Օլիգարխիական հեղաշրջումից հետո Աթենքում սկսվում են բազում ժողովրդական ընդվզումներ։ Դրանցից ամենանշանավորը Սամոս կղզու ապստամբությունն էր, որը ղեկավարում էր Պարսկաստանից վերադարձած Ալքիբիադեսը։ Այսպիսով՝ Ալքիբիադեսի վերադարձից հետո աթենական նավատորմն սկսում է սատարել ընդդիմադիր ուժերին, որի արդյունքում էլ «400-ի խորհուրդը» հայտնվում է ճգնաժամային իրադրության մեջ։ Վերջիններիս քաղաքական դիրքերի խարխլմանը նպաստում է նաև Սպարտայի հետ բանակցությունների ժամանակ կատարված «գաղտնի փոխզիջումներ»-ի ի ցույց հանրության բացահայտումը։ Մասնավորապես՝ նորընտիր իշխանությունները բավարարում են Աթենական քաղաք-պետության վերջնական անձնատվության և Աթենական ծովային միության վերացման վերաբերյալ սպարտացիների պահանջները։ Արիստոկրատիայից կազմված օլիգարխիական իշխանությունները ծրագրում էին Աթենքի հարակից Պիրեյոս նավահանգստի հանձնումը Լակոնիային, որն էլ վերջնականապես նվազեցնում է։ Դեմոսը վերնախավի գործունեությունը որակում է պետական շահերին հակոտնյա և կատարում նոր հեղաշրջում, որն էլ տապալում է «400-ի խորհրդի» միահեծան իշխանությունը։ «400-ի խորհրդի» ցրումից հետո Հունաստանում վերահաստատվում են ժողովրդավարական կարգերը, իսկ Հելլեսպոնտոսի հաղթական ճակատամարտից հետո ծերակույտը որպես նոր ստրատեգոս ընտրում է Ալքիբիադեսին։ Մ․թ․ա․ 408 թվականին սպարտացիները ֆինանսական օժանդակություն են ստանում Աքեմենյան Իրանից և նույն տարում ծովում պարտության մատնում աթենական նավատորմին։ Պարտությունից հետո Ալքիբիադեսն ազատվում է ստրատեգոսի պաշտոնից և աքսորվում Հունաստանի ծայրամասեր։ Երկարատև և արյունարբու պատերազմներից հետո մ․թ․ա․ 404 թվականին կողմերի միջև կնքում է պայմանագիր, որը ենթադրում էր մեծ կորուստներ պարտված աթենական կողմի համար։
Պայմանագիրն Աթենքի համար նախատեսում էր հետևյալ պայմանները․
- Ցրվում էր Աթենական ծովային միությունը և Աթենական պոլիսը զրկվում էր դաշնակից քաղաք-պետությունների գանձանակներից եկող ֆինանսական միջոցներից։ Միաժամանակ նաև թուլանում էր Աթենքի գերիշխանությունը Եգեյան ծովի կղզիների վրա։
- Աթենական պոլիսը զրկվում էր նավատորմ ունենալու իրավունքից և վերջիններիս ռազմանավերն անցնում էին Սպարտայի տնօրինության ներքո։ Ձևականորեն աթենացիներին վերապահվում էր ծովային ինքնապաշտպանական մարտերի համար 12 նավից կազմված փոքր ռազմածովային ուժեր ունենալու իրավունք։
- Աթենքն ունենում է տարածքային լուրջ կորուստներ։ Նրա վերահսկողության տակ է մնում միայն Ատտիկե թերակղզին, ինչպես նաև ցամաքից անջատված Սալամինը։
- Շուրջ մեկ տասնամյակ անց Աթենքում հաստատվում է օլիգարխիական (խմբիշխանական) վարչակարգ և իշխանության գլուխ անցնում է արիստոկրատներից կազմված «500-ի խորհուրդ»-ը։
