From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ռոթկո, ի ծնե անունը՝ Մարկուս Յակովլևիչ Ռոթկովիչ (ռուս.՝ Маркус Яковлевич Роткович, սեպտեմբերի 25, 1903[1][2][3][…], Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] - փետրվարի 25, 1970[1][2][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ռուս-հրեական ծագումով ամերիկացի գեղանկարիչ։ Չնայած Ռոթկոն ինքը մերժել է իր պատկանելությունը նկարչական որևէ ճյուղի, նրան ընդհանրապես բնորոշում են որպես աբստրակտ էքսպրեսիոնիստ։ Նա Ջեքսոն Պոլլոքի և Ուիլհելմ Քունինգի հետ միասին համարվում է ամերիկյան հետպատերազմյան ամենահայտնի նկարիչներից մեկը։
Մարկ Ռոթկո լատիշ․՝ Markuss Rotkovičs | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Маркус Янкелевич Роткович |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1970[1][2][6][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Եյլի համալսարան (1921, 1923)[7], Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Լինքոլնի ավագ դպրոց (հունիս 1921) |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և գծանկարիչ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ[4] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Նարնջագույն, կարմիր, դեղին, Նարինջագույն և դեղին, No. 10, Ռոթկոյի մատուռ, No. 1?, No. 2?, No. 3?, No. 3?, No. 4?, No. 5? և No. 6 (?)? |
Աշակերտներ | Frances Baldwin? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Mary Ellen Beistle? |
Զավակներ | Kate Rothko? և Christopher Rothko? |
Mark Rothko Վիքիպահեստում |
Մարկ Ռոթկոն ծնվել է Ռուսական կայսրության Վիտեբսկ նահանգի Դվինսկ քաղաքում՝ ներկայիս (Լատվիայի հանրապետության Դաուգավպիլս քաղաքում)։ Նրա հայրը՝ Յակոբ (Յակով) Ռոթկովիչը, դեղագործ և մտավորական է եղել, ով ի սկզբանե ապահովել է իր երեխաների աշխարհիկ և քաղաքական դաստիարակությունն առավել, քան կրոնականը։ Ռոթկոյի վաղ մանկությունն անցել է վախի ու սարսափի մեջ, մի միջավայրում, որտեղ հրեաները պախարակվում էին այն չարիքների համար, որ պատուհասել էր Ռուսաստանը[8]։ Չնայած Յակոբ Ռոթկովիչի համեստ եկամտին, ընտանիքը լավ կրթված էր («Մենք կարդացող ընտանիք ենք», հիշում է Ռոթկոյի քույրը)[9], և Ռոթկոն տիրապետում էր ռուսերենի, հրեերենի, իդիշի և եբրայերենի։ Հոր՝ Ուղղափառ Հուդաիզմին վերադառնալուց հետո (նա այս շարժմանը հարում էր նաև երիտասարդ տարիքում) Ռոթկոյին՝ չորս երեխաներից ամենափոքրին, հինգ տարեկան հասակում ուղարկում են չեդեր (անգլ.՝ сheder), որտեղ նա սովորում է Թալմուդ, չնայած նրա քույրն ու եղբայրները սովորում էին հանրակրթական համակարգում[10]։
Վախենալով, որ իր որդիներին շուտով կզորակոչեն Ռուսական կայսրության բանակ, Յակոբ Ռոթկովիչը Ռուսաստանից գաղթում է ԱՄՆ։ Մարկուսը մնում է Ռուսաստանում իր մոր և մեծ քրոջ՝ Սոնյայի հետ միասին։ Ավելի ուշ՝ 1913 թվականի ձմռանը, նրանք միանում են Յակոբին և մեծ եղբայրներին Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաքում՝ ժամանելով Էլլիս կղզի։ Մի քանի ամիս անց մահանում է Յակոբը՝ ընտանիքին թողնելով առանց տնտեսական աջակցության։ Սոնյան գանձապահի աշխատանք է կատարում, մինչ Մարկուսն աշխատում է իր հորեղբոր