Բլյուգրաս (անգլ.՝ Bluegrass), երաժշտական ժանր, որի արմատները գալիս են իռլանդական, շոտլանդական և անգլիական երաժշտական ավանդույթներից[1]։ Այն համարվում է բրիտանացի ներգաղթյալների երաժշտության և աֆրոամերիկյան ջազի ու բլյուզի միախառնում[2]։ Ինչպես ջազի շատ այլ տեսակներում, այնպես էլ բլյուգրասում յուրաքանչյուր երաժշտական գործիք իր հերթին դառնում է գլխավոր, որի կատարման ժամանակ մյուսները ետին պլան են մղվում։ Այս հատկանիշն առանձնացնում է այս ժանրը ամերիկյան քանթրի երաժշտությունից, որտեղ բոլոր գործիքները միաժամանակ առաջնային են կամ ամբողջ կոմպոզիցիայի ընթացքում առաջնային է միայն մեկ գործիք։ Բլյուգրասն ակուստիկ երաժշտաոճ է. էլեկտրական երաժշտական գործիքներն այստեղ հազվադեպ են օգտագործվում։
Գործիքային նվագակցություն
Ի տարբերություն քանթրիի՝ բլյուգրասը հիմնվում է ակուստիկ երաժշտական գործիքների, ավելի կոնկրետ՝ ջութակի, բանջոյի, ակուստիկ կիթառի, մանդոլինի, կոնտրաբասի վրա։ Բլյուգրաս կատարող որոշ խմբեր օգտվում են նաև ակորդեոն, շրթնահարմոն, դաշնամուր, հարվածային գործիքներ, էլեկտրակիթառ և այլն։
Պատմություն
Երաժշտական այս ժանրն առաջացել է 1940-ական թվականներին՝ պատերազմից հետո։ Շատ այլ երաժշտական ժանրերի նման բլյուգրասը նույնպես չունի որևէ կոնկրետ հիմնադիր, թեպետ շատերը Բիլ Մոնրոյին համարում են այս ժանրի «հայր», քանի որ ժանրն իր անվանումը ստացել է նրա՝ 1939 թվականին ձևավորված «The Blue Grass Boys» խմբից[3]։ Բլյուգրասի տարածման ու ծաղկման հարցում կարևոր դերակատարում է ունեցել նաև ամերիկացի երաժիշտ Ըրլ Սքրագսը, որն աչքի էր ընկնում բանջո նվագելու չտեսնված վարպետությամբ։ 1945 թվականին նա միանում է Մոնրոյի խմբին և էլ ավելի ուժեղացնում նրանց ստեղծած երաժշտության յուրահատկությունը։ Այս թվականներին (1945-1948 թվականներ) «The Blue Grass Boys»-ը միակն էր, որ բլյուգրաս էր նվագում, այդ պատճառով նրանց մատուցած երաժշտությունն իրոք եզակի էր համարվում[4]։ Այնուամենայնիվ, այս երաժշտությունը չէր կարող դառնալ ժանր մինչև ավելի լայն տարածում գտնելը։ Եվ 1947 թվականին Սթենլի եղբայրները ձայնագրում են «The Blue Grass Boys»-ի ոճի մի կատարում՝ «Molly and Tenbrooks» անվանումով։ Հենց այս երգի թողարկումից հետո է բլյուգրասը «պաշտոնապես» դառնում ինքնուրույն երաժշտական ոճ[5]։
Բլյուգրաս կատարողները պայմանական կերպով բաժանվում են մի քանի սերունդների։ Առաջին սերունդը՝ ի դեմս Բիլ Մոնրոյի և իր խմբի, Սթենլի եղբայրների, Լեսթեր Ֆլատի և այլոց, ստեղծագործել է ժանրի ստեղծման օրվանից մինչև 60-ական թվականները։ Երկրորդ սերնդի ծաղկման տարիներն են համարվում 60-ական թվականները (The Dillards, Նորման Բլեյք, Սեմ Բուշ և շատ ուրիշներ), իսկ երրորդինը՝ 80-ականները։ Այս սերնդի նշանավոր ներկայացուցիչներն են՝ Ռիկի Սքեքսը, Դոլլի Փարթոնը, Էլիսոն Քրաուսը և այլք։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.