Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջազ (անգլերեն՝ jazz), 19-րդ դարի վերջում - 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1920-1930-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը, ԱՄՆ-ում այն արդեն ճանաչված ու սիրված արվեստ էր։ Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին։ 1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար Չառլզ Փարկերի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի։ Հետագայում հաջորդել են քուլ (Մայլզ Դևիս, Լեսթեր Յանգ), ֆրի (Ջոն Քոլթրեյն, թելոնիուս Մոնկ), մոդալ (Քեյթ Ջալեթ), լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ։ Վոկալ ջազում հանրահայտ են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Բիլլի Հոլիդեյը, Կարմեն Մակ Ռեյը, Նեթ Քինգ Քուլը և ուրիշներ։ Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ)։ 20-րդ դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Սերգեյ Ռախմանինովը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը և ուրիշներ դիմել են ջազի արտահայտչամիջոցներին։ Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը։ Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են 1935 թվականին։ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում՝ բացման օրվանից (1936) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը, 1937 թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ 1938 թվականին Արտեմի Այվազյանը ձևավորել է նոր նվագախումբ։ Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են Կոնստանտին Օրբելյանը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ։ 1956 թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը։ 1960-1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների։ 1954 թվականին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երկացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954-1972 թվական), Մելիք Մավիսակալյանը (1972-1986 թվական), 1986 թվականից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը։ 1980-ական թվականներին հանրահայտ էր Դավիթ Ազարյան (դաշնամուր), Գրիգոր Բալաղյան (հարվածային գործիքներ), Գևորգ Գևորգյան (կոնտրաբաս) ջազային եռյակը։ Կոմպոզիտոր, դաշնակահար Արտաշես Քարթալյանի եռյակի, ապա՝ քառյակի ստեղծագործության կորիզը ֆոլկլորն էր, որն էլ հետագայում դարձավ հայկական ֆոլկ-ջազի ձևավորման հիմքը։ Այդ տարիներից հայկական ջազում մեծ ներդրում ունեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Տիգրան Սահակյանը (գործիքավորող), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և ուրիշներ։ 1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», խթանել է Հայաստանում ջազի հետագա զարգացումը. կատարում է դասական ջազի երկեր։ Դասական ստեղծագործությունների ջազային մշակումներով հանդես է գալիս «Ուլիխանյան հնգյակը», հայտնի էր նաև էթնո-ջազ ուղղության «թայմ Ռիփորթ» («Time Report») հնգյակը՝ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի և կոմպոզիտոր, դաշնակահար Խաչատուր Սահակյանի ղեկավարությամբ։ Մեծ ճանաչում ունի Արտո Թունջբոյաջյանի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական ֆոլկլորն է։ Ջազային խմբեր են գործում նաև Գյումրիում, Կապանում, Իջևանում և այլուր։ 2005 թվականին Արցախում ստեղծվել է ջազային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Տիգրան Լալայանց)։ 1998 թվականին Երևանում կազմակերպվել է ջազային երաժշտության առաջին միջազգային փառատոնը՝ «Ջազ արտ» («Jazz art») ակումբի ղեկավար Լևոն Մալխասյանի և պրոդյուսեր Արթուր Ասատրյանի ջանքերով։ 2000 թ-ի փառատոնի հյուրն էր ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեան, որի հետ իր առաջին ելույթն է ունեցել 13-ամյա, այժմ՝ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը։ 2005 թվականից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ (կազմակերպիչ՝ Ա. Թութունջյան)։
Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։ Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձևավորման բարդ ուղի. իր հատուկ ռիթմերով, հորինվածքային սկզբունքներով արտահայտել է սևամորթների հույզերն ու ազատության ձգտումը։ Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թվականին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բանդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա՝ Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» (ջազ-խմբեր) գործունեության հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.