մեծածախ վաճառքի խանութսրահում՝ աշխատողներին օրաթերթ վաճառելով[11]։ Մարկուսը սկսել է դպրոց հաճախել 1913 թվականին Միացյալ Նահանգներում՝ երրորդ դասարանից արագ տեղափոխվելով հինգերորդ, և գերազանցությամբ ավարտել է միջնակարգ մակարդակը Փորթլանդում, Լինքոլնի ավագ դպրոցում, 1921 թվականին, տասնյոթ տարեկան հասակում։ Նա սովորում է իր չորրորդ լեզուն՝ անգլերենը, և դառնում հրեական համայնքի ակտիվ անդամ, որտեղ իր ճարտարությունն է ապացուցում քաղաքական քննարկումների ընթացքում։ Ինչպես իր հայրը, Ռոթկոն մեծ կարևորություն է տալիս այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բանվոր աշխատակարգի, կանանց՝ հղիության դեմ միջոցներ կիրառելու իրավունքները։ Նա լսում է ակտիվիստ Էմմա Գոլդմանի խոսքը Արևմտյան ափի իր դասախոսություններից մեկի ժամանակ[12]։
Ռոթկոն կրթաթոշակ է ստանում Եյլում։ Երկրորդ տարվա համար նրան կրթաթոշակ չի տրվում, և նա մատուցողի և առաքիչի աշխատանք է կատարում՝ ուսման վարձը վճարելու համար։ Նա գտնում էր, որ Յեյլի հասարակությունը էլիտար կյանքի մոլուցքով էր տառապում և ռասիստ էր։ Ռոթկոն և նրա ընկերներից մեկը՝ Ահարոն Դիրեքթորը, հիմնում են «Սաթրդեյ Իվնինգ Փեսթ» երգիծական ամսագիրը, որը պարսավագիր էր՝ ուղղված դպրոցի բծախնդիր, բուրժուական բնույթի դեմ[13]։ Ամեն դեպքում, Ռոթկոն միշտ էլ ավելի շատ ինքնակրթված մարդ է եղել, քան աշխատասեր աշակերտ[14]։ «Նրա համակուրսեցիներից մեկը հիշում է, որ նա հազիվ թե սովորում էր, սակայն կարդալու մոլուցք ուներ»։ Իր ուսումնական երկրորդ տարվա վերջում Ռոթկոն թողնում է կրթությունն ու վերադառնում քառասունվեց տարի անց՝ պատվավոր աստիճանի արժանանալուց հետո[15]։
1923 թվականի աշնանը Ռոթկոն աշխատանք է գտնում Նյու Յորքի հագուստի խանութների թաղամասում։ Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայում իր ընկերոջը այցելության ընթացքում նա տեսնում է, թե ինչպես են ուսանողները մի նմուշ էսքիզավորում։ Ըստ Ռոթկոյի՝ սա սկիզբ է դնում իր՝ արվեստագետի կյանքին։ Հետագայում նա ընդունվում է Նյու Յորքի դիզայնի քոլեջ, որտեղ նրա ուսուցիչներից մեկն է լինում նկարիչ և դասղեկ՝ Արշիլ Գորկին։ Սա հավանաբար նրա առաջին հանդիպումն է ամերիկյան ավանգարդի ներկայացուցչի հետ, չնայած այս երկուսը երբեք չեն մտերմանում Գորկու իշխող բնավորության պատճառով։ (Գորկու՝ դասարանը ղեկավարելը Ռոթկոն անվանում է «հսկողության գերբեռնվածություն»[16])։ Այդ աշնանը նա Արվեստի ուսանողական լիգայում մասնակցում է դասընթացների, որոնք վարում է կուբիստ նկարիչ Մաքս Վեբերը՝ երիտասարդ ռուս-հրեան։ Իր ուսանողների՝ մոդեռնիզմի մասին իմանալու բուռն ցանկությանն ի պատասխան, Վեբերին, ով ֆրանսիական ավանգարդի մի մասն է եղել, սկսում են նայել որպես «մոդեռն արվեստի պատմության կենդանի շտեմարան»[17]։ Վեբերի ուսուցման ազդեցության ներքո Ռոթկոն սկսում է արվեստն ընկալել որպես զգացմունքային և կրոնական արտահայտություն, և այս շրջանի նրա նկարներն արտացոլում են իր ուսուցչի ազդեցությունը[18]։ Տարիներ անց, երբ Վեբերը ներկա է գտնվում իր նախկին ուսանողների աշխատանքների ցուցադրությանը և իր հիացմունքն արտահայտում, Ռոթկոն համակվում է չափազանց մեծ գոհունակությամբ[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.