From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ, լույսի երեք հիմնական գույներից (կարմիր, կանաչ, կապույտ, անգլերեն՝ RGB) մեկը։ Գտնվում է տեսանելի լույսի ալիքների երկարության 440-520 նանոմետր տիրույթի մեջ (երբեմն տիրույթը ավելի լայն է լինում՝ 420-495 նմ)։ Տեսանելի ճառագայթման սպեկտրի մեջ գտնվում է կանաչի և մանուշակագույնի միջև։
Կապույտ
| |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սպեկտրալ կոորդինատներ | |||||||||
Հաճախականություն | ~670–610 ՏՀց | ||||||||
Գունային կոորդինատներ | |||||||||
Hex եռյակ | #0000FF | ||||||||
sRGBB (r, g, b) | (0, 0, 255) | ||||||||
HSV (h, s, v) | (240°, 100%, 100%) | ||||||||
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) |
Կապույտի երանգների մեջ առանձնանում են երեքը՝ ցիանը (կապտականաչ), ուլտրամարինը և լազուրը, որոնք պարունակում են խառնուրդներ այլ գույներից, օրինակ լազուրը՝ որոշ չափի կանաչ, իսկ ուլտրամարինը՝ մանուշակագույն։ Մաքուր երկինքը և ծովը կապույտ են օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է Ռելեյան ցրում։ Տինդալի ցրման երևույթով էլ բացատրվում են կապույտ աչքերը։ Հեռու առարկաներն ավելի կապույտ են թվում մեկ այլ օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է մթնոլորտային պատկեր։
Կապույտը տարածված գույն է արվեստում և ձևավորման մեջ՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից։ Կիսաթանկարժեք լաջվարդ քարն օգտագործվել է Հին Եգիպտոսում զարդարվեստի մեջ, իսկ ավելի ուշ՝ Վերածննդի շրջանում, ծովազվարթ (ուլտրամարին) ներկի ստեղծումը ամենաթանկն էր բոլոր ներկանյութերի մեջ։ 8-րդ դարում չինացիներն օգտագործում էին կոբալտի կապույտ ներկը, որպեսզի ստեղծեն կապույտ և սպիտակ կավե ամանեղեն, իսկ միջնադարում եվրոպացիները կիրառում էին այն մայր տաճարների պատուհանների ձևավորման մեջ։ Եվրոպացիները հագուստները ներկում էին լրջունի երանգով, մինչև որ այն փոխարինեցին Ամերիկայից բերված ինդիգոյով։ 19-րդ դարում սինթետիկ կապույտ ներկերը հետզհետե փոխարինեցին հանքաքարային ներկանյութերին։ Մուգ կապույտը ընդհանրական դարձավ ոստիկանական համազգեստների մեջ, իսկ ավելի ուշ՝ 20-րդ դարում՝ աշխատանքային հագուստում։ Քանի որ կապույտը հաճախ զուգորդվում է ներդաշնակության հետ, այն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական Միության դրոշներում[1]։
ԱՄՆ-ում և Եվրոպայում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապույտը հիմնականում զուգորդվում է ներդաշնակության, հավատարմության, վստահության, հեռավորության, անսահմանության, երևակայության, սառնության և երբեմն էլ տխրության հետ[2]։ ԱՄՆ-ում և Եվրոպայում և՛ կանանց, և՛ տղամարդկանց գրեթե կեսի կողմից ընտրվել է որպես սիրելի գույն[2]։ Նույն ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ գույնը հիմնականում զուգորդվել է առնականության հետ՝ զիջելով միայն սևին, և նաև այն գույնն է, որը հիմնականում կապվել է մտավոր կարողությունների, խելքի, հանգստության և խտացման հետ[2]։
Հայերեն գրաբարյան «կապոյտ» բառը փոխառություն է իրանական աղբյուրից. հմմտ.՝ միջին պարսկերեն kapōt, պարսկերեն kabud, քրդերեն՝ kew, գիլանի՝ kebūd, մազանդարանի՝ kāu, gāv, gāiu «կապոյտ»[3]։
Ժամանակակից անգլերենի «blue» բառը ծագում է միջին անգլերենի «bleu» կամ «blewe» բառից, որն էլ հին ֆրանսերենի «bleu» բառից է, իսկ դա էլ ունի գերմանական արմատներ, կապվում է հին բարձր գերմաներենի «blao» բառի հետ[4]։ Զինանիշագիտության մեջ կապույտի համար գործածվում է երկնագույն բառը[5]։
Ռուսերենում և որոշ այլ լեզուներում (նաև հայերենում) կապույտի համար կան մեկից ավելի բառեր, սակայն բավականին տարբերություն կա բաց կապույտի (голубой, երկնագույն) և մուգ կապույտի (синий) միջև։
Որոշ լեզուներում, ինչպես՝ ճապոներեն, թայերեն, կորեերեն և լակոտերեն, կապույտը և կանաչը բնութագրելու համար օգտագործվում է նույն բառը։ Օրինակ՝ վիետնամերենում և՛ ծառի տերևների, և՛ երկնքի գույնն անվանում են «xanh»։
Կապույտ ներկանյութն ստացվել է հանքաքարերից, հատկապես լաջվարդից և ազուրիտից (Cu
3(CO
3)
2(OH)
2)։ Այս հանքաքարերը փշրվել են, փոշիացվել, ավելացվել են արագ չորացող ամրացնող նյութեր, ինչպես ձվի դեղնուց (տեմպերա նկարչություն), կամ ուշ չորացող յուղ, ինչպես՝ կտավատի սերմի յուղ, յուղանկարչության համար։ Կապտագույն ապակի (վիտրաժ) ստեղծելու համար կապույտ կոբալտը (կոբալտ (II) ալյումինատ CoAl
2O
4) խառնում են ապակու հետ։ Հանքաքարերից կապույտ ներկանյութեր ստանալու համար օգտագործում են նաև ուլտրամարինը (Na8-10Al
6Si
6O
24S2-4), սերուլիանը (լազուր, Co
2SnO
4) և պրուսական կապույտը (Fe
7(CN)
18)։
Հագուստը և գոբելենը ներկելու համար օգտագործվել են բուսական ներկեր։ Ներկատու լրջունը և Indigofera tinctoria-ը օգտագործում են՝ ստեղծելու ինդիգո ներկանյութը, որն էլ կիրառվում է գործվածքները ինդիգո կամ կապույտ ներկելու մեջ։ Սկսած 18-րդ դարից՝ բնական կապույտ ներկանյութերը մեծապես փոխարինվել են սինթետիկ ներկերով։
Լույսի տեսանելի լուսապատկերի գույներում կապույտ ունի ալիքի շատ կարճ երկարություն, ի տարբերություն կարմիրի, որի ալիքի երկարությունն ամենաերկարն է։ Երբ արևի լույսը ներթափանցում է մթնոլորտ, կապույտի ալիքի երկարությունը ավելի լայնորեն է ցրվում թթվածնի և ազոտի մոլեկուլներից, և արդյունքում ավելի շատ կապույտ է հասնում մեր աչքերին։ Այս երևույթը կոչվում է Ռելեյան ցրում լորդ Ռելեյի անունից, որը դա հայտնագործած բրիտանացի ֆիզիկոսն էր։ Այն 1911 թվականին հաստատել է Ալբերտ Այնշտայնը[6]։
Արևածագի և մայրամուտի ժամանակ լույսի ճառագայթների մեծ մասը, որը մենք տեսնում ենք, ուղղահայաց է Երկրի մակերևույթին, այսինքն լույսի ճանապարհը մթնոլորտով այնքան երկար է, որ լույսի կապույտ և նույնիսկ կանաչ գույները ցրվում են՝ թողնելով արևի ճառագայթները, և ամպերը լուսավորվում են կարմիրով։ Այդ իսկ պատճառով, երբ մենք նայում ենք լուսաբացը և արևամուտը, կարմիր գույնը ավելի նկատելի է, քան մյուս գույները[7]։
Ծովը կապույտ է երևում հիմնականում հետևյալ պատճառով. ջուրը կլանում է կարմիր ալիքի երկարությունը, արտացոլում է և ցրում կապույտ, որն էլ ընկալում է նայողի աչքը։ Ծովի գույնը կախված է նաև երկնքի գույնից, որն արտացոլվում է ջրերի մեջ, ինչպես նաև ջրի մեջ առկա բուսականությունից և ջրիմուռներից, որոնցից այն կանաչ է երևում, կամ տիղմից, որից շագանակագույն է թվում[8]։
Ինչքան հեռու է գտնվում օբյեկտը, այնքան ավելի կապույտ է թվում այն աչքի համար։ Օրինակ՝ հեռու եղող լեռները հաճախ կապույտ են երևում։ Սա մթնոլորտային պատկերի երևույթն է. ինչքան հեռու է տեղակայված օբյեկտը նայողից, այնքան քիչ է հակադրությունը օբյեկտի և ետին պլանի միջև, որը սովորաբար կապույտ է լինում։ Նկարների մեջ, որտեղ պատկերի տարբեր մասեր կապույտ են, կանաչ կամ կարմիր, կապույտը կարող է թվալ ավելի հեռու, իսկ կարմիրը՝ նայողի համար ավելի մոտ։ Ինչքան սառն է գույնը, այնքան հեռու է թվում այն[9]։
Կապույտ աչքերը իրականում չեն պարունակում կապույտ պիգմենտ։ Աչքերի գույնը պայմանավորվում է երկու գործոններով՝ աչքի ծիածանաթաղանթի պիգմենտով[10][11] և ծիածանաթաղանթի ստրոմայի միջով լույսի սփռումով[12]։ Մարդկանց մոտ ծիածանաթաղանթի գունավորումը տատանվում է բաց շագանակագույնից մինչև սև։ Կապույտ, կանաչ և կարմրաշագանակագույն աչքերի գոյությունը ստրոմայում լույսի Ռելեյան ցրման արդյունք է, լուսային երևույթ, որով բացատրվում էր երկնքի կապույտ գույնը[12][13]։ Կապույտ աչքերով մարդու ծիածանաթաղանթը պարունակում է նվազ մուգ մելանին, քան շագանակագույն աչքերով մարդկանց աչքերը, ինչը նշանակում է, որ նրանք պակաս են ընկալում կապույտ լույսի կարճ ալիքի երկարությունը, ինչը արտացոլվում է նայողին։ Աչքերի գույնը փոխվում է՝ կախված լուսավորումից, հատկապես բաց գույնի աչքեր ունեցողների մոտ։
Կապույտ աչքերը ամենատարածվածն են Իռլանդիայում, Բալթիկ ծովի շրջակայքում և Հյուսիսային Եվրոպայում[14], նաև հանդիպում են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում։ Կապույտ աչքեր կան նաև Արևմտյան Ասիայում, հատկապես հիշատակելի են Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը և Իրանը[15]։ Էստոնիայի բնակչության 99% կապույտ աչքեր ունի[16][17]։ Դանիայում 30 տարի առաջ բնակչության միայն 8% շագանակագույն աչքեր ուներ, թեպետ ներգաղթի պատճառով դրանց թիվը հասել է 11%-ի։ Գերմանիայում կապույտ աչքեր ունեցողները կազմում են 75%-ը[17]։
Միացյալ Նահանգներում 2006 թվականի տվյալներով 6-ից մեկը, կամ ամբողջ բնակչության 16.6%-ը, սպիտակամաշկ բնաչկության 22.3%-ը ունի կապույտ աչքեր, համեմատական կարգով՝ 1900 թվականին Ամերիկայում ծնվածների մոտ կեսը, կամ 1950 թվականին ծնվածների երրորդ մասը։ Կապույտ աչքերը ավելի սակավաթիվ են դառնում ամերիկացի երեխաների շրջանում։ ԱՄՆ-ում տղաները 3–5 անգամ ավելի հաճախ են ունենում կապույտ աչքեր, քան աղջիկները[14]։
Կապույտը արվեստում և ձևավորման մեջ կիրառված գույների շրջանում ավելի ուշ է հանդես եկել, ինչպես նաև լեզուներում և գրականության մեջ[18]։ Կարմիրը, շագանակագույնը, սևը և կարմրաշագանակագույնը հանդիպում են վերին Հին քարի դարում, սակայն ոչ կապույտը։ Կապույտը չի օգտագործվել կտորների ներկման մեջ բավականին ժամանակ, նախքան կարմիրը, կարմրաշագանակագույնը, վարդագույնը և մանուշակագույնը։ Սա հավանաբար կապված էր լավ կապույտ գունանյութ և պիգմենտ ստեղծելու երկար տարիներ տևած դժվարությունների հետ[19]։ Մեզ հայտնի ամենավաղ կապույտ գունանյութերն ստեղծված են բույսերից՝ ներկատու լրջուն Եվրոպայում, ինդիգոն Ասիայում և Աֆրիկայում, նաև կապույտ ներկանյութ պատրաստվում էր հանքանյութերից, ինչպես՝ լաջվարդը կամ ազուրիտը։
Լաջվարդը կիսաթանկարժեք քար է, արդյունահանվել է Աֆղանստանում ավելի քան երեք հազար տարի և արտահանվել հին աշխարհի բոլոր ծայրեր.[20]։ Իրանում և Միջագետքում այն կիրառվել է թանկարժեք զարդեր և անոթներ պատրաստելու համար։ Եգիպտոսում այն օգտագործվել է Թութանհամոն փարավոնի (մ.թ.ա. 1341–1323) թաղման դիմակի հոնքերը նկարելու համար[21]։
Քարավաններով Աֆղանստանից մինչև Եգիպտոս անապատներով լաջվարդի ներկրման ծախսը չափազանց բարձր էր։ Սկսած մ.թ.ա. 2500 թվականից՝ Հին Եգիպտոսում սկսեցին արտադրել սեփական կապույտ գունանյութը, որը հայտնի էր եգիպտական կապույտ անունով, պատրաստվում էր մանրացված սիլիկահողից, կրից, պղնձից և ալկալիներից՝ տաքացնելով այն 800-ից մինչև 900 °C (1,470 կամ 1,650 °F)։ Սա համարվում է առաջին սինթետիկ գունանյութը[22]։ Եգիպտական կապույտը կիրառվել է փայտ, պապիրուս և քաթան ներկելու համար, ինչպես նաև հախճապակե ուլունքահատիկներ, ներդրվագներ և անոթները փայլաներկելու համար։ Այն հատկապես կիրառվել է հուղարկավորման արձանիկների և գերեզմանի նկարներ պատրաստելու մեջ։ Կապույտը բարերար գույն էր համարվում, որը պաշտպանելու էր մահացածներին չարից հետմահու կյանքում։ Կապույտ ներկը նաև կիրառվել է մումիաներին փաթաթված կտորը ներկելու համար[23]։
Եգիպտական կապույտը զուգորդվում է երկնքին և աստվածությանը։ Եգիպտական Ամոն աստվածը կարողանում էր իր մաշկը կապույտ սարքել, որպեսզի թռչելիս անտեսանելի լիներ երկնքում։ Կապույտը կարող էր նաև պաշտպանել չարից, Միջերկրականի շրջակայքի շատ մարդիկ նախկինի պես կրում են կապույտ հմայիլ, որն իրենից ներկայացնում է Աստծո աչք, որ պաշտպանի իրենց անհաջողություններից[24]։
Կապույտ ապակին պատրաստվում էր Միջագետքում և Եգիպտոսում արդեն մ.թ.ա. 2500 թվականին՝ օգտագործելով այն նույն պղնձե բաղադրիչները, ինչ եգիպտական կապույտի բաղադրիչներում։ Նրանք նաև ավելացնում էին կոբալտ, որը հաղորդում էր ավելի խոր կապույտ երանգ. նույն կապույտը, որը արտադրվում էր Միջնադարում մայր տաճարների ապակիների ձևավորման մեջ[25]։
Հին Բաբելոնի Իշտարի դարպասները (մ.թ.ա. 604–562 թվականներ) զարդարված էին մուգ կապույտ փայլուն աղյուսներով՝ որպես առյուծների, վիշապների և վայրի ցլերի հետին ֆոն[26]։
Հին հույները գույները դասակարգում էին ըստ դրանց մգության և բացության, ոչ թե դրանց երանգներով։ Հին հունարենի մուգ կապույտ բառը՝ kyaneos, կարող էր նշանակել նաև մուգ կանաչ, մանուշակագույն, սև կամ շագանակագույն։ Հին հույների բաց կապույտ բառը՝ glaukos, նաև կարող էր նշանակել բաց կանաչ, մոխրագույն կամ դեղին[27]։
Հույները ներկրում էին ինդիգո ներկը Հնդկաստանից՝ կոչելով այն ինդիկոն։ Նրանք օգտագործել են եգիպտական կապույտը Կրետեում Կնոսոսի որմնանկարներում (մ.թ.ա. 2100 թվական)։ Կապույտը Պլինիոս Ավագի ներկայացրած հույների չորս հիմնական գույներից չէր (կարմիր, դեղին, սև և սպիտակ), բայց անկախ դրանից կիրառվել է հունական տաճարների պատերի եզրազարդերի ետին պլանում և հունական արձանների մորուքների ներկման համար[28]։
Հռոմեացիները ևս ներկրում էին ինդիգո ներկը, բայց կապույտը աշխատավոր դասի զգեստի գույնն էր, ազնվականները և հարուստները կրում էին սպիտակ, սև, կարմիր կամ մանուշակագույն։ Կապույտը համարվում էր սգո գույն։ Այն նաև կապում էին բարբարոսների հետ. Հուլիոս Կեսարը հաղորդում էր, որ կելտերը և գերմանները ներկում էին իրենց դեմքերը կապույտով, որպեսզի վախեցնեն թշնամուն, և ներկում էին իրենց մազերը կապույտով, երբ ծերանում էին[29]։
Ամեն դեպքում, հռոմեացիները լայնորեն կիրառում էին կապույտը զարդարանքների մեջ։ Համաձայն Վիտրուվիոսի՝ նրանք մուգ կապույտ ներկ էին ստանում ինդիգոյից և ներկրում էին եգիպտական կապույտ։ Պոմպեյի հռոմեական տների պատերին կային փայլուն երկնագույն որմնանկարներ, իսկ կապույտ ներկանյութ հայտնաբերվել է ներկերի վաճառականների խանութներում։ Հռոմեացիներն ունեին կապույտի տեսակների տարբեր անվանումներ, ներառյալ՝ caeruleus, caesius, glaucus, cyaneus, lividus, venetus, aerius և ferreus, բայց երկու բառ, երկուսն էլ օտար ծագման, ամենակիրառելին էին՝ blavus, գերմանական blau բառից, որն ի վերջո դարձավ bleu կամ blue, և azureus, արաբական lazaward բառից, որը հետագայում դարձավ azure[30]։
Մուգ կապույտը լայնորեն կիրառվել է Բյուզանդական կայսրության եկեղեցիների ձևավորման մեջ։ Բյուզանդական արվեստում Քրիստոսը և Մարիամը սովորաբար կրում էին մուգ կապույտ կամ մանուշակագույն հագուստ։ Կապույտը օգտագործվում էր որպես հետին պլանի գույն՝ պատկերելով երկինքը ապշեցուցիչ խճանկարներում, որոնցով զարդարվում էին բյուզանդական եկեղեցիները։
Իսլամական աշխարհում կապույտը կանաչից հետո երկրորդային կարևորություն ուներ, հավատում էին, որ այն Մուհամմեդ մարգարեի սիրելի գույնն էր։ Որոշ ժամանակ Ալ-Անդալուսում և իսլամական աշխարհի տարբեր մասերում կապույտ հագուստ էին կրում քրիստոնյաները և հրեաները, որովհետև միայն մուսուլմաններին էր թույլատրվում կրել սպիտակ և կանաչ։ Մուգ կապույտը և փիրուզագույնը լայն կիրառություն ունեին Իսպանիայից մինչև Կենտրոնական Ասիայի մզկիթների և պալատների ճակատային մասերի ձևավորման մեջ։ Լաջվարդը օգտագործվում էր պարսկական մանրանկարներում հարուստ կապույտ ստանալու համար։
Վաղ միջնադարում եվրոպական արվեստում և կյանքում կապույտը երկրորդական դեր ուներ։ Ազնվականները կրում էին կարմիր կամ մանուշակագույն, միայն աղքատներն էին կապույտ հագուստ հագնում, որը ներկվում էր ներկատու լրջունից պատրաստված ցածրորակ ներկով։ Կապույտը դեր չէր խաղում կղերականության հարուստ զգեստավորման կամ եկեղեցիների ճարտապետական ձևավորման մեջ։ Սա կտրուկ փոխվեց 1130-ից 1140 թվականների ընթացքում Փարիզում, երբ աբբա Սուգերը վերակառուցեց Սուրբ Դենի բազիլիկան։ Նա կոբալտով ներկված լուսամուտներ տեղադրեց, որոնք համադրվելով կարմիր ապակու հետ՝ եկեղեցին լրացրին կապտավուն մանուշակագույն երանգով։ Եկեղեցին դարձավ քրիստոնեական աշխարհի հրաշալիքներից մեկը, իսկ գույնը ճանաչվեց «bleu de Saint-Denis» անունով։ Հաջորդող տարիներին այլ եկեղեցիներում, այդ թվում և Փարիզի Շարտրի տաճարում և Սենտ Շապելում, տեղադրվեցին նրբագեղ կապույտ ապակենախշեր[31]։
Կապույտ գույնի վարկի բարձրացման մեկ այլ կարևոր գործոն էր 12-րդ դարում կույս Մարիամի պաշտամունքը՝ ներառյալ նրա հագուստի գույների կիրառումը։ Վաղ դարերում նրա թիկնոցը նկարում էին հիմնականում մռայլ սև, մոխարգույն, մանուշակագույն, մուգ կանաչ կամ մուգ կապույտ։ 12-րդ դարում Հռոմեական կաթոլիկ եկեղեցին կանոն հրապարակեց, ըստ որի Իտալիայի (և բնականաբար ամբողջ Եվրոպայի) նկարիչները կույս Մարիամին պատկերեն Ասիայից ներկրված նոր ամենաթանկ գունանյութով՝ ուլտրամարինով։ Կապույտն սկսեց կապվել սրբության, հնազանդության և առաքինության հետ։
Ուլտրամարինը պատրաստվում էր լաջվարդից, Աֆղանստանի Բադակշան լեռների հանքերից, որոնք մոտ են Ամուդարյա գետի ակունքին։ Մոտ 1271 թվականին հանքավայրեր այցելել է Մարկո Պոլոն, նա հաղորդել է. «Այստեղ գտնվում է մի բարձր լեռ, որից նրանք արտահանում են ամենալավ ու գեղեցկագույն կապույտը»։ Նստվածքի լաջվարդը կիրառվում էր բյուզանդական մանրանկարներում դեռևս 6-րդ դարում, սակայն այն խառնուրդային էր և խիստ տարբերվում էր գույնով։ Ուլտրամարինը մաքրվել է խառնուրդներից երկար և դժվար գործընթացի միջոցով՝ ստեղծելով հարուստ և խոր կապույտ։ Այն ֆրանսերենում կոչվում է «bleu outremer» և «blu oltremare»՝ իտալերենում, երբ հասել է ծովի մյուս կողմը։ Այն ավելի թանկ արժեր, քան մյուս գույները, և դարձել է Եվրոպայի արքաների և արքայազների շքեղության գույնը[32]։
Ֆրանսիայի Լուի 9-րդ արքան, որը հայտնի էր Սուրբ Լուի անունով (1214–1270), Ֆրանսիայի առաջին թագավորն էր, որ պարբերաբար կապույտ էր հագնում։ Նույնը պատճենեցին մյուս ազնվականները։ Առասպելական Արթուր թագավորի նկարներում նա պատկերվում էր կապույտ հագուստով։ Ֆրանսիայի արքաների ռազմական գերբը դարձավ լազուր կամ բաց կապույտ վահան՝ պատված հերալդիկական ոսկե շուշանով կամ շուշաններով։ Կապույտն անհայտությունից դառնում էր արքայական գույն[33]։
Երբ կապույտը դարձավ արքայական գույն, այն նաև դարձավ Եվրոպայի մեծահարուստների և հզորների գույնը։ Միջնադարյան Եվրոպայում և մասամբ Իտալիայում կտորների կապույտ ներկելը սահմանափակվում էր գահով կամ իշխանությամբ։ Իտալիայում կտորների կապույտ ներկելը սեփանակաշնորհված էր կոնկրետ համքարությունամբ՝ tintori di guado, և խիստ կանոնով արգելվում էր որևէ այլ մեկին։ Կապույտ կրելն իրենից ենթադրում էր որոշակի տիտղոս և հարստություն[34]։
Ուլտրամարինի հետ մեկտեղ կապույտի մի քանի երանգներ ևս լայնորեն կիրառվում էին Միջնադարում և վաղ Վերածննդի շրջանում։ Ազուրիտը պղնձի կարբոնատի ձև է, հաճախ կիրառվել է որպես ուլտրամարինի փոխարինող։ Հռոմեացիները այն կիրառում էին «lapis armenius» կամ Հայաստանի քար անունով։ Բրիտանացիներն այն կոչում էին Ամայնի ազուր կամ գերմանական ազուր։ Իրենք գերմանացիները կոչում էին այն բերգբլաու կամ լեռնային քար։ Այն մշակվում էր Ֆրանսիայում, Հունգարիայում, Իսպանիայում և Գերմանիայում, ուներ դժգույն կապույտ գույն՝ կանաչ երանգով, որը իդեալական էր երկինք նկարելու համար։ Այն գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի սիրելի գույնն էր հետին ֆոնի համար[35]։
Միջնադարում կապույտի մյուս հաճախ կիրառվող երանգը կոչվում էին tournesol կամ folium։ Այն պատրաստվում էր լակմուսային բույսից (Chrozophora tinctoria), որը աճում էր Ֆրանսիայի հարավում։ Դրանից ստացվում էր հիանալի թափանցիկ կապույտ, որն արժևորվում էր միջնադարյան մանրանկարներում[36]։
Կապույտի մյուս տարածված երանգը կապտապակին էր, որը պատրաստվում էր կապույտ կոբալտե ապակու մանրացումից։ Դրանից ստացվում էր խոր մանուշակագույն երանգով կապույտ, որը մոտ էր ուլտրամարինին, փայլում էր որմնանկարներում, բայց կորցնում էիր իր փայլի մի մասը յուղանկարներում։ Այն հատկապես տարածված էր 17-րդ դարում, երբ ուլտրամարինը դժվար էր ճարվում։ Այն ժամանակ առ ժամանակ կիրառել են Տիցիանը, Տինտորետտոն, Պաոլո Վերոնեզեն, Էլ Գրեկոն, Անտոնիս վան Դեյքը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Ռեմբրանդ վան Ռեյնը[37]։
Վերածննդի շրջանում գեղանկարչության հեղափոխություն եղավ. նկարիչներն սկսեցին նկարել աշխարհը այնպես, ինչպես կար, հեռանկարով, թանձրությամբ, ստվերներով և մի աղբյուրից լույսով։ Արվեստագետները վերամշակում էին կապույտի կիրառումը նոր կանոններին։ Միջնադարյան նկարներում կապույտը կիրառվում էր, որպեսզի դիտողի ուշադրությունը բևեռվի կույս Մարիամին և նույնացվի նրա հետ։ Վերածննդի նկարներում նկարիչները փորձում էին ներդաշնակություն ստեղծել կապույտի և կարմիրի միջև՝ բացացնելով կապույտը սպիտակ գույնով և ավելացնելով ստվերներ ու ցոլքեր։ Ռաֆայելը այս տեխնիկայի վարպետն էր, զգուշորեն հավասարակշռում էր կարմիրները և կապույտները այնպես, որ ոչ մի գույնը գերակշռող չլինի[38]։
Ուլտրամարինը ամենաշքեղ կապույտն էր Վերածննդի շրջանում, և հովանավորները երբեմն պահանջում էին, որ այն օգտագործվեր իրենց պատվիրած նկարներում։ Անդրեա դել Սարտոյի «Հարպիաների Մադոննա» (1514) նկարի պայմանագրում պահանջվում էր, որ Մարիամի հագուստը լինի ուլտրամարին, որը կարժենար «ունցիան նվազագույնը 5 լավ ֆլորին»[39]։ Լավ ուլտրամարինը ավելի թանկ էր, քան ոսկին։ 1508 թվականին գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերը նամակում հաղորդում էր, որ երեսուն գրամ ուլտրամարինին վճարել է տասներկու դուկատ, որը հավասարազոր էր ոսկու քառասունմեկ գրամին[40]։
Հաճախ նկարիչները կամ պատվիրատուները խնայում էին փողը՝ կիրառելով ավելի էժան կապույտ, ինչպես կապտապակին կամ ինդիգոյով պատրաստված ներկանյութը, սակայն դա երբեմն խնդիրներ էր առաջացնում։ Ազուրիտից պատրաստված ներկանյութը ավելի էժան էր, բայց ժամանակի ընթացքում մգանում էր և կանաչ դառնում։ Օրինակ՝ Ռաֆայելի «Մադոննան գահ է բարձրանում սրբերի հետ» նկարում, որը պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Մարիամի ազուրիտ կապույտ թիկնոցը փոփոխվել է՝ դառնալով կանաչավուն սև[41]։
Յուղանկարչության ներմուծումը փոխեց գույների արտաքին տեսքը և դրանց կիրառումը։ Օրինակ ուլտրամարին ներկը ավելի մուգ էր յուղանկարչության մեջ կիրառելիս, քան տեմպերա նկարչության մեջ, որմնանկարներում։ Իրենց գույները հավասարակշռելու համար Վերածննդի նկարիչները, ինչպես ասենք Ռաֆայելը, ավելացնում էին սպիտակ, որպեսզի բացացնեն ուլտրամարինը։ Կույս Մարիամի մուգ կապույտ թիկնոցը դարձավ փայլուն երկնագույն[42]։ Տիցիանը ստեղծեց իր հարուստ կապույտ գույները՝ կիրառելով տարբեր կապույտ ու մանուշակագույն ներկերի բազում բարակ փայլեր, որոնք կլանում էին լույսը և ստեղծում համապարփակ ու պայծառ գույն, ինչպես գունավոր ապակին։ Նա նաև կիրառում էր ուլտրամարինի խոշոր կամ մանր մանրացված շերտեր, որոնք կապույտին հաղորդում էին նուրբ անցումներ[43]։
Մոտավորապես 9-րդ դարում չինացի արհեստավորները հրաժարվեցին Հան կապույտ գույնից, որը կիրառում էին դարեր շարունակ, և սկսեցին կիրառել կապույտ կոբալտը՝ պատրաստված ալյումինօքսիդի կոբալտ կապտապակուց, որպեսզի պատրաստեն կապույտ ու սպիտակ նուրբ ճենապակի։ Ափսեները և սկահակները ձևավորվում, չորացվում էին, ներկը քսվում էր վրձինով, պատվում մաքուր փայլով, ապա չորացվում բարձր ջերմաստիճանի տակ։ 14-րդ դարի սկզբին ճենապակու այս տեսակը մեծ քանակությամբ արտահանվում էր Եվրոպա, որտեղ այն ոգեշնչում է արվեստի մի ամբողջ ոճ՝ Չինուազրի։ Եվրոպական արքունիքներում երկար տարիներ փորձում էին ընդօրինակել չինական կապույտ և սպիտակ ճենապակին, սակայն դա հաջողվեց միայն 18-րդ դարում, երբ միսիոներները բերեցին գաղտնիքը Չինաստանից։
Քանի որ կապույտը թանկ էր և հեղինակավոր եվրոպական նկարչության մեջ, այն դարձավ Վերածննդի շրջանի հագուստների հիմնական գույնը։ 12-13-րդ դարերի նորաձևության մեջ կապույտի տարածումը առիթ դարձավ, որ կապույտ ներկանյութեր սկսեցին պատրաստվել մի շարք քաղաքներում, որոնցից հիշատակելի են Ամյենը, Թուլուզը և Էրֆուրտը։ Այնտեղ կապույտ ներկն ստանում էին ներկատու լրջունից, որը Եվրոպայում տարածված բույս է, և կապույտի ստացման համար կիրառել էին դեռևս կելտական և գերմանական ցեղերը։ Կապույտը դարձավ ոչ միայն ազնվականների, այլև ծառաների և արհեստավորների գույնը։ 1570 թվականին Պիոս 5-րդ պապը կազմեց գույների ցուցակ, որոնք կարելի էր օգտագործել եկեղեցական հագուստների և խորանի ձևավորման մեջ։ Նա այդտեղ չներառեց կապույտը, քանի որ այն համարում էր չափազանց տարածված[45]։
Ներկատու լրջունից կապույտի ստացման գործընթացը երկար և վտանգավոր էր, այն ներառում էր իր մեջ բույսի տերևների թրջումը մարդու մեզով երեք օրից մինչև մի շաբաթ։ Իդեալական տարբերակը շատ ալկոհոլ օգտագործած տղամարդու մեզն էր, ինչն ըստ նրանց ավելի էր լավացնում գույնը։ Կտորը թրջում էին ստացված խառնուրդի մեջ, ապա արևի տակ էին հանում, որտեղ չորանալով ստանում էր կապույտ գույն[45]։
Լրջաբույսի արտադրությանը 15-րդ դարում սպառնում էր Հնդկաստանից բերվող նմանատիպ ներկը (ինդիգո), որը պատրաստվում էր Ասիայում տարածված թփերից։ Ասիայում ինդիգո ներկն ավելի հեշտ էր ձեռք բերվում։ 1498 թվականին Վասկո դա Գաման հայտնաբերեց Հնդկաստանից Եվրոպա տանող ջրային ճանապարհը։ Հնդկաստանում ինդիգոյի տերևները թրջում էին ջրով, թթվեցնում, ճմլում էին մինչև պնդանա, աղյուսիկներ էին չորացնում, տեղափոխում Լոնդոնի, Մարսելի, Ջենովայի և Բրյուգգեի նավահանգիստներ։ Ավելի ուշ՝ 17-րդ դարում, բրիտանացիները, իսպանացիները և հոլանդացիները ինդիգոյի պլանտացիաներ հիմնեցին Ճամայկայում, Հարավային Կարոլինայում, Վիրջինյան կղզիներում և Հարավային Ամերիկայում, ու սկսեցին ներկրել ամերիկյան ինդիգոն Եվրոպա։
Լրջաբույսի ծաղկուն արտադրություն ունեցող երկրները փորձեցին արգելել ինդիգոյի կիրառումը։ Գերմանական կառավարությունը օրենքի ուժից զրկեց ինդիգոյի օգտագործումը 1577 թվականին՝ անվանելով այն «չարորակ, նենգ և քայքայիչ նյութ, սատանայի ներկ»[46][47]։ Ֆրանսիայում Հենրի 4-րդը 1609 թվականին մահվան սպառնալիքով արգելեց «կեղծ ու մահացու հնդկական թմրանյութը»[48]։ Այն արգելված էր Անգլիայում մինչև 1611 թվականը, երբ բրիտանացի առևտրականները հիմնեցին ինդիգոյի իրենց սեփական արտադրությունը և սկսեցին ներկրել Եվրոպա[49]։
Ինդիգոն արգելելու ջանքերն իզուր էին. ինդիգո կապույտի որակը շատ ավելի բարձր էր, իսկ գինը՝ շատ ավելի ցածր լրջաբույսից ստացած կապույտի համեմատ։ 1737 թվականի և՛ Ֆրանսիայի, և՛ Գերմանիայի կառավարությունները վերջապես թույլատրեցին ինդիգոյի օգտագործումը։ Դա խորտակեց Թուլուզի և մյուս քաղաքների ներկի արտադրությունը, սակայն ստեղծեց բարգավաճում ապրեցին առևտրային նավահանգիստները, ինչպես՝ Բորդոն, Նանտը և Մարսելը[50]։
Կապույտների մեկ այլ պատերազմ տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին՝ ինդիգոյի և սինթետիկ ինդիգոյի միջև, որը 1868 թվականին հայտնաբերել էր գերմանացի քիմիկոս Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Ադոլֆ ֆոն Բայերը։ Գերմանական քիմիական BASF ֆիրման նոր ներկը շուկա հանեց 1897 թվականին՝ մրցակցության մեջ մտնելով Հնդկաստանից բրիտանական ինդիգոյի արտադրության հետ, որին պատկանում էր համաշխարհային շուկայի մեծ մասը։ 1897 թվականին Բրիտանիան համաշխարհային շուկայում վաճառեց տասը հազար տոննա բնական ինդիգո, իսկ BASF-ը վեց հարյուր տոննա սինթետիկ ինդիգո։ Բրիտանական արտադրությունը իջեցրեց գները և կրճատեց իր աշխատողների աշխատավարձերը, բայց չկարողացան մրցակցել. սինթետիկ ինդիգոն ավելի մաքուր էր, ավելի կայուն և կախված էր լավ կամ վատ բերքից։ 1911 թվականին Հնդկաստանը վաճառեց միայն 660 տոննա բնական ինդիգո, իսկ BASF-ը վաճառեց քսաներկու հազար տոննա սինթետիկ ինդիգո։ 2002 թվականին ավելի քան 38 հազար տոննա սինթտիկ ինդիգո է ծախսվել հիմնականում կապույտ ջինսերի արտադրության համար[51]։
17-րդ դարում Բրանդենբուրգից կուրֆյուրստ (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) Ֆրեդերիկ Ուիլյամը առաջին կառավարիչներից էր, որ իր զորքին տվեց կապույտ համազգեստ։ Պատճառները տնտեսական էին. գերմանական իշխանությունը փորձում էր փրկել ներկատու լրջունի իր արտադրությունը ներկրվող ինդիգոյի հետ պայքարում։ Երբ Բրանդենբուրգը դարձավ Պրուսիայի թագավորություն 1701 թվականին, համազգեստի գույնը ընդունվեց պրուսական զորքերում։ Բազում գերմանացի զինվորներ կրում էին մուգ կապույտ համազգեստ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ բացառությամբ բավարացիների, որոնք կրում էին բաց կապույտ հագուստ[52]։
Մասամբ ինդիգո ներկի առկայության շնորհիվ 18-րդ դարում լայնորեն կիրառվում էր կապույտ զինվորական համազգեստ։ Մինչև 1748 թվականը բրիտանական ռազմածովային սպաները պարզապես կրում էին բարձրակարգ քաղաքացիական հագուստ։ 1748 թվականին նկարազարդված վերարկուն պաշտոնապես ընդունվեց բրիտանական ռազմածովային համազգեստ, ինչը հետագայում կոչվեց ծովային կապույտ, այժմ հայտնի է որպես մուգ կապույտ[53]։ Երբ Միացյալ Նահանգների մայրցամաքային նավատորմը ստեղծվեց 1775 թվականին, այն մեծապես կրկնօրինակեց բրիտանական համազգեստը և գույները։
18-րդ դարի վերջին կապույտ համազգեստը դարձավ ազատության և հեղափոխության խորհրդանիշ։ 1774 թվականի հոկտեմբերին, մինչև Միացյալ Նահանգների անկախության հայտարարումը, Ջորջ Մեյսոնը և Ջորջ Վաշինգտոնի Վիրջինիայի հարյուր հարևաններ կազմակերպեցին կամավոր ստորաբաժանում և ընտրեցին Վաշինգտոնին որպես պատվավոր ղեկավար։ Որպես համազգեստ նրանք ընտրեցին կապույտը և դեղնաշագանակագույնը՝ Վիգերի կուսակցության գույները, որն Անգլիային ընդդիմադիր էր և որն աջակցում էր Ջորջ Վաշինգտոնին[54][55]։
Երբ մայրցամաքային զորքը ստեղծվեց 1775 թվականին Ամերիկյան հեղափոխության սկզբում, առաջին Մայրցամաքային համագումարը հռչակեց, որ պաշտոնական համազգեստի գույնը շագանակագույնն է, սակայն այն տարածված չէր շատ ստորաբաժանումներում, որոնց սպաները դեռևս կրում էին կապույտ հագուստ։ 1778 թվականին Համագումարը դիմեց Ջորջ Վաշինգտոնին նախագծելու նոր համազգեստ, և 1779 թվականին Վաշինգտոնը բոլոր համազգեստների համար պաշտոնական գույներ հռչակեց կապույտը և դեղնաշագանակագույնը։ Կապույտը շարունակում էր մնալ ԱՄՆ բանակի դաշտային համազգեստի գույնը մինչև 1902 թվականը և այն դեռևս համարվում է համազգեստի գույն[56]։
Ֆրանսիայում Ֆրանսիական գվարդիան՝ ազնվական գունդը, որը պաշտպանում էր Լուի 16-րդին, կրում էր կարմիր դրվագանախշով մուգ կապույտ համազգեստ։ 1789 թվականին զինվորները հետզհետե փոխեցին իրենց նվիրվածությունը թագավորից դեպի ժողովուրդ, և դա էական դեր խաղաց Բաստիլի խռովության համար։ Բաստիլի անկումից հետո նոր զինված ուժը՝ Ազգային գվարդիան, ղեկավարում էր մարքիզ դը Լաֆայետը, որը ծառայել էր Ջորջ Վաշինգտոնի հետ Ամերիկայում։ Լաֆայետը Ազգային գվարդիան հագցրեց մուգ կապույտ համազգեստով, որը նման էր Մայրցամաքային բանակինին։ Կապույտը դարձավ հեղափոխական ուժերի գույնը՝ հակադրվելով միապետականների և ավստրիացիների սպիտակ գույնին[57]։
Նապոլեոն Բոնապարտը հրաժարվեց Ֆրանսիական հեղափոխության շատ համոզմունքներից, բայց պահեց կապույտը որպես բանակի համազգեստի գույն, թեպետ նրա համար դժվար էր ստանալ ներկանյութը, քանի որ անգլիացիները վերահսկում էին ծովերը և արգելափակում էին ինդիգոյի տեղափոխումը Ֆրանսիա։ Նապոլեոնը ստիպված էր համազգեստները ներկել տալ լրջաբույով, որն ավելի ցածրորակ կապույտ էր[58]։ Ֆրանսիական բանակը կրում էր մուգ կապույտ համազգեստ կարմիր անդրավարտիքով մինչև 1915 թվականը, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պարզվեց, որ այն չափազանց նկատելի թիրախ էր կռվի դաշտում։ Համազգեստի գույնը փոխարինվեց բաց կապտամոխրագույնով, որը կոչվում է հորիզոնի կապույտ։
Կապույտը ազատության և հեղափոխության գույնն էր 18-րդ դարում, բայց 19-րդ դարում այն դարձավ կառավարության իշխանության գույնը, ոստիկանների և այլ պետական ծառայողների համազգեստի գույնը։ Այն համարվում էր լուրջ և հեղինակավոր, ոչ սպառնական։ 1829 թվականին, երբ Ռոբերտ Փիլը ստեղծեց առաջին Մայրաքաղաքային ոստիկանական ծառայությունը, որպես համազգեստային բաճկոնի գույն ընտրեց մուգ, գրեթե սև կապույտը, որպեսզի ոստիկանները տարբերվեն զինվորներից, որոնք մինչ այդ վերահսկում էին փողոցները։ Լոնդոնյան «բոբբիների» արծաթագույն կոճակներով ավանդական կապույտ բաճկոնը պահպանվեց մինչև 1990-ականների կեսերը, երբ այն փոխարինվեց բաց կապույտ վերնաշապիկով և ՆԱՏՕ կապույտ անունով գույնի ջեմպերով կամ սվիտերով[59]։
Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը, որի նախատիպը Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունն էր, ստեղծվել է 1844 թվականին, իսկ 1853 թվականին նրանք պաշտոնապես սկսեցին կրել մուգ կապույտ համազգեստ, որը կրում են մինչ օրս[60]։
Մուգ կապույտը ամենատարածվածն է դպրոցական համազգեստի գույներում, իսկ Տորոնտոյի կաթոլիկ շրջանի դպրոցական խորհուրդը ընդունել է որոշում, որ աշակերտները կրեն կապույտ կոճակներով սպիտակ շապիկներ։
17-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայի քիմիկոսները փորձում էին ստանալ սինթետիկ կապույտ ներկանյութ, որպեսզի խուսափեն ներկրման և լաջվարդի, ազուրիտի և այլ հանքանյութերի մշակման ծախսերից։ Եգիպտացիները մ.թ.ա. 3 000 թվականին ստեղծել են սինթետիկ ներկ՝ եգիպտական կապույտը, բայց բանաձևը կորել է։ Չինացիները ևս ստեղծել են սինթետիկ ներկանյութ, բայց բանաձևը հայտնի չի դարձել արևմուտքին։
1709 թվականին գերմանացի դեղագործ և ներկեր ստեղծող Յոհան Յակոբ Դիսբախը պատահաբար հայտնաբերել է նոր կապույտ՝ փորձարկումներ անելով կալիումի և երկաթի սուլֆիդներով։ Նոր գույնը սկզբում կոչվում էր բեռլինյան կապույտ, հետո դարձավ պրուսական կապույտ։ 1710 թվականին այն օգտագործել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Վատտոն, ավելի ուշ՝ նրա ժառանգորդ Նիկոլա Լանկրեն։ Այն դարձավ չափանզանց տարածված պաստառների արտադրությունում, իսկ 19-րդ դարում այն օգտագործում էին ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչները[61]։
1820-ական թվականների սկզբներին պրուսական կապույտը ներկրվում էր Ճապոնիա Նագասակի նավահանգստով։ Այն կոչվում էր բերո աի կամ բեռլինյան կապույտ և ճանաչման հասավ, որովհետև կոմելինայից պատրաստված ճապոնական ավանդական կապույտ գունանյութի՝ աի գամիի համեմատ ավելի կայուն էր։ Պրուսական կապույտը օգտագործել են և՛ Կացուշիքա Հոքուսայը իր հայտնի ծովանկարներում, և՛ Ուտագավա Հիրոշիգեն[62]։
1824 թվականին Ֆրանսիայի «Societé pour l'Encouragement d'Industrie» մրցանակ առաջարկեց նրան, ով կհայտնաբերեր արհեստական ուլտրամարին, որը կարող էր մրցել լազուրիտից ստացված բնական գույնի հետ։ Մրցանակը 1826 թվականին նվաճեց քիմիկոս Ժան Բապտիստ Գիմեն, բայց նա հրաժարվեց բացահայտել իր գույնի ֆորմուլան։ 1828 թվականին մեկ այլ քիմիկոս՝ Քրիստիան Գմելինը, որը քիմիայի պրոֆեսոր էր Թյուբինգենում, գտավ այդ գործընթացը և հրապարակեց բանաձևը։ Սա դարձավ արհեստական ուլտրամարինի նոր արդյունաբերության սկիզբ, որն արդյունքում գրեթե ամբողջությամբ փոխարինեց բնական արտադրանքին[63]։
1878 թվականին գերմանացի քիմիկոս ֆոն Բայերը հայտնագործեց ինդիգոկարմինի սինթետիկ փոխարինողը՝ ինդիգոյի ակտիվ բաղադրիչը։ Արտադրանքն աստիճանաբար փոխարինեց բնական ինդիգոյին, և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն վերջնականորեն ավարտին հասցրեց ինդիգոյի ներկրումը Արևելյան և Արևմտյան Հնդկաստանից։
1901 թվականին հայտնաբերվեց նոր կապույտ արհեստական ներկ, որը կոչվում էր Indanthrone, որն ուներ մեծ կայունություն արևից և լվանալուց գունաթափվելու դեմ։ Այս ներկանյութը փոխարինեց արհեստական ինդիգոյին, որի արտադրությունը դադարեցվեց մոտավորես 1970 թվականին։ Այսօր գրեթե ամբողջ կապույտ հագուստեղենը ներկված է կապույտ ինդաթրոնով[64]։
18-19-րդ դարերում արհեստական նոր ներկանյութերի հայտնագործումը զգալի թարմացրեց և զարգացրեց նկարիչների ներկապնակը։ Ուիլյամ Թըրները փորձարկումներ է արել նոր կոբալտ կապույտով, որը իմպրեսիոնիստների շրջանում ամենակիրառելի տասներկու գույներից էր, տասներկուսն էլ նոր և արհեստական գույներ էին՝ ներառյալ կոբալտ կապույտը, ուլտրամարինը և լազուրը[65]։
19-րդ դարի գեղանկարչության վրա մեծ ազդեցություն է թողել լրացուցիչ գույների տեսությունը, որը զարգացրել է ֆրանսիացի քիմիկոս Միշել Էուժեն Շևրուլը 1828 թվականին և հրապարակել 1839 թվականին։ Նա ցուցադրել է, թե ինչպես լրացուցիչ գույների միախառնումով, ինչպես կապույտը և դեղնանարջնագույնը կամ ուլտրամարինը և դեղինը, մեկը մյուսի կողքին ուժգնանում է յուրաքանչյուրի վառ երանգը «մինչև իրենց տոնայնության գագաթնակետ»[66]։ 1879 թվականին ամերիկացի ֆիզիկոս Օգդեն Ռուդը գիրք հրատարակեց, որտեղ նկարագրվում էին սպեկտրի յուրաքանչյուր գույնի լրացուցիչ երանգները[67]։ Գեղանկարչության այդ սկզբունքը կիրառել է Կլոդ Մոնեն «Տպավորություն-Լուսաբաց-Մառախուղ»-ում (1872), որտեղ նա վառ կապույտ գույնի հետ օգտագործել է վառ նարնջագույն արև, և իր «Ռեգատ Արժանտյո» (1872) նկարում, որտեղ նա նարջագույն արևը նկարել է կապույտ ջրին հակառակ։ Գույները պայծառացնում են մեկը մյուսին։ Ռենուարը կիրառել էր կոբալտ կապույտ ջրի և նարնջագույն արևի նույն կոնտրաստը «Canotage sur la Seine» (1879–1880) նկարում։ Ե՛վ Մոնեն, և՛ Ռենուարը սիրում էին օգտագործել մաքուր գույներ՝ առանց խառնուրդի[65]։
Մոնեն և իմպրեսիոնիստներն առաջիններից էին, որոնք նկատեցին, որ ստվերները լի են գույներով։ Իր «La Gare Saint-Lazare» նկարում մոխրագույն ծուխը, գոլորշին և մուգ ստվերներն իրականում բաղկացած էին իրար խառնված վառ ներկերից՝ կոբալտ կապույտ, կապտաշագանակագույն, արհեստական ուլտրամարին, զմրուխտ կանաչ, Guillet կանաչ, դեղին քրոմ, խրուկաներկ (ալ կարմիր գույն) և կարմիրից[68]։ Կապույտը իմպրեսիոնիստ նկարիչների սիրելի գույներից էր, որոնք օգտագործում էին այն ոչ միայն բնությունը պատկերելու համար, այլև տրամադրություն, հույզեր և միջավայր ստեղծելու համար։ Կոբալտ կապույտը Օգյուստ Ռոդենի և Վինսենթ վան Գոգի սիրելիներից էր։ Այն նման էր գունախճիկին, որը դարեր շարունակ օգտագործվել էր կապույտ ապակի ստանալու համար, հետո այն բարելավել էր ֆրանսիացի քիմիկոս Լուի Ժակ Տենարը, որը ներկայացրել է այն 1802 թվականին։ Այն շատ կայուն էր, բայց չափազանց թանկ։ Վան Գոգն իր եղբայր Թեոյին գրել է. «Կոբալտը [կապույտը] աստվածային գույն է, և չկա ավելի գեղեցիկը իրերի շուրջ մթնոլորտ ստեղծելու համար»[69]։
Վան Գոգը պատմել է իր եղբայր Թեոյին, թե ինչպես է ինքն ստեղծել երկինքը. «Մուգ կապույտ երկինքը տեղ-տեղ պատված է հիմնական կոբալտ կապույտից ավելի մուգ ամպերով, իսկ մյուսները՝ ավելի բաց կապույտ են, ինչպես Ծիր Կաթինի կապտավուն սպիտակը... ծովը շատ մուգ ուլտրամարին է, ափը մանուշակագույնի և բաց կարմիրի երանգ, ինչպես ես եմ տեսնում, մի քանի թփեր պրուսական կապույտից»[70]։
Կապույտը 13-րդ դարում Եվրոպայում դարձել է հարուստների և հզորների բարձ նորաձևության գույն, երբ այն կրում էր Լյուդովիկոս IX Ֆրանսիայում, որը հայտնի է Սուրբ Լուի անունով (1214-1270)։ Կապույտ կրելը ենթադրում էր տիտղոս և հարստություն, իսկ կապույտ հագուստը սահմանափակվում էր վերնախավի կիրառությամբ[71]։ Չնայած դրան՝ կապույտը փոխարինվեց սևով, որը 14-րդ դարի իշխանական գույնն էր, երբ եվրոպական արքայազանները, ապա առևտրականները և բանկիրները ցանկանում էին ցուցադրել իրենց լրջությունը, արժանապատվությունը և բարեպաշտությունը (տե՛ս սև)։
Կապույտն աստիճանաբար նորաձևություն է վերադարձել 17-րդ դարում, որպես վառ գունապնակի երանգ, որը հանդես էր գալիս չափազանց ընտիր հագուստներում։ Ժամանակակից կապույտ գործնական հագուստն իր արմատներով գալիս է Անգլիայից 17-րդ դարի կեսերից։ 1665 թվականի լոնդոնյան համաճարակից և 1666 թվականի Լոնդոնի հրդեհից հետո Անգլիայի Չարլզ II արքան հրահանգել էր, որ իր արքունականները կրեն պարզ հագուստներ, թիկնոցներ և բրիջներ (զինվորական կամ հեծյալի անդրավարտիք), իսկ գունապնակը կազմում էին կապույտը, մոխրագույնը, սպիտակը և դեղնաշագանակագույնը։ Լայնորեն ընդօրինակվելով՝ տղամարդկանց նորաձևության այս ոճը գրեթե դարձել է Լոնդոնի առևտրային դասի և անգլիացի ջենտլմենների համազգեստը[72]։
Ամերիկայի հեղափոխության ընթացքում Անգլիայի Վիգ կուսակցության առաջնորդ Չարլզ Ջեյմս Ֆոքսը կրում էր կապույտ վերարկու և դեղնաշագանակագույն բաճկոնակ ու բրիջ, որոնք Վիգ կուսակցության գույներն էին և Ջորջ Վաշինգտոնի համազգեստի գույները, որի սկզբունքների համակիրն էր։ Տղամարդկանց հագուստը հետևում էր այդ ժամանակների զինվորական համազգեստին, հատկապես հեծելազորի հագուստին[72]։
19-րդ դարի սկզբին՝ ապագա արքա Ջորջ 4-րդի ռեգենտության ընթացքում կապույտ հագուստը վերափոխեց արքունական Ջորջ Բո Բրումելը։ Բրումելը ստեղծել էր հագուստ, որը լրիվ համապատասխանում էր մարդու կազմվածքին։ Նոր ոճն ուներ կտրվածքով երկար պոչ և երկար, նեղ անդրավարտիք, որպեսզի փոխարինի նախորդ դարի բրիջին ու մինչև ծնկները հասնող զուգագուլպաներին։ Նա կիրառել էր պարզ գույներ, ինչպես՝ կապույտ և գորշ, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնի մարմնի կառուցվածքի վրա, և ոչ թե հագուստի։ Բրումելը նշել է. «Եթե մարդիկ շրջվում են, որ նայեն ձեզ փողոցում, ուրեմն դուք լավ չեք հագնված»[73]։ Այս նորաձևությունը ընդունեց խնամակալ արքայազնը,ապա Լոնդոնի հասարակությունը և բարձր խավը։ Սկզբում վերարկում և անդրավարտիքը տարբեր գույների էին, բայց 19-րդ դարում նորաձև դարձավ միագույն կոստյումը։ 19-րդ դարի վերջին սև կոստյումը Անգլիայում և Ամերիկայում դարձավ գործարար մարդկանց համազգեստը։ 20-րդ դարում սև կոստյումը հիմնականում փոխարինվեց մուգ կապույտ կամ գորշ կոստյումով[72]։
20-րդ դարի սկզբին շատ արվեստագետներ կապույտը համարել են զգացմունքային ուժեղ գույն, դարձրել այն իրենց նկարների կենտրոնական տարրը։ «Կապույտ շրջանի» (1901–1904) ընթացքում Պիկասոն օգտագործել է կապույտ և կանաչ գույներ, որպեսզի ստեղծի մելանխոլիկ տրամադրություն։ Ռուս սիմվոլիստ գեղանկարիչ Պավել Կուզնեցովը և նկարչական «Կապույտ վարդ» խումբը (1906–1908) կիրառում էր կապույտը, որպեսզի ստեղծի ֆանտաստիկ և էկզոտիկ միջավայր։ Գերմանիայում Վասիլի Կանդինսկին և այլ ռուս էմիգրանտներ ձևավորեցին արվեստի «Der Blaue Reiter» (Կապույտ հեծյալ) խմբակը և օգտագործում էին կապույտը՝ որպես հոգևորի և հավերժության խորհրդանիշ[74]։ Անրի Մատիսը արտահայտիչ կապույտ էր կիրառում՝ երևան հանելու այն զգացմունքները, որոնք ցանկանում էր՝ զգային դիտողները։ Մատիսը գրել է. «Հաստատապես կապույտը թափանցում է ձեր հոգին»[75]։
20-րդ դարի երկրորդ կեսի արվեստում աբստրակտ իմպրեսիոնիզմի շարժման ներկայացուցիչ նկարիչները եռանդով օգտագործում էին կապույտ և այլ գույներ իրենց մաքուր ձևով՝ առանց փորձելու դրանով արտահայտել որևէ գաղափար կամ հույզ։ Նկարիչ Մարկ Ռոթկոն նկատել է, որ գույնը «միայն միջոց է», նրա հետաքրքրությունը «մարդկային զգացմունքների ողբերգության, զմայլանքի, կործանման և այլնի արտահայտման մեջ է»[76]։
Նորաձևության մեջ կապույտը, հատկապես՝ մուգ կապույտը համարվում է լուրջ, բայց ոչ մռայլ գույն։ 20-րդ դարի կեսերին կապույտը փոխարինեց սևին՝ որպես տղամարդկանց գործնական կոստյումների հիմնական գույն, այն կոստյումների, որոնք սովորաբար կրում էին քաղաքական և գործարար առաջնորդները։ ԱՄՆ-ում և Եվրոպայում հասարակական հարցումները ցույց էին տալիս, որ կապույտը հարցվողների ավելի քանի հիսուն տոկոսի սիրելի գույնն է։ Դրան հետևում էր կանաչը քսան տոկոսով, իսկ սպիտակը և կարմիրը յուրաքանչյուրը ութ տոկոս էին[77]։
Գերմանիայից Սան Ֆրանցիսկո արտագաղթած Լևի Շտրաուսը 1873 թվականին մտածեց ամուր աշխատանքային տաբատներ, որոնք կարված էին ջինսե կտորից և ներկված էին ինդիգոյով՝ կոչելով դրանք կապույտ ջինսեր։ 1935 թվականին դրանք հասան մինչև բարձր նորաձևություն՝ հանդես գալով «Vogue» ամսագրում։ 1950-ական թվականների կեսերին այն դարձել էր ԱՄՆ-ի, Եվրոպայի, աշխարհի երիտասարդների հագուստի հիմնական մասերից։
Կապույտը նաև համարվում է այն գույնը, որը չի պարունակում իր մեջ ահարկու, վախեցնող երանգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հետո կապույտը ընդունվել է որպես բազմաթիվ կարևոր համաշխարհային կազմակերպությունների գույն, ինչպես՝ Ազգերի միություն, Եվրոպայի Խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոպական միություն, ՆԱՏՕ։ Ազգերի միության խաղաղապահ զինվորները կրում էին կապույտ սաղավարտներ, որպեսզի ընդգծեն իրենց խաղաղարար դերը[78]։
20-րդ դարում հայտնաբերվեցին կապույտ ստանալու նոր ձևոր, ինչպես խեմիլյումինեսցենցիան, որը քիմիական ռեակցիաների միջոցով կապույտ լույս ստանալն է։
20-րդ դարում նաև հնարավոր եղավ ունենալ սեփական կապույտ գույնը։ Ֆրանսիացի նկարիչ Իվ Քլեյնը ֆրանսիացի ներկավաճառի հետ ստեղծեց հատուկ կապույտ, որը կոչեց International Klein Blue (Միջազգային Քլեյն կապույտ), որը արտոնագրեց։ Այն ստեղծել էր ուլտրամարինի և Rhodopa բուսախեժի համակցումից, որն ստացվեց յուրահատուկ վառ գույն։ Լոս Անջելես Դոջերս բեյսբոլի թիմը ստեղծեց իր սեփական կապույտը՝ կոչելով այն Dodger blue (Դոջեր կապույտ)։ Որոշ ամերիկյան համալսարաններ հնարեցին նոր կապույտ երանգներ իրենց գույների համար։
Համացանցի ծագման հետ կապույտը դարձավ գրաֆիկ զննարկիչներում հիպերհղումների սովորական գույնը (թեպետ շատ զննարկիչներում հղումը դառնում է մանուշակագույն, երբ այցելում եք այն), որպեսզի արտահայտիչ երևա ընթերցողների համար մնացած տեքստի մեջ։
Կապույտի տարբեր երանգներ տարբեր ժողովուրդների ազգային գույներ են։
Կապույտը առաջին անգամ որպես սեռի ցուցիչ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (աղջիկների կամ տղաների համար), և առաջին անգամ հաստատվել է որպես տղամարդկանց նշան 1940-ականներին[105]։
Շատ մարզական թիմերը որպես իրենց պաշտոնական գույն ընտրում են կապույտը կամ օգտագործում են այն այլ գույների հետ։ Բացի այդ՝ կապույտը առկա է բազմաթիվ մարզական կազմակերպությունների պատկերանիշների վրա։ Կարմիրից հետո կապույտը ակումբների շրջանում ամենատարածված ոչ սպիտակ գույնն է։
Ֆուտբոլի միջազգային ընկերություններում կապույտը հանդերձանքի ամենատարածված գույներից է, քանի որ ազգերի մեծ մասն իրենց դրոշում ունեն կապույտ։ Արժանահիշատակ է հատկապես ՖԻՖԱ Աշխարհի քառակի գավաթակիր Իտալիայի ազգային հավաքականը, որի անդամները կրում են կապույտ հանդերձանք՝ իտալական պետությունները միավորած Սավոյների արքայական տոհմի այսպես կոչված Azzuro Savoia (սավոյ լազուր) գույնով։ Հենց թիմը հայտնի է Gli Azzurri (Կապույտներ) անունով[115]։ Կապույտ շապիկներով Աշխարհի մեկ այլ գավաթակիր է Ֆրանսիան, որոնք հայտնի են Les Bleus (Կապույտներ) անունով։ Երկու անգամ Աշխարհի գավաթը նվաճած երկու հարևան ազգություններ՝ Արգենտինան և Ուրուգվայը, կրում են բաց կապույտ շապիկներ, առաջինը՝ սպիտակ զոլերով։ Ուրուգվայը հայտնի է La Celeste անունով, որն իսպաներեն նշանակում է «երկնագույն», իսկ Արգենտինային կոչում են Los Albicelestes, իսպաներեն՝ երկնագույն և սպիտակներ[116]։
ՖԻՖԱ-ի ղեկավարող մարմնի պատկերանիշի վրա կան կապույտ գծեր։ Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն, օգտագործում է կապույտի երկու երանգներ՝ ստեղծելու Եվրոպայի քարտեզը իր պատկերանշանի կենտրոնում[117]։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Օվկիանայի ֆուտբոլի կոնֆեդերացիան և ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան) իրեն պատկերանշանների մեջ օգտագործում են կապույտ տեքստ։
ԱՄՆ և Կանադայի բեյսբոլի բարձրագույն լիգայում և Բեյսբոլի պրեմիեր լիգայում կապույտը սպիտակի և կարմիրի հետ լիգայի պաշտոնական լոգոների ամենատարածված երեք գույներից մեկն է։ Տորոնտոյի մի թիմ՝ Օնտարիոն, կոչվում է նաև Բլյու Ջեյս։ Տասնյոթ տարբեր թիմեր հիմնականում ունեն կապույտ գլխարկներ կամ ինչ-որ ձևով օգտագործում են այդ գույնը։
Բասկետբոլի ազգային ասոցիացիան լոգոյի գույներից մեկը ևս կապույտն է կարմիրի և սպիտակի հետ, ինչպես նաև դրա կանացի համարժեքում՝ Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում՝ մինչև 2011 թվականի մարտի 28-ից, երբ վերջինս լոգոյում ներառել է նարնջագույնը և սպիտակը։ NBA-ի նախկին խաղացող Թեոդոր Էդվարդսի մականունը եղել է «Կապույտ»։ NBA-ի տասնհինգ թիմ իրենց խաղազգեստում ունեն կապույտ։
Ֆուտբոլի ազգային լիգան, որն ամերիկյան ֆուտբոլի լիգայի առաջատարն է ԱՄՆ-ում, իր պաշտոնական տարբերանշանում սպիտակի և կարմիրի հետ օգտագործում է նաև կապույտ։ Ֆուտբոլի ազգային լիգայի տասներեք թիմ կիրառում են կապույտը։
Հոկեյի ազգային լիգան Կանադայի և ԱՄՆ-ի տափօղակով հոկեյի գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկն է, իր պաշտոնական պատկերանիշում օգտագործում է կապույտ։ Կապույտը լիգայի բազմաթիվ թիմերի հիմնական գույնն է՝ Բաֆալո Սեյբրզ, Կոլումբուս Բլու Ջեքեթս, Էդմոնտոն Օյլերս, Նյու Յորք Այլենդերս, Նյու Յորք Ռենջերս, Սենթ Լուիս Բլյուզ, Տորոնտո Մեյփլ Լիֆս, Տամպա Բեյ Լայթնինգ, Վանկուվեր Քենաքս, Վինիպեգ Ջեթս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.