Ավելի քան քան քառորդ դար տևած Պելոպոնեսյան կործանարար պատերազմներն ավարտվում են Աթենքի պարտությամբ և Պելոպոնեսյան միության հաղթանակով։ Այս հակամարտությամբ ընթացքում դրսևորվում են հունական ծայրաստիճան տարբեր պոլիսների միջև առկա հակասությունների ամբողջ խորությունը։ Դրանք սրանում են այնքան, որ կողմերը չեն վարանում օժանդակություն ստանալ ոչ այնքան հեռու անցյալում ոխերիմ թշնամի հանդիսացող Աքեմենյան Պարսկաստանից։ Պատերազմներից հետո սկսվում է հունական աշխարհի քայքայման գործընթացը, որն ուղեկցվում է քաղաքական անկայունությամբ և տնտեսական մեծ ճգնաժամով։
Ձախից՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոսի II-ի հելլենիստական շրջանի դիմաքանդակը, որը պահվում է Կոպենհագենում։ Աջից՝ Փիլիպոսի կիսանդրու հռոմեական կրկնօրինակը։ Պահվում է Վատիկանի թանգարաններում։ |
Պելոպոնեսյան պատերազմներից հետո պոլիսային վարչակարգը Հունաստանում ճգնաժամ է ապրում։ Մ․թ․ա․ 392 թվականին Կորնթոսում, իսկ մ․թ․ա․ 372-ին ՝ Արգոսում, տեղի են ունենում ապստամբություններ, որի ժամանակ զոհվում են հազարավոր քաղաքացիական անձինք։ Ներքաղաքական պայքարը խորապես մեծացնում է Աքեմենյան Պարսկաստանի ազդեցությունը Հունական թերակղզում։ Մ․թ․ա․ 4-րդ դարում հունական քաղաք-պետությունների վարած քաղաքականության գլխավոր բնութագրիչը արտաքին կողմնորոշման անկայունությունն էր։
Նույնիսկ առաջատար պոլիսները երբեմն ապավինում էին իրանցիների օգնությանը։ Հունական քաղաք-պետություններից ոչ մեկը չէր կարողանում իր վրա վերցնել քայքայվող հունական աշխարհի վերամիավորման գործը։ Քաղաքական նման պայմաններում նախաձեռնությունն անցնում է օրեցօր զորեղացող Մակեդոնիային։ Հին Մակեդոնիան անասնապահական հետամնաց լեռնային երկիր էր, որը մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից ապրում էր ներքաղաքական խոր ճգնաժամ։ Այն գտնվում էր Մակեդոնիան գտնվում էր երկու հակասող աշխարհների մեջտեղում․ հարավում քաղաքակիրթ Հունաստանն էր, իսկ հյուսիսում՝ Բալկանյան թերակղզու բարբարոսական միությունները։ Մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ը կատարում է արմատական բարեփոխումներ, որի արդյունքում պետությունը ռազմական, քաղաքական ու տնտեսական աննախադեպ վերելք է ապրում։ Նշանավոր էին հատկապես Փիլիպոսի բարեփոխումները ռազմական ոլորտում։ Նա ընդօրինակում է հունական և աքեմենյան ռազմական հաջողությունները՝ ստեղծելով կայուն և մարտունակ բանակ, որը կազմված էր հեթայրներից (հեծելազոր) և հիպոսպիստներից (վահանակիր հետևակ)։ Հերթական անգամ նմանակելով սպարտացիներին, մակեդոնացիները ստեղծում են սեփական ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարքը, որը հայտնի է դառնում մակեդոնական փաղանգ անվանումով։ Հեռատես Փիլիպոս արքան հմտորեն իր օգտին էր շրջում պոլիսների միջև եղած տարաբնույթ հակասությունները՝ փորձելով ներազդել հունական պոլիսների քաղաքական կյանքի վրա։ Նրա ապագա ծրագրերը ծավալուն էին և ուղղված հունական աշխարհի միավորմանը՝ մակեդոնական գերիշխանության ներքո։ Տարիներ շարունակ Հունաստանի առանձին քաղաք-պետությունները ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան դաշինքներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։
Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան տիրակալությունը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։ Հունական աշխարհը, իհարկե, գիտակցում էր ամուր համահունական միության կերտման անհրաժեշտությունը, սակայն մ.թ.ա. 4-րդ դարում երբեմնի հզոր Սպարտան, Աթենքն ու Թեբեն այլևս ի վիճակի չէին ստանձնելու համախմբողի առաքելությունը։ Երևան եկած նոր ռազմաքաղաքական ուժերից նշանավոր էին Հյուսիսային Հունաստանի Թեսալիան ու Խալկիդիկին, Միջին Հունաստանում՝ Ֆոկեոնը, Բեովտիան և Էվբոյան։ Վերելք ապրող այդ միավորումներն ու նրանց շուրջը ձևավորված միությունները, բնականաբար, նվաճողական միտումներ էին ցուցաբերում։ Այդ ամենը չէր կարող չանհանգստացնել Մակեդոնիային, և Փիլիպոսը, ամրապնդվելով Բալկանյան թերակղզում, սպասում էր Հունաստանի ներխուժելու հարմար առիթի։
Հայկական իրականության մեջ անտիկ աշխարհի նշանավոր դեմքերից մեկի՝ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի և ռազմաքաղաքական տաղանդի նկատմամբ հետաքրքրությունն ունեցել է իր պատմական հիմքերը։ Երկար ժամանակ գտնվելով հելլենիստական մշակույթի ոլորտում, իսկ հետազայում զրկված լինելով պետակտնությունից և քաղաքական անկախությունից, ենթարկվելով օտար նվաճողների անընդմեջ ասպատակություններին, հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ իր միտքն ու հոգին կրթել է նաև Ալեքսանդր Մեծի առասպելական կերպարի հերոսական գծերով՝ նրա մեջ տեսնելով պետական֊քաղաքական գործչի, երազելի միապետի, գիտության և արվեստների հովանավորի անհրաժեշտ բոլոր հատկանիշներր։
Տարածաշրջանի հզորագույն պետության կարգավիճակով օժտված Մակեդոնիան շուտով ձեռնամուխ է լինում Հունաստան ներխուժմանը։ Փիլիպոսի կայուն դիրքերը երկյուղ էին առաջացնում որոշ պոլիսներում, որտեղ որպես հակակշիռ ուժեր ձևավորվում են հակամակեդոնական կոալիցիաներ։ Հունական աշխարհում առավել մեծ ժողովրդականություն էր վայելում Աթենքի ընդդիմադիր ձգտումները, որը գլխավորում էր քաղաքական գործիչ Դեմոսթենեսը։ Նրա հայտնի ճարտարախոս «փիլիպիկաները»՝ Փիլիպոսի դեմ ուղղած հրապարակային ցասկոտ ու մերկացնող ելույթները մեծ դեր են խաղում հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հակամակեդոնական կուսակցությունները վայելում էին նաև Պարսկաստանի աջակցությունը։ Մ.թ.ա. 349-348 թվականներին Փիլիպոսը բռնազավթում է Խալկիդիկին, ավերում անհնազանդ Օլինփոս քաղաքը ու ստրկացնում նրա բնակիչներին։ Փիլիպոսի հաջորդ քայլն էր Թրակիայի եզրույթում Բոսֆոր նեղուցի ու Մարմարա ծովի ափերին գտնվող հարուստ հունական քաղաքներ՝ Բյուզանդիոնի ու Պերինթոսի նվաճումը։ Այդ քաղաքները հունական աշխարհի մատակարարման գծերի, հատկապես՝ ցորենի, կարևոր օղակներ էին։
Կարճ ժամանակահատվածում կատարված նվաճումներից հետո մակեդոնական իշխանություններն սկսում են նախապատրաստվել դեպի հարավ արշավանքին՝ Աթենական քաղաք-պետությանը վերջնականապես ծնկի բերելու նկատառումներով։ Մ․թ․ա․ 338 թվականին իրար են բախվում մակեդոնական և աթենական ուժերը։ Աթենքին օժանդակում էր Թեբեն, իսկ վերջիններիս միացյալ բանակի գլուխ կանգնած էր ականավոր զորավար Դեմոսթենեսը։ Ճակատամարտը տեղի է ունենում Պելոպոնեսյան թերակղզում՝ Բեոտիայի Քերոնեա բնակավայրում։ Ճակատամարտի սկզբնահատվածում հունական պոլիսները գերակշռում էին մակեդոնացիների նկատմամբ, սակայն հաջորդիվ նախաձեռնությունն անցնում է մակեդոնացիների ձեռքը։ Քերոնեայի ճակատամարտն ավարտվում է հունական կողմի պարտությամբ, որին էլ հետևում է մակեդոնական վերահաս տիրապետությունը։ Քերոնեայի ճակատամարտից հետո Մակեդոնիայի նախաձեռնությամբ ստեղծվում է հունական պոլիսների միություն, որը կոչված էր պայքարելու Աքեմենյան Պարսկաստանի դեմ։ Միության ստեղծումից հետո Մակեդոնական կայսրության տարածքում հայտարարվում է հավերժական խաղաղություն, իսկ պատերազմները վերջնականապես ավարտվում են։ Ներքին խնդիրների նման եղանակով կարգավորման պատճառը թշնամական Պարսկաստանին ծնկի բերելու հունական աշխարհի ձգտումներն էր։
Ճակատագրի բերումով Աքեմենյան կայսրության դեմ պատերազմելու վիճակն ընկնում է ոչ թե Փիլիպոսին, այլև վերջինիս որդուն՝ Ալեքսանդրին։ Ալեքսանդրը՝ որպես արքայազն, վաղ հասակում ստացել էր ազնվականական բարձրագույն կրթություն։ Տասներեք տարեկան հասակում նրա ուսուցման համար հրավիրվել էր երիտասարդ ուսուցիչ՝ ծագումով հույն Արիստոտելը, որը հետագայում դառնում է աշխարhահռչակ գիտնական, փիլիսոփա ու մանկավարժ։ Այսպիսով, հոր սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 336 թվականին, մակեդոնական գահն անցնում քսանամյա Ալեքսանդրին, ով էլ կարճ ժամանակում դառնում է մարդկության պատմության ամենահայտնի միապետներից մեկը։ Նա մի քանի ամսում եռանդաբար վերջ է տալիս ներքին ընդդիմությանը, իրագործում հանգուցյալ հոր վաղեմի երազանքը՝ ավարտում Հունաստանի լիակատար հնազանդեցնումն և, որպես համահունական պետության առաջնորդ սկսում է պատրաստվել արևելյան արշավանքի՝ Աքեմենյան Պարսկաստանը նվաճելու նպատակով։ Մ․թ․ա․ 336 թվականին Աքեմենյան պետականությունը վերստին զարթոնք է ապրում․ դա կապված էր պարսից գահի նոր գահակալի՝ Դարեհ III-ի կառավարման հետ։ Մեծ Հայքի նախկին սատրապ Դարեհը գահին տիրել է Արտաքսերքսես III թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ՝ դավադրաբար սպանելով արքային ու նրա զավակներին։ Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդրը, գլխավորելով իր շուրջ 50 հազարանոց բանակը, նավերով կտրում է Հելլեսպոնտոս նեղուցը և ներխուժում պարսկահպատակ Փոքր Ասիա։
Երկու կողմերի առաջին ռազմական բախումը տեղի է ունենում Գրանիկոս գետի ափին՝ առասպելական Տրոյաի ավերակների հարևանությամբ։ Պարմենիոն զորավարի ղեկավարած բանակը հեշտությամբ ջախջախում է Դարեհի փոքրասիական սատրապների միացյալ զորաբանակներին՝ շարժվելով դեպի արևելք։ Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու բանակը գրավում է Փոքր Ասիայի մի շարք ափամերձ քաղաքներ, որոնք, իրենց հերթին, ձգտում էին թոթափել պարսկական լուծը։ Մեմնոնը, ում ղեկավարած բանակը պարտվել էր Գրանիկոսում, փորձում է դիմադրություն կազմակերպել, սակայն մարտերի ամենաթեժ պահին հանկարծամահ է լինում։ Շուտով Դարեհի ղեկավարած բանակը դուրս է գալիս Միջագետքից և ճանապարհ բռնում Փոքր Ասիայով շարժվող հունամակեդոնական զորքին ընդառաջ։ Մակեդոնա-պարսկական հաջորդ բախումը տեղի է ունենում ներկայիս Սիրիայի տարածքում՝ Լեռնային Կիլիկիայի Իսոս բնակավայրում։ Իսոսի ճակատամարտը ևս ավարտվում է Մակեդոնացու բանակի հաղթանակով։ Այս հաջողությունների պատճառը ռազմի դաշտից կամազուրկ Դարեհի փախուստն էր, որից հետո պարսից բանակը անմիջապես անձնատուր է լինում։ Հաստատվելով Դամասկոսում՝ Ալեքսանդրը կնության է առնում մահացած զորավա Մեմնոնի այրուն՝ Բարսինային։ Կարճ ժամանակահատվածում մակեդոնական զորքերը տիրում են սիրիական և փյունիկյան քաղաքներին։ Ալեքսանդրը հատկապես մեծ դժվարությամբ պաշարում է Փյունիկիայի Տյուրոս քաղաքը։ Տյուրոսի բնակիչները յոթ ամսվա ընթացքում գործադրում էին հերոսական ճիգեր թշնամուն դիմակայելու համար։ Վերջ ի վերջո, մակեդոնացիներին հաջողվում է ամրոցի պատերում ճեղք բացել լաստանավերի վրա տեղադրված պաշարողական մեքենաների օգնությամբ և ներխուժել քաղաք։ Մ․թ․ա․ 332 թվականին հունամակեդոնական բանակն ուղղորդվում է հարավ՝ դեպի Եգիպտոս։ Ալեքսանդրը տածում էր հատուկ պատկառանք հինավուրց Եգիպտոսի առեղծվածային կրոնի, մշակույթի, ծեսերի ու ճարտարապետության վերաբերյալ։ Եգիպտոսի քրմերը, իրենց կողմից, նույնպես հակված էին Ալեքսանդրի միջոցով թոթափել «անկիրթ ցեղերի» բռնապետությունը և դաշինք հաստատել քաղաքակիրթ հելլենիստական աշխարհի հետ։ Նեղոսի դելտայի նվաճումից հետո քրմերի կողմից Ալեքսանդր Մեծը հռչակվում է Եգիպտոսի փարավոն և հենց Նեղոսի ափին էլ հիմնում է իր առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Եգիպտոսից Ալեքսանդրը շարժվում է դեպի արևելք, ակնկալելով, որ պարսիկների հետ բախումը տեղի կունենա երկրի խորքերում։ Սկսվում է Ալեքսանդրի քառամյա տաժանակիր արշավանքները Միջագետքին տիրելու համար։ Երբ զորքը հասնում է Տիգրիս գետի ափերին՝ Ալեքսանդրը տեղեկանում է, որ Դարեհի ահռելի զորքը գտնվում է առջևում։ Մակեդոնա-պարսկական զորքերը դեմ հանդիպման դուրս են գալիս 331 թվականի հոկտեմբերի 1-ին Գավգամելայի հարթավայրում։ Այս ճակատամարտի ընթացքում Դարեհը վերստին փախուստի է դիմում՝ թողնելով իր զորքն առանց առաջնորդի։ Գավգամելայի ճակատամարտից հետո Աքեմենյան հարստությունն Իրանում անկում է ապրում։ Վերջին մարտերից հետո ամբողջովին ջախջախված պարսից բանակն այլևս ի վիճակի չէր մարտնչելու Մակեդոնացու զորեղ ուժերի դեմ և հենց դա է պատճառը, որ կարճ ժամանակում պարսիկները կորցնում են իրենց վերջին հենակետերը՝ Բաբելոնը, Շոշը և թագավորանիստ Պերսեպոլիսը։ Շարունակելով արևելյան արշավանքը՝ Մակեդոնացին իր աշխարհակալ կայսրությանն է բռնակցում Միջին Ասիան, իսկ մ․թ․ա․ 327 թվականին՝ արևմտյան Հնդկաստանը։
Ալեքսանդր Մակեդոնացու շուրջ տասնամյա արշավանքներն ավարտվում են Հինդուստան թերակղզում՝ մերօրյա Հնդկաստանում, որտեղ մակեդոնական հյուծված բանակը հրաժարվում է շարունակել արշավանքը։ Արդյունքում՝ Մակեդոնիային է ենթարկվում աշխարհի ցամաքային հատվածի մի զգալի հատվածը, իսկ ինքը՝ Ալեքսանդրը, ստանում է մի քանի տիտղոսներ․ Մակեդոնիայի կայսր, Եգիպտոսի փարավոն, Պարսկաստանի արքա, Ասիայի տիրակալ և այլն։ Անծայրածիր տերության ստեղծողը մահանում է մ․թ․ա․ 332 թվականի հունիսի 10-ին Բաբելոնում՝ 32 տարեկան հասակում։ Ժամանակի պատմիչներից մեկն Ալեքսանդրի մահվան մասին գրում է հետևյալը․
Նրա մահվան պահին Մակեդոնական կայսրության տարածքը ներառում էր Բալկանյան թերակղզուց մինչև Կենտրոնական Ասիա ընկած վիթխարի տարածությունները։ Ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվում է նոր տիպի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցում են հելլենիստական մշակույթի ներքո։ Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար աշխարհի տարբեր ծայրերում հիմնել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «Ալեքսանդրիա» անունը։ Նշանավոր էր Հելլենիստական Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որտեղ մ.թ.ա. 3-րդ դարում կառուցվում է անտիկ աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը։ Ալեքսանդրի մահից հետո նրա զորավարների և իրավահաջորդների միջև բռնկվում է գահակալական կռիվներ, որոնք հայտնի են դառնում դիոխների պատերազմ անվանումով։ Արդյունքում՝ որոշ ժամանակ Մակեդոնիայի ղեկն անցնում է աշխարհակալ արքայի մանկահասակ որդու խնամակալին՝ Պերդիկային, որի ընտրությունը սակայն շրջադարձային է լինում։ Նա մ.թ.ա. 321 կամ 320 թվականին սպանվում է իր պահակազորի կողմից, որին հաջորդում է Մակեդոնական կայսրության մասնատումը։ Այս բաժանման հետևանքով բուն մակեդոնա-հունական հողերը տրվում է Անտիպատրոսին և Կրատերոսին, Թրակիան՝ Լիսիմաքոսին, Փոքր Ասիան՝ Անտիգոնոսին և Էվմենեսին, Եգիպտոսը՝ Պտղոմեոսին և այլն։
Սելևկյան տերության գահակալ Սելևկոս I Նիկատորը կառավարել է մ․թ․ա․ 312-281 թվականներին։ Ի սկզբանե եղել է Բաբելոնի սատրապը, սակայն դիադոքսների պատերազմից հետո իր իշխանությունը կարողացել է տարածել Մարաստանի, Պարսքի, Միջագետքի, Ասորիքի և ապա Բակտրիայի վրա՝ զբաղեցնելով Աքեմենյան Իրանի գրեթե նույն տարածքը։ | Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը կառավարել է մ․թ․ա․ 117-63 թվականներին։ Միհրդատ VI-ը Պոնտոսը դարձրել է հզոր պետություն, պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ։ իհրդատ VI սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլեոպատրային, միասին նվաճել են Գամիրքը։ | Եգիպտոսի սատրապ Պտղոմեոսը կառավարել է մ․թ․ա․ 323-283 թվականներին և եղել է Հելլենիստական Եգիպտոսի առաջին կառավարիչը։ Նպաստել է արևելքում հելլենիզմի տարածմանն ու գերիշխմանը։ Յուրացնելով եգիպտական մշակույթի որոշ ասպեկտներ՝ մ․թ․ա․ 305 թվականին հռչակվել է փարավոն՝ հավերժացնելով իր անունը պատմության մեջ։ Վերջինիս հաջորդել է որդին՝ Պտղոմեոս II Եղբայրասերը։